Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 հունվարի 1999 թվականի թիվ 5

 

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, վերականգնման և օգտագործման աշխատանքների բարելավման ծրագիրը (կցվում է):

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Հայաստանի Հանրապետության տարածքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ազգային ֆոնդն են կազմում պետական հաշվառման վերցված հազարից ավելի պատմական, քաղաքատեղիներ, բերդշեներ, ամրոցներ, բնակատեղիներ, ավելի քան հազար երկու հարյուր վանական համալիրներ, եկեղեցիներ, տաճարներ, մատուռներ, սրբատեղիներ, հազարավոր դանբարանադաշտեր, միջնադարյան գերեզմանոցներ, բնակելի, հասարակական և արտադրական շինություններ, մեմորիալ և մոնումենտալ արվեստի տասնյակ հազարավոր կոթողներ, վիմագիր արձանագրություններ, ժայռապատկերներ և այլ, որոնց ժամանակագրությունը ընդգրկում է քարի դարից մինչև մեր օրերը: Դրանք սփռված են հանրապետության ամբողջ տարածքում, ընդգրկելով շուրջ չորս հազար պահպանական-տարածքային միավոր` մոտ տասնհինգ հազար հեկտար ընդհանուր մակերեսով:

Հուշարձանների զգալի մասն ունի ժամանակակից օգտագործում և ենթակա է պարբերական նորոգման, բարելավման, վերակառուցման: Դրանք գործող եկեղեցիներն են, բնակելի տներ, արտադրական համալիրներ, տարաբնույթ այլ շենքեր, որոնք պատկանում են զանազան իրավաբանական անձանց և քաղաքացիներին: Ինչպես այս, այնպես էլ մյուս դեռևս չօգտագործվող հուշարձանները գտնվում են քաղաքաշինական կառուցապատման կենդանի միջավայրում կամ տնտեսական նպատակներով շահագործվող, ինտենսիվ հողօգտագործման շրջապատում:

Այս պայմաններում մեծ է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության դերն ու պատասխանատվությունը, որը որպես բնագավառի լիազորված պետական կառավարման մարմին ոչ միայն պետք է ապահովի պատմամշակութային անշարժ արժեքների պահպանությունն ու անվթարությունը, այլև նպաստի քաղաքաշինական արդի խնդիրների իրագործման ընթացքում նրանց ներդաշնակ ընդգրկումը նոր ժամանակակից կառուցվածքներում` ապահովելով դրանց առավել նպատակահարմար և արդյունավետ օգտագործումը:

 

2. Հուշարձանների պետական հաշվառում և քարտեզագրում

 

Հանրապետության տարածքում հաշվառված և պետական պահպանության ներքո է գտնվում մոտ 28.000 հուշարձան:

Անհրաժեշտ է ժամանակակից գիտական, մեթոդական և տեխնիկական հիմքի վրա, ինչպես նաև հանրապետության վարչատարածքային նոր բաժանմանը համաձայն վերանայել, ճշգրտել, լրամշակել և դասակարգել հուշարձանների վկայագրերը, վավերագրերը և պետական ցուցակները: Դա հնարավորություն կնձեռի ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան համակարգչային միասնական գիտատեղեկատու «Ինտերնետ» համակարգում ինտեգրացվելու հնարավորությամբ:

Եվրոպայում առաջավոր համարվող ֆրանսիական փորձի հիման վրա արդեն մշակվել են հուշարձանների տվյալների և վկայագրերի կազմման նոր մոդելներ: Ներկայումս կատարվում են Արագածոտնի և Արարատի մարզերի հուշարձանների պահպանական փաստաթղթերի ճշգրտումը և լրամշակումը` համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում պահպանվող բնական և պատմամշակութային օբյեկտների տակ գտնվող, ինչպես նաև արգելոցների հողերի ցանկերը հաստատելու մասին» N 472 որոշման:

Աշխատանքների ընթացքը անբավարար է:

Անհրաժեշտ է.

ա) ավելացնել միաժամանակ գործող արշավախմբերի քանակը` դրանց մեջ լրացուցիչ ընդգրկելով բարձրորակ մասնագետներ.

