Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ՈՒ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԻՄՆԵԼՈՒ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

2 փետրվարի 2012 թվականի N 4

 

8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ՈՒ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգերը հիմնելու և դրանց բնականոն գործունեության ապահովման ուղղություններին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. փետրվարի 2-ի նիստի

N 4 արձանագրային որոշման

 

ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԿԱՊԻ ՈՒ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում են քաղաքացիական պաշտպանության կառավարման, կապի ու ազդարարման համակարգեր հիմնելու և դրանց բնականոն գործունեության ապահովման հիմնական ուղղությունները:

2. Սույն ուղղություններում օգտագործվող հիմնական հասկացությունները սույն որոշման իմաստով ունեն հետևյալ բովանդակությունը`

1) Քաղաքացիական պաշտպանության կառավարում - կառավարող սուբյեկտի կողմից կառավարվող օբյեկտի վրա նպատակաուղղված ազդեցություն ուղղված ենթակա կառավարման մարմինների և ուժերի արդյունավետ գործունեության ապահովմանը:

2) Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ խաղաղ ժամանակ` բոլոր պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ստեղծվող, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության պայմաններում բնակչության և տարածքների պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, ինչպես նաև այլ հատուկ համակարգերի փոխկապակցված ամբողջականություն:

3) քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմին խաղաղ և ռազմական դրության ժամանակ ղեկավարման իրականացման նպատակով որոշակի լիազորությամբ օժտված հաստիքային կամ ժամանակավոր ստեղծվող (հատկացվող) մարմին, առանձին պաշտոնատար անձինք:

4) կառավարման կայունություն - կառավարման համակարգի ունակությունը ժամանակակից խոցման միջոցների և արտակարգ իրավիճակների խոցող գործոնների ազդեցության պայմաններում իրականացնել իր գործառույթները:

5) կառավարման անընդհատություն - քաղաքացիական պաշտպանության խնդիրների և պլանների իրականացման ընթացքի վրա կառավարման մարմնի անընդհատ ազդեցություն:

6) կառավարման օպերատիվություն - կառավարման մարմնի կամ ղեկավարի ունակությունն արագ արձագանքել իրավիճակի փոփոխություններին և ժամանակին ազդել խնդիրների կատարման ընթացքի վրա:

7) կառավարման գաղտնիության ապահովում - խնդիրների կատարման ընթացքի, բնույթի, վիճակի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքի կանխարգելում:

8) կառավարման կետեր - խաղաղ և ռազմական դրության ժամանակ կառավարման մարմինների տեղակայման և նրանց աշխատանքների ապահովման համար նախատեսված` հատուկ սարքավորված և տեխնիկական միջոցներով հագեցված շինություններ կամ տրանսպորտային միջոցներ:

9) կապի համակարգ - կառավարման համակարգում տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով կապի ուժերի և միջոցների կազմակերպատեխնիկական միավորում,

10) ազդարարման համակարգ ազդարարման ազդանշանները, հրահանգները և տեղեկատվությունը բնակչությանը, կառավարման մարմիններին և ուժերին հասցնելու նպատակով ազդարարման ուժերի և միջոցների, հեռարձակման ցանցերի, ընդհանուր և գերատեսչական օգտագործման կապի ցանցերի կազմակերպատեխնիկական միավորում:

 

II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական պաշտպանության պետերը ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը, կազմակերպում են կառավարման մարմինների աշխատանքները և պատասխանատու են անընդհատ և կայուն կառավարման ապահովման համար:

4. Քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը կազմակերպվում է այն հաշվարկով, որ համակարգի մեկ կամ մի քանի գործունեության խաթարումը չխափանի ամբողջ համակարգի աշխատանքը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգը պետք է համապատասխանի խաղաղից ռազմական դրությանն անցնելու համար ներկայացվող պահանջներին:

5. Սույն ուղղությունների 4-րդ կետում նշված պահանջների կատարումը ապահովվում է`

1) ժամանակակից կապի միջոցներով, ազդարարման և համակարգչային տեխնիկայով հագեցված պաշտպանված կառավարման կետերի ստեղծմամբ,

2) կառավարման մարմինների գործառույթները ժամանակավորապես ստանձնող համապատասխան ստորաբաժանումների նախօրոք ընտրությամբ և նախապատրաստմամբ,

3) քաղաքացիական պաշտպանության կապի և ազդարարման համակարգերի համակցմամբ զինվորական կայազորերի համապատասխան համակարգերի հետ, ինչպես նաև գերատեսչական կապերի համակարգերի օգտագործմամբ քաղաքացիական պաշտպանության խնդիրների լուծման համար,

4) քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և փոխանցման հուսալի համակարգի ստեղծմամբ և ներդրմամբ,

5) կառավարման մարմինների իրավասությունների հստակեցմամբ:

 

III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Քաղաքացիական պաշտպանության խնդիրների արդյունավետ կատարման հիմնական պայման է քաղաքացիական պաշտպանության ուժերի գործողությունների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման անընդհատ և հստակ կառավարման ապահովումը ցանկացած իրավիճակում:

7. Քաղաքացիական պաշտպանության կառավարումը ներառում է խաղաղ և ռազմական դրության ժամանակ քաղաքացիական պաշտպանության ղեկավարների և քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների գործունեության բոլոր բնագավառները:

8. Քաղաքացիական պաշտպանության կառավարման հիմնական խնդիրներն են`

9.1 Խաղաղ ժամանակ

1) Քաղաքացիական պաշտպանության մարմինների և ուժերի մշտական պատրաստականության ապահովումը` ռազմական դրության ժամանակաշրջանի խնդիրների կատարմանը,

2) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը և ճշգրտումը,

3) քաղաքացիական պաշտպանության կատարելագործման ծրագրերի, զարգացման հեռանկարային և տարեկան պլանների մշակումը և նրանց կատարման ապահովումը,

4) քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների ֆոնդի կուտակման և պահպանման ապահովման միջոցառումների կազմակերպումը,

5) քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության տեսանկյունից` տնտեսության և կազմակերպությունների գործունեության կայունության ապահովմանը ուղղված միջոցառումների պլանավորման և իրականացման կազմակերպումը,

6) քաղաքացիական պաշտպանության ուժերի, միջոցների և մարմինների նախապատրաստման կազմակերպումը,

7) բնակչության նախապատրաստումը ժամանակակից զենքի տեսակներից պաշտպանվելուն և դրանց կիրառման հետևանքների վերացմանը:

9.2 Խաղաղից ռազմական դրության անցման և ռազմական դրության ժամանակաշրջանում

1) Քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության արագ և կազմակերպված փոխադրում, ներառյալ բնակչության տարահանումը,

2) հակառակորդի հարձակման վտանգի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպումը,

3) տնտեսության և կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

4) հակառակորդի հարձակումից հետո քաղաքացիական պաշտպանության ուժերի խմբավորման և կառավարման վերականգնումը,

5) փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման կազմակերպումը,

6) բնակչության կենսագործունեության ապահովումը:

9. Քաղաքացիական պաշտպանության կառավարման հիմնական սկզբունքներն են`

1) Միանձնյա ղեկավարում,

2) կառավարման (ղեկավարման) կենտրոնացում, ենթականերին` նրանց վրա դրված խնդիրների կատարման եղանակների որոշման հարցում նախաձեռնության հնարավորության տրամադրումով,

3) իրավիճակի փոփոխություններին օպերատիվ և ճկուն արձագանքում,

 

IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Քաղաքացիական պաշտպանության կառավարմանը ներկայացվող պահանջներն են`

1) Կայունություն,

2) անընդհատություն,

3) օպերատիվություն,

4) գաղտնիություն:

11. Քաղաքացիական պաշտպանության կառավարման կայունությունը ապահովում են`

1) կառավարման պահեստային և փոխարինող պահեստային կառավարման կետերի համակարգի ստեղծումը,

2) կայուն կապի կազմակերպումը,

3) խաթարված կառավարման արագ կազմակերպումը:

12. Կառավարմանը ներկայացվող կայունության և անընդհատության պահանջները փոխկապակցված են: Անընդհատ կառավարումը իրականացվում է միայն կառավարման համակարգի կայուն աշխատանքի պայմանում:

13. Պահանջների իրականացումը ապահովվում է`

1) քաղաքացիական պաշտպանության իրական վիճակի հստակ իմացությամբ,

2) ստեղծված իրավիճակի հստակ իմացությամբ և գնահատմամբ,

3) քաղաքացիական պաշտպանության վերադաս ղեկավարի կողմից ճիշտ խնդրադրմամբ և խնդրի ճիշտ պարզաբանմամբ,

4) ենթականերին հակիրճ, ճիշտ և հասկանալի խնդրադրմամբ,

5) ցանկացած իրավիճակում որոշումների ժամանակին ընդունմամբ,

6) կառավարման համակարգի մշտական բարձր պատրաստականությամբ,

7) խաղաղ ժամանակ պահեստային կառավարման կետերի ստեղծմամբ, նրանց ժամանակին ծավալմամբ,

8) կապի և ազդարարման համակարգերի ստեղծմամբ, նրանց կատարելագործմամբ, հուսալի աշխատանքի ապահովմամբ,

9) իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքի, ամփոփման, իրավիճակի գնահատման ու արդյունքների փոխանցման հստակ կազմակերպմամբ,

10) կապի և կառավարման համակարգերի տեխնիկական միջոցների համալիր օգտագործմամբ,

11) իրավիճակին համապատասխանող կառավարման մեթոդների կիրառմամբ,

12) կառավարման կետերի, կապի հանգույցների կայունության և քողարկման ապահովմամբ:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ

 

14. Քաղաքացիական պաշտպանության կապի և ազդարարաման համակարգերը հիմնվում են խաղաղ և պատերազմական ժամանակաշրջանում կառավարման անընդհատության ապահովման, քաղաքացիական պաշտպանության մարմինների և բնակչության ազդարարման կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների ղեկավարման իրականացման նպատակով:

15. Քաղաքացիական պաշտպանության կապի և ազդարարման համակարգերի հիմնումը ներառում է`

1) թվային տեխնոլոգիաների հիման վրա գերատեսչական և տարածքային օպերատիվ կապի ստեղծումը,

2) պահեստային կառավարման կետերի կապի հանգույցների ստեղծումը և զինումը,

3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի կապի հանգույցի ստեղծումը,

4) քաղաքացիական պաշտպանության կառավարման բոլոր մակարդակներում հիմնական, պահեստային, շարժական, արտաքաղաքային և այլ կառավարման կետերի միջև կապի կազմակերպումը,

5) քաղաքացիական պաշտպանության համակարգի կառավարման նպատակով Հանրապետության կապի հիմնական և այլ օպերատորների կապի ուղիների և գծերի օգտագործումն սահմանող պետական ծրագրի մշակումը և հաստատումը,

6) մոնիթորինգի և երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը և ներդնումը,

7) կապի նավիգացիոն և տեղեկատվական համակարգերի ստեղծումը և ներդնումը,

8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահի ավտոմատացված աշխատանքային տեղի ստեղծումը,

9) մարզային փրկարարական վարչությունների հերթապահների ավտոմատացված աշխատանքային տեղի ստեղծումը,

10) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում «911» դիսպետչերական ծառայության ստեղծումը,

11) ղեկավար կազմի և բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի ստեղծման ծրագրի մշակումը և իրականացումը,

12) բնակչությանը ռադիոյով և հեռուստատեսությամբ տեղեկացնելու համար տեղեկատվական ցանցերի ստեղծումը,

13) ազդարարման կենտրոնացված համակարգի հետ զուգակցվող տեղական և օբյեկտային ազդարարման համակարգերի կառուցումը,

14) ընդհանուր օգտագործման բջջային ցանցի ուղիների հիման վրա ազդարարման համակարգի ստեղծումը,

15) նախարարությունների և գերատեսչությունների հերթապահ օպերատիվ ծառայությունների ազդարարման համակարգերի ստեղծումը,

16) ռադիո և ուղիղ կապի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարական կետերի միջև,

17) ռադիո և ուղիղ կապի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների միջև,

18) ռադիո և ուղիղ կապի կազմակերպումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հերթապահ օպերատիվ ծառայությունների միջև,

19) կապի և ազդարարման համակարգերի շահագործումը, սպասարկումը և մշտական պատրաստականության աստիճանի պահպանումը սահմանող նորմատիվ իրավական ակտերի մշակումը:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Քաղաքացիական պաշտպանության կառավարման ցանկացած օղակում կապի համակարգերը ստեղծվում են նախօրոք` խաղաղ ժամանակ և ծավալվում են ամբողջությամբ խաղաղից ռազմական դրության անցնելու դեպքում:

17. Կապի համակարգը ներառում է`

1) ստացիոնար և շարժական կառավարման կետերի կապի հանգույցները,

2) ընդհանուր օգտագործման ցանցին միացման գծերը,

3) պետական ցանցից քաղաքացիական պաշտպանության մարմիններին հատկացվող գծերը,

4) քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և ուժերի, ինչպես քաղաքացիական, պաշտպանության խնդիրների իրականացման համար փոխհամագործակցության կամ այլ պլաններին համաձայն հատկացվող ուժերի կապի ուժերը և միջոցները,

5) կապի պահեստային ուժերը և միջոցները:

18. Կապի համակարգը կառուցվում է հետևյալ սկզբունքներով`

1) կառավարման կետերի միջև ուղիղ կապի սահմանում,

2) քաղաքային և գերատեսչական կապերի ցանցերի լայնածավալ օգտագործում.

