Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱ ...

 

30.12.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2012 թվականի N 405-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2012 թվականի մարտի 16-ի

N 405-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ

 

1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները (այսուհետ` լրացուցիչ պայմաններ):

2. Լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

3. Լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ):

4. Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:

5. Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների կատարման նկատմամբ հսկողություն են իրականացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ու վարչական շրջանների ղեկավարները:

(5-րդ կետը փոփ. 26.11.2019 թիվ 159-Ն որոշում)

6. Լրացուցիչ պայմաններն են`

1) ճարտարապետաշինարարական նախագծում կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակի կազմակերպման ձևի ու պայմանների ներառումը,

2) շինարարական աշխատանքներն սկսելուց ոչ ավելի վաղ, քան մեկ ամիս առաջ կառուցապատվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցված` ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված շինարարական հրապարակի կազմակերպումը,

3) կառուցապատվող օբյեկտին հարող տարածքում կամ դրան կից ճանապարհային երթևեկության մասնակիցների, ինչպես նաև այլ անձանց անվտանգության, իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ իրազեկումն ու պայմանների ապահովումը,

4) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակից դուրս ընդհանուր օգտագործման տարածքների աղտոտման ու աղբի կուտակումների բացառումը.

5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ծառերի, թփերի և կանաչ տարածքների (կանաչ տնկարկներ, բուսածածկ տարածքներ, կանաչ տնկարկների կամ բուսածածկի համար նախատեսված հողաշերտեր) պաշտպանության և դրանց վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման միջոցառումների կազմակերպում:

(6-րդ կետը փոփ. 25.12.2019 թիվ 177-Ն, 12.02.2021 թիվ 337-Ն որոշումներ)

7. Լրացուցիչ պայմանների կատարումն ապահովելու նպատակով.

1) շինարարության թույլտվության «Հատուկ պայմաններ» մասում Կառուցապատողն իրազեկվում է սույն Կարգով սահմանված լրացուցիչ պայմանների մասին,

2) կառուցապատվող օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծում պետք է նախատեսված լինեն տվյալ օբյեկտը շրջակայքից սահմանազատող շինարարական հրապարակի կազմակերպման ձևն ու պայմանները,

3) շինարարական հրապարակը կազմակերպվում է հաստատված նախագծի (կամ հատակագծի) հիման վրա, որտեղ շինարարական նախապատրաստական և հիմնական փուլերի իրականացման գլխավոր հատակագծի մշակման համար անհրաժեշտ է ներառել գեոդեզիական աշխատանքների հիման վրա կատարված մանրամասն հանույթ` շինարարական հրապարակի սահմաններում ներառված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա առանձին կանգնած ծառերի և թփերի նշահարմամբ,

4) շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես հաստատված նախագծով սահմանված ձևով և նույն նախագծով նախատեսված նյութերով: Նախագծով պաստառի օգտագործում նախատեսված լինելու դեպքում շինարարական հրապարակը ցանկապատվում է բացառապես Երևան քաղաքում շինարարական հրապարակների ցանկապատման համար նախատեսված պաստառով, որի ձևավորումը հաստատվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ և հրապարկվում է Երևանի պաշտոնական համացանցային կայքում` ներբեռնման և տպագրման համար նախատեսված ձևաչափով.

5) կառուցապատվող օբյեկտի շինարարական հրապարակին կից` տեսանելի վայրում, Կառուցապատողը փակցնում է տվյալ օբյեկտի շինարարական աշխատանքներին վերաբերող ցուցատախտակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

ա. կառուցապատման օբյեկտի վերջնական տեսքը նկարագրող գունավոր էսքիզային պատկեր, որը պետք է ներառի նաև հաստատված նախագծով նախատեսված` օբյեկտի հարակից տարածքների կանաչապատումը` ծառերը, թփերը և կանաչ տարածքները.

բ. ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համարը և ամսաթիվը.

գ. համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծի համարը և ամսաթիվը.

դ. շինարարության թույլտվության համարը և ամսաթիվը.

ե. շինարարական աշխատանքների սկիզբը և ավարտը (ամիս և տարեթիվ).

զ. կառուցապատման օբյեկտի մակերեսը, հարկայնությունը և նպատակային նշանակությունը.