բ) արշավախմբերը ապահովել տրանսպորտային միջոցներով և տեխնիկական սարքավորումներով նյութերի դաշտային կամերալ արդյունավետ մշակման համար.

գ) վերսկսել հուշարձանների քարտեզագրման աշխատանքները 1:25000 մասշտաբի հիմքի վրա, որոնք ընդհատվել են դեռևս սկզբնական փուլում.

դ) ստեղծել սերտ համագործակցություն պետական կառավարման տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

 

3. Օրենսդրական և կանոնակարգային փաստաթղթերի մշակում

 

1998 է. դեկտեմբերի 12-ի Հայաստանի Հանրապետության Նախագահը ստորագրեց «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը:

Նոր օրենքի հիմքի վրա հարկ է մշակել և Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատմանը ներկայացնել հուշարձանների պետական հաշվառման, հնագիտական ուսումնասիրման, ամրակայման, վերականգնման, նորոգման և օգտագործման նոր կարգերը, որոնք առավել մանրամասն պետք է պարզաբանեն օրենքի հիմնադրույթները և կիրառման մեխանիզմները:

Առավել որոշակի պետք է դառնան հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, ինչպես նաև պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցների սեփականատերերի պարտականություններն ու իրավունքները:

Հուշարձանների հնագիտական պեղումների ծրագրերում և նախահաշիվներում պետք է նախատեսվեն նաև բացահայտված կառույցների հետագա պահպանությունն ապահովող միջոցառումներ: Այս թերացումը նախկինում հանգեցրել է մի շարք հնավայրերի անդառնալի կորուստի:

 

4. Հուշարձանների պահպանության և օգտագործման

իրականացում և վերահսկողություն

 

Այս աշխատանքները ներկայումս իրականացնում են պատմական միջավայրի պահպանության հանրապետական և մարզային ծառայությունները: Գործի առավել արդյունավետ կատարման համար առաջիկայում անհրաժեշտ է.

ա) տարանջատել պահպանության իրականացման և վերահսկողության ֆունկցիաները` վարչության համակարգում ստեղծելով տեսչական օղակ, որը ունենալով որոշակի իրավասություններ, նպատակամղված կլինի վերահսկել բնագավառի օրենսդրության կատարումը.

բ) ակտիվորեն համագործակցել պետական կառավարման տարածաշրջանային մարմինների հետ` նրանց տրամադրելով տեղեկատու սպառիչ նյութեր իրենց տարածքում եղած պատմամշակութային հուշարձանների և նրանց պահպանական գոտիների վերաբերյալ.

գ) ստեղծել նախադրյալներ պատմամշակութային հուշարձանների ժամանակակից, նպատակային և արդյունավետ օգտագործման համար.

դ) ընդլայնել հուշարձանների տեղեկատվական և քարոզչական աշխատանքը` տեղերում տեղադրելով համապատասխան ցուցանակներ, ուղենւշներ և վահանակներ, հրատարակել հուշարձաններին նվիրված գրքեր, բուկլետներ, ուղեցույցներ, քարտեզներ և այլն, քարոզչության նպատակով օգտագործել լրատվական միջոցները և մամուլը.

ե) հուշարձանների օգտագործման բնագավառում ստեղծել անմիջական համագործակցություն եկեղեցական թեմերի և հուշարձանների այլ օգտագործողների հետ, ամեն կերպ նպաստել կառույցների պահպանությանն ուղղված նրանց ջանքերին, քանզի հուշարձանների օգտագործումը և նրանց ամենօրյա խնամքը պահպանության լավագույն ձևն է.

զ) վերականգնել և օգտագործել ժողովրդական ճարտարապետության կառույցները` գյուղական և քաղաքային տները, ջրաղացները, ձիթհանները և այլն, ինչը հեռանկարային և շահութաբեր կարող է լինել ազգագրական տուրիզմի զարգացման համար.

