Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ...

 

 

040.1854.271211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի 1854-Ա

 

«ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Պահպանություն

1. Անհրաժեշտ է իրականացնել Դարևսկու իժի (Vipera darevskii), բիոտոպների պահպանությանը նպատակաուղղված հետևյալ (կոնսերվացիոն) բնապահպանական միջոցառումները.

1) Ղազանչի, Մեծ Սեպասար, Սիզավետ, Սարագյուղ համայնքների վարչական սահմաններում գտնվող Դարևսկու իժի բիոտոպների սահմանազատում սահմանասյուներով և ընդգրկում Արփի լիճ և ազգային պարկի արգելոցային գոտու մեջ,

2) Մետաղական լարով քարակույտերի ցանկապատում, անասունների համար հատուկ անցուղիների պատրաստում և մուտքը արգելող ցուցանակների տեղադրում` անասունների մուտքը այդ տեղամասեր կանխարգելելու, շրջանցելու և բնորոշ ապրելավայրերի լանդշաֆտային ամբողջականությունը պահպանելու նպատակով:

3) Ձորակների ներքևի հատվածներում անասունների համար արհեստական ջրարբիացման կետերի (ջրամբարներ, ջրաղբյուրներ) կառուցում` արածող անասունների տեղաշարժերը դեպի գետակների ակունքները ջուր խմելու համար դադարեցնելու և բիոտոպների վրա ճնշումը նվազեցնելու նպատակով:

Համայնքի ավագանու հետ համատեղ այլընտրանքային բնօգտագործման արդյունավետ և կայուն մեթոդների (մեխանիզմների) մշակում և ներդրում/հերթափոխային արածեցում, ցանքաշրջանառություն, դեղաբույսերի և ուտելի բույսերի հավաք և այլն:

4) Պարկի անձնակազմի համար ուսուցողական դասընթացների (մասնագիտական որակավորման բարձրացում) անցկացում` տեսակի անօրինական որսի և արտահանման հսկողության ուժեղացման նպատակով:

5) Տեղական բնակչության շրջանում բնապահպանական իրազեկության բարձրացում և էկոդաստիարակություն` ուսուցողական սեմինարների, հանդիպումների անցկացում:

6) Կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ բուկլետների, բրոշյուրների և ուղեցույցների հրատարակում:

 

1. Դարևսկու իժի բիոտոպների սահմանազատման և ցանկապատման աշխատանքները, կնպաստեն տեսակի պահպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և հիմք կհանդիսանան «Արփի լիճ» և ազգային պարկի տարածքի գոտիավորման աշխատանքների և արգելոցային գոտիների առանձնացման համար:

2. Բնապահպանական հարցերի լուսաբանումը տարածաշրջանի բնակչության մեջ ամուր նախադրյալներ կապահովի հետագայում «Արփի լիճ» և ազգային պարկի կենսաբազմազանության պահպանության աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրականացման համար:

 

Թռչուններ

Արփի Լիճ ԱՊ-ի տարածքում փաստացի գրանցվել է թռչունների 193 տեսակ, որոնցից 32 տեսակ` Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում և 11 տեսակ` ԲՊՄՄ կարմիր ցանկում:

Արփի լճի տարածքը միջազգայնորեն ճանաչվել է որպես աշխարհում թռչունների ապրելավայրի կարևոր տարածքներից մեկը: Այլ տեսակները չվող են, ամառվա այցելուներ են կամ էլ ունեն անորոշ կարգավիճակ: Թռչնատեսակների մեծ մասը կապված է սարահարթի լճերի և խոնավ տարածքների հետ: Քարադրանմանների (Charadriiformes) կարգի 30 ներկայացուցիչները (այդ թվում` 10 բնադրվող) և սագանմանների (Anseriformes) կարգի 24 տեսակները (այդ թվում` 10 բնադրվող) տարածքում սովորական են համարվում: Յոթ տեսակները միջազգային մակարդակով գտնվում են վտանգված վիճակում:

Ջավախքի տարածաշրջանը Կովկասի եզակի մասերից է, որտեղ բազմանում են մոխրագույն կռունկը (Grus grus), սև արագիլը (Ciconia nigra), վարդագույն (Pelicanus onocrotalus) և գանգրափետուր (P. crispus) հավալուսնները և տուրպանը (Melanita fusca): Սպիտակ արագիլը (Ciconia ciconia) սովորական տեսակ է Աշոցքի սարահարթի հյուսիսային մասում:

Մոխրագույն սագի (Anser anser) և գանգրափետուր հավալուսնի (Pelicanus crispus) բնադրող պոպուլյացիաները բնակվում են Արփի լճում: Հայկական որորի (Larus armenicus) բնադրող մեծ գաղութը բնակվում է լճի երկու փոքր կղզյակների վրա:

Լեռնային տափաստանները իշխող լանդշաֆտային գոտիներն են «Արփի Լիճ» ազգային պարկում և ներկայացված են մարգագետնային տափաստաններով, որոնք զբաղեցնում են հարթավայրում և Ախուրյան գետի ջրհավաք ավազանում տարբեր բնույթի լեռնային ժայռերի նշանակալի տարածքներ: Սրանք տեղակայված են պարկի մեծ մասի բարձրադիր վայրերում ներառելով Արփի Լճի բնական վայրի շրջապատը, Եղնախաղի և Ջավախքի նախալեռները և միջին դիրքադրության ժայռերը: «Արփի Լիճ» ազգային պարկի լեռնային տափաստանների յուրահատուկ տեսակներից են դաշտային արտույտը (Alauda arvensis), մոխրագույն կաքավը (Perdix perdix), կանեփնուկը (Carduelis cannabina), սովորական քարաթռչնակը (Oenanthe oenanthe) և այլն: Կրծողների առատությունը լեռնային տափաստաններում գրավում են մի շարք գիշատիչների - բնական միջավայր այցելում են կեր հայթայթելու համար բնիկ բնադրող տեսակները, ինչպիսիք են մարգագետնային մկնաճուռակը (Circus pygargus), տափաստանային ճուռակը (Buteo rufinus), քարարծիվը (Aqula chrysaetos), սովորական հողմավար բազեն (Falco tinnunculus), մինչդեռ գարնան և հատկապես աշնան ամիսներին մեծ քանակությամբ գիշատիչներ հաստատվում են այստեղ` ներառելով Կարմիր գրքում գրանցված և գլոբալ վտանգված տեսակները, ինչպիսիք են տափաստանային մկնաճուռակը (Circus macrourus), կայսրարծիվը (Aquila heliaca), տափաստանային (Aquila nipalensis), փոքր (A. pomarina) և ճչան արծիվները (A. clanga):

«Արփի Լիճ» ազգային պարկի լեռնային տափաստաններին բնորոշ են 61 տեսակ, որից 11 տեսակը գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում, և դրանցից 7-ը` ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պարկն ընդգրկում է 45 բնադրող և նստակյաց տեսակներ (5 հավանական կամ հնարավոր բնադրվող), 14 - չվող, 19 - ձմեռող:

Հետևյալ ընտանիքների տեսակները ներկայացված են Արփի Լիճ ԱՊ-ի լեռնային տափաստաններում. փասիանայիններ (Phasianidae) (2), ճուռակներ (Accipitridae) (13), բազեներ (Falconidae) (5), կռունկներ (Gruidae) (1), աղավնիներ (Columbidae) (2), կկուներ (Cuculidae) (1), բվեր (Strigidae) (4), մեղվակերներ (Meropidae) (1), ներկարարներ (Coraciidae) (1), հոպոպներ (Coraciidae) (1), արտույտներ (Alaudidae) (3), խաղտտնիկներ (Motacillidae) (5), կեռնեխայիններ (Turdidae) (4), շահրիկներ (Sylviidae) (1), սիտեղներ (Sittidae) (1), շամփրուկներ (Laniidae) (2), ճայեր (Corvidae) (4), սարյակներ (Sturnidae) (2), ճնճղուկներ (Passeridae) (1), սերինոսներ (Fringillidae) (3), դրախտապաններ (Emberizidae) (4).

Լեռնային մարգագետիններ. «Արփի Լիճ» ազգային պարկի տարածքում լեռնային մարգագետինները գտնվում են Եղնախաղի և Ջավախքի լեռնաշղթաների վերին լանջերին: Թռչունները բնակվում են լեռնային մարգագետիններում միայն տաք եղանակներին, մինչդեռ ձմռանը բոլորը չվում են կամ նստակյաց տեսակների դեպքում իջնում են հովիտներ և մարդկանց բնակավայրերի ծայրամասեր: Լեռնային մարգագետինների թռչունների ֆաունան համեմատաբար ավելի քիչ բազմազան է` համեմատած այլ բնական միջավայրերի հետ: Բնորոշ տեսակներն այստեղ ներառում են բարձրադիր վայրերի թռչուններ, ինչպես նաև մոտակա տափաստաններից այցելող տեսակներ: «Արփի Լիճ» ազգային պարկի բարձրադիր վայրերի տեսակները ներառում են` լեռնային վշասարեկը (Carduelis flavirostris) և լեռնային ձիուկը (Anthus spinoletta): Այստեղի քարքարոտ տարածքներում բնակվում են խայտաբղետ քարակեռնեխը (Monticola saxatilis), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis), կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys sanguineus) և սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros): Տարբեր գիշատիչ թռչուններ` արծիվներ, բազեներ և գիշանգղը (Neophron percnopterus), սովորաբար այցելում են լեռնային մարգագետիններ` որս հայթայթելու: Մոխրագույն կաքավն (Perdix perdix) ու լորը (Coturnix coturnix) հաճախ են հասնում այս գոտի և նույնիսկ բնադրվում են այստեղ:

«Արփի Լիճ» ազգային պարկի լեռնային մարգագետիններին բնորոշ են 43 տեսակ, որից 8 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և 2-ը` ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պատկերն ընդգրկում է 41 բնադրող և նստակյաց տեսակներ (3 հավանական կամ հնարավոր բնադրողներով) և 6 չվողներ:

Հետևյալ ընտանիքները (բազմաթիվ տեսակներով) ներկայացված են «Արփի Լիճ» ազգային պարկի լեռնային տափաստաններում. փասիանայիններ (Phasianidae) (2), ճուռակներ (Accipitridae) (8), բազեներ (Falconidae) (2), աղավնիներ (Columbidae) (1), կկուներ (Cuculidae) (1), բվեր (Strigidae) (2), մեղվակերներ (Meropidae) (1), ներկարարներ (Coraciidae) (1), հոպոպներ (Upupidae) (1), արտույտներ (Alaudidae) (2), խաղտտնիկներ (Motacillidae) (5), կեռնեխայիններ (Turdidae) (5), շահրիկներ (Sylviidae)(4), ճայեր (Corvidae) (1), ճնճղուկներ (Passeridae) (1), սերինոսներ (Fringillidae) (5), դրախտապաններ (Emberizidae) (1).

«Արփի Լիճ» ազգային պարկի անտառապատ վայրերը արհեստական և բնական ծագում ունեն: Արհեստական տնկարքների հողակտորները անհավասարաչափ տարածված են և գտնվում են Արփի Լճի արևմտյան, հարավային և հարավ-արևելյան ափերի երկայնքում և Ախուրյան գետի կիրճում: Սրանք բաղկացած են սոճուց և թփուտներից: Նշանակալի լայնատարած տնկարկները գտնվում են Արփի Լճի արևմտյան և հարավ-արևմտյան ափերին: Սրանք ներկայացված են խառը բարձր բարդիներով և կաղամախիով և որոշ տարածքներում թփուտի հաստ մացառուտով:

«Արփի Լիճ» ազգային պարկի այս մասում Ախուրյան գետի կիրճում հանդիպում են բնական կաղամախու անտառապատ նշանակալի հատված: Անտառապատ վայրեր տարածված են նաև կիրճի ափերի երկայնքով: Կան նաև գաճաճ գիհիների կտորներ և տնկած սոճիներ անտառագծի վերևում: Չնայած «Արփի Լիճ» ազգային պարկի արհեստական լայնատերև և փշատերև տնկարկները հաջողությամբ բնակեցված են տարբեր անտառապատ վայրերի թռչունների տեսակներով, կաղամախու անտառակը Ախուրյան կիրճում բնական անտառի եզակի կտոր է` առանձնացած Հայաստանի այլ անտառապատ վայրերի լեռնազանգվածներից, և այն մնում է Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածի բնիկ անտառապատ վայրերի թռչնաֆաունայի կարևոր հենարան:

Պարկում անտառաշատ վայրերի թռչնատեսակների բազմազանությունը այնքան ամբողջական չէ, որքան մեկ այլ տեղ Հայաստանում: Պարկում անտառաշատ վայրերի տեսակների քանակը մեծանում է գարնան և աշնան ընթացքում: Պարկի անտառաշատ վայրերի բնորոշ բնադրող տեսակները ներառում են լորաճուռակ (Accipiter nisus), մեծ ճուռակ (Buteo buteo), խայտաբղետ փայտփոր (Dendrocopos major), կովկասյան գեղգեղիկ (Phylloscopus lorenzii), պիրոլ (Oriolus oriolus) և անտառային կաչաղակ (Garrulus glandarius). Մի շարք տեսակներ կանգ են առնում անտառաշատ վայրերի շուրջը չուի շրջանում, ինչպիսիք են տարբեր երգեցիկ թռչուններ, սերինոսներ և գլոբալ վտանգված կիսասպիտակավիզ ճանճորսը (Ficedula semitorquata). Ձմռանը նստակյաց տեսակները միանում են դեղնագլուխ արքայիկի (Regulus regulus) և ազնվասարեկի (Carduelis spinus) կողմից:

«Արփի Լիճ» ազգային պարկի անտառապատ վայրերի բնորոշ տեսակները ներառում են 49 տեսակ, որից 1-ը գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և 1-ը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պատկերն ընդգրկում է 33 բնադրող և 16 նստակյաց տեսակներ (6 հավանական կամ հնարավոր բնադրողներով), 16 - չվողներ և 7 ձմեռողներ:

Հետևյալ ընտանիքները ներկայացված են Արփի Լիճ ԱՊ-ի անտառապատ վայրերում. ճուռակներ Accipitridae (5), բազեներ Falconidae (1), մորակտցարայիններ Scolopacidae (1), աղավնիներ Columbidae (2), կկուներ Cuculidae (1), բվեր Strigidae (2), փայտփորներ Picidae (1), խաղտտնիկներ Motacillidae (1), եղնջաթռչնակներ Troglodytidae (1), կեռնեխայիններ Turdidae (8), շահրիկներ Sylviidae (11), ճանճորսայիններ Muscicapidae (2), երաշտահավեր Paridae (1), պիրոլներ Oriolidae (1), շամփրուկներ Laniidae (1), ճայեր Corvidae (3), սարյակներ Sturnidae (1), սերինոսներ Fringillidae (6).

Ժայռերը և քարափները սովորաբար հանդիպում են մարգագետնային տափաստաններում, անտառապատ վայրերում և լեռնային մարգագետիններում, մինչդեռ վերջին բնական միջավայրի տարածքներում լրացուցիչ հաստատվում են: «Արփի Լիճ» ազգային պարկում իսկական ժայռերը գտնվում են Ջավախքի լեռնաշղթայում և Ախուրյան գետի կիրճում: Վերջինում կազմում են խորը կիրճ ճեղքվածքներով, որմնախորշերով և տարբեր չափերի և տարբեր մակարդակների խոռոչներով հարուստ բարձր ժայռերով, որոնք ծառայում են որպես բազմացման վայրեր շատ թռչունների համար: Ընդարձակ քարափները լայն զառիվայրերով և դրանց միաձուլումով իջնում են ժայռերի հատակից դեպի Ախուրյան գետի արագ հոսանքը: Բնական որմնախորշերի այսպիսի միացումը հյուրընկալում է ոչ միայն ժայռերին տիպիկ թռչնատեսակների, այլ նաև ուրիշների, որոնք բնորոշ են խոնավ տարածքներին և անտառապատ վայրերին: Ախուրյան գետի կիրճում հաստատված թռչունները գիշանգղը (Neophron percnopterus), տափաստանային ճուռակը (Buteo rufinus), բվեճը (Bubo bubo), ժայռային (Ptyonoprogne rupestris) և քաղաքային (Delichon urbicum) ծիծեռնակներն են: Այլ բնորոշ ճնճղազգիների ներկայացուցիչներից են սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), ջրաճնճղուկը (Cinclus cinclus), խայտաբղետ (Monticola saxatilis) և կապույտ (M. solitarius) քարակեռնեխները, ճուռականման շահրիկը (Sylvia nisoria), ժայռային փոքր սիտեղը (Sitta neumayer) և ժայռային ճնճղուկը (Petronia petronia): Կիրճի մեջ հայտնաբերվել է Հայաստանում հազվադեպ հանդիպող սև արագիլի (Ciconia nigra) բներից մեկը:

