Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ Մ ...

 

 

040.0152.160399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 1999 թվական թիվ 152

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի (ՊՏՄՀ) ստեղծման և ներդրման աշխատանքներն արագացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 4-ի «Պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» N 473 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մշակած` Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման, ներդրման և զարգացման սկզբունքները (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի առաջնահերթ ուղղությունների գծով պատասխանատու նշանակել

ա) Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանցերի ու դրանց բազայի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և շահագործման կազմակերպման համար.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի պաշտպանության միջոցների ստեղծման և շահագործման կազմակերպման համար.

գ) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի վերլուծության նախարարությանը` պետական տեղեկատվական ռեգիստրի ստեղծման և պետական տեղեկատվական ռեսուրսների ավանդատվական (դեպոզիտար) կազմակերպություների սահմանման համար.

դ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մշտապես գործող ուսումնական կենտրոնների ստեղծման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղեկատվական-իրավական կրթության հիմունքներն ուսուցանելու նպատակով ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակման համար.

ե) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` տեղեկատվական-հեռահաղորդակցական նոր տեխնոլոգիաների ներմուծման և դրանց արտադրության կազմակերպման, Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում հայրենական ծրագրային արտադրանքի և տեխնիկական միջոցների գերակայության ապահովման, դրանք արտաքին շուկա արտահանելու պայմանների ապահովման համար.

զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ըստ ամրագրված ճյուղերի պետական պատվիրատուների հետ համատեղ այն առաջնահերթ օրենսդրական և նորմատիվային ակտերի որոշման ու մշակման ապահովման համար, որոնք ստեղծում են Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ձևավորման և զարգացման իրավական հիմքը.

է) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` բնակչության առողջության պահպանմանը նպատակաուղղված համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորման և զարգացման համար.

ը) Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորման ու զարգացման, հայկական մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնլու համար.

թ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ձևավորման ու զարգացման հիմնախնդիրների քննարկման կազմակերպման համար` ներգրավելով մամուլն և զանգվածային լրատվության միջոցները.

ժ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` տեղեկատվայնացման (ինֆորմատիզացիա) ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների լայնածավալ իրականացման, ազգային գիտական դպրոցի զարգացման, որակյալ կադրերի պատրաստման ու տեղեկատվական ընդհանուր կրթության մակարդակի բարձրացման համար.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությանը` տեղեկատվայնացման ոլորտում ստանդարտների մշակման և ներդրման, ինչպես նաև տեղեկատվության միջոցների հավաստագրման (սերտիֆիկացման) համար.

ժբ) Հայաստանի Հանրապետության մյուս նախարարություններին և գերատեսչություններին պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և վարման համար:

3. Տեղեկատվայնացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային պլանավորման, միջպետական և ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվական փոխանակության ավտոմատացված համակարգի ծրագրերի հետ համաձայնեցման, տեղեկատվայնացման ոլորտին վերաբերվող օրենքների և նորմատիվ իրավական այլ ակտերի վերահսկման, լիցենզավորման, նախարարությունների և գերատեսչությունների, ըստ իրենց իրավասության սահմաններում գտնվող աշխատանքների համաձայնեցման և համակարգման, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված սկզբունքների 3.3-րդ կետում նշված խնդիրների լուծման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության վրա:

4. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, նոր կառուցվածքի և հաստիքների թվի վերաբերյալ:

i

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին` երկամսյա ժամկետում մշակել ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն ներկայացնել գործարար ծրագրերի նախագծեր` Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական ստեղծման իրենց ամրացված ուղղությունների գծով:

Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` ներկայացված գործարար ծրագրերն ստանալուց հետո ամփոփել դրանք և, որպես միասնական ծրագիր, մինչև 1999 թվականի մայիսի 30-ը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության հետ համատեղ քննարկել և մինչև 1999 թվականի մայիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող աշխատանքները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 16-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

մարտի 16-ի N 152 որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ԱՆՈՏԱՑԻԱ

ՀՀ պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման, ներդրման և զարգացման սույն սկզբունքները (այսուհետև` հայեցակարգ) մշակվել են ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 4-ի «Պետական տեղեկատվական համակարգի միջգերատեսչական հանձնաժողովի մասին» N 473 որոշման: Փաստաթղթում օգտագործվել են ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի, պետական, հասարակական, մասնավոր կառույցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդատվական հանդիպումների նյութերը:

Հայեցակարգի դրույթներն արտացոլում են`

- Հայաստանում տեղեկատվայնացման (ինֆորմատիզացիայի) բնագավառի առկա վիճակն ու հիմնախնդիրները,

- տեղեկատվական կառույցների ստեղծման ու զարգացման սկզբունքները,

- տեղեկատվական գործընթացների զարգացման ուղղությունները,

- տեղեկատվայնացման բնագավառի իրավական դաշտի զարգացման և կատարելագործման անհրաժեշտությունը,

- հեռահաղորդակցության միջավայրի` միջազգային պահանջներին և ստանդարտներին համապատասխան հետագա կատարելագործման ու զարգացման գերակայությունը:

Հայեցակարգի հիմնական սկզբունքներն են`

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված` քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքների ապահովումը,

- մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, միջազգային այլ փաստաթղթերի, ինչպես նաև տեղեկատվահեռահաղորդակցության բնագավառում ընդունված միջազգային համաձայնագրերի ու պայմանագրերի հիմնական սկզբունքների պահպանումը,

- ներհանրապետական և միջպետական տեղեկատվային փոխշահավետ փոխանակումների ապահովումը,

- տեղեկատվության և տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովումը,

- պետական իշխանության տարբեր մակարդակներով ընդունվող որոշումների համաձայնեցվածության ապահովումը,

- հանրապետության տեղեկատվական առկա ենթակառուցվածքի պահպանումը, զարգացումը և արդյունավետ կիրառումը,

- մրցութային եղանակով համակարգի զարգացման ուղղված նախագծերի ընտրությունը,

- համաշխարհային համագործակցության ինստիտուտների հաշվին տեղեկատվական ազգային ենթակառուցվածքի հավասարակշռված զարգացման նպատակով ներդրումային վարկերի հայթայթումը,

- տեղեկագիտության (ինֆորմատիկայի) ասպարեզում ազգային գիտական դպրոցին սատարելը, տեղեկատվահեռահաղորդակցության կառույցների, տեղեկատվության և կապի միջոցների մշակումը,

- ՀՀ ներքին շուկայում հայրենական ծրագրային արտադրանքի և տեխնիկական միջոցների գերակայության ապահովումը, վերջիններս արտաքին շուկա արտահանելու պայմանների ապահովումը,

- ՀՀ ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից և տնտեսավարման եղանակից) տեղեկատվության ու կապի միջոցների մշակման և արտադրության գծով պետական պատվերների առաջնահերթ տեղադրումը.

- տեղեկատվության միջոցների մշակման ու արտադրության բնագավառում գործող հայրենական մշակողների արտադրողների արտադրանքի հավաստագրումը (սերտիֆիկացում), դրանց առաջնահերթ լիցենզավորումը, տեղեկատվահեռահաղորդակցական միջոցների մշակման և արտադրության համար որակյալ կադրերի պատրաստման կենտրոնացված համակարգի ստեղծումն ու զարգացումը:

 

ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Տեղեկատվայնացում (ինֆորմատիզացիա)` տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական փոխանակության նոր տեսակների ձևավորման և օգտագործման հիման վրա հասարակության տեղեկատվական պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծված սոցիալ- տնտեսական և գիտատեխնիկական գործընթաց:

2. Տեղեկատվություն` տեղեկություններ կամ հաղորդումներ, որոնք ներկայացված են հաղորդման, պահպանման կամ մշակման համար պիտանի ձևով:

3. Փաստաթղթավորված տեղեկատվություն (փաստաթուղթ)` նյութական կրողի վրա գրանցված տեղեկատվություն այնպիսի պարտադիր տվյալներով, որոնք հնարավորություն են տալիս այն նույնականացնելու:

4. Տեղեկատվական արտադրանք` փաստաթղթավորված տեղեկատվություն, որը պատրաստված է օգտագործողների պահանջմունքներին համապատասխան և նախատեսված է կամ կիրառվում է օգտագործողների պահանջմունքները բավարարելու համար:

5. տեղեկատվական ծառայություններ` տնտեսվարող սուբյեկտների (սեփականատերերի և տերերի) այն գործողությունները, որոնք ուղղված են օգտագործողներին տեղեկատվական արտադրանքով բավարարելուն:

6. Տեղեկատվական անվտանգություն` հասարակության տեղեկատվական միջավայրի պաշտպանվածության այն վիճակը, որն ապահովում է այդ միջավայրի ձևավորումը, օգտագործումն ու զարգացումը` ի շահ քաղաքացիների, կազմակերպությունների, պետության:

7. Տեղեկատվական համակարգ` փաստաթղթերի (փաստաթղթերի զանգվածի) և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվական գործընթացներ իրացնող հաշվողական տեխնիկայի ու կապի միջոցների կազմակերպչորեն կարգավորված ամբողջություն:

8. տեղեկատվական ազգային ռեսուրսներ` պետության բոլոր կառույցների, կազմակերպությունների, առանձին անձանց կողմից արտադրված և արտադրվող փաստաթղթավորված տեղեկատվության ամբողջություն: Դրա մեջ ներառված են առանձին փաստաթղթեր, փաստաթղթերի առանձին զանգվածներ, տեղեկատվական համակարգերում, գրադարաններում, արխիվներում, տվյալների բանկերում, մասնավոր ֆոնդերում և հավաքածուներում առկա փաստաթղթերն և փաստաթղթերի զանգվածները:

9. Գաղտնի տեղեկատվություն` տեղեկատվություն, որի ձեռքբերումը սահմանափակվում է ՀՀ օրենսդրության համաձայն:

10. Բանական (ինտելեկտուալ) ցանց է կապի ծառայությունների տրամադրման հայեցակարգ, որն ունի հետևյալ հիմնական բնութագրերը`

- տեղեկատվության մշակման ժամանակակից մեթոդների լայն օգտագործում,

- մոդուլային և բազմանպատակային ցանցային գործառույթների միջոցներով ծառայությունների մշակման ու ներդրման ինտեգրացված հնարավորություններ,

- բաժանորդների և օգտագործողների կողմից ծառայությունների որոշ ատրիբուտների կառավարման հնարավորություն,

- ծառայությունների տրամաբանության ստանդարտացված կառավարում:

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պետության մեջ իրականացվող բարեփոխումների ժամանակաշրջանի հիմնական խնդիրը նրա կառավարման մեխանիզմների կատարելագործումն է: համակարգչային տեխնիկայի և տեղեկատվայնացման համաշխարհային ընկերակցության շրջանակներում տիրող արդի վիճակը վերոհիշյալ խնդրի համար ակնկալում է տեղեկատվության մշակման ու փոխանակության առավել արդյունավետ միջոցներ:

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվայնացման զարգացման ուղղությամբ շատ բան արդեն արվել և արվում է: Պետական զանազան կառույցներում ներդրվել կամ ներդրվում են տեղեկատվական տեղային համակարգեր, զգալիորեն ավելացել է համակարգչային տեխնիկայի քանակն ու բարելավվել որակը, իբրև արդյունք` արագացել է փաստաթղթերի պատրաստման և որոշումների ընդունման գործընթացը: ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կենտրոնական բանկի, պետական, հասարակական առանձին կառույցների և մասնավոր ընկերությունների ջանքերով ստեղծվել է տեղեկատվահեռահաղորդակցության ճյուղավորված ցանց, որն ապահովում է հանրապետության տարածքում օգտագործողների փոխգործողությունը միմյանց, ինչպես նաև համաշխարհային տեղեկատվական ընդգրկում ցանցերի հետ (X.25, X.400, Global SprintFax, Internet, ընդհանուր օգտագործման հեռագրական ցանց, AT-50, «Telex»): Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, խոշոր ձեռնարկությունների, պաշտոնական և ժողովրդատնտեսական համալիրների կազմակերպությունների կառավարման համար ստեղծվել են նախագահական, կառավարական և ծածկագրված փաստաթղթային կապի, ինչպես նաև առանձին մարմինների գաղտնագրված կապի համակարգեր:

Դրա հետ մեկտեղ համեմատելի չեն տեղեկատվական ռեսուրսներին բաժանորդների մուտքի ամբողջական սպասարկման զարգացման և մատուցվող ծառայությունների նկատմամբ բաժանորդների պահանջմունքների աճի տեմպերը: Գործող բոլոր ցանցերի տեխնիկական վիճակը գործնականում ոչ միայն չի ապահովում այդ պահանջմունքները, այլև զգալիորեն հետ է մնում տնտեսության արդի պահանջներից: Դեռ ավելին, ոչ բոլոր դեպքերում է, որ այդ ցանցերը բավարարում են միջազգային ստանդարտների ու հանձնարարականների պահանջները, ապահովում օգտագործողների երաշխավորված սպասարկումը որակական մի շարք ցուցանիշների գծով, ներառյալ տեղեկատվական փոխներգործության երաշխավորված անվտանգությունը:

ՀՀ գիտատեխնիկական ներուժը, որը ժամանակին կողմնորոշված էր դեպի հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնիկայի ու միկրոէլեկտրոնիկայի արտադրությունը, կառավարման ավտոմատացված համակարգերի ստեղծումը, կատարում էր պաշտպանական նշանակության մշակումներ, ստեղծում, հաշվողական համալիրներ ու կառավարման համակարգեր, որոնք բավականաչափ բարձր էին գնահատվում ոչ միայն հանրապետությունում, այլև նրա սահմաններից դուրս: Տեղեկատվայնացման հիմնախնդրի նկատմամբ պետական պատշաճ մոտեցման բացակայությունը հանգեցրեց այդ ներուժի նշանակալի մասի կորստին, ժամանակակից տեխնոլոգիաներից հետ մնալուն, եղած սարքավորումների բարոյական մաշվածքին ու նյութական ռեսուրսների կորստին: ՀՀ տեղեկատվական շուկան լրացվում էր ներկրվող համակարգչային սարքավորման, արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ու մասնագիտական ծրագրային ապահովման հաշվին:

Տեղեկատվայնացման հիմնախնդիրների նկատմամբ համակարգային միասնական բացակայությունը պետական հատվածում առաջացրեց մի շարք թերություններ, այդ թվում`

- տարբեր գերատեսչությունների կողմից տիպային միանման խնդիրների բազմակի լուծում,

- միևնույն տեղեկատվության չարդարացված կրկնօրինակում և պահպանում տվյալների տարբեր բանկերում,

- միևնույն տեղեկատվության մշակման ու պահպանման համար տարբեր եղանակների կիրառում,

- պետական տարբեր կառուցվածքների միջև տեղեկատվության կազմակերպված համակարգչային փոխանակության բացակայություն,

- պետական իրավական և նորմատիվային փաստաթղթերի պատրաստման ու ձևակերպման կանոններից լուրջ շեղումների առկայություն և այլն:

Բարվոք չէ վիճակը նաև կադրային ապահովման ոլորտում: Յուրաքանչյուր հիմնարկի կամ կազմակերպություն տեխնիկական ու ծրագրային միջոցների աշխատունակությունը պահպանելու համար պահում է որոշակի աշխատակազմ, որը ոչ միշտ է ապահովում առկա պահանջմունքները: Ավելին, պետական կառույցներում այսօր ստեղծված իրավիճակին բնորոշ է կադրերի հոսունություն, անհրաժեշտ որակավորմամբ կադրերի բացակայություն և հաշվողական տեխնիկայի հետ աշխատելու հմտության զանգվածային բացակայություն ինչպես կենտրոնում, այնպես էլ տեղերում: Կադրերի պատրաստման ու վերապատրաստման պրակտիկան, երբ յուրաքանչյուր գերատեսչություն կազմակերպում է կարճաժամկետ տարերային բնույթ կրող դասընթացներ, անարդյունավետ է և թանկ արժեցող:

Պետական տեղեկատվական միասնական համակարգի (ՊՏՄՀ) ստեղծումը կբացառի թվարկված և շատ այլ թերություններ, թույլ կտա լավագույնս լուծելու հետևյալ հիմնախնդիրները`

- պետական կառույցների տեղեկատվական-տեխնոլոգիական անջատվածության հաղթահարում,

- տեղեկատվության տեխնոլոգիական ամբողջականության, միանմանության և մատչելիության ապահովում,

- գոյություն ունեցող ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում,

- բյուջետային գործընթացների կառավարման օպտիմալացում,

- մարդկային, ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսների կենտրոնացման և վերաբաշխման հաշվին գերատեսչական տեղեկատվություն ապահովող համակարգերի արժեքի ընդհանուր նվազում`

- տեղեկատվության մշակման ու փոխանցման արժեքի նվազում,

- կառավարման արդյունավետության մակարդակի ընդհանուր բարձրացում:

Տվյալ փաստաթղթում ՊՏՄՀ անվան տակ հասկացվում է տեղեկատվական ազգային ռեսուրսների, դրանց վարման ու օգտագործման տեխնոլոգիաների, համապատասխան օրենքների հիման վրա գործող տեղեկատվահեռահաղորդակցության համակարգերի ու ցանցերի, պետական մարմինների, բանկային և այլ կառույցների տեղեկատվության փոխանակության միասնական սկզբունքների ամբողջությունը:

ՊՏՄՀ-ի ստեղծման նպատակներն են`

- քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովումը,

- Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տարածության ձևավորման ու զարգացման մեխանիզմի ստեղծումը,

- գործունեության բոլոր ոլորտների պետական կառավարման փոխհամագործակցված մեխանիզմների կատարելագործումը,

- տեղեկատվության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովումը,

- պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող վերահսկողության ապահովումը,

- տեղեկատվական համաշխարհային տարածության ինտեգրացումը:

ՊՏՄՀ-ն պետք է ընդգրկի բոլոր պետական կառույցները, ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները: ՊՏՄՀ-ի ստեղծումը պետք է կատարվի տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման և տեղեկատվական ռեսուրսների ապակենտրոնացման պայմաններում: ՊՏՄՀ-ի ստեղծման բնագավառում պետական քաղաքականությունը համահունչ պետք է լինի երկրի զարգացման քաղաքականության հետ և դառնա նրա անքակտելի մասը: Այս բնագավառում պետական քաղաքականություն ասելով հասկացվում է պետական իշխանության բոլոր օղակների (օրենսդիր, գործադիր և դատական) այնպիսի գործունեություն, որն ուղղված է ՀՀ տեղեկատվայնացման զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:

ՊՏՄՀ-ի ստեղծումը պահանջում է կազմակերպական, տեխնիկական և տեխնոլոգիական բարդ հարցերի լուծում, նշանակալի ծախսումներ և պետք է լուծվի փուլերով:

Ներկայումս գործող և մշակվող տեղեկատվական համակարգերն ու հեռահաղորդակցության ցանցերը կարող են հանդիսանալ ՊՏՄՀ-ի հիմքը:

ՊՏՄՀ-ի ստեղծումը հեռանկարներ կբացի ՀՀ կառավարության կառավարման համապետական համակարգ (ԿՀՊՀ) մշակելու և ներդնելու համար, որը նախատեսված է ավտոմատացնելու`

- պետական կառույցների օպերատիվ և անընդհատ կառավարման գործընթացները,

- պետական կառույցների բոլոր ստորաբաժանումներին օրենսդրական, ենթաօրենսդրական, նորմատիվային և այլ նյութեր ժամանակին հասցնելու գործընթացը,

- ՀՀ տնտեսության ու պաշտպանական հզորության զարգացման մարտավարական և ռազմավարական պլանավորմանը վերաբերող տեղեկատվատրամաբանական ու հաշվարկային խնդիրների լուծումը և այլն:

 

2. ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՏՄՀ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԳԾՈՎ

 

ՊՏՄՀ-ի ստեղծման և ներդրման գծով պետության գործունեությունը պետք է կենտրոնացված լինի հետևյալ հիմնական ուղղությունների վրա`

- տեղեկատվական տեխնոլոգիաների, միջոցների, արտադրանքների ու ծառայությունների զարգացում,

- պետության տեղեկատվական ռեսուրսների զարգացում և կարգավորում,

- տեղեկատվահեռահաղորդակցության ազգային ընդհանուր ցանցի, համայնքային, տարածաշրջանային և ճյուղային տեղեկատվական ցանցերի ստեղծում ու զարգացում,

- տեղեկագիտության (ինֆորմատիկայի) և կապի բնագավառի գիտատեխնիկական ու արտադրական ներուժի զարգացում, օժանդակում հիմնարար և կիրառական հետազոտությունների լայնածավալ իրականացմանը, որակյալ կադրերի պատրաստում և տեղեկատվական ընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացում,

- ազգային անվտանգության ապահովում տեղեկատվայնացման ոլորտում,

- տեղեկատվայնացման ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի ստեղծում,

- ՀՀ տեղեկատվական տարածության ծրագրային, տեխնոլոգիական և տեխնիկական ապահովության հավաստագրման (սերտիֆիկացման) համակարգի ստեղծում ու ներդրում:

 

2.1. Տեղեկատվական ռեսուրսների ձևավորումը և օգտագործումը

 

Տեղեկատվական ռեսուրսների ձևավորումն ու օգտագործումը ՊՏՄՀ-ի ստեղծման վճռորոշ հիմնախնդիրներից են:

Ընդհանուր առմամբ տեղեկատվական ռեսուրսները ձևավորվում են ինչպես պետական իշխանության մարմինների, այնպես էլ պետական և ոչ պետական ձեռնարկությունների, գիտական, ուսումնական ու հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունքում:

Տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման ընթացքում իրականացվում են տեղեկատվության հավաքում, մշակում, տարածում, պահպանում, որոնում և հանձնում ըստ պահանջի կամ կանոնակարգի:

Ըստ սեփականության ձևի տեղեկատվական ռեսուրսները լինում են պետական, միջպետական, ոչ պետական (այդ թվում առևտրային) ու խառը սեփականություն:

Բոլոր թերություններով հանդերձ, պետական իշխանության մարմինների տեղեկատվական-կառավարող համակարգերը կարող են պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորման հիմք ծառայել: Դրա համար անհրաժեշտ է լուծել կազմակերպական-տեխնիկական բարդ հիմնախնդիրներ, որոնք կապված են նախարարությունների և գերատեսչությունների կողմից պետական տեղեկատվական ռեսուրսների համաձայնեցված ձևավորումն ու վարումն ապահովելու հետ, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն դրանց ինտեգրացման և բոլոր տեսակի ռեսուրսների ծախսումների նվազեցման համար: Դա առաջին հերթին վերաբերում է պետական իշխանության այն մարմիններին, որոնք ունեն տեղեկատվական տարածքային-բաշխիչ զարգացած ենթակառուցվածքներ` կողմնորոշված դեպի ՀՀ ամբողջ տարածքում տեղեկատվության հավաքումն ու մշակումը:

Տեղեկատվական ռեսուրսների ձևավորման տեմպերի վրա խիստ բացասաբար կարող է ազդել միջավայրի օգտագործողների տեղեկատվական անբավարար ակտիվությունը: Տեղեկատվական միասնական տարածությունը պետք է ոչ միայն ապահովի տեղեկատվական պահանջմունքների բավարարումը, այլև բարձրացնի տեղեկատվությունն սպառողների գործունեության արդյունավետությունը: Այդ նպատակով անհրաժեշտ է մշակել բնակչության տեղեկատվական և համակարգչային գրագիտության բարձրացման համալիր միջոցառումներ, որտեղ ներառվեն տեղեկատվության որոնման և օգտագործման հմտությունների տիրապետման դասընթացներ ուսումնական հաստատություններում, անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունների քարոզչություն ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլով, զանգվածային համապատասխան գրականության հրատարակում և այլն:

Շուկայական հարաբերությունների կայացման ընթացքում տեղեկատվական ռեսուրսների զգալի մասը ձևավորվում է տնտեսության ոչ պետական հատվածում, որտեղ արդեն այսօր գործում են տեղեկատվական արտադրանք արտադրող, ինչպես նաև տեղեկատվական սպասարկման ուղղությամբ մասնագիտացող հարյուրավոր կազմակերպություններ: Ներկայումս ոչ պետական կառույցները գերակշռում են գործարարական և առևտրային տեղեկատվության շուկայում: Հաճախ ոչ պետական կառույցները պետականներից էապես առաջ են անցնում այն դեպքում, երբ կա տեղեկատվական արտադրանքի ու ծառայությունների որոշակի տեսակների վճարունակ պահանջարկ: Այդ հատվածում ստեղծվում են այնպիսի տվյալների բազաներ ու բանկեր, որոնք ամենից հաճախ նախատեսված են տնտեսական և սոցիալական ոլորտներում օգտագործելու համար. դրանք են տեղեկատվության ֆինանսական, բանկային, բորսային, առևտրային, ինչպես նաև տեղեկատու մշակութապատմական և այլ տեսակները:

Տնտեսության ոչ պետական հատվածի տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման բնագավառում պետական քաղաքականությունը պետք է նպաստի

- տեղեկատվական ռեսուրսներ արտադրող ոչ պետական կազմակերպություններին, իբրև տեղեկատվական հարաբերությունների սուբյեկտների, տեղեկատվական միասնական տարածության մեջ ընդգրկելուն,

- դեպի պետական տեղեկատվական ռեսուրսներ ոչ պետական կառույցներին վավերացված մուտքի հատկացմանը սահմանված կարգով,

- դեպի ոչ պետական տեղեկատվական ռեսուրսներ քաղաքացիներին և կազմակերպություններին մուտքի հատկացմանը,

- տեղեկատվական վճարովի ծառայությունների ոլորտի ընդլայնմանը: հատուկ դեպքերում պետությունը պետք է ունենա ֆիզիկական և իրավաբանական անձանցից տեղեկատվական ռեսուրսներ գնելու իրավունք:

Պետությունն առաջնահերթ աջակցություն պետք է ցուցաբերի այն ոչ պետական կառույցներին, որոնք կողմնորոշված են դեպի զանգվածային օգտագործողի տեղեկատվական սպասարկումը:

Ոչ պետական կազմակերպություններին պետք է թույլատրել մասնակցելու պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորմանն ու օգտագործմանը և, պետական համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, տեղեկատվական սպասարկմանը օգտագործելով այդ ռեսուրսները:

Ոչ պետական տեղեկատվական ռեսուրսները տեղեկատվական միասնական տարածություն ներառելու հիմք պետք է դառնա դրանց համապատասխանությունը տեղեկատվական ռեսուրսների տարբեր տեսակների ձևավորման և օգտագործման միասնական կարգի պահանջներին:

Պետական տեղեկատվական ռեսուրսներին են պատկանում`

- այն ռեսուրսները, որոնք ստեղծվում են պետական իշխանության մարմինների գործունեությունն ապահովելու համար և մշակվում են այդ գործունեության հետևանքով,

- այն ռեսուրսները, որոնք ստեղծվում են պետական կազմակերպությունների կողմից պետական իշխանության մարմինների պատվերներով և ի շահ նրանց:

Պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման ժամանակ պետական իշխանության մարմինների փոխներգործության կարգն ու կանոնները պետք է կանոնակարգվեն օրենսդրական ակտերով, որոնցով, մասնավորապես, պատասխանատվության միջոցառումներ են սահմանվում տեղեկատվությունը թաքցնելու, դրա հակասականության և անհավաստիության համար:

Պետական իշխանության մարմիններից մեկը պետք է օժտել պետական տեղեկատվական ռեսուրսների բոլոր տեսակների ձևավորման ու զարգացման համաձայնեցման և ոչ պետական տեղեկատվական ռեսուրսները տեղեկատվական միասնական տարածություն ներառելու իրավունքներով:

Պետական և ոչ պետական տեղեկատվական ռեսուրսները, ըստ էության, պետք է կազմավորեն փոխկապակցված տեղեկատվական այնպիսի ռեսուրսների համակարգ, որոնք օգտագործում են ինչպես ավանդական տեղեկատվական տեխնոլոգիաներ ու տեղեկատվության կրողներ, այնպես էլ տվյալների ավտոմատացված բազաներ ու բանկեր: Այդ համակարգը պետք է բաց լինի` անհրաժեշտության դեպքում այնտեղ ներառելու համար ստեղծվող այլ տեղեկատվական ռեսուրսներ: Ընդ որում, այն սուբյեկտները, որոնք պարտադիր կարգով տեղեկատվություն են ներկայացնում պետական իշխանության մարմիններ ու կազմակերպություններ, չեն կորցնում փոխկապակցված տեղեկատվական ռեսուրսների համակարգի շրջանակներում այդ տեղեկատվությունն օգտագործելու իրավունքը:

ՀՀ տեղեկատվական ռեսուրսների վերակառուցման նախնական փուլում առաջնային են`

- իշխանության բոլոր ճյուղերի իրավական տեղեկատվությունը,

- պետական իշխանության մարզային և ճյուղային մարմինների գործունեության մասին տեղեկատվությունը,

- արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվությունը,

- ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկատվությունը, որը ՀՀ օրենսդրության համաձայն մատակարարվում է պետական մարմիններին,

- գիտատեխնիկական տեղեկատվությունը և ՀՀ մշակութային ժառանգության մասին տեղեկատվությունը:

Տեղեկատվական միասնական տարածության շրջանակներում անհրաժեշտ է առաջնահերթության կարգով ձևավորել և վարել պետական տեղեկատվական ռեգիստր, որը պարունակի տեղեկություններ պետական, ոչ պետական ու խառը տեղեկատվական ռեսուրսներ ունեցող կազմակերպությունների մասին, ինչպես նաև տեղեկություններ տեղեկատվական արտադրանքի ու ծառայությունների տեսակների վերաբերյալ: դա կարելի է ապահովել, ստեղծելով`

- տեղեկատվայնացման ցանցեր, ճյուղային ու տարածաշրջանային կենտրոններ` կուտակելու համար տեղեկություններ պետական տեղեկատվական ռեսուրսների և դեպի դրանք օգտագործողների մուտքի պայմանների մասին, ինչպես նաև հավաստագրելու համար տեղեկատվական համակարգերն ու ցանցերը, տվյալների բազաներն ու բանկերը.

- տեղեկատվայնացման տարածաշրջանային և միջտարածաշրջանային պետական ու առևտրային կենտրոններ` իրավաբանական ու ֆիզիկական անձանց տեղեկատու- տեղեկատվական սպասարկման համար:

Պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորումն և օգտագործումը հարկավոր է կազմակերպել ուղղակի մուտքի սկզբունքով:

Հանրապետական մակարդակով պետք է ստեղծվեն տվյալների բանկեր, որոնք, որպես կանոն, կապահովեն հեռամուտք դեպի տեղեկատվություն: Ընդ որում պետք է օգտագործվեն տեղեկատվական տեղային ու բաշխիչ ավտոմատացված համակարգեր: Անհրաժեշտ է տվյալների այդ բանկերում պետական իշխանության մարմինների տեղեկատվական ռեսուրսներից առանձնացնել պետական տեղեկատվական ռեսուրսներին վերաբերող տեղեկատվություն բաց մաս և այն մատչելի դարձնել բոլոր կազմակերպությունների ու քաղաքացիների համար:

Տարածաշրջաններում բնակչության տեղեկատվական սպասարկումը հարկավոր է դնել բնագրային տեքստեր պահող գրադարանների (դեպոզիտարների), մասնագիտացված կենտրոնների, գործակալությունների և այլնի վրա, որոնք պետք է կուտակեն տվյալ տարածքի տեղեկատվական ռեսուրսները, ինչպես նաև տեղեկություններ այլ տարածքների տեղեկատվական ռեսուրսների և դեպի դրանք մուտքի կարգի մասին: Տեղական մակարդակով իբրