Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 մարտի 2012 թվականի N 12

 

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2011 թվականի և 2012 թվականի հունվար-փետրվար ամիսների մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. մարտի 29-ի նիստի

N 12 արձանագրային որոշման

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Կոտայքի մարզն ունի 67 համայնք, այդ թվում` 7 քաղաքային: Մարզի փաստացի տարածքը կազմում 2076 քառ. կմ:

Կոտայքի մարզի բնակչության թիվը 2011թ. կազմել է 283.5 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ողջ բնակչության 8.6%-ը, որից 159.2 հազարը քաղաքաբնակներ են (56.1%), 124.3 հազարը` գյուղաբնակներ (43.9%): Նախորդ տարվա համեմատ մարզի բնակչության թիվը աճել է 1400-ով:

2011թ. ծնունդների թիվը մարզում կազմել է 3851 մարդ, իսկ մահացածների թիվը` 2246: Բնական աճը կազմել է 1605 մարդ: 2012 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում մարզում գրանցվել է 402 ծնունդ:

Գրանցված ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 257-ով` կազմելով 1934, ամուսնալուծությունների թիվը ավելացել է 16-ով` հասնելով 225-ի:

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

 

2011թ. մարզում (ընթացիկ գներով) թողարկվել է 104 մլրդ. 683 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք նախորդ տարվա 84 մլրդ. 986 մլն. դրամի փոխարեն կամ աճը կազմել է 23.1%:

2011թ. մարզում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը կազմել է 103 մլրդ. 603 մլն. դրամ նախորդ տարվա 84 մլրդ. 473 մլն. դրամի փոխարեն կամ աճը կազմել է 22.6%:

Արտադրանքի իրացման ծավալների մեջ հաշվետու ժամանակաշրջանում իրացումը ներքին շուկայում կազմել է 83 մլրդ. 731 մլն. դրամ, իսկ արտահանումը` 19 մլրդ 872 մլն. դրամ: 2011 թ. արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6 մլրդ. 168 մլն. դրամով կամ աճը կազմել է 45%: Արտահանվել են հիմնականում մրգահյութեր և բանջարահյութեր, գինիներ, կոնյակ, ցեմենտ, հանքային ջրեր, ապակե տարաներ, պատրաստի մետաղական արտադրատեսակներ և այլն:

Դրական է գնահատվում արտահանման ծավալների աճը, որով բնութագրվում է մեր մարզի արտադրանքի մրցունակ լինելը արտաքին շուկաներում:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2011 թվականին լուրջ աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ: Նախատեսված 1 մլրդ 618 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 1 մլրդ. 658 մլն. դրամի սեփական եկամուտ կամ եկամուտների պլանը կատարվել է 102.4%-ով:

2012 թվականի առաջին երկու ամիսների տվյալներով մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 111.3%-ով:

Մարզի համայնքները և ենթակա հիմնարկները 2011 թվականին և 2012 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում աշխատավարձի և սոց. վճարների գծով պարտքեր չունեն:

Վերջին երեք տարիներին պետական բյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիաները անընդհատ աճել են և 2011 թ-ին այն կազմել է 2 մլրդ. 857 մլն. դրամ, որը կազմում է համայնքների ընդհանուր եկամուտների ավելի քան 60%-ը:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների տվյալներով պետական բյուջեից համայնքներին նախատեսված 483 մլն. 882 հազ. դրամ ֆինանսական համահարթեցման դոտացիաները տրամադրվել են ամբողջությամբ:

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կոտայքի տարածքային բաժանմունքներում 2011 թվականի ընթացքում հաշվառել է 16971 քաղաքացի, հաշվառումից հանվել են 3826-ը, իսկ ՀՀ քաղաքացիության անձնագրեր է տրվել 30647 քաղաքացու:

2012 թվականի երկու ամիսների ընթացքում հաշվառվել է 2235 քաղաքացի, հաշվառումից հանվել է 956-ը, իսկ ՀՀ քաղաքացիության անձնագրեր են տրվել 6090 քաղաքացու:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

2011 թվականին մարզպետարանի ենթակայությամբ գործել են 93 կրթական հաստատություններ:

Մարզի հանրակրթական դպրոցներում 2011-12 ուսումնական տարում կոմպլեկտավորվել է 1674 դասարան` 34688 աշակերտներով: Այս ուսումնական տարում առաջին դասարան է ընդունվել 3360 աշակերտ, որը նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ նվազել է շուրջ 95-ով: Դեկտեմբեր ամսին մարզի 1 ավագ ու 2 հիմնական դպրոցներում (Հրազդանի N 1, N 11, N 4) փորձնական ներդրվել է աշակերտների հաշվառման տեղեկատվական համակարգ, որի նպատակն է ամբողջությամբ վերահսկել աշակերտների շարժը:

Այս համակարգը արդյունավետ աշխատելու դեպքում այն ներդրվելու է բոլոր դպրոցներում:

2011-2012 ուստարում աշխատանքներ են տարվել հանրակրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց հանրակրթական կամ հատուկ հանրակրթական հաստատություններ վերադարձնելու ուղղությամբ: Այժմ վկայագրված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 308 երեխաներ, նրանցից 78-ը վկայագրվել են 2011 թվականին:

Մարզային ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 3400 ուսուցիչներ, որոնց ավելի քան 88% ունի բարձրագույն մանկավարժական, շուրջ 10%-ը` միջին մասնագիտական կրթություն: Լեռնային և բարձր լեռնային գոտում գտնվող ուսումնական հաստատություններում աշխատում են շուրջ 1100 ուսուցիչներ:

Մանկավարժական կադրերի թափուր աշխատատեղերը համալրվել են մրցութային կարգով: 2011թ. ընթացքում ուսուցիչների մրցույթներ տեղի են ունեցել 60-ից ավել դպրոցներում, ժամանակի հրամայականն է դպրոցներում ունենալ բարձրակարգ մասնագետ-ուսուցիչներ, որին հասնելու համար անհրաժեշտ է մրցույթները անցկացնել բացառապես անաչառ: Գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթներ են անցկացվել թվով 53 դպրոցներում: Մրցույթների արդյունքում ընտրված 47 տնօրենների հետ սահմանված կարգով կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Աշխատանքից ազատվել են 18 տնօրեններ:

ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N 929-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն մարզպետարանի ենթակայության անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող թվով 41 տնօրեններից 7-ը 2011 թ. օգոստոսի 1-ի դրությամբ ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր չեն ստացել:

2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ թվով 33 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կայացել են համապատասխան մրցույթները: Միայն Թեղենիքի միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթը չի կայացել: Դպրոցի խորհրդի կազմի փոփոխությունից հետո հայտարարվել է նոր մրցույթ:

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնական զենքի պահպանման սենյակներ ունեցող դպրոցների թիվը հասել է 91-ի, իսկ դրանցից 83-ն արդեն համալրվել է ուսումնական զենքով:

Դպրոցներում հաջողությամբ իրականացվում է Շախմատ առարկայի դասավանդումը:

Մարզի բոլոր միջնակարգ ու հիմնական դպրոցներն ապահովված են շախմատի դասավանդման համար անհրաժեշտ պարագաներով:

Դպրոցներում ուսումնանյութատեխնիկական բազան հարստացնելու նպատակով «Փյունիկ» հասարակական կազմակերպության կողմից 2011 թվականի ընթացքում մարզի 19 դպրոցներին հատկացվել են «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների լաբորատոր սարքավորումներ:

Մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները` կրթակարգի պահանջներին համապատասխան, ապահովված են համակարգիչներով և ինտերնետ կապով: Դպրոցներն ունեն տարբեր առարկաների էլեկտրոնային ձեռնարկներ, որոնց հիման վրա դպրոցների մեծ մասում ստեղծվել են նաև էլեկտրոնային գրադարաններ:

Այժմ մարզում գործում են 47 նախադպրոցական հաստատություններ, որոնցից 18-ը հիմնովին վերանորոգված են: Կատարված աշխատանքների արդյունքում շուրջ 5321 սան հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով 2012 թվականի փետրվար ամսից մարզի 52 դպրոցներում սկսվել է սննդի տրամադրումը 1-4-րդ դասարանների աշակերտներին:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան պարտադիր ատեստավորման նպատակով 2011 թվականին վերապատրաստվել են մարզի հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների շուրջ 20%-ը: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 462 ուսուցիչ, 3 ուսուցիչների գործեր հետ են ուղարկվել տնօրենների կողմից սխալ ներկայացնելու պատճառով (2 ուսուցիչ ընդունվել են որպես փոխարինողներ, 1-ը գտնվում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդում):

ՈՒսուցիչների փաստաթղթային ատեստավորումով ընթացիկ տարում ատեստավորվել են 459 ուսուցիչներ:

Հիմնախնդիրներ

- Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևին անցնելու արդյունքում հիմնական և միջնակարգ դպրոցներում նվազել է ֆինանսավորման չափը և մի շարք դպրոցներում ուսուցիչների աշխատավարձը նույնպես նվազել է:

- Հարկավոր է սոցիալական փաթեթ տրամադրել ուսումնական հաստատության բոլոր աշխատողներին:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի նպաստառու ընտանիքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 1240-ով. պատճառը ընտանեկան նպաստների հասցեականության բարձրացման նպատակով ՀՀ կառավարության 23.12.2010 թ. N 1763-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններն են:

Սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությամբ նախորդ տարի հրատապ դրամական օգնություն է տրամադրվել 2930 ընտանիքի, որոնց կարիքավորության միավորը 30.00-ից ցածր է եղել:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ մարզի նպաստառու ընտանիքների թիվը 7569 է: Սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությամբ հրատապ դրամական օգնություն է տրամադրվել 291 ընտանիքի:

2012 թ. մարտի 1-ի դրությամբ բնակարանի կարիք ունեն ժամանակավոր կացարաններում բնակվող 326 փախստական ընտանիքներ:

1999-2012 թ. բնակարանային ապահովման նպատակով աջակցություն են ստացել մարզի զոհված և հաշմանդամ դարձած 201 անապահով զինծառայողների ընտանիքներ:

Դեռևս բնակարանի բարելավման կարիք ունեն 253 զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ:

Հիմնախնդիրներ

ՀՀ Կառավարության կողմից «Պետական նպաստ» ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում համացանցի միջոցով գործող 5 համակարգչային ծրագրերի արդյունավետ շահագործման նպատակով անհրաժեշտ է մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները վերազինել ժամանակակից համակարգչային տեխնիկայով:

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Մարզի առողջապահական հաստատությունները ներկայացված են 40 ընկերություններով, որոնցից 35-ը 100 տոկոս պետական բաժնեմասով, իսկ 5 ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել են համայնքներին:

Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 250 է, աշխատողների թիվը` 1784:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև 2011 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված պայմանագրի շրջանակներում շուրջ 89 մլն. 682 հազ. դրամի համապատասխան բժշկական սարքավորումներով հագեցված թվով 6 շտապ օգնության մեքենաներ են տրամադրվել «Աբովյանի ԲԿ», «Հրազդանի ԲԿ», «Չարենցավանի ԲԿ», «Նաիրիի ԲԿ» ՓԲԸ-ներին և «Նոր Հաճընի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին:

Լիարժեք կայացած է 2008 թվականից ներդրված «ծննդօգնության պետական հավաստագրերի» համակարգը, իսկ 2011 թվականին ներդրվել է նաև «երեխաների առողջության պետական հավաստագրերի և անձնագրերի» տրամադրման համակարգը: 2011թ. ընթացքում մարզի ծննդատներում գրանցվել է 2905 ծնունդ, որը կազմում է հանրապետությունում գրանցված ծնունդների ընդհանուր թվի (43297 ծնունդ) 7 տոկոսը: Մայրական մահացության դեպք հաշվետու տարում չի գրանցվել: Սակայն դժբախտաբար 2012 թվականի փետրվարի 25-ին Աբովյանի ծննդատանը գրանցվել է մայրական մահվան դեպք (ք. Աբովյանի բնակչուհի 1986 թվականին ծնված Ֆլորա Հրաչի Աբգարյան, դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացությունը` Շնչահեղձություն արյան զանգվածներով), որի կապակցությամբ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Հունվար և փետրվար ամիսների ընթացքում մարզի ծննդատներում գրանցվել է 402 ծնունդ (2011թ. նույն ժամանակահատվածում 462 ծնունդ):

Մարզի առողջապահության համակարգի առողջության առաջնային պահպանման ծառայությունում որակական բարձրակարգ սպասարկում իրականացնելու համար բոլոր ընկերությունները համալրված են անհրաժեշտ մասնագետներով` ընտանեկան բժիշկներով և բուժքույրերով: Այս պահին վերամասնագիտացված են շուրջ 143 բժիշկ և 153 բուժքույր:

2011թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի առողջապահական ընկերությունների կրեդիտորական պարտքերը կազմել են մոտ 3.2 մլն դրամ (դեղորայքի և ԲՆԱ-ի ընթացիկ պարտք): Աշխատավարձի պարտքեր չեն գոյացել:

2011 թվականի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի և ԼՂՀ Շահումյանի շրջանի միջև փոխադարձ համագործակցության ծրագրի շրջանակներում մարզի առաջատար բժիշկ-մասնագետների կողմից կազմակերպվել է այցելություն Քարվաճառի բուժմիավորում և իրականացվել է Շահումյանի շրջանի բնակչության անվճար բժշկական օգնություն և սպասարկում: Մասնավորապես` նյարդաբանի, սրտաբանի և ակնաբույժի կողմից բժշկական զննության է ենթարկվել 100-ից ավել հիվանդ:

Սույն թվականի հունվարի 24-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից շուրջ 39 մլն. դրամի հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի մանկաբարձական բաժանմունքի ծննդաբերական և հետծննդյան հատվածներում, որը նախատեսվում է ավարտել մինչև հունիսի 24-ը: Ընթացիկ տարում Համաշխարհային Բանկի վարկային ծրագրով նախատեսվում է Աբովյանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի հիմնանորոգումը և սարքավորումների արդիականացումը, ինչպես նաև Լեռնանիստի ԲԱ, Սոլակի ԱԱՊԿ, Ակունքի ԱԱՊԿ և Վերին Պտղնիի ԱԱՊԿ-ների շենքերի կառուցումը:

 

Հիմնախնդիրներ

 

Մարզի առողջապահության համակարգի հիմնախնդիրներից է հիվանդանոցային համակարգի (Նաիրիի ԲԿ, Չարենցավանի ԲԿ, Գառնիի ԱԿ) և Հրազդանի մարզային արյան բանկի հիմնանորոգումը, արդիականացումը և որակյալ բժշկական կադրերով համալրումը: Որոշ բժշկական մասնագիտությունների թափուր պաշտոնների մրցույթներ մարզի առողջապահական ընկերությունների կողմից արդեն իսկ հայտարարված են:

 

ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

Համագործակցելով երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների մասնագետների հետ` մարզում իրականացվել են կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական կարիքների գնահատման, երեխաների սոցիալ-հոգեբանական անհատական վերականգնողական ծրագրերի կազմման և իրականացման աշխատանքներ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգում հաշվառված են թվով 235 երեխաների տվյալներ:

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների թվում են նաև մարզի 642 հաշմանդամ երեխաներ:

2011թ. ընթացքում Կոտայքի մարզում բնակվող 11 դիմումատու քաղաքացիներ հաշվառվել են որպես երեխա որդեգրել ցանկացող թեկնածուներ և հաշվառման է վերցվել որդեգրման ենթակա 9 երեխա: 2012թ. փետրվար ամիսներին հաշվառման է վերցվել որդեգրման ենթակա 1 երեխա:

Աբովյան քաղաքում ունենք 1 խնամատար ընտանիք, որտեղ խնամվում են ԱԾԽՄ 2 երեխաներ:

Հայտնաբերված հանրակրթությունից դուրս մնացած 24 երեխաների հետ աշխատանք է տարվել և նրանցից 13-ի կրթություն ստանալու իրավունքը վերականգնվել է, 2012թ. ընթացքում հայտնաբերվել է դպրոց չհաճախող 9 երեխա, որոնցից 2-ը այժմ սովորում են դպրոցում: Այժմ համայնքներում տարվում են համապատասխան աշխատանքներ` հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին բացահայտելու և նրանց կրթություն ստանալու իրավունքը վերականգնելու համար:

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

Մարզում գյուղատնտեսությունը վարվում է փոքր գյուղացիական տնտեսությունների միջոցով:

Մեկ գյուղացիական տնտեսությանը բաժին է ընկնում 1-1.3 հա գյուղատնտեսական հողատեսքեր: Մեկ տնտեսությանը պատկանող հողատարածքը մասնատված է 3-4 հողակտորի: Ստեղծված իրավիճակը հնարավորություն չի տալիս կիրառել արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներ, դժվարություններ են առաջանում արտադրության մեքենայացման, ցանքաշրջանառության կիրառման բնագավառում և հետևանքն այն է, որ արտադրությունը դառնում է անարդյունավետ և վնասաբեր: Այս իրավիճակից դուրս գալու նախապայմաններից մեկը տնտեսությունների խոշորացումն է և հողակտորների կոնսոլիդացիան, որի ուղղությամբ տարվող աշխատանքները մեր և համայնքների ղեկավարների ուշադրության կենտրոնում է, բայց ցավոք դեռևս շոշափելի արդյունքներ չկան:

2011թ. բերքի տակ կատարվել է 13504 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք կամ օգտագործվել է վարելահողերի 35.6 տոկոսը` անցած տարվա 34.3 տոկոսի դիմաց:

Նախորդ տարվա համեմատ ավելացել է գյուղատնտեսական մշակաբույսերից ստացված համախառն բերքը:

2011թ. փաստացի հավաքված գյուղատնտեսական մթերքների ծավալի մասին

 

._____________________________________________________________________.

|գ/տ         |         2011 թ.            |   2010 թ.   |2011-ը 2010-ի|

|մշակաբույսեր|                            |             |նկատմամբ     |

|            |____________________________|_____________|_____________|

|            |ընդա- |փաստացի|համախ. |միջին|համախ. |միջին|համախ. |միջին|

|            |մենը  |հավաք- |բերքը  |բերքը|բերքը  |բերքը|(տոննա)|բերքը|

|            |ցանքա-|վել է  |(տոննա)|ց/հա |(տոննա)|ց/հա |       |ց/հա |

|            |տարած.|(հա)   |       |     |       |     |       |     |

|            |(հա)  |       |       |     |       |     |       |     |

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|հացահատիկ   |  9380|   9378|21083.0| 22.5|11031.0| 13.2| +10052| +9.3|

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|կարտոֆիլ    |   692|    692|15881.5|229.5|14054.0|196.8|+1827.1|+32.7|

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|բանջարեղեն  |  1162|   1162|22000.0|189.3|21015.1|155.3| +984.9|+34.0|

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|պտուղ       |  4351|   3818|13402.0| 35.1| 8587.9| 22.4|+4814.1|+12.7|

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|խաղող       |   349|    349|  490.7| 14.0|  377.7| 10.8| +113.0| +3.2|

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|կուտակվել է |     -|      -|52726.0|    -|49600.0|    -|+3126.0|    -|

|խոտ         |      |       |       |     |       |     |       |     |

|____________|______|_______|_______|_____|_______|_____|_______|_____|

|կուտակվել է |     -|      -| 8879.0|    -| 8710.0|    -|+169.0 |    -|

|ծղոտ        |      |       |       |     |       |     |       |     |

._____________________________________________________________________.

 

2011 թվականին աշնանացանի ցանք կատարելու համար ՀՀ կառավարության կողմից մարզին հատկացվել է 238 տոննա առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Նշված սերմացուն պայմանագրով հատկացվել է մարզի գյուղացիական տնտեսություններին, որոնց միջոցով կատարվել է շուրջ 800 հա աշնանացանի ցանք:

Նախորդ տարվա համեմատ աշնանացանի ցանքատարածությունները ավելացել են 1080 հա-ով:

Ընթացիկ տարում նախատեսվում է կատարել 8500 հա գարնանացանի ցանք, այդ թվում` հացահատիկ և ընդեղեն-5800 հա, կարտոֆիլ-850 հա, բանջարեղեն-1300 հա, բազմամյա խոտերի ցանք-550 հա:

Գարնանացանի աշխատանքներն իրականացնելու համար կպահանջվի ավելի քան 200 տոննա գարնանացան ցորենի, 500 տոննա գարնանացան գարու, 500 տոննա հաճարի սերմացու, ավելի քան 2100 տոննա կարտոֆիլի տնկանյութ, 15 տոննա բազմամյա խոտի, 1000-1500 կգ բանջարեղենի (տարբեր տեսակի) սերմացուներ: Պահանջը լրացնելու համար պետք է ձեռք բերվի 130 տոննա գարնանացան ցորենի, 350 տոննա գարնանացան գարու, 100 տոննա հաճարի, 6 տոննա բազմամյա խոտի սերմացուներ:

Կառավարության կողմից մարզին հատկացվել է 1500 տոննա ազոտական պարարտանյութ, 350 տոննա դիզ. վառելանյութ:

Առաջընթաց է նկատվում անասնաբուժական միջոցառումների իրականացման բնագավառում, մարզի համայնքները հիմնականում ապահովված են անասնաբույժներով, որոնք իրենց կողմից պատվիրակված լիազորությունները կատարել են ամբողջությամբ, սակայն նրանց աշխատանքներում դեռևս կան բազմաթիվ բացթողումներ: Այս գործում լուրջ անելիք ունի նոր կազմավորվող անասնաբուժասանիտարիայի սննդի անվտանգության և բուսաբուծության ծառայությունների մարզային կենտրոնը:

 

Նախորդ տարվա համեմատ 2011թ. հունվարի 1-ի դրությամբ ավելացել է անասնագլխաքանակը:

 

.______________________________________________________________.

|  | Անվանումը             |01.01.2010|01.01.2011|շեղումը + -  |

|__|_______________________|__________|__________|_____________|

|1 |խոշոր եղջերավոր անասուն|   47954  |   51374  |+3420|       |

|__|_______________________|__________|__________|_____|_______|

|  |որից` կովեր            |   23688  |   24373  |+685 |       |

|__|_______________________|__________|__________|_____|_______|

|2 |մանր եղջերավոր անասուն.|   32201  |   33670  |+1469|       |

|__|_______________________|__________|__________|_____|_______|

|3 |խոզեր                  |   12628  |   15109  |+2481|       |

|__|_______________________|__________|__________|_____|_______|

|4 |թռչուններ              |  998668  |  894633  |     |-104035|

|__|_______________________|__________|__________|_____|_______|

|5 |Մեղվաընտանիք           |   17959  |   19868  |+1909|       |

.______________________________________________________________.

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքները ներառել են հիմնականում աղբահանության. ընդերքօգտագործման, ջրօգտագործման, անտառտնտեսավարման, շրջակա միջավայրին առնչվող առկա խնդիրների և թերությունների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների կատարումը` ապահովելով ՀՀ գործող օրենսդրության պահանջները:

Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ մարզում բնապահպանական առումով խիստ պրոբլեմատիկ է դարձել թափոնների կառավարման և տեղադրման աշխատանքների կազմակերպումը: Թեպետ վերջին տարիներին մարզպետարանի կողմից զգալի ջանքեր են գործադրվել խնդրի կարգավորման համար, սակայն արդյունքները դեռևս բավարար չեն: Ճանապարհաշինարարական ձեռնարկությունների կողմից իրականացված աշխատանքները ճանապարհամերձ հատվածներում սանիտարական մաքրման կազմակերպման ուղղությամբ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին: Այս գործում ամենօրյա հետևողականություն չի ցուցաբերվում նաև համայնքապետերի կողմից: Տարվա ընթացքում միայն 5 համայնքապետերի (Հրազդան, Ակունք, Արզական, Սոլակ, Զովունի) կողմից է չսահմանված վայրերում և տեղերում աղբաթափման համար կիրառվել վարչական տուգանքներ, 20-40 հազ. դրամի չափով:

Վերջին երկու տարիների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հատկապես ճանապարհամերձ տարածքներում գոյացած աղբակույտերի վերացմանը: Դրանք հիմնականում ընդգրկել են մարզի կենտրոնական, հանգստի գոտու և զբոսաշրջության երթուղիները:

Չնայած վերջին տարիներին մարզում ավելացել է հանքարդյունահանման լիցենզիաներ ձեռք բերած կազմակերպությունների թիվը, դրանք տրված են թվով 70 պինդ օգտակար հանածոների հանքավայրերի տեղամասերի համար, սակայն դրանցից շահագործվել են 36-ը, չեն շահագործվել 8-ը, իսկ մնացած 26-ը գտնվում են փաստաթղթային ձևակերպումների փուլում: 29.11.2011 թ. գրությամբ դիմվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` թվով 12 կազմակերպությունների զրկելու հանքային իրավունքից, որոնց 2005-2008 թթ. ընթացքում տրամադրվել են պինդ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման լիցենզիաներ, սակայն նրանց կողմից տվյալ ժամանակահատվածում չեն կնքվել հողի վարձակալական պայմանագրեր և չեն իրականացվել շահագործման աշխատանքներ:

2011 թվականին մարզում տրվել են 36 ջրօգտագործման թույլտվություններ, այդ թվում` 9-ը խմելու-կենցաղային, 13-ը ոռոգման, 6-ը ՀԷԿ-երի, 6-ը արդյունաբերական, 2-ը ձկնաբուծության նպատակներով: Ջրերի էկոլոգիական պահպանության առումով առաջնահերթ խնդիրներից է կեղտաջրերի մաքրման և հեռացման աշխատանքների կազմակերպումը: Մարզում մաքրման կայանների բացակայության և կոյուղատարների վթարների հետևանքով, կեղտաջրերը վերջնականապես հեռացվում են Դալար, Մարմարիկ, Ծաղկաձոր, Հրազդան գետերի միջոցով, որը ուղղակի էկոլոգիական աղետ է:

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2011 թվականին պետական բյուջեի միջոցներով Կոտայքի մարզպետարանին հատկացվել է 308.0 մլն. դրամ, շարունակական համարվող 9 կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար:

2012 թվականի պետ բյուջեով Կոտայքի մարզին կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման համար հատկացվել է 1 մլրդ. 209 մլն դրամ այդ թվում`

- Մարզպետարանի պատվիրատվությամբ հիմնանորոգվող 8 կրթական օբյեկտների համար 184.5 մլն. դրամ:

- ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվող 11 կրթական, 1 մշակութային և 2 մարզական օբյեկտների համար 1 մլրդ. 25 մլն. դրամ:

Պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի թիվ 108-Ն որոշմամբ հատկացվեց 1 մլրդ. 318 մլն. դրամ մարզի համայնքներում խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման. ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար:

Մրցույթի արդյունքում տնտեսված գումարներով լրացուցիչ երկու համայնքներում ևս կառուցվեցին ոռոգման ջրագծեր:

Ընդհանուր հաշվարկով պահուստային ֆոնդի գումարներով, տվյալ ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ իրականացվեց մարզի 39 համայնքներում:

ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1436-Ն որոշման համաձայն մարզի 38 համայնքներում առաջնահերթ լուծում պահանջվող հրատապ ծրագրերի իրականացման համար, (խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, գազաֆիկացման իրականացման, ճանապարհների ասֆալտապատման, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մշակութային և կրթական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների համար) հատկացվեց ևս 1 մլրդ. 318 մլն. դրամ:

Ներկա դրությամբ ամբողջ ծրագրի հիմնանորոգման աշխատանքները արված է միջին հաշվարկով 51.0%-ով, իսկ ծրագրի ավարտը նախատեսված է 2012 թ. հուլիս ամիսը:

2011 թվականին կիրառման մեջ մտավ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային առաջարկներից կազմված կատալոգը, որի նպատակն է կարգավորել մայրուղիների երկայնքով իրականացվող անկառավարելի կառուցապատման գործընթացը:

2011 թվականի ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվող շինարարության 21 օբյեկտներ:

Խախտումներ թույլ տված 9 կառուցապատողներ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Չնայած այն հանգամանքին, որ նվազել են հողազավթման և ապօրինի շինարարություն կատարելու դեպքերը, սակայն պետք է նշենք, որ շարունակվում են գյուղատնտեսական նշանակության հողերի վրա ինքնակամ կառուցապատումները. պատճառը մեկն է` թույլ է համայնքների ղեկավարների, մարզպետարանի և քաղաքաշինական պետական տեսչության փոխհամագործակցված աշխատանքը: Ընթացիկ տարում այս հարցը հատկապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում:

 

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2011 թվականին բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառում ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների կողմից տրամադրված 4 մլրդ 219 մլն. դրամի հասնող միջոցներով կառուցվեցին շուրջ 205 կմ խմելու ջրագծեր - 3 մլրդ. 788 մլն. դրամ, 7 կմ կոյուղատարներ-197 մլն. դրամ, 3 կմ գազատար 46 մլն դրամ, 150 խ.մ տարողությամբ մեկ օրվա կարգավորիչ ջրամբար, 1 պոմպակայան, ամբողջությամբ վերակառուցվեց Մաքրավանի (Հրազդան) կենտրոնական պոմպակայանը և վերանորոգվեցին թվով 50 բազմաբնակարան շենքերի մուտքեր և տանիքներ-183 մլն. դրամ:

- ՀՀ պետական բյուջեից տրամադրված 605 մլն. դրամով աշխատանքներ իրականացվեցին մարզի 21 համայնքներում:

- Ասիական զարգացման բանկի կողմից Աբովյան, Ծաղկաձոր և Քաղսի համայնքներում ներդրվեց 1 մլրդ. 69 մլն. դրամ: Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 2 մլրդ 272 մլն դրամով աշխատանքներ տարվեցին Հրազդան (2.25 մլդ. դրամ) և Եղվարդ (47.6 մլն դրամ) համայնքներում:

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներով Ալափարս, Զորավան և Թեղենիք համայնքներում իրականացվեց 24 մլն դրամի աշխատանքներ:

- Մարզի համայնքների կողմից սեփական միջոցներով ենթակառուցվածքների ոլորտում կատարվեցին 160 մլն դրամի աշխատանքներ:

- Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի կողմից տրամադրված 42.0 մլն դրամ գումարով հնարավոր եղավ ավարտին հասցնել ՀՀ պետբուջեի (20.0 մլն. դրամ) և համայնքի (30.5 մլն դրամ) կողմից տրամադրված միջոցներով սկսված Գեղաշեն համայնքի մայր ջրատարի կառուցումը:

- USAID-ի կողմից տրամադրված 17 մլն. 500 հազ. դրամով Կապուտան համայնքում կառուցվեց նոր ջրամատակարարման համակարգ:

Կատարված ներդրումների շնորհիվ մարզում ջրամատակարարման միջին տևողությունը 6 ժամից հասավ 11-ի:

Մարզպետարանի մասնագետները քաղաքաշինության նախարարության և Եվրոպական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ են իրականացրել մարզում կենտրոնացված աղբավայր կառուցելու ուղղությամբ, համաձայն որի 2012-2014 թվականներին նախատեսվում է Հրազդան քաղաքի տարածքում կառուցել նոր ժամանակակից աղբավայր, որի համար ներդրումը կկազմի շուրջ 7,0 մլն եվրո:

ՀՀ կառավարության 29.09.2011 թվ. N 1436-Ն որոշմամբ Կոտայքի մարզպետարանին տրամադրված միջոցներով այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում մարզի համայնքներում` համաձայն որի նախատեսված է կառուցել շուրջ 7 կմ խմելու ջրագիծ և վերանորոգել թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 01.07.2012 թվականը:

 

Հիմնախնդիրներ

- Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի վերականգնումը

ամբողջությամբ ավարտելու համար անհրաժեշտ է շուրջ 3 մլն. ԱՄՆ դոլար:

- Մարզի համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ներտնտեսային

ցանցերի վերականգնում:

- Բազմաբնակարանային շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում:

- Մարզի գերեզմանատների հատակագծերի պատրաստում:

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Մարզում ընդհանուր օգտագործման պետական և համայնքային ենթակայության ավտոճանապարհային ցանցի երկարությունը կազմում է 593.9 կմ, այդ թվում 48.9 կմ միջպետական, 417.2 կմ հանրապետական և 127.8 կմ տեղական նշանակության:

2011թ. մարզում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվել են հիմնականում Մ-4-Ծաղկաձորի մարզահամալիր ավտոճանապարհի Քաղսի-Հրազդան 4 կմ երկարությամբ հատվածում: Որոշ աշխատանքներ են կատարվել նաև Արզական-Աղվերան ճանապարհի կամուրջի նորոգման և Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի նստվածքային հատվածների կարգավորման ուղղությամբ:

Մարզում դեռևս առկա են դժվարանցանելի որոշ ճանապարհահատվածներ (Արագյուղ-Թեղենիք, Արգել-Կարենիս-Չարենցավան), վերջնական լուծում չի ստացել Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների կարգավորման հարցը:

Մարզի որոշ ավտոճանապարհներ լիովին կահավորված չեն պահանջվող նորմերին համապատասխան ճանապարհային նշաններով, հատկապես շատ են բացակայում տեղեկատվական բնույթի նշանները:

2012 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեից հատկացված գումարների սահմաններում մարզպետարանի պատվիրակությամբ իրականացվել են մարզային ենթակայության 123 կմ ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքները` 20.4 մլն. դրամ գումարով:

 

Հիմնախնդիրներ

ա) ճանապարհների նորոգման աշխատանքների ընդգրկում առաջիկա ծրագրերում`

- Արգել-Կարենիս-Չարենցավան-Ֆանտան

- Նոր Գեղի-Արզական-Հրազդան

բ) անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգում`

- Արագյուղ-Թեղենիք

- Հանրապետական ճանապարհ - գ. Գեղարդ

- Երևան-Սևան մայրուղուց - Աղվերանի հանգստյան գոտի

գ) Հաշվի առնելով մարզային ցանցի կտրտվածությունը և ելնելով նպատակահարմարությունից մարզային որոշ ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների իրականացում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից`

- Հ-4 - Բուժական - 1.9 կմ

- Հ-4 - Սարալանջ - 1.1 կմ

- Հանրապետական ճանապարհ - գ. Գեղարդ - 3.0 կմ

Մարզում կարևոր հիմնախնդիր է համարվում գործազրկության մեծ ծավալը, հետևաբար աշխատատեղերի ստեղծումը և առաջարկվում է մարզի մի քանի քաղաքային համայնքներում (Նոր Հաճըն, Բյուրեղավան, Չարենցավան), որոնք գտնվում են մայրաքաղաքից ընդամենը 10-30 կմ հեռավորության վրա, ստեղծել արտոնյալ պայմաններ գործարարությունը խթանելու համար, որն էլ կնպաստի մայրաքաղաքի խիստ հագեցվածությունը որոշ չափով բեռնաթափելուն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2012
N 12
Արձանագրային որոշում