Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

040.0730.130612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2012 թվականի N 730-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 18-ի

N 730-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:

Կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները: Վերջին մարտահրավերները մեզ ստիպեցին նախ և առաջ ամրապնդել այդ հնարավորությունների ապահովման համար անհրաժեշտ պետականության հիմքերը: Այժմ շեշտադրելու ենք մեր գործողությունների արդեն իսկ ակնառու երկրորդ ուղղությունը` պետական ինստիտուտների հնարավորություններն ուղղելով մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամի:

Վերջին տարիները մեր պետության համար նոր մարտահրավերների և բարդ փորձությունների հաղթահարման ժամանակաշրջան էր: Այդ ընթացքում մենք կարողացանք`

. էապես մեղմել ներքին քաղաքական պառակտվածության և անհանդուրժողականության դրսևորումները,

. երկրի բնականոն կյանքը զերծ պահել մեր հարևանությամբ ընթացող պատերազմական գործողություններով պայմանավորված ցնցումներից,

. բանակաշինությամբ և ակտիվ արտաքին քաղաքականությամբ ապահովել մեր երկրի անվտանգությունը` ամրապնդելով մեր կողմից պարտադրված խաղաղության երաշխիքները,

. մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական հետևանքները և ձևավորել ավելի տարազանված (դիվերսիֆիկացված) տնտեսություն,

. ֆինանսատնտեսական ճգնաժամի սուղ պայմաններում բարձրացնել սոցիալական նպաստները, թոշակներն ու աշխատավարձերը` մեղմելով ճգնաժամի սոցիալական հետևանքները,

. էապես բարձրացնել ԱՊՀ-ի տարածքում գործընկերների հետ հարաբերությունների մակարդակն ու լրջորեն ընդլայնել համագործակցության դաշտը,

. Եվրամիության հետ սկսել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունները,

. զգալիորեն հեշտացնել պետության կողմից անձանց մատուցվող բազմաթիվ ծառայությունների ստացումը:

2008 թվականին մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, որի արդյունքում բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին: Այժմ մեր խնդիրն է բարեփոխումների առաջին արդյունքները ձևափոխել կայուն և հարատև ինստիտուցիոնալ հարաբերությունների, դրանք դարձնել բոլորի համար շոշափելի և տեսանելի: Յուրաքանչյուր ոք պետք է տեսնի և զգա կառավարության կողմից իրականացվող փոփոխությունների արդյունքները: Յուրաքանչյուր ոք պետք է ունենա ինքնադրսևորման և ինքնաիրացման բոլոր հնարավորությունները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է ու ժամանակին, և մենք ունենք ժողովրդի աջակցությունը` այն կյանքի կոչելու համար:

 

1. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կառավարության ծրագիրը հիմնված է հետևյալ 3 գերակայությունների վրա`

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 1. Տնտեսության մրցունակության բարձրացում` որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման:

 

Այդ առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով`

- բիզնես և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,

- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,

- հավասար մրցակցային պայմանների ապահովում` բոլորի համար,

- տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,

- տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով,

- տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,

- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում,

- գործարարների և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,

- զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, մասնավորապես, նպատակաուղղված արդյունաբերական քաղաքականության վարման միջոցով, ինչը թույլ կտա կրճատել Հայաստանի և զարգացած երկրների բնակչության եկամուտների միջև տարբերությունը,

- միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն գործընկերությունը,

- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,

- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում:

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 2. Մարդկային կապիտալի զարգացում:

 

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով`

- որակյալ կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,

- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում` սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով,

- նպաստավոր պայմանների ստեղծում` հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու զարգացման համար,

- հասարակության միջին խավի ընդլայնում` որպես մարդկային կապիտալի զարգացման հուսալի հենք,

- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների թիրախային մատուցում,

- արժանապատիվ ծերության ապահովում` հասարակության յուրաքանչյուր անդամի համար,

- աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների առկայության և արդարության ապահովում` որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց,

- մարդու և բնության ներդաշնակ զարգացում,

- սփյուռքի ներգրավվածության մեծացում` մարդկային կապիտալի զարգացման գործընթացում:

 

ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ 3. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

 

Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով`

- հանրային ինստիտուտների ամրապնդում` մարդկային կապիտալի զարգացման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնօրինակման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,

- պետական կառավարման համակարգում «խաղի կանոններ սահմանելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում,

- հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի «կանխարգելիչ» մոտեցման գերակայությունը,

- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ,

- պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ մեխանիզմների ստեղծում,

- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համակարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսավարողների նկատմամբ:

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Թույլ համաշխարհային պահանջարկը և արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում: Կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է`

. զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով,

. ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,

. նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

. նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,

. ծնելիության գումարային գործակցի աճ` մինչև 1.8-ի:

. 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,

. միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում` հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի,

. աղքատության կրճատման ապահովում` 8-10 տոկոսային կետով,

. 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,

. պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում` տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3-0.4 տոկոսային կետի չափով:

 

Կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն բաժնի վերջին մասում:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Ելնելով Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման գերակայությունից` կառավարությունը նախատեսում է իրականացնել ճյուղային համակցված և ներդաշնակ քաղաքականություն` շեշտադրելով ներքին ռեսուրսների արդյունավետ և համակարգված օգտագործումը:

2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ակներև դարձրեց Հայաստանի տնտեսության ուժեղ և թույլ կողմերը: Այսօր ամբողջությամբ վերականգնվել է նախաճգնաժամային անվանական ՀՆԱ-ի ցուցանիշը, տնտեսությունը դարձել է ավելի տարազանված և ուժեղ` առավել ունակ դիմակայելու արտաքին ցնցումներին:

Առաջնորդվելով արձանագրված ձեռքբերումներով` կառավարությունը ծրագրում է տնտեսական աճի հայեցակարգից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին` հիմնվելով այն սկզբունքի վրա, որ տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը դեռևս բավարար չէ մրցունակ տնտեսություն ունենալու համար: Տնտեսական աճը մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները չի կարող լուծել, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների արտադրության և նոր ծառայությունների մատուցման վրա, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային շուկաներում: Այս խնդրի արդյունավետ լուծման համար կառավարությունը կարևորում է արդյունաբերական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև միջին և փոքր բիզնեսի կայացման և զարգացման երաշխիքների ստեղծումը:

Կառավարությունը նպատակ է դրել 2012-2017 թվականներին ապահովել երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքեր և համաշխարհային տնտեսական աճից ավելի բարձր` 5-7 տոկոս իրական աճ` տարեցտարի ավելացնելով բնակչության եկամուտների մակարդակը: Այդ նպատակով կառավարությունը`

. ձևավորելու է տնտեսական աճի բաղադրիչների որակական փոխակերպման և արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի կառավարելի համակարգ` աջակցելով արտահանող, բարձր տեխնոլոգիաներ կիրառող ռեսուրսախնայող և գիտատար տնտեսությանը միտված ոլորտներին ու ընկերություններին,

. պահպանելու է ձեռք բերված մակրոտնտեսական կայունությունը` վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների և բյուջետային կարգապահության պահպանման, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության հետ հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ կոորդինացման միջոցով:

2012-2017 թվականներին կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո` մասնավորապես երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը:

Այս ոլորտում առավելագույն արդյունք ստանալու համար կառավարությունը խրախուսելու է, որ գործընթացում ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող անձինք, կազմակերպությունները և իրենց նպաստը բերեն տնտեսության զարգացմանը:

 

3.1.1. Գործարար և ներդրումային միջավայրը

 

Բարենպաստ գործարար միջավայրը ժամանակակից աշխարհում ներդրումների ներգրավման` հետևաբար և երկարաժամկետ տնտեսական աճի հիմնական գրավականն է: Այս առումով կառավարությունը հետևողական քայլեր է կատարելու գործարարությամբ զբաղվելը դյուրինացնելու և անհարկի պետական միջամտությունների բեռը թոթափելու ուղղությամբ: Կառավարության գործողությունների արդյունքում`

. կրճատվելու են շինարարական թույլտվությունների ստացման ընթացակարգերը և ժամկետները` էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով` միաժամանակ ուժեղացնելով վերահսկողությունը նորմատիվ պահանջների կատարման նկատմամբ,

. էապես կրճատվելու են կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ժամկետները,

. «Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով վերացվելու են անտեղի վարչարարական խոչընդոտները,

. բացառվելու է տարբեր պետական մարմիններ կրկնվող տեղեկատվությամբ հաշվետվություններ ներկայացնելը,

. կրճատվելու և պարզեցվելու է տնտեսական գործունեության թույլտվությունների համակարգը,

. ամբողջությամբ ներդրվելու է կարգավորման ազդեցությունների գնահատման մեխանիզմը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումներից,

. փոքր և միջին բիզնեսի համար ձևավորվելու է պարզեցված հարկային դաշտ,

. վերացվելու է շահութահարկի նվազագույն շեմի կիրառման պրակտիկան,

. փոքրացվելու է կանխիկով գործարքների կատարման շրջանակը` նպաստելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը,

. ներդրվելու են արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը` մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք օգտագործման նպատակով,

. ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ` ապահովելով ավելի շատ գանձումներ բարձրարժեք գույքից,

. բոլոր ստուգող մարմիններում լիարժեք ներդրվելու է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգը, բարձրացվելու է նշված գործընթացների թափանցիկությունը, իսկ տեսչական մարմինների օպտիմալացման արդյունքում դրանց թիվն առնվազն կիսով չափ կրճատվելու է:

 

3.1.2. Ֆինանսական միջնորդությունը

 

Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ֆինանսական միջնորդության անցած տարիների ձեռքբերումների պահպանումը և ծավալների շարունակական մեծացումն առանցքային են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման գործում: Չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի աճին` զարգացած տնտեսությունների համեմատ Հայաստանի ֆինանսական համակարգը դեռևս փոքր է և լիարժեքորեն չի իրականացնում ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու` իր հիմնական առաքելությունը: Այս ոլորտում կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը: Նման քաղաքականության կարևորագույն ուղղությունն է ֆինանսական ռեսուրսների հասանելիության և գործիքների բազմազանության ապահովումը:

Առաջնորդվելով այս սկզբունքներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, կառավարության գործողությունների արդյունքում`

. ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը և բարձրացվելու է դրանց հասանելիությունը (լիզինգ, արտահանման ֆինանսավորման գործիքներ, սկսնակ բիզնեսների ֆինանսավորում, ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում և այլն),

. ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող` մատչելի պայմաններով վարկավորման ծավալները,

. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը,

. նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովվելու է նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը ֆինանսական համակարգ, որոնք հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր,

. խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը,

. մատչելի բնակարանաշինության ֆինանսավորման նպատակով խրախուսվելու են ներդրումները Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերում` միաժամանակ, սուբսիդավորելով սոցիալական խմբերի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը:

Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսությունում իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:

 

3.1.3. Բյուջետային համակարգը

 

Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՛ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՛ իշխանությունների հանրային հաշվետվելիության առումով:

Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրն է դրանց խելամիտ հաշվեկշռումը: Այս համատեքստում կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում`

- միջազգային շուկաներում անորոշությունների մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը,

- հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը: Մասնավորապես`

. շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով,

. պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է ներքին պարտքի, ինչպես նաև շահավետ-արտոնյալ պայմաններով ներգրավված արտաքին վարկերի հաշվին: Պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:

Կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը: Այս առումով`

- ծախսերի փաստացի կատարումն իրականացվելու է սահմանված երկարաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը,

- շարունակվելու են ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ,

- լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալու հասարակությանն ու տնտեսավարողներին հսկելու գնումների վերաբերյալ հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը,

- կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար,

- շարունակվելու են ներքին աուդիտի և ֆինանսական հսկողության համակարգերի բարելավման աշխատանքները,

- բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը:

 

3.1.4. Տնտեսության հիմնական ճյուղերը

3.1.4.1. Արդյունաբերությունը

 

Կառավարությունը փոփոխություն է կատարում արդյունաբերական քաղաքականության մոտեցումներում: Այսուհետև պետությունը ոչ միայն պատասխանատու է լինելու բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն ներգրավելու է մասնավոր հատվածին ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ: Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուր ճյուղի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ:

Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում` ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների վրա հիմնված, և, այնուհետև, բարձր տեխնոլոգիական արտադրությունների:

Ելնելով նշվածից` կառավարությունը կշարունակի իրականացնել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, որն ապահովելու է`

. երկարաժամկետ տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորումը` շեշտադրելով արտահանման զարգացումը,

. ոլորտային ռազմավարությունների պլանավորման, որոշումների կայացման, իրականացման և արդյունքների գնահատման գործընթացներում հիմնական շահագրգիռ կողմերի (գործարար միություններ, ոլորտային և մասնագիտական ասոցիացիաներ, կրթական և հետազոտական կազմակերպություններ, ընկերություններ և այլն) ներգրավումը,

. անդրազգային ընկերությունների ներգրավումը տնտեսության մեջ,

. առնվազն 2 ազատ տնտեսական գոտիների ձևավորումը, որոնք միտված են օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման ծավալների, անվանացանկի և աշխարհագրության ընդլայնմանը,

. բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացման խթանումը` նպաստավոր միջավայրի ստեղծման և ներդրումների խթանման միջոցով,

. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանման միջոցով ուսումնական հաստատությունների և արտադրողների կապի խթանումը,

. նորարարական տեխնոլոգիաներ խրախուսող վենչուրային հիմնադրամների ստեղծման խթանումը,

. համապատասխան իրավական ակտերով լրացուցիչ արտոնությունների սահմանումը այն խոշոր ներդրումային ծրագրերի համար, որոնք կպարունակեն տեխնոլոգիական նորարարություններ, կունենան արտահանման ուղղվածություն և կստեղծեն աշխատատեղեր:

 

3.1.4.2. Գյուղատնտեսությունը և գյուղը

 

Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ` յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն` առանց հարմարավետ գյուղի: Առանձնակի ուշադրություն է դարձվելու բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններին: Նշված խնդրի համատեքստում կառավարության գործողությունների արդյունքում`

. ապահովվելու է գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների շարունակական արդիականացումը: Գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումն իրականացվելու է մատչելի ֆինանսավորման և սպասարկման ճկուն մեխանիզմների ներդրման շնորհիվ,

. առնվազն երեք անգամ ավելացվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները, ինչի արդյունքում էապես կմեղմվեն մի շարք գյուղմթերքների գների սեզոնային տատանումները, ինչպես նաև շեշտակիորեն կավելանան դրանց արտահանման ծավալները, և կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր,

. ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները, և ստեղծվելու են ձկնամթերքի վերամշակման ժամանակակից կարողություններ` ապահովելով արտադրանքի թողարկման եռապատիկ աճ,

. շարունակվելու է բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացման նպատակով սերմնաբուծության համակարգի զարգացման պետական աջակցության ծրագրերի իրականացումը: Բարձր վերարտադրությամբ սերմեր մատակարարելով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին, արդյունքում կբարձրանա բուսաբուծության և անասնակերերի ավելացված ծավալների միջոցով անասնապահության ճյուղերի գործունեության արդյունավետությունը,

. շարունակվելու են գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների` հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի, տարբեր մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի մատչելիության մակարդակի բարձրացման ծրագրերը` գների մասնակի սուբսիդավորման և ապրանքային վարկերի միջոցով,

. անասնապահության ճյուղի զարգացման նպատակով իրականացվելու են գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների բարելավման և մթերատվության բարձրացման ծրագրերը` տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ,

. տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանվելու է փոքր հողակտորների համատեղ օգտագործման և խոշորացման, հողերի միավորման, կոոպերացիայի կազմակերպման միջոցառումների իրականացումը,

. նվազեցվելու են բնության կողմից հասցվող հնարավոր վնասները` հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման միջոցով,

. ներդրվելու են սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանության վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի հայկական մթերք սպառողը վստահ լինի, որ այն անվտանգ է և բարձրորակ,

. խթանվելու են առավել բարձր մրցունակություն ապահովող և արտահանման կողմնորոշում ունեցող գյուղմթերքների և գյուղատնտեսական արտադրատեսակների արտադրությունը` արդյունքում ապահովելով թե՛ գյուղմթերքների, և թե՛ վերամշակված գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման ծավալի նկատելի աճ,

. ձևավորվելու են գյուղմթերքների իրացման արդյունավետ ենթակառուցվածքներ ու գործուն մեխանիզմներ` ներառյալ տոնավաճառների կազմակերպումը,

. զարգացվելու են գյուղատնտեսական ոլորտի խորհրդատվության համակարգերը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին:

 

Գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով կառավարության ջանքերն ուղղվելու են`

. գյուղական աղքատության կրճատմանը,

. մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը,

. գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները,

. գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը:

 

3.1.4.3. Քաղաքաշինությունը

 

Քաղաքաշինության ոլորտի զարգացման առաջնահերթ խնդիրն է իրականացնել համապատասխան ռազմավարություն` թիրախավորելով քաղաքաշինական խնդիրների համալիր լուծումը և ոլորտի նորմատիվ-իրավական բազայի կատարելագործումն ու արդիականացումը: Այդ առումով կարևորվում են`

- Հայաստանի բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հստակ հաշվառումը, ինչը թույլ կտա արդյունավետ դարձնել առկա բնակարանային ֆոնդի կառավարումը, ունենալ պատկերացում վթարային շենքերի քանակի, վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ և ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին,

- պետական նպատակային ծրագրի մշակումը, որը կներառի առկա շենք-շինությունների տվյալների բազայի ստեղծումը, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին ներդրումային առաջարկների փաթեթի ձևավորումը և ֆինանսավորման մեխանիզմները,

- բազմաբնակարանային շենքերի սեփականատիրության կառավարման և պահպանման համակարգի արդիականացումը և համատիրությունների գործառույթների հստակեցումը,

- շինարարական աշխատանքները ժամանակին, ամբողջական ծավալով և որակով իրականացնելու նպատակով քաղաքաշինության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրումը` ինչը կապահովի կապալառուների և կառուցապատողների պատասխանատվության աստիճանի բարձրացումը:

 

3.1.4.4. ՓՄՁ-ին պետական աջակցությունը

 

Տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման քաղաքականությունն անհնար է իրագործել` առանց տնտեսության ճկունությունն ապահովող ՓՄՁ-ների աջակցության: Տնտեսության մեջ ՓՄՁ-ների դերի բարձրացումը նաև հասարակության միջին խավի ձևավորման, աղքատության հաղթահարման, զբաղվածության ապահովման կարևոր պայման է: Ելնելով նշվածից` կառավարությունը շարունակելու է ՓՄՁ-ների համար ոչ միայն նպաստավոր գործարար միջավայրի ստեղծման, այլ նաև ուղղակի աջակցության քաղաքականությունը, մասնավորապես`

. կառավարությունն ապահովելու է ֆինանսների հասանելիություն գործող և սկսնակ ձեռնարկություններին` վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով: Ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսների ապահովման ծրագիրը կենտրոնանալու է մարզերում գրավի ապահովման խնդրի լուծման, ինչպես նաև ռիսկային և արդյունավետ նոր նախաձեռնությունների ֆինանսավորման ուղղությամբ,