«Արփի Լիճ» ազգային պարկի ժայռոտ բնական միջավայրի բնորոշ տեսակները ներառում են 38 տեսակ, որից 9 տեսակ գրանցված է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և 1-ը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պատկերն ընդգրկում է միայն բնադրող և նստակյաց տեսակներ (4 հավանական կամ հնարավոր բնադրողներով): Հետևյալ ընտանիքները (բազմաթիվ տեսակներով) ներկայացված են Արփի Լիճ ԱՊ-ի ժայռոտ բնական միջավայրում. արագիլներ Ciconiidae (1), ճուռակներ Accipitridae (4), բազեներ Falconidae (3), աղավնիներ Columbidae (1), կկուներ Cuculidae (1), բվեր Strigidae (2), մանգաղաթևներ Apodidae (2), ծիծեռնակայիններ Hirundinidae (2), խաղտտնիկներ Motacillidae (1), եղնջաթռչնակներ Troglodytidae (1), կեռնեխայիններ Turdidae (7), շահրիկներ Sylviidae (3), սիտեղներ Sittidae (1), ճայեր Corvidae (2), ճնճղուկներ Passeridae (1), սերինոսներ Fringillidae (4), դրախտապաններ (2) Emberizidae.

Խոնավ տարածքները Արփի Լճի ազգային պարկի հիմնական բիոմներն են և տարածքի հիմնական գրավչություններից մեկը: Սրանք լայն տարածված են գրեթե ամենուրեք և հավասարաչափ բազմազան են պարկում: Ձևավորվում են մի շարք կայուն և Եղնաջյուրի ու Ջավախքի լեռներից սկիզբ առնող սեզոնային գետերի շրջակայքում: Միջլեռնային անկումներում` իրենց հունի երկայնքով, հաճախ ձևավորում են ջրով հագեցված տարածքներ բարձր խոտային բուսականությամբ: Ընդարձակ ճահճուտներ են գտնվում հովիտներում` գետերի ցածր տարածությունում և դրանց միախառնման տեղերում: Արփի Լիճ ԱՊ-մ Ախուրյան գետի հովտում ճահճուտներն ու տորֆաճահիճներն ընդարձակ տարածքներ են զբաղեցնում: Սրանք առավելապես գերաճած են եղեգներով և այլ տարբեր ջրային բուսականությամբ և որոշ տարածքներում ունեն փոքր ճահիճներ և ճահճուտներ: Մի քանի արտեզյան աղբյուրներ տարածքում նպաստում են բաց ջրի փոքր կտորներին տարվա ամբողջ ընթացքում, որն օգնում է ջրային թռչուններին ոչ միայն տաք եղանակներին, բայց նաև խիստ ձմռան ընթացքում: Աղբյուրների կողմից կերակրված ավելի փոքր ճահճուտները նույնպես գտնվում են բարձրավանդակի հարթավայրերում և անկումներում:

Արփի Լիճ ԱՊ-ի շատ տեղերում կան նշանակալի խոնավ մարգագետիններ, որոնք մոտ են կամ միանում են լայնատարած ծառերի տնկարկներին թփուտներով և հատկանշական գորտնուկի փարթամությամբ, բարձր մարգագետնային երփներանգ խոտի բուսականությամբ` խառնված ջրային տեսակների հետ: Այս մարգագետինները բնակատեղի են հանդիսանում տարբեր գոտիներին բնորոշ տեսակների համար, որտեղ անտառաշատ վայրերի թռչունները գոյակցում են տիպիկ խոնավ տարածքների տեսակների հետ:

Արփի Լճի բաց ափերը գրավում են մի շարք ջրլող թռչուններին տարվա մեծ մասում, մինչդեռ հին և մեկուսացված կղզյակները օգնում են բնադրող գաղութների մի քանի տեսակներին և օգտագործվում են օթևանելու համար բազմացման և չվելու ժամանակահատվածում: Արփի լճից բացի տարածքում կան նաև մի քանի այլ ավելի փոքր լճեր, որոնցից ամենամեծը Արդենիս գյուղի մոտ գտնվող Արդենիս Լիճն է: Որոշ ջրլող թռչունների տեսակներ կանոնավոր կերպով բազմանում են լճում, շատերն էլ կանգնում են այստեղ չուի ժամանակ:

Արփի լճի հայտնի տեսակներն են` մոխրագույն սագը (Anser anser), մոխրագույն բադը (Anas strepera) և վտանգված գանգրափետուր հավալուսնը (Pelecanus crispus): Ճահճուտները հազվադեպ բնակեցված են մոխրագույն կռունկով (Grus grus) և մարգագետնային մկնաճուռակով (Circus pygargus), մինչդեռ գաղթման ընթացքում այստեղ մեծ քանակությամբ հանդիպում են քաջահավն (Plegadis falcinellus) ու մեծ մորակտցարը (Gallinago media) և տարբեր այլ ջրային թռչուններ: Անտառապատ վայրերին մոտ խոնավ մարգագետինները հանդիսանում են որպես ապրելավայրեր խոցելի տեսակ մարգահավի (Crex crex) համար: Խոնավ տարածքներին մոտ կերի առատությունը գրավում է տարբեր գիշատիչների, և դրանց մեծ բազմազանությունը գարնան և աշնան չուի ընթացքում է հանդիպում, դրանց մեջ են ջրարծիվը (Pandion haliaetus), բալոբանը (Falco cherrug) և սապսանը (Falco peregrinus):

«Արփի Լիճ» ազգային պարկի խոնավ տարածքներին բնորոշ տեսակները ներառում են 91 տեսակ, որից 18 տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում և 3-ը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պատկերն ընդգրկում է 88 բնադրող և նստակյաց տեսակներ (9 հավանական կամ հնարավոր բնադրողներով), 69 - չվողներ և 12 ձմեռողներ: Հետևյալ ընտանիքները (բազմաթիվ տեսակներով) ներկայացված են «Արփի Լիճ» ազգային պարկի խոնավ տարածքներում. բադանմաններ Anatidae (13), սուզակներ Podicepididae (3), ձկնկուլայիններ Phalacrocoracidae (1), հավալուսնայիններ Pelecanidae (2), տառեխներ Ardeidae (8), արագիլներ Ciconiidae (2), տարգալակտուցայիններ Threskiornithidae (2), ճուռակներ Accipitridae (2), ջրարծիվներ Pandionidae (1), հովվիկներ Rallidae (5), կռունկներ Gruidae (2), կտցար-կաչաղակներ Haemotopodidae (1), բզակտուցայիններ Recurvirostridae (1),քարադրայիններ Charadriidae (3), մորակտցարայիններ Scolopacidae (15), որորներ Laridae (5), ջրածիծառայիններ Sternidae (5), բվեր Strigidae (1), ծիծեռնակայիններ Hirundinidae (1), խաղտտնիկներ Motacillidae (7), ջրաճնճղուկներ Cinclidae (1), կեռնեխայիններ Turdidae (1), շահրիկներ Sylviidae (6), սերինոսներ Fringillidae (1), դրախտապաններ Emberizidae (1):

