Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

15 մայիսի 2012 թվականի թիվ 2

 

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացվում են բազմաթիվ գրություններ, որոնցում խնդրվում է պարզաբանել այն օրինական ուղիները, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքի սուբյեկտները հնարավորություն ունեն հրապարակային եղանակով ներգրավել դրամական միջոցներ:

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հասցեագրված գրություններով բարձրացված խնդիրները,

հաշվի առնելով հրապարակային եղանակով դրամական միջոցների ներգրավման գործընթացի կարգավորման նպատակը, այն է` սպառողների իրավունքների պաշտպանությունը և նրանց վերադարձվող միջոցների վերադարձման երաշխավորումը կամ ներդրումներ կատարելիս հնարավոր ռիսկերի վերաբերյալ առավելագույն իրազեկվածության ապահովումը,

ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովման և արժեթղթերում ներդրողների և ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրներից, և

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «զ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.

 

1. Վերոհիշյալ հարցը կարգավորվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 39-րդ հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով: Մասնավորապես`

1) «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն`

«Բանկային գործունեություն է համարվում ավանդներ ընդունելը կամ ավանդներ ընդունելու առաջարկությամբ հանդես գալը և ավանդն ընդունողի անունից և ռիսկով դրանք տեղաբաշխելը` վարկեր, ավանդներ, դեպոզիտներ տրամադրելու և (կամ) ներդրումներ կատարելու միջոցով:

Առանց Կենտրոնական բանկի կողմից տրված բանկային գործունեության լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա) Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելն արգելվում է:»:

2) «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն`

«2. Վարկային կազմակերպության գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն փոխառություններ ներգրավելը և (կամ) նմանատիպ գործարքներ կնքելը և (կամ) վարկեր տրամադրելը կամ սույն օրենքով սահմանված այլ ներդրումներ կատարելը:

Վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով նմանատիպ գործարքների թվին են դասվում նաև ներդրումային (պարտատոմսեր) և վճարային արժեթղթերի հրապարակային թողարկումը (բացառությամբ ներդրումային ֆոնդերի կողմից թողարկված արժեթղթերի) կամ այնպիսի գործարքների կնքումը, որոնք դրամական (փողային) պարտավորություններ են առաջացնում վարկային կազմակերպության համար, սակայն կապված չեն վարկային կազմակերպության կողմից պարտատիրոջն ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ:

3. Բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների, Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց արգելվում է իրականացնել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված որևէ գործունեություն:»:

3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 39-րդ հոդվածների համաձայն` ապահովագրական գործունեությունը «անձի կողմից որպես ապահովագրող կողմ պարբերաբար իր անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաև դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջություն է», և «արգելվում է առանց Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական բրոքերային գործունեության իրականացումը»:

4) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` «Առանց սույն օրենքի պահանջներին բավարարող ազդագրի հրապարակման, արժեթղթերի հրապարակային առաջարկ անելն արգելվում է:

5) «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը ներդրումային ֆոնդը սահմանում է որպես «իրավաբանական անձ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրերի կամ նմանատիպ այլ պայմանագրերի հիման վրա ձևավորված ակտիվների համախումբ, որն ստեղծվել և (կամ) գործում (օգտագործվում) է` որպես նպատակ կամ հիմնական նպատակներից մեկն ունենալով ներդրողներից հավաքագրված միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո արժեթղթերում և (կամ) այլ ակտիվներում կոլեկտիվ ներդրումների միջոցով ապահովել այդ միջոցների վերադարձը ներդրողներին կապիտալի ավելացման, շահաբաժինների և (կամ) այլ ֆինանսական եկամտի տեսքով` վերջինների կողմից իրավաբանական անձի կապիտալում (ակտիվների համախմբում) կատարված ներդրումներին համապատասխան և կախված այդ ներդրումների կառավարման արդյունքներից»: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Ֆոնդը (այդ թվում` ոչ հրապարակային ֆոնդը) կարող է ստեղծվել և իրականացնել սույն օրենքով նախատեսված գործունեությունը միայն սույն օրենքով նախատեսված կարգով ֆոնդը (դրա կանոնները) Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու պահից:»:

6) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը ակտիվներով ապահովված արժեթղթերը սահմանում է որպես «արժեթղթավորման հիմնադրամի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնք ապահովված են ակտիվների խմբով, և որոնց դիմաց վճարումները գլխավորապես կախված են ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների դիմաց ստացվելիք վճարներից»: Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Արժեթղթավորման հիմնադրամը սույն օրենքին համապատասխան ստեղծված և բացառապես արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակ հետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է:»:

2. Սույն պարզաբանման 1-ին կետում մեջբերված դրույթների համադրումը հանգեցնում է այն եզրահանգման, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձինք հրապարակային եղանակով դրամական միջոցներ կարող են ներգրավել (հրապարակային եղանակով այնպիսի գործարքներ կնքել, որոնք դրամական պարտավորություններ են առաջացնում անձի համար, սակայն կապված չեն նրա կողմից ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու հետ) բացառապես հետևյալ օրինական ուղիներով`

1) ավանդների ներգրավում, որպիսի գործունեություն կարող են իրականացնել միայն օրենքի կամ համապատասխան լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք (այսուհետ` բանկեր).

2) հրապարակային եղանակով փոխառությունների և վարկերի ներգրավում, որպիսի գործունեություն կարող են իրականացնել միայն բանկերը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները` օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև ներդրումային ֆոնդի կառավարիչները և ներդրումային ֆոնդերը` տվյալ ներդրումային ֆոնդի ներդրումային քաղաքականության պահանջներին համապատասխան.

3) ապահովագրավճարների ներգրավում, որպիսի գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացված ապահովագրական գործունեության համապատասխան դասով լիցենզիա ունեցող անձինք.

4) արժեթղթերի հրապարակային առաջարկ, որը կարող են իրականացնել միայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` տվյալ արժեթղթերի ազդագիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցած և հրապարակած (իսկ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` անկախ նման ազդագրի առկայության հանգամանքից) անձինք` անձամբ կամ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց միջոցով, իսկ ներդրումային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) և ակտիվներով ապահովված արժեթղթեր կարող են տեղաբաշխել միայն համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նախնական թույլտվությունն ստացած ներդրումային ֆոնդերը (դրանց կառավարիչները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիայի հիման վրա) և արժեթղթավորման հիմնադրամները:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.05.2012
N 2
Պաշտոնական պարզաբանում