Սեղմել Esc փակելու համար:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆ ...

 

 

040.0351.290312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2012 թվականի N 351-Ն

 

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՅԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

(6-րդ մաս)

 

3. Ամրության և կիպության համար օդաճնշական փորձարկումներ

 

455. Մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) պայմանական ճնշումով (Pպ) խողովակաշարերի ամրության համար օդաճնշական փորձարկումները պետք է կատարվեն հաշվի առնելով կանոնների 435-րդ կետի պահանջները, իսկ ավելի բարձր ճնշման դեպքում` հաշվի առնելով 436-րդ կետի պահանջները:

456. Փորձարկման ճնշման մեծությունը պետք է ընդունել կանոնների 445-րդ, 446-րդ և 447-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:

457. Օդաճնշական փորձարկումները պետք է կատարվեն օդով կամ իներտ գազով, և միայն օրվա լուսավոր ժամանակ:

458. Խողովակաշարի վրա գորշ թուջից արմատուրի տեղակայման դեպքում ամրության համար փորձարկման ճնշման մեծությունը պետք է լինի 0,4 ՄՊա (4 կգուժ/սմ2)-ից ոչ ավելի:

459. Գործող արտադրամասերում, ինչպես նաև ցցաթմբերի վրա և առուներում տեղաբաշխված ու շահագործման մեջ գտնվող խողովակաշարերի ամրության համար օդաճնշական փորձարկումները թույլատրվում է կատարել նախագծային և փորձարկման փաստաթղթերում անվտանգ եղանակներով հիմնավորված լինելու դեպքում:

460. Օդաճնշական փորձարկումները պետք է կատարվեն նախագծային փաստաթղթերում սահմանված կարգով և խողովակաշարերը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված փաստաթղթերով:

461. Խողովակաշարերի ամրության համար օդաճնշական փորձարկումների ժամանակ, ճնշման բարձրացումը պետք է կատարել սահուն, պայմանական ճնշումից (Pպ) րոպեում 5%-ին հավասար արագությամբ, բայց րոպեում 0,2 ՄՊա (2 կգուժ/սմ2)-ից ոչ ավելի` խողովակաշարի վրա կատարելով պարբերական զննումներ հետևյալ փուլերում`

1) մինչև 0,2 ՄՊա (2 կգուժ/սմ2) աշխատանքային ճնշման դեպքում` զննումը կատարվում է փորձարկման ճնշման 0,6 (60%)-ին հավասար ճնշման ժամանակ և աշխատանքային ճնշման ժամանակ.

2) 0,2 ՄՊա (2 կգուժ/սմ2)-ից ավելի աշխատանքային ճնշման դեպքում` զննումը կատարվում է փորձարկման ճնշման 0,3 (30%)-ին և 0,6 (60%)-ին հավասար ճնշման ժամանակ ու աշխատանքային ճնշման ժամանակ.

3) արգելվում է զննում կատարելու ժամանակահատվածում ճնշման բարձրացումը: Արգելվում է զննման ժամանակ մուրճով թխթխկացնել ճնշման տակ գտնվող խողովակաշարը.

4) զննման ժամանակ հոսաթողումների տեղերը որոշվում են արատներից դուրս եկող օդի ձայնով, ինչպես նաև եռակցման կարանները և կցաշուրթային միացումներն օճառի էմուլսիայով պատման ժամանակ դուրս եկած պղպջակներով կամ այլ եղանակներով.

5) զննման ժամանակ բացահայտված արատները պետք է վերացվեն խողովակաշարերում ավելցուկային ճնշումը մինչև զրո իջեցնելուց և ճնշակն անջատելուց հետո:

462. Ամրության համար օդաճնշական փորձարկումների կատարման ժամանակահատվածում, շենքում և դրանից դուրս տեղաբաշխված խողովակաշարերի համար պետք է սահմանված լինեն պաշտպանության (անվտանգության) գոտիների սահմանները: Խողովակաշարերի վերգետնյա տեղադրման դեպքում գոտու նվազագույն հեռավորությունը պետք է լինի 25 մ-ից ոչ պակաս, իսկ ստորգետնյա տեղադրման դեպքում` 10 մ-ից ոչ պակաս: Գոտու սահմանները` համաձայն փորձարկման փաստաթղթերի պահանջների, պետք է ցանկապատվեն և անվտանգության նշաններ փակցվեն:

463. Արգելվում է անվտանգության գոտում մարդկանց գտնվելն ամրության համար փորձարկման ժամանակ խողովակաշարերում ճնշումը բարձրացնելու և փորձարկման ճնշման արժեքին հասնելու ժամանակահատվածներում: Խողովակաշարի վերջնական զննումը պետք է կատարել նախագծով սահմանված կարգով և միայն փորձարկման ճնշումը մինչև հաշվարկային ճնշման արժեքն իջեցնելուց հետո:

464. Խողովակաշարերի օդաճնշական փորձարկումների կատարման ժամանակ օգտագործվող ճնշակը և ճնշաչափերը պետք է տեղակայվեն վտանգավոր գոտու սահմաններից դուրս:

465. Փորձարկման գործընթացին հետևելու համար պետք է վտանգավոր գոտուց դուրս հատուկ դիտակետեր տեղակայվեն: Դիտակետերի թիվը որոշվում է փորձարկման պայմաններից ելնելով, որպեսզի գոտու պաշտպանությունը և անվտանգությունը հուսալի ապահոված լինեն:

 

4. Խողովակաշարերի լվացումը և փչամաքրումը

 

466. Խողովակաշարերը պետք է լվացվեն և փչամաքրվեն նախագծի ցուցումներին համապատասխան: Լվացումը կարող է իրականացվել ջրով, յուղով, քիմիական ազդանյութերով և թույլատրվող այլ նյութերով: Փչամաքրումը կարող է իրականացվել սեղմված օդով, գոլորշիով (շոգիով) կամ իներտ գազով:

467. Ջրով լվացումը պետք է իրականացվի 1./.1,5 մ/վրկ արագությամբ: Լվացումից հետո խողովակաշարը պետք է լրիվ դատարկվի և փչամաքրվի օդով կամ իներտ գազով:

468. Խողովակաշարերի փչամաքրումը պետք է կատարվի աշխատանքային ճնշմանը հավասար ճնշման տակ, բայց 4 ՄՊա (40 կգուժ/սմ2)-ից ոչ ավելի: Մինչև 0,1 ՄՊա (1 կգուժ/սմ2) ավելցուկային ճնշման տակ կամ վակուումում աշխատող խողովակաշարերի փչամաքրումը պետք է իրականացվի 0,1 ՄՊա (1 կգուժ/սմ2)-ից ոչ ավելի ճնշման տակ:

469. Փչամաքրման տևողությունը, եթե նախագծում հատուկ ցուցումներ չկան, պետք է 10 րոպեից պակաս չլինի:

470. Լվացման (փչամաքրման) ժամանակահատվածում հանվում են խտրոցները, սարքերը, կարգավորիչ ու ապահովիչ արմատուրները և տեղակայվում են կոճեր ու խցափակիչներ:

471. Խողովակաշարի լվացման կամ փչամաքրման ժամանակահատվածում, փակուղային տեղամասերում կամ դատարկման գծերի վրա տեղակայված արմատուրները պետք է լրիվ բացված լինեն, իսկ լվացման կամ փչամաքրման ավարտից հետո մանրակրկիտ զննվեն և մաքրվեն:

472. Չափիչ խտրոցների փոխարեն տեղակայված հավաքակցման տափօղակները պետք է փոխարինվեն աշխատանքային խտրոցներով միայն խողովակաշարի լվացման կամ փչամաքրման ավարտից հետո:

 

5. Հերմետիկության համար լրացուցիչ փորձարկումը

 

473. Ա, Բ (ա), Բ (բ) խմբերի բոլոր խողովակաշարերն, ինչպես նաև վակուումային խողովակաշարերը,բացի ամրության և կիպության համար սովորական փորձարկումներից, պետք է հերմետիկության համար լրացուցիչ օդաճնշական փորձարկման ենթարկվեն` որոշելով ճնշման անկումը: Մնացած խողովակաշարերի հերմետիկության համար լրացուցիչ փորձարկումների անհրաժեշտությունը որոշվում է նախագծով: Տեխնոլոգիական սարքավորման հետ շրջակապող խողովակաշարերը պետք է փորձարկվեն այդ սարքավորման հետ համատեղ:

474. Հերմետիկության համար լրացուցիչ փորձարկումը պետք է կատարել օդով կամ իներտ գազով, խողովակաշարի ամրության և կիպության համար փորձարկումներ, լվացում և փչամաքրում կատարելուց հետո:

475. Հերմետիկության համար լրացուցիչ փորձարկումը պետք է կատարել աշխատանքային ճնշմանը հավասար ճնշումով, իսկ վակուումային խողովակաշարերի համար` 0,1 ՄՊա (1 կգուժ/սմ2) ճնշումով:

476. Լրացուցիչ փորձարկումների տևողությունը, կառուցվող միջարտադրամասային, ներարտադրամասային և միջգործարանային խողովակաշարերի համար պետք է լինի 24 ժամից ոչ պակաս ու յուրաքանչյուր փորձարկման ենթակա խողովակաշարի համար նշված լինի նախագծային փաստաթղթերում: Պարբերական փորձարկման ժամանակ, ինչպես նաև խողովակաշարի կազմատման և եռակցման հետ կապված վերանորոգման ավարտից հետո լրացուցիչ փորձարկման տևողությունը պետք է լինի 4 ժամից ոչ պակաս:

477. Կազմատման և եռակցման հետ կապված վերանորոգում անցած, հավաքակցված տեխնոլոգիական խողովակաշարերի հերմետիկության համար լրացուցիչ օդաճնշական փորձարկման արդյունքները բավարար են համարվում.

1) եթե մինչև 250 մմ-ը` ներառյալ արտաքին տրամագծով Ա խմբի և վակուումային խողովակաշարերի համար ճնշման անկման արագությունը ժամում կազմում է 0,1%-ից ոչ ավելի և Բ (ա), Բ (բ) խմբերի խողովակաշարերի համար` 0,2%-ից ոչ ավելի: Այլ խմբերի նյութեր փոխադրող խողովակաշարերի համար ճնշման անկման արագությունը սահմանվում է նախագծով.

2) 250 մմ-ից ավելի մեծ տրամագծով խողովակաշարերի փորձարկման ժամանակ ճնշման անկման արագությունները որոշվում են սույն կետի 1-ին ենթակետում բերված մեծությունները բազմապատկելով K ուղղման (ճշգրտման) գործակիցով, որի արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

250

K = _____

 

որտեղ` Dն-փորձարկվող խողովակաշարի ներքին տրամագիծն է մմ-ով.

ա. եթե փորձարկվող խողովակաշարը բաղկացած է տարբեր տրամագծեր ունեցող տեղամասերից, դրա միջին (Dմ) ներքին տրամագիծը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

(D1.2L1 + D2.2L2 + - - - - Dn.2Ln)

Dմ = _____________________________________

(D1.L1 + D2.L2 + - - - - Dn.Ln)

 

որտեղ`

D1, D2... Dn` տեղամասերի ներքին տրամագծերն են մետրով (մ).

L1 L2... Ln` խողովակաշարի համապատասխան ներքին տրամագծերով տեղամասերի երկարություններն են մետրով (մ).

3) հերմետիկության համար խողովակաշարի փորձարկման ժամանակահատվածում ճնշման անկումը խողովակաշարում որոշվում է հետևյալ բանաձևով`

 

/\ P = (1 - Pվ ____ Tվ)

 

որտեղ`

/\ P- փորձարկման ճնշումից ճնշման անկումն է %-ով.

Pս, Pվ - փորձարկման սկզբում և վերջում ճնշաչափական (ճնշաչափի) և բարոմետրական (բարոմետրի) ճնշումների գումարն է, ՄՊա (կգուժ/սմ2).

Tս, Tվ, - փորձարկման սկզբում և վերջում խողովակաշարում ջերմաստիճանն է, Կելվին (Կ).

4) խողովակաշարում ճնշումը և ջերմաստիճանը որոշվում է փորձարկման ժամանակահատվածում դրա վրա տեղակայված ճնշաչափերի և ջերմաչափերի ցուցմունքների միջին թվաբանական արժեքներով:

478. Ճնշման անկումը որոշելով հերմետիկության համար փորձարկումը թույլատրվում է կատարել միայն խողովակաշարում ջերմաստիճանները հավասարվելուց հետո: Խողովակաշարում ջերմաստիճանի նկատմամբ դիտարկումներ կատարելու համար պետք է խողովակաշարի փորձարկվող տեղամասի սկզբում և վերջում ջերմաչափեր տեղակայվեն:

479. Հերմետիկության համար լրացուցիչ օդաճնշական փորձարկումների ավարտից հետո, յուրաքանչյուր խողովակաշարի համար, պետք է կազմվի համապատասխան ակտ:

 

6. Հավաքակցված խողովակաշարի հանձնումը և ընդունումը

 

480. Խողովակաշարի հանձնումը և ընդունումը պետք է իրականացվի նախագծային փաստաթղթերի և կանոնների պահանջներին համապատասխան:

481. Խողովակաշարի կարգաբերման և գործարկման աշխատանքներից առաջ պետք է պատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն, այդ թվում` խողովակաշարի հավաքակցման վկայականը:

482. Վկայականին կցվող տեղամասերի կատարողական գծագրերը պետք է կատարվեն սարքավորմանը կամ փակիչ արմատուրին առկցման սահմաններում առանցքաչափական պատկերի տեսքով և առանց մասշտաբի: Գծագրերում պետք է ներառված լինեն խողովակաշարերի տարրերի համարակալումները և եռակցման միացումների համարակալումներն` առանձնացնելով հավաքակցման կարանները: Մեկուսապատման ենթակա կամ անանցանելի առուներում տեղադրվող խողովակաշարերի համար պետք է նշվեն եռակցման միացումների միջև հեռավորությունները: Կատարողական գծագրում և հավաքակցման մասին վկայականում եռակցման միացումների համարակալումները պետք է լինեն միասնական: 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) և ավելի պայմանական ճնշումով (Pպ) խողովակաշարերի համար պետք է համարակալվեն նաև հանվող (կազմատվող) միացումները: Կատարողական գծագրերին պետք է կցվեն պատրաստման և հավաքակցման ժամանակ կիրառված մանրակների և պատրաստվածքների անվանացուցակները:

483. Տեխնոլոգիական խողովակաշարի հավաքակցման ժամանակ թաքնված աշխատանքների ցուցակները նշվում է փաստաթղթում: Թաքնված աշխատանքների վկայագրումը պետք է կատարել հաջորդ աշխատանքներն սկսելուց առաջ:

484. Խողովակաշարերի հավաքակցման ժամանակ կիրառվող հավաքման միավորների, մանրակների և նյութերի փաստաթղթերի ցուցակը պետք է մտցվեն հավաքակցման մասին վկայականի կազմում:

485. Նախագծում նշված տեխնոլոգիական բլոկների կամ տեխնոլոգիական հանգույցների համար պետք է լրակազմել խողովակաշարերի տեղամասերի հավաքակցման մասին վկայական:

 

X. ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Սպասարկում

 

486. Խողովակաշարերի սպասարկումը պետք է կատարել նախագծին, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

487. Խողովակաշարերի սպասարկումն իրականացնող սպասարկող անձնակազմը պետք է սահմանված կարգով նախապատրաստում և գիտելիքների ստուգում անցնեն, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ:

488. Ըստ յուրաքանչյուր տեղակայանքի (արտադրամասի, արտադրության) պետք է կազմվեն խողովակաշարերի ցուցակներ, կարգագիր-թույլտվությամբ և աշխատանքների կատարման նախագծի մշակմամբ վտանգավոր աշխատանքների, վերանորոգման ու զննման ենթակա տեխնիկական սարքավորումների ցանկեր և կատարման ժամկետների գրաֆիկներ և մշակվեն շահագործման փաստաթղթեր, այդ թվում`

1) կազմակերպության ստանդարտով սահմանված`

ա. տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգեր,

բ. վթարային իրավիճակների վերացման և տեղայնացման պլան,

գ. արտադրական, տեխնոլոգիական, հավաքակցման, գործարկման, կարգաբերման, նախնական փորձարկման և փորձարկման (բեռնվածքի տակ և առանց բեռնվածքի), փչամաքրման, լվացման ու վերանորոգման (այդ թվում` պլանային, ընթացիկ և վթարային), աշխատանքի պաշտպանության, էլեկտրա և հրդեհային անվտանգության ու այլ պարտադիր հրահանգներ:

489. I, II, III կարգերի ցածր ճնշման [մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) ներառյալ] և բարձր ճնշման [10 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ավելի] բոլոր խողովակաշարերի համար, ինչպես նաև խողովակաշարի մետաղի 0,5 մմ/տարի արագությամբ կերամաշում առաջացնող նյութեր փոխադրող բոլոր կարգերի խողովակաշարերի համար պետք է կազմվեն խողովակաշարերի անձնագրեր:

490. Խողովակաշարի անձնագիրը պահվում է սահմանված կարգով:

491. Յուրաքանչյուր տեղակայանքի խողովակաշարերի համար պետք է շահագործման գրանցամատյան ունենալ:

492. Ջրածնապարունակ միջավայրերում աշխատող տեխնոլոգիական խողովակաշարերի տեխնիկական վիճակի գնահատման նպատակով պետք է պարբերական զննումներ իրականացվեն:

493. Բարձր ճնշման խողովակաշարերի համար պետք է ունենալ պարբերական փորձարկումների և վկայագրումների հաշվառման գրանցամատյան:

494. 400 oC և բարձր ջերմաստիճանում աշխատող ածխածնային և սիլիցիումամանգանային պողպատներից խողովակաշարերում, ինչպես նաև քրոմամոլիբդենային պողպատից (աշխատանքային ջերմաստիճանը 500 oC և բարձր) ու բարձր լեգիրված աուստենիտային պողպատից (աշխատանքային ջերմաստիճանը 550 oC և բարձր) խողովակաշարերում պետք է մնացորդային ձևափոխությունների աճի նկատմամբ սահմանված կարգով հսկողություն իրականացնել:

 

2. Շահագործում

 

495. Խողովակաշարերի շահագործման ընթացքում, կազմակերպությունում դրանց սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության համար, պատասխանատու համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական կադրերը պետք է մշտական հսկողություն իրականացնեն խողովակաշարի և դրա տարրերի (եռակցման կարաններ, կցաշուրթային միացումներ, արմատուրներ և այլն), հակակերամաշման պաշտպանության և մեկուսապատվածքի, ցամաքուրդային կոնստրուկցիաների, ազդազերծիչների, հենարանային կոնստրուկցիաների և այլնի վրա` յուրաքանչյուր ամսում արդյունքների վերաբերյալ գրանցումներ կատարելով շահագործման գրանցամատյանում: Խողովակաշարերի սարքին վիճակի պահման և անվտանգ շահագործման ու հսկողության համար պատասխանատու ճարտարագիտատեխնիկական կադրերը, համաձայն կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է առնվազն երեք տարին մեկ անգամ անցնեն մասնագիտական որակավորման ստուգում և ուսուցում:

496. Խողովակաշարերի անվտանգ շահագործումը պետք է իրականացնել տեխնոլոգիական գործընթացները կանոնակարգող գործելակարգերով սահմանված կարգով` հաշվի առնելով արտադրող կազմակերպությունների կողմից առաքված դրանց տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջները:

497. Պարբերական վերահսկողության ժամանակ պետք է ստուգվեն`

1) արտաքին զննմամբ` խողովակաշարերի տեխնիկական վիճակը, և անհրաժեշտության դեպքում չքայքայող վերահսկողությամբ` ծանրաբեռնված տեղամասերը, բարձրացված կերամաշման և քայքայամաշման ենթարկվող տեղերը և այլն.

2) խողովակաշարերի անվտանգ շահագործման համար նախորդ զննումների ժամանակ արված դիտողությունների վերացումը և միջոցառումների կատարումը.

3) խողովակաշարերի սպասարկման, շահագործման և վերանորոգման համար տեխնիկական փաստաթղթերի վարման կարգը և լիարժեքությունը:

498. Շահագործման ժամանակահատվածում թրթռման ենթարկվող խողովակաշարերն, ինչպես նաև այդ խողովակաշարերի համար հենարանների և ցցաթմբերի տակի հիմքերը պետք է թրթռումների հաճախության ու ամպլիտուդաների նկատմամբ մանրակրկիտ դիտարկման ենթարկվեն` գործիքային (սարքերի) վերահսկողության կիրառմամբ: Թրթռման 40 Հց-ից ոչ ավելի հաճախության դեպքում, տեխնոլոգիական խողովակաշարերի թրթռման առավելագույն թույլատրելի ամպլիտուդան պետք է լինի 0,2 մմ: Ընդ որում, բացահայտված արատները պետք է վերացվեն: Խողովակաշարերի վիճակից և տվյալ պայմաններից կախված պարբերական զննումների ժամկետները սահմանվում են տեխնիկական փաստաթղթերում, բայց պետք է կատարվեն ոչ պակաս, քան յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

499. Բաց եղանակով կամ վերգետնյա տեղաբաշխված խողովակաշարերի արտաքին զննումը պարբերական հետազննությունների ժամանակ թույլատրվում է կատարել առանց ջերմա և հակակերամաշման մեկուսապատվածքի հեռացման, ընդ որում, մեկուսապատվածքի մասնակի կամ լրիվ հեռացումը թույլատրվում է կատարել միայն տեխնիկական փաստաթղթերում հիմնավորված լինելու անհրաժեշտության դեպքում:

500. Անանցանելի առուներում կամ հողում, կամ ստորգետնյա եղանակով տեղաբաշխված խողովակաշարերի արտաքին զննումը պետք է կատարվի`

1) 2 մ-ից ոչ պակաս երկարությամբ առանձին տեղամասերի բացման ճանապարհով: Տեղամասերի թիվը սահմանվում է նախագծային փաստաթղթերում` կախված խողովակաշարերի շահագործման պայմաններից.

2) եթե արտաքին զննման ժամանակ բացահայտվել են հանվող (կազմատվող) միացումների անկիպություններ, ապա ճնշումը խողովակաշարում պետք է իջեցնել մինչև մթնոլորտայինը, տաք խողովակաշարերի ջերմաստիճանը պետք է իջեցնել մինչև 60 oC, իսկ արատները վերացվեն` պահպանելով կատարվող աշխատանքների անվտանգությունն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ կիրառելով.

3) այնպիսի արատների բացահայտման դեպքում, որոնց վերացումը պահանջում է կրակային աշխատանքների կիրառում, պետք է խողովակաշարը կանգնեցվի, տեխնոլոգիական գործընթացները դադարեցվեն և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան խողովակաշարը նախապատրաստվի վերանորոգման աշխատանքների կատարման:

501. Խողովակաշարերի արտաքին զննումների կատարման ժամանակ պետք է ստուգվեն խողովակաշարի`

1) թրթռումը.

2) ջերմա և հակակերամաշման մեկուսապատվածքի վիճակը.

3) եռակցման կարանների վիճակը.

4) կցաշուրթային և օղագոտային միացումների, ամրակների ու սարքերի տեղակայման համար ամրակապերի վիճակը.

5) հենարանների վիճակը.

6) փոխհատուցիչ (ազդազերծիչ) սարքերի վիճակը.

7) ցամաքուրդային կոնստրուկցիաների վիճակը.

8) արմատուրների և դրանց կիպարարների վիճակը.

9) մնացորդային ձևափոխությունների չափման համար հենանիշերի վիճակը.

10) եռակցման եռաբաշխիկային միացումների, կորացումների և ճյուղավորումների վիճակը:

 

3. Խողովակաշարերի զննման-վկայագրմանը ներկայացվող պահանջներ

 

502. Տեխնոլոգիական խողովակաշարերի անվտանգ և հուսալի շահագործման համար հիմնական եղանակ է համարվում պարբերական զննում-վկայագրումը (այսուհետ` վերստուգում), որն իրականացվում է շահագործող կազմակերպության կողմից, կամ մասնագիտացված փորձագիտական կազմակերպության կողմից սահմանված կարգով կատարվող հետազոտական աշխատանքների հիման վրա: Վերստուգումների արդյունքները հիմք են հանդիսանում խողովակաշարերի և դրանց տարրերի վիճակի գնահատման, ծառայության ժամկետի երկարացման, հետագա շահագործման հնարավորության համար:

503. Մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) ճնշումով խողովակաշարերի վերստուգումների կատարման ժամկետները սահմանվում են կախված խողովակաշարերի կերամաշման, քայքայամաշման արագությունից, շահագործման պայմաններից, նախկինում կատարված զննումների և ստուգումների արդյունքներից ու նշվում են խողավակաշարի անձնագրում: Խողովակաշարերի վերստուգումների կատարման ժամկետները, որպես կանոն, չպետք է պակաս լինեն N 24 աղյուսակում նշված ժամկետներից:

 

Աղյուսակ N 24

 

Մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) ճնշումով տեխնոլոգիական

խողովակաշարերի վերստուգումների կատարման պարբերականությունը

 

._____________________________________________________________________.

|Փոխադրվող միջավայրերը       |Խողո- |Կերամաշման արագությունից կախված, |

|                            |վակա- |մմ/տարի, վերստուգումների կատարման|

|                            |շարի  |պարբերականությունը               |

|                            |կարգը |_________________________________|

|                            |      |0,5-ից    | 0,1-0,5  |մինչև  0,1 |

|                            |      |ավելի     |          |           |

|____________________________|______|__________|__________|___________|

|Թունավոր ներգործությամբ     |I և   |ոչ պակաս  |ոչ պակաս 2|ոչ պակաս 3 |

|նյութեր` 1-ին, 2-րդ և  3-րդ |II    |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|դասերի արտակարգ, բարձր և    |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|չափավոր վտանգավոր նյութեր ու|      |          |          |           |

|բարձրաջերմաստիճան օրգանական |      |          |          |           |

|ջերմակիրներ`                |      |          |          |           |

|(Ա խմբի միջավայրեր)         |      |          |          |           |

|____________________________|______|__________|__________|___________|

|Պայթյունա և  հրդեհավտանգավոր|I և   |ոչ պակաս  |ոչ պակաս 2|ոչ պակաս 3 |

|նյութեր` այրվող գազեր (ԱԳ), |II    |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|այդ թվում` հեղուկացված      |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|ածխաջրածնային գազեր (ՀԱԳ),  |______|__________|__________|___________|

|դյուրավառ հեղուկներ (ԴՎՀ)`  | III  |ոչ պակաս  |ոչ պակաս 3|ոչ պակաս 4 |

|[Բ(ա), Բ(բ) խմբերի          |      |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|միջավայրեր]                 |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|____________________________|______|__________|__________|___________|

|Այրվող հեղուկներ (ԱՀ)`      |I և   |ոչ պակաս  |ոչ պակաս 2|ոչ պակաս 3 |

|[Բ(գ) խմբի միջավայրեր]      |II    |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|                            |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|                            |______|__________|__________|___________|

|                            |III և |ոչ պակաս  |ոչ պակաս 3|ոչ պակաս 4 |

|                            |IV    |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|                            |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|____________________________|______|__________|__________|___________|

|Դժվարավառ (ԴՎ) և  չայրվող   |I և   |ոչ պակաս 2|ոչ պակաս 4|ոչ պակաս 6 |

|(ՉԱ) նյութեր`               |II    |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|(Գ խմբի միջավայրեր)         |      |անգամ     |անգամ     |անգամ      |

|                            |______|__________|__________|___________|

|                            |III,  |ոչ պակաս 3|ոչ պակաս 6|ոչ պակաս 8 |

|                            |IV և  |տարին մեկ |տարին մեկ |տարին մեկ  |

|                            |V     |անգամ     |անգամ     |անգամ      |

._____________________________________________________________________.

 

504. Բարձր ճնշման [10 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ավելի] խողովակաշարերի համար նախատեսվում են վերստուգումների կատարման հետևյալ տեսակները` ընտրանքային և լրիվ: Ընտրանքային վերստուգման ժամկետները սահմանվում են շահագործման պայմաններից կախված, բայց ոչ պակաս 4 տարին մեկ անգամ: Ոչ ագրեսիվ կամ թույլ ագրեսիվ միջավայրեր փոխադրող խողովակաշարերի առաջին ընտրանքային վերստուգումը պետք է իրականացնել ոչ ուշ, քան շահագործման հանձնելուց 2 տարի հետո:

505. Խողովակաշարերի վերստուգման հետաձգումը կազմակերպությունում թույլատրվում է կատարել սահմանված կարգով նախագծային կամ փորձագիտական կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո, բայց այն չի կարող գերազանցել մեկից ավելի տարի, հաշվի առնելով դրանց հետագա հուսալի շահագործումն ապահովող նախորդ վերստուգման և տեխնիկական վիճակի արդյունքները:

506. Վերստուգման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել հատուկ բարդ պայմաններում աշխատող տեղամասերին, որտեղ կերամաշման, քայքայամաշման, թրթռման և այլ պատճառների հետևանքով ավելի հավանական է խողովակաշարի առավելագույն մաշվածություն: Դրանց են վերաբերում այն տեղամասերը, որտեղ փոխվում են նյութական հոսքերի ուղղությունները (ծնկեր, եռաբաշխիկներ, մակակտրվածքներ, ցամաքուրդային կոնստրուկցիաներ, ինչպես նաև արմատուրներից առաջ և հետո խողովակաշարի տեղամասերը) և, որտեղ հնարավոր է կերամաշում առաջացնող նյութերի խոնավության կուտակումներ (փակուղային և ժամանակավոր չաշխատող տեղամասեր):

507. Վերստուգումը պետք է կատարել միայն բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո:

508. Մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) ճնշումով խողովակաշարերի վերստուգման ժամանակ պետք է`

1) խողովակաշարի արտաքին զննում կատարել.

2) չքայքայող վերահսկողության սարքերով չափել խողովակաշարի պատի հաստությունն, իսկ անհրաժեշտության դեպքում հաստությունը չափել միջանցիկ գայլիկոնմամբ, անցքի հետագա եռալցմամբ.

3) շահագործման տվյալ պայմաններից կախված և փաստաթղթերով որոշել հաստաչափության կատարման համար տեղամասերի քանակն ու չափման կետերի թիվը յուրաքանչյուր տեղամասի համար.

4) պատի հաստությունը չափել ավելի բարդ պայմաններում աշխատող տեղամասերի վրա (ծնկերում, եռաբաշխիկներում, մակակտրվածքներում, խողովակաշարի նեղացման տեղերում, արմատուրներից առաջ և դրանցից հետո, կերամաշում առաջացնող նյութերի խոնավության կուտակման տեղերում, լճացման գոտիներում, ցամաքուրդներում), ինչպես նաև խողովակաշարի ուղիղ տեղամասերում: Ընդ որում, մինչև 20 մ երկարությամբ ներկառուցված խողովակաշարերի և մինչև 100 մ երկարությամբ միջարտադրամասային խողովակաշարերի ուղիղ տեղամասերի վրա պատերի հաստության չափումն անհրաժեշտ է կատարել երեքից ոչ պակաս տեղերում.

5) բոլոր դեպքերում, յուրաքանչյուր տեղում պատի հաստության հսկողությունը կատարել ըստ պարագծի` 3./.4 կետերում, իսկ արմունկների վրա` ըստ ուռուցիկ և գոգավոր մասերի` առնվազն 4./.6 կետերում.

6) ապահովել չափումների կատարման ճշգրտությունը և ճշտությունը` բացառելով դրանց վրա կողմնակի մարմինների ազդեցությունը (ծլեպների, էլեկտրոդային կոքսի, կերամաշման արգասիքների և այլնի).

7) չափման արդյունքները գրանցել խողովակաշարի անձնագրում.

8) շրջանցում (կողանցում) չունեցող մշտական գործող ջահային գծերի վերստուգումը կատարել առանց դրանց անջատման` պատի հաստությունը չափելով անդրաձայնային հաստաչափիչներով և կցաշուրթային միացումներն օճառի լուծույթով պատելով.

9) տվյալ խողովակաշարի յուրաքանչյուր տեղամասի համար որոշել ջերմա և հակակերամաշման մեկուսապատվածքի մասնակի կամ լրիվ հեռացման տեղերը.

10) կցաշուրթերի շուրթերի (օձիքների) վերստուգումը կատարել ներքին զննմամբ (խողովակաշարի կազմատման ժամանակ) կամ ըստ կցաշուրթի շուրթի շրջագծի երեքից ոչ պակաս կետերում հաստությունը չափելով չքայքայող վերահսկողության եղանակներով (անդրաձայնային կամ ճառագայթագրային): Կցաշուրթի շուրթի պատի հաստությունը թույլատրում է ստուգել նաև վերահսկիչ գայլիկոնմամբ: Արգելվում է միջբյուրեղահատիկային կերամաշում առաջացնող միջավայրերում աշխատող աուստենիտային դասի պողպատներից (08Խ18Ն10Տ, 12Խ18Ն10Տ և այլն) պատրաստված խողովակաշարերի ստուգման ժամանակ միջանցիկ գայլիկոնման օգտագործումը.

11) խողովակաշարերի ներքին զննումները կատարել լամպեր, սարքեր, խոշորացույցներ, ներդիտակներ և այլ միջոցներ օգտագործելով.

12) խողովակաշարերի ներքին մակերևույթը մաքրել աղտոտումներից և նստվածքներից, իսկ անհրաժեշտության դեպքում քիմիական նյութերով ախտահանել: Ընդ որում, անհրաժեշտ է ընտրել ամենաանբարենպաստ պայմաններում շահագործվող տեղամասը (որտեղ հնարավոր է կերամաշում և քայքայամաշում, հիդրավլիկական հարվածներ, թրթռումներ, հոսքի ուղղության փոփոխումներ, լճացման գոտիներ): Խողովակաշարի հանվող (կազմատվող) միացումների առկայության դեպքում, արատային տեղամասի ապահավաքակցումը կատարել դրանց կազմատման ճանապարհով, իսկ միաեռակցված խողովակաշարի դեպքում` այդ տեղամասը կտրելով.

13) զննման ժամանակահատվածում ստուգել խողովակաշարերի խողովակների և մանրակների պատերի հաստության նվազումը, կերամաշման, ճաքերի առկայությունը.

14) անհրաժեշտության դեպքում կատարել եռակցվանքների անդրաձայնային կամ ճառագայթագրային հսկողություն և մետաղաբանական ու մեխանիկական փորձարկում.

15) նախագծով նախատեսված դեպքերում կատարել բարձր ջերմաստիճաններում և ջրածին պարունակող միջավայրերում աշխատող խողովակների մետաղի մեխանիկական հատկությունների ստուգում: Ստուգում է անհրաժեշտ կատարել նաև հետևյալ դեպքում, եթե միջավայրի կերամաշման ներգործությունը կարող է առաջացնել մետաղի մեխանիկական հատկության փոփոխություն.

16) կատարել նաև հետևյալ աշխատանքները`

ա. խողովակաշարի տեղամասերի վրա վերստուգման ժամանակահատվածում ձևափոխումների վիճակի չափումներ,

բ. խողովակաշարի պարուրակավոր միացումների ընտրանքային կազմատում, դրանց զննում և պարուրակային տրամաչափիչով ստուգում,

գ. հենարանների, ամրակման մանրակների և ընտրանքային միջադիրների վիճակի ու աշխատանքային պայմանների ստուգում, խողովակաշարի փորձարկում:

509. Վերստուգման անբավարար արդյունքների դեպքում պետք է որոշել խողովակաշարի արատային տեղամասի սահմանը (ներքին մակերևույթը զննել, հաստությունը չափել և այլն) և ամբողջ խողովակաշարի պատի հաստության ավելի հաճախակի չափումներ կատարել:

510. Բարձր ճնշման [10 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ավելի] խողովակաշարերի ընտրանքային վերստուգման ծավալը կազմում է`

1) յուրաքանչյուր ագրեգատի, տեղակայանքի երկուսից ոչ պակաս տեղամասեր` անկախ ջերմաստիճանից.

2) յուրաքանչյուր ընդհանուր արտադրամասային հավաքիչի կամ միջարտադրամասային խողովակաշարի մեկից ոչ պակաս տեղամաս` անկախ միջավայրի ջերմաստիճանից:

511. Բարձր ճնշման խողովակաշարի վերահսկման տեղամասի վերստուգման ժամանակ պետք է`

1) կատարել արտաքին զննում` համաձայն սահմանված պահանջներին.

2) կցաշուրթային կամ օղագոտային միացումների առկայության դեպքում կատարել դրանց կազմատում, այնուհետև խողովակաշարի ներքին զննում.

3) կատարել վերահսկման տեղամասի խողովակների և մանրակների պատերի հաստության չափումներ.

4) զննման գործընթացի ժամանակ եռակցման կարաններում (մերձկարանային գոտում) արատների բացահայտման դեպքում, կամ դրանց որակի նկատմամբ կասկածների ծագման դեպքում, կատարել չքայքայող եղանակներով (անդրաձայնային, ճառագայթագրային և այլ) հսկողություն.

5) մետաղի որակի նկատմամբ կասկածների ծագման դեպքում ստուգել դրա մեխանիկական հատկությունները և քիմիական բաղադրությունը.

6) ստուգել օղագոտիների, կցաշուրթերի, դրանց նստեցման մակերևույթների և պարուրակների, միջադիրների, ամրակման մանրակների, ինչպես նաև ձևավոր մանրակների և արմատուրների վիճակը, եթե այդպիսիք կան վերահսկման տեղամասի վրա.

7) կատարել մնացորդային ձևափոխության առկայության հսկողություն, եթե դա նախատեսված է նախագծով.