Մարդկանց կացարանները լայնորեն, սակայն ոչ խիտ տարածված են «Արփի Լիճ» ազգային պարկի պահպանման գոտում և ներկայացված են Աշոցք քաղաքով և մի շարք մեծ և փոքր գյուղերով: Խիստ կլիմայական պայմանների շնորհիվ պարկի տարածքում մրգատու ծառեր հազվադեպ են գտնվում: Տան հետնաբակերը հիմնականում պատկերված են կարտոֆիլով և որոշ գյուղերում ցածր թփերով: Այնուհանդերձ անտառապատ վայրերի ճնճղազգիները հազվադեպ են հանդիպում այս ծագման վայրում, և տեսակների մեծ մասը ներառում են տիպիկ սինանտրոպ և ամենուրեք գտնվող տեսակներ: Սրանցից ամենանշանավորներն են սպիտակ արագիլը (Ciconia ciconia), սովորական կաչաղակը (Pica pica), մոխրագույն ագռավը (Corvus corone), սովորական ճայը (Corvus monedula), սովորական սարյակը (Sturnus vulgaris), սպիտակ խաղտտնիկը (Motacilla alba), գյուղական ծիծեռնակը (Hirundo rustica) և տնային ճնճղուկը (Passer domesticus): Քարե կառույցները, տները և ամբարները գրավում են ժայռային վայրերի տեսակների, ինչպիսիք են սևուկ կարմրատուտը (Phoenicurus ochruros), ժայռային ճնճղուկը (Petronia petronia) և բարձունքների գյուղերում պատահում է լեռնային վշասարեկը (Carduelis flavirostris) և ձյան ճնճղուկը (Fringilla montifringilla):

«Արփի Լիճ» ազգային պարկի պահպանման գոտում գտնվող մարդկանց կացարաններին բնորոշ տեսակները ներառում են 53 տեսակ, որից 5 տեսակները գրանցված են Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում և 1-ը ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Պատկերն ընդգրկում է 43 բնական միջավայրի բնադրող և նստակյաց տեսակներ (3 հավանական կամ հնարավոր բնադրողներով), 11-չվողներ և 20 ձմեռողներ: Հետևյալ ընտանիքները (բազմաթիվ տեսակներով) ներկայացված են «Արփի Լիճ» ազգային պարկի այս վայրում. արագիլներ Ciconiidae (1), ճուռակներ Accipitridae (1), բազեներ Falconidae (3), որորներ Laridae (1), աղավնիներ Columbidae (1), կկուներ Cuculidae (1), բվեր Strigidae (3), մանգաղաթևներ Apodidae (1), հոպոպներ Upupidae (1), ծիծեռնակայիններ Hirundinidae (2), խաղտտնիկներ Motacillidae (7), եղնջաթռչնակներ Troglodytidae (1), կեռնեխայիններ Turdidae (6), շահրիկներ Sylviidae (5), ճանճորսայիններ Muscicapidae (1), երաշտահավեր Paridae (1), շամփրուկներ Laniidae (2), ճայեր Corvidae (4), սարյակներ Sturnidae (1), ճնճղուկներ Passeridae (2), սերինոսներ Fringillidae (6), դրախտապաններ Emberizidae (2):

 

Վտանգներ

«Արփի Լիճ» ազգային պարկի թռչունների հետ կապված վտանգները հիմնականում պայմանավորված են օրինական և անօրինական մարդկային գործունեության հետ, որոնք տանում են «Արփի Լիճ» ազգային պարկի բնական միջավայրերի դառնալի և անդառնալի փոփոխությունների և ազդում են թռչունների վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն:

Հիմնական վտանգներն են.

ՈՒղղակի վտանգներ

ա. Ռեժիմի խախտումներ. Առաջնահերթ ազդում է գետնին բազմաող չափերով մեծ տեսակների վրա, ինչպիսիք են մոխրագույն սագը (Anser anser), գանգրափետուր հավալուսնը (Pelecanus crispus), մարգահավը (Crex crex), մոխրագույն կռունկը (Grus grus) և հայկական որորը (Larus armenicus). Կղզիների վրա տեղակայված թռչունների բազմացման գաղութներ են այցելում ձկնորսները: Մարդկանց ներկայությամբ պատճառված խուճապը թռչունների բնադրող գաղութում կարող է բերել ձագերի և ձվերի զանգվածային կորստի: Նշվեց, որ մոխրագույն կռունկի բազմացման վայրերը հաճախակի են այցելվում մարդկանց կողմից և հատկապես օգտագործվում են արածեցման նպատակով բազմացման ժամանակահատվածում: Թռչունների ձագերին և ձվերին հասցվող այս վտանգները մեծանում են անասունների արածեցման ընթացքում` պայմանավորված շների առկայությամբ:

բ. Որսագողությունը «Արփի Լիճ» ազգային պարկի տարածքի թռչուններին հասցվող նշանակալի վտանգներից մեկն է: Ապօրինի որսորդության օբյեկտները հիմնականում ջրային թռչուններն են, հավազգիները և այլ որսի տեսակները: Ձվերը և երիտասարդ առանձնյակները կարող են հավաքվել սննդի, առևտրի կամ այլ նպատակների համար: Աշոցքի տարածաշրջանը մասնավորապես հայտնի է ջրլող թռչունների գաղութների առկայությամբ: Մեծ մորակտցարը (Gallinago media) հայտնի որսորդության օբյեկտ էր, մինչև որ տեսակի որսորդությունը ամբողջովին արգելվեց: Այնուհանդերձ, ապօրինի որսորդության դեպքերը դեռևս հազվադեպ չեն: Տարածքում ապօրինի որսորդությունը տեղի է ունենում տարվա բոլոր եղանակներին` ներառած գարնանը և ամռանը: Հաճախակի սպանվում են նաև որսի օբյեկտ չհանդիսացող տարբեր գիշատիչ թռչունները:

Անուղղակի վտանգներ

ա.Գերարածեցում. «Արփի Լիճ» ազգային պարկի լեռնային տափաստանների և մարգագետինների մեծ մասի վրա խիստ բացասաբար է ազդում եղջերավոր անասունների գերարածեցումը, որի հետևանքները էրոզիայի պարզ նշաններով երևում են մի քանի տեղամասերում: Բացի այդ, գերարածեցման հետևանքով ոչնչանում են նաև ցամաքային անողնաշար կենդանիներ, որոնք հանդիսանում են բնադրող և չվող միջատակեր թռչունների (տափաստանային հողմավար բազե (Falco naumanni), կարմրաոտ բազե (Falco vespertinus) և տարբեր ճնճղազգիներ) հիմնական կերային բազան:

բ. Ինտենսիվ գյուղատնտեսություն` պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների օգտագործմամբ: Այս գործոնը որպես վտանգի աղբյուր քիչ է ուսումնասիրված, ուստի անհրաժեշտ են հատուկ ուսումնասիրություններ` դրանց ազդեցության աստիճանը հազվագյուտ և անհետացող թռչնատեսակների վրա պարզելու համար:

 

գ. Անարդյունավետ և չկանոնակարգված ջրի կառավարում.

Ախուրյան գետի վրա ամբարտակի կառուցումը և ջրանցքի միաժամանակյա փորումը ամբարտակից շուրջ 10 կմ գետի բուն հոսքի երկայնքով առաջ բերեց սահմանակից ճահճի և գետի հովտի այդ հատվածի ճահճի չորացմանը: Այդ փոփոխության հետևանքով Արփի Լճի բնական 400 հա ջրի մակերեսը մեծացավ մինչև ներկայիս 2084 հա և որպես արդյունք լճի վրա հայտնվեցին երկու մեծ կղզիներ և մի քանի փոքր կղզյակներ: Մինչ կղզիների հայտնվելը բարենպաստ պայմաններ կային գանգրափետուր հավալուսնի (Pelecanus crispus), մոխրագույն սագի (Anser anser), հայկական որորի (Larus armenicus) և այլ թռչունների բազմացման համար: Լճում ջրի մակարդակի տատանումը բազմացման ժամանակահատվածում կարող է բացասական ազդեցություն ունենալ Արփի Լճում և Ախուրյան գետի հովտում բազմացող առափնյա թռչնաֆաունայի վրա: Ջրի մակարդակի տատանումները բացասաբար են ազդում նաև թռչնաֆաունայի բնականոն կենսակերպի վրա` հատկապես լճի ցամաքելու դեպքում, երբ կղզյակները այցելության համար մատչելի են դառնում մարդկանց և գիշատիչ կաթնասունների համար:

 

դ. Ձկնորսություն.

Արփի Լիճը հայտնի է տեղացի և այցելու ձկնորսների միջավայրում: Բարենպաստ տաք եղանակի դեպքում ձկնորսներին կարելի է հանդիպել Արփի Լճի հյուսիսային, արևելյան և հարավային ափերի ողջ երկայնքով: Որոշ դեպքերում օգտագործվում են նավակներ և ցանցեր, մոտենում, կամ նույնիսկ մտնում են կղզիներ` պատճառելով նշանակալի վնաս ջրլող թռչունների բազմացնող գաղութներին: Երբեմն թռչունները ոչնչանում են ընկնելով թակարդների և ձկնորսական ցանցերի մեջ, որոնք տեղադրվում են բազմացման և կերակրման տարածքների մոտակայքում:

 

Պահպանություն

Նախկին և ներկայիս ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արփի Լիճ ԱՊ-ում գտնվող որոշ տարածքները հանդիսանում են թռչնաֆաունայի բազմազանության կարևորագույն ապրելավայրերից մեկը Հանրապետությունում և ծառայում են որպես կանգառի վայր չվող տեսակների համար` գարնան և աշնան անցման ընթացքում:

Արփի Լճի մեծ կղզիներից երկուսն էլ` սահմանակից ջրային մակերևույթի հետ միասին հանդիսանում են հիմնական կամ եզակի բազմացման համար բնական միջավայր մոխրագույն սագի (Anser anser), մոխրագույն բադի (Anas strepera), գանգրափետուր հավալուսնի (Pelecanus crispus) և հայկական որորի (Larus armenicus) համար:

Ախուրյան գետի հովտում գտնվող տորֆային ճահիճները, հեղեղված սարահարթերը և մարգագետինները հանդիսանում են բազմացման համար կարևոր բնական միջավայր մոխրագույն բադի (Anas strepera), մարգագետնային մկնաճուռակի (Circus pygargus) և մոխրագույն կռունկի (Grus grus), ինչպես նաև մեծ մորակտցարի (Gallinago media) կողմից օգտագործվող հիմնական բնական միջավայր չուի ընթացքում:

Ախուրյան գետի հատվածը միանալով բնական կաղամախու անտառաշատ վայրերին և ժայռային կիրճին հիմնական ապրելավայրեր է հանդիսանում սև արագիլի (Ciconia nigra), բվեճի (Bubo bubo), սապսանի (Falco peregrinus) և ճուռականման շահրիկի (Sylvia nisoria) համար: Բոլոր վերը նշված ապրելավայրերը պետք է պահպանվեն ԱԼԱՊ անձնակազմի կողմից, պարբերաբար հսկողության միջոցով, հատկապես մարտից միջև հունիս ընկած ձվադրության և ձագերի աճեցման ժամանակահատվածում:

Կաթնասուններ

Աշոցքի սարահարթում գրանցված են կաթնասունների դասի 6 կարգերի 38 ներկայացուցիչներ, որոնք ընդգրկում են միջատակերերի` 7, չղջիկների` 8, կրծողների` 11, նապաստակի` 1, գիշատիչների` 9 և սմբակավորների` 2 տեսակներ: Խոշոր կաթնասուններից սարահարթում գրեթե ամենուր հանդիպում են եվրոպական նապաստակը (Lepus europaeus), աղվեսը (Vulpes vulpes) և գայլը (Canis lupus): Խայտաքիսը (Vormela peregusna) գրանցվել է Աշոցքի սարահարթում և Վրաստանի հետ սահմանի վրա` Մադաթափա լճի մերձակայքում: Ջրասամույրը (Lutra lutra) հանդիպում է Ախուրյան գետի կիրճում, գորշուկը (Meles meles) Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան և Ղուկասյան լեռնաշղթայի հարավային լանջերին տեղակայված կիրճերում: Կաթնասունների որոշ տեսակների քանակը նվազում է: Դրանք են` գորշ համստերիկը (Cricetulus migratorius) և փոքրասիական համստերիկը (Mesocricetus brandti), ջրասամույրը և խայտաքիսը: Վեց տեսակները Կովկասի էնդեմիկ են. Ներինգի կուրամուկ (Nannospalax nehringi), փոքրասիական համստերիկ (Mesocricetus brandti), դաղստանյան դաշտամուկ (Microtus daghestanicus), Նազարովի դաշտամուկ (Microtus nasarovi), կովկասյան գորշատամ (Sorex caucasicus) և Շելկովնիկովի կուտորա (Neomys schelkownikowi): Այս տեսակների ապրելավայրերը գտնվում են սարահարթի անդրսահմանային հայ-վրացական տարածքում և Ջավախքի լեռնաշղթայում:

Միակ ոչ բնիկ վայրի տեսակը մշկամուկն է (Ondatra zibethicus), որը կլիմայավարժեցվել է Խանչալի լճում 1980-ական թվականներին և հետագայում տարածվել է Ջավախքի լճերի մեծ մասում, հատկապես` Արփի և Արդենիս լճերում:

Վերը նշված տեսակներից երեքը հազվագյուտ են.

1) Գորշ արջ (Ursus arctos): Գրանցված է 2010 թ. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում որպես «Խոցելի» (VU B1 b (iii))

2) Խայտաքիս (Vormela peregusna): Գրանցված է 2010 թ. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում որպես «Խոցելի» (VU A2c+B1 b (iii)) և 2010 թ. Բնության Պահպանության Միջազգային Միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում` որպես «Խոցելի» (A2c):

3) Ջրասամույր (Lutra lutra): Գրանցված է 2010 թ. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում որպես «Անհետացող» (EN D) և 2010 թ. Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում` որպես «Գրեթե վտանգված» (Near Threatened):

 

Վտանգներ

Արփի լիճ ազգային պարկի կաթնասուններին սպառնացող հիմնական վտանգները հետևյալն են.

1) Գայլերի ու տեղացի բնակչության մեջ կոնֆլիկտները: Դրանք բխում են վայրի որսատեսակների պակասից ինչը ստիպում է գայլերին հարձակվել անասունների վրա, իսկ մարդկանց` սպանել գայլերին

2) Թունաքիմիկատների և պարարտանյութերի լայնածավալ օգտագործումը ինչը նպաստում է կրծողների և ձկնային պաշարների նվազեցմանը և դրանցով սնվող գիշատիչների (խայտաքիս, արջ, ջրասամույր) թվաքանակի կրճատմանը

3) Անկայուն ջրօգտագործումը, հատկապես` ջրավազաններում, ինչի հետևանքով առաջանում է հողի էրոզիա և վատթարանում է ջրի որակը, արդյունքում ջրասամույրը զրկվում է իր հիմնական ապրելավայրերից

 

Պահպանություն

Կաթնասունների պահպանությանը ուղղված բնապահպանական միջոցառումները պետք է ընդգրկեն հետևյալ ոլորտներ.

Անասնապահության ժամանակակից մոտեցումների կիրառում, որը կնվազեցնի անասունների կորուստը գայլերի պատճառով`

1) Գամփռների և նմանատիպ շների օգտագործում անասունների արածեցման ժամանակ

2) Գիշատիչներին ետ սովորեցնող մեթոդների կիրառում: Օրինակ. եթե գայլերի կողմից սպանված կենդանու մարմնի մեջ սրսկվում է լիթիում քլորիդի լուծույթը, ապա այս լեշով սնվող գայլերի մոտ փսխում է առաջանում և գիշատիչները ետ են սովորում անասունների վրա հարձակվելուց

3) Էլեկտրական ցանցի օգտագործում անասնագոմերի շուրջ

Վտանգված տեսակներից պետք է հատուկ ուշադրություն դարձնել ջրասամույրի (Lutra lutra) պահպանությանը: Այդ նպատակով պետք է տեսակի ապրելավայրերում (Ախուրյան գետի) իրականացվի մշտական հսկողություն:

 

1.9. Սոցիալ-տնտեսական և մշակութային կարգավիճակ

 

1.9.1. Ժողովրդագրություն

 

Գտնվելով Փոքր Կովկասի լեռներում` Հայաստանը ամբողջությամբ հանդիսանում է լեռնային երկիր, որին արևելքից սահմանակից է Ադրբեջանը (սահմանը` 566 կմ), հարավ-արևմուտքից` Ադրբեջանի Նախիջևանի հանրապետությունը (221 կմ), հյուսիսից` Վրաստանը (164 կմ), հարավից` Իրանը (35 կմ) և արևմուտքից` Թուրքիան (268 կմ):

«Արփի Լիճ» ազգային պարկը և դրա պահպանման գոտին գտնվում են Շիրակի մարզի հյուսիսային մասում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում: Առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 8-րդ դարում: Նախկինում այս բարձրալեռնային շրջանը հիմնականում օգտագործվում էր ամռանը` անասունների արածեցման, որսի ու ձկնորսության համար: Ներկայումս գոյություն ունեցող բնակավայրերը և բնակչության հիմնական կազմը ձևավորվել են անցած 3 տասնամյակների ընթացքում` մի շարք գործոնների ազդեցությամբ:

1988 թ.-ին Մարզի հյուսիսային հատվածը խիստ տուժել էր ուժեղ երկրաշարժից: Շատ գյուղեր և տներ ավերվել էին ու հետագայում չեն վերականգնվել: «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում գտնվում են 14 համայնքներ, իսկ դրանց բնակչությունը կազմում է 4754 մարդ (աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների բնակչությունը

 

.______________________________________________________.

|Գյուղ      |Գրանցված    |Իրական      |Գրանցված տնային |

|           |բնակչություն|բնակչություն|տնտեսությունների|

|           |            |            |քանակ           |

|___________|____________|____________|________________|

|Աղվորիկ    |136         |84          |40              |

|___________|____________|____________|________________|

|Արդենիս    |146         |127         |41              |

|___________|____________|____________|________________|

|Բավրա      |620         |500         |141             |

|___________|____________|____________|________________|

|Բերդաշեն   |292         |284         |65              |

|(Պաղակն)   |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Գառնառիճ   |259         |261         |75              |

|(Եղնաջուր) |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Ղազանչի    |605         |542         |145             |

|___________|____________|____________|________________|

|Մեծ        |948         |866         |226             |

|Սեպասար    |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Սարագյուղ  |213         |170         |46              |

|___________|____________|____________|________________|

|Շաղիկ      |184         |124         |35              |

|___________|____________|____________|________________|

|Սիզավետ    |395         |385         |88              |

|___________|____________|____________|________________|

|Թավշուտ    |430         |391         |93              |

|___________|____________|____________|________________|

|Ծաղկուտ    |286         |186         |71              |

|(Լորասար)  |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Զառիշատ    |105         |100         |53              |

|(Երիզակ)   |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Ձորակերտ   |135         |131         |40              |

|(Դարիկ)    |            |            |                |

|___________|____________|____________|________________|

|Ընդամենը   |4754        |4151        |1159            |

.______________________________________________________.

 

1.9.2. Տեղական տնտեսությունը, հողերի և բնական այլ ռեսուրսների օգտագործումը

 

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում մսամթերք և կաթնամթերք արտադրող խոշոր ձեռնարկություններ և արտադրամասեր, որոնք գոյություն ունեին խորհրդային ժամանակաշրջանում, այլևս չկան:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում ծառայությունների սեկտորի դերը մեծ չէ, հիմնականում, դա շարժուն մանրածախ առևտրականներն են, որոնք մթերքներ ու ապրանքներ են վաճառում գյուղերում: Մասնավոր և հասարակական այլ ծառայությունները կենտրոնացված են Գյումրիում, որտեղ գտնվում են խոշոր խանութները, ռեստորանները, գազալցակայանները և հյուրանոցները:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա: Միակ գոյություն ունեցող ձեռնարկությունը Մեծ Սեպասարում գտնվող պանրի ոչ մեծ արտադրամասն է:

Տեղի բնակչության փոքր մասը զբաղված է ծառայությունների սեկտորում և այլ ոլորտներում: Մյուսները աշխատում են որպես սեզոնային աշխատողներ: Շրջանում զբաղվածության հնարավորությունները շատ սահմանափակ են:

Մեղրի արտադրությունը, սնկերի և ուտելի խոտաբույսերի հավաքը կիրառվում են «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու գրեթե բոլոր գյուղերում` անձնական օգտագործման նպատակով:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու մեկուսացված լինելու, ճանապարհների վատ վիճակի և տրանսպորտային միջոցների անբավարարության պատճառով գյուղատնտեսական արտադրանքի սպառման հիմնական շուկա ներթափանցելը շատ դժվար է, իսկ գները բարձր են: Ներկա պահին, գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունն աննպատակահարմար է` ցածրորակ հողերի անբավարար արտադրողականության և բերքի ավելցուկի անբավարարության պատճառով: Ընտանիքներին բաժին են ընկնում ոչ մեծ բանջարանոցներ, որտեղ նրանք սեփական օգտագործման համար աճեցնում են կարտոֆիլ, բանջարեղեն և խոտաբույսեր:

Գոյություն ունի գյուղատնտեսական տեխնիկայի մեծ պահանջարկ, քանի որ առկա գյուղատնտեսական և տրանսպորտային միջոցները հնացել են և գտնվում են վատ վիճակում: Մասնավոր տեխնիկան տրվում է վճարի կամ այլ ծառայության դիմաց: Ամեն երկրորդ ընտանիքն ունի առնվազն մեկ ձի, որը տրանսպորտային միջոցի դեր է կատարում: Մեղվաբուծության ծավալները նույնպես փոքր են: Շատ տարածքներ դասակարգված են որպես «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու վարելահողեր, իրականում լինելով արոտավայրեր կամ խոտհարքեր: Մյուս հողատարածքները օգտագործվում են անասնակերի աճեցման համար:

Կարտոֆիլի և ցորենի մշակման համար նախկինում կատարված խոնավ տարածքների դրենաժային և ոռոգման աշխատանքներն անարդյունավետ էին` կլիմայական խիստ պայմանների, հողի ցածր բերքատվության և վեգետացիոն կարճ ժամանակաշրջանի պատճառով: Արդյունքում, շատ դաշտեր լքված են և այժմ օգտագործվում են որպես արոտավայրեր: Կարելի է ենթադրել, որ սարահարթի խիստ անբարենպաստ կլիմայական և հողային պայմաններից ելնելով, որոշ գյուղատնտեսական աշխատանք քիչ արդյունավետ է լինելու:

«Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում, համայնքային հողատարածքների վրա իրականացվող անասնապահությունը տեղացի բնակչության համար ամենակարևոր և հիմնական տնտեսական գործունեությունն է: Միաժամանակ, հողերի ցածր արտադրողականությունը, գերարածեցումը և անբավարար հսկողությունը հանգեցնում են արոտավայրերի որակի լայնածավալ վատթարացմանը, իսկ ամբողջ Աշոցքի սարահարթում առկա են էրոզիայի հետքեր: Համայնքային արոտավայրերը վարձակալվում են համայնքների բնակիչների և այլ անձանց կողմից:

Հողերի վարձակալումից ստացված գումարները կազմում են համայնքների համար եկամուտների ամենակարևոր աղբյուրը և հիմնականում օգտագործվում են ընթացիկ ծախսերը հոգալու համար:

Ընտանի կենդանիներից, հիմնականում, պահվում են խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարներ: Սովորաբար գյուղերը վարձում են մեկ հովիվ, որը արածեցնում է առանձին սեփականատերերին պատկանող անասուններին` բացի հորթերից: Փոքր համայնքները մշակել են ռոտացիոն համակարգ, որն ապահովում է համայնքի բոլոր ընտանիքների հավասար մասնակցությունը անասունների արածեցման գործընթացում: Պանիրը շրջանում հանդիսանում է միակ արտադրվող սննդամթերքը, քանի որ այլընտրանքային արտադրամասեր գործնականում գոյություն չունեն:

Խոշոր եղջերավոր անասունները տնային տնտեսությունների համար անփոխարինելի են, քանի որ դրանք տալիս են կաթ, պանիր, մածուն, կարագ և կաթնաշոռ: Կաթը հավաքում են մասնավոր ընկերությունները, որից ստացված գումարը շատ ընտանիքների համար միակ գումարի աղբյուրն է հանդիսանում: Անասնապահության ամենակարևոր կողմերից մեկը ամռան շրջանում գոմաղբի հավաքումն ու չորացումն է, ինչը «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու տնային տնտեսությունների մեծ մասի համար հանդիսանում է էներգիայի միակ աղբյուրը (սննդի պատրաստում և ջեռուցում խիստ ձմեռվա 6-8 ամիսների ընթացքում): Կաթնամթերքը և գոմաղբի աղյուսները տեղական տնտեսությունում կարևոր դեր են խաղում, ինչի պատճառով էլ տեղական բնակչությունը բավականին մեծ քանակությամբ անասուն է պահում:

Ախուրյան գետի հին հունի սահմաններում գտնվող խոնավ տարածքներն օգտագործվում են մեծ մասամբ խոտհնձի համար: Խոտհարքերի ներկա տարածքները բավական չեն մեծաքանակ անասունների պահման համար, որոնք արդեն գերազանցել են որոշ համայնքներում գտնվող արոտավայրերի ներկա հզորությունները:

Չնայած Արփի լճում ձկնորսության և ձկնաբուծության զարգացման համար որոշ հետաքրքրություն է ցուցաբերվում, այնուամենայնիվ, լայնածավալ որս այստեղ չի կատարվում: Արփի լճում արդյունագործական ձկնորսության պոտենցիալը ցածր է, բայց առանձին ընտանիքների կողմից իրականացվող սիրողական ձկնորսությունը լրացուցիչ սպիտակուցների ստացման կարևոր աղբյուր է հանդիսանում:

 

ԳԼՈՒԽ II. ՏԵՍԼԱԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

2.1. Տեսլական

1. «Արփի լիճ» ազգային պարկի և դրա պահպանման գոտու տեսլականը մշակվել է 2008 թ.-ին կազմակերպված հանդիպմանը` սկսելով մասնակցային կառավարման պլանավորման գործընթացը: Տեսկալանը մշակվել է 78 մասնակիցների կողմից, որոնց կազմի մեջ մտնում էին «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների անդամներ, կառավարության ներկայացուցիչներ, գիտնականներ, ռեսուրսների կառավարման մասնագետներ, մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ և տարածքի ՀԿ-ների անդամներ: Տեսլականը արտահայտում է հանդիպման մասնակիցների և «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների կողմից արտահայտված երկարաժամկետ հեռանկարները և ձևակերպում է ռազմավարության հիմքը` մինչև 2030 թ. տեսլականի մեջ նշված նպատակներին հասնելու համար:

Տեսլականի կարևոր տարրերը հետևյալն են.

1) «Արփի լիճ» ազգային պարկի կայուն կառավարում և կենսաբազմազանության պահպանության բարձր մակարդակի ապահովում.

2) երկարաժամկետ և շոշափելի շահեր` պահպանման գոտու բնակչության և ապագա սերունդների համար.

3) «Արփի լիճ» ազգային պարկի տնտեսական գոտու ռեսուրսների կայուն օգտագործում.

4) երկարաժամկետ բնապահպանական շահեր, հատկապես` ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության և տուրիզմի շնորհիվ.

5) բնակչության կայունացմանը նպաստող տնտեսական պայմանների բարելավում.

6) զբաղվածության ապահովում` տուրիզմի զարգացման միջոցով.

7) բնակչության աճի ապահովում` տնտեսական աճի շնորհիվ.

8) Արփի լճին վերաբերող հարցերի արդյունավետ կարգավորում.

9) գյուղատնտեսական մթերքների և այլ ռեսուրսների տեղական մշակում.

10) խմելու որակյալ ջրի կայուն մատակարարում.

11) այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործում.

12) ապագա սերունդներին բարելավված պայմանների ապահովում` պետական և միջազգային ծրագրերի իրականացման միջոցով.

13) մաքուր շրջակա միջավայրի ապահովում.

14) բարձր չափանիշներին համապատասխանող առողջապահական համակարգի զարգացում.

15) կրթական կառույցների կարողությունների զարգացում, կրթական և մշակութային կենտրոնների ստեղծում.

16) գյուղատնտեսական արտադրության ընդլայնում.

17) ձմեռային սպորտի համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում.

18) գորգագործության զարգացում.

19) սոցիալական ենթակառուցվածքի զարգացում.

20) էկոլոգիական իրազեկության բարձր մակարդակի ապահովում.

21) փոքր ձեռնարկությունների ստեղծում.

22) պահպանման գոտու համայնքների համար «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտում և ազգային պարկի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների սահմաններում գտնվող տարածքներում ձեռնարկատիրության և կայուն օգտագործման արտոնությունների ապահովում.

23) պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ուղղված գործընթացների ապահովում.

2. Տեսլականի տարրերը արտացոլում են համայնքային տարածքների կայուն զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման գործընթացում, ինչը պահանջում է մարտավարությունների և կանոնակարգերի մասնակցային մշակում` ապահովելով «Արփի լիճ» ազգային պարկի և դրա պահպանման գոտու ռեսուրսների և հողերի օգտագործման կայունությունը:

3. «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու տեսլականը հետևյալն է.

Մինչև 2030 թվականը «Արփի լիճ» ազգային պարկը և դրա պահպանման գոտին հայտնի կլինեն որպես պետական մարմնի և տեղական համայնքների կողմից պլանավորված և կառավարվող տարածք, որը արդյունավետ կառավարման արդյունքում հաջողությամբ կպահպանվի և կօգտագործվի` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանի վրա: Շիրակի մարզին բնորոշ յուրահատուկ մերձալպյան մարգագետինների մոդելային տարածքները կայուն եղանակով կպահպանվեն են և պահպանությունը կընդգրկի Արփի լիճը, որպես Հայաստանի ամենակարևոր ջրաղբյուրներից մեկը: «Արփի լիճ» ազգային պարկին և դրա պահպանման գոտուն ուղղված ազգային և միջազգային ներդրումները կնպաստեն պարկի, այդ թվում Արփի լճի կայուն պահպանությանը և կառավարմանը` բարելավելով պահպանման գոտու բնակչության սոցիալ տնտեսական վիճակը: Դա կհանդիսանա պահպանման գոտու կայուն տնտեսական օգտագործման նորագույն մոտեցումների կիրառման արդյունք (գյուղատնտեսական և անասնապահական սեկտորի ուժեղացում և բազմազանեցում, հանրապետությունում և արտասահմանում մեծ պահանջարկ ունեցող տեղական արտադրանքի վերամշակում): Տարածքը հայտնի կդառնա իր բարձրորակ ջրային ռեսուրսներով, այլընտրանքային էներգիայի արտադրությամբ, մեղվաբուծությամբ, ոչխարի բրդի վերամշակմամբ և ավանդական գորգագործությամբ, որոնք կիրականացվեն տեղական փոքր ձեռնարկությունների ուժերով: Համատեղ ջանքերը կհանգեցնեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, կյանքի պայմանների բարելավմանը, պահպանման գոտում բնակչության կայունացմանը, էկոլոգիական իրազեկության մակարդակի բարձրացմանը և սոցիալական ենթակառուցվածքի նշանակալի բարելավմանը: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքը իրենից կներկայացնի Հայաստանում զարգացող համայնքային հողօգտագործման պլանավորման և կայուն զարգացման մոդել:

 

2.2. Նպատակներ և խնդիրներ

1. «Արփի լիճ» ազգային պարկի ընդհանուր նպատակն է` տարածքի որպես բարձր լեռնային լանդշաֆտի պահպանումը և էկոհամակարգերի բնական զարգացման գործընթացներին նպաստող ռեսուրսների կայուն կառավարումը:

2. «Արփի լիճ» ազգային պարկի խնդիրներն են.

1) «Արփի լիճ» ազգային պարկի, ներառյալ` արևմտյան, արևելյան, «Ախուրյանի կիրճ», «Արդենիս» և «Ալվար» տեղամասերի կենսաբազմազանության կայուն պահպանությունը և էկոլոգիական ամբողջականության ապահովումը, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառումների իրականացումը`

ա. «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի գործառնական գոտիների համար օրենսդրությամբ սահմանված պահպանության ռեժիմների ապահովում.

բ. կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանությանն ուղղված կիրառելի և անհրաժեշտ կառավարման ծրագրերի` որպես տարածքի կայուն զարգացման և կառավարման միջոցների մշակում և իրականացում.