է. Կառուցապատողի (կամ պատվիրատուի) տվյալները.

ը. կառուցապատման օբյեկտի նախագծի հեղինակի տվյալները.

թ. կառուցապատման օբյեկտի շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության տվյալները.

ժ. կառուցապատման օբյեկտի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության տվյալները.

ժա. մինչ կառուցապատումն առկա, ինչպես նաև հաստատված նախագծով նախատեսվող կանաչ տարածքների մակերեսները, ծառերի և թփերի քանակները, տեսակները,

5.1) Կառուցապատողը շինարարության ողջ ընթացքում շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի շինարարությանը վերաբերող փաստաթղթերի (ճարտարապետահատակագծային առաջադրանք, ճարտարապետաշինարարական նախագիծ, շինարարության թույլտվություն, համապատասխան վերահամաձայնեցումներ, հեղինակային, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների և կապալառու կազմակերպության կողմից վարվող մատյաններ և այլն) առկայությունը և դրանք տեղում ուսումնասիրելու հնարավորությունը,

5.2) 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարության ողջ ընթացքում Կառուցապատողը շինարարական հրապարակի տարածքում պետք է ապահովի օդի որակի մոնիթորինգի սարքավորումների տեղադրումը` առցանց հարթակի հասանելիությամբ, համայնքի կողմից տվյալների ստուգաչափման հնարավորությամբ, որի տեխնիկական չափորոշիչները և հասանելիության պայմանները սահմանվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ,

6) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է ապահովի հետիոտնի անվտանգ շարժման համար անհրաժեշտ ժամանակավոր հարմարություններ, այդ թվում` թեքահարթակներ ունեցող առանձին անցուղի և ժամանակավոր լուսավորություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղադրի ճանապարհային երթևեկության կանոնների լրացուցիչ նշաններ` այն նախապես համաձայնեցնելով իրավասու մարմնի հետ,

7) կառուցապատման օբյեկտի շինարարական հրապարակի մուտքին հարող տարածքը և ժամանակավոր ցանկապատը Կառուցապատողը պետք է մշտապես պահպանի մաքուր վիճակում, ինչպես նաև բացառի շինարարական հրապարակի ցանկապատից դուրս շինարարական աշխատանքների իրականացումը, շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը,

8) Կառուցապատողը պետք է կազմակերպի շինարարական աղբի կանոնավոր տեղափոխման աշխատանքները և մինչև աղբի տեղափոխումը այն պահի Կառուցապատվող օբյեկտում, իսկ շինարարական հրապարակի առկայության դեպքում` դրա համար շինարարական հրապարակում նախատեսված տարածքում` ծածկված անթափանց թաղանթներով կամ փակ տարաների (կոնտեյներներ, պարկեր և այլն) մեջ,

8.1) Կառուցապատողը պետք է կազմակերպի ավազի, գաջի, խիճի, այլ սորուն նյութերի, հողային զանգվածների փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկումը, ինչպես նաև կազմակերպի դրանց տեղափոխումը` փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով,

8.2) շենքերի և շինությունների կառուցման աշխատանքների ընթացքում Կառուցապատողը պետք է կազմակերպի շենքերը և շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկումը,

8.3) եթե համաձայնեցված նախագծի պահանջներով առկա է բետոնի արտադրամասի կառուցում, ապա Կառուցապատողը պետք է կազմակերպի տվյալ օբյեկտի բարձրությամբ անթափանց թաղանթով ծածկումը,

9) շինարարական հրապարակի տարածքից բեռնատար մեքենաների ելքը դեպի փողոց մաքուր անվադողերով ապահովելու համար Կառուցապատողը պետք է կազմակերպի դրանց լվացումը շինարարական հրապարակի ելքի հատվածում` հատուկ մետաղական էստակադայի վրա,

10) եթե կառուցապատումն իրականացվում է փողոցներին հարող հողամասերում, ապա շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում` երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում կառուցապատվող հողամասին հարող և շինարարական հրապարակի սահմաններում ներառված` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության մասին պայմանագիրը ենթակա է Երևանի քաղաքապետի կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման, և Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում իր հաշվին վերացնել հետիոտնի շարժման համար կազմակերպված ժամանակավոր հարմարությունները և վերականգնել մայթը, ընդ որում Կառուցապատողը պարտավոր է վերականգնված մայթը սահմանազատել կառուցապատվող տարածքից` շինարարական հրապարակի ցանկապատման համար օգտագործված շինարարական նյութերին համանման նյութերով: Երևանի քաղաքապետը մայթի վերականգնման պահանջը ներկայացնում է` բնականոն երթևեկության վերականգնման և տարածքի բարեկարգման անհրաժեշտությունից ելնելով, քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից տրված` շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության եզրակացության հիման վրա, որի ստացման ծախսը ենթակա է փոխհատուցման Կառուցապատողի կողմից: Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում մայթը Կառուցապատողի կողմից չվերականգնվելու դեպքում, այն ենթակա է վերականգնման և սահմանազատման Երևանի քաղաքապետի որոշմամբ` Կառուցապատողի հաշվին,

11) շինարարական հրապարակի կազմակերպման պահից Կառուցապատողը պետք է կազմակերպի նաև շինարարական հրապարակի սահմաններում ներառված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում առկա ծառերը, թփերը և կանաչ տարածքները մեխանիկական կամ այլ վնասվածքներից պաշտպանելու հետևյալ միջոցառումները.

ա. կանաչ տարածքները եզրագծով ցանկապատել մետաղյա կամ այլ կոշտ նյութերով, բացառությամբ սիզամարգերի միջով խողովակների, մալուխների կամ այլ կապուղիների անցկացման շինարարական աշխատանքների դեպքում: Ցանկապատի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,5 մետր, այն կարող է ամրացվել մետաղյա կամ փայտե սյուներով, որոնք կարող են որոշակի խորությամբ ամրացվել հողի մեջ այնպես, որ չվնասեն մոտակա ծառի արմատները,

բ. եթե առկա են առանձին ծառեր կամ թփեր իրենց բնաբաժակներով, ապա դրանք ծառի բնից կամ թփից առնվազն 0,5 մետր հեռավորությամբ ցանկապատել փայտե տախտակներով կամ այլ կոշտ նյութերով: Ցանկապատի բարձրությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1,5 մետր, այն կարող է ամրացվել մետաղյա կամ փայտե սյուներով, որոնք կարող են որոշակի խորությամբ ամրացվել հողի մեջ այնպես, որ չվնասեն մոտակա ծառի արմատները: Ցանկապատի ամրությունը պետք է բավարար լինի մեխանիկական հարվածներից ծառի բունը կամ թուփը պաշտպանելու համար,

գ. բացառել ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութի կուտակումը կամ պահպանումը, ծանր տեխնիկայի կայանումը, բաց գրունտի վրա ասֆալտի, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը: Նմանատիպ աշխատանքների կատարման հրատապ անհրաժեշտության կամ անխուսափելիության դեպքում շաղախի պատրաստման մակերեսը պետք է ծածկվի հաստ, անջրաթափանց թաղանթով, որով կբացառվի դրա արտահոսքը դեպի կանաչ տարածք, ծառերի և թփերի արմատային համակարգ,

դ. բացառել ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա ծանր տեխնիկայի կիրառումը, որը կարող է հողի վրա ուժեղ մեխանիկական ճնշում գործել և բերել դրանց արմատային համակարգերի վնասման,

ե. բացառել ծառերի և թփերի արմատային համակարգերի հնարավոր տարածման սահմաններում որևէ տեսակի հողի լիցքը, հողի քերումը և արմատային համակարգի մերկացումը: Ծառի արմատային համակարգի պահպանության մակերեսը հաշվարկվում է ըստ ծառի բնի տրամագծի` մինչև 15 սանտիմետրի դեպքում 2 մետր, իսկ 15 սանտիմետրից ավելի դեպքում` 3 մետր,

զ. եթե աշխատանքները կատարվում են մայիսից մինչև սեպտեմբերը ներառյալ ամիսներին, ծառերը և թփերն առնվազն 3 օրը մեկ անգամ ոռոգել, իսկ փոշու զգալի արտանետում առաջացնող շինարարության դեպքում` 7 օրը մեկ անգամ դրանք լվալ անձրևացման եղանակով,

է. շինարարական աշխատանքների ավարտից հետո զգուշությամբ հեռացնել շինարարական տեխնիկան, սարքավորումները, ցանկապատերը, պաստառները և այլ նյութերը` բացառելով ծառերի, թփերի և կանաչ տարածքների վնասումը.

12) արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման (մոնտաժման, վերակառուցման, վերատեղադրման, տեղափոխման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով համաձայնեցված հետագիծ-նախագծային փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվությամբ իրականացվող քանդման և վերականգնման աշխատանքների ժամանակ կառուցապատողը պարտավոր է իրականացնի հետևյալ միջոցառումները.

ա. համայնքի ղեկավարի համաձայնեցմանը ներկայացվող հետագիծ-նախագծի հետ որպես անբաժանելի մաս կազմել աշխատանքների իրականացման տարածքի կահավորման սխեման, որն իր մեջ ներառում է հետևյալ պարտադիր տարրերը` աշխատանքների իրականացման ողջ տարածքում` հանդիպակաց դասավորությամբ տեղադրված տակդիրով և կանգնակով ցուցատախտակի միջոցով` տեսանելի վայրերում ապահովել կատարվող աշխատանքների իրազեկումը (մատակարար և կապալառու կազմակերպությունների տվյալների նշումով, այդ թվում` տարբերանշան, հասցե, հեռախոսահամար, աշխատանքների անվանումը և նպատակը, կատարման ժամկետի սկիզբը և ավարտը), քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի` օգտագործելով մետաղական ճաղավանդակներից կամ կանգնակով ամրացվող ժապավենային նյութերից ստեղծված ժամանակավոր պատնեշներ, դրանց վրա տեղադրելով համապատասխան լուսանդրադարձիչ նյութեր կամ լուսատու սարքեր` գիշերային և մութ ժամերին երթևեկության ու հետիոտնի տեղաշարժի անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Սույն պարբերությամբ նախատեսված կահավորումն անհրաժեշտ է պահպանել մինչև տարածքը նախկին տեսքի բերելու աշխատանքների ավարտը,

բ. փողոցի երթևեկելի հատվածի, այդ թվում` մայթի կամ հրապարակի հատվածի բակային տարածքի, այգիների և պուրակների արահետների քանդում, գրունտի հանում և միաժամանակ սահմանված կարգով տեղափոխում նախատեսված վայր (աղբավայր), բացառելով գրունտային հանույթով հետլիցքի կատարումը,

գ. փողոցի երթևեկելի հատվածի, այդ թվում` մայթի կամ հրապարակի բակային տարածքների, այգիների և պուրակների հատվածի հատման դեպքում այն կրկնակի չհատելու նպատակով տարանցիկ խողովակաշարի տեղադրում` հետագայում կոմունիկացիաներ անցկացնելու համար,

դ. փողոցների երթևեկելի հատվածներում երկայնական քանդումների դեպքում, մալուխագծի կամ խողովակաշարի տեղադրման և հողային պաստառի, ասֆալտբետոնյա ծածկի առաջին փուլի ամբողջական վերականգնման աշխատանքները ավարտել մեկ օրում` քանդված տարածքի ամբողջ ծավալով,

ե. փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը` երթևեկի ժամանակ,

զ. փողոցի, մայթի, հրապարակի, բակերի այգիների և պուրակների քանդված հատվածներում խրամուղիների վերականգնման համար նախատեսված շինանյութերը (ավազ, խճաքար և այլն) պարտադիր ծածկել գետնին ամրացված ծածկոցներով: Բացառել շինարարական աղբի կուտակումը: Քանդման աշխատանքներից հետո, անմիջապես նույն օրը, ապահովել շինարարական աղբի տեղափոխումը շինարարության թույլտվությամբ ամրագրված վայր,

է. փողոցներում, մայթերին, բակային տարածքներում և այգիներում ասֆալտբետոնյա ծածկի հատումն իրականացնել բացառապես սղոցով: Քանդված հատվածները նախկին տեսքով վերականգնելիս խրամուղիների վնասված եզրերը բերել երկրաչափական տեսքի` ներառելով խրամուղու չափերից դուրս վնասված հատվածները,

