Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-3-Ո-8

2012 թ.

 

ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄԱՆՈՒՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԻՇԱ ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

                                                 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Ա. Թումանյանի, Մ. Մարտիրոսյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Մ. Մակյանի,     

                                          Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

                                                 

    մասնակցությամբ դատավորներ`            Մ. Պետրոսյանի, Մ. Արղամանյանի,

                                          Գ. Մելիք-Սարգսյանի            

                                                       

    քարտուղարությամբ`                     Շ.  Վարդանյանի

          

2012 թվականի մարտի 16-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Դատարան) դատավորներ Մ. Պետրոսյանին, Մ. Արղամանյանին և Գ. Մելիք-Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 28.12.2011 թ. թիվ N-Կ-2-12/2011 թ. որոշմամբ Դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանի, Մ. Արղամանյանի և Գ. Մելիք-Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 27.12.2011 թ. թիվ Ե-7626 գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) (նախագահող դատավոր` Լ. Ավետիսյան) 07.07.2011 թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման (այսուհետ` Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Արթուր Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատժից:

Արթուր Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի դրույթների կիրառման մասով դատավճռի դեմ 06.08.2011 թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը` խնդրելով բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը և Արթուր Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակել առանց Համաներման ակտի կիրառման:

Դատարանի 01.09.2011 թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Արթուր Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանվել և փոփոխվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը, Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Ինչպես հետևում է մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքի և Դատարանի 01.09.2011 թ. վերոնշյալ որոշման բովանդակություններից, Դատարանն ակնհայտորեն դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական օրենքի նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորների մեղավորությունն առկա է, քանի որ նրանք չեն դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորների բացատրություններում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավորներ Մ. Պետրոսյանը, Մ. Արղամանյանը և Գ. Մելիք-Սարգսյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել են բացատրություններ, որոնցում մասնավորապես նշել են, որ`

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (նախագահող դատավոր Լ. Ավետիսյան) 07.07.2011 թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է նշանակված պատժից:

Արթուր Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի դրույթների կիրառման և պատիժ նշանակելու մասով դատավճռի դեմ 06.08.2011 թ. վերաքննիչ բողոք է բերել գործով մեղադրողը` խնդրելով բեկանել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը և Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակել առանց Համաներման ակտի կիրառման:

Դատարանի 01.09.2011 թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է, պատժի մասով բեկանվել և փոփոխվել է առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը, Արթուր Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասը, 386-րդ հոդվածը, 391-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր վերաքննիչ բողոքում մեղադրողը խնդրել է ամբաստանյալի նկատմամբ նշանակել պատիժ առանց Համաներման ակտի կիրառման` դատավորներն իրենց բացատրություններում նշել են, որ Դատարանը դուրս չի եկել իր լիազորությունների և վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և դատական ակտը կայացրել է այդ սահմաններում:

Դատավորներն իրենց բացատրություններում շեշտադրել են նաև այն հանգամանքը, որ Դատարանում դատաքննության ընթացքում բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացնելիս մեղադրողը հստակեցրել է նշանակվող պատժի տեսակի մասին իր վերաքննիչ բողոքը և դիրքորոշումը, այն է` պատիժ նշանակել տուգանքի ձևով` առանց Համաներման ակտի կիրառման:

Դատավորներն իրենց բացատրություններում վկայակոչել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ընդգծել, որ ի տարբերություն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, վերոնշյալ 4-րդ կետը վերաբերում է միայն դատական ակտի բեկանմանն ու փոփոխմանը` առանց որևէ մատնանշման, որ այն կայացվելու է վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում, իսկ արդարադատության արդյունավետության շահերից բխելու արդյունավետությունը ինքնին հիմնավորում է առանց համապատասխան վերաքննիչ բողոքի` որոշակի հիմքերով ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հնարավորությունը (արարքում բացակայում է հանցակազմը կամ ապացուցված չէ ամբաստանյալի մասնակցությունը կատարված հանցագործությանը, սակայն վերաքննիչ բողոքը բերվել է պատժի դեմ. արարքն ակնհայտ սխալ է որակված կամ նշանակվել է ակնհայտ խիստ պատիժ, սակայն վերաքննիչ բողոք է բերվել ոչ այդ հիմքերով և այլն):

Վերոգրյալից դատավորները հետևություն են արել այն մասին, որ Դատարանն առանց այդ հիմքով վերաքննիչ բողոքի առկայության էլ իրավունք ունի անդրադառնալ ամբաստանյալի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատժին, եթե հանգում է այն հետևության, որ այն ակնհայտ խիստ է և չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին: Հակառակ դեպքում միայն իր անմեղությունը վիճարկող ամբաստանյալի նկատմամբ նշանակված ակնհայտ խիստ պատիժը որևէ դատական ատյանի կողմից չի կարող փոփոխվել:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 4-րդ կետը, 398-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 399-րդ հոդվածի 1-ին մասը դատավորներն իրենց բացատրություններում նշել են, որ Դատարանը ղեկավարվել է հենց այս իրավական դրույթներով և նշանակել է արդարացի ու համաչափ պատիժ:

Ամփոփելով իրենց բացատրությունները` դատավորները գտել են, որ Դատարանի կողմից թույլ չի տրվել դատավարական օրենքի խախտում, և Դատարանը գործել է միայն իր լիազորությունների և վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճռով Արթուր Սարգսի Խուրշուդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով: Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Արթուր Խուրշուդյանն ազատվել է նշանակված պատժից:

2) Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռն ամբաստանյալի կողմից վերաքննության կարգով չի բողոքարկվել:

3) Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը: Վերաքննիչ բողոքի «Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» բաժնում մեղադրողը փաստարկել է, որ «Ա. Խուրշուդյանի նկատմամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառումը և նրան պատժից ազատումը հիմնավորված չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011 թ. որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, հաշվի չի առել, որ նույն համաներման 9-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն համաներումը կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած կամ այդ հանցագործությունը կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն: Քանի որ Խուրշուդյանի կատարած արարքը հանցափորձ է, կարծում եմ, որ դատարանը ճիշտ չէ մեկնաբանել համաներման ակտը, այն է` համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն պատժաչափի չկրած մասը կրճատվում է մեկ քառորդով` նույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, այլ ոչ թե ազատում է պատժի կրումից»:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը խնդրել է «Բեկանել Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը, Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակել պատիժ` առանց «Համաներում կիրառելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման կիրառման»:

4) Դատարանի 01.09.2011 թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Նշված որոշմամբ Դատարանը Արթուր Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը, Արթուր Խուրշուդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտել է տուգանքի նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատավճիռը մնացած մասով թողել է անփոփոխ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին, Մ. Արղամանյանին և Գ. Մելիք-Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորների բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրված դրույթին անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-766 որոշմամբ` նշելով, որ «... պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր` համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով գործը քննող դատարան է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը նույնպես սահմանում է, որ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում Է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:

Մեջբերված օրենսդրական կարգավորումների վերլուծության հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով գործը քննելիս կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով ու հիմնավորումներով և իրավասու չէ դուրս գալ դրանց սահմաններից:

2. Խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, մասնավորապես մեղադրողի վերաքննիչ բողոքը, պարզեց, որ այն բերվել է այն հիմքով, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Ա. Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը և նրան պատժից ազատումը հիմնավորված չէ: Մեղադրողն իր վերաքննիչ բողոքը հիմնավորել է նրանով, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ չի մեկնաբանել Համաներման ակտը, քանի որ 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` նույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետում նշված հանցագործությունները (այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված) կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ են, պատժաչափի չկրած մասը պետք է կրճատվեր մեկ քառորդով, այլ ոչ թե Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ Ա. Խուրշուդյանն ազատվեր պատժի կրումից:

Վերոգրյալի հիման վրա մեղադրողը խնդրել է բեկանել Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը, Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակել պատիժ` առանց Համաներման ակտի կիրառման:

Դատարանը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» բաժնում շարադրելով մեղադրողի վերաքննիչ բողոքի վերոնշյալ հիմքերն ու հիմնավորումները, որոշման «Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» բաժնում Համաներման ակտի համապատասխան դրույթների վկայակոչմամբ և վերլուծությամբ քննարկման առարկա է դարձրել Ա. Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառման իրավաչափության հարցը, որի արդյունքում հանգել է հետևության, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրվող ամբաստանյալ Արթուր Խուրշուդյանի նկատմամբ կիրառելի չէ ՀՀ Ազգային ժողովի Համաներում հայտարարելու մասին 26.05.2011 թվականի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը»:

Դատարանը, սակայն, անտեսելով այն հանգամանքը, որ մեղադրողն իր վերաքննիչ բողոքում ամբաստանյալ Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի անհիմն, անօրինական կամ ակնհայտ խիստ լինելու հարց չի բարձրացրել, Համաներման ակտը սխալ կիրառելու մասին վերոնշյալ եզրահանգման գալուց հետո, անդրադարձել և քննարկման առարկա է դարձրել ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցը: Դատարանը պատիժ նշանակելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի դրույթների, Ա. Խուրշուդյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների, պատիժ նշանակելու հետ կապված այլ հարցերի վերլուծությամբ հանգել է հետևության, որ «(...) դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են ամբաստանյալ Արթուր Խուրշուդյանի վերաբերյալ քրեական գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը դատարանի դատավճիռը բեկանելու և պատժի մասով փոփոխելու հիմք է հանդիսանում»:

Արձանագրելով, որ «(...) Դատավճիռը Ա. Խուրշուդյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի մասով պետք է փոփոխել և վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով (...)», Դատարանը 01.09.11 թ. որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը` Արթուր Սարգսի Խուրշուդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, պատժի մասով բեկանել և փոփոխել է` ամբաստանյալ Արթուր Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակելով տուգանքի ձևով:

3. Այսպիսով, սույն որոշման 1-ին կետում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով 2-րդ կետում մեջբերված փաստերը` Խորհուրդն արձանագրում Է, որ սույն գործով ամբաստանյալ Ա. Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտը սխալ կիրառված լինելու հիմքով բերված մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննելով գործը, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի բացակայության պայմաններում, Ա. Խուրշուդյանի նկատմամբ Համաներման ակտի սխալ կիրառման փաստն արձանագրելուց զատ քննարկման առարկա դարձնելով նաև ամբաստանյալ Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցը` Դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայել է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս, ինչով թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի խախտում:

Հետևաբար, հիմնավորված չեն դատավորների բացատրություններում բերված այն փաստարկները, որ Դատարանի կողմից թույլ չի տրվել դատավարական օրենքի խախտում, և Դատարանը գործել է իր լիազորությունների սահմաններում:

4. Խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև դատավորների բացատրություններում առկա այն պնդմանը, որ Դատարանում դատական քննության ընթացքում բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացնելիս մեղադրողը, հստակեցնելով նշանակվող պատժի տեսակի մասին իր վերաքննիչ բողոքը և դիրքորոշումը, միջնորդել է Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:

5. Ինչպես երևում է դատական նիստի էլեկտրոնային ձայնային կրիչի վերծանումից, երբ մեղադրողը վերաքննիչ դատարանում դատական նիստի ժամանակ խնդրել է Առաջին ատյանի դատարանի 07.07.2011 թ. դատավճիռը բեկանել և Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակել տուգանքի ձևով` առանց Համաներման ակտի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառման, նախագահող դատավոր Մ. Պետրոսյանը մեղադրողին հարցրել է. «Պարոն դատախազ, մի հարց պարզաբանման համար: Ձեր վերաքննիչ բողոքը վերաբերում էր, որ համաներումը չկիրառենք (...), այս պատժաձևը վերաքննիչ բողոքում չունեք, սակայն միջնորդում եք, ելնելով ստեղծված իրավիճակից, թե ինչպե՞ս հասկանանք», որից հետո մեղադրողը կրկին միջնորդել է պատիժ նշանակել տուգանքի ձևով:»

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի լույսի ներքո մեկնաբանելով նախորդ կետում մեջբերված փաստերը` Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանում գործի դատական քննության ընթացքում մեղադրողն իրավասու չէր փոփոխել կամ լրացնել իր վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը: Մասնավորապես, մեղադրողն իրավասու չէր միջնորդել պատիժ նշանակել տուգանքի ձևով, քանի որ նա Առաջին ատյանի դատական ակտը նշանակված պատժի անհամաչափ կամ ակնհայտ խիստ լինելու հիմքով չէր բողոքարկել:

Հետևաբար, Խորհուրդը գտնում է, որ Դատարանում մեղադրողի արված միջնորդությունը` ամբաստանյալ Ա. Խուրշուդյանի նկատմամբ տուգանքի ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ, չի բխել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջից:

Քրեադատավարական օրենքի պահանջներից չբխող մեղադրողի միջնորդության հիման վրա քննարկման առարկա դարձնելով Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության և արդարացիության հարցը, ինչպես նաև դրա արդյունքում նրա նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչված դրույթի պահանջը:

Իսկ այն փաստը, որ Դատարանի համար պարզ է եղել, որ մեղադրողի միջնորդությունը` Ա. Խուրշուդյանի նկատմամբ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու մասին, դուրս է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, ակնհայտ է նախագահող դատավորի վերը նշված հարցադրումներից:

7. Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից և քննարկման առարկա դարձնելով Ա. Խուրշուդյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության հարցը, ինչպես նաև Դատարանում արված մեղադրողի միջնորդության հիման վրա Ա. Խուրշուդյանի նկատմամբ պատիժ նշանակելով տուգանքի ձևով, Դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի և 381-րդ հոդվածի 3-րդ մասի խախտումներ: Նշված խախտումները Խորհուրդը գնահատում է որպես քրեադատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

6. Հիմք ընդունելով վերոգրյալը` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանը, Մ. Արղամանյանը և Գ. Մելիք-Սարգսյանը արդարադատություն իրականացնելիս թույլ են տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, ինչը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Խորհուրդը, Վերաքննիչ դատարանի դատավոր Մ. Արղամանյանի համար կարգապահական պատասխանատվության տեսակի ընտրության հարցում հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ նրան մեկ այլ գործով` Արդարադատության խորհրդի 2011 թվականի ապրիլի 22-ի թիվ ԱԽ-8-Ո-11 որոշմամբ, հայտարարվել է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին, 2-րդ կետերով և 161-րդ հոդվածով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մ. Պետրոսյանին և Գ. Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Մ. Մակյան

                                             Ա. Թումանյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Հ. Փանոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
16.03.2012
N ԱԽ-3-Ո-8
Որոշում