3) զինվորական կայազորերի կապի ցանցերի հետ զուգակցվածության ապահովում:

19. Կապը կազմակերպվում է քաղաքացիական պաշտպանության պետերի որոշումներով, վերադաս քաղաքացիական պաշտպանության մարմինների հրահանգների համաձայն:

20. Կապի անմիջական կազմակերպիչներն են հանդիսանում համապատասխան կապի և ազդարարման քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարները:

21. Քաղաքացիական պաշտպանության համակարգում օգտագործվում են համապետական և գերատեսչական կապի համակարգերի ռադիոռելեային, գծային և շարժական կապի միջոցները, քաղաքացիական պաշտպանության կազմավորումների, ուժերի և զինվորական կառավարման մարմինների կապի հաստիքային միջոցները:

22. Բոլոր տեխնիկական միջոցները օգտագործվում են համակցված, անհրաժեշտության դեպքում` օգտագործելով կոդավորման և ավտոմատ գաղտնիացման համակարգեր:

23. Բարդ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից ղեկավարման իրականացման ապահովման նպատակով քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակի կառավարման մարմիններում սարքավորվում են կապի շարժական հանգույցներ, ավտոմեքենաների, ուղղաթիռների, երկաթուղային և այլ տրանսպորտային միջոցների բազայի հիման վրա, ստեղծվում են ուժերի և միջոցների պահուստներ:

24. Պահեստային կառավարման կետից քաղաքացիական պաշտպանության կապը կազմակերպվում է`

1) վերադաս քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների հետ,

2) զինվորական կառավարման մարմինների հետ,

3) ենթական և փոխհամագործակցող մարմինների, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների, տարահանման մարմինների, ինչպես նաև նախարարությունների և գերատեսչությունների հետ,

4) հակաօդային պաշտպանության զորքերի միավորումների, ազդարարող զորամասերի և մարմինների հետ,

5) հետախուզության ստորաբաժանումների հետ

6) շարժական և այլ կառավարման կետերի հետ (այդ թվում նաև օդային),

7) համակարգչային կենտրոնների հետ (այն դեպքում եթե նրանք տեղակայված են կառավարման կետից առանձնացված):

25. Շարժական կառավարման կետից քաղաքացիական պաշտպանության կապը կազմակերպվում է`

1) իր պահեստային կառավարման կետի հետ,

2) վերադաս քաղաքացիական պաշտպանության ղեկավար մարմնի հետ,

3) ենթակա և փոխհամագործակցող կառավարման մարմինների կառավարման կետերի հետ,

4) փրկարարական անհետաձգելի վթարավերականգնողական և այլ աշխատանքներ իրականացնող տարածքային կազմավորումների և զինվորական ստորաբաժանումների հետ,

5) հետախուզության ստորաբաժանումների հետ:

26. Քաղաքացիական պաշտպանության կառավարման կարևորագույն խնդիրներից է քաղաքացիական պաշտպանության բոլոր օղակներում հուսալի ազդարարման համակարգերի ստեղծումը:

27. Ազդարարումն ապահովում է`

1) քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների և ուժերի սահմանված ժամկետներում համապատասխան պատրաստականության աստիճանի բերումը,

2) ազդարարման ազդանշանների հաղորդումը,

3) հակառակորդի հարձակման վտանգի, քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության աստիճանի բերման, օդային տագնապի, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության, տարահանման սկզբի ինչպես նաև աղետների վերաբերյալ հրահանգների նվազագույն ժամկետներում տեղ հասցնելը:

28. Ազդարարման համակարգերի կազմակերպման և նրանց մշտական պատրաստվածության աստիճանի ապահովման համար պատասխանատու են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը և կապի և ազդարարման քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ղեկավարները:

29. Ազդարարման համակարգերը պետք է ապահովեն ազդանշանների փոխանցումը հիմնական և պահեստային կառավարման կետերից ինչպես շրջաբերականորեն այնպես էլ ընտրովի:

30. Ազդարարման ազդանշանների հաղորդումը իրականացվում է կապի և հեռարձակման բոլոր միջոցներով` առաջնահերթ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.2012
N 4
Արձանագրային որոշում