Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

040.1854.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի 1854-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1.8.4. Բուսական աշխարհը

Հայաստանը շատ հարուստ է բուսական տեսակների, հատկապես` էնդեմիկ, ռելիկտային և հազվագյուտ ներկայացուցիչների բազմազանությամբ: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի բույսերի ցանկը տրված է Ցանկ 1-ում:

Կովկասում հանդիպող 6000 անոթավոր բուսատեսակներից 3500-ը աճում են Հայաստանում, որոնք իրենց տեսակների խտությամբ (100 տեսակներ/կմ2) դասվել են աշխարհում ամենաբարձրների շարքը: Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված են բույսերի 452 տեսակներ, սնկերի 40 տեսակներ: Հայաստանի Հանրապետությունը համարվում է աշխարհում ագրոկենսաբազմազանության կարևոր կենտրոններից մեկը, որտեղ ընդարձակ տարածությունների վրա աճում են գյուղատնտեսական մշակաբույսերի վայրի ցեղակիցները:

Հայաստանում էնդեմիկ տեսակները կազմում են բարձրակարգ բույսերի ամբողջ ֆլորայի 3%-ը (համեմատած Կովկասի մյուս շրջանների 1.5%-ի հետ): Հաշվի առնելով հանրապետության փոքր տարածքը, ընդհանուր տեսակային բազմազանությունը Հայաստանում մեծ է, հատկապես` ցածրակարգ բույսերի:

Աշոցքի սարահարթը կազմում է Շիրակ-Ջավախքի կենսաաշխարհագրական շրջանի մասը և ծածկված է տափաստաններով, մարգագետնատափաստաններով, մերձալպյան և ալպյան մարգագետիններով և խոնավ տարածքներով: Շիրակ-Ջավախքի լանդշաֆտներից առավել սովորական են մարգագետիններն ու մարգագետնատափաստանները: Տափաստանային համակեցությունները, որոնք տարածված են 1800-2500 մ բարձրության վրա, մեծ մասամբ աճում են սևահողերի վրա: Գերակշռող ներկայացուցիչներից են շյուղախոտ ակոսավորը (Festuca sulcata) և փետրախոտ մազիկավորը (Stipa capillata) խոտատեսակները, որոնք աճում են հարավային լանջերի երկայնքով և հարթ մակերևույթների վրա: Խոտատեսակներից գերակշռում են ոզնախոտ կծկավորը (Dactylis glomerata), երեքնուկ ալպյանը (Trifolium alpestre), առվույտ Ջավախքի (Medicago dzavakhetica), և մի քանի սագասոխուկ, պապլոր և այլն տեսակները: Մարգագետնատափաստանները տարածված են միայն հյուսիսային լանջերի վրա, որտեղ հիմնական տեսակներն են հանդիսանում փետրախոտ նեղատերև (Stipa tirsa), թթվիճ խոշորածաղիկը (Betonica macrantha) և աստղածաղիկ վրացականը (Aster ibericus). Տարածաշրջանի բուսականությունն ունի մեզոֆիլ հատկանիշներ:

Մինչև 2000 մ բարձրության վրա աճող ջրասեր բարձրլեռնային տափաստաններում հիմնական տեսակներն են եղեգ հարավայինը (Phragmites australis), կեռոն լայնատերևը (Typha latifolia), կեռոն նեղատերևը (Typha angustifolia), կամ կեռոն Լաքսմանին (Typha laxmanii), ճլախոտ Թաբերնեմոնթանին (Schoenoplectus tabernaemontani): Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող տեսակներից հիրիկ սիբիրյանը (Iris sibirica), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), տրաունշտայներա գնդաձևը (Traunsteinera shpaerica) և մկնասոխ Ռոզենին (Scilla rosenii), որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, մինչև այժմ սովորական են Արփի լճին հարակից բարձրադիր տափաստաններում և Ախուրյանի խոնավ տարածքներում: Ջրասեր ցածրադիր տափաստանները ձևավորվել են 2300 մ-ից բարձր բարձրություններում և ունեն սահմանափակ տարածվածություն: Հիմնական բուսատեսակները պատկանում են Equisetes ցեղին: Մատիտեղ երկկենցաղ (Polygonum amphibium) գերակշռում է Արփի լճի բուսականության մեջ:

Աշոցքի սարահարթը դեռ հոլոցենի դարաշրջանից զուրկ է եղել անտառային բուսականությունից: Կուսական լանդշաֆտները գտնվում են 2000 մ-ից բարձր բարձրություններում, որտեղ գերակշռում են լեռնային տափաստանները:

Լեռնային տափաստանները Հայաստանում զգալի տարածքներ են զբաղեցնում, մասնավորապես, 1500 մ-ից բարձր (հյուսիսում` մինչև 2000 մ և հարավում` մինչև 2400-2500 մ): Մերձալպյան մարգագետինները տարածված են լեռնային տափաստանների անցումային գոտուց դեպի վեր (2000 մ-ից բարձր) և փոխարինվում են ալպյան մարգագետիններով, որոնք ձգվում են մինչև 3000 մ բարձրությունները:

80 ընտանիքի, 269 ցեղի մոտ 670 տեսակի բարձրակարգ բույսեր են աճում «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում: Տեսակներով հարուստ բազմատեսակ ընտանիքներից են` Հովանոցազգիները (Apiaceae), Բարդածաղկազգիները (Asteraceae), Մեխակազգիները (Caryophyllaceae), Լոբազգիները (Fabaceae), Շրթնածաղկավորները (Lamiaceae), Հացազգիները (Poaceae), Գորտնուկազգիները (Ranunculaceae), Վարդազգիները (Rosaceae), Խլածաղկազգիները (Scrophulariaceae):

19 տեսակները ներառված են Հայաստանի Կարմիր Գրքում` գետնասող ցեղակից (Asperula affinis), գազ կորասերմ (Astragalus campylosema), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), հիրիկ սիբիրյան (Iris sibirica), հաղարջենի հայկական (Ribes armenum), կարծրածաղիկ բազմամյա (Scleranthus perennis), դորոնիկում Բալանզայի (Doronicum balansae), գրամոսցիադիում տևապտուղ (Grammosciadium pterocarpum), հապալասենի ճահճային (Vaccinium uliginosum), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzhavakheticus), սոխ ժայռի (Allium rupestre), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), ջրաշուշան դեղին (Nuphar lutea), գազ չորասեր (Astragalus xerophylus), հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii): Այս բույսերի շարքում Հայաստանի համար էնդեմիկ է հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjani), 2-ը էնդեմիկ են անդրկովկասի համար` եզնակող Սոսնովսկու (Bupleurum sosnowsky), կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), 6-ը էնդեմիկ են Հայկական բարձրավանդակի` գազ կորասերմ (Astragalus campylosema), գազ պարսկական (Astragalus persicus), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), անթեմ կովկասյան (Anthemis caucasica), գազ գնդաձև (Astragalus globosus), գազ չորասեր (Astragalus xerophylus),5-ը էնդեմիկ են Կովկասի համար` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), հիրիկ եղանի (Iris furcata), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica):

Այստեղ կան բազմաթիվ գրավիչ ու դեկորատիվ բույսեր. Խոլորձներ (Orchids) տրաունշտայներա գնդաձև (Traunsteinera shpaerica),դակտիլորիզ կատաոնյան (Dactylorhiza cataonica), դակտիլորիզ էվքսինյան (Dactylorհiza euxina), թրաշուշանների տեսակներ` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzavakhetius), թրաշուշան Կոչիի (Gladiolus kotschyanus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis), շնդեղ Շովիցի (Colchicum szovitsii), դորոնիկում Բալանզայի (Doronicm balansae), հիրիկներ (irises)` հիրիկ ցանցավոր (Iris reticulate), հիրիկ թզուկային (Iris pumila), հիրիկ եղանի (Iris furcata), կակաչների տեսակներ` կակաչ հայկական (Papaver armeniacum), կակաչ արևելյան (Papaver orientale), կակաչ կեղծառևելյան (Papaver psevdoorientale), մկնասոխ Ռոզենի (Scilla rosenii), շուշան Շովիցի (Lilium szovisianum), որոնք հայտնի են Կովկասում և Արևելյան Թուրքիայում: Այս տեսակներն աճում են միայն լեռների բարձունքներում և բավականին հազվադեպ են Հայաստանի համար:

Կարևոր է նշել այստեղ հանդիպող մի շարք բույսերի տեսակներ, որոնք հազվադեպ են Հայաստանի համար:

Կատվախոտ բրդատերևն (Valeriana eriophylla) Հայաստանում աճում է միայն վերին Ախուրյանի տարածաշրջանում: Տարածաշրջանը մկնասոխ Ռոզենիի (Scilla rosenii), երկու կողմերից մեկն է: Կովկասյան էնդեմիկ և հազվագյուտ շուշանաբանղար վարդագույնը (Chaerophyllum roseum) աճում է միայն վերին Ախուրյանի, Իջևանի և Սևանի շրջաններում: Antennaria caucasica-ը էնդեմիկ է Կովկասի համար և աճում է միայն վերին Ախուրյանի, Ապարանի և Գեղամայի որոշ մասերում` մերձալպյան և ալպիական մարգագետիններում: Ջրաշուշան դեղին (Nuphar luteum) ներկայումս Հայաստանում աճում է միայն Արփի լճի շրջակայքում: Կովկասյան էնդեմիկ ագրխոտուկ Բալանզայի (Agrostis balansae) Հայաստանում հայտնի է միայն Եղնախաղ (Աղբաբա) սարից: Տարածքը ներառում է նվիրախոտ բուրավետ (Hierochloe odorata), բարակոտնուկ Ալբովի (Koeleria albovii) տարածքներից մի քանիսը: Արփի լճի մոտակայքում աճում է շատ հազվադեպ ցինգերիա Բիբերշտեյնին (Zingeria biebersteiniana):

Գորտնուկ Արագածի (Ranunculus aragazii) և հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjanii) էնդեմիկ են Հայաստանի համար և աճում են տարածքում:

 

Այցելության սեզոններ

Ապրիլի վերջից մինչև մայիս-հուլիսի սկիզբը հնարավոր է տեսնել Կովկասյան էնդեմիկ մկնասոխ Ռոզենիի (Scilla rosenii) ծաղկելը` մեծ, վարդակապտավուն ծաղիկներով (Արփի լճի շրջակայքում), չափազանց գրավիչ հիրիկ սիբիրյան (Iris sibirica) նեղ թփերով և մուգ կապույտ ծաղիկներով (Արփի լճի շրջակայքում, Ախուրյան գետի կիրճում` կողային կիրճերի փոքրիկ գետակների մոտ), կաղամախու (Populus tremula) բաց անտառներում և ժայռերի լանջերի վրա տարածված գիհի սեղմված (Juniperus depressa): Գնարբուկ ականջավորն (Primula auriculata) մանուշակագույն ծաղիկներով, որոնք հավաքվում են խիտ ծաղիկներով տերևակոթի վերնամասում (Ախուրյան գետի կիրճում` կողային կիրճերի փոքրիկ գետակների մոտ): Շատ փոքրիկ հիրիկ ցանցավոր (Iris reticulate)` կապույտ և մանուշակագույն ծաղիկներով աճում է Ամասիայի մերձակայքում: Այս սեզոնին ծաղկում են սագասոխուկ (Gagea) տեսակի դեղին աստղիկները` սագասոխուկ Ալեքսեենկոյի (Gagea alexeenkoana), սագասոխուկ կասկածելի (Gagea dubia) և արքայածաղիկ կովկասյան (Fritillaria caucasica) շագանակամանուշակագույն զանգակաձև ծաղիկներով:

Հունիս-հուլիս ամիսներին Արփի լճի շրջակայքը լի է թրաշուշանի տեսակներով` թրաշուշան կովկասյան (Gladiolus caucasicus), թրաշուշան Ջավախքի (Gladiolus dzavakhetius), թրաշուշան Կոչիի (Gladiolus kotschyanus), թրաշուշան բարակ (Gladiolus tenuis)` մանուշակագույն ծաղիկներով: Գեղեցիկ կակաչները` հսկայական կարմիր ծաղիկներով, աճում են Ախուրյան գետի կիրճում` Փոքր Սեպասար գյուղի կողմից: Ամասիայի մոտակայքում աճում է կակաչ հայկական (Papaver armeniacum)` բաց կարմիր ծաղիկներով: Վարդ անիսոնատերևն (Rosa pimpinellifolia) տարածված է Ախուրյան գետի կիրճում, ինչպես նաև Ջավախքի լեռնաշղթայի լանջերի վրա` Սարագյուղ համայնքի մոտ: Զորակերտ և Դարիկ համայնքների միջև աճում է Հայաստանում նոր տեսակի կակաչ` - կակաչ լեռնային (Papaver oreophilum), իր նրբագեղ նարնջագույն ծաղիկներով: Ախուրյան գետի կիրճում հայտնաբերվել է շատ հետաքրքիր և հազվադեպ կորնգան կադմեյական (Onobrychis cadmea)` վարդամանուշակագույն ծաղիկներով: Հայաստանի համար շատ հազվադեպ թուփը կուրիլական թեյ (Dasiphora frticosa)` փոքր վառ դեղին ծաղիկներով աճում է Ախուրյան գետի հովտում` գետափի երկայնքով: Այստեղ աճում է գեղեցիկ էթեոպապուս գեղեցկագույն (Aetheopappus pulcherrimus), խռնդատ մանուշակագույն (Verbascum phoeniceum) իր մուգ շագանակամանուշակագույն ծաղկաթերթերով: Կտավատ սրոհունդատերև-ը (Linum hypericifolium) մեծ վարդագույն ծաղիկներով և ուրց Կոչիի (Thymus kotschyanus) աճում են ամբողջ տարածաշրջանում: Շուշան Շովիցի (Lilium szovisianum)` շքեղ մեծ դեղին ծաղիկներով և փոքր հիրիկ եղանի (Iris furcata), հիրիկ թզուկային (Iris pumila)` կապտավուն չափազանց փոքրիկ ծաղիկներով հայտնաբերվել է լեռներում` Դարիկ գյուղից վերև: Այստեղ հնարավոր է նաև տեսնել անդրսահմանային էնդեմիկ կատվախոտ բրդատերև (Valeriana eriophylla), որը նույնպես աճում է Ջավախքի լեռնաշղթայում` Սարագյուղից վերև: Խոլորձները (Orchids), տրաունշտայներա գնդաձև (Traunsteinera shpaerica), դակտիլորիզ կատաոնյան (Dactylorhiza cataonica) աճում են Արփի լճից վերև լեռնային տարածքներում` դեպի Վրաստանի սահմանը (Դարիկ, Ծաղկուտ գյուղերից վերև):

Գեղեցիկ և հետաքրքիր շատ տեսակներ են հայտնաբերվել բարձր լեռնային գոտում` 2500 մետրից բարձր: Աչքասար լեռան (Ջավախքի լեռնաշղթա) քարքարոտ հատվածքներում աճում են առնասպար Ռադեի (Androsace raddeana), բաց դեղնավուն գնարբուկ Պալասի (Primula pallasii) և գնարբուկ ականջավոր (Primula auriculata):

Հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում միակ տարածքը, որտեղ ծաղկում է դեղին ջրաշուշանը (Nuphar luteum)` Ախուրյան գետի նախկին հունն է` Արդենիս համայնքի մոտակայքում: Այստեղ և Արդենիսի լճակի մոտ աճում է Հայաստանի համար հազվադեպ դաղձ դաշտային (Mentha arvensis) և շատ հետաքրքիր բեկմանիա ճարճրուկանման խոտը (Beckmannia eruciformis):

Օգոստոս ամսին սկսվում է բույսերի ծաղկումը բարձր լեռներում: Բազմաթիվ հազվադեպ և հետաքրքիր տեսակներ են հայտնաբերվում Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաներում: Մասնավորապես, հետաքրքիր է Մեծ Եղնախաղը Հայաստանի համար հազվադեպ ալպյան հավամրգով հապալասենի ճահճային (Vaccinium uliginosum), կատվատոտիկ կովկասյան (Antennaria caucasica)` կլորավուն ծաղկմամբ: Հայաստանի համար էնդեմիկ է հաղարջը հաղարջենի Ախուրյանի (Ribes achurjanii): Ջավախքի լեռնաշղթայի բարձր լեռնային գոտիներում աճում է հապալասենի մրտենական (Vaccinium myrtillus):

 

Հիմնական վտանգներ

Չկանոնակարգված արածեցումը համարվում է ամենամեծ վտանգը բույսերի վտանգված և խոցելի տեսակների համար: Ախուրյան գետի նախկին հունում ջրի անկայուն և ցածր մակարդակի պատճառով կրիտիկական վիճակում է գտնվում դեղին ջրաշուշանը (Nuphar luteum): Վտանգված տեսակների պոպուլյացիաների վիճակը և նրանց պահպանման միջոցառումները տրված են ՀՀ Բույսերի կարմիր գրքում (2010):

 

Պահպանություն

Վտանգների մեղմացման և կառավարման նպատակով կարևոր բույսերի աճելավայրերի պահպանման համար «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ընտրվել են հետևյալ տեղամասերը.