է) տուրիստական երթուղիներում առավել լայն չափով ընդգրկել հնագիտական հուշարձանները. քարայր-կացարանները, բրոնզեդարյան բերդ-շեները, դամբարանադաշտերը, վիշապաքարերը, արխայիք քանդակագործության նմուշները, ժայռապատկերները և այլն, հնարավորության դեպքում համադրված հնագիտական գտածոններով: Դրանք խիստ տպավորիչ, եզակի, երբեմն լոկ Հայկական լեռնաշխարհի մշակույթին բնորոշ արժեքներ են, որոնց ցուցադրումը անշուշտ կմեծացնի տուրիստների, մասնավորապես գիտական տուրիզմի հոսքը Հայաստան:

Ժամանակն է հուշարձանների օգտագործումը դարձնել շահութաբեր, գտնել նրանց ցուցադրության և մատուցման նոր, գրավիչ ձևեր և մեթոդներ:

 

5. Հուշարձանների ամրակայում, վերականգնում, նորոգում

 

Սա հուշարձանների պահպանության կարևորագույն և պատասխանատու խնդիրներից է, քանի որ այն անմիջականորեն առնչվում է պատմամշակութային արժեքի`հաճախ եզակի բնօրինակին և առավել ենթական է նրանց սեփականատերերի կամայական միջամտություններին: Հուշարձանների պահպանության նոր օրենքի և կանոնակարգերի ընդունումը և կիրառումը անհամեմատ կնվազեցնի այն բնագավառի բացասական երևույթները:

Հուշարձանների վերականգնման և կրոնական ու տուրիստական նպատակներով օգտագործման վերաբերյալ վարչության առաջարկները ընդունվել և տեղ են գտել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի հոբելյանական միջոցառումների և Հայաստանում տուրիզմի զարգացման պետական ծրագրերում:

Ներկայումս Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի և վարչության մասնագետների ուժերով վերականգնվում են Նորավանքի, Տաթևի, Բյուրականի, Սևանի թերակղզու, Հովհանավանքի, Կեչառիսի, Սանահինի և Մուղնու վանական համալիրները, «Երկիր և մշակույթ» միջազգային երիտասարդական կազմակերպության միջոցներով` Սաղմոսավանքը, պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության միջոցներով` Թալինի փոքր եկեղեցին:

Առաջիկայում պետք է.

ա) առավել չափով ներգրավել հուշարձանների սեփականատերերի և հովանավորողների ֆինանսական ներդրումները հուշարձանների վերականգնման և նպատակային օգտագործման բնագավառում.

բ) պետական բյուջեի միջոցներով վերականգնել միայն պետական սեփականություն հանդիսացող և գործառնական այլ օգտագործում չունեցող հուշարձանները, ինչպեսիք են Զվարթնոցը, Էրեբունին, Որոտնավանքը և այլն.

գ) հուշարձանների վերականգնման նախագծերի և դրանց իրականացման աշխատանքների բարձր մակարդակը ապահովելու համար` մասնակցություն բնագավառի լիցենզավորման աշխատանքների.

դ) վերականգնման աշխատանքներում առաջնություն տալ կանխարգելիչ ամրակայումներին, որով հնարավոր է համեմատաբար սուղ միջոցներով ապահովել հուշարձանի կայունությունը և խուսափել հետագա մեծածախս աշխատանքների անհրաժեշտությունից: Այս նպատակով հուշարձանների վերականգնման արվեստանոցներում անհրաժեշտ է տսեղծել համապատասխան մասնագետներով լրակազմված մոբիլ խմբեր.

ե) վարչության համակարգում ստեղծել հին և միջնադարյան շինարարական նյութերի և տեխնոլոգիաների ուսումնասիրման և կիրառման գիտագործնական լաբորատորիա.