գ. կառավարման պլանի իրականացում արհեստավարժ խմբի կողմից, որի կազմի մեջ կմտնեն կառավարման համակարգի և պահպանման գոտու համայնքների ներկայացուցիչները (համակառավարում).

դ. պահպանվող տարածքների սահմանազատում և հողային ռեսուրսների օգտագործում.

ե. համագործակցություն «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, համայնքներում ռեսուրսներ օգտագործողների և այլ շահագրգիռ մարմինների միջև.

զ. համագործակցություն Վրաստանի «Ջավախեթի» ազգային պարկի հետ, համատեղ պահպանության գործունեության որոշում և իրականացում, ծրագրերի համատեղ իրականացում:

2) Տեղական իշխանության տրամադրվածություն, պահպանման գոտու համայնքների, «Արփի լիճ» ազգային պարկի, շահագրգիռ կողմերի, պահպանվող տարածքների ներդաշնակ զարգացում` կառավարման և բիզնես պլաններին համապատասխան, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառումների իրականացումը`

ա. «Արփի լիճ» ազգային պարկի առաջխաղացումը և պահպանման գոտու կայուն զարգացման կարևորությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներով

բ. «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու` որպես համայնքային հողօգտագործման կառավարման մոդելի ստեղծում.

գ. պահպանման գոտու բնակիչներին վստահեցում/հավաստիացում, որ «Արփի լիճ» ազգային պարկը ստեղծվել է ուղղակի և անուղղակի տնտեսական և սոցիալական շահեր ապահովելու համար:

3) Տարածաշրջանի և «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու տնտեսական զարգացման առաջընթացը` «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումից հետո, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառումների իրականացումը`

ա. «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման և բիզնես պլանների իրականացում.

բ. «Արփի լիճ» ազգային պարկի ու Շիրակի մարզի տնտեսական զարգացում.

գ. «Արփի լիճ» ազգային պարկի ռեսուրսների օգտագործման միջոցով շահույթի ստեղծում` ներգրավված կողմերի համար.

դ. «Արփի լիճ» ազգային պարկի անձնակազմի և ներգրավված համակառավարվող կողմերի համար կարողությունների զարգացում և նոր գիտելիքների փոխանցում` պահպանման գոտում իրականացվող գործողությունների համար.

ե. բնական ռեսուրսների կառավարման բարելավում և «Արփի լիճ» ազգային պարկում սկիզբ առնող բարձրորակ ջրային ռեսուրսների պահպանություն.

զ. տարածաշրջանային համագործակցությանը նպաստող ազգային և միջազգային դոնորների աջակցության ապահովում:

4) «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու` որպես տուրիստական վայրի առաջխաղացում, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառումների իրականացումը`

բ. այցելուների համար նախատեսվող միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքի զարգացում:

5) «Արփի լիճ» ազգային պարկի և պահպանման գոտու ֆինանսական կայունության ապահովում, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառման իրականացումը`

Լիարժեք կազմված բիզնես պլանի մշակում և իրականացում` «Արփի լիճ» ազգային պարկի եկամուտների ստացման ոլորտում ներուժի լիարժեք օգտագործմամբ, շեշտը դնելով կայուն բնօգտագործման ու պահպանության և ոռոգման ու հիդրոէլեկտրակայանների գործարկման համար համայնքներին բարձրորակ ջրամատակարարման ապահովման վրա:

6) «Արփի լիճ» ազգային պարկը և դրա պահպանման գոտին հանդիսանում են բնական ռեսուրսների կառավարման հուսալի մոդել Հայաստանի Հանրապետության և հարակից երկրների համար, որի համար պահանջվում է հետևյալ միջոցառումների իրականացումը`

ա. նպատակային ուսուցանում և կարողությունների հզորացում կայուն զարգացման և հողօգտագործման կառավարման ոլորտում.

բ. պահպանման գոտու համայնքների մասնակցություն «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանի մշակման և իրականացման, բիզնես պլանի և պահպանման գոտու զարգացման ծրագրի աջակցման մեջ, ինչը կնպաստի դրանց ընդգրկմանը պահպանման գոտու համայնքների հետ համատեղ մշակված Շիրակի մարզի ինտեգրված տարածքային հողօգտագործման պլանի (ԻՏՀՊ) մեջ.

գ. «Արփի լիճ» ազգային պարկի ներդրում հանրապետության կենսաբազմազանության պահպանության, ԲՀՊՏ-ների համակարգի գործունեության և շրջանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ.

դ. կառավարման պլանի, բիզնես պլանի և պահպանման գոտու զարգացման ծրագրի լայն տարածում` ուսուցողական նպատակներով:

 

ԳԼՈՒԽ III. «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄԸ

 

3.1. Գոտիավորման հասկացությունը

1. Ազգային պարկի գոտիավորումը հանդիսանում է տարածքային կառավարման ընդունված գործիք, որն օգնում է աշխատանքների կազմակերպմանը և արդյունավետ դարձնում ազգային պարկի սահմաններում նշված գոտիներում կիրառվող մարտավարությունը: Այս մոտեցման կիրառումը կնպաստի ենթակառուցվածքի զարգացմանը և ռեսուրսների արդյունավետ ավանդական ու հեռանկարային օգտագործմանը «Արփի լիճ» ազգային պարկի հատուկ առանձնացված էկոլոգիապես խոցելի տարածքներում: Համաձայն «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրության ազգային պարկը բաժանվում է հետևյալ երեք տարածագործառնական գոտիների`

1) արգելոցային

2) ռեկրեացիոն

3) տնտեսական:

2. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին «Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվող «արգելոցային գոտի» հասկացությունը համապատասխանում է միջազգային «հիմնական գոտի» կամ «անձեռնմխելի գոտի» հասկացություններին, «ռեկրեացիոն գոտի»-ն` «տուրիստական գոտի» կամ «այցելուների գոտի» հասկացությանը, «տնտեսական գոտի»-ն` «ավանդական օգտագործման գոտի» կամ «բազմանպատակ օգտագործման գոտի» հասկացություններին: Միջազգային փորձում օգտագործվում են նաև մի շարք այլ կարգի գոտիներ: Ամենաշատ օգտագործվող տերմիններից մեկը դա «վերականգնման գոտի»-ն է, այսինքն այն ժամանակավորապես չօգտագործվող տարածքն է, որը մնում է այդպիսի վիճակում մինչև մոնիթորինգի տվյալները չեն հավաստում, որ այն ամբողջապես վերականգնվել է և կարող է նորից օգտագործվել: Վերականգնվելուց հետո վերականգնման գոտին կարող է ձևափոխվել մեկ այլ գոտու, որն ավելի հարմար է տարածքային կառավարման տեսանկյունից:

Արգելոցային գոտին բնութագրվում է ամենախիստ բնապահպանական ռեժիմով` ազգային պարկի կարևոր էկոհամակարգերի պահպանության համար:

3. Պահպանման գոտու առանձնացումը և դրա տնտեսական զարգացման աջակցումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի կառավարությունների միջև «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման համաձայնության կարևոր դրույթներից մեկը` համաձայնության մեջ նշված ֆինանսական աջակցության շրջանակներում` նպատակ ունենալով ապահովելու «Արփի լիճ» ազգային պարկի հարակից համայնքների հետ համագործակցությունը:

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման հիմնական նախապայմանը հանդիսացել է «Արփի լիճ» ազգային պարկի ներառյալ բնապահպանական նպատակների և սահմանակից համայնքային տարածքների հողերի և ռեսուրսների կայուն օգտագործման միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը: Հաստատված գոտիավորման հատակագիծը ցույց է տալիս այդ հավասարակշռությունը` «Արփի լիճ» ազգային պարկի տարբեր մասերում և արտացոլում է տարածքի ռեսուրսների վերաբաշխումը` ըստ ռեսուրսների օգտագործման տարբեր եղանակների ու մարտավարությունների:

3.1.1. «Արփի լիճ» ազգային պարկի գործառնական գոտիները

Պարկի տարածքը, ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանված է արգելոցային, ռեկրեացիոն և տնտեսական տարածագործառնական գոտիների` համաձայն ՀՀ կառավարության 2011 թ.-ի հուլիսի 21-ի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1151-Ն որոշման (Քարտեզ 4):

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1854-Ա
Որոշում