Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐ ...

 

 

020.1030.080612

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունիսի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մ. Գասպարյանի ներկայացուցիչ Ա. Գասպարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վ. Զեյնալյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մ. Գասպարյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը` որոշում է կայացրել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կ. Բալայանը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 35 ընտրական տեղամաս:

Թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 (չորս) թեկնածու: Ըստ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանա-գրության` ընտրողների ընդհանուր թիվը 64027 է, իսկ ընտրություններին մասնակցել է 37596 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 35035 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Գասպարյան Մանուել Մանուկի` 5145, Շահգելդյան Մհեր Լևոնի` 2272, Ստեփանյան Արթուր Արսենի` 14332, Տոնոյան Աշոտ Ռոբերտի` 13286: Անճշտությունների թիվը կազմել է 214:

Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումով թիվ 3 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Ա. Ստեփանյանը:

2. Դիմելով սահմանադրական դատարան` դիմողը խնդրել է.

- անվավեր ճանաչել «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշումը,

- անվավեր ճանաչել «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը,

- չկայացած ճանաչել 2012թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունները:

Սահմանադրական դատարանն իր` 21.05.2012թ. ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ գործը քննության է ընդունել «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը վիճարկելու մասով:

Դիմող կողմը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 20-Ա որոշման առնչությամբ նշում է, որ թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, 2012թ. մայիսի 6-ի քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներին հանձնարարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն օգտագործել սովորական թանաք, խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Ինչ վերաբերում է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշմանը, ապա դիմողն այդ որոշումը դիտարկում է որպես ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի վերոհիշյալ խախտման «տրամաբանական անօրինական շարունակություն»:

3. Պատասխանող կողմը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» 2012 թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշման առնչությամբ գտնում է, որ վերջինս չի կարող վիճարկվել սահմանադրական դատարանում` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի հիմքով ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի շրջանակում, քանի որ չի հանդիսանում ընտրության արդյունքներով կայացված որոշում: Դիմող կողմը զրկված չի եղել այդ որոշումը վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու իրավունքից: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի միակ հիմքը վերաբերում է ընտրողի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված նյութին: Այս խնդրի առնչությամբ պատասխանողը նշում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով իրենց վերապահված իրավունքից օգտվելով, լուծում են տվել խնդրին` հանձնարարելով հատուկ նյութի փոխարեն օգտագործել սովորական թանաք:

Պատասխանողը հիմնազուրկ և մերժման ենթակա է համարում նաև պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու` դիմողի խնդրանքը, քանի որ առկա չէ ՀՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված` պատգամավորի ընտրությունը չկայացած համարելու հիմքերից որևէ մեկը:

4. Քննության առարկա դիմումի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է.

նախ` դիմողն ըստ էության վիճարկում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2012 թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքում ընտրողների անձը հաստատող փաստաթղթերում ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու հանձնարարության (գործողության) իրավաչափությունը և ըստ այդմ սահմանադրական դատարանին ներկայացրել է թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի դիմումների քննարկման մասին» 2012 թ. մայիսի 11-ի թիվ 20-Ա որոշումն անվավեր ճանաչելու խնդրանք:

Երկրորդ` դիմողը ներկայացնելով նաև թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումն անվավեր ճանաչելու խնդրանք` վերջինս հիմնավորելու համար չի ներկայացրել որևէ այլ փաստարկ: Ավելին` այդ որոշման ենթադրյալ ոչ իրավաչափությունը դիմողն ածանցյալ է համարում թիվ 3 ԸԸՀ-ի 2012թ. մայիսի 11-ի վերոհիշյալ թիվ 20-Ա որոշման ենթադրյալ ոչ իրավաչափությունից և պայմանավորում է ընտրատարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու փաստով:

Երրորդ` ներկայացնելով նաև 2012 թ. մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների թիվ 3 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ընտրությունները չկայացած ճանաչելու պահանջ` դիմողը չի վկայակոչել որևէ փաստ, որը կհիմնավորեր պատգամավորի ընտրությունը չկայացած ճանաչելու համար ՀՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված որևէ հիմքի առկայություն, համաձայն որի` «Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.

3) սույն օրենսգրքով թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցվել է 2-ից պակաս թեկնածու»:

Չորրորդ` դիմողը միջնորդել է սահմանադրական դատարանին` «դիմել համապատասխան իրավասու պետական մարմնին (քանի որ մեզ համար պարզ չէ, թե ՀՀ օրենսդրությամբ ո՞ր պետական մարմինն է իրավասու)` տալու պարզաբանում, թե ինչպիսի ակտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը», ինչը սահմանադրական դատարանը համարել է իրավաբանորեն անհիմն ու մերժելի, նկատի ունենալով նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները:

i

5. ՀՀ սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ իր պասիվ ընտրական իրավունքի խախտումը դիմողը պայմանավորում է միայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններով` կապված չանհետացող թանաքի փոխարեն անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար սովորական թանաքի օգտագործման վերաբերյալ տրված հանձնարարականի հետ: ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում արտահայտել է 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրոք տվյալ հարցը ՀՀ ընտրական օրենսգրքում լավագույն լուծումը չի ստացել, և նախատեսվող նյութը, գործնականում չպահպանելով ակնկալվող քիմիական հատկությունները, անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքումից հետո նախատեսված ժամկետից շուտ է անհետացել` անվստահություն առաջացնելով ընտրական գործընթացի նկատմամբ: Ընտրական հանձնաժողովները պարտավոր էին ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն օպերատիվ լուծում գտնել տվյալ իրավիճակում` հանձնարարելով հատուկ նյութին խառնել սովորական թանաք, որպեսզի անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքումից հետո այն նախատեսված ժամկետից շուտ չանհետանա: Որքանով էր իրավաչափ այդ լուծումը, կարող էր բողոքարկվել ու դատական կարգով գնահատվել նույն օրենսգրքով սահմանված կարգով: Այլ հարց է, թե այդ լուծումն ինչպես կարող էր ազդել կամ ազդել է այս կամ այն թեկնածուի ընտրվելու իրավունքի իրացման վրա:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը որևէ փաստարկ չի ներկայացնում, որով հիմնավորվի, որ թանաքի բնույթի փոփոխությունն այս կամ այն կերպ ազդել է ընտրության արդյունքներով թեկնածուներին տրված ձայների հարաբերակցության վրա և խախտվել է իր պասիվ ընտրական իրավունքը: Գործնականում դիմումի հիմնական էությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարականի (գործողության) և վերջինիս` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից կիրառման իրավաչափության գնահատման պահանջն է: Ընդ որում, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի և համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել սահմանադրական դատարան»: Իսկ նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) (բացառությամբ համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների) կարող են բողոքարկվել վարչական դատարան»:

6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի, ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարանի քննությանն են ենթակա բացառապես ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը: Ըստ այդմ` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առնչությամբ սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել միայն տվյալ ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` վերջինիս ոչ իրավաչափությունը հիմնավորող կոնկրետ փաստարկների հիման վրա: Իրավական այս պահանջներից ելնելով` սահմանադրական դատարանն իր` 21.05.2012թ. ՍԴԱՈ-32 աշխատակարգային որոշմամբ սույն գործն ընդունել էր քննության, ինչը` 24.05.2012թ. սահմանադրական դատարան ներկայացված գրությամբ, դիմողի կողմից բնորոշվել է որպես իր դիմումում «ընդգրկված խնդրանքի», այսպես կոչված, աղավաղում:

Դիմողը, ինչպես նշվեց, չի ներկայացրել որևէ այլ փաստարկ կամ հիմնավորում թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2012թ. մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշման ոչ իրավաչափությունը հիմնավորելու վերաբերյալ: Այն բացառապես պայմանավորում է ընտրատարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հատուկ նյութի փոխարեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցումով անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար սովորական (չանհետացող) թանաք օգտագործելու փաստով: Արդյունքում` դիմողը խնդիր է առաջադրում գնահատել ՀՀ կենտրոնական ու թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործողությունների իրավաչափությունը: Ավելին, դիմողը թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի բացատրության կապակցությամբ ներկայացրած նկատառումների մեջ շեշտում է. «Պատասխանող կողմը չի հասկացել, որ դիմումով չի վիճարկվել ընտրությունների արձանագրված արդյունքները»:

Դիմումում նաև առաջադրվում է որևէ իրավական հիմնավորում չունեցող պահանջ` ընտրությունը չկայացած ճանաչելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ, նախ` ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններում թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով միայն դիմողի ներկայացրած փաստարկը հաշվի առնելով այլ որոշման կայացումն իրավաչափ համարվել չէր կարող` ոչ միայն պատգամավորության թեկնածուների, այլև ընտրողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Երկրորդ` գործի նյութերի համադրված վերլուծությունը վկայում է նաև, որ որքան էլ գնահատելի լինի դիմողի քայլը, ինչպես ինքն է նշում, ցուցաբերելով «ՀՀ քաղաքացուն արժանավայել վարքագիծ ՀՀ օրենսդրությանը նպաստելու առումով», այսուամենայնիվ, իր հարցադրումներով առաջադրում է ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջներին չհամապատասխանող իրավական վեճ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահամանդրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Թիվ 3 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 23-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունիսի 2012 թվականի

ՍԴՈ-1030

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.06.2012
N ՍԴՈ-1030
Որոշում