ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0402/02/11
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0402/02/11
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Ն. Հովսեփյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի մարտի 23-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Գեորգի Գյորգյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Գեորգի Գյորգյանից 236.923 ՀՀ դրամ` որպես մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումար:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Հ. Ենոքյան) (այսուհետ` Դատարան) 12.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.08.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 345-րդ, 347-րդ, 777-րդ, 779-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մատուցված ծառայությունների գումարային արտահայտությամբ չափը հիմնավորող ապացույց են հանդիսանում մատուցված ծառայությունների հաշիվները, որոնք հնարավորություն են ընձեռում պարզելու, թե ինչ ծավալի, քանակի և տեսակի ծառայություններ են մատուցվել բաժանորդին: Ավելին, կողմերի միջև 30.03.2009 թվականին կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել ներկայացված հաշիվներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության և Գեորգի Գյորգյանի միջև 30.03.2009 թվականին կնքված թիվ 008-11019 պատվեր-դիմումի (պայմանագիր) համաձայն` Գեորգի Գյորգյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն` բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար (գ.թ. 5):
2) Ընկերության կողմից ներկայացված 31.07.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021340805 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019051287, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019822981 և 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020569505 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021340805 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ (գ.թ. 8, 9):
3) Ընկերության կողմից ներկայացված 31.08.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021984712 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019053596, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019823582, 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020570958 և 04.08.2009 թվականին ներկայացված թիվ 101021341667 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021984712 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ (գ.թ. 18, 19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետք է պարզել իրավական հարցադրումն այն մասին, թե արդյո՞ք «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները պարտքի առկայությունը հիմնավորող պատշաճ ապացույցներ են:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է «ծառայությունների մատուցման հաշիվ»-ների` որպես Ընկերության հայցը հիմնավորող ապացույցի վերաբերելիության և թույլատրելիության հարցին և արձանագրել, որ հայցը հիմնավորող միակ թույլատրելի ապացույցն Ընկերության կողմից ներկայացված ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հաշիվն է (տե՛ս ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ընդդեմ «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի թիվ ԱՎԴ1/0009/02/10 որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «շրջանառու տեղեկանք»-ը բավարար չէ հայցվող գումարի չափը հիմնավորելու համար, քանի որ դրա մեջ միայն նշված է բաժանորդի կողմից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարվելիք պարտքի չափը, իսկ այդ գումարի գոյացման հիմքը հիմնավորող ապացույց հայցվորը Դատարան չի ներկայացրել, հետևաբար պատասխանողի կողմից հայցվորի նկատմամբ ունեցած պարտավորության` դրա չափի, առկայությունը հիմնավորող ապացույցների բացակայության պայմաններում հայցվորի պահանջը չի կարող լինել օրինաչափ:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Գեորգի Գյորգյանի միջև 30.03.2009 թվականին կնքված թիվ 008-11019 պատվեր-դիմումի (պայմանագիր) համաձայն` Գեորգի Գյորգյանին հատկացվել են թվով 2 հեռախոսահամարներ: Նշված պայմանագրի ծառայությունների մատուցման պայմանների 5.1-ին կետի համաձայն` վճարումները բաժանորդի կողմից կատարվում են հաշվետու ժամանակաշրջանում իրեն մատուցված ծառայությունների դիմաց` համաձայն նույն պայմաններում սահմանված պայմանների, բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի, օգտագործած ծառայությունների ցանկի և ծավալների: Պայմանների 5.2-րդ կետի համաձայն` փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է օպերատորի բիլինգային համակարգի գրանցումների հիման վրա և նշվում է բաժանորդին ներկայացվող ծառայությունների մատուցման հաշվում: Ծառայությունների մատուցման հաշիվը հանդիսանում է բաժանորդին` ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ ապացույց, իսկ 5.5-րդ կետի համաձայն` բաժանորդի կողմից հաշվի չստանալը կամ ստացման ուշացումը չի կարող հիմք հանդիսանալ բաժանորդի կողմից ծառայությունների դիմաց վճարումները չկատարելու կամ վճարման ժամկետները հետաձգելու համար: Ընկերության կողմից ներկայացված 31.07.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021340805 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019051287, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019822981 և 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020569505 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021340805 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 145.598,80 ՀՀ դրամ:
Ընկերության կողմից ներկայացված 31.08.2009 թվականի ծառայությունների մատուցման թիվ 101021984712 հաշվի համաձայն, որում ներառված են նաև 03.05.2009 թվականին ներկայացված թիվ 101019053596, 03.06.2009 թվականին ներկայացված թիվ 101019823582, 03.07.2009 թվականին ներկայացված թիվ 101020570958 և 04.08.2009 թվականին ներկայացված թիվ 101021341667 հաշիվներով վճարման ենթակա գումարները, Գեորգի Գյորգյանի պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ: Նշված հաշվին կից թիվ 101021984712 շրջանառու տեղեկանքի համաձայն ևս պարտքը կազմում է 91.323,92 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և վերլուծելով կողմերի միջև կնքված պատվեր-դիմումի (պայմանագրի) ծառայությունների մատուցման պայմանները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով «ծառայությունների մատուցման հաշիվ»-ները ծառայությունների մատուցման փաստի և ծավալների վերաբերյալ հայցը հիմնավորող թույլատրելի ապացույցներ են, որոնք անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան