Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱ ...

 

 

040.0503.280412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2012 թվականի N 503-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 111-Ն որոշման 18-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի ապրիլի 12-ի

N 503-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

1. «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) սահմանում է`

1) մայրուղային նավթամթերատարի սարքավորումների և կառույցների, նրանց շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման պահանջները.

2) նավթամթերքների որակի պահպանման ապահովման և դրանց վերահսկման պայմանները.

3) էկոլոգիական, հրդեհաանվտանգության և աշխատանքի պահպանության պահանջները:

2. Սույն տեխնիկական կանոնակարգը սահմանում է նաև պահանջներ մայրուղային նավթամթերատարի և նրանց ճյուղերի համար` անկախ դրանց պատկանելությունից և սեփականության ձևից, որոնք գտնվում են ՀՀ տարածքում:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը պարտադիր է նավթամթերատարի շահագործմամբ զբաղվող մասնագետների, ղեկավար և բանվորական անձնակազմի համար, ինչպես նաև բոլոր տեսչական հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց լիազորությունների սահմաններում:

4. Հաշվի առնելով նախագծային լուծումները, արտադրող գործարանի հրահանգները, գործող նորմերն ու դրույթները` մայրուղային նավթամթերատարը և նրանց ճյուղերը շահագործող կազմակերպությունների կողմից սույն տեխնիկական կանոնակարգի հիման վրա պետք է մշակվեն համապատասխան կազմակերպության ստանդարտներ և հրահանգներ:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ տերմիններն ու սահմանումները`

1) Մայրուղային նավթամթերատար (ՄՆՄՏ). մինչև 10 ՄՊա ավելցուկային ճնշմամբ խողովակաշար` ստորգետնյա, վերգետնյա, վերգետնյա և ստորջրյա կառույցների համալիրով, որը, նախատեսված ազգային ստանդարտներին և տեխնիկական պայմաններին համապատասխան, նախապատրաստված նավթամթերքի տեղափոխման համար` ընդունման կետից մինչև հանձնման կետ, տրանսպորտի այլ եղանակներին տեխնոլոգիական պահպանման կամ փոխանցման համար.

2) Գծային արտադրակարգավարական կայան (ԳԱԿԿ). կազմակերպության արտադրական ստորաբաժանում, որն ապահովում է սարքավորումների շահագործումն ու անխափան աշխատանքը, ինչպես նաև երկու կամ ավելի վերամղող կայանների և նրանց միացված նավթամթերատարի հատվածների տնտեսական գործունեությունը.

3) Վերամղող կայաններ (ՎԿ). շինությունների համալիր, սարքավորումներ և սարքվածքներ, որոնք ապահովում են նավթամթերքների մղումն ու ընդունումը.

4) Նավթամթերատարի գծային մաս. խողովակաշարեր, որոնք ունեն գծային մասեր և կահավորված են կոռոզիայից պաշտպանելու սարքվածքներով, սեփական կարիքների էլեկտրահաղորդման գծերով, կապի և հեռակառավարման գծերով ու սարքվածքներով, ունեն նաև սպասարկման ճանապարհներ և շրջակա միջավայրի պաշտպանության շինություններ.

5) Պահեստարան. ճարտարագիտական շինություն, որը նախատեսված է նավթամթերքի ընդունման, պահպանման բացթողման և հաշվառքի համար.

6) Վերամղող կայանի պահեստարանների համակազմ. Պահեստարանների խումբ, որոնք նախատեսված են նավթամթերքի ընդունման, պահպանման ու բացթողման համար և տեղադրված են տարածքում, որն ամբողջ պարագծով պարսպապատված է (վերգետնյա պահեստարանների դեպքում) հակահրդեհային անցուղիներով (ստորգետնյա պահեստարանների և այն պահեստարանների համար, որոնք տեղադրված են փոսորակներում և փորվածքներում).

7) Տեխնոլոգիական խողովակաշար. ԳԱԿԿ-ների և ՎԿ-ների նավթամթերատար, որոնք նախատեսված են ներտարածքային տեխնոլոգիական գործողություններ կատարելու նպատակով և իրականացվում են մղվող, ընդունվող և պահպանվող նավթամթերքների համար.

8) Անջատիչների և մաքրող սարքվածքների գործարկման և ընդունման հանգույց. տեխնոլոգիական խողովակաշարերի և փակող արմատուրի համակարգ, որը նախատեսված է անջատիչների, մաքրող սարքվածքների և այլ գործարկումների, նավթամթերքի ընդունումն ու բացթողումն ապահովելու համար.

9) Երկաթգծի դատարկման-լցավորման էստակադ. երկաթգծին մոտ հատուկ շինություններ` կահավորված դատարկման-լցավորման սարքվածքներով, որոնք ապահովում են երկաթուղային բաքերից նավթամթերքի դատարկման կամ նավթամթերքը երկաթուղային բաքերը լցավորման համար.

10) Մեքենալցավորման էստակադ. հատուկ սարքվածքներով կահավորված շինություններ, որոնք ապահովում են ավտոմոբիլային բաքերի նավթամթերքի լցավորումը.

11) Հեռացում. վերամղող կայան չունեցող ՆՄՏ միացված ՄՆՄՏ-ին կամ նրա ճյուղավորմանը, որով նավթամթերքը տրվում է սպառողին կամ բաշխիչ հանգույցներին.

12) ՄՆՄՏ-ի ստորջրյա անցում (ՍԱ). մեկ կամ մի քանի խողովակաշարերի շինությունների համալիր, որոնք հատում են գետը կամ ջրամբարը.

13) Անցումների հանգույց. տարբեր նշանակության խողովակների ՍԱ ընդհանրություն, որոնք հատում են ջրային արգելքները և տեղադրված են մեկ տեխնիկական միջանցքում, իրարից որոշակի հեռավորության վրա.

14) Տեխնիկական միջանցք. միևնույն մայրուղով զուգահեռ տեղադրված խողովակների համակարգ, որոնք նախատեսված են նավթի, նավթամթերքների, այդ թվում` հեղուկացված ածխաջրածնային գազերի կամ գազի (գազի խտուցքի) տեղափոխման համար.

15) Պահպանման գոտի. ՄՆՄՏ-րի և նրա շուրջ գտնվող տեխնոլոգիական օբյեկտների համար նախատեսված տարածք, որն անհրաժեշտ է ՄՆՄՏ-ի անվտանգ շահագործման համար.

16) Տեխնիկական վիճակ. որոշակի հարաչափերի խումբ, որոնց արժեքներով ժամանակի որոշակի պահերին որոշում են տեխնիկական վիճակը: Տեխնիկական վիճակը կարող է լինել սարքին, անսարք, աշխատունակ և ոչ աշխատունակ.

17) Սարքին վիճակ. օբյեկտի վիճակ, որը համապատասխանում է նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

18) Անսարք վիճակ. օբյեկտի վիճակ, որի առնվազն մեկ հարաչափը չի համապատասխանում նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

19) Աշխատունակ վիճակ. օբյեկտի վիճակ, որի դեպքում բոլոր հարաչափերի մեծությունները բնութագրում են տվյալ գործառույթի իրականացումը, համապատասխանում են նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերի սահմանված պահանջներին.

20) Անաշխատունակ վիճակ. օբյեկտի վիճակ, որի գոնե մեկ հարաչափի մեծությունը, որը բնութագրում է տվյալ գործառույթի իրականացումը, չի համապատասխանում նորմատիվատեխնիկական և կոնստրուկտորական փաստաթղթերով սահմանված պահանջներին.

21) Հրաժարում. երևույթ, որը բնութագրում է աշխատունակ վիճակի խափանում.

22) Հուսալիություն. օբյեկտի վիճակ, որի դեպքում ժամանակի ընթացքում պահպանվում են բոլոր հարաչափերի մեծությունները, բնութագրում են տրված գործառույթի իրականացման հնարավորությունը, տրված ռեժիմի և պայմանների կիրառման, տեխնիկական շահագործման պահպանման և տեղափոխման դեպքում.

23) Վթար. երևույթ, որը կախված է նավթամթերքի անվերահսկելի արտահոսքի հետ, ինչը կարող է լինել հետևանք խողովակի անկիպությունների, փակող արմատուրի, խողովակների սարքվածքի և այլնի հետ.

24) Վնասվածք. ՄՆՄՏ-ի սարքին վիճակի խափանում` նրա աշխատունակության պահպանման պայմաններում.

25) Խողովակաշարերի տեխնիկական արատորոշում. խողովակաշարի տեխնիկական վիճակի որոշում` ներառյալ տեխնիկական վիճակի հսկում, վնասվածքի և թերության տեղի փնտրում, տեխնիկական վիճակի կանխատեսում.

26) Խողովակաշարերի տեխնիկական վիճակի հսկում. խողովակաշարի բնութագրերի և հարաչափերի համապատասխանության ստուգում, նախագծային, շինարարական և շահագործման փաստաթղթերի հետ և դրա հիման վրա տեխնիկական վիճակներից մեկի որոշում` ժամանակի տվյալ պահին.

27) Խողովակաշարի հարմարվածությունն արատորոշմանը. խողովակաշարի հատկություն, ինչը բնութագրում է նրա պիտանելիությունը դիագնոստիկայի անցկացման համար` տրված մեթոդներով և տեխնիկական դիագնոստիկայի միջոցներով.

28) Տեխնիկական արատորոշման համակարգ. խողովակաշարի և շահագործող անձնակազմի տեխնիկական միջոցների համախումբ, որն անհրաժեշտ է դիագնոստիկայի անցկացման համար` տեխնիկական փաստաթղթերով սահմանված տեխնիկական կանոնակարգի համաձայն.

29) Էլեկտրաքիմիական պաշտպանություն (ԷՔՊ). թափառող հոսանքներից մետաղական մակերևույթների քայքայումից պաշտպանության էլեկտրաքիմիական այրվածք:

 

ԳԼՈՒԽ 2. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Մայրուղային նավթամթերատարը բաղկացած է գծային մասից` գծային շինություններով, ինչը ներառում է ճյուղավորումները և հեռացումը, գլխամասային վերամղող կայանները (ԳՎԿ), միջանկյալ վերամղող կայանները (ՄՎԿ), լցավորման կետերը (ԼԿ), վերջնական կետերը, վթարավերականգնողական կետերը (ՎՎԿ): Յուրաքանչյուր ՄՆՄՏ-ի անբաժանելի մաս են համարվում կապուղիները, ավտոմատացման և հեռակառավարման սարքվածքները, հողային կոռոզիայից և թափառող հոսանքից պաշտպանման միջոցները, պաշտպանիչ հակահրդեհային շինությունները, հակաէրոզիոն և հակասողանքային կառույցներ, որոնք ապահովում են շրջակա միջավայրի պահպանումը և այլն: Ճյուղավորմանը պատկանում են խողովակաշարերը, որոնք ունեն սեփական գլխամասային կայաններ` սնվող պահեստարանից և տեխնոլոգիապես կախված են ՄՆՄՏ-ի հետ: Հեռացման խողովակաշարերն են` սեփական գլխամասային կայաններ չունեցող և նավթամթերատարի գծային մասից սնվող խողովակաշարերը:

7. Գործող ՄՆՄՏ-ի շինությունների սահմաններն ու կազմը, նրանց կոնստրուկտիվ և տեխնոլոգիական հարաչափերը սահմանվում են նախագծով: Նախագծվող և նոր կառուցվող ՄՆՏՊ-ի օբյեկտները պետք է համապատասխանեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին: Նախագծով պետք է հիմնավորվի, որ ՄՆՄՏ-ի շինությունների սահմաններն ու կազմը, նրանց կոնստրուկտիվ և տեխնոլոգիական հարաչափերը չեն տեղակայվում խմելու ջրի համար նախատեսված ջրամատակարարման աղբյուրների, ջրառի կառույցների սանիտարական պահպանման գոտիների կամ ջրատարի սանիտարապահպանման շերտագծի սահմաններում, որպեսզի բացառվի խմելու ջրի աղտոտումը:

8. ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպությունը սույն տեխնիկական կանոնակարգի, սարքվածքների արտադրող կազմակերպությունների և նախագծով նախատեսված ռեժիմների ու նորմերի հիման վրա մշակում է յուրաքանչյուր հանգույցի շահագործման և նորոգման համար կազմակերպության ստանդարտներ:

9. Նավթամթերատարի կառուցման և շահագործման պետական վերահսկողությունն իրականացվում է ՀՀ օրենքների համաձայն:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. ՄՆՄՏ-ի շահագործող ընկերության հիմնական գործառույթներն են`

1) պայմանագրով նախատեսված նավթամթերքի ընդունման ապահովումը, նավթամթերքների տեղափոխման և հանձնման գործառույթների իրականացումը` նավթամթերքի որակի և խողովակաշարերի անխտիր անվտանգ շահագործման պայմանների դեպքում.

2) գծային մասի, շինությունների և սարքավորումների հուսալի և արդյունավետ աշխատանքի ապահովումը.

3) խողովակաշարերի և նրանց օբյեկտների պարբերական հսկումը և մղման սահմանված ռեժիմի պահպանումը.

4) նավթամթերքների կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների, էլեկտրական էներգիայի խնայման, վառելիքի, օգտագործվող նյութերի և այլ պաշարների տնտեսմանն ուղղված միջոցառումների մշակումը և ներդրումը.

5) սահմանված ժամկետներում տեխնիկական շահագործման և նորոգման կազմակերպումը և իրականացումը.

6) նավթամթերատարի շահագործման ընթացքում բնապահպանական անվտանգության պահպանումը և միջոցների ձեռնարկումը` ուղղված վթարային ռեժիմներում շրջակա միջավայրի աղտոտման կրճատմանը.

7) աշխատանքի անվտանգության պահպանումը` գործող օրենսդրության համաձայն, անձնակազմի հրահանգավորումը և գիտելիքների պարբերական ստուգումը.

8) վթարների, վնասվածքների ու նրանց հետևանքների վերացման պատրաստվածությունը.

9) նավթամթերքների հաշվառման կազմակերպումը և սահմանված ձևերով ու ժամկետներում հաշվետվություններ ներկայացնելը.

10) իր ենթակայության տակ գտնվող օբյեկտների նյութական և այլ արժեքներ պահպանությունը:

11. ՄՆՄՏ-ի աշխատակիցներն ընդունվում են աշխատանքի ՀՀ աշխատանքային օրենսգրքով և շահագործող կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներով: Նրանք պետք է ունենան համապատասխան կրթություն կամ անցնեն արհեստավարժ տեխնիկական ուսուցում այդ նպատակով սերտիֆիկացված կամ հավատարմագրված կազմակերպություններում:

i

12. ՄՆՄՏ շահագործող կազմակերպության բոլոր ղեկավարները, մասնագետներն ու բանվորները, բացառությամբ պաշտոնական հրահանգներով գիտելիքների ստուգում չնախատեսվող մասնագետների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն ենթակա են սույն տեխնիկական կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների և ՄՆՄՏ-ի անվտանգության նորմերի իմացության ստուգման` կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով: Գիտելիքների ստուգման նպատակն է պարզել կադրերի գիտատեխնիկական մակարդակը, նրանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոնի ֆունկցիոնալ պարտականություններին: Անձնակազմի գիտելիքների ստուգումն իրականացվում է` առաջնային` մինչև ինքնուրույն աշխատանքի անցնելը, պարբերաբար (հերթական), արտահերթ (ոչ հերթական), եթե աշխատանքի ընթացքում աշխատողի կողմից թույլ են տրվել անվտանգության կանոնների կամ հրահանգների պահանջների խախտումներ և աշխատանքի բնույթը փոխելու դեպքում: Ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքները կրկնակի (պարբերաբար) ստուգվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ բանվորական անձնակազմինը` յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ` բացառությամբ առանձնապես վտանգավոր տեղերում աշխատողների:

(12-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

13. Առանձին դեպքերում, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով, աշխատակիցները, որոնք աշխատում են առանձնապես վտանգավոր տեղերում, իրենց աշխատատեղում անցնում են լրացուցիչ վերապատրաստում, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով հաստատված ծրագրով:

14. Վերապատրաստումն անց են կացնում ավելի փորձառու աշխատակիցները, ՄՆՄՏ-ը շահագործող կազմակերպության ղեկավարի/տեխնիկական գծով տեղակալի հրամանով նախատեսված կարգով:

15. Արտադրական ուսուցումն ավարտելուց հետո առանձնապես վտանգավոր տեղերում աշխատանքի նշանակվելուց առաջ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ստուգում է աշխատակցի գիտելիքները` հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկելով աշխատանքի պաշտպանության և հրդեհաանվտանգության աշխատակիցներին:

16. Գիտելիքների իմացության արդյունքներն արձանագրվում են, և աշխատակցին տրվում է առանձնապես վտանգավոր տեղերում աշխատելու վկայական:

17. Անձնակազմի կողմից շահագործման և անվտանգության նորմերի իմացության գիտելիքների ավելի խորն ամրապնդման նպատակով կազմակերպությունը պետք է պարբերաբար (կրկնակի) հրահանգավորում կատարի շահագործման և անվտանգության նորմերի մասով` հետևյալ ժամկետներում`

1) հիմնական արտադրության մեջ ներգրավված անձնակազմի (ցանկը հաստատվում է կազմակերպության ղեկավարի հրամանով) համար` 6 ամիսը մեկ.

2) հիմնական արտադրությանն օժանդակող անձնակազմի համար` 12 ամիսը մեկ:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Նախագծում ընդունվող բոլոր լուծումները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի մասին» N 82 հրամանով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի ցանկի, ՍՆիՊ 2.05.06-85 «Մայրուղային խողովակաշարեր», ՍՆիՊ 2.05.13-90 «Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող նավթամթերքաուղիներ», ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքների և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ» և տվյալ պահին այդ ոլորտը կարգավորող բոլոր իրավական ակտերի և ազգային ստանդարտների պահանջներին:

19. ՄՆՄՏ բոլոր օբյեկտների շինարարության և վերակառուցման ընթացքում իրականացվող աշխատանքների որակը պետք է վերահսկվի ինչպես կապալառու, այնպես էլ պատվիրատու կազմակերպության և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզավորված անձանց կողմից:

20. Ավարտված շինարարական օբյեկտները շահագործման են հանձնվում ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման պահանջների համաձայն: Ավարտված օբյեկտների շահագործման հանձնման ժամանակ պետք է հաշվի առնել նաև «Տեխնիկական անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջները:

21. Շահագործման ընդունվող ՄՆՄՏ-ն պետք է համապատասխանի նախագծի պահանջներին ամբողջովին: ՄՆՄՏ-ն հանդիսանալով հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները թույլատրվում է ընդունել շահագործման մասերով` նախագծող կազմակերպության կողմից սահմանված կարգով:

22. ՄՆՄՏ օբյեկտների շահագործման ընդունման ժամանակ պետք է առկա լինեն նաև նրանց կատարողական փաստաթղթերը:

23. ՄՆՄՏ-ները շահագործման են ընդունվում պատվիրատուի կողմից ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից: Մինչ օբյեկտի ներկայացումն ընդունող հանձնաժողովին, ընդունումը կատարվում է պատվիրատուի/կապալառուի հանձնաժողովի կողմից: Օբյեկտի ընդունումից առաջ գլխավոր կապալառուն բոլոր կատարողական փաստաթղթերը հանձնում է պատվիրատուին:

24. Օբյեկտի շահագործման սկիզբը հանդիսանում է ընդունող հանձնաժողովի կողմից ընդունման ակտի ստորագրման օրը:

25. Առանձին շինությունների (շրջիկ օպերատորի տնակ, հերթափոխի անձնակազմի շենքեր/շինությունները), էլեկտրաքիմիական պաշտպանության, կապի հանգույցները, կապի չսպասարկվող ուժեղացուցիչ կետերը, էլեկտրահաղորդման գծերը, ՄՆՄՏ-ին մոտեցող ճանապարհները, կապի գծերն ընդունվում են աշխատանքային հանձնաժողովի կողմից` դրանցում տեղադրված սարքավորումներով հանդերձ` դրանց վերաբերյալ կազմելով համապատասխան ընդունման ակտ: Ակտը հաստատվում է այն կազմակերպության կողմից, որն ստեղծել է աշխատանքային հանձնաժողովը:

26. Պատվիրատուն պատասխանատվություն է կրում հանձնվող օբյեկտների անձնակազմի կոմպլեկտավորման, հումքի և էլեկտրական էներգիայի մատակարարման, սարքավորումների համալիր փորձման (պարապ ընթացքով և աշխատանքային ռեժիմում) տեխնոլոգիական պրոցեսների կարգաբերման, շահագործման հանձնման, արտադրական հզորությունների իրացման համար` սահմանված ժամկետներում:

27. ՄՆՄՏ-ի գծային մասը շահագործման է հանձնվում կատարողական փաստաթղթերի առկայության դեպքում` հետևյալ պայմանների կատարմամբ հանդերձ` համալիր արտափչման իրականացում, խողովակաշարի ամրության և կիպության ստուգում, խողովակաշարից փորձարկման հեղուկի լրիվ հեռացում և խողովակները նավթամթերքով լցնում:

28. ՄՆՄՏ-ի հիդրավլիկական փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ խողովակների բոլոր առավելագույն գեոդեզիական նիշերով կետերը ենթարկվեն փորձարկման` սահմանված ճնշման տակ:

29. Խողովակաշարերի լցնումը նավթամթերքով համարվում է ՄՆՄՏ-ի գծային մասի փորձման տարրերից մեկը և ձևակերպվում է ակտով:

30. ՄՆՄՏ-ի լցումից երեք ամիս առաջ շահագործող և կապալառու կազմակերպությունների համատեղ հրամանով նշանակվում են այդ աշխատանքների կատարման պատասխանատու անձինք, և ստեղծվում է հանձնաժողով, որը պատվիրատուի ներկայացուցչի ղեկավարությամբ մշակում է ՄՆՄՏ-ի լցման ծրագիր, ինչը հաստատում է պատվիրատուն` համաձայնեցնելով նախագծող և շինարարական կազմակերպությունների հետ:

31. Ծածկված աշխատանքներն ընդունվում են միջանկյալ ակտով, այդ թվում` մեկուսացված մակերևույթները, պաշտպանիչ և անոդային հողակցումները, պահպանաշերտային կայանքները, ստորգետնյա մալուխներն ու կցորդիչները, կոնստրուկտիվ տարրերը (չափիչ-հսկիչ կետերը, էլեկտրական միջակապերը և այլն) և այլն, որոնք նախատեսված են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներով:

32. Ընդունման ենթակա մեկուսացված մակերևույթների մեկուսացման որակի ստուգումը պետք է իրականացվի հերթականությամբ` մակերևույթի մաքրման, նախաներկման, մեկուսացման ու խրամուղում տեղադրման պահպանմամբ` կաթոդային բևեռացման սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան: Մեկուսացնող շերտի ցանկացած արտաքին վնասվածքն անթույլատրելի է:

33. Ստորգետնյա մետաղական շինությունների վերջնական ընդունումն ամբողջ օբյեկտի համար իրականացվում է բոլոր ակտերի առկայության դեպքում` կազմված միջանկյալ ընդունման յուրաքանչյուր գործողության համար, ինչպես նաև «շինության մետաղ-հող» միջև պոտենցիալների տարբերությունը չափելով, համոզվելով էլեկտրաքիմիական պաշտպանության արդյունավետության մեջ, բոլոր պաշտպանիչ միջոցների միացման ժամանակ, ինչը նախատեսված է ՄՆՄՏ-ի նախագծով:

34. Կոռոզիայից պաշտպանման միջոցները հանձնվում են շահագործման թողարկման կարգաբերման աշխատանքներից հետո` պատվիրատուին ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

1) կատարողական տեխնիկական փաստաթղթերը.

2) ծածկված աշխատանքների վերաբերյալ ակտերը.

3) կարգաբերման ավարտական և «շինության մետաղ-հող» միջև պոտենցիալների չափման ակտերը.

4) մեկուսացված մակերևույթների ամբողջականության մասին ակտերը.

5) շահագործման և սպասարկման վերաբերյալ գործարանի հրահանգները և սարքավորումների անձնագրերը:

35. ՄՆՄՏ ջրային անցումների ժամանակ պետք է ստուգվի խրամուղու համապատասխանությունը նախագծով տրված պարամետրերին, դրա մասին կատարվում է գրառում հանձնման ակտում:

36. Միջանկյալ ակտերով ընդունվում են բազմաքայլ օդային անցումներով ՄՆՄՏ-րը, որոնց համար կազմվում է ուրվագիծ, և այն ձևակերպվում է ակտով, որպես ծածկված աշխատանքներ:

37. ՄՆՄՏ-ի գծային մասի հանձնման ժամանակ գլխավոր կապալառուն աշխատանքային հանձնաժողովին է ներկայացնում`

1) շինմոնտաժային աշխատանքներին մասնակից կազմակերպությունների ցուցակը` նշելով յուրաքանչյուրի կատարված աշխատանքների ծավալը և այդ կազմակերպությունների ղեկավար անձնակազմից պատասխանատուների տվյալները.

2) աշխատանքային գծագրերի լրիվ փաթեթը` նրանց վրա նշելով բոլոր կատարված փոփոխությունները.

3) նախագծից բոլոր շեղումների ցանկը.

4) խողովակների, ձևավոր մասերի և արմատուրայի գործարանային սերտիֆիկատները.

5) եռակցման աշխատանքների որակը հավաստող փաստաթղթերը, այդ թվում` եռակցման ընթացքում օգտագործված նյութերի սերտիֆիկատները, եռակցման աշխատանքների գրանցամատյանը և տեղեկատվություն եռակցողների որակավորման վերաբերյալ.

6) մեկուսացման աշխատանքների գրանցամատյանը, մեկուսիչ նյութերի սերտիֆիկատները կամ անձնագրերը.

7) հիմնական խրամուղիների և հենարանների պատրաստման, նավթամթերատար խողովակները խրամուղիներում փռելու և դրանց ծածկման ակտերը, ինչպես նաև խողովակների փաստացի դասավորվածության մասին տեղեկանքը` ըստ խողովակների տեսակների, դրանց պատի հաստության և նշահարման ուրվագիծը.

8) անցումներում ՄՆՄՏ-ի նախնական փորձարկման ակտը.

9) ստորջրյա անցումներում ՄՆՄՏ-րի ամրացումների, դրանց խորության և անցումների շինությունների մասին ակտը.

10) ՄՆՄՏ-ի ներքին մակերևույթի արտափքման (լվացման) և մաքրող սարքվածքի տրամադրման ակտը.

11) ՄՆՄՏ-ի ամրության և կիպության նպատակով փորձարկումների ակտը.

12) տեղադրված արմատուրայի և չափիչ-հսկիչ սարքերի գործարանային անձնագրերը.

13) գծային շինությունների ծածկված աշխատանքների ակտը.

14) հողահատկացման և շինարարական աշխատանքների ավարտից հետո հողի ռեկուլտիվացիայի վերաբերյալ փաստաթղթերը.