ը. փողոցների երթևեկելի հատվածի, այդ թվում` մայթի կամ հրապարակի, բակային տարածքների վերականգնում նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ) ճանապարհածածկի, մայթերի, հրապարակների, բակերի և այլ ընդհանուր օգտագործման տարածքների հողային պաստառների վերականգնման ընթացքում խրամուղիներում տեղադրված ավազի զանգվածի յուրաքանչյուր 15 սմ շերտի վրա պարտադիր իրականացնել վիբրացիոն տոփանում: Փողոցների երթևեկելի հատվածներում, հրապարակներում, բակերում, վերջին շերտի խճածածկի և ասֆալտբետոնյա ծածկի տոփանումը իրականացնել առնվազն 5 տոննա վիբրացիոն գլդոնով: Մայթերի վրա այգիներում և պուրակներում վերջին շերտի տոփանումը իրականացնել 2 տոննա վիբրացիոն գլդոնով,

թ. հրապարակների, մայթերի, բակերի, այգիների, պուրակների տարածքներում սալիկապատ հատվածների վերականգնման ընթացքում հողային պաստառի, ավազաշերտի ամրացումն իրականացնել վիբրացիոն տոփանումով: Սալիկապատ հատվածների վերականգնման ընթացքում բացառել այլ նյութերի (բետոնի և ասֆալտբետոնի) օգտագործումը,

ժ. փողոցների երթևեկելի հատվածի, այդ թվում` մայթի, բակային տարածքի, հրապարակի, այգիների և պուրակների արահետների վերականգնում նախկինում եղած ճանապարհածածկի շերտերի հզորությամբ (հաստությամբ), իսկ եթե մայթը, հրապարակը, այգին և բակը եղել են սալիկապատ, ապա սալիկապատ հատվածի վերականգնում` նախկին վիճակով: Սույն պահանջները ամբողջությամբ չեն պահպանվում զուտ հողային աշխատանքների կատարման դեպքում,

ժա. փողոցների երթևեկելի հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման համար նախապես գրավոր իրազեկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությանը` միաժամանակ համաձայնեցնելով յուրաքանչյուր հատվածի աշխատանքների իրականացման օրերն ու ժամերը: Շինարարական աշխատանքները սկսելուց երկու օր առաջ, ըստ անհրաժեշտության, ակնառու դիրքում տեղադրված ցուցականով ազդարարել փողոցի տվյալ հատվածում մեքենաների կայանման արգելման մասին` նշելով օրերն ու ժամերը,

ժբ. փողոցների, մայթերի, բակերի քանդված ասֆալտբետոնյա ծածկի վերականգնումից առաջ կառուցապատողը կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է համապատասխան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցչին ներկայացնի ասֆալտբետոնյա ծածկի հատիկակազմի և խտության վերաբերյալ լաբորատոր եզրակացությունը,

ժգ. կառուցապատողը պարտավոր է անհետաձգելի (վթարների վերացում) և ոչ անհետաձգելի վերականգնողական աշխատանքների ընթացքում յուրաքանչյուր օր պարբերաբար մաքրել և լվանալ տարածքը, բացառել փոշու տարածումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո իրականացնել ամբողջ տարածքի սանիտարական մաքրումը,

ժդ. կառուցապատողը պարտավոր է հողային և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված շինարարական նորմերին համապատասխան: Ասֆալտբետոնե խառնուրդներն անհրաժեշտ է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը տաք և սառը խառնուրդներ կարող են տեղադրվել, եթե շրջակայքի ջերմաստիճանը համապատասխանաբար 50 C-ից և 100 C-ից ցածր չէ,

ժե. շինարարության թույլտվություն չպահանջող վթարների վերացման ժամանակ անհետաձգելի աշխատանքների կատարումից հետո տարածքները վերականգնել նախկին տեսքով` սույն կարգի բոլոր պահանջներին համապատասխան և վերականգնել պետությանը կամ համայնքին պատկանող հողամասի կամ ընդհանուր օգտագործման տարածքի նախկին վիճակը` մինչև շինարարական աշխատանքների կատարման թույլտվության ավարտը:

(7-րդ կետը փոփ. 25.12.2019 թիվ 177-Ն, 12.02.2021 թիվ 337-Ն, 27.06.2023 թիվ 815-Ն /որոշումն ունի անցումային դրույթ/,

26.12.2023 թիվ 49-Ն որոշումներ)

 

 

pin
Երևանի ավագանի
16.03.2012
N 405-Ն
Որոշում