. կառավարությունն ապահովելու է ձեռնարկատիրական կրթության մատչելիություն: Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերում սկսնակ գործարարներն անվճար ձեռք կբերեն ձեռնարկատիրական հմտություններ: Հատուկ ծրագրեր կիրագործվեն կանանց գործարարության զարգացման համար,

. կառավարությունն աջակցելու է գործող և սկսնակ ձեռնարկություններին` շուկաների հասանելիություն ապահովելու համար: Այս ծրագրին համապատասխան կշարունակվի աշխատանքը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի շրջանակներում: Ձեռնարկությունները կստանան աջակցություն ինտերնետային կայքերի, գովազդային վահանակների, ապրանքների փաթեթավորման և բրենդավորման գծով,

. փոքր և միջին առևտրային օբյեկտների շահերի պաշտպանության և մրցակցության նպատակով կառավարությունը սահմանելու է խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչները,

. կառավարությունն ապահովելու է տեղեկատվական աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին: Իրավական, հարկային, պետական կառավարման տարբեր ոլորտներին և հիմնահարցերին առնչվող խորհրդատվություն և տեղեկատվություն կստանան ՓՄՁ-ները` ինչպես մարզերում, այնպես էլ` Երևանում:

 

3.1.4.5. Զբոսաշրջությունը

 

Զբոսաշրջության ոլորտում կառավարության նպատակն է բազմապատկել Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը: Այդ առումով կառավարությունն իրականացնելու է`

. ենթակառուցվածքների զարգացում, այդ թվում` նաև հյուրանոցային ցանցի ընդլայնում, միջազգային հեղինակավոր բրենդային ցանցերի ներգրավում, զբոսաշրջային տների համակարգի զարգացում,

. զբոսաշրջային գործունեություն` Երևանից դեպի հանրապետության մարզեր ապակենտրոնացում,

. համայնքներում զբոսաշրջության զարգացում, գյուղական համայնքներում նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծում,

. համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ձևավորում ու պատշաճ ներկայացում,

. Հայաստանի առանձին զբոսաշրջավայրերի նկարագրերի ձևավորում, բրենդավորում և համաշխարհային ու ներքին շուկայում պատշաճ ներկայացում,

. հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացում` բարելավելով ծառայությունների որակը, զարգացնելով մարդկային ռեսուրսներն ու ոլորտն ապահովելով պահանջարկին համապատասխանող կադրերով:

 

3.1.5. Միջազգային ինտեգրացիան և արտաքին տնտեսական քաղաքականությունը

 

Այսօր արտաքին շուկաներ դուրս գալու համար գոյություն ունեն տեղեկատվական, ենթակառուցվածքային, կադրային և այլ արգելքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին առևտրի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները, արտաքին աշխարհի տնտեսություններին ինտեգրման բոլոր հնարավորությունները, որոնք թույլ կտան մեր արտադրողներին ունենալ մասշտաբի էֆեկտը:

Կառավարությունը`

. կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ անդամ գործընկեր երկրների հետ, միջոցներ կձեռնարկի ԱՊՀ մի շարք անդամ երկրների հետ ստորագրված բազմակողմ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կիրարկման ուղղությամբ,

. կշարունակի ԵՎՐԱԶԵՍ-ի հետ համագործակցությունը` ապահովելով տնտեսական ինտեգրման ավելի բարձր մակարդակ,

. կակտիվացնի եվրոպական ինտեգրման ուղղությամբ ընթացող աշխատանքները, մասնավորապես, կշարունակվեն ակտիվորեն իրականացվել Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթները:

. ավարտին կհասցնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի` այդ թվում` և խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները,

. կշարունակի միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի ստեղծման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման ու ամրապնդման, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող երկրների համար տարանցիկ փոխադրման համագործակցության մասով նոր գլոբալ համակարգերին ինտեգրման աշխատանքները:

 

3.1.6. Տարածքային համաչափ զարգացումը

 

Տարածքային զարգացման անհամաչափությունների հաղթահարումը կարևոր է երկրի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև երկրի կայուն ու անվտանգ առաջընթացի համար: Կառավարության գործողություններն այս ոլորտում իրականացվելու են հետևյալ ուղղություններով`

. իրականացվելու է Երևանի բեռնաթափման համալիր ծրագիրը` պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ իրականացնելով հանրապետության մյուս տարածքներում, բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում,

. պետական աջակցության տարբեր ձևերի կիրառմամբ, պետական-մասնավոր համագործակցությամբ, նպատակային ծրագրերի մշակմամբ և իրագործմամբ խրախուսվելու են Հայաստանի քաղաքների զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվությունը,

. կառավարությունը նպաստելու է համայնքներում մրցակցային առավելությունների վրա հիմնված տնտեսական զարգացման տարբեր մոդելների ներդրմանը,

. սահմանամերձ և սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացվելու են հատուկ օժանդակության ծրագրեր:

 

3.1.7. Ենթակառուցվածքները

 

Երկրի մրցունակության բարձրացումը պահանջում է ենթակառուցվածքներում ներդրումների շարունակական իրականացում: Կառավարությունը նպատակադրում է տնտեսական աճին միտված և պետական-մասնավոր սերտ գործընկերության վրա հիմնված ենթակառուցվածքների զարգացումը:

 

3.1.7.1. Էներգետիկան

 

Էներգետիկայի ոլորտում կառավարության իրականացրած քաղաքականությունը թույլ տվեց գազի գների աճի պայմաններում պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագները, ինչպես նաև զարգացնել համակարգը: Կառավարությունը շարունակելու է`

. բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը,

. վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականություն, այդ թվում` իրականացնելով առկա հիդրոներուժի օգտագործման արդյունավետության բարձրացումը և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծմանն ուղղված գիտական և ինժեներատեխնիկական հետազոտություններ,

. հետևողականորեն վերազինել համակարգը` էներգասպառողներին զերծ պահել անկայուն և խափանվող, լարման տատանումներից,

. հետամուտ լինել տարածաշրջանային էներգահամակարգին ինտեգրմանը` ավարտին հասցնելով Իրան-Հայաստան և Վրաստան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը:

Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

 

3.1.7.2. Ջրամատակարարումը

 

Ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառում կառավարությունը հավատարիմ է մնալու մատակարարվող ջրի որակի բարելավման, կայուն ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ինչպես նաև շուրջօրյա ջրամատակարարման աստիճանական ապահովման քաղաքականությանը:

Ոռոգման ջրի բնագավառում բարեփոխումների երկարաժամկետ ծրագրի իրականացումը բարձրացնելու է համակարգի շահագործման հուսալիությունը, արդյունավետությունը և տրամադրվող պետական օժանդակության հասցեականությունը:

Կառավարությունը ջրային տնտեսության կառավարման բարեփոխումների խորացումը տեսնում է համակարգի կառավարման մեջ պետություն-մասնավոր հատված համագործակցության ուժեղացման շրջանակներում:

Կառավարությունը նախատեսում է`

. գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ոռոգման ներդրումային ծրագրերի իրականացումը,

. ջրամբարների շինարարության, առկա ենթակառուցվածքների արդիականացումը` հիմնականում երկկողմ և բազմակողմ դոնորական աջակցության շրջանակներում: Առանցքային հիդրոտեխնիկական կառուցվածքների պատշաճ պահպանման, նորոգման և ամրապնդման աշխատանքների իրականացումը, որով կապահովվի այդ կառուցվածքների անվտանգ ու անխափան շահագործումը,

. համակարգում առկա և նոր գործարկվող հզորությունների պատշաճ շահագործումն ու պահպանումը:

 

3.1.7.3. Տրանսպորտային ենթակառուցվածքները

 

Տրանսպորտի կայուն և արդյունավետ զարգացումը դիտարկվում է որպես անհրաժեշտ պայման երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի, ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման, բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև համաշխարհային տնտեսությանը Հայաստանի ինտեգրման և մրցունակության համար:

Առաջնահերթություն կտրվի ճանապարհային ցանցի առավել ինտենսիվ, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող հատվածներում իրականացվող ներդրումներին: Այսպես`

. կմեկնարկի միջազգային չափանիշներին համապատասխան «Հյուսիս-հարավ» առաջին արագընթաց ճանապարհի կառուցումը, որը կունենա տարածաշրջանային նշանակություն,

. կշարունակվեն աշխատանքները Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ծրագրի ուղղությամբ,

. նոր թափ կհաղորդվի Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարությանը, ինչի արդյունքում կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացվելու է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպը,

. ավելացվելու են գյուղական համայնքներն սպասարկող ճանապարհներին ուղղվող պետական ներդրումների ծավալները,

. նորացվելու և արդիականացվելու է հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխվելու է միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում` նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար:

 

3.1.7.4. Հեռահաղորդակցությունը

 

Հեռահաղորդակցության ոլորտում կառավարությունը նպաստելու է ծառայությունների աշխարհագրության ընդլայնմանն ու նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ առաջարկվող ծառայությունների բազմազանությանը և միջազգային չափանիշներին համապատասխան բարձր որակի ապահովմանը: Այս նպատակների իրականացման առումով կառավարությունն ապահովելու է բնակչության առնվազն 60 տոկոսի կողմից համակարգիչների միջոցով համացանցի օգտագործման հնարավորությունը:

Կառավարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային լավագույն չափորոշիչներ:

 

3.2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

 

Սոցիալական քաղաքականության առանցքում դրվելու է մարդկային կապիտալի զարգացումը` միտված Հայաստանի քաղաքացիների ներուժի լիարժեք և ամբողջական դրսևորմանը:

 

3.2.1. Սոցիալական քաղաքականությունը

 

Սոցիալական քաղաքականության մեջ կառավարության կողմից իրականացվող փոփոխությունը միտված է լինելու անհավասարություն ծնող պատճառների վերացմանը: Առաջին հերթին դա նշանակում է աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի դարձնել կրթությունը և աշխատանքը: Միաժամանակ, կառավարությունն իրականացնելու է համապարփակ սոցիալական քաղաքականություն, որի ներքո`

. ստեղծելու է սոցիալական ծառայությունների տրամադրման ինտեգրված համակարգ, որի նպատակն է լինելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց (ընտանիքներին)` ըստ կարիքի` դրան համարժեք սոցիալական համալիր ծառայությունների տրամադրումը «Մեկ պատուհան» սկզբունքի միջոցով,

. յուրաքանչյուր քաղաքացու համար դյուրինացնելու է սոցիալական ծառայությունների ստացումը և բարձրացնելու է դրա մատչելիությունը` անկախ իր բնակության վայրում գտնվելու հանգամանքից,

. միայնակ տարեցների և խնամքի կարիք ունեցող հաշմանդամների համար իրականացնելու է խնամքի, սպասարկման, խորհրդատվության, իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր` սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման միջոցով,

. շարունակելու է իր ջանքերը` սահմանափակ հնարավորություններով անձանց համար լիարժեք կյանքով ապրելու պայմաններ և հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ,

. շարունակելու է ԽՍՀՄ խնայբանկում մինչև 1993 թվականը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագրերի իրականացումը` ըստ տարիքային հերթականության,

. սկսելու է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը, որը երաշխավորելու է ապահով և արժանապատիվ ծերություն: Քաղաքացիների կենսաթոշակային-կուտակային հաշիվների միջոցները պետության կողմից կրկնապատկվելու են` խրախուսելով խնայողությունների առաջացումը և կրճատելով աշխատավարձերի վճարման գործում առկա ստվերայնությունը,

. մշակելու և ընդունելու է սոցիալական բնակարանաշինության զարգացման ծրագիր, որը կնախատեսի նաև վարձակալական հիմունքներով բնակարանների տրամադրում սոցիալապես անապահով խավերին,

. հետևողականորեն շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը,

. պետություն-մասնավոր, այդ թվում` առևտրային բանկերի հետ համագործակցությամբ սոցիալապես խոցելի խավերի համար մատուցելու է լրացուցիչ սոցիալական ծառայություններ:

 

3.2.2. Առողջապահությունը

 

Ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունն ու որակի բարձրացումը: Միաժամանակ, առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը` առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Սպորտի մասսայականացման, առողջ և անվտանգ սննդի երաշխավորման, ծխելու դեմ պայքարի հարցերը մշտապես լինելու են պետության օրակարգում: Այս առումով կառավարությունը`

. ապահովելու է հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, ինչպես նաև հետվիրահատական վերականգնողական շրջանի գրագետ վարումը,

. հետևողականորեն իրականացնելու է բժիշկների պարտադիր վերապատրաստում, այդ թվում` աշխարհի լավագույն առողջապահական կենտրոններում,

. երաշխավորելու է սրտի անհետաձգելի վիրահատությունը` Հայաստանի բոլոր քաղաքացիների համար,

. կառուցելու է եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան արյունաբանության հիվանդանոց,

. հիմնելու է ուռուցքաբանական կենտրոն, որը կընձեռի ժամանակակից գիտական մեթոդներով նորագոյացությունների հայտնաբերման, ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն,

. շարունակելու է մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները,

. շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել ոլորտի հաստատությունների նորագույն սարքավորումներով վերազինմանը,

. հատուկ կարևորելու է բնակչության անապահով և սոցիալապես առավել խոցելի խմբերի համար բժշկական ծառայությունների մատչելիության բարձրացման խնդիրը` նրանց համար հիվանդությունների հիմնական խմբերի գծով ապահովելով կանխարգելիչ, ախտորոշիչ և բժշկական օգնության ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ,

. պետպատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների և սոցիալապես անապահով խավերի համար աստիճանաբար ներդնելու է բժշկական ապահովագրության ինստիտուտը,

. շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել դեղերի բնագավառում իրականացվող քաղաքականությանը, բժշկական կրթական համակարգի բարեփոխումներին և առողջապահության համակարգում անհրաժեշտ տեղեկատվական բազաների ստեղծմանն ու ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործմանը:

 

3.2.3. Կրթությունը և գիտությունը

 

Մրցունակ պետություն նշանակում է մրցունակ կրթական և գիտական համակարգ, որը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու ունակությունը: Ըստ այդմ`

. բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը` միավորելով գիտությունը, դասավանդումը և նորարարական արտադրությունը,

. երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում պետք է կատարվի երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը,

. կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն է ապահովվելու սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը),

. յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտին անվճար տրամադրվելու է համակարգիչ,

. ընդլայնվելու է նախադպրոցական կրթության հասանելիությունը,

. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաներին ընձեռվելու են որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորություններ,

. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնվելու է որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը,

. բարելավվելու է դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակային որակը,

. ներդրվելու են կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման և արդյունավետության գնահատման գործիքներ,