զ) պատշաճ ուշադրություն դարձնել որմնանկարների, բարձրաքանդակների և մոնումենտալ արվեստի այլ նմուշների պահպանության խնդիրներին: Գտնվելով բաց երկնքի տակ կամ պահպանական անբարենպաստ պայմաններում, դրանք առավել զգայուն են բնական և մարդկային բացասական գործոնների ազդեցությանը:

է) ստեղծել բացօթյա քարեդարան, ուր կխմբավորվեն հին և միջնադարյան քանդակագործության լավագույն նմուշները:

 

6. Գիտատեղեկատու աշխատանք

 

Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության կազմում գործում է գիտատեղեկատու կենտրոն` իր արխիվով և մասնագիտական գրադարանով, որտեղ պահվում են հուշարձանների վերաբերյալ շուրջ 200 000 փաստավավերագրական նյութեր. հատակագծեր, չափագրություններ, տեղահանույթներ, սևանկարներ, նախագծեր, պեղումների դաշտային օրագրեր, պեղումների և վերականգնումների հաշվետվություններ և այլ փաստաթղթեր, որոնց զգալի մասը ունի եզակի սկզբնաղբյուրի նշանակություն: Այս բարձրարժեք նյութերի պահպանման և օգտագործման համար անհրաժեշտ է.

ա) ստեղծել պահպանության և սպասարկման ժամանակակից պայմաններ, հագեցված արդի տեխնիկական միջոցներով.

Բ) գիտատեղեկատու նյութերը ինտեգրացնել միջազգային ինֆորմացիոն համակարգերին.

գ) գիտատեղեկատու կենտրոնը համալրել նոր ձեռքբերումներով, այդ թվում` հայ մշակույթի երախտավորներ Թորոս Թորամանյանի, Ալեքսանդր Սահինյանի, Կոստանդին Հովհաննիսյանի, Նիկողայոս Բունիաթյանի, Գրիգոր Աղաբաբյանի, Լիպարիտ Սադոյանի և այլոց անձնական արխիվների նյութերով, որոնք պարունակում են բարձրարժեք վավերագրական նյութեր և անտիպ աշխատություններ:

 

7. Գիտահետազոտական աշխատանք

 

Վարչության համակարգում գործող հայկական հուշարձանների համահավաքի խմբագրությունը գիտահետազոտական-հրատարակչական հիմնարկություն է, որի հիմնական խնդիրն է ստեղծել և հրատարակել հայ ժողովրդի կերտած պատմամշակութային ժառանգության մի ստվրար հատվածը կազմող անշարժ հուշարձանների համահավաքը, որը շուրջ 20 հատորից բաղկացած հանրագիտարանային բնույթի աշխատություն է հանդիսանալու, ուր միասնական սկզբունքով կազմված գիտատեղեկատու պատկերազարդ հոդվածների տեսքով ներկայացվելու են հայտնի բոլոր հուշարձանները` քարի դարից մինչև մեր օրերը: Համահավաքը ըստ տարածաշրջանների խմբավորելու է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ պատմական Հայաստանի և արտերկրի գաղթօջախների բոլոր հայկական հուշարձանները: Այս բազմահատորյակի հրատարակումը անփոխարինելի սկզբնաղբյուր կհանդիսանա հայագիտության բոլոր բնագավառների համար, անգնահատելի ծառայություն կմատուցի տուրիզմի զարգացման և հայ մշակույթի մասսայականացման համար: Բացի այդ խմբագրությունը իրագործում է հինգ գիտահետազոտական թեմա: Այդ աշխատանքները իրագործելու նպատակով խմբագրությունը համադրում է կամերալ և դաշտային աշխատանքները, համակողմանի ուսումնասիրելով և վավերագրելով դրանք: Խմբագրության առաջնահերթ խնդիրներից է ազատագրված տարածքների հուշարձանների ուսումնասիրումը, որոնք սկսվել են դեռևս 1990 թվականից: Հավաքված նյութերի հիման վրա խմբագրությունը պատրաստում է մատենաշար և անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում պատրաստ է հրատարակության ներկայացնել ավելի քան տաս անուն գիրք նվիրված Քարվաճառի, Քաշաթաղի, Աղդամի, Ֆիզուլու և այլ շրջանների հուշարձաններին:

Առաջնահերթ խնդիրներից է. համահավաքի խմբագրությանը նշված աշխատությունների և «Հուշարձան» տարեգրքի հրատարակության համար ֆինանսական միջոցներով ապահովելը:

 

8. Հուշարձաններին կից գործող թանգարանների

գործունեություն

 

Վարչության համակարգում գործում են Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը` իր «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերով, «Զվարթնոց», «Գառնի», «Մեծամոր» և «Դիլիջանի ժողովրդական ճարտարապետության» արգելոց-թանգարանները, «Արփի» բնապատմական արգելոցը: Դրանք բոլորն էլ ունեն լուծում պահանջող կարևոր խնդիրներ` կապված աշխատանքի արդյունավետ կազմակերպման, շենքերի վերանորոգման, ցուցադրության բարելավման, արգելոցների տարածքների բարեկարգման և պատշաճ խնամքի անհրաժեշտության հետ:

Անհրաժեշտ է.

ա) թանգարաններում և հուշարձանների տարածքներում ստեղծել ժամանակակից տուրիզմի պահանջներին համապատասխան ցուցադրություն և սպասարկում.

բ) թանգարանների գործունեությունը վերակազմավորել այն սկզբունքով, որ նրանք ոչ միայն դառնան ինքնածախսածածկման օբյեկտներ, այլև հանդիսանան հուշարձանների պահպանության բնագավառի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր` բեռնաթափելով պետական բյուջեի այդ նպատակով կատարող հատկացումները:

 

9. Կառուցվածքային բարեփոխումներ

 

ա) առաջնահերթ անհրաժեշտություն է վարչության կենտրոնական ապարատում ունենալ իրավաբանական ծառայություն, ինչպես նաև արտաքին կապերի և լրատվական ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ կանխել հուշարձանների պահպանության բնագավառի իրավախախտումները, ապահովել անմիջական կապերը միջազգային և արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների հետ գիտատեղեկատվության ու գիտամեթոդաբանության բնագավառում, առավել գործնական կդարձնեն հուշարձանների պահպանության ճանաչողական և քարոզչական աշխատանքը:

բ) կարևոր խնդիրներից է հուշարձանների վերականգնման գիտաարտադրական արվեստանոցների ապապետականացման հարցը, սակայն այն պետք է իրագործել փուլ առ փուլ: Սկզբնական շրջանում անհրաժեշտ է նպաստել լիցենզավորված մասնավոր վերականգնողական խմբերի ստեղծմանը, մրցութային կարգով ապահովել նրանց համապատասխան պատվերներով, և, երբ դրանց գործունեության արդյունավետությունը դառնա ակնհայտ, աստիճանաբար հրաժարվել պետական փակ բաժնետիրական ընկերություններից սեփականաշնորհելով դրանք: Անցումային այսպիսի շրջան պետք է նախատեսել, որպեսզի չխզվի աշխատանքների կատարման ներկայումս բնականոն ընթացքը, չլինեն բազմափորձ մասնագետների և հուշարձանների վերականգնման գործում նրանց ստեղծած ավանդույթների և կուտակած փորձի կորուստներ:

 

10. Ծրագրի իրագործման ֆինանսավորման աղբյուրները

 

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, քարտեզագրման, պահպանության վերահսկողության, գիտահետազոտական և գիտատեղեկատու աշխատանքները, ինչպես նաև պետական սեփականություն համարվող հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման և պահպանության իրականացման աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի հատկացումներով:

Համայնքների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփականություն համարվող կամ նրանց օգտագործմանը հանձնված հուշարձանների պահպանության իրականացման, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կատարվելու են սեփականատերերի կամ օգտագործողների միջոցներով:

Հուշարձաններին կից գործող թանգարանների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ ծրագրում նախատեսված է աստիճանական անցում դեպի ինքնածախսածածկում, այնուհետև եկամտաբերություն:

Ծրագրվում է նաև ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ստեղծել հուշարձանների և նրանց տարածքների նպատակային և արդյունավետ օգտագործման միջոցով (տուրիզմ, ցուցադրություններ, մշակութային այլ միջոցառումներ):

Հնագիտական պեղումներով բացահայտված հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, ամրակայման և անվթարայնության ապահովման աշխատանքներն իրականացվելու են հնագիտական պեղումներ ձեռնարկողի միջոցներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.02.1999
N 5
Արձանագրային որոշում