1) Արփի լճի հարավ արևմտյան ափը (ապրիլ-հուլիս),

2) Ախուրյան գետի կիրճը` Փոքր Սեպասարից դեպի Ամասիա (ապրիլ-հուլիս),

3) Արփի լճից վերև` դեպի հյուսիս տեղակայված լեռները (մայիս-հուլիս),

4) Եղնախաղի (Մեծ Եղնախաղ լեռ) և Ջավախքի (լանջերը Սարագյուղից վերև, Աչքասար լեռը) լեռնաշղթաները (հունիս-օգոստոս),

5) Արդենիս գյուղի մոտակայքի խոնավ տարածքները (հունիս-օգոստոս):

Վերը նշված տարածքներ տանող ճանապարհներին պետք է տեղադրվեն ուղեփակոցներ և համապատասխան ցուցանակներ: Առաջարկվում է այդ տարածքներում իրականացնել պարբերաբար հսկողություն հիմնականում նշված ժամանակահատվածում, չկանոնակարգված արածեցումը կանխելու նպատակով:

 

Տնտեսական արժեք ներկայացնող բուսատեսակներ

«Արփի լիճ» ազգային պարի պահպանման գոտու անասնաբուծության զարգացմանն անհրաժեշտ կերապահովման խնդրի լուծման, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա անասնաբուծության վարման արդյունքում բացասական ազդեցության կրճատման և կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ ուղղված կերհանդակների վերականգնմանը և մշակել այլընտրանքային բնօգտագործման եղանակներ:

Աիրոկենսաբազմազանության կարևոր բաղադրամասերից են ուտելու, համեմունքային և դեղագործական նշանակությամբ վայրի խոտաբույսերը, որոնց պահպանության և արդյունավետ օգտագործման հարցերը ներկա սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում օրակարգային են:

Որպես այլընտրանքային բնօգտագործման ձևեր համայնքներում արդարացված է բնական բուսական համակեցություններում դեղաբույսերի և ուտելի բույսերի հավաքի կազմակերպումը: Համայնքների աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները ստեղծել են հնարավոր պայմաններ տարաբնույթ և խայտաբղետ բուսական համակեցությունների ձևավորման և զարգացման համար: Համակեցություններում զգալի տարածում ունեն տարբեր բուսական ընտանիքներին պատկանող տարախոտային այնպիսի տեսակներ, որոնք օգտագործվում են կերային, պարենային և դեղագործական նպատակներով:

Այդ բույսերը խնայողաբար օգտագործման դեպքում, դառնում են սպառողական արժեքներ, մարդու պահանջները բավարարող բարիքներ և համարվում են ժողովրդի ավանդական սննդառության օրաբաժնի մոտավորապես 10-15 տոկոսը:

Աշոցքի տարածաշրջանի բնական էկոհամակարգերում զգալի տարածում ունեն հետևյալ ուտելի, համեմունքային և դեղատու բույսերը` եղինջ երկտուն (Urtica dioica L.), ավելուկ գանգուր (Rumex crispus L.), ուրց անդրկովկասյանը (Thymus transeaucasicus Ronn), ուրցադաղձը (ռեհան ուրցանման) (Ziziphora clinopodioides Lam.), մարիամ խոտը (Teucrium polium L.), անանուխը (դաղձ դաշտային) (Mentha piperita arvensis), մարգագետնային սինձը (Tragopogon pratensis L.), սինձ հացազգիատերևը (Tragopogon graminifolius DC.), խատուտիկ դեղատու (Taraxacum officinalis Wild), արյունխմիկ դեղատու (Samguisorba officinalis L.), հազարատերևուկ հատվածատերև (Achilla millefolium), փիփերթ (Malva silvrstris L.), եզան լեզու մեծ (Plantago maior L.), մատիտեղը (Polygonum carneum Koch.), առյուծագին (Leonurus cardiaceae L.), ձիաձետ դաշտայինը (Eguisctum arvense L.), հատապտղավորներից մեծ տարածում ունի մասրենին (Rosa L).

Ներկայում որպես ուտելի վայրի բանջարայիններ առավել օգտագործվում են սիբեխը, ավելուկը, եղինջը, իսկ որպես համեմունքային օգտագործվում են ուրցը, դաղձը, մայրամախոտը: Առավել մեծ ճանաչում ունի օգտագործման մեջ մասրենին, որի հատապտուղները օգտագործվում են սննդի մեջ, օգտագործվում է նաև մասրենու ծաղկաթերթիկները:

Ավելուկ (Rumex crispus L.)

Բազմամյա բանջարային բույս է մատիտեղազգիների ընտանիքից: Ցողունի բարձրությունը 15-120 սմ: Տերևները թեթևակի մսալի երկարակոթ, ձվաձև, միջին և ծայրի տերևները` կարճակոթ, նիզակաձև, ավելի սակավ` եռաբաժին, խոր կտրվածքով: Ծաղիկները իրարից հեռու դասավորված ծաղկաբույլերով: Կոճղարմատը հաստ է ճյուղավոր: Վայրի աճող, ուտելի բույս է, համարվում է բնական անտիբիոտիկ. բարձր սննդարարությամբ օժտված բանջարեղեն է: Որպես դեղ օգտագործվում է ավելուկի արմատը:

Եղինջ երկտուն (Urtica dioica L.)

Եղինջազգիների ընտանիքի տարածված բազմամյա բույս է օգտագործվում է կերային և դեղագործական նպատակներով: Ցողունը 1-1,5 մ բարձրությամբ, տերևները կոթունավոր սրտաձև, սղոցատամ: Ամբողջ բույսը պատված է կոշտ այրող մազիկներով: Գոյություն ունի եղինջի երկու տեսակներ` խուլ և ծակող (այրող): Բժշկության մեջ օգտագործվում է խուլ եղինջը: Սննդի համար որպես բանջարեղեն անհրաժեշտ է օգտագործել մատղաշ ընձյուղները: Բույսը հարուստ է օսլայով, սպիտակուցներով, վիտամիններով և շաքարներով:

Անանուխ (Mentha arvensis L.)

Շրթնածաղկավորների ընտանիքի կոճղարմատավոր բազմամյա բույս է. ցողունը 40-100 սմ բարձրությամբ, ճյուղավոր: Տերևները երկարավուն են կամ էլիպսաձև-նշտարաձև, սղոցաեզր, նստադիր, վերևից կանաչ, տակից սպիտակ երանգով երբեմն մազմզոտ: Ծաղիկները կարմրակապույտ կամ վարդագույն երանգի գտնվում են ցողունի գագաթին բարդ հասկերի ձևով: Օգտագործվում է համեմունքի նպատակով, ունի դեղագործական նշանակություն: Պարունակում է եթերայուղ և մենթոլ: Օգտագործվում են բույսի տերևները:

ՈՒրց սղացող (Thymus serpyllum L.)

Խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող, 10-35 սմ բարձրության, գետնի վրա փռված, խիստ ճյուղավոր, հիմքում փայտացած ցողունով կիսաթուփ է: ՈՒնի ձվաձև տերևներ: Ծաղկաբույլերը գտնվում են ճյուղերի ծայրերին: Արձակում է սուր հաճելի բուրավետ հոտ: Պարունակում է 0,5-1% եթերայուղ հարուստ տարբեր տեսակի ցնդող եթերային միացություններով: Օգտագործվում է որպես համեմունք, ունի բուժական նշանակություն:

Մասրենի (Rosa L.)

Վարդազգիների ընտանիքին պատկանող մինչև 2 մ բարձրությամբ փշոտ թուփ է: Տերևները հերթադիր են, բարդ, փետրաձև, ծաղիկները խոշոր են դուրեկան հոտով, սպիտակ, վարդագույն, դեղին կամ կարմիր: Պտուղը իլիկաձև, տանձաձև կամ ձվաձև, հասուն վիճակում կարմիր կամ նարնջակարմիր, այն կեղծ բազմաընկուզիկ է:

Օգտագործվում են պտուղը և ծաղկաթերթերը կերային և դեղագործական նպատակներով: Պտուղները հարուստ են վիտամիններով, օրգանական և հանքային սննդատարերով, պարունակում են ճարպայուղ, օլեինաթթու, լինոլաթթու և կարծր թթուներ:

Խատուտիկ դեղատու (Taraxacum officinalis Wilg)

Բարդածաղկավորների ընտանիքի պատկանող մինչև 15 սմ բարձրությամբ բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է: Տերևները կանաչ նշտարաձև, ատամնավոր եզրերով: Ծաղկաբույլը զամբյուղ վառ դեղին երանգի ծաղիկներով: Սերմերը թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ փուփուլով: Բույսը ունի դեղագործական նշանակություն, պարունակում է մինչև 40% ինուլին և այլ քիմիական ակտիվ միացություններ որոնք օգտագործվում են դեղագործական նպատակներով:

Եզան լեզու մեծ (Plantago maior L.)

Ջղախոտազգիների ընտանիքին պատկանող, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող հնագույն դեղաբույս է: Բազմամյա է, տերևները խոշոր ջղավոր լինում են ձվաձև 3-7 ջղերով, մերկ կամ թեթևակի մազոտ: Ծաղկացողունը 15-30 սմ բարձրությամբ, նուրբ ակոսավոր: Հասկը գլանաձև է: Բաժակի մասերը օվալաձև են, բութ, լայնաթաղանթ: Սերմերը մանր նիստավոր: Բուժական տեսանկյունից արժեքավոր են և տերևները և սերմերը:

Ազգային պարկի և դրա պահպանման գոտում հանդիպող սնկերի գերակշռող մասը ուտելի են, որոնցից են սովորական ականջասունկը, կաղնեսեր կոլիբիան, ձմեռային կոճղասունկը, վարդագույն լակարիան, մարգագետնային կոճղասունկը, մանր սխտորասունկը, իսկական կոճղասունկը, սովորական շամպինյոնը, դաշտային հովանոցասունկը, վաղանցիկ գոմաղբասունկը, խոտհարկային պանաելիոլինան, կարծր ագրոցիբեն ցողունավոր, ագրոցիբեն, ամառային կոճղասունկը և շեկլիկը: Միակ սնկի տեսակը, որը չի կարելի օգտագործել դա շողացող գոմաղբասունկն է:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանի բնական բուսական համակեցություններում զարգանում են տարբեր բուսական ընտանիքների շատ ներկայացուցիչներ, որոնք ունեն տարբեր դեղագործական նշանակություն և արժեք, որոնց օգտագործումը դեղագործական նպատակներով կենսական կարևոր նշանակություն ունի:

Այդ իսկ պատճառով համայնքում այլընտրանքային բնօգտագործման ձևերի մեջ առավել նպատակահարմար է ուտելի վայրի բույսերի և դեղաբույսերի հավաքի ներդրումը: Բնօգտագործման նման այլընտրանքային ձևերի կիրառումը նպաստելու է ոչ միայն համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար, այլ առավել կարևորվում է բնօգտագործման տեսակետից, որը բերելու է միջավայրի կենսաբազմազանության ապահովմանը, բնական վերականգնմանը:

 

1.8.5. Կենդանական աշխարհը

Հայաստանում բնակվող մոտ 17000 անողնաշար կենդանիների տեսակներից 155-ը և 536 ողնաշարավոր կենդանիների տեսակներից 153-ը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում: Կենդանիների տեսակներից մոտ 2%-ը էնդեմիկ են: Կովկասի կենսաաշխարհագրական կառուցվածքի համաձայն, Ջավախքը պատկանում է արևելյան Միջերկրածովյան շրջանի Սևանա-Փոքրասիական ենթաշրջանին: Տարածքում հանդիպող տեսակները բնորոշ են նաև արևելյան Թուրքիային և հարավ արևմտյան Վրաստանին:

 

Անողնաշար կենդանիներ

Տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի անողնաշար կենդանիների ֆաունան ուսումնասիրված է խիստ անհավասարաչափ, ուստի հնարավոր չէ կատարել անողնաշար կենդանիների ֆաունայի վերլուծությունը ամբողջությամբ: Ընդհանուր առմամբ տարածաշրջանից հայտնի են անողնաշար կենդանիների 65 կարգի ներկայացուցիչներ, առավել բազմաքանակ են միջատները (26 կարգ Հայաստանում հայտնի 30-ից), փափկամարմինները, սարդակերպերը և բազմոտանիները (6-ական կարգ) և խեցգետնանմանները (5):

Հիմնվելով գրականության տվյալների վրա կարելի է գնահատել տարածաշրջանի անողնաշար կենդանիների տեսակային կազմը որպես մոտ 2500-3000 տեսակ Հայաստանի ֆաունայի 17000 տեսակներից:

Ազգային պարկի տարածքի որոշակի կետերում կատարված մեկ տարվա հետազոտությունների արդյունքները, որը հնարավորություն է տալիս իրականացնել գոտիավորման աշխատանքները, հայտնաբերվել են բզեզների` 329, ուղղաթևերի` 18, թիթեռների` 27 և ճպուռների` 13 տեսակներ: Տարածքին բարձր բնապահպանական նշանակություն է տալիս բազմաթիվ Հայաստանի, Հարավային Կովկասի և Կովկասի (էկոտարածաշրջանի) բազմաթիվ էնդեմիկ տեսակների առկայությունը: Բզեզներից` համապատասխանաբար 11, 30 և 17 տեսակներ, ուղղաթևերից` Հայաստանի 3 և Կովկասի` 2 էնդեմիկ, թիթեռներից` Կովկասի 6 էնդեմիկ տեսակներ: Բացի այդ, տարածքում հայտնաբերվել են թիթեռների երկու տեսակ, որոնք գրանցված են Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

Արփի լճում և հարակից տարածքներում բնակվում են ջրային կամ ջրասեր տեսակները: Այստեղ գրանցված են 10 տեսակի ճպուռներ, 8 տեսակի ուղղաթևեր, 139 տեսակի բզեզներ, 14 տեսակի թիթեռներ, այդ թվում` Հայաստանի 1 էնդեմիկ բզեզի (Elaphrus hypocrita araxellum - արաքսյան գնայուկ) և հարավային Կովկասի 3 էնդեմիկ բզեզների ենթատեսակները (Silpha carinata armeniaca - հայկական լեշակեր, Pachnephorus tesselatus armenus - հայկական տերևակեր, Bembidion nitidulum fraxator - փայլուն առվակային գնայուկ), Կովկասի էկոտարածաշրջանի 2 էնդեմիկ բզեզները (Carabus cribratus - մահաթև ցայտագնայուկ, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր) և Կովկասի էկոտարածաշրջանի 3 էնդեմիկ թիթեռները (Pieris pseudorapae suffossa - կեղծ կաղամբի ճերմակաթիթեռ, Meleageria daphnis versicolor - խայտաբղետ մելեագերիա): Այստեղ հայտնաբերվել է նաև Բնության Պահպանության Միջազգային Միության կարմիր ցուցակում, Բերնի կոնվենցիայում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Արիոն կապտաթիթեռը (Maculinea arion):

Արփի լճից դեպի հյուսիս ընկած Վրաստանին սահմանամերձ 2100 մետրից բարձր լեռնաշղթաները նույնպես հարուստ են անողնաշար կենդանիների տեսակներով (8 տեսակի ուղղաթևեր, 16 տեսակի թիթեռներ և 173 տեսակի բզեզներ, այդ թվում` Հայաստանի 2 էնդեմիկ տեսակները` Trechus melanocephalus - սևագլուխ առվակային գնայուկ և Nocaracris cyanipes - կապտաոտ մորեխը: «Արփի լիճ» ազգային պարկի արևելյան տեղամասի արևմտյան լանջերի վրա հայտնաբերվել են 2 տեսակի ճպուռներ, 8 տեսակի ուղղաթևեր, 18 տեսակի թիթեռներ ու ուտիճներ և 202 տեսակի բզեզներ:

Ախուրյանի կիրճում անողնաշար կենդանիների բազմազանությունը նույնպես բարձր է: Այստեղ գրանցվել են 5 տեսակի ճպուռներ, 9 տեսակի ուղղաթևեր, 13 տեսակի թիթեռներ և 177 տեսակի բզեզներ, որոնցից Coccidula lithophiloides - քարասեր զատիկ, Stenobothrus sviridenkoi - Սվիրիդենկոյի մորեխ - և Montana armeniaca - հայկական ծղրիդ Հայաստանի էնդեմիկներ են:

 

Պահպանություն

Առավել ուշադրության արժանի անողնաշար կենդանիների որոշ կարգաբանական խմբերի պահպանության համար ազգային պարկի գոտիավորման ընթացքում առանձնացվել են հետևյալ 5 տարածքները, որոնք արժանի են առավել մեծ ուշադրության.

1) Արփի լիճը և դրան անմիջապես հարող տարածքները (մինչև մոտավորապես 2080-2100 մ բարձրության): Ֆաունան հիմնականում ներկայացված է ջրային և մերձջրային համակեցությունների տեսակներով: Ընդհանուր առմամբ ֆաունան պակաս յուրահատուկ է համեմատած պարկի ուսումնասիրված այլ տարածքների հետ: Միայն ճպուռներն են ներկայացված տեսակների առավել մեծ քանակությամբ (10 տեսակ): ՈՒղղաթևերի տեսակները 8-ն են, թիթեռներինը` 14 և բզեզներինը` 139: Ֆաունայի յուրահատկությունը ցածր է: Հայտնաբերված է Հայաստանի միայն 1 էնդեմիկ` Elaphrus hypocrita araxellum - արաքսյան գնայուկ բզեզ: Հայտնաբերված են նաև Հարավային Կովկասի համար էնդեմիկ բզեզների երկու ենթատեսակ (Silpha carinata armeniaca - հայկական լեշակեր, Pachnephorus tesselatus armenus - հայկական տերևակեր, Bembidion nitidulum fraxator - փայլուն առվակային գնայուկ), ինչպես նաև էկոտարածաշրջանի համար էնդեմիկ 2 տեսակի բզեզ (Carabus cribratus - մահաթև ցայտագնայուկ, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր) և 3 ենթատեսակի թիթեռ (Pieris pseudorapae suffossa - կեղծ կաղամբի ճերմակաթիթեռ, Meleageria daphnis versicolor - խայտաբղետ մելեագերիա): Տարածքից հայտնի է նաև Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի, Բեռնի Կոնվենցիայի 2-րդ հավելվածում և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Արիոն կապտաթիթեռը (Maculinea arion):

2) Արփի լճից հյուսիս գտնվող լեռնաշղթայի լանջերը, մոտավորապես 2100 մ բարձրությունից մինչև Վրաստանի սահմանը: Ֆաունան ընդհանրապես ավելի զանազան և յուրահատուկ է Արփի լճի և դրան անմիջապես հարող տարածքների համեմատությամբ: Միայն ճպուռներն են փոքրաթիվ և ներկայացված են 2 տեսակներով: ՈՒղղաթևերի տեսակները 8-ն են, թիթեռներինը` 16 և բզեզներինը` 173: Տարածքից հայտնաբերված են Հայաստանի համար էնդեմիկ հանդիսացող միջատների 2 տեսակ` սևագլուխ առվակային գնայուկը (Trechus melanocephalus) և կապտաոտ մորեխը (Nocaracris cyanipes): Բազմաթիվ են Հարավային Կովկասի էնդեմիկները: Դրանցից են` բզեզների 19 տեսակներ և ենթատեսակներ (Cicindela desertorum - անապատային ցատկաբզեզ, Carabus stjernvalli - Շտերնվալլի ցայտագնայուկ, Carabus chevrolati korbi Կորբի ցայտագնայուկ, Carabus puschkini Պուշկինի ցայտագնայուկ, Carabus calleyi pseudoprasinus - կեղծ կանաչավուն ցայտագնայուկ, Carabus armeniacus - հայկական ցայտագնայուկ, Callisthenes breviusculus - կարճաթև գեղամարմին, Bembidion caucasicum - կովկասյան առվակային գնայուկ, Pterostichus armenus - հայկական գնայուկ, Zabrus aurichalceus - ոսկեպղնձափայլ գնայուկ, Xantholinus armeniacus - հայկական ստաֆիլին, Anisoplia signata - բծավոր հացաբզեզ, Cantharis annularis - աննուլարիս փափկամարմին, Malachius faldermanni - Ֆալդերմաննի մանրաբզեզ, Sphenoptera fallatrix - խափուսիկ ոսկեբզեզ, Dorcadion nitidum - փայլուն երկարաբեղիկ, Mallosia scovitzi - Շովիցի երկարաբեղիկ, Otiorrhynchus elongatus - երկարավուն փղիկ, Otiorhynchus weisei - Վայզեի փղիկ) և Կովկասյան մորեխը (Stenobothrus caucasicus): Կովկասի էնդեմիկներն են. բզեզներից` 14-ը (Carabus maurus - սևամարմին ցայտագնայուկ, Carabus cribratus - մահաթև ցայտագնայուկ, Nebria nigerrima - սև գնայուկ, Nebria schlegelmilchi - Շլեգելմիլխի գնայուկ, Agonum hexacoelum - վեցբիծ գնայուկ, Pristonychus mannerheimi - Մաններհայմի գնայուկ, Pterostichus chydaeus - խիդեուս գնայուկ, Zabrus trinii - եռագիծ գնայուկ, Aclypaea undata verrucosa - լեշակեր բշտիկավոր, Lomechusa strumosa caucasica - կովկասյան լոմեխուզա, Geotrupes olgae - Օլգայի կոյաբզեզ, Onthophagus sacharovskii - Սախարովսկու կոյաբզեզ, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր, Cortodera colchica - կոլխիդական երկարաբեղիկ) և թիթեռներից` 4-ը (Pieris brionia turcica - թուրքական ճերմակաթիթեռ, Pieris pseudorapae suffossa - կեղծ կաղամբի ճերմակաթիթեռ, Erebia graucasica - էրեբիա գրաուկազիկա, Meleageria daphnis versicolor - խայտաբղետ մելեագերիա):

3) Ջավախքի լեռնաշղթայի հայկական հատվածում` Աշոցքից վերև մինչև Սարագյուղ, ճպուռները փոքրաթիվ են (2 տեսակ), ուղղաթևերից հայտնաբերված է 8, թիթեռներից` 16 տեսակ: Բզեզների տեսակների քանակը համեմատաբար ամենամեծն է (202 տեսակ): Տարածքի ֆաունան առավել յուրահատուկ է, ընդգրկում է տարբեր մակարդակի էնդեմիկների մեծ քանակություն, այդ թվում` Հայաստանի համար էնդեմիկ 8 տեսակի բզեզներ (Trechus armenus - հայկական առվակային գնայուկ, Mannerheimia kirschenblatti - Կիրշենբլատտի ստաֆիլին, Gabrius trossuloides - տրոսուլոիդես ստաֆիլին, Philonthus microtophilus - մկնասեր ստաֆիլին, Coccidula lithophiloides - քարասեր զատիկ, Otiorrhynchus erivanensis - երևանյան փղիկ, ինչպես նաև դեռ չնկարագրված, գիտության համար նոր` սևամարմին (Laena sp. n.) և փղիկ (Otiorrhynchus sp. n.) և էնդեմիկ կապտաոտ մորեխ (Nocaracris cyanipes): Հարավային Կովկասի համար էնդեմիկ են 21 տեսակի բզեզներ (Cicindela desertorum - անապատային ցատկաբզեզ, Carabus tamsi - Տամսի ցայտագնայուկ, Carabus stjernvalli - Շտերնվալլի ցայտագնայուկ, Carabus puschkini - Պուշկինի ցայտագնայուկ, Carabus calleyi pseudoprasinus - կեղծ կանաչավուն ցայտագնայուկ, Carabus armeniacus - հայկական ցայտագնայուկ, Callisthenes breviusculus - կարճաթև գեղամարմին, Bembidion armenicum - հայկական առվակային գնայուկ Bembidion caucasicum - կովկասյան առվակային գնայուկ, Pterostichus armenus հայկական գնայուկ, Zabrus aurichalceus - ոսկեպղնձափայլ գնայուկ, Silpha carinata armeniaca - հայկական լեշակեր, Xantholinus armeniacus- հայկական ստաֆիլին, Anisoplia signata - բծավոր հացաբզեզ, Cantharis annularis - աննուլարիս փափկամարմին, Sphenoptera fallatrix - խափուսիկ ոսկեբզեզ, Dorcadion nitidum - փայլուն երկարաբեղիկ, Otiorrhynchus elongatus - երկարավուն փղիկ, Otiorrhynchus pulvinatus - գնդաձև փղիկ, Ceutorrhinchus transcaucasicus - անդրկովկասյան փղիկ, Gymnetron caucasicum կովկասյան փղիկ) և կովկասյան մորեխ Stenobothrus caucasicus, ինչպես նաև Կովկասի էնդեմիկ 17 տեսակ բզեզներ (Carabus maurus - սևամարմին ցայտագնայուկ, Carabus cribratus- մահաթև ցայտագնայուկ, Nebria nigerrima - սև գնայուկ, Nebria schlegelmilchi - Շլեգելմիլխի գնայուկ, Bembidion testaceum parallelipenne - զուգահեռաթև առվակային գնայուկ, Bembidion punctulatum bracteonoides - կետավոր առվակային գնայուկ, Agonum hexacoelum - վեցբիծ գնայուկ, Pristonychus mannerheimi - Մաններհայմի գնայուկ, Pterostichus chydaeus - խիդեուս գնայուկ, Zabrus trinii - եռագիծ գնայուկ, Aclypaea undata verrucosa - լեշակեր բշտիկավոր, Lomechusa strumosa caucasica - կովկասյան լոմեխուզա, Geotrupes olgae - Օլգայի կոյաբզեզ, Onthophagus sacharovskii - Սախարովսկու կոյաբզեզ, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր, Cortodera colchica - կոլխիդական երկարաբեղիկ) և 5 տեսակի թիթեռներ (Pieris brionia turcica - թուրքական ճերմակաթիթեռ, Pieris pseudorapae suffossa - կեղծ կաղամբի ճերմակաթիթեռ, Colias thisoa transiana - Տիզոա դեղնաթիթեռ, Erebia graucasica - էրեբիա գրաուկազիկա, Coenonimpha glycerion alta - լեռնային ցենոնիմֆա): Տարածքից հայտնի են Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված մնեմոզինան կամ սև ապոլոնը (Parnassius mnemosine) և Արիոն կապտաթիթեռը (Maculinea arion):

4) Աշոցքի մոտակայքում գտնվող ճահճուտային տարածքներում և հարակից տափաստանացված տեղամասերում հայտնաբերված է ճպուռների 6 տեսակ, այդ թվում` Հայաստանում ծայրահեղ հազվադեպ ռելիկտային Aeshna serrata տեսակը: Բազմազան են ուղղաթևերը (12 տեսակ) և թիթեռները (16 տեսակ): Բզեզների տեսակների թիվը կազմում է 164: Հայաստանի համար էնդեմիկ են բզեզների 3 տեսակ (Aleochara armeniaca, Coccidula lithophiloides - քարասեր զատիկ, Otiorrhynchus erivanensis - երևանյան փղիկ), Հարավային Կովկասի համար էնդեմիկ են բզեզների 9 տեսակ (Carabus gotschi maljushenkoanus - Մալյուժենկոյի ցայտագնայուկ, Carabus clypeatus - կլիպեատուս ցայտագնայուկ) - այս երկու տեսակը գտնված են միայն պարկի տարածքում` (Carabus calleyi pseudoprasinus - կեղծ կանաչավուն ցայտագնայուկ, Callisthenes breviusculus - կարճաթև գեղամարմին, Anisoplia signata - բծավոր հացաբզեզ, Silpha carinata armeniaca - հայկական լեշակեր, Netocia caucasica - կովկասյան բրոնզաբզեզ, Pachnephorus tesselatus armenus - հայկական տերևակեր, Ceutorrhinchus transcaucasicus - անդրկովկասյան փղիկ): Հայտնաբերված են նաև Կովկասի համար էնդեմիկ 6 բզեզներ (Carabus maurus - սևամարմին ցայտագնայուկ, Carabus cribratus- մահաթև ցայտագնայուկ, Pristonychus mannerheimi - Մաններհայմի գնայուկ, Geotrupes olgae - Օլգայի կոյաբզեզ, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր, Cortodera colchica - կոլխիդական երկարաբեղիկ) և 2 թիթեռ (Erebia graucasica - էրեբիա գրաուկազիկա, Meleageria daphnis versicolor - խայտաբղետ մելեագերիա): Հայտնաբերված է նաև Բեռնի Կոնվենցիայի Հավելված 2-ում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված Արիոն կապտաթիթեռը (Maculinea arion):

5) Ախուրյան գետի կիրճի ֆաունան բավականին հարուստ և բազմազան է: Հայտնաբերված են` ճպուռների 5, ուղղաթևերի` 9, թիթեռների` 16 և բզեզների` 177 տեսակներ: Հայաստանի համար էնդեմիկ են`Coccidula lithophiloides - քարասեր զատիկ, Stenobothrus sviridenkoi - Սվիրիդենկոյի մորեխ) և հայկական ծղրիդը (Montana armeniaca): Հարավային Կովկասի էնդեմիկներ են հանդիսանում 7 տեսակի և ենթատեսակի բզեզներ (Cicindela desertorum - անապատային ցատկաբզեզ, Carabus armeniacus - հայկական ցայտագնայուկ, Bembidion nitidulum fraxator - փայլուն առվակային գնայուկ, Anisoplia signata - բծավոր հացաբզեզ, Netocia caucasica - կովկասյան բրոնզաբզեզ, Sphenoptera fallatrix - խափուսիկ ոսկեբզեզ, Pachnephorus tesselatus armenus - հայկական տերևակեր), Կովկասի էնդեմիկներն են 6 տեսակի և ենթատեսակի բզեզներ (Carabus maurus - սևամարմին ցայտագնայուկ, Carabus cribratus - մահաթև ցայտագնայուկ, Bembidion punctulatum bracteonoides, Zabrus trinii, Aclypaea undata verrucosa - լեշակեր բշտիկավոր, Omophlus caucasicus - կովկասյան ծաղկեփոշեկեր), ու թիթեռները (Meleageria daphnis versicolor - խայտաբղետ մելեագերիա, Erebia graucasica - էրեբիա գրաուկազիկա): Հայտնաբերված է սև ապոլոնը (Parnassius mnemosine - Մնեմոզինա կամ սև ապոլոն), որն ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում և Բերնի Կոնվենցիայի Հավելված 2-ում:

 

6. Ջրային էկոհամակարգեր

Ազգային պարկի տարածքում առկա են տարբեր տիպի ջրային էկոհամակարգեր, որոնցից են Արփի լճի հինգ բնական վտակները (Զորակերտ, Ծաղկուտ, Գառնարիճ, Շաղիկ, Ղարաբուլաղ) և Բողորան չորացնող ջրանցքը, Արփի լիճը, Ախուրյան գետը, Արփի լճի ակունքը, Ախուրյան գետի երկու ձախ վտակները` Թավշուտը և Աշոցքը, Ախուրյան գետի նախկին ակունքի շրջակայքի ճահիճները և խոնավ մարգագետինները, Արդենիս գյուղի վերևում գտնվող գարնանային ճահճուտները և Արդենիս լճակը:

Ջրային անողնաշար կենդանիները ավանդականորեն բաժանվում են երկու խոշոր էկոլոգիական ենթախմբերի.

1) Կենդանական պլանկտոն

Կենդանական պլանկտոնը ստեղծվում է միայն Արփի լճի և Արդենիսի լճակի համեմատաբար կանգնած ջրերում և ներկայումս բաղկացած է 1 Rotatoria, 2 տեսակի Cladocera և 3 տեսակի Cyclopoida: Նախկինում կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել ավելի շատ բազմազանություն. 27 տեսակ (Rotatoria 14, Cladocera 10 և Copepoda 3, շատերը պատահական էին) 1936-1947 թվականներին, 8-10 տեսակ 1952-1957 թվականներին և 4-6 տեսակ 1998-2008 թվականներին: Պատվարի կառուցումից առաջ կենդանական պլանկտոնի բիոմասսան միջինը կազմում էր 8 գ մ-2, ջրի մակարդակի կարգավորումից հետո - 1.3-3.3 գ մ-2 և 1998-2008 թ. - 0.3-1.0 գ մ-2:

2) Կենդանական բենթոս

Կենդանական բենթոս բազմազանության բարձր տոկոս է հայտնաբերվել Արփի լճի վերին հատվածի վտակներում (ավելի քան 50 տեսակ), իսկ ցածր տոկոս է հայտնաբերվել Ախուրյան գետի նախկին ակունքի ճահճուտներում: Գրանցված տեսակների ընդհանուր թիվը 61 է (Oligochaeta 3, Hirudinea 3, Molluska 6, Crustacea 4, Hemiptera 1, Odonata 3, Ephemeroptera 7, Trichoptera 11, Diptera 20, Coleoptera 3): Ակնհայտ է, որ ցուցակը դեռ ամբողջական չէ: Հատուկ ուշադրության պետք է արժանանա Արփի լճի վտակներում Ephemeroptera -ի ֆաունան, որտեղ հայտնաբերվում է այնպիսի հազվադեպ տեսակներ, ինչպիսիք են Epeorus zaitzevi, Epeorus (Caucasiron) spp. և Ecdyonurus s.str:

 

Պահպանություն

Ջրային անողնաշար կենդանիները ընդհանուր առմամբ այնքան շատ չեն տուժել, որքան այլ էկոլոգիական խմբերը: Չնայած դրան, ջրային անողնաշար կենդանիների բազմազանությունը ընդհանուր առմամբ կարող է վտանգվել` հաշվի առնելով ջրի քիմիական աղտոտվածությունը կոյուղուց և գյուղատնտեսությունից, տարածքի ֆիզիկական քայքայումը ջրամբարներից կամ դրենաժային համակարգից: Դրա համար էլ անողնաշար կենդանիների դեպքում պահպանության միջոցառումները պետք է ուղղված լինեն ընդհանրապես խոնավ էկոհամակարգերի պահպանությանը, ի տարբերություն առանձին տեսակի պահպանությանը նպատակաուղղված միջոցառումների:

 

Ողնաշարավոր կենդանիներ

 

Ձկներ

Արփի և Արդենիս լճերի ջրային ֆաունան անձեռնմխելի վիճակում է մնացել մինչև 1946 թվականը` մինչև Արփի լիճը պատվարվելը և ջրամբարի վերածվելը: Նախկինում տեղական տնտեսական արժեք ունեցող ձկնատեսակներից էին կարմրախայտը (Salmo trutta fario), կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis) և քուռի բեղլուն (Barbus lacerta cyri):

1960-ական թվականներին Արփի լճում կլիմայավարժեցվել են ծածանը (Cyprinus carpio): Հետագայում հարավային Ռուսաստանից բերված ծածանը տարածվել է Արփի և Արդենիս լճերում, ինչպես նաև այլ ջրամբարներում: Արդյունքում, բնիկ ձկների ֆաունան և բենթոսի ֆլորան ու ֆաունան լուրջ փոփոխության են ենթարկվել:

 

Արփի Լիճ

Տարբեր ժամանակաշրջաններում Արփի լճում գրանցվել է 9 տեսակի ձկներ. կարմրախայտը (Salmo trutta fario), կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis), կարմրաշուրթ հաշամը (Aspius aspius taeniatus), ենթաբերանը (Chondrostoma oxyrhynchus), կողակը (Capoeta capoeta ssp.,), արևելյան տառեխիկը (Alburnoides bipunctatus eichwaldi), ծածանը (Cyprinus carpio), արծաթափայլ կարասը (Carassius auratus gibelio) և ամուրյան նրբաձկնիկը (Pseudorasbora parva) և անգորական լերկաձուկը (Barbatula angorae):

Վերոգրյալ ձկնատեսակներից Արփի լճում և նրա մեջ թափվող գետակներում առավել հազվադեպ հանդիպում էր կարմրախայտը (Salmo trutta fario), որը լիճը ջրամբարի վերածվելուց հետո դադարել է այստեղ հանդիպել:

Կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis) Ջավախքի սարահարթի ամենաբազմաքանակ ձկների տեսակներից մեկն է, որը կարող է բնակվել ինչպես գետերում, այնպես էլ լճերում, այստեղ առաջացնելով գետային և լճային էկոլոգիական ձևեր: Այդ երկու ձևերն էլ հանդիպում են Արփի լճում և նրա ավազանի գետերում: Կարող են հասնել մինչև 35 սմ երկարության և շուրջ 1 կգ քաշի: Սնվում են միջատներով և նրանց թրթուրներով, մանր ձկներով, գորտերի շերեփուկներով: 15 սմ-ից մեծ թեփուղները հիմնականում վարում են գիշատիչ կենսաձև և սնվում են ենթաբերանի, արևելյան տառեխիկի և կողակի մանրաձկներով: Խոշոր առանձնյակները կարող են սնվել մանր կաթնասուններով: Մասնավորապես 650 գ քաշ ունեցող էգ թեփուղի մարսողական համակարգում հայտնաբերվել է երիտասարդ ջրային մուկ: 1998 թ. կովկասյան թեփուղը կազմել է Արփի լճում որսված ձկների ընդհանուր քանակի 15-20%-ը:

Կարմարաշուրթ հաշամը (Aspius aspius taeniatus) միշտ հազվադեպ հանդիպող տեսակ է եղել լճում: Հավանաբար այն երբեք չի կարողացել բնակվել լճում: Ախուրյան գետի և ջրամբարի միջև կապի դադարումից հետո հաշամը չի հայտնաբերվել լճում:

Կողակը (Capoeta capoeta) հիմնականում սնվում է դետրիտով, և այդ առումով Արփի լճում միակն ձկնատեսակն է, որի քանակության համար կերի առկայությունը լիմիտավորող նշանակություն չունի: Միաժամանակ, այս տեսակի տեղական պոպուլյացիան կախված է ձկնկիթի զարգացման պայմաններից, քանի որ նրա ձվադրման ժամկետները առնվազն երկու գետակներում (Դարիկ, Շաղիկ) սովորաբար համընկնում է ջրի մինիմալ քանակի հետ (հուլիս-օգոստոս), ինչը ձկնկիթի և թրթուրների զարգացման համար ոչ նպաստավոր պայմաններ է առաջացնում: Մյուս կողմից, կողակի մանրաձկները սնունդ են հանդիսանում կովկասյան թեփուղի համար, ինչը որոշակի ազդեցություն կարող է գործել կողակի գլխաքանակի վրա: 1998 թ. կողակը կազմել է Արփի լճում որսված ձկների ընդհանուր քանակի մոտ 5-10%-ը:

Արևելյան տառեխիկը (Alburnoides bipunctatus eichwaldi) մինչև ջրի մակարդակի բարձրացումը սովորական էր ամբողջ լճի համար: Ներկայումս այն ապրում է միայն գետաբերաններում և գետերում: Արևելյան տառեխիկի գլխաքանակը կախված է պլանկտոնի առկայությունից և կովկասյան թեփուկի առկայությունից, որի խոշոր առանձնյակները սնվում են տառեխիկով:

Ծածանը (Cyprinus carpio), եղել և մնում է Արփի լճի ամենակարևոր ձկնատեսակը: Մինչ ջրամբարի վերածումը Արփի լճում ծածանի սնունդը եղել են` բարձրակարգ ջրային բույսերը, կենդանական պլանկտոնը և Chironomidae ընտանիքին պատկանող երկթևանիների թրթուրները: Դետրիտը կազմում էր սննդի միայն 6%-ը: 1998 թ. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս դետրիտը կազմում է սննդագնդիկի պարունակության գրեթե կեսը, ինչը վկայում է ծածանի կերային բազայի աղքատացման մասին, ինչը ազդում է այս ձկնատեսակի աճի վրա: Ծածանի արուները սովորաբար սեռահասուն են դառնում 4 տարեկանում, էգերը` 6: Բազմացումը տեղի է ունենում հունիս ամսին: Ձկնկիթը դրվում է ծանծաղ, լավ տաք վայրերում, որոնք տեղակայված են ջրամբարի արևմտյան հատվածում: Հավանաբար, ծածանը ամեն տարի չէ, որ բազմանում է Արփի լճում: Այսպես, 1998 թ. սեռահասուն էգերի կեսից պակասն էր պատրաստ ձվադրման: Ծածանի առավելագույն քանակը գրանցվել է ջրամաբարի կառուցումից անմիջապես հետո 1953 թ.` 120 տոննա: 1998 թ. ծածանը կազմել է Արփի լճում որսված ձկների ընդհանուր քանակի մոտ 70-80%-ը: Ներկայումս ջրամբարում ծածանի քանակը նվազել է կերի, ինչպես նաև օրինական և անօրինական ձկնորսության աճի պատճառով: Արծաթափայլ կարասը (Carassius auratus gibelio) Արփի Լճի ջրամբարում առաջին անգամ գրանցվել է 2000 թ.: Վերջին տվյալները ցույց են տալիս արծաթափայլ կարասի աճող ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա: Ըստ ձկնորսների արծաթափայլ կարասը կարող է կազմել լճի ձկների ընդհանուր որսի մոտ կեսը: Ակնհայտ է, որ արծաթափայլ կարասը բարեհաջող է կլիմայավարժվել լճում:

Անգորական լերկաձուկը (Barbatula angorae) նախկինում հանդիպում էր միայն Ախուրյան գետում: Ներկայումս այս տեսակը հանդիպում է այնտեղ, որտեղ ջրի հոսքը համեմատաբար դանդաղ է: Հասնում է մինչև 9 սմ երկարության և կարող է ձվադրել մինչև 9000 ձկնկիթ: Անգորական լերկաձուկը սնվում է բենթոսային օրգանիզմներով: Արփի լճի շրջակայքում բնակվող տեղացիների կերակրացանկում ձուկը կարևոր նշանակություն ունի: Արփի լիճը, որպես մերձալպիական լիճ, ունի բավական բարձր ձկնատվություն համեմատած այլ նման բնական ծագում ունեցող լճերի հետ` 107 կգ/հա կամ 45-48 տոննա ամբողջ լճի մակերեսից: Առավելագույն ձկնորսությունը գրանցվել է ջրամբարի կառուցումից հետո` 1953 թ. մոտ 150 տոննա: 1998 թ. ձկան որսը կազմել է 30 տոննա: Հիմնական ձկնատեսակներ են հանդիսացել ծածանը (Cyprinus carpio), թեփուղը (Leuciscus cephalus orientalis) և կողակը (Capoeta capoeta), որոնք կազմել են ընդհանուր ձկնորսության համարյա 100%-ը: Վերջին տարիներին նկատվում է ձկնորսության նվազում, իսկ արծաթափայլ կարասը ներկայումս կազմում է ընդհանուր ձկնորսության համարյա կեսը:

 

Արփի լիճ հոսող գետեր

Առնվազն 7 տեսակի ձկներ են գրանցվել գետերում տարբեր ժամանակահատվածում. կարմրախայտը (Salmo trutta fario), կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis), կարմրաշուրթ հաշամը (Aspius aspius taeniatus), ենթաբերանը (Chondrostoma oxyrhynchus), կողակը (Capoeta capoeta ssp.), արևելյան տառեխիկը (Alburnoides bipunctatus eichwaldi) և անգորական լերկաձուկը (Barbatula angorae):

Սակայն վերջին տասնամյակում (1998-2008) միայն 3 տեսակի ձուկ է հայտնաբերվել:

Կարմրախայտի միակ նմուշը գրանցվել է Դարիկ գետի վերին հոսանքներում: Ակնհայտ է, որ այս տեսակի քանակը զգալի նվազել է և այն գտնվում է ոչնչացման եզրին: Սա պայմանավորված է նաև այն փաստով, որ տարբեր գետակներ դժվար են հաղորդակցվում միմյանց հետ` ջրամբարի անբարենպաստ պայմանների պատճառով:

Ներկայումս կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis) վտակներում որոշ առումով խաղում է կարմրախայտի դերը: Գետակներում բնակվող ձկները հստակ տարբերվում են լճակներում բնակվողներից` չափով և որոշ ձևաբանական առանձնահատկություններով: Գետակների ձկների գրանցված առավելագույն քաշը 200 գրամ է, լճերում` 700 գրամ և ավելի է: Ձվադրման վայրերը գտնվում են վտակների հոսքերով դեպի վերև 2-3 կմ վրա, որտեղ կովկասյան թեփուղը ձվադրում է հունիս-հուլիս ամիսներին` 4000-5000 ձկնկիթ:

Ենթաբերանը (Chondrostoma oxyrhynchus) ներկայումս սովորական է բոլոր վտակների ցածր և միջին հոսանքներում և սնվում է բուսական ծագում ունեցող կերերով:

 

Ախուրյան գետը

Ձկնատեսակների ֆաունայի ամենամեծ բազմազանությունը նկատվում է Ախուրյան գետում (ք. Աշոցքի շրջակայք), որտեղ գրանցվել է 11 ձկնատեսակ. կովկասյան թեփուղը (Leuciscus cephalus orientalis), կարմրաշուրթ հաշամը (Aspius aspius taeniatus), ենթաբերանը (Chondrostoma oxyrhynchus), կողակը (Capoeta capoeta ssp.), Քուռի բեղլուն (Barbus lacerta cyri), արևելյան տառեխիկը (Alburnoides bipunctatus eichwaldi), ծածանը (Cyprinus carpio), արծաթափայլ կարասը (Carassius auratus gibelio), ամուրյան նրբաձկնիկը (Pseudorasbora parva),Քուռի սպիտակաձուկը (Alburnus filippii),և անգորական լերկաձուկը (Barbatula angorae):

Հավանական է նաև մանրաթեփուկի (Acanthalburnus micrilepis) և ոսկեգույն ծականի (Sabanejewia aurata) առկայությունը, որոնք սակայն մինչ այժմ հավաստիորեն այստեղ չեն հայտնաբերվել:

 

Արդենիս լճակը

Նախկինում Արդենիս լճակում ոչ մի ձկնատեսակ չի եղել: Այստեղ ձկնատեսակներ ներմուծելու համար տեղացի բնակիչների ջանքերի շնորհիվ միայն արծաթափայլ կարասի (Carassius auritus gibelio) կլիմայավարժեցումը հաջողվեց 1995 թվականին: Այս ձկնատեսակի աճման արագությունն այստեղ համեմատաբար ցածր է. Կյանքի չորրորդ տարում գտնվող առանձնյակի մարմնի երկարությունը հասնում է մինչև 18 սմ:

 

Վտանգները

Արփի լճում բնիկ ձկնատեսակների ֆաունան լրջորեն վտանգված է արծաթափայլ կարասի (Carassius auritus gibelio) ներմուծման, չկանոնակարգված ձկնորսության և ջրի մակարդակի տատանումների հետևանքով: Լուրջ վտանգ են ներկայացնում գետերում չթույլատրված միջոցների օգտագործմամբ (պայթուցիկ և թունավոր նյութեր, էլեկտրականություն) իրականացվող ձկնորսությունը:

 

Պահպանություն

Պահպանությանն են ենթակա Արփի լիճը, Արդենիս լճակը և Արփի լիճ թափվող գետակները, Ախուրյան գետը:

 

Երկկենցաղներ

Աշոցքի սարահարթում գրանցվել են երկկենցաղների 3 տեսակ` կանաչ դոդոշը (Bufo viridis), լճագորտը (Rana ridibunda) և փոքրասիական գորտը (Rana macrocnemis):

Գրեթե բոլոր ջրային ավազաններում հանդիպում են 3 տեսակի երկկենցաղներ: Կանաչ դոդոշը (Bufo viridis) ամենատարածված երկկենցաղն է, որն ապրում է գրեթե բոլոր գոտիներում և տարբեր բնական պայմաններում` մինչև ծ.մ. 2700 մ. բարձրության վրա:

Գորտերի երկու տեսակները` լճագորտը (Rana ridibunda) և փոքրասիական գորտը (Rana macrocnemis), գրանցվել են Արփի լճի ջրամբարում և դրա շուրջը, Ախուրյան գետում, նրա վտակներում և ճահճուտներում: Լճագորտը (Rana ridibunda) ապրում է հիմնականում ջրամբարներում, մինչդեռ փոքրասիական գորտը (Rana macrocnemis) նախընտրում է բարձրադիր գոտիներում գտնվող գետակները, աղբյուրները և շրջակա խոնավ մարգագետինները: Այս տեսակը Ղազանչի համայնքի վարչական սահմաններում գրանցվել է ծ.մ. 26500 մ. բարձրության վրա, իսկ Սարագյուղ համայնքի վարչական սահմաններով հոսող գետակում թվաքանակը բավականին մեծ է: Գետակի մոտ մեկ մետր լայնության և 15 մ երկարության հասնող հատվածի վրա մայիսի վերջին հաշվարկվում է մինչև 20-25 առանձնյակ:

Չնայած այս երկու տեսակները սովորական են տարածաշրջանում, սակայն հանդիպում են ավելի փոքր քանակով, քան Հանրապետության այլ վայրերում` խիստ կլիմայական պայմանների պատճառով:

 

Սողուններ

Սողունների դասի 6 տեսակի մողեսներ և 4 տեսակի օձեր են հայտնի այս տարածքում: Մողեսների տեսակներից են ջարդվող իլիկամողեսը (Anguis fragilis), Ճարպիկ մողեսը (Lacerta agilis), ժայռային մողեսներից Վալենտինի մողեսը (Darevskia valentini), նաիրյան մողեսը (D. nairensis), հայկական մողեսը (D. armeniaca) և սպիտակափոր մողեսը (D. unisexualis): Օձերի տեսակներից են սովորական լորտուն (Natrix natrix), ջրային լորտուն (N. tessellata), սովորական պղնձօձը (Coronella austriaca) և Դարևսկու իժը (Vipera darevskii)

Մողեսների բոլոր 4 տեսակները հարավային Վրաստանի, Հայաստանի և արևելյան Թուրքիայի էնդեմիկներն են, որոնցից երկու տեսակների` Վալենտինի մողեսի (D. valentini) և հայկական մողեսի (D. armeniaca) տարածվածության շրջանները հիմնականում կենտրոնացված են Աշոցքի սարահարթի վրա: Մյուս երկու տեսակի մողեսները` նաիրյան մողեսը (D. nairensis) և սպիտակափոր մողեսը (D. unisexualis) գրանցվել են միայն Աշոցքի սարահարթի հարավային մասում: Սպիտակափոր մողեսը (D. unisexualis) գրանցված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a տեսակ:

Ճարպիկ մողեսը (Lacerta agilis) նախընտրում է լեռնային տափաստանները, տափաստանային-մարգագետնային գոտին, մինչդեռ Վալենտինի մողեսը (Darevskia valentini), հայկական մողեսը (Darevskia armeniaca) և ջարդվող իլիկամողեսը (Anguis fragilis) հիմնականում հանդիպում են մինչև 2400-2600 մ բարձրությունների վրա գտնվող քարքարոտ լանջերի քարակույտերում և քարափներում:

Սովորական պղնձօձը (Coronella austriaca) գրանցվել է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջերի վրա 2700 մ-ից ներքև ընկած բարձրությունների վրա` հիմնականում ժայռային մողեսների բիոտոպներում, որոնք հանդիսանում են պղնձօձի սնման հիմնական օբյեկտը: Ջրային լորտուն (Natrix tesselata) և սովորական լորտուն (N. natrix) հիմնականում հանդիպում են ջրային էկոհամակարգերում, որոնք սնվում են հիմնականում երկկենցաղներով և ձկներով: Սակայն սովորական լորտուն երբեմն հանդիպում է ջրային էկոհամակարգերից բավական հեռավորության վրա գտնվող բարձրադիր լեռնատափաստանային գոտում:

Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված, որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B1ab(ii,iii)+B2ab (ii,iii) Դարևսկու իժը (Vipera darevskii), որը գրանցվել է նաև Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR B2ab (ii,iii) տեսակ:

Տեսակի արեալը ներառում է Ջավախքի լեռնաշղթայի հարավ-արևմտյան մասը Հայաստանի սահմաններում` մինչև Վրաստանի հետ սահմանը (լ. Աչքասար), ծ.մ. 2350-3000 մ բարձրության վրա` Ղազանչի գյուղից մինչև Սարագյուղ ձգվող հատվածում: Աշոցքի տարածաշրջանում արեալը զբաղեցնում է ընդամենը 200-250 հեկտար:

Հիմնական բիոտոպներն են հանդիսանում ենթալպիական մարգագետինների վրա տեղակայված քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները ծածկված առանձին-առանձին տափակ քարերի կույտերով մեկը մյուսից կտրված լեզվակների տեսքով արոտավայրերի միջև:

Իժերը հիմնականում հանդիպում են այն տեղամասերում, որտեղ առկա են մեծ տափակ սալաքարեր, որոնք դասավորված են մեկը մյուսի վրա: Սալաքարերով պատված տեղամասերը զբաղեցնում են ոչ մեծ (2-40 հա) տարածություններ: Այս տեսակը ամբողջ տարին անց է կացնում նմանատիպ սալաքարերով ծածկված տեղամասերում: Այսինքն իժերը նույն բիոտոպները օգտագործում են և որպես ժամանակավոր թաքստոցներ, և որպես մշտական ձմեռանոցներ:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1854-Ա
Որոշում