Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ, 302...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 301-ՐԴ, 302-ՐԴ, 466-ՐԴ ԵՎ 468-ՐԴ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1165/02/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1165/02/10

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Սահակյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                               

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ Գագիկ Սիմոնյանի` վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին և Գագիկ Սիմոնյանի հակընդդեմ հայցի` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է լուծել 15.01.2004 թվականին իր և Գագիկ Սիմոնյանի միջև կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր):

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.12.2010 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.09.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.02.2011 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

24.05.2011 թվականին Գագիկ Սիմոնյանը ներկայացրել է հակընդդեմ հայց` պահանջելով տրամադրել վարձակալության պայմանագրի նպատակային նշանակության ջրովի հողամասերը:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Բադիրյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.10.2011 թվականի որոշմամբ Գագիկ Սիմոնյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Գյուղապետարանի հայցը մերժվել է, իսկ վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 2-րդ կետերը, 606-րդ հոդվածը, 616-րդ և 622-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և լրիվ չի հետազոտել Գյուղապետարանի ու Գագիկ Սիմոնյանի միջև կնքված Պայմանագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 26.01.2004 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները, որոնցով հաստատվում է վարձակալությամբ տրամադրված հողամասերի նկատմամբ Գագիկ Սիմոնյանի վարձակալության իրավունքի գրանցման փաստը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գագիկ Սիմոնյանի կողմից թույլ են տրվել վարձավճարի վճարման ժամկետի և հողամասը նպատակային նշանակությամբ օգտագործելու հետ կապված էական ու բազմակի խախտումներ, որպիսի փաստը ընդունվել է նաև վերջինիս կողմից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է Գյուղապետարանի կողմից Գագիկ Սիմոնյանին հասցեագրված գրությունը, որով վերջինիս առաջարկվել է կամովին վճարել վարձավճարի գծով առաջացած պարտքի գումարը` նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կդիմի դատարան Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու և վերը նշված գումարը դատական կարգով բռնագանձելու պահանջով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գյուղապետարանի և Գագիկ Սիմոնյանի միջև 15.01.2004 թվականին կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով տարեկան 292.320 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց Գագիկ Սիմոնյանին 25 տարի ժամկետով տրամադրվել է Բագրատաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող 39,8 հա ընդհանուր մակերես ունեցող հողամասը (հ. 1-ին, գ.թ.5, 6).

2) նշված Պայմանագիրը ենթարկվել է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Գագիկ Սիմոնյանին 26.01.2004 թվականին Կադաստրի կողմից տրվել են թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականները (հ. 1-ին, գ.թ.73, 74, 75, 76, հ. 2-րդ, գ.թ.17-24):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը: Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը Դատարանի 06.07.2011 թվականի վճիռը բեկանելը և այն փոփոխելը` Գյուղապետարանի հայցը մերժելը, պատճառաբանել է նրանով, որ «Գագիկ Սիմոնյանի կողմից վարձակալության պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ տարածքային ստորաբաժանումում գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում չի կատարվել», և նշելով, որ «Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման», «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության», «Նման գործարքն առոչինչ է», գտել է, որ «սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը գործում եղած ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ գործում առկա են 26.01.2004 թվականին Պայմանագրից ծագող իրավունքների գրանցման վերաբերյալ տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0056101, 0056102, 0056103, 0056104, 0056105, 0056106, 0056107 և 0056108 վկայականները:

Հիմք ընդունելով վերոնշյալ հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ և 302-րդ հոդվածների 1-ին կետերը սխալ կիրառելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը խախտելու մասին, հիմնավոր է:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ԵԱՆԴ/1165/02/10
Որոշում