. դպրոցներում ապահովվելու է ինտերնետի ամբողջական և որակյալ ծածկույթ,

. վերանայվելու է ընդունելության քննությունների համակարգը` հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ, սակայն խստացվելու են առաջադիմության և ավարտական հմտություններին վերաբերող պահանջները,

. հավատարմագրման եվրոպական համակարգին միանալու միջոցով ստեղծվելու են հնարավորություններ` Հայաստանում շնորհված կրթական որակավորումների միջազգային լիարժեք ճանաչման համար,

. եռապատկվելու են հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսների ծավալները,

. բուհերում սահմանվելու է ուսման վարձի վերին շեմ,

. Բոլոնիայի համաձայնագրին համապատասխան մեծացվելու է բուհերի ինքնուրույնությունը,

. բարձրագույն տեխնոլոգիական կրթության ոլորտում, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, հիմնվելու է ժամանակակից լաբորատորիաների ցանց,

. էապես բարելավելու է հանրակացարանային ցանցը` եվրոպական համալսարանական ավանների ձևաչափով,

. բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,

. համալսարանների և գիտատեխնիկական լաբորատորիաների հետ համատեղ շարունակվելու է իրականացվել պետական ներդրումներ նորարարությունների և հետազոտությունների համար ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծման նպատակով:

 

3.2.4. Բնապահպանությունը

 

Բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը հանդիսանում են բնապահպանության ոլորտում կառավարության քաղաքականության առանցքը: Այս նպատակով նախատեսվում է`

. շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ,

. հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը,

. շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը,

. ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, ավտոտրանսպորտից վնասակար նյութերի արտանետումների նվազեցումը, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը,

. ընդլայնել բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգը և կատարելագործել դրանց կառավարման մեխանիզմները,

. մշակել և կիրառել նոր մոտեցումներ հասարակության բնապահպանական իրազեկության բարձրացման և էկոլոգիական կրթության ու դաստիարակության հարցերում,

. ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը,

. մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը,

. բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների և ծրագրերի ֆինանսավորման նորարարական, բնապահպանության ոլորտում կառավարման կատարելագործման նպատակով խրախուսել շարունակել զարգացնել մասնավոր ու հանրային հատվածների համագործակցության մեխանիզմները և ներդնել նորերը:

 

3.2.5. Մշակույթը

 

Մշակութային քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու այնպիսի տիպարների ձևավորմանն ու լայն ներկայացմանը, որոնք օգնելու են հասարակությանը հանրային ուղեցույց դարձնել բարոյական չափանիշները, հայրենասիրությունը, համերաշխությունը, աշխատանքին և սեփական ուժերին ապավինումը, փոխադարձ վստահությունը: Այդ նպատակով`

. ստեղծվելու են նպաստավոր պայմաններ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության, զարգացման ու հանրահռչակման համար,

. պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու դեբյուտային ծրագրերը,

. ծրագրվում է ազգային երգ ու պարի դասավանդում դպրոցում, ինչպես նաև ազգային ավանդույթների ու մշակույթի դասընթացների ներմուծում կրթական ծրագրերում,

. կատարելագործվելու է պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման համակարգը, կիրառվելու է արտերկրից հրավիրյալ մասնագետների դասախոսությունների ու վարպետության դասընթացների միջոցով համաշխարհային մշակութային կյանքի նորարարությունների ու զարգացումների հետ ծանոթացման մեխանիզմ: Ապահովվելու է մշակութային կրթության փուլերի շարունակականությունը,

. ապահովվելու է մշակութային ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունը, բազմազանությունը, համաչափությունը հանրապետության ամբողջ տարածքում,

. լայնորեն տարածվելու է շարժական մշակույթի կիրառումը, ինչը կօգնի մայրաքաղաքային մշակույթի մուտքը դեպի մարզեր (շարժական կինոթատրոն, գրադարան, թանգարան, գրախանութ),

. ստեղծվելու են լրացուցիչ հնարավորություններ ազգային փոքրամասնությունների մշակույթի լիարժեք դրսևորման համար,

. կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ` հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով,

. ամրապնդվելու է մշակույթի ոլորտի աշխատողների սոցիալական պաշտպանվածությունը,

. մշակույթի ոլորտում ներդրվելու են տեղեկատվական հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաներ,

. զարգացվելու են մշակութային ժամանակակից ենթակառույցները` հայ արվեստի համար ստեղծելով միջազգային ասպարեզում ըստ արժանվույն գնահատվելու հնարավորություն և համաշխարհային մշակութային գործընթացներին ակտիվ մասնակցություն,

. աշխուժացվելու է մանկապատանեկան մշակութային կյանքը: Ապահովվելու է մանուկների ու երեխաների գեղարվեստական կրթությունն ու գեղագիտական դաստիարակությունը,

. խթանվելու է ստեղծագործական արդյունաբերությունը (հուշանվերների պատրաստում, ազգային խոհանոցի տարածում, ազգային տարազի կիրառում, կիրառական արվեստի ճյուղերի զարգացում և տարածում):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակոթւյունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2012
N 730-Ա
Որոշում