Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆ ...

 

 

040.0140.100399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մարտի 1999 թվական թիվ 140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱԶԴԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկայի կարգավորման միջոցառումների իրականացնելու անհրաժեշտությունից և Հայաստանի Հանրապետության թողարկվող և շրջանառող արժեթղթերի գրանցման ընթացակարգը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում ու վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և հրապարակվելու կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով հաստատել`

i

ա) լիազորված պետական մարմին արժեթղթեր թողարկողների ներկայացրած տեղեկությունների հրապարակման կարգը.

բ) արժեթղթերի գրանցման հայտերի ձևերը և բովանդակությունը.

i

գ) գրանցման վկայականի միասնական ձևը.

i

դ) թողարկման ազդագրում արտացոլված տեղեկությունների էական փոփոխությունների ցանկը և բովանդակությունը.

i

ե) արժեթղթերի տեղաբաշխման մասին ամփոփ տեղեկանքի ձևը և բովանդակությունը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

մարտի 10-ի N 140 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի, դրանց թողարկման ազդագրերի

պետական գրանցման և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի

շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված

պետական մարմին տեղեկությունները ներկայացվելու և

հրապարակվելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, այդ թվում դրանց թողարկման ազդագրերի պետական գրանցման (այսուհետև գրանցում) և արժեթղթեր թողարկողների կողմից արժեթղթերի շուկայի կարգավորում և վերահսկում իրականացնող լիազորված պետական մարմին (այսուհետև լիազորված պետական մարմին) թողարկված արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը:

2. Արժեթղթերը համարվում են գրանցված` դրանց գրանցման համար և ծածկագիր տալու պահից, որոնք հավաստվում են գրանցման վկայականով:

3. Սույն կարգով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետությունում գրանցման ենթակա են ազատ կամ սահմանափակ շրջանառության իրավունքով բաժնետոմսերը, պարտատոմսերը, ավանսային սերտիֆիկատները, առևտրային արժեթղթերը, բաժնետոմսերի և պարտատոմսերի փոխարկվող արժեթղթերը, ինչպես նաև մեկ տարվանից ավելի շրջանառության ժամկետ ունեցող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերը (ներառյալ մուրհակները):

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված արժեթղթերը (այսուհետև արժեթղթեր) ենթակա են գրանցման

ա) արժեթղթերի բաց տեղաբաշխման դեպքում.

բ) փակ տեղաբաշխմամբ իրացված արժեթղթերի ազատ շրջանառության դեպքում փակ տեղաբաշխված բոլոր արժեթղթերը:

5. Սույն կարգի համաձայն արժեթղթերի ազատ շրջանառությունն արժեթղթեր թողարկողի, արժեթղթերի սեփականատիրոջ կամ գնորդի կողմից հրապարակային օֆերտայի հիման վրա կատարման ենթակա գործարքն է (ներառյալ ֆոնդային բորսայում կամ ֆոնդային ստորաբաժանում ունեցող այլ բորսայում կատարման ենթակա գործարքը):

6. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերի վրա:

7. Արժեթղթերի գրանցման կարգը ներառում է հետևյալ փուլերը`

ա) արժեթղթերի գրանցման համար սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը լիազորված պետական մարմին ներկայացնելը.

բ) ներկայացված փաստաթղթերի քննարկումը.

գ) արժեթղթերի գրանցումը և գրանցման վկայականի հանձնումը կամ գրանցման համար ներկայացված դիմումի մերժումը:

 

II. Արժեթղթերի բաց տեղաբաշխման դեպքում արժեթղթերի

գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

8. Արժեթղթերի թողարկող կամ դրա լիազորած անձն արժեթղթերի գրանցման համար լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում արժեթղթերի գրանցման համար` նշելով արժեթղթերի թողարկողի լրիվ անվանումը, արժեթղթերի տեսակը, թիվը և անվանական արժեքը.

բ) արժեթղթերի թողարկողի կամ կառավարման իրավասու մարմնի որոշումն արժեթղթեր թողարկելու (տեղաբաշխելու) վերաբերյալ.

գ) արժեթղթեր թողարկման ազդագիրը:

9. Բաժնետիրական ընկերությունները բացի նշված փաստաթղթերից լիազորված պետական մարմին ներկայացնում են նաև`

ա) կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող բաժնետերերի անվանացանկը, յուրաքանչյուր բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի թիվը և տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ.

բ) բաժնետիրական ընկերության խորհրդի, գործադիր մարմնի և վերահսկիչ հանձնաժողովի (հսկիչի) անդամների անվանացանկը` նշելով նրանց պաշտոնները, յուրաքանչյուր անդամին պատկանող բաժնետոմսերի թիվը և տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ:

10. Սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետում նշված արժեթղթեր թողարկելու (տեղաբաշխելու) վերաբերյալ որոշումը ներառում է`

ա) արժեթղթեր թողարկողի լրիվ անվանումը և հասցեն.

բ) արժեթղթեր թողարկելու (տեղաբաշխելու) վերաբերյալ որոշում ընդունելու ամսաթիվը.

գ) արժեթղթերի տեսակը.

դ) արժեթղթերի թողարկման ձևը.

ե) արժեթղթերի սեփականատերերի իրավունքները և պարտականությունները.

զ) արժեթղթերի տեղաբաշխման կարգը և պայմանները.

է) թողարկվող արժեթղթերի թիվը և արժեթղթերի անվանական արժեքը.

ը) արժեթղթեր թողարկողի կնիքը և թողարկողի պատասխանատու անձի ստորագրությունը:

 

III. Փակ տեղաբաշխմամբ իրացված արժեթղթերի ազատ շրջանառության

դեպքում փակ տեղաբաշխված արժեթղթերը գրանցելու համար

անհրաժեշտ փաստաթղթերը

 

11. Արժեթղթերը թողարկող կամ դրա լիազորած անձը տեղաբաշխմամբ իրացված արժեթղթերի ազատ շրջանառության դեպքում լիազորված պետական մարմին է ներկայացնում`

ա) փակ տեղաբաշխմամբ իրացված բոլոր արժեթղթերի գրանցման հայտ` լիազորված պետական մարմնի հաստատած ձևին և բովանդակությանը համապատասխան.

բ) արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումը:

 

IV. Արժեթղթեր թողարկողի վերակազմակերպման դեպքում արժեթղթերի

գրանցման առանձնահատկությունները

 

12. Արժեթղթեր թողարկող անձի վերակազմակերպման հետևանքով ստեղծված նոր թողարկողի արժեթղթերը ներկայացվում են գրանցման, եթե առկա են սույն կարգի 4-րդ կետում նշված հիմքերը:

13. Բաժնետիրական ընկերության և այլ արժեթղթեր թողարկողների վերակազմակերպման հետևանքով ստեղծվող նոր ընկերությունների արժեթղթերը ենթակա են պարտադիր գրանցման, եթե դրանք ազատ շրջանառության իրավունքով արժեթղթեր են (այդ թվում` բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը) և կարող են ազատ շրջանառել վերակազմակերպված թողարկողների արժեթղթերը նոր թողարկողների արժեթղթերով փոխարկվելուց հետո:

14. Արժեթղթեր թողարկողը կամ դրա լիազորած անձը նոր ստեղծված թողարկողի (այդ թվում` բաժնետիրական ընկերության) արժեթղթերի գրանցման համար լիազորված պետական մարմին է ներկայացնում`

ա) արժեթղթերի գրանցման հայտ` լիազորված պետական մարմնի սահմանած ձևին և բովանդակությանը համապատասխան.

բ) արժեթղթեր թողարկողի կառավարման իրավասու մարմնի որոշումը:

 

V. Արժեթղթերի գրանցման համար ներկայացված փաստաթղթերի

քննարկումը

 

15. Լիազորված պետական մարմինը սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը քննարկում է դրանք ներկայացնելու պահից 30 օրվա ընթացքում:

16. Սույն կարգով նշված փաստաթղթերի ներկայացման պահ է համարվում դրանք լիազորված պետական մարմին մուտքագրելու ամսաթիվը:

17. Արժեթղթերը սույն կարգի 11-րդ կետի համաձայն ներկայացվում են գրանցման` մինչև արժեթղթերի ազատ շրջանառությունը:

18. Սույն կարգի IV գլխի համաձայն նոր ստեղծված թողարկողների (այդ թվում` բաժնետիրական ընկերության) արժեթղթերը ներկայացվում են գրանցման` մինչև նշված թողարկողի գրանցումը ձեռնարկությունների գրանցումն իրականացնող պետական մարմնի կողմից:

19. Լիազորված պետական մարմինը պարտավոր է գրանցել արժեթղթերը և արժեթղթեր թողարկողին հանձնել արժեթղթի գրանցման վկայականը, եթե ներկայացված փաստաթղթերում նշված չեն սույն կարգի 20-րդ կետով նախատեսված արժեթղթերի գրանցումը մերժելու հիմքերը, և լիազորված պետական մարմին է ներկայացված արժեթղթերի և (կամ) դրանց թողարկման ազդագրի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

20. Արժեթղթերի գրանցումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում առկա են այնպիսի տվյալներ, որոնք հակասում են կամ չեն համապատասխանում արժեթղթերի թողարկման և շրջանառության (այդ թվում` բաժնետիրական ընկերության վերակազմակերպման) վերաբերյալ օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.

բ) ներկայացված հայտը չի համապատասխանում սույն կարգի և լիազորված պետական մարմնի սահմանված ձևին և բովանդակությանը:

21. Սույն կարգի 20-րդ կետում նշված հիմքերով մերժված արժեթղթերը սույն կարգին համապատասխան ներկայացվում են գրանցման:

22. Լիազորված պետական մարմինն արժեթղթերի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում խախտումներ հայտնաբերելու դեպքում արժեթղթեր թողարկողի նկատմամբ կրող է կիրառել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

 

VI. Արժեթղթերի գրանցումը

 

23. Լիազորված պետական մարմինն արժեթղթերը գրանցելուց հետո 5-օրյա ժամկետում արժեթղթեր թողարկողին կամ դրա լիազորած անձին հանձնում է արժեթղթի գրանցման վկայականը կամ դրանում կատարված փոփոխությունների ու լրացումների գրանցումը հավաստող գրություն:

24. Եթե արժեթղթերի թողարկումը (տեղաբաշխումը) ուղեկցվում է թողարկման ազդագրով, ապա արժեթուղթը գրանցվում է թողարկման ազդագրի հետ միասին:

25. Արժեթղթի գրանցման վկայականը պետք է ներառի`

ա) արժեթղթեր թողարկողի լրիվ անվանումը.

բ) գրանցված արժեթղթերի թիվը.

գ) արժեթղթեր թողարկողի տվյալ տեսակի և ձևի արժեթղթերի ընդհանուր թիվն ու անվանական արժեքը.

դ) գրանցման համարը, ծածկագիրը և ամսաթիվը.

ե) գրանցող մարմնի կնիքը և պատասխանատու անձի ստորագրությունը.

զ) լիազորված պետական մարմնի սահմանած այլ տեղեկություններ:

26. Լիազորված պետական մարմինը սահմանում է արժեթղթերի գրանցման վկայականի միասնական ձևը:

27. Լիազորված պետական մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում ազատ շրջանառող արժեթղթերի միասնական գրանցամատյան, որտեղ ներառվում են`

ա) արժեթղթեր թողարկողի լրիվ անվանումը, հասցեն, կապի միջոցները.

բ) գրանցված արժեթղթերի տեսակը, ձևը, թիվը, անվանական արժեքը.

գ) տվյալ տեսակի տեղաբաշխված արժեթղթերի թիվը.

դ) կանոնադրական կապիտալի չափը, հայտարարված և տեղաբաշխված բաժնետոմսերի տեսակը, ձևը, թիվը, անվանական արժեքը` բաժնետիրական ընկերությունների համար:

 

VII. Արժեթղթեր թողարկողի կողմից լիազորված պետական մարմին

ներկայացվող և հրապարակվող տեղեկությունները

 

28. Արժեթղթեր թողարկողն արժեթղթերի թողարկման (տեղաբաշխման) ավարտից հետո 15-օրյա ժամկետում լիազորված պետական մարմին է ներկայացնում արժեթղթերի տեղաբաշխման մասին ամփոփ տեղեկանք, որի ձևը և բովանդակությունը սահմանում է լիազորված պետական մարմինը:

29. Եթե արժեթղթերի թողարկումն ուղեկցվում է թողարկման ազդագրով և տեղաբաշխման ժամկետը գերազանցում է վեց ամիսը, ապա թողարկողը պարտավոր է տեղաբաշխումն սկսելու պահից յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ լիազորված պետական մարմին գրանցման ներկայացնել և հրապարակել թողարկման ազդագրում արտացոլված տեղեկությունների էական փոփոխությունների ցանկը:

30. Սույն կարգի 29-րդ կետում նշված էական փոփոխությունների ցանկը և բովանդակությունը սահմանում է լիազորված պետական մարմինը:

31. Լիազորված պետական մարմնի գրանցած էական փոփոխությունների ցանկի հրապարակումն իրականացվում է այն կարգով, որով իրականացվել է թողարկման ազդագրի հրապարակումը:

32. Վերակազմակերպման հետևանքով ստեղծված նոր թողարկողների (այդ թվում` բաժնետիրական ընկերության) կողմից լիազորված պետական մարմին ներկայացվող տեղեկությունները ենթակա են հրապարակման արժեթուղթը գրանցելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` լիազորած պետական մարմնի սահմանած կարգով:

33. Այն թողարկողը, որի արժեթղթերը գրանցվել են, բացի սույն կարգի 30, 31 և 32-րդ կետերում նշված դեպքերից, իր կողմից թողարկված արժեթղթերի, ինչպես նաև այլ թողարկողների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման կամ դադարման վերաբերյալ էական փոփոխությունները (որոնք ներառում են թողարկողի կանոնադրական կապիտալի, թողարկված արժեթղթերի անվանական արժեքների, արժեթղթերի թվի կամ թողարկողի անվանման վերաբերյալ փոփոխությունները, ինչպես նաև այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այլ թողարկողի կանոնադրական կապիտալում ունեցած գերակշռող մասնակցությանը կամ դրանց միջև կնքված պայմանագրի, որոնց համապատասխան նա հնարավորություն ունի կանխորոշելու նման թողարկողի որոշումները) ի հայտ գալու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազորված պետական մարմին և հրապարակում դրանք վերջինիս սահմանված կարգով:

 

VIII. Անցումային դրույթներ

 

34. Մասնավորեցման (սեփականաշնորհման) հետևանքով ստեղծված բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և ազատ շրջանառության իրավունքով արժեթղթերը սույն կարգին համապատասխան ենթակա են պարտադիր գրանցման, եթե այդ բաժնետոմսերը չեն գրանցվել մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը:

35. Սույն կարգի 11, 14, 26, 28, 29, 32 և 33 կետերով սահմանված պահանջները գործում են նշված կետերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.03.1999
N 140
Որոշում