8) կատարել 400 oC ջերմաստիճանում աշխատող կցաշուրթային միացումների ամրակման մանրակների կարծրության ստուգում:

512. Վերստուգման արդյունքները համարվում են բավարար, եթե բացահայտված շեղումները գտնվում են թույլատրված սահմաններում: Վերստուգման անբավարար արդյունքների դեպքում լրացուցիչ պետք է ստուգել համանման երկու տեղամաս, որոնցից մեկը պետք է լինի վերստուգված տեղամասի շարունակությունը, մյուսը` վերստուգվող տեղամասին համանման:

513. Եթե բարձր ճնշման խողովակաշարի վերստուգման ժամանակ բացահայտվի, որ սկզբնական հաստությունը կերամաշման կամ քայքայամաշման ազդեցության տակ նվազել է, հետագա շահագործման հնարավորությունը պետք է հաստատվի ամրության հաշվարկով: Անհրաժեշտության դեպքում պետք է անցկացվի արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

514. Լրացուցիչ տեղամասերի վերստուգման անբավարար արդյունքների դեպքում պետք է կատարել այդ խողովակաշարի լրիվ վերստուգում, ինչպես նաև այն խողովակաշարերի տեղամասերը, որոնք աշխատում են համանման պայմաններում, մինչև 30%` կազմատելով նշված յուրաքանչյուր խողովակաշարը:

515. Բարձր ճնշման խողովակաշարերի ընտրանքային վերստուգումները պետք է կատարվեն պարբերաբար, նախագծում նշված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան հետևյալ ժամկետներն են`

1) ամոնիակի արտադրությունում` մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ազոտաջրածնային և ջրածին պարունակող գազային խառնուրդների փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ, իսկ միջավայրի 200 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում` յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ.

2) մեթանոլի արտադրությունում` մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ջրածնի հետ համատեղ ածխածնի օքսիդ պարունակող ջրածնային գազային խառնուրդների փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ, իսկ միջավայրի 200 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում` յուրաքանչյուր 6 տարին մեկ անգամ.

3) կապրոլակտամի արտադրությունում` մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ջրածնային գազային խառնուրդների փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, իսկ 150 oC-ից բարձր ջերմաստիճանի միջավայրով, ածխածնի օքսիդի փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ.

4) արհեստական ճարպային սպիրտների արտադրությունում`

ա. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ջրածնային գազային խառնուրդների փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, իսկ միջավայրի 200 oC-ից բարձր ջերմաստիճանի դեպքում` յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ,

բ. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, մածուկի (մեթիլային եթերներով կատալիզատոր) փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ.

5) միզանյութի արտադրությունում`

ա. սինթեզի սյունից մինչև կարգավորիչ (դրոսելացնող) փականը միզանյութի հալվածքի փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր տարին մեկ անգամ,

բ. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, տաքացուցիչից մինչև խառնիչն ամոնիակի փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ,

գ. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ճնշակից մինչև խառնիչն ածխաթթվական գազի փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 6 տարին մեկ անգամ,

դ. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով, ածխածնաամոնիակային աղերի (կարբամատի) փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ.

6) այլ արտադրությունում և այլ հեղուկ ու գազանման միջավայրերի փոխադրման համար նախատեսված խողովակաշարերի համար`

ա. մինչև 200 oC ջերմաստիճանի միջավայրով և մինչև 0,1 մմ/տարի արագությամբ կերամաշման արագության դեպքում` յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ,

բ. 200./.400 oC ջերմաստիճանների միջավայրով և մինչև 0,1 մմ/տարի արագությամբ կերամաշման արագության դեպքում` յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ,

գ. մինչև 400 oC ջերմաստիճանի միջավայրով և մինչև 0,65 մմ/տարի արագությամբ կերամաշման արագության դեպքում` յուրաքանչյուր 6 տարին մեկ անգամ:

516. Ընտրանքային վերստուգման անբավարար արդյունքների դեպքում պետք է նշանակվի խողովակաշարի լրիվ վերստուգում:

517. Լրիվ վերստուգման ժամանակ պետք է ամբողջ խողովակաշարը լիովին կազմատվի և պետք է ստուգվեն խողովակների հանգույցները և մանրակներն, ինչպես նաև խողովակաշարի վրա տեղակայված արմատուրները:

518. Վերստուգման ժամանակ կազմատման, կտրման և եռակցման ենթարկված բոլոր խողովակաշարերը ու դրանց տեղամասերը հավաքումից հետո պետք է ամրության և կիպության համար փորձարկման ենթարկվեն: Վերստուգման արդյունքներով հիմնավորված դեպքերում, 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) և ավելի պայմանական ճնշումով (Pպ) խողովակաշարերի համար միջադիրների, արմատուրների կամ առանձին տարրերի փոխման հետ կապված կցաշուրթային միացումների կազմատման դեպքում թույլատրվում է կատարել միայն կիպության համար փորձարկում: Ընդ որում, խողովակաշարի վրա նոր տեղակայվող արմատուրները կամ տարրերը պետք է փորձարկման ճնշումով նախօրոք փորձարկված լինեն:

519. Վերստուգման ավարտից հետո պետք է կազմվեն ակտեր` դրանց կցելով բոլոր կատարված փորձարկումների արձանագրությունները և եզրակացությունները: Վերստուգման արդյունքները պետք է գրանցվեն խողովակաշարի անձնագրում: Ակտերը և մնացած փաստաթղթերը կցվում են անձնագրին:

520. Նախագծային ծառայության ժամկետի ավարտից հետո, անկախ խողովակաշարի տեխնիկական վիճակից, դրա հետագա շահագործման հնարավորության և նոր ծառայության ժամկետի որոշման նպատակով պետք է կատարվի խողովակաշարի բազմաբնույթ հետազննություն (տեխնիկական անվտանգության փորձաքննություն):

521. Խողովակաշարերի շահագործման ժամանակ, արմատուրների սարքինության նկատմամբ, ինչպես նաև վերստուգումների, վերանորոգումների և արատորոշումների ժամանակին կատարման համար պետք է մշտական ու մանրակրկիտ վերահսկողության կազմակերպումն ապահովող անհրաժեշտ միջոցառումներ կիրառել:

522. Խցուկներով արմատուրների կիրառման դեպքում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել խցկանյութերի վիճակին (որակը, չափերը, խցուկային տուփում տեղադրման ճշտությունը):

523. Ճարպային բաղադրությամբ ներծծված և գրաֆիտացված ասբեստային խցկանքները կարող են կիրառվել 200 oC-ից ոչ բարձր աշխատանքային ջերմաստիճանների համար նախատեսված արմատուրներում:

524. Մինչև 25 ՄՊա (250 կգուժ/սմ2) ճնշման և 200 oC-ից բարձր ջերմաստիճանի պայմանների դեպքում թույլատրվում է գրաֆիտացված ասբեստային խցկանք օգտագործել, եթե խծուծքի օղի վրա լցնել մաքուր, չոր գրաֆիտի 1 մմ-ից ոչ պակաս հաստության շերտ:

525. Բարձր ջերմաստիճանների համար պետք է կիրառել հատուկ խցկանքներ, մասնավորապես, բարձր ջերմաստիճանի և փոխադրվող միջավայրի ճնշման ազդեցության տակ քայքայման ու արտահոսման նկատմամբ դիմացկուն, հատուկ բաղադրությամբ ներծծված ասբեստամետաղական խցկանքներ:

526. 200 oC-ից բարձր ջերմաստիճանի և 32 ՄՊա (320 կգուժ/սմ2)-ից ավելի ճնշման դեպքում պետք է կիրառել հատուկ խցկանքներ:

527. Արմատուրի խցուկի խցկանքները պետք է պատրաստել խցուկի խուցի լայնությանը հավասար կողմեր ունեցող քառակուսի կտրվածքի հյուսված քուղից: Հավաքման կալակի վրա այդպիսի քուղից պետք է եզրերի 45o անկյան տակ շեղատությամբ կտրել օղերի նախապատրաստվածքներ:

528. Խցկանքի օղը խցուկային տուփում պետք է տեղադրել կտրվածքի գիծը շեղելով և յուրաքանչյուր օղ խտացնելով: Խցկանքի բարձրությունը պետք է ընտրել այնպես, որպեսզի առանցքակալ տուփի սկզբնական դիրքում, խցուկային խուցում մտնի դրա բարձրության 1/6./.1/7-ից ոչ ավելի մասը, բայց 5 մմ-ից ոչ պակաս: Խցուկները պետք է ձգել հավասարաչափ` բացառելով առանցքակալատուփի շեղվածքը:

529. Խցուկի կիպության ապահովման համար պետք է հետևել արմատուրի իլի և կոթի մակերևույթների մաքրությանը:

530. Արմատուրի իրանի հետ կափարիչի միացման կիպության համար միջադրանյութը պետք է ընտրել հաշվի առնելով դրա վրա փոխադրվող միջավայրի քիմիական ներգործությունը, ինչպես նաև ճնշումից և ջերմաստիճանից կախվածությունը:

531. Սողնակներում և փականներում իլի ընթացքը պետք է սահուն լինի, իսկ արմատուրի բացման կամ փակման ժամանակ փակաղակը պետք է տեղաշարժվի առանց լռվելու:

532. Ապահովիչ կափույրները պետք է սպասարկվեն նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

533. Արգելվում է լրացուցիչ լծակներ կիրառել արմատուրների բացման կամ փակման համար:

534. Խողովակաշարային արմատուրների, այդ թվում` հակադարձ կափույրների, ինչպես նաև արմատուրների շարժաբերային սարքերի (էլեկտրական, օդաճնշական, հիդրավլիկական և մեխանիկական շարժաբեր) վերստուգումը և վերանորոգումը, որպես կանոն, կատարվում են խողովակաշարի վերստուգման ժամանակահատվածում:

535. Արմատուրների վերստուգումը և վերանորոգումը պետք է կատարվեն մասնագիտացված արհեստանոցներում կամ վերանորոգման տեղամասերում: Հիմնավորված դեպքում (արմատուրներ` խոշորաեզրաչափ, դժվարահասանելի, եռակցված և այլն) արմատուրների վերստուգումը թույլատրվում է կատարել անմիջականորեն դրանց տեղակայման վայրում կազմատման և զննման ճանապարհով` անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ ապահովելով:

536. Արմատուրների, այդ թվում` հակադարձ կափույրների վերստուգման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) արտաքին զննում.

2) կազմատում և առանձին մանրակների վիճակի զննում.

3) ներքին մակերևույթների զննում և անհրաժեշտության դեպքում չքայքայող եղանակներով ստուգում.

4) կիպարար մակերևույթների կիպահղկում (անհրաժեշտության դեպքում).

5) հավաքում, փորձարկում և ամրության ու կիպության համար ճնշափորձարկում:

537. Արմատուրների վերստուգման և վերանորոգման ժամկետների պլանավորման ժամանակ պետք է առաջին հերթին կատարել ամենաբարդ պայմաններում աշխատող արմատուրների վերստուգումը և վերանորոգումը: Արմատուրների վերստուգման և վերանորոգման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտերով ու գրանցվեն շահագործման փաստաթղթերում:

538. Արմատուրներ վերստուգման ժամանակ օգտագործված տիպային վերահսկողության եղանակներով խողովակաշարի կերամաշման բնույթը և արագությունը որոշելու անհնարինության դեպքում, պատի հաստությունը խոտանման չափին մոտենալու վերահսկողության համար թույլատրվում է կատարել վերահսկիչ գայլիկոնում:

539. Արգելվում է վերահսկիչ գայլիկոնման ենթարկել Ա (ա), Ա (բ) խմբերի նյութերը, բոլոր խմբերի գազեր փոխադրող խողովակաշարերը, բարձր ճնշման [10 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ավելի] և վակուումի տակ աշխատող խողովակաշարերը պայթյունավտանգության I կարգի բլոկներում խողովակաշարերը, ինչպես նաև միջբյուրեղահատիկային կերամաշում առաջացնող միջավայրերում աշխատող աուստենիտային պողպատներից պատրաստված խողովակաշարերը: Այդպիսի դեպքերում պետք է անդրաձայնային հաստաչափիչով կամ չափման այլ թույլատրելի համարժեք եղանակներ կիրառելով հսկողություն սահմանել խողովակաշարի պատի հաստության վիճակի նկատմամբ:

540. Վերահսկիչ անցքերի գայլիկոնման ժամանակ, որպեսզի կանխել նյութի հնարավոր մեծ հոսաթողումները, պետք է օգտագործել սուր անկյան տակ սրված 2,5./.5 մմ տրամագծով գայլիկոններ:

541. Գայլիկոնման ժամանակ վերահսկիչ անցքերը պետք է տեղաբաշխել կորացման, նեղացման տեղերում, ներփորվածքներում, լճացման գոտիներում, ինչպես նաև եռաբաշխիկներում, ցամաքուրդային արմունկներում, փակիչ արմատուրից առաջ ու հետո և նման այլ տեղերում:

542. Արմունկների և կիսաարմունկների վրա վերահսկիչ անցքերը պետք է տեղաբաշխել առավելապես կորացման արտաքին շառավիղով, 0,2 մ երկարության վրա մեկ անցքի հաշվարկից ելնելով, բայց մեկ անցքից ոչ պակաս մեկ արմունկի կամ եռակցման արմունկի հատվածամասերի համար:

543. Վերահսկիչ գայլիկոնման խորությունը պետք է որոշել հաշվարկով` խողովակաշարի հաշվարկային հաստությանը գումարելով խողովակաշարի հերթական վերստուգումների միջև ժամանակահատվածի կեսի (տարի) և խողովակաշարի փաստացի կերամաշման արագության (մմ/տարի) արտադրյալով ստացված մեծությունը:

544. Խողովակաշարի վրա վերահսկիչ գայլիկոնման տեղերը պետք է հստակ նշել և գրանցել փաստաթղթերում:

545. Խողովակաշարի վրա գայլիկոնման ժամանակ վերահսկիչ անցքից նյութի արտահոսումը վկայում է այն մասին, որ պատի հաստությունը մոտեցել է խոտանման չափին, ուստի այդպիսի խողովակաշարը պետք է ենթարկել արտահերթ վերստուգման:

546. Ամրության և կիպության համար խողովակաշարերի պարբերական փորձարկումը որպես կանոն, պետք է իրականացնել խողովակաշարի վերստուգման կատարման ժամանակ: Մինչև 10 ՄՊա (100 կգուժ/սմ2) ճնշումով խողովակաշարերի պարբերական փորձարկման ժամկետները պետք է ընդունել տվյալ խողովակաշարի համար կանոնների 501-րդ կետում նշված պահանջներին` համաձայն վերստուգման կատարման պարբերականության կրկնապատիկին հավասար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ: 10 ՄՊա (100 կգուժ/սմ2)-ից ավելի ճնշումով խողովակաշարերի փորձարկման ժամկետները պետք է լինեն ոչ պակաս`

1) 200 oC ջերմաստիճանով խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 8 տարին մեկ անգամ.

2) 200 oC-ից բարձր ջերմաստիճանով խողովակաշարերի համար` յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ:

547. Փորձարկման ճնշումը և փորձարկման կատարման կարգը պետք է համապատասխանի կանոնների 10-րդ գլխում ներկայացված պահանջներին: Ամրության և կիպության համար փորձարկումների կատարման ժամանակ թույլատրվում է կիրառել ձայնային էմիսիայի վերահսկողության եղանակը:

548. Խողովակաշարերի պարբերական փորձարկման արդյունքները պետք է ձևակերպվեն համապատասխան ակտերով:

549. Խողովակաշարերի տարրերը, խողովակները և արմատուրներն, այդ թվում` ձուլածո (սողնակների, փականների, կափույրների և այլնի իրանները) արմատուրները պետք է խոտանվեն, եթե`

1) վերստուգման ժամանակ դրանց մակերևույթների վրա հայտնաբերվել են ճաքեր, շերտատումներ, ձևափոխություններ (ծալքեր կամ տեղային ալիքավորություններ, ուռչացվածություններ կամ փքվածքներ, ներճմլվածքներ կամ հարվածահետքեր և այլն).

2) միջավայրի ազդեցության արդյունքում պատի հաստությունը նախագծային արժեքից նվազել և հասել է ամրության համար առանց կերամաշման համար հավելումների որոշված պատի հաստության հաշվարկային մեծությանը.

3) մետաղի մեխանիկական հատկությունները փոփոխվել են.

4) եռակցման կարանների վերահսկողության ժամանակ բացահայտվել են արատներ, որոնք ենթակա չեն ուղղման.

5) պարուրակային միացումների չափսերը դուրս են եկել թույլտվածքների տիրույթից կամ պարուրակների վրա առկա են գալարների պոկվածք, ճաքեր, կերամաշվածքներ.

6) խողովակաշարը չի դիմակայել հիդրավլիկ կամ օդաճնշական փորձարկումներին.

7) կիպարար տարրերը մաշվել են և չեն ապահովում տեխնոլոգիական գործընթացի անվտանգ վարումը: Արմատուրների և խողովակաշարերի տարրերի պատերի խոտանվող հաստությունները պետք է նշված լինեն նախագծային փաստաթղթերում` հաշվի առնելով նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

550. Կցաշուրթերը խոտանվում են`

1) նստեցման (կիպարար) մակերևույթների անբավարար վիճակի դեպքում.

2) ճաքերի, ներանցուկների և այլ արատների առկայության դեպքում.

3) ձևափոխությունների առկայության դեպքում.

4) կցաշուրթի շուրթի (օձիքի) պատի հաստությունը մինչև խողովակի խոտանման չափերը պակասելու դեպքում.

5) բարձր ճնշման պարուրակային կցաշուրթերում պարուրակի պոկվածքի, ճմլվածքի, մաշվածքի, ինչպես նաև պարուրակում թույլատրելի սահմանները գերազանցող խաղի առկայության դեպքում: Ոսպնյակները և ձվաձև կտրվածքով միջադիրները խոտանվում են ձևափոխությունների, կիպարար մակերևույթների վրա ճաքերի, հարվածահետքերի, կոտրվածքների, ճմլվածքի առկայության դեպքում:

551. Ամրակման մանրակները խոտանվում են`

1) պարուրակի կերամաշվածության կամ ճաքերի, պոկվածքի առաջացման դեպքում.

2) հեղույսների և գամասեղների ծռվածքի դեպքում.

3) պարուրակի տրամատի փոփոխությանը հանգեցնող մնացորդային ձևափոխության առկայության դեպքում.

4) հեղույսների և մանեկների գլխիկների կողմնանիստերի մաշվածության դեպքում.

5) մետաղի մեխանիկական հատկությունները թույլատրելի մակարդակից ավելի ցածր իջնելու դեպքում:

552. Ոսպնյակային և սիլֆոնային փոխհատուցիչները խոտանվում են, երբ`

1) ոսպնյակի կամ սիլֆոնի պատի հաստությունը հասել է փոխհատուցիչի անձնագրում նշված հաշվարկային մեծությանը.

2) սիլֆոնի պատի հաստությունը հասել է 0,5 մմ-ի, իսկ սիլֆոնի պատի հաշվարկային հաստությունն ունի ավելի ցածր արժեք.

3) հրդեհավտանգավոր և թունավոր միջավայրերում շահագործման պայմանները հաշվի առնելով փոխհատուցիչներն աշխատել են աշխատատևության թույլատրելի թվով ցիկլերը: Փոխհատուցիչների խոտանման արժեքները պետք է նշված լինեն վերանորոգման փաստաթղթերում` հաշվի առնելով տվյալ օբյեկտի պայմանները, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

 

4. Տեխնիկական փաստաթղթերին ներկայացվող պահանջներ

 

553. Տեխնոլոգիական խողովակաշարերը լրակազմվում են հետևյալ տեխնիկական փաստաթղթերով`

1) խողովակաշարերի ցուցակով.

2) նախագծային փաստաթղթերով (այդ թվում` հաշվարկները).

3) խողովակաշարի անձնագրով և շահագործման փաստաթղթերով.

4) խողովակաշարերով փոխադրվող և տեխնոլոգիական գործընթացներում կիրառվող քիմիական նյութերի անձնագրերով և ռիսկի գնահատման փաստաթղթերով.

5) խողովակաշարերի գծապատկերներով և դրանցում կատարված հետևյալ նշումներով` խողովակաշարերի տարրերի պայմանական անցումները, սկզբնական ու խոտանման հաստությունները, արմատուրների, կցաշուրթերի, խցափակիչների և այլ մանրակների տեղակայման տեղերը, դատարկման, փչամաքրման, ցամաքուրդային կոնստրուկցիաների տեղերը, եռակցման կարանների, վերահսկիչ գայլիկոնման տեղերը (եթե այդպիսիք կան) և դրանց համարակալումները.

6) խողովակաշարի տարրերի վերստուգման և խոտանման ակտերով.

7) խողովակաշարերի վերանորոգման որակի մասին վկայականով, այդ թվում` վերանորոգման ժամանակ կիրառված նյութերի որակը և եռակցվանքների որակը հավաստող խողովակաշարերի վերանորոգման համար եռակցման աշխատանքների գրանցամատյանով.

8) ջրածնապարունակ միջավայրում աշխատող խողովակաշարերի մետաղի նկատմամբ վերահսկողության փաստաթղթով.

9) խողովակաշարի պարբերական արտաքին զննման ակտով.

10) խողովակաշարի ամրության և կիպության համար փորձարկումների ակտով.

11) արմատուրի վերստուգման, վերանորոգման և փորձարկման ակտերով.

12) խողովակաշարերի շահագործման գրանցամատյաններով.

13) խոտանման ակտերով.

14) խցափակիչների տեղակայման և հանման գրանցամատյանով.

15) խողովակաշարերի եռակցման միացումների ջերմամշակման գրանցամատյանով.

16) եռակցվանքների որակի մասին եզրակացություններով.

17) արտադրական կամ տեխնիկական փորձաքննության եզրակացություններով:

 

XI. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐ

 

554. Ստորգետնյա խողովակաշարերի համար սահմանվում է տեխնիկական վիճակի պարբերական հսկողություն` հաշվի առնելով կանոնների դրույթները:

555. Ստորգետնյա խողովակաշարերի վերստուգման համար` յուրաքանչյուր առանձին տեղամասերի վրա կատարում են բացում 2 մ-ից ոչ պակաս երկարությամբ և հողի հանում, մեկուսապատվածքի հեռացում, հակակերամաշման և պաշտպանաշերտի զննում, խողովակաշարի զննում, պատերի հաստության չափում, իսկ հիմնավորված դեպքերում առանձին տեղամասերի կտրում: Վերստուգման համար բացման ենթակա տեղամասերի թիվը սահմանվում է խողովակաշարի շահագործման պայմաններից ելնելով`

1) սարքերի օգնությամբ խողովակաշարի մեկուսապատվածքի ամբողջականության վերահսկողության ժամանակ, բացումը կատարվում է մեկուսապատվածքի վնասվածքների բացահայտման տեղերում.

2) ընտրանքային վերահսկողության ժամանակ, բացումը կատարվում է խողովակաշարի յուրաքանչյուր 200./.300 մ երկարության վրա մեկ տեղամասի հաշվարկից ելնելով:

556. Ստորգետնյա խողովակաշարերի վերանորոգման և հավաքակցման աշխատանքների կատարման ժամանակ պետք է հսկողություն սահմանել ջերմաստիճանային ձևափոխությունների ազդազերծման, կիրառվող նյութերի որակի, եռակցման կարանների, հակակերամաշման պատվածքի և կատարվող աշխատանքների արդյունքներով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ձևակերպման վերաբերյալ նախագծի պահանջների կատարման նկատմամբ:

557. Ստորգետնյա տեխնոլոգիական խողովակաշարերը պետք է պաշտպանված լինեն հողային կերամաշումից և թափառող հոսանքների կերամաշումից:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.03.2012
N 351-Ն
Որոշում