Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123.4-ՐԴ, 255-ՐԴ, ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/4519/05/10

    դատարանի որոշում                                              2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4519/05/10

Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան

    Դատավորներ`        Լ. Սոսյան

                       Հ. Բեդևյան

                                   

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մարտի 23-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վլադիմիր Սալիբեկյանի ընդդեմ Ոստիկանության` 11.11.2010 թվականի թիվ Ա` 988996 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վլադիմիր Սալիբեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 11.11.2010 թվականի թիվ Ա` 988996 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 27.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2011 թվականի որոշմամբ Դատարանի 27.07.2011 թվականի վճռի դեմ Վլադիմիր Սալիբեկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 27.07.2011 թվականի վճիռը, և այն փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 117.12-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական իրավախախտում կատարած անձին իր իրավունքներն ու պարտականությունները բացատրված լինելու պայմաններում արձանագրությունում նշում կատարելուց և ստորագրելուց, բացատրություն տալուց, ինչպես նաև որոշումը ստորագրել և ստանալուց հրաժարվելու հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է անձի բացակայությամբ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անձը վարչական պատասխանատվության ենթարկվում է ոչ թե տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում տեխնիկական զննության չներկայացնելու համար, այլ սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 11.11.2010 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` «... ուղիղ նշանի ազդման գոտուց կատարեց ձախ շրջադարձ, ստուգումից պարզվեց, որ վարորդ Վլադիմիր Սալիբեկյանն օրենքով սահմանված ժամկետում տրանսպորտային միջոցը չէր ներկայացրել 2010 թվականի տեխնիկական զննությանը և բացակայում էր տեխնիկական զննության կտրոնը»: Նույն արձանագրությունում նշվել է, որ «վարորդը հրաժարվեց բացատրություն տալուց և որոշումը ստանալուց» (գ.թ. 20):

2) 11.11.2010 թվականի թիվ Ա` 988996 որոշմամբ Վլադիմիր Սալիբեկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է 50.000 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 7):

3) 11.11.2010 թվականի թիվ Ա` 988996 որոշումը Վլադիմիր Սալիբեկյանին փոստային ծառայության միջոցով հանձնվել է 15.11.2010 թվականին (գ.թ. 20):

4) Ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքի համաձայն` ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը համաձայն Ոստիկանությունում առկա, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից էլեկտրոնային կրիչով տրամադրված տեղեկատվության, տեխնիկական զննություն անցել է 26.10.2009 թվականին, որից հետո մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու օրը` 11.11.2010 թվականը, տեխնիկական զննություն չի անցել: Տեխնիկական զննություն անցել է 12.11.2010 թվականին (գ.թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` ոստիկանությունը վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս իրավունք ունի` 1) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. 2) իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ ...:

i

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով` 1) կանգնեցնել տրանսպորտային միջոցները, ստուգել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը ...:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

i

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ներքին գործերի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն` նույն օրենսգրքի 123, 123.1, 123.2, 123.3 հոդվածներով, 123.4 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 1235, 124 (բացառությամբ երեսունյոթերորդ և երեսունութերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 124.1, 124.2, 125, 128, 129, 129.1, 129.2, 131, 132, 133 և 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության տեսուչները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում. արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ. արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության. կան արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ. պատճառվել է արդյոք գույքային վնաս, ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունքը վերապահված է ճանապարհապարեկային ծառայության տեսուչներին, ինչը ենթադրում է վարչական վարույթ իրականացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատուկ բնույթը և դրա արդյունավետ իրականացումն ապահովելու համար որոշ պայմանների պարտադիր առկայության և վարչական վարույթի իրականացման հետ կապված համապատասխան գործողություններն արագ իրականացնելու և գործելու, այսինքն` վարչական իրավախախտման տեղում վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու, ինչպես նաև իրավախախտման տեղում վարչական տույժ նշանակելու անհրաժեշտությունը:

i

Սույն գործով հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ «հայցվորի նկատմամբ տուգանք նշանակելու իրավական հիմքը հանդիսացել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4 -րդ հոդվածի 2-րդ մասը», «...վարչական իրավախախտման վերաբերյալ 11.11.2010 թվականի արձանագրության, Ճանապարհային ոստիկանության ՏՄՏՓ բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքի հետազոտմամբ հաստատվեց, որ իրավախախտումն արձանագրելու պահին, այն է` 11.11.2010 թվականին հայցվորի վարած ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմեքենան տեխնիկական զննություն անցած չի եղել, ինչը նշանակում է, որ տվյալ պահին իրավախախտման փաստն առկա է եղել»:

i

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս և Դատարանի վճիռը փոփոխելիս պատճառաբանել է, որ «արձանագրության «վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը» հատվածում առկա է հետևյալ գրառումը. «Վարորդը հրաժարվեց բացատրություն տալուց, ստորագրելուց և որոշումը ստանալուց»: Սակայն, տվյալ գրառումը չի վկայում այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ, և ապահովվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու և դատական ակտը փոփոխելու հիմքում դնելով այն հանգամանքը, որ արձանագրությունում առկա գրառումը չի վկայում, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ, և ապահովվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, հաշվի չի առել, որ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ արձանագրությունը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի կողմից ստորագրված չլինելու հանգամանքը բավարար չէ փաստելու, որ վարչական իրավախախտման գործը քննվել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացակայությամբ, և որ խախտվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի ապացույցներով, մասնավորապես` Ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետի 20.12.2010 թվականի տեղեկանքով հաստատվում է, որ ՎԱԶ-21063 մակնիշի 61 ՍՍ 786 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը տեխնիկական զննություն անցել է 26.10.2009 թվականին, որից հետո մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու օրը` 11.11.2010 թվականը, տեխնիկական զննություն չի անցել, այլ տեխնիկական զննություն անցել է 12.11.2010 թվականին: Այսինքն` իրավախախտումն արձանագրելու պահին իրավախախտման փաստն առկա է եղել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 20.10.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.07.2011 թվականի վճռին:

2. Վլադիմիր Սալիբեկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.03.2012
N ՎԴ/4519/05/10
Որոշում