Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ...

 

 

506.0033.020312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50612132

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 2012 թվականի N 33-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 142-Ն ԵՎ N 143-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի

N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների պաշտոնում նշանակված անձանց (այսուհետ` տնօրեն) ատեստավորման անցկացման պայմանները:

2. Ատեստավորումը` տնօրենի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է զբաղեցրած պաշտոնին:

3. Մինչև սույն ընթացակարգն ուժի մեջ մտնելը տնօրենի պաշտոնում նշանակված և այդ պաշտոնը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

4. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ տնօրենը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

5. Տնօրենի ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման և նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն է` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` պատասխանատու ստորաբաժանում):

6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների (այսուհետ` տնօրեն) ատեստավորումն անցկացնում է Մարզպետի որոշմամբ սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` բաղկացած 7 անդամից:

 

II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Մարզպետը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարում ատեստավորման ենթակա տնօրենների ցուցակը և ատեստավորումների անցկացման ժամանակացույցը:

8. Պատասխանատու ստորաբաժանումը ատեստավորման ենթակա տնօրեններին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնում է ատեստավորման անցկացման մասին և նրանց ապահովում է համապատասխան հարցաշարերով:

9. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ, թեստավորման և հարցազրույցի միջոցով:

 

III. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նախագահը ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող պատասխանատու ստորաբաժանումից ստանում է տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթեր (երկու օրինակից):

Ամփոփաթերթերի առաջին օրինակը բաղկացած է միևնույն կոդավորմամբ` կտրոնից և հիմնական մասից: Կոդերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը կոդավորված չէ: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի և հիմնական մասի վրա հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` վերևի ձախ մասում:

11. Հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը, ատեստավորվող տնօրենի (տնօրենների) ներկայությամբ, պատասխանատու ստորաբաժանման կողմից նախօրոք կազմված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է մեկ միասնական թեստ` բաղկացած 50 հարցերից ըստ համապատասխան ոլորտների և դրանց երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները:

Թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ իրավական ակտերի շրջանակներում`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք` 5 հարց.

3) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` 20 հարց.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք` 5 հարց.

5) տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող այլ իրավական ակտեր` 15 հարց:

 

IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

12. Թեստավորումն անցկացվում է գրավոր:

13. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում:

14. Սույն ընթացակարգով նախատեսված ատեստավորման ենթակա տնօրենը թեստավորման մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:

Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է տնօրենի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ:

Տնօրենի մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումը սկսելուց 10 րոպե առաջ:

Թեստավորմանը տնօրենին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր:

 

15. Հանձնաժողովի քարտուղարը տնօրենին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

16. Հանձնաժողովի քարտուղարը տնօրենին տալիս է սույն ընթացակարգի 10-րդ կետում նախատեսված ամփոփաթերթ` երկու օրինակից:

Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ:

17. Տնօրենի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է, իսկ մաքրած լինելու դեպքում աշխատանքը գնահատում է զրո միավոր:

18. Թեստավորման ժամանակ տնօրենը, կտրոնները հանձնելուց հետո, ստանում է թեստավորման առաջադրանքը:

19. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքը տնօրենին տրամադրելուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:

20. Թեստավորման սկիզբը հայտարարելուց հետո տնօրենը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ պատասխան:

Տնօրենը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որը արդյունքների գնահատման հիմք չի հանդիսանում և չի կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:

Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Եթե տնօրենը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

21. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան:

22. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, տնօրենը ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքը հանձնում է հանձնաժողովի անդամին: Տնօրենը, աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում է այն և դուրս գալիս սենյակից:

23. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար տնօրենին տրվում է 60 րոպե ժամանակ:

24. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է տնօրենին (տնօրեններին), թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

25. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո, տնօրենը պարտավոր է անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած տնօրենի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում զրո միավոր, ինչի մասին հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա:

 

V. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

26. Հանձնաժողովի անդամները ստուգում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը, որից հետո բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոնների ու հիմնական մասերի քանակը` կազմելով համապատասխան արձանագրություն:

27. Թեստավորման աշխատանքներն ստուգվում են սույն ընթացակարգի 11-րդ կետով նախատեսված թեստերի հետ միաժամանակ պատրաստված և մինչև թեստավորումն անցկացնելը կնքված արկղում զետեղված թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի միջոցով:

28. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, մեկառմեկ ստուգում են տնօրենների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները:

Յուրաքանչյուր տնօրենի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը, որը հաստատվում է հանձնաժողովի կնիքով:

29. Թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ոչ ճիշտ պատասխանի նշումը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն ընթացակարգի 21-րդ կետով նախատեսված դեպքը:

30. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո տնօրենները հրավիրվում են թեստավորման սենյակ:

31. Հանձնաժողովի նախագահի կողմից մեկառմեկ մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտը մաքրելուց հետո բարձրաձայն հայտարարվում է ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, ինչը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

32. Բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի վերաբերյալ սույն ընթացակարգի 31-րդ կետով նախատեսված գործողությունը կատարելուց հետո, հանձնաժողովի նախագահը բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը:

Յուրաքանչյուր տնօրեն ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստանում է իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում է իր կտրոնի համարը, ինչն անմիջապես արձանագրվում է: Չներկայացած տնօրենների կտրոնների ծածկաշերտերը նույնպես բացվում են բոլորի ներկայությամբ` հանձնաժողովի նախագահի կողմից, բարձրաձայն հայտարարվում են և արձանագրվում: Դրանից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարում է յուրաքանչյուր տնօրենի հավաքած միավորները (տոկոսները):

33. Միավորները (տոկոսը) հայտարարելուց անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

34. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել սույն ընթացակարգի 33-րդ կետում նշված հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում:

35. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում տնօրենի հավաքած միավորները հաշվելիս թույլ տված հնարավոր սխալի վիճարկումն է:

36. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել տնօրենի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր տնօրենների միավորներն ավելացվում են մեկ միավորով:

Եթե հանձնաժողովը պարզում է, որ տնօրենի բողոքը թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է տնօրենի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

37. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար սույն ընթացակարգի 34-րդ կետով նախատեսված ժամանակի ավարտից հետո, հանձնաժողովը որոշում է կայացնում առաջադրանքների 90 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված տնօրենի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին` համապատասխան գրառում կատարելով տնօրենի ատեստավորման թերթում (Ձև N 1):

Տնօրենն ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան տալու դեպքում:

38. Սույն ընթացակարգի 37-րդ կետի առաջին պարբերությունում նշված որոշումը տնօրենի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

VI. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

39. Տնօրենի հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են հինգ հարցից` 3 հարցը տվյալ բնագավառի իրավասությունը սահմանող իրավական ակտերից, 2 հարց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքից, տնօրենի զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակներում` նրա գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հարցատոմսերի հարցերը և պատասխանները չեն հրապարակվում:

40. Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցից առաջ, նրա ներկայությամբ, համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ընտրում է հարցերը, կազմում հարցատոմս ու համարակալում այն: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները: Տնօրենը ծանոթանում է հարցատոմսին և իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում հարցերին:

41. Հարցատոմսը ստանալուց հետո հարցազրույցին մասնակցող տնօրենին պատրաստվելու համար տրվում է 3 րոպե ժամանակ: Հարցատոմսի համարն արձանագրվում է:

42. Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին: Հարցազրույցի հարցատոմսի հարցերի վերաբերյալ տնօրենի կողմից տրված պատասխանը գնահատվում է ճիշտ կամ սխալ` հանձնաժողովի մասնագետ անդամի կողմից: Եթե տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամը բարձրաձայն հայտարարում է ճիշտ պատասխանը:

43. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում է:

Արձանագրության մեջ ամրագրվում է յուրաքանչյուր հարցը, հարցի վերաբերյալ տնօրենի տված պատասխանը, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի համապատասխան (նշելով նրա անունը, ազգանունը) անդամի գնահատականը (ճիշտ կամ սխալ լինելը), իսկ սխալ պատասխանի դեպքում հնչեցրած ճիշտ պատասխանը:

Արձանագրությունը ստորագրվում է այն կազմողի, տնօրենի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

44. Յուրաքանչյուր տնօրենի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է տնօրենի, հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը և հայրանունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

45. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

46. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկառմեկ հանում քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում տնօրենի ազգանունը, անունը և հայրանունը ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

47. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, հավասար ձայների դեպքում համարվում է ատեստավորված:

Հանձնաժողովը յուրաքանչյուր տնօրենի համար քվեարկության է դնում սույն ընթացակարգի 45-րդ կետի 1-ին ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկության մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն ընթացակարգի 45-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշումը:

 

VII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ՈՒ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

48. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր տնօրենի համար կազմում է ատեստավորման թերթ:

49. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամները ստորագրելիս նշում են այդ մասին` ստորագրության կողքին գրառելով «հատուկ կարծիքը կցվում է» բառերը:

50. Տնօրենը, ատեստավորման ավարտից հետո, ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

51. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումն անցկացնելուց հետո անմիջապես:

Ատեստավորման արդյունքների հրապարակման մասին կազմվում է ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկ, որը կնքվում է հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման հրապարակման թերթիկի մեջ նշվում է`

1) համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը.

2) ատեստավորման անցկացման վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև ատեստավորման արդյունքների հրապարակման ամսաթիվը և ժամը.

3) տնօրենի անունը, ազգանունը, հայրանունը և նրա վերաբերյալ հանձնաժողովի ընդունած որոշումը:

52. Ատեստավորման արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել տնօրենի կամ հանձնաժողովի անդամի կողմից:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը (այսուհետ` բողոք) քննության է առնում մարզպետը` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ:

Բողոքը պետք է տրվի ատեստավորման արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` պատասխանատու ստորաբաժանմանը, որն այն ստանալուց հետո սույն ընթացակարգի 55-րդ կետի 8-րդ - 11-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի պատճենների հետ անմիջապես ուղարկում է մարզպետին:

Պատասխանատու ստորաբաժանումը ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո պարտավոր է տեսանելի ցուցանակի վրա հրապարակել բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկություն: Բողոքի առկայության դեպքում հրապարակման մեջ պարտադիր պետք է նշվի տնօրենի (տնօրենների) անունը, ազգանունը և հայրանունը, ում ատեստավորման արդյունքների վերաբերյալ ներկայացվել է բողոք:

Բողոքը քննության է առնվում այն մարզպետարանի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքի քննարկման արդյունքում մարզպետն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) ատեստավորման արդյունքը տնօրենի վերաբերյալ անփոփոխ թողնելու մասին.

2) տնօրենի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին:

Սույն կետի վեցերորդ պարբերության 1-ին ենթակետով նախատեսված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

53. Ատեստավորման արդյունքների հրապարակումից հետո, սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, հանձնաժողովից ստացված ատեստավորման թերթը պատասխանատու ստորաբաժանումը ներկայացնում է մարզպետին:

Սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով ատեստավորման թերթի հետ միաժամանակ ներկայացվում է նաև սույն ընթացակարգի 47-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:

54. Հանձնաժողովի աշխատանքների ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի նախագահը պատասխանատու ստորաբաժանմանը հանձնում է հանձնաժողովի կնիքը, ինչպես նաև չօգտագործած ամփոփաթերթերը:

55. Հանձնաժողովը հանձնման ակտով, պատասխանատու ստորաբաժանմանը փոխանցում է ատեստավորման փաթեթը, որն իր մեջ սույն ընթացակարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերից բացի ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված հետևյալ փաստաթղթերը`

1) հանձնաժողովի կնիքի և տնօրենների քանակին համապատասխան թվով կնքված ամփոփաթերթերի ստացման մասին ստացականը.

2) տնօրենների և հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.

3) ամփոփաթերթի ծածկաշերտի թերությունների մասին (այդպիսիք լինելու դեպքում) արձանագրությունը.

4) հանձնաժողովի կողմից ամփոփաթերթերի համար նախատեսված արկղի կնիքի ամբողջականությունը ստուգելու, արկղը բացելու և արկղից դուրս բերված ամփոփաթերթերի հիմնական մասերի կտրոնների ու թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշի մասին արձանագրությունը.

5) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին արձանագրությունը.

6) հարցազրույցի փուլ անցած տնօրենների ցուցակը.

7) հարցազրույցը թեստավորման ավարտից հետո անցկացնելու օրվա մասին որոշումը.

8) տնօրենների հետ հարցազրույց անցկացնելու մասին արձանագրությունը.

9) քվեարկությունների արդյունքների տնօրենների հավաքած ձայների մասին արձանագրությունը.

10) զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին որոշումը.

11) զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը.

12) թեստավորման առաջադրանքները.

13) թեստավորման արդյունքների ճիշտ պատասխանների ձևանմուշը.

14) քվեաթերթիկները.

15) ատեստավորման թերթիկները.

16) ատեստավորման արդյունքների հրապարակման թերթիկը.

17) այլ փաստաթղթեր:

Պատասխանատու ստորաբաժանումը սույն ընթացակարգի 52-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության մասին կազմում է տեղեկանք և կցում ատեստավորման փաթեթին:

 

VIII. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏՆՕՐԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

56. Մարզպետը` տնօրենի ատեստավորման թերթը, իսկ սույն ընթացակարգի 53-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում նաև սույն ընթացակարգի 52-րդ կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված որոշումները ստանալուց հետո, դրանց համապատասխան, եռօրյա ժամկետում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տնօրենի հետ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր.

2) տնօրենին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ընթացքում ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունվում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից` եռօրյա ժամկետում:

 

IX. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

57. Սույն ընթացակարգի դրույթների խախտման դեպքում տվյալ տնօրենի ատեստավորումը կարող է ճանաչվել անվավեր դատական կարգով:

 

Ձև N 1

 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

(Տնօրենի)

 

Ատեստավորման եղանակը.

թեստավորման և հարցազրույցի

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնին

նշանակվելու տարեթիվը ______________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)` _______________________________

5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ___________

անդամներ, որից կողմ են քվեարկել ___________________ անդամ:

6. Թեստավորման և հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի

ընդունած որոշումը _________________________________________________

___________________________________________________________________

 

    Հանձնաժողովի նախագահ`    ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

    Հանձնաժողովի անդամներ`   ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

                             ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

                             ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

                             ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

                             ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

                             ____________________      ________________

                               անունը, ազգանունը        ստորագրություն

 

 

pin
Կոտայքի մարզպետ
02.02.2012
N 33-Ն
Որոշում