Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ...

 

 

040.0536.040512

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 ապրիլի 2012 թվականի N 536-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոպարկի վերակառուցելու հայեցակարգը, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների զարգացման գերակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամից հետ վերցնել վարձակալության իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը (այսուհետ` գույք):

2. Հավանություն տալ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» (D-Link International Pte Ltd) հայաստանյան ներկայացուցչության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին (այսուհետ` ներդրումային ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի, և առաջարկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ստորագրել երկարաժամկետ համագործակցության հուշագիր «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետ` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրն իրականացնելու նախապայմանով` գույքն անհատույց օգտագործման իրավունքով, 15 տարի ժամկետով հանձնել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել «Գյումրու տնտեսական զարգացման» հիմնադրամի հետ 2010 թվականի նոյեմբերի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության N 34/010 պայմանագիրը.

2) պայմանագիրը լուծելուց հետո 15-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» հայաստանյան ներկայացուցչության հետ կնքել գույքի իրավունքների 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման մասին պայմանագիր, որի անբաժանելի մասը կկազմի N 1 հավելվածով հաստատված ներդրումային ծրագիրը: Նախատեսել, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 536-Ա որոշման

 

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

i

1. ՆԱԽԱԲԱՆ

 

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը ցանցային և հեռահաղորդակցության սարքավորումների մշակման և արտադրության մեջ մասնագիտացված համաշխարհային առաջատարներից է: «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության 127 տարածաշրջանային գրասենյակներն իրականացնում են սարքավորումների վաճառք և սպասարկում ավելի քան 100 երկրներում` դարձնելով այս ընկերությունը վաճառքի ծավալներով առաջատար համանման ընկերությունների շարքում:

«Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության կողմից Հայաստանի ընտրությունը` որպես տարածաշրջանային կենտրոն, պայմանավորված է այս երկրի` տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած մեծ ներուժով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում գրանցված հաջողություններով: Գյումրիում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների առկա ենթակառուցվածքները և Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերը, ուղղված Շիրակի մարզում այս ոլորտի զարգացմանը, ապահովում են անհրաժեշտ պայմաններ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության տարածաշրջանային խոշոր հետազոտական կենտրոնի հիմնադրման համար: Կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագիրը նախատեսված է առնվազն 25 տարվա համար: Այսպիսի կենտրոնի ներկայությունը Գյումրիում կնպաստի Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի տնտեսական զարգացմանը` խթանելով օտարերկրյա ներդրումների և արտահանման աճին, ստեղծելով բարձր վարձատրվող աշխատատեղեր: Գյումրիում «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2011 թվականի հուլիսից, և ընկերության հիմնադրած կենտրոնում աշխատում են 8 վերապատրաստված մասնագետներ:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հետազոտությունների և թեստավորման կենտրոն Գյումրիում: Կենտրոնը զբաղվելու է մասնագիտական կարողությունների զարգացմամբ և հետազոտությունների իրականացմամբ ցանցային և հեռահաղորդակցության ոլորտներում:

«Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնը Գյումրիում հագեցված է լինելու ժամանակակից սարքավորումներով և հնարավորություն է տալու մշակել և թեստավորել ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտներում միջազգային շուկայի պահանջներին համապատասխան նորարարական արտադրանք: Հետազոտությունների հիմնական ուղղությունները կլինեն «Դ-Լինկ» «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգերը և կառավարման ծրագրային ապահովումները: Հետազոտական աշխատանքները կարտահանվեն և կվաճառվեն միջազգային շուկաներում:

Կենտրոնի կրթական ծրագրերն իրականացվելու են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և ներառելու են դասընթացներ հետևյալ ուղղություններով`

. Անդրոիդ օպերացիոն համակարգ.

. Լինուքս օպերացիոն համակարգ.

. «Դ-Լինկ» «ամպային» կառուցվածքով հաշվողական համակարգեր (cloud computing):

Կենտրոնը կգործի 2013 թվականի նոյեմբերից: Ծրագրի արժեքը կազմում է 8.5 մլն ԱՄՆ-ի դոլար, որից` 1 մլն ԱՄՆ-ի դոլարը կտրամադրվի թեստավորման լաբորատորիայի հիմնադրմանը: «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերությանը հանձնվող տարածքում կկառուցվի նոր մասնաշենք` «Դ-Լինկ» հետազոտությունների կենտրոնի գործունեությունն ապահովելու նպատակով: Կենտրոնի տարածքը կազմելու է 870 քառ. մետր, որը ներառելու է 2 լսարան, թեստավորման և հետազոտությունների սենյակներ և հանդիպումների սենյակ:

(ծրագիրը փոփ. 31.01.13 թիվ 87-Ա որոշում )

 

3. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացման առաջին տարվա համար ակնկալվող արդյունքներն են`

. մինչև 50 աշխատատեղերի ստեղծում, այդ թվում` 35-40 ինժեներ-ծրագրավորող.

. օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանում Շիրակի մարզում.

. տարածաշրջանում իր բնույթով և ծավալներով եզակի կենտրոնի հիմնադրում Գյումրիում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 26-ի

N 536-Ա որոշման

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «Դ-ԼԻՆԿ ԻՆՏԵՐՆԵՇՆԼ» ՊՏԵ ԼՏԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

    քաղ. Երևան                                 _____ ___________ 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության նախարար Տիգրան Դավթյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա, «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս-------------, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ վերը նշված բոլոր կողմերը միասին` կողմեր կամ առանձին` կողմ):

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները և նկատի ունենալով ընկերության հետազոտությունների և մշակման իրականացման մեծ փորձն ու միջազգային հեղինակությունը ցանցային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում` կողմերը կնքեցին սույն համագործակցության մասին հուշագիրը (այսուհետ` հուշագիր) հետևյալի մասին`

1. Կողմերը կաջակցեն «Դ-Լինկ» հետազոտությունների և մշակման կենտրոնի հիմնմանը (այսուհետ` կենտրոն) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

2. Նախարարությունը կենտրոնի հիմնադրման ներդրումային ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի N 39 հասցեում գտնվող մարզադահլիճը` 978.90 քառ. մետր մակերեսով և սպասարկման համար անհրաժեշտ 0.107748 հեկտար հողամասը:

3. Ընկերությունը կապահովի կենտրոնի շենքի կառուցումը և արդյունավետ գործունեությունը` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, վերապատրաստելով տեղական մասնագետներին և օգտագործելով հրավիրված միջազգային մասնագետների փորձը:

4. Ընկերությունը, համագործակցելով նախարարության հետ, ուսումնական և հետազոտական ծրագրերում, կապահովի կենտրոնի փոխգործակցությունը Գյումրու տեխնոպարկի հետ և կդարձնի այն Գյումրու տեխնոպարկի անբաժանելի մասը:

5. Կողմերը կհամագործակցեն տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող միջոցառումներին համապատասխան կառույցների և ոլորտի ընկերությունների փոխադարձ իրազեկության և մասնակցության ապահովման հարցերում:

6. Սույն հուշագրի կնքման և կատարման հետ կապված կողմերի փոխհարաբերությունները բնութագրվում են միմյանց նկատմամբ ցուցաբերվող հատուկ վստահությամբ:

7. Սույն հուշագրի փոփոխություններն ու լրացումները կարող են կատարվել բացառապես կողմերի գրավոր համաձայնությամբ, որը կհանդիսանա սույն հուշագրի անբաժանելի մասը:

8. Կողմերը հաստատում են, որ սույն հուշագրի կնքումը և կատարումը լիովին բխում և համապատասխանում է իրենց շահերին:

9. Կողմերը հավաստում են, որ սույն հուշագրի կնքման պահին նրանց հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց հետևանքով իրենք իրավասու կամ ի վիճակի չեն կնքել կամ կատարել սույն հուշագիրը:

10. Սույն հուշագիրը բաղկացած է 2 էջից, կազմված է հայերենով և կնքվում է 2 հավասարազոր օրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

11. Սույն հուշագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից:

 

Կողմերի ստորագրությունները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Տիգրան Դավթյան ___________________________

 

«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ՊՏԵ ԼՏԴ» ընկերություն

__________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.04.2012
N 536-Ա
Որոշում