Սեղմել Esc փակելու համար:
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

 

 

020.1010.060312

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Զ» ԵՆԹԱԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 մարտի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի և Ա. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` 23.11.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1996թ. դեկտեմբերի 3-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1996թ. դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 1997թ. հունվարի 9-ին:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները» վերտառությամբ 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը սահմանում է, որ հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.

«զ) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:»:

Նույն օրենքի` «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելը» վերտառությամբ 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերը սահմանում են.

«Պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, որոնցում ներգրավվում են`

ա) պետական գաղտնիքի շարքին դասվող այն տեղեկությունները, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք.

բ) ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները:

Գերատեսչական ցանկերում նշվում են նաև ներգրավված տեղեկություններից յուրաքանչյուրի գաղտնիության աստիճանը: Այդ ցանկերը և դրանցում կատարվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են պետական մարմինների համապատասխան ղեկավարների կողմից: Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն:»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: Դիմողը 10.02.2010թ. տեղեկատվության հարցմամբ դիմել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն 2009 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած ժամկետային և պայմանագրային զինծառայողների թվաքանակի, նրանց անունների, ազգանունների և հասցեների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ի պատասխան հարցման` 20.02.2010թ. մերժել է տեղեկատվության տրամադրումը` վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները և պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը, օրենքի պահանջներից ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն համարվում է ծառայողական գաղտնիք:

Դիմողը 27.02.2010թ. նախարարություն է ուղղել տեղեկատվության նոր հարցում` խնդրելով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը և դրանով գործողության մեջ դրված` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որը նույնպես նախարարության կողմից մերժվել է` օրենքի պահանջի վկայակոչումով:

Դիմողը 19.04.2010թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին, որպես ածանցյալ պահանջ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը վերացնելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 10.02.2010թ. Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու մասին» ՎԴ/1314/05/10 գործը, 23.11.2010թ. վճռով մերժել է հայցադիմումը` փաստելով, որ հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվության չտրամադրումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից, ուստի առկա չէ հայցվոր կողմի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստ:

Վարչական դատարանը միաժամանակ փաստել է, որ «...նշված վերլուծությունները` անկախ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման, լիովին բավարար են հայցվորի կողմից ներկայացված պահանջի սահմաններում, վերջնական և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար: ՈՒստի, դատարանը չի անդրադառնում հայցվորի կողմից մատնանշված միջնորդության քննարկմանը` միաժամանակ արձանագրելով, որ, դատարանի կարծիքով, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին»:

Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանն իր` 16.03.2011թ. որոշմամբ դիմողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել է` վերահաստատելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի իրավական դիրքորոշումները:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր` 18.05.2011թ. «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձրել է դիմողի կողմից բերված վճռաբեկ բողոքը:

3. Վիճարկելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի և 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ, 43-րդ, 83.5-րդ և 117-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողի պնդմամբ` օրենսդիրը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունները թողել է գերատեսչական ակտերով կարգավորմանը, իսկ 12-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմիններին լիազորություն է վերապահել, որպեսզի վերջիններս մշակեն և իրենց կողմից ընդունվող ակտերով հաստատեն գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկեր, որոնք տնօրինելու լիազորությամբ օժտված են իրենք: Միաժամանակ, օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ գաղտնի տեղեկությունների վերաբերյալ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն, այսինքն` «գերատեսչության գաղտնի` հրապարակման ոչ ենթակա իրավական ակտով սահմանվում են այն տեղեկությունները, որոնք գաղտնի են»:

Ըստ դիմողի` նման իրավակարգավորման պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ: Դիմողը նշում է նաև. «քանի որ գաղտնիք է թե` ի՞նչն է գաղտնի տեղեկություն, ապա հասարակության անդամներին հայտնի յուրաքանչյուր տեղեկություն որոշակի հավանականությամբ կարող է ընդգրկված լինել այդ ցանկերում և դրանց տարածումը հնարավոր է, որ փաստական և իրավական հետևանքներ առաջացնի իրավահարաբերությունների մասնակիցների համար»:

ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի առնչությամբ դիմողը, արձանագրելով, որ խնդրո առարկա օրենքն ընդունվել է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից առաջ, գտնում է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքն այն բազմաթիվ օրենքներից մեկն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 117-րդ հոդվածի ուժով Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո չի վերանայվել և չի ենթարկվել փոփոխությունների:

4. Պատասխանողն առարկելով դիմողի փաստարկները` նշում է, որ խոսքի ազատության իրավունքը, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, բացարձակ իրավունք չէ: Ի թիվս այլնի, ի շահ պետական անվտանգության` այս իրավունքը սահմանափակելու իրավաչափությունը նախատեսված է մի շարք միջազգային փաստաթղթերով:

Պատասխանող կողմը գտնում է, որ հիմնավորված չէ դիմող կողմի այն պնդումը, թե օրենսդիրը տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու իրավահարաբերությունները թողել է գերատեսչական կարգավորմանը, քանզի խոսքի ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ փնտրելու, ստանալու իրավունքի սահմանափակման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են ոչ թե գերատեսչական ակտերով, այլ այդպիսի սահմանափակման հնարավորությունը նախատեսված է միջազգային իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, և նշված իրավահարաբերություններն առավել մանրամասն կարգավորում են ստացել, մասնավորապես, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Ըստ պատասխանող կողմի` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է տեղեկությունները պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու ընթացակարգը: Օրենքն ամրագրում է պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունները, ինչպես նաև դրանք պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք իրավասու չեն դուրս գալու օրենքի նախանշած շրջանակներից, այլ իրավասու են դրանք ընդամենը մանրամասնել ըստ բնագավառների և գերատեսչական պատկանելության և ոչ թե սահմանել նոր կատեգորիայի տեղեկություններ:

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, թե ընդլայնված գերատեսչական ցանկերի գաղտնի լինելու պատճառով հասարակության անդամներին հայտնի յուրաքանչյուր տեղեկություն որոշակի հավանականությամբ կարող է ընդգրկված լինել այդ ցանկերում, և դրանց տարածումը հնարավոր է, որ փաստական և իրավական հետևանքներ առաջացնի իրավահարաբերությունների մասնակիցների համար, ըստ պատասխանողի` անհիմն է, քանի որ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսվում այն անձի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելու համար, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները, իրենց բովանդակությամբ չլինելով հակասահմանադրական, մինչ այսօր վերանայման անհրաժեշտություն չեն առաջացրել:

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` խոսքի ազատության իրավունքը ներառում է նաև տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը: Հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է: Հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:

Սահմանադրական այս իրավունքը, սակայն, բացարձակ իրավունք չէ և ենթակա է սահմանափակման ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով: Այս սահմանադրական արժեքի հարաբերակցությունն այլ սահմանադրական արժեքների հետ, մասնավորապես, պետական անվտանգության հետ, որոշում է դրա հնարավոր սահմանափակումների բնույթը: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածում նշված` պետական անվտանգության պաշտպանության իրավաչափ նպատակի համար տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության սահմանափակման հնարավորությունը թույլ է տալիս պետական իշխանությանը պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասել և ըստ այդմ սահմանափակել այն տեղեկությունների մատչելիությունը, որոնց տարածումը կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը: ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածին համապատասխան` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` «Տեղեկատվության ազատության սահմանափակումները» վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք:

6. Սույն գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճը մասնավորապես առաջադրում է հետևյալ իրավական հարցադրումները.

ա) արդյո՞ք գործադիր իշխանության մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում տեղեկությունները պետական կամ ծառայողական գաղտնիքին դասելու` օրենքով սահմանված լիազորության իրացումը ենթադրում է տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակում, և, ըստ այդմ, արդյո՞ք այդ մարմինների կողմից մշակված` գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերն ինքնին իրենցից ներկայացնում են նշված իրավունքի սահմանափակում,

բ) իրավաչա՞փ է, արդյոք, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի գաղտնագրումն ու ոչ հրապարակային բնույթը:

Նշված հարցադրումներին պատասխանելու համար առաջին հերթին կարևորվում է օրենքի համակարգային վերլուծությունը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե արդյո՞ք օրենքը սահմանում է հստակ, կոնկրետ ու ամբողջական չափորոշիչներ այս կամ այն տեղեկությունը որպես պետական գաղտնիք որակելու և բացառապես օրենքով իրավունքի սահմանափակման սկզբունքի երաշխավորման համար:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է «պետական գաղտնիք» հասկացությունը: Այդ հոդվածի համաձայն` պետական գաղտնիք են ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Ի լրումն այս սահմանման` վերոհիշյալ օրենքի 9-րդ հոդվածը նախատեսում է պետական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունների շրջանակը: Այս հոդվածում, ըստ 2-րդ հոդվածում հիշատակված բոլոր բնագավառների, առանձնացվում են պետական գաղտնիքին դասելու ենթակա տեղեկությունները: Միաժամանակ, օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է այն տեղեկությունները, որոնք չեն կարող դասվել պետական գաղտնիքի շարքին: Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է նաև գաղտնագրման սկզբունքները:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում տրված` պետական գաղտնիքի սահմանումը` համադրված օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` պետական գաղտնիքի շարքին դասելու ենթակա տեղեկությունների շրջանակի և 10-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների հետ, թույլ է տալիս արձանագրել, որ օրենքը սահմանում է այս կամ այն տեղեկությունը պետական գաղտնիքի շարքին դասելու և, դրա հետևանքով, դրանց մատչելիության, հետևաբար, նաև անձի` տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի սահմանափակման շրջանակները:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը նաև սահմանում է գաղտնիության աստիճանները` միաժամանակ ամրագրելով այն կողմնորոշիչ չափանիշները, որոնց հիման վրա իրավասու պաշտոնատար անձինք այս կամ այն տեղեկությունները դասակարգում են ըստ գաղտնիության աստիճանների:

Վերոհիշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ երաշխավորվում է բացառապես օրենքով իրավունքների սահմանափակման սահմանադրական սկզբունքի իրացումը, իսկ ենթաօրենսդրական ակտերին վերապահվում է օրենքի պահանջների իրականացման ապահովման գործառույթ:

7. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու բնագավառում պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները: Օրենսդիրը, օրենքի 9-րդ հոդվածով նախատեսելով պետական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկություններն ըստ համապատասխան բնագավառների` 12-րդ հոդվածով տեղեկությունների գաղտնագրման բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու նպատակով լիազորում է ՀՀ կառավարությանը մշակել Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը, որում նաև նշվում են տեղեկություններից յուրաքանչյուրը տնօրինելու լիազորությամբ օժտված պետական մարմինները: Օրենքի համաձայն` նշված ցանկը վավերացվում է ՀՀ Նախագահի կողմից, վերանայվում է անհրաժեշտության դեպքում և ենթակա է հրապարակման: Օրենքն ամրագրելով այդ ցանկի հրապարակային բնույթը` ապահովում է դրա մատչելիությունը և դրան առնչվող անձանց գործողությունների կանխատեսելիությունը:

Օրենքի 8-րդ հոդվածով հանրապետական գործադիր մարմիններին վերապահելով իրենց իրավասության շրջանակներում տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն` օրենսդիրը միաժամանակ 12-րդ հոդվածում հստակեցրել է այդ մարմինների կողմից մշակման ենթակա գերատեսչական ցանկերի բնույթը` համաձայն որի դրանք հանդիսանում են ընդլայնված ցանկեր:

i

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ կառավարությունը 1997 թվականի օգոստոսի 19-ին ընդունել է «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» թիվ 350 որոշումը: Օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան` ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը և տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված գործադիր իշխանության մարմինների ղեկավարներին հանձնարարվել մեկամսյա ժամկետում սահմանված կարգով մշակել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը:

i

ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 665 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը: Այդ որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն` «Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկերի նախագծերը մշակվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան...»: Այսինքն` դրանք պետք է ներառեն պետական գաղտնիքի շարքին դասելու ենթակա` օրենքի պահանջներից բխող տեղեկությունները: Դա հավասարապես վերաբերում է նաև գերատեսչական ընդլայնված ցանկերին:

Վերոնշյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ.

ա) սահմանված կարգով կազմված պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների գերատեսչական մանրամասնված ցանկերն ինքնին չեն կարող հանգեցնել տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակման: Այդ իրավունքի սահմանափակումները նախատեսված են օրենքով, և օրենսդիրը վիճարկվող նորմերով նախատեսված լիազորության սահմանմամբ ոչ թե իրավունքի սահմանափակումներ սահմանելու իր բացառիկ լիազորությունը պատվիրակել է գործադիր իշխանության մարմիններին, այլ իրականացնելով սահմանափակումներ սահմանելու իր սահմանադրական լիազորությունը` այդ մարմիններին լիազորել է իրացնել օրենքով սահմանված սահմանափակումը,

բ) ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումները, որոնց իրավաչափությունը խնդիր չի հարուցում, ՀՀ Նախագահի կողմից վավերացվել են ՀՀ Սահմանադրության 2005թ. փոփոխություններից առաջ` գործող կարգի պահանջներին համապատասխան: Հաշվի առնելով սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարության որոշումների ընդունման և գործողության մեջ դնելու նոր կարգը` օրենսդիրը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից ելնելով անհրաժեշտ փոփոխություններ կատարել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասում, նկատի ունենալով, որ պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի նոր փոփոխությունների անհրաժեշտության դեպքում ՀՀ Նախագահն այդ փոփոխություններն այլևս նախկինում գործող ընթացակարգով չի կարող վավերացնել:

8. Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև անդրադարձը գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի ոչ հրապարակային բնույթի իրավաչափության հարցին: Այն անհրաժեշտ է քննության առնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի` տեղեկությունների գաղտնագրման գործընթացի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության, ինչպես նաև պետական գաղտնիքի բացահայտման ու տարածման համար քրեական պատասխանատվություն սահմանելու իրավակարգավորումների լույսի ներքո` հաշվի առնելով նաև ՀՀ միջազգային պարտավորությունները:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որում բացահայտված է օրենքում գործածվող հասկացությունների բովանդակությունը, «տեղեկությունների գաղտնագրում» հասկացությունը սահմանված է որպես` «պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում»:

Օրենքի` «Տեղեկությունների գաղտնագրումը» վերտառությամբ 13-րդ հոդվածը սահմանում է, որ գաղտնագրումն արտահայտվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով յուրաքանչյուր առանձին տեղեկության գաղտնիության աստիճանը որոշելու և համապատասխան տեղեկակրին գաղտնիության դրոշմագիր տալու ձևով:

Օրենքի նշված նորմերը համադրելով 2-րդ հոդվածում տրված` պետական և ծառայողական գաղտնիքի հասկացության սահմանման հետ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տեղեկությունների գաղտնագրման գործընթացի իրավակարգավորման առնչությամբ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ սահմանափակումները սահմանված կարգով կիրառելի են տեղեկությունների նկատմամբ, որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Ելնելով վերոհիշյալից` օրենքի 12-րդ հոդվածի վիճարկվող 7-րդ մասում տեղ գտած «գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են» ձևակերպումը կնշանակեր այդ ցանկերի նկատմամբ սահմանափակումների կիրառում` պայմանավորված այն հանգամանքով, որ դրանց բովանդակության բացահայտումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Մինչդեռ գերատեսչական ցանկերը պարզապես մանրամասնում են օրենքով նախատեսված և ՀՀ կառավարության կողմից հաստատված հրապարակային ցանկում նշված ոլորտները:

Ինչ վերաբերում է այնպիսի հնարավոր իրավիճակներին, երբ գերատեսչական ցանկերում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունն (անվանումը) ինքնին անխուսափելիորեն կարող է արդեն իսկ ամրագրման փաստի ուժով իրենից պետական գաղտնիք ներկայացնել, ապա նման դեպքերում օրենքից բխող գաղտնագրման սկզբունքներին, մասնավորապես, գաղտնագրման հիմնավորվածության սկզբունքին համապատասխան այն կարող է դիտարկվել որպես տեղեկություն, որի տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, և որպես կոնկրետ տեղեկություն գաղտնագրվել:

Բացի դրանից, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատության իրավաչափ սահմանափակումների չափորոշիչներին, իրավական դիրքորոշում են արտահայտել այն մասին, որ, նախևառաջ, այդ ազատության սահմանափակման իրավական հիմքը պետք է բավարարի մատչելիության և կանխատեսելիության որակները: Սահմանափակման իրավական հիմքին վերաբերող այս պահանջների կարևորությունն է՛լ ավելի է ընդգծվում, երբ նշված ազատությանը միջամտությունը դրսևորվում է անձին համապատասխան տեղեկություններ տարածելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու ձևով:

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է պետական գաղտնիքի տարածմանն առնչվող մի քանի հանցակազմ, մասնավորապես` «պետական դավաճանությունը» (ՀՀ քր. օր., 299-րդ հոդված), «լրտեսությունը» (ՀՀ քր. օր., 302-րդ հոդված), «պետական գաղտնիք հրապարակելը» (ՀՀ քր. օր., 306-րդ հոդված): Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված արարքների համար անձի դատապարտման համար` ի լրումն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության կողմից հաստատված` գաղտնագրման ենթակա տեղեկությունների հրապարակային ցանկի, իրավական հիմք կարող է հանդիսանալ նաև այս կամ այն գերատեսչական գաղտնագրված ցանկով գաղտնագրված տեղեկությունը` սահմանադրական դատարանը գտնում է, որ տեղեկություններից բացի նաև գերատեսչական ցանկերի գաղտնագրումը կարող է խոչընդոտել իրավունքի սուբյեկտներին կանխատեսել իրենց գործողությունների իրավական հետևանքները, մասնավորապես, նկատի ունենալ, որ տարածած տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք` հանգեցնելով քրեական պատասխանատվության:

Այս խնդրին անդրադարձել են նաև մի շարք միջազգային կազմակերպություններ: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «Լրտեսության կամ պետական գաղտնիք հրապարակելու վերաբերյալ քրեական գործերով արդար դատաքննության մասին» թիվ 1551 (2007) բանաձևի 10.2-րդ կետում արձանագրել է հետևյալ սկզբունքը. «...պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությունը, ներառյալ քրեական պատասխանատվության համար հիմք հանդիսացող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերը, պետք է լինեն հստակ ու առաջին հերթին հրապարակային: Քրեական պատասխանատվություն սահմանող գաղտնի ակտերը չեն կարող համատեղելի համարվել Եվրոպայի խորհրդի իրավական չափորոշիչների հետ և պետք է վերացվեն բոլոր անդամ պետություններում»:

Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շտոլն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռում (2007թ. դեկտեմբերի 10, կետ 44, Stoll v. Switzerland) վկայակոչված է վերոհիշյալ բանաձևի գծով զեկուցողի կողմից իրականացված` Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում պետական գաղտնիքի վերաբերյալ օրենսդրությունների համեմատական վերլուծությունը, որում մասնավորապես ասված է. «... Ընդհանուր առմամբ առկա է երեք հիմնական մոտեցում. մի դեպքում տրվում է պետական կամ ծառայողական գաղտնիքի հասկացության հակիրճ և ընդհանուր սահմանումը, որը լրացվում է իրավակիրառական պրակտիկայում: Երկրորդ դեպքում սահմանվում է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ծավալուն և առավել մանրամասնված ցանկ: Երրորդ մոտեցումը հանդիսանում է նախորդ երկուսի համակցությունը և այս մոտեցման էությունը կայանում է նրանում, որ սահմանվում են այն բնագավառները, որոնց առնչվող տեղեկությունները կարող են գաղտնագրվել և այնուհետև համապատասխան վարչական կամ գերատեսչական ակտերով առավել ճշգրիտ և կոնկրետ սահմանվում են այն տեղեկությունները, որոնք փաստացիորեն կարող են գաղտնիք համարվել: ... Այս օրենսդրական մոտեցումները թույլ են տալիս գտնել ողջամիտ լուծումներ այն տեղեկությունների տեսակները որոշելու բարդ խնդրում, որոնք պաշտպանելու հարցում պետությունն ունի իրավաչափ շահ` միաժամանակ հարգելով տեղեկատվության ազատությունը և իրավական անվտանգության կարիքները: Սակայն, ցանկացած վարչական ակտ կամ նախարարի հրաման, որը բովանդակություն է հաղորդում ավելի ընդհանուր ձևակերպումներ պարունակող օրենքներին, պետք է առնվազն մատչելի լինեն հանրությանը»:

Ելնելով վերոշարադրյալից, հաշվի առնելով նաև տարբեր երկրների սահմանադրական արդարադատության պրակտիկան` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկա ընթացակարգով գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010թ. կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները` հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը` արձանագրել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին»:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 մարտի 2012 թվականի

ՍԴՈ-1010

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.03.2012
N ՍԴՈ-1010
Որոշում