15) էլեկտրաքիմիական պաշտպանության ընդունման ակտը և պաշտպանվող մակերևույթների վրա չափված պոտենցիալների արժեքները.

16) էլեկտրահաղորդման, կապի և հեռամեխանիկայի գծերի ընդունման ակտերը.

17) բնապահպանական սենքերի, նավթամթերքի արտահոսքը կասեցնելու շինությունների և նշահարիչների տեղադրման ակտերը.

18) ՄՆՄՏ անձնագիրը` ներառյալ գծային մասի տեխնիկական տվյալները` լրացված մատյանով, ինչպես նաև էլեկտրոնային կրիչով:

38. Սույն տեխնիկական կանոնակարգի 37-րդ կետում նշվածից բացի` գլխավոր կապալառուն պետք է ներկայացնի ընդունող հանձնաժողովին`

1) կատարողական հանույթի նյութերը.

2) ՄՆՄՏ-ի ամրացումների ակտը, մեկ կիլոմետր միմյանցից հեռու տեղադրված սյուները և նախազգուշական տարբերիչ և բնապահպանական նշանները.

3) տեխնոլոգիական խողովակաշարերի, փակող արմատուրի, լցման թողարկման խցերի կատարողական սխեմաները.

4) սառը վիճակում կռած ձևավոր մասերի, փակող արմատուրի հիմքերի, սեկցիաների միջև եռակցված կարի, թույլ գրունտներում և ջրային անցումներում խողովակաշարի ամրացման, ծածկված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի և մոնտաժված սարքավորումների գրանցամատյանները:

39. Աշխատանքային հանձնաժողովը շենքերի և սենքերի կոնստրուկցիաների, բոլոր առանձին սարքավորումների համար իրականացնում է անհատական փորձում և դրանով ստուգում է սարքավորումների և սենքերի համալիր փորձման պատրաստվածությունը:

40. Սարքավորումների անհատական փորձումը և ընդունումն իրականացվում են նախագծերով նախատեսված սխեմաներով` մոնտաժման և կարգաբերման աշխատանքների ավարտից հետո:

41. Փորձման ընթացքում պետք է ստուգվեն`

1) կատարված աշխատանքների համապատասխանությունը նախագծին և դրանցում կատարված փոփոխություններին.

2) շինմոնտաժային աշխատանքների որակը.

3) սարքավորումների աշխատանքը` պարապ ընթացքի ժամանակ և սարքվածքների աշխատանքը լարման տակ.

4) տեխնիկական կանոնակարգով, շինարարական նորմերով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանումը.

5) սարքավորումների պատրաստվածությունը համալիր փորձմանը:

42. Համալիր փորձման ժամանակ ստուգվում են հիմնական սարքավորումների համատեղ աշխատանքն օժանդակ սարքավորումների հետ բեռի առկայության պայմաններում: Այդ ընթացքում պետք է փորձվեն բոլոր չափիչ-հսկիչ սարքերը, ավտոմատացված համակարգերը, ուղեկապերը, հեռակառավարման և ազդանշանային համակարգերը, ինչը նախատեսված է նախագծով: Համալիր փորձարկումը համարվում է ավարտված, եթե նշված համակարգն աշխատել է 72 ժամ:

43. Անկախ սեփականության ձևից` 6 կՎ և բարձր լարման փոփոխական հոսանքի էլեկտրակայանքների էլեկտրական մասի տեխնիկական ստուգումները և գործարկման եզրակացությունների տրամադրումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 739-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն: Էլեկտրամատակարար կազմակերպության լիազորված անձը մասնակցում է սպառողի կառուցվող (վերակառուցվող) էլեկտրակայանքի ստուգման աշխատանքներին, եթե սպառողի էլեկտրակայանքը պետք է նոր էլեկտրական միացումներ ունենա ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին, և ստուգում է միացման պայմանագրի (էլեկտրամատակարարման ցանցին միացման տեխնիկական պայմանների), այդ թվում` հաշվառքի սարքերի տեղադրման ամբողջական կատարումը:

44. Էլեկտրակայանքների շինմոնտաժային աշխատանքների ավարտը փաստագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշման համաձայն:

45. Ընդունող հանձնաժողովին ներկայացվում են`

1) կատարողական փաստաթղթերը` բացատրագրերով.

2) առաջնային և երկրորդային էլեկտրական փոխարկման սխեմաների կատարողական գծագրերը` իրենց փոփոխություններով.

3) տեղակայված էլեկտրասարքավորումների հավաք գույքային ցանկը.

4) էլեկտրասարքավորումների փորձարկման արձանագրությունները.

5) հիմնական էլեկտրասարքավորումների տեխնիկական անձնագրերը և դրանց շահագործման հրահանգները:

46. Շինմոնտաժային աշխատանքների ավարտից հետո էլեկտրատեղակայանքների փորձարկման նախապատրաստումը, դրանց փորձարկումը, ինչպես նաև անհրաժեշտ չափիչ սարքերով դրանց ստուգումը, կատարում է մոնտաժող կազմակերպությունը` պատվիրատուի հետ համատեղ:

47. Վերամղող կայանները և լցման կետերն ընդունվում են շահագործման միայն նախագծով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների ամբողջ ծավալով ավարտից հետո: Աշխատանքային հանձնաժողովին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) նախագծային փաստաթղթերն ամբողջ ծավալով` դրանց վրա պատկերելով շինարարության ընթացքում կատարված բոլոր համաձայնեցված փոփոխությունները` նշելով «Կատարողական գծագրեր» արտահայտությունը.

2) վերգետնյա հողահատկացումների որոշումներն ու դրանց կադաստրային փաստաթղթերը.

3) մոնտաժված սարքավորումների անձնագրերն ու հրահանգները` դրանց փորձարկման ակտերով հանդերձ.

4) մոնտաժված խողովակների, ձևավոր մասերի, արմատուրայի, լարերի և մալուխների գործարանային սերտիֆիկատները.

5) տեխնոլոգիական խողովակաշարերի վրա կատարված աշխատանքների որակը հավաստող փաստաթղթերը.

6) արտադրական և խմելու ջրերի որակը հավաստող փաստաթղթերը.

7) բոլոր տեսակի կոյուղաջրերի հեռացման համաձայնությունները.

8) առանձնապես վտանգավոր օբյեկտների շահագործման թույլտվությունները.

9) բոլոր շենքերի և սենքերի համար ծածկված աշխատանքների ակտը.

10) բոլոր պահեստարանների, սարքավորումների հիմքերի, ինչպես նաև կրող բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների լաբորատոր սերտիֆիկացման փորձարկումների արձանագրությունները.

11) երկաթուղու ծառայությունների հետ մոտեցող երկաթուղու շահագործման թույլտվությունները.

12) գործարանում պատրաստված պահեստարանների առանձին մասերի փորձարկման ակտերը.

13) պահեստարանների մետաղի, եռակցման և զոդման նյութերի սերտիֆիկատները.

14) պահեստարանների շինարարության ծածկված աշխատանքների, պահեստարանների տակ լցվող լիցքի գրունտի ընդունման, մեկուսացնող շերտերի, եռակցման կարերի ստուգման, պահեստարանների և պահեստարանների միջև կամրջակների հողակցման դիմադրության ակտերը, որոնք պետք է լիովին համապատասխանեն նախագծով տրված պահանջներին.

15) պահեստարանների կառուցման և եռակցման աշխատանքների մատյանները.

16) պահեստարանների ամրության և կիպության փորձարկման ակտերը.

17) տեխնոլոգիական խողովակաշարերի, ջերմային ցանցերի, ջրատարների կոյուղատարների, ինքնահոս համակարգերի փորձարկման ակտերը.

18) հիմնական տեղակայված (ստացիոնար) հրդեհամարման համակարգերի ստուգման ակտերը.

19) պոմպակայանների բաժանարար պատերի կիպության ստուգման ակտերը.

20) հեռամեխանիկայի, կապի և ավտոմատացված համակարգերի փորձարկման ակտերը.

21) վերամղող կայանների և լցման կետերի անձնագրերը կամ դրանց վերաբերյալ գրառման մատյանները:

48. Բլոկային համալիր ՎԿ (ԲՀՎԿ) շահագործման են ընդունվում ՎԿ-ի ՆՏՓ-ին համապատասխան:

49. ՄՆՄՏ-ի շահագործման ընդունումը ձևակերպվում է ընդունող հանձնաժողովի ակտով, որի հաստատումից հետո ՄՆՄՏ-ն համարվում է հանձնված շահագործման: Սույն ակտը հաստատվում է ընդունող հանձնաժողովը ձևավորած մարմնի կողմից:

 

II. ԳԾԱՅԻՆ ՄԱՍ

 

ԳԼՈՒԽ 5. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ԿԱԶՄԸ

 

50. ՄՆՄՏ-ի գծային մասի կազմության մեջ են մտնում`

1) խողովողակաշարը` ճյուղավորումներով և դրանց զուգահեռ տեղադրված խողովակների հատվածամասերով, փակող և կարգավորող արմատուրայով, բնական և արհեստական խոչընդոտների անցումներով, մաքրող և դիագնոստիկ սարքվածքների գործարկման և ընդունման հանգույցներով, կողանցի հարթակներով.

2) վերգետնյա գծային կառույցները ներառյալ.

3) շահագործման գծային ծառայության շինություններ և կառույցներ (շրջայց կատարողների տներ, ուղղաթիռային հրապարակներ և այլն).

4) մշտական ճանապարհներ, որոնք տեղաբաշխված են խողովակաշարի մայրուղու երկարությամբ և դեպի այդ ճանապարհները տանող ուղիներ, խողովակաշարերի վրայով անցուղիներ.

5) պաշտպանական հակահրդեհային, պահպանական, հակասողանքային, հակաէրոզիոն և նավթամթերատարի այլ պաշտպանիչ կառույցներ.

6) նավթամթերքի կոռոզիայից պաշտպանող էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքներ.

7) տեխնոլոգիական կապի կառույցներ և կապուղիներ, հեռամեխանիկայի և չափիչ-հսկիչ սարքերի կառույցներ և միջոցներ.

8) փակող և այլ արմատուրայի կայանքների հանգույցների էլեկտրամատակարարման համար նախատեսված էլեկտրահաղորդման գծեր.

9) խցանող արմատուրայի և էլեկտրաքիմիական պաշտպանության կայանքների հեռակառավարման և էլեկտրասնուցման սարքվածքներ.

10) նավթամթերքի տեղերում ճանաչողական նշաններ և ազդանշաններ, կիլոմետրի ցուցանակներ, նախազգուշացնող պաստառներ և նշաններ:

51. ՄՆՄՏ-ի գծային մասի համար հատկացված հողամասերը որոշվում են նախագծով և ձևակերպվում են ակտերով` ժամանակավոր կամ անժամկետ օգտագործման համար: Վերգետնյա գծային կառույցների համար նախատեսված հողամասերը տրամադրվում են անժամկետ օգտագործման համար: Դրանք որոշվում են ըստ նախագծի` օգտագործման իրավունքի հետագա ձևակերպմամբ: Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված հողամասերը (շինարարության կամ վերանորոգման ժամանակաշրջանի համար) պետք է վերադարձվեն հողատերերին սահմանված կարգով` շինարարամոնտաժային աշխատանքների ավարտից և վերամշակումից հետո:

52. Հողամասերի չափսերը, որոնք տրամադրվում են շինարարական աշխատանքների համար, որոշվում են ըստ նախագծի` գործող նորմերի համաձայն:

 

ԳԼՈՒԽ 6. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

53. ՄՆՄՏ-րը նախագծի համաձայն նշագրվում են տարբերանշաններով (վահանակ-ցուցանակներով)` 1,5-2 մետր բարձրության սյուներով, որոնք տեղադրվում են ուղիղ տեսանելիության տեղադաշտում, ոչ ավելի, քան 1 կմ հեռավորության վրա, ոլորանների անկյուններում, ջրային և օդային անցումներում, ինչպես նաև խողովակաշարերի և ավտոմայրուղիների ու երկաթգծերի հետ հատման վայրերում: Նավթամթերատարի տարբերանշանների տեղադրումը ձևակերպվում է ՄՆՄՏ շահագործող կազմակերպության և հողատիրոջ միջև կնքված համատեղ ակտի հիման վրա: Վահանակ-ցուցանակի վրա պետք է նշվեն`

1) նավթամթերատարի կամ նրա կազմի մեջ մտնող կառույցի անվանումը.

2) մայրուղու վրա դիրքի մասին նշումներ (կմ, նշաձող).

3) պահպանման գոտու չափսերը.

4) տրված տարածքը շահագործող կազմակերպության դիսպետչերական և վթարային ծառայությունների հեռախոսահամարներ և գտնվելու վայրը, և այլն:

54. Թույլատրելի է վահանակ-ցուցանակների տեղադրումը ՄՆՄՏ զուգահեռ անցնող ԷՀԳ, կապուղիների հենքերի վրա և հսկող-չափագրական կետերում:

55. Նավթամթերատարի և նավարկելի կամ լողարկելի գետերի հետ, ինչպես նաև ջրանցքների հետ հատման վայրերում տարբերանշվում են ափերի վրա ազդանշաններով: Ազդանշանները տեղադրվում են կազմակերպության կողմից` ջրաճանապարհային ծառայությունների հետ համաձայնության հիման վրա, և վերջիններիս կողմից նշվում են քարտեզների և նավարկային իրավիճակի ցանկի մեջ:

56. Նավթամթերատարի և բոլոր տեսակի ավտոճանապարհների հատման վայրերում շահագործող կազմակերպությունն ավտոճանապարհային ծառայությունների հետ համատեղ տեղադրում է ճանապարհային նշաններ, որն արգելում է տրանսպորտի կանգառը` պահպանման տարածքի սահմաններում:

57. Նախազգուշական նշաններով պետք է նշվեն գծային փականները, ծորակները, օդի հեռացման սարքերը և այլ կառույցներ ու ՄՆՄՏ տարրեր, որոնց տեղակայումը վերգետնյա է: Մշտական նշաններից բացի յուրաքանչյուր գծային շրջայց կատարողի-վերանորոգողի մոտ և շահագործման ծառայության ավտոմեքենաներում պետք է լինեն շարժական նախազգուշացնող նշաններ` նավթամթերքի արտահոսքի, վերանորոգման տարածքների, ողողման հնարավոր տեղերի պարսպապատման համար:

58. ՄՆՄՏ պահպանման գոտում ցանկացած այլ օբյեկտի նախագծման և շինարարական աշխատանքների կատարումը պետք է գրավոր համաձայնեցվեն ՄՆՄՏ շահագործող կազմակերպության հետ:

59. Միշտ պետք է պահպանվի ՄՆՄՏ-րին մեքենամեխանիզմներով մոտեցման հնարավորությունները: Այս դեպքերում նախագծողները հնարավորինս առավելագույնը պետք է օգտագործեն ընդհանուր նշանակության ճանապարհները:

60. ՄՆՄՏ-ի ծայրային խողովակներից առնվազն 3 մ հեռավորությամբ տարածքը միշտ պետք է մաքրվեն խոտածածկերից և այլ հեշտ բռնկվող նյութերից` հրդեհային անվտանգության ապահովման նպատակով:

61. ՄՆՄՏ-ին վտանգ սպառնացող սելավների, սողանքների, քարաթափերի և փլուզումների տեղամասերում պետք է իրականացվեն համապատասխան ինժեներական պաշտպանության միջոցառումներ` ՄՆՄՏ-ի վրա դրանց վնասակար ազդեցությունը բացառելու նպատակով:

62. ՄՆՄՏ-ի շահագործման ընթացքում ստուգվում են խողովակաշարերի խորությունները` չմշակվող հողերով անցման դեպքում առնվազն 5 տարին մեկ, մշակվող հողերում առնվազն տարին մեկ անգամ: Պետք է բացառվի խողովակաշարերի վրա հողային ծածկույթի շերտի նվազումը նախագծային արժեքներից, պետք է բացառվի խողովակների կախվելը: Նման դեպքերում ՄՆՄՏ շահագործող կազմակերպությունը պարտավոր է ձեռք առնել համապատասխան միջոցառումներ:

63. ՄՆՄՏ-ի վրա կատարված վերականգնողական աշխատանքները պետք է պատկերվեն նախագծային փաստաթղթերում և համաձայնեցվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

64. ՄՆՄՏ-ի ամբողջ երկարության վրա պետք է պահպանվեն հետևյալ պահպանման գոտիները`

1) ՄՆՄՏ-ի ամբողջ երկարության վրա, որպես հողային ծածկույթ, նախատեսվում է մեկ խողովակի դեպքում խողովակի առանցքից հաշված 25 մ յուրաքանչյուր կողմից.

2) բազմախողովակների դեպքում երկու կողմերի ծայրային խողովակներից` 25 մ հեռավորության վրա.

3) ջրային անցումների դեպքում յուրաքանչյուր կողմից 100 մ ջրային տարածք.

4) բաքերի, դրենաժային դատարկումների և վթարային տարողությունների դեպքում` 50 մ յուրաքանչյուր կողմից.

5) գլխամասային և միջանկյալ վերամղող և լցնող պոմպակայանների, պահեստարանների, չափիչ հանգույցների, լցման և դատարկման էստակադների, ստորգետնյա գազապահեստարանների, նավթամթերքի տաքացման դեպքերում` բոլոր կողմերից 100 մ փակ տարածք:

65. ՄՆՄՏ-ի պահպանման գոտին պետք է արտացոլվի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման), ինչպես նաև հողաշինական և հողօգտագործման փաստաթղթերում:

66. ՄՆՄՏ-ի պահպանման գոտում թույլատրվում է կատարել հողային աշխատանքներ` ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության հետ կնքելով պայմանագիր: Պայմանագրում պետք է հստակ ձևակերպվեն կողմերի իրավունքներն ու պարտավորությունները բոլոր հնարավոր դեպքերի համար:

67. Դաշտային գյուղատնտեսական աշխատանքները նավթամթերատարի պաշտպանված գոտիներում իրականացվում են հողատերերի կողմից` նավթամթերատարը շահագործող ԼՊԴՍ-ին ցանքի և բերքահավաքի աշխատանքների մասին նախօրոք տեղյակ պահելուց հետո:

68. Նավթամթերատարի պաշտպանված գոտիներում գտնվող ոռոգվող հողերի վրա ժամանակավոր լճացման հետ կապված աշխատանքներն իրականացվում են հողատերի և նավթամթերատարը շահագործող կազմակերպության միջև երկկողմանի համաձայնության հիման վրա:

69. Պահպանման գոտիներում արգելվում է կատարել այն բոլոր աշխատանքները, որոնք կարող են խանգարել նավթամթերատարի նորմալ աշխատանքին կամ բերել նրա վնասմանը, այդ թվում` նաև`

1) բոլոր տեսակի շինությունների և կառույցների շինարարություն, որոնք սահմանափակվում են ՄՆՄՏ առանցքի նկատմամբ հեռավորությամբ` ՍՆԻՊ 2.05.06-85 մայրուղային խողովակաշարերին համաձայն.

2) ճանաչողական և ազդանշանների, չափիչ-հսկիչ կետերի տեղափոխում, ծածկում և վնասում.

3) ոչ սպասարկվող մալուխային կապի ուժեղացուցիչ կետերի, ցանկապատերի, գծային արմատուրային հանգույցների, կաթոդային և դրենաժային պաշտպանության կայանների, գծային և դիտորդային դիտահորերի և այլ գծային սարքվածքների դռների, դռնակների և կափարիչների բացում, խորակների և փականների բացում և փակում, կապի միջոցների, էներգամատակարարման և հեռուստամեխանիկայի միացում և անջատում.

4) բոլոր տեսակի աղբակույտերի ստեղծում` թթուների, աղերի և ալկալիների թափելու համար.

5) ափամերձ պաշտպանիչ կառույցների, ջրթող սարքվածքների, հողի և այլ կառույցների (սարքվածքների), որոնք պաշտպանում են նավթամթերքները քայքայումից, իսկ հարակից տարածքը և շրջակա միջավայրը` տեղափոխվող մթերքի վթարային արտահոսքից քանդումը կամ ձևափոխումը.

6) խարիսխ գցել, նավարկել թողած խարիսխով, շղթաներով, լոտերով և այլն, իրականացնել հատակախորքային և հողի հանման աշխատանքներ.

7) կրակ վառել և տեղադրել որևէ բաց կամ փակ կրակի աղբյուրներ:

70. ՄՆՄՏ պահպանման գոտիներում առանց շահագործող կազմակերպության կողմից գրավոր թույլտվության կողմնակի կազմակերպություններին և անհատ անձանց արգելվում է`

1) կառուցել որևէ շինություններ և կառույցներ.

2) տնկել բոլոր տեսակի ծառեր և թփեր, պահել կերեր, պարարտանյութեր և նյութեր, դիզել խոտ և ծղոտ, պահել անասուն, ձուկ որսալ.

3) խողովակաշարի վրայով կառուցել անցումներ և ճանապարհներ.

4) ավտոմոբիլային տրանսպորտի, տրակտորների և այլ մեքենաների կայաններ ստեղծել, այգիներ և բանջարանոցներ մշակել.

5) իրականացնել հողի չորացման աշխատանքներ, կառուցել ոռոգման և չորացման համակարգեր.

6) իրականացնել բոլոր տեսակի բաց և ստորգետնյա լեռնային, շինարարական, պայթեցման աշխատանքներ.

7) իրականացնել երկրաբանական հետախուզական, գեոդեզիական և այլ հետազոտության աշխատանքներ` կապված հորատանցքերի, հորերի և հողի ընտրանքի (բացառությամբ հողի նմուշների):

71. Կազմակերպությունները, որոնք ստացել են խողովակաշարերի պահպանման գոտիներում նշված աշխատանքների կատարման համար գրավող համաձայնություն, պարտավոր են իրականացնել աշխատանքները` պահպանելով պահանջները, որոնք ապահովում են խողովակաշարերի ամբողջականությունը, ՄՆՄՏ օբյեկտների և նավթամթերքի անձեռնմխելիությունը:

72. ՄՆՄՏ տվյալ հատվածը շահագործող ստորաբաժանումը նավթամթերատարի պահպանման գոտում աշխատանքների կատարման համար թույլտվություն տալուց առաջ պետք է կատարի հատվածի հետազոտություն` նրա տեխնիկական վիճակի և անվտանգության որոշման նպատակով, ինչպես նաև նավթամթերատարի և նրա կառույցների դիրքի ճշտման համար: Եթե նավթամթերատարի հատվածի տեխնիկական վիճակը պահանջում է վերանորոգման աշխատանքների կատարում` հնարավոր վթարի կամ նավթամթերքի արտահոսքի կանխման համար, կազմակերպությունն իրավունք ունի ժամանակավոր (մինչև վերանորոգման ավարտը) արգելելու, հողատերերին նախօրոք տեղեկացնելով դրա մասին, բոլոր տեսակի աշխատանքներ, այդ թվում` նաև գյուղատնտեսական, որոնք կապ չունեն վերանորոգման հետ` նավթամթերատարի նորոգման կարիք ունեցող հատվածի, խողովակաշարի առանցքից քաղաք կամ բնակավայր եղած նվազագույն հեռավորությանը հավասար հեռավորության վրա` համաձայն ՆՏՓ-ի: Կազմակերպությունը, որն ստացել է ՄՆՄՏ պահպանման գոտում աշխատանքների կատարման համար թույլտվություն, պետք է գրավոր տեղեկացված լինի անվտանգության գոտու սահմանների մասին և աշխատանքների կատարման այլ պահանջների մասին: Աշխատանքների իրականացումն առանց խողովակաշարի սեփականատիրոջ ներկայացուցչի ներկայության չի թույլատրվում:

73. Նավթամթերատարի պահպանման գոտիներում պայթեցման աշխատանքների անցկացման համար գրավոր թույլատվությունը տրվում է ՄՆՄՏ-ն շահագործող կազմակերպության կողմից:

74. Նավթամթերատարը շահագործող կազմակերպություններին թույլատրվում է սպասարկման և վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ մոտենալ խողովակաշարերին (համաձայնեցնելով հողօգտագործողների հետ) անցուղիներով` մեքենամեխանիզմներով հանդերձ: Վթարային իրավիճակների դեպքում մոտենալ կարող են նաև ոչ անցուղիներով` վնասի հետագա փոխհատուցմամբ: Եթե նավթամթերատերերն անցնում են պետության կողմից պահպանվող տարածքներով և հատուկ օբյեկտներով, ապա այդ դեպքում սպասարկող և նորոգող աշխատակիցներին տրվում են հատուկ թույլտվություններ:

75. Եթե նավթամթերատարի պահպանման գոտին համընկնում է երկաթգծի և ավտոճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների պահպանման գոտիների հետ, ապա այդպիսի գոտիների շահագործումն իրականացվում են շահագրգիռ կողմերի համաձայնության հիման վրա:

76. Եթե նույն տեխնիկական միջանցքով անցկացված են նավթամթերատարի հետ զուգահեռ այլ ճարտարագիտական հաղորդակցուղիներ, ապա շահագործումն իրականացվում է դրանց շահագործող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով: Յուրաքանչյուր շահագործող կազմակերպություն հսկում է իր կողմից տեղադրված ճանաչողական և նախազգուշացնող նշանները: Նշանները տեղադրվում են այդ կազմակերպությունների միջև փոխհամաձայնեցման արդյունքում:

77. Նավթամթերատարի պահպանման գոտում բոլոր տեսակի շինարարական աշխատանքների, այդ թվում` այլ նշանակության հաղորդակցուղիների, շինարարության ավարտից հետո պատկերվում են կատարողական փաստաթղթերում:

78. Տեխնիկական միջանցքի հաղորդակցուղիների սեփականատերերը փոխհամաձայնեցված կարգով մշակում են հրահանգներ նրանց շահագործման համար:

79. Հարևան հաղորդակցուղիների սեփականատերերը բոլոր տեսակի փոփոխությունների մասին պետք է տեղեկացնեն միմյանց 1 ամսվա ընթացքում:

80. Նավթամթերատարի պաշտպանման գոտում շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքները թույլատրվում է իրականացնել միայն համաձայնեցված նախագծի առկայության դեպքում և հաղորդակցուղու սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

81. Տեխնիկական միջանցքում գտնվող հաղորդակցուղիների սեփականատերերը պետք է ունենան հնարավոր վթարների կանխարգելման և վերացման կազմակերպության ստանդարտներ:

82. Վթարների անհապաղ վերացման իրավիճակներում թույլատրվում է սկսել վթարավերականգնողական աշխատանքներն առանց նախնական համաձայնեցման, այդ դեպքում նրանք պարտավոր են միջոցներ ձեռնարկել այլ հաղորդակցուղիներին չվնասելու համար: Դրա մասին պետք է տեղեկացվեն բոլոր շահագրգիռ կողմերը:

83. Բնական աղետների դեպքում աղետի հետևանքները վերացվում են տեխնիկական միջանցքի հաղորդակցուղիների սեփականատերերի կողմից` ընդհանուր ուժերով:

84. Վթարավերականգնողական կամ պլանային նորոգման աշխատանքների ավարտից հետո ՄՆՄՏ-ի շահագործող կազմակերպությունը պարտավոր է հողերը բերել օգտագործելի վիճակի:

 

ԳԼՈՒԽ 7. ՆԱՎԹԱՄԹԵՐԱՏԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

85. Նավթամթերատարի հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար պետք է կազմակերպվի ՆՏՓ-ով և կազմակերպության ստանդարտներով սահմանված տեխնիկական սպասարկում:

86. Տեխնիկական սպասարկող անձնակազմի համար կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատվում է ուսումնավարժական դասընթացների գրաֆիկ, որի համաձայն սպասարկող անձնակազմն ուսուցանում է սպասարկման գործառույթները:

87. Կազմակերպության ստանդարտով սահմանվում են մայրուղու շրջայցի ժամկետները և կատարվող աշխատանքները:

88. Կազմակերպության ստանդարտով սահմանվում են նաև խողովակաշարի և նրա առանձին մասերի (եռակցման կարեր, արմատուրայի ամրացում, հակակոռոզիոն պաշտպանություն և մեկուսացում, կոմպենսատորներ, կոնստրուկցիաների հիմքեր և այլն) հսկման ժամկետները, և արդյունքի մասին գրառումներ են կատարվում ՆՏՓ-ով սահմանված ձևի մատյաններում:

 

ԳԼՈՒԽ 8. ԿՐԱԿԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

89. Կրակային աշխատանքների թվին են դասվում արտադրական գործողությունները, որոնք կապված են բաց կրակի օգտագործմամբ, կայծագոյացմամբ և տաքացմամբ` մինչև այնպիսի ջերմաստիճան, որը կարող է առաջացնել նավթամթերքների այրվող խառնուրդի և օդի, նյութերի, կառուցվածքների, ներքին այրման շարժիչներով սարքավորված տեղափոխվող կայանքների օգտագործմամբ բոցավառում:

90. Կրակային աշխատանքների նախապատրաստման և կատարման ընթացքում անվտանգության պահանջները սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

91. Կրակային աշխատանքների կատարմանը թույլատրվում են հատուկ նախապատրաստում և ուսուցում անցած, անվտանգության տեխնիկայի և հրդեհատեխնիկական մինիմումի ծրագրի որակավորման վկայական ունեցող անձինք:

92. Կրակային աշխատանքների կատարման տեղերը կարող են լինել մշտական և ժամանակավոր: Կրակային աշխատանքների մշտական տեղերը պետք է սարքավորված լինեն նախագծին համապատասխան: Կրակային աշխատանքների անցկացման համար հատկացված տեղերում պետք է լինեն թույլատրված կրակային աշխատանքների տեսակների ցանկ, հրդեհաանվտանգության հրահանգ, առաջնային հրդեհաշիջման միջոցներ (2-ից ոչ պակաս փրփրային կրակմարիչ, մեկ փոշե կրակմարիչ, ասբեստային կտոր կամ ավազ): Սարքավորումների և խողովակաշարերի վրա կրակային աշխատանքները թույլատրվում են միայն այն դեպքերում, եթե դրանք հնարավոր չէ անցկացնել հատկացված մշտական տեղերում: Այդ ժամանակ յուրաքանչյուր դեպքում պետք է ձևակերպված լինի` N 1 ձևում ներկայացված` սահմանված կարգով կարգագիր թույլտվություն, առավել վտանգավոր աշխատանքներ կատարելու համար, օբյեկտի (ՎԿ-ի, ԼԿ-ի և այլ) ղեկավարի կամ գլխավոր ճարտարագետի, հրդեհային պաշտպանության, համապատասխան ծառայությունների և աշխատանքի պաշտպանության, կրակային աշխատանքների անցկացման և օբյեկտի նախապատրաստման համար պատասխանատու ներկայացուցիչների ստորագրությամբ:

93. Կարգագիր-թույլտվությունը հանդիսանում է կրակային աշխատանքների անցկացման թույլտվություն` նրա մեջ նշված աշխատանքների ծավալի կատարման համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում: Սահմանված ժամկետներում աշխատանքի ավարտի անհնարինության դեպքում կարգագիր-թույլտվությունը երկարաձգվում է այն տվող անձի կողմից: Կարգագիր-թույլտվությունները գրանցվում են տեխնիկական ղեկավարի հսկողությամբ վարվող հատուկ մատյանում` համաձայն N 2 ձևի, և պահպանվում են աշխատանքների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում: Կրակային աշխատանքների անցկացման համար պատասխանատուն, ստանալով կարգագիր-թույլտվությունը և աշխատանքների ավարտից հետո այն հանձնելու ժամանակ, պարտավոր է ստորագրել մատյանում:

94. Աշխատանքներ կատարողն ստուգում է աշխատանքային գոտու սահմաններում հրդեհային անվտանգության միջոցառումների կատարումը: Կրակային աշխատանքներին թույլատրվում է անցնել միայն կարգագիր-թույլտվության մեջ նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումից հետո: Կրակային աշխատանքների կատարման ժամանակ, փոխադրովի պոմպային ագրեգատների կամ կայանքների օգտագործման դեպքում, վերջիններս պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով և տեղակայված լինեն նավթամթերքների հնարավոր արտահոսքի կամ նավթամթերքների գոլորշու առաջացման վայրից անվտանգ հեռավորության վրա:

95. Մինչ կրակային աշխատանքների սկիզբը աշխատանքային գոտին պետք է մաքրված լինի նավթամթերքների մնացորդներից և կրակային աշխատանքների կատարման հնարավորության որոշման համար պետք է անցկացվի օդի բաղադրության հետազոտություն: Կրակային աշխատանքների անցկացումը թույլատրվում է հետևյալ պայմանների բավարարման դեպքում, երբ նրանց կատարման վայր մուտք չեն գործում այրվող գոլորշիներ և գազեր: Կրակային աշխատանքների անցկացման տեղում այրվող գազերի և գոլորշիների խտությունը չպետք է գերազանցի գործող ՆՏՓ-ով նախատեսված թույլատրելի պայթյունաանվտանգ խտությունը:

96. Եթե կրակային աշխատանքները տևում են մի քանի օր, և կարող է առաջանալ նավթամթերքների գոլորշու անսպասելի արտահոսք, անհրաժեշտ է իրականացնել նորոգվող նավթամթերատարի և նորոգման փոսորակում օդային միջավայրի վիճակի հսկողություն (աշխատանքների իրականացման ընթացքում ժամը մեկ և ընդմիջումներից հետո):

97. Գոլորշիների խառնուրդի վտանգավոր խտության հայտնաբերման ժամանակ պետք է կատարվի հետևյալը`

1) բոլոր աշխատանքների կանգնեցում` բացի անվտանգության նկատառումներից պահանջվող աշխատանքների.

2) աշխատողները դուրս են բերվում վտանգավոր գոտուց.

3) հայտնվում է աշխատանքների անմիջական ղեկավարին.

4) տեղադրվում են անվտանգության նշաններ, որոնք սահմանափակում են մուտքը գազայնացված գոտի` հաշվի առնելով քամու ուղղությունը և վնասված տեղամասում տեղակայում են հերթապահություն.

5) գազայնացվածության վերացման վերաբերյալ միջոցառումների կիրառում.

6) աշխատանքները կարող են վերականգնվել գազայնացվածության և արտահոսքի պատճառների վերացման դեպքում.

7) նավթամթերքի գոլորշու, աերոզոլի կամ գազի պարունակությունն աշխատանքների կատարման վայրում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի խտությունը` ըստ սանիտարական նորմերի` համաձայն N 3 ձևի:

98. Գործող ՄՆՄՏ-ում կրակային աշխատանքների կատարումը (քայքայված խոցերի եռակցում, ագույցների, արտանցումների, կաթոդային ելքերի և մակաձուլիկների, կարկատանների, կարճախողովակների զոդակցում) թույլատրվում է իրականացնել նորոգվող խողովակաշարերի եռակցման վայրում` մետաղի վիճակի ոչ քանդման մեթոդով ստուգումից հետո: Անթույլատրելի թերությունների (ճաքեր, քերծվածքներ, քարտեր) առկայության դեպքում կրակային աշխատանքները չեն թույլատրվում: Խողովակի պատերի մնացորդային հաստությունը եռակցման կարի գոտում պետք է լինի ոչ պակաս 5 մմ-ից:

99. Ճնշման տակ գտնվող նավթամթերատարի վրա կրակային աշխատանքները պետք է անցկացվեն` վերահսկող մարմինների հետ համաձայնեցված տեխնոլոգիային և գործող ՆՏՓ-ի պահանջներին համապատասխան:

 

III. ՎԵՐԱՄՂՈՂ ԿԱՅԱՆՆԵՐ

 

9. Ընդհանուր մաս

 

100. Վերամղող կայանը (ՎԿ) կառույցների և սարքվածքների համալիր է, որը նախատեսված է ավելցուկային ճնշման տակ մայրուղային նավթամթերատար նավթամթերքների ընդունման, հավաքման և մատակարարման համար`

1) ՎԿ` ըստ կատարողական ձևի (շինարարության) կարող է լինել պոմպային ագրեգատների ընդհանուր ծածկի տակ տեղակայմամբ կամ բաց հարթակի վրա.

2) ՎԿ-ի սարքավորումների մոնտաժումը կարող է կատարված լինել ամրացված բլոկներից, հատուկ բլոկներից կամ առանձին տարրերից:

101. ՎԿ-ի կազմում ընդգրկված են`

1) պոմպաուժային ագրեգատներով պոմպասրահը, յուղման, սառեցման և օդափոխման համակարգերը.

2) պահեստարանային համակարգը.

3) տեխնոլոգիական խողովակաշարերը.

4) էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի, կապի և ռադիոֆիկացման համակարգերը.

5) ընդհանուր նշանակության արտադրակենցաղային կառույցները, լաբորատորիաները և ՎԿ անվտանգ շահագործման ապահովման այլ օբյեկտներ:

102. Յուրաքանչյուր ՎԿ-ի համար պետք է ձևակերպված լինի տեխնիկական անձնագիր` սույն տեխնիկական կանոնակարգի 101-րդ կետում նշված բոլոր օբյեկտների համար` նրանց հակիրճ բնութագրությունով կատարված աշխատանքների մասին տեղեկություններ գրելու համար նախատեսված ձևերով:

103. ՎԿ-ի շահագործման սկզբում պետք է սահմանված կարգով կատարված և ընդունված լինեն նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները, այդ թվում` տարածքի ցանկապատումը և բարելավումը:

104. ՎԿ տեղակայում են ցանկապատ տարածքում, որը հեռու է բնակելի վայրերից և արդյունաբերական ձեռնարկություններից ՍՆիՊ 2.05.06-85 * մայրուղային խողովակաշարերի պահանջներին համապատասխան:

105. Շենքերի, կառույցների և ՎԿ-ի տարածքների նորմալ շահագործման ապահովման համար պետք է նորմալ վիճակում պահպանվեն`

1) մակերեսային և գրունտային ջրերի ստուգման համակարգը.

2) ավտոճանապարհները, կամուրջները, անցումները և այլն.

3) ջրամատակարարման, հրդեհամարման, էլեկտրամատակարարման, արդյունաբերական կոյուղիների, ջրաքաշման համակարգերը.

4) լուսավորությունը, պահեստարանային կայանների թմբապատումը, մաքրող կառուցվածքների թմբապատումը:

106. Ստորգետնյա տեխնոլոգիական, ջրմուղային, կոյուղային, մալուխային և այլ հաղորդակցուղիների կառուցվածքները և հորերը պետք է ունենան վերգետնյա ցուցափեղկեր:

107. Մինչև վարարման սկիզբը` ամբողջ հեղեղահեռացումային ցանցը պետք է զննեն և պատրաստեն ջրերի բացթողմանը: Մալուխների, խողովակների և այլ նեղուցների համար նախատեսված անցամասերը, որոնք տեղակայված են բարձր գրունտային ջրերի մակարդակից ցածր, պետք է ամուր փակված լինեն, իսկ վերամղվող մեխանիզմները պետք է ստուգվեն և պատրաստվեն աշխատանքի:

108. ՎԿ-ի տարածքում պետք է տեղադրված լինեն անվտանգության նշաններ` ԳՈՍՏ 12.4.026-76 ազդանշանային գույներ և անվտանգության նշաններին համապատասխան:

109. Անթույլատրելի է տարածքի ախտոտումը, ինչպես նաև թափված նավթամթերքների և ջրի կուտակումը: Ձմռանն անհրաժեշտ է ժամանակին ճանապարհներից, տարածքներից, անցատեղերից մաքրել ձյունը, ինչպես նաև տարածքի այն մասերից, որտեղ կարող են անցկացվել կամ անցկացվում են օպերատիվ փոխարկումներ, կամ որտեղ պետք է ապահովել հակահրդեհային տեխնիկայի անցնելը:

110. ՎԿ-ի տարածքի և արտադրական սենքերի լուսավորությունը պետք է համապատասխանի սահմանված նորմերին և երաշխավորի մատակարարման անվտանգությունը:

111. ՎԿ-ի ընդլայնման կամ նոր կառուցվող օբյեկտների շինարարության ժամանակ շինհրապարակները պետք է առանձնացվեն շահագործվող օբյեկտներից ցանկապատով: Շահագործող կազմակերպության հետ համաձայնեցված ժամանակավոր կառույցները պետք տեղակայվեն շահագործվող տարածքից դուրս:

112. ՎԿ-ի տարածքում կրակի օգտագործումը խստիվ արգելվում է: Զոդման աշխատանքները և այլ կրակային աշխատանքներ հարկավոր է անցկացնել հրդեհային պաշտպանության հետ համաձայնեցված հատուկ սարքավորված և նշաններով նշված հրապարակում, որը որոշված է շահագործող կազմակերպության հրամանով: ՎԿ-ի տարածքում զոդման աշխատանքները, ոչ հատուկ հատկացված հրապարակներում, անցկացվում են ՎԿ-ի ղեկավարության գրավոր համաձայնությամբ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

i

113. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջներով դասակարգված Բ1, Բ1a դասի սենքերում և Բ1գ դասի արտաքին սարքավորումներում հարկավոր է օգտագործել այնպիսի գործիքներ, որոնք աշխատանքի ժամանակ կայծեր չեն առաջացնում: Որպես բացառություն` այդպիսի սենքերում թույլատրվում է օգտագործել պողպատյա գործիքներ, որոնց վրա քսված է սոլիդոլ կամ այլ պարունակություն ունեցող քսուքներ:

(113-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

114. Բոլոր կառույցների, շենքերի և սենքերի դռների վրա պետք է փակցված լինեն հրդեհաավտանգության և պայթյունավտանգության դասը և կարգը, ՍՆիՊ 2.09.03-85 արդյունաբերական ձեռնարկությունների կառուցվածքների համաձայն, ինչպես նաև պետք է նշված լինեն հրդեհային անվտանգության և տեխնիկական անվտանգության համար պատասխանատու անձինք:

115. ՎԿ-ի տարածքում ծխել թույլատրվում է միայն օբյեկտի հրդեհային ծառայության հետ համաձայնեցված ծխելու համար նախատեսված հատուկ հատկացված տեղերում: Նշված վայրերում հրդեհային անվտանգության կանոնների համաձայն պետք է փակցված լինեն ցուցատախտակներ «Ծխելու վայր» վերնագրով, տեղադրված լինեն աղբամաններ և ջրով լի տարողություններ:

116. ՎԿ-ի տարածքը պետք է այնպես նախագծված լինի, որ բացառի նավթամթերքների արտահոսքը պոմպակայանից և տեխնոլոգիական խողովակաշարերից դեպի հրդեհավտանգ օբյեկտներ (կաթսայատներ, էլեկտրակայանքներ և այլն): Առանձին շենքերի և կառույցների միջև հեռավորությունը պետք է համապատասխանի նախագծի և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

117. ՎԿ-ում պետք է լինեն տեխնոլոգիական շահագործման հրահանգներ` այդ հրահանգների կազմի մեջ ընդգրկված հետևյալ փաստաթղթերով`

1) սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական ռեժիմի քարտեզները և տեխնոլոգիական պաշտպանության նախադրման քարտեզները.

2) պոմպերի և օժանդակ սարքավորումներով շարժիչների շահագործման հրահանգները.

3) ՎԿ-ի տեխնոլոգիական սխեման և ջերմամատակարարման, յուղամատակարարման, յուղի սառեցման, ինչպես նաև պայթյունապաշտպան շարժիչների սխեմաները.

4) պոմպի, շարժիչների և օժանդակ սարքավորումների գծագրերը.

5) ՎԿ-ի էլեկտրական մասի սխեմաների, ինչպես նաև սկզբունքային և մոնտաժային գծագրերի հավաքածուն.

6) ՎԿ-ի աշխատանքային և վթարային լուսավորման սխեմաները.

7) ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և հաշվիչ համալիրի միջոցների սնուցման սխեմաները.

8) ազդանշանների, բլոկավորման, պաշտպանության և կապի սխեմաները.

9) մալուխային մատյան և մակնշման մատյաններ.

10) անվտանգության կանոնները և հրդեհային անվտանգության հրահանգները.

11) ՎԿ-ի յուրաքանչյուր աշխատակցի իրավունքները և պարտականությունները որոշող հրահանգները.

12) սկզբունքային էլեկտրական սխեմաները, սարքավորումների մոնտաժային նախագծերը, ազդանշման և կապի սխեմաները.

13) ճարտարագիտական ցանցերի համադրելի նախագիծը.

14) գլխավոր նախագիծը կամ հրապարակի տեղագրական կատարողական հանույթը:

118. Առանձին արտադրամասերի տեխնիկական շահագործման պատասխանատվությունը կրում է ԼԿ-ի, ՎԿ-ի տեխնիկական ղեկավարը և այդ արտադրամասերի ղեկավարները:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2012
N 503-Ն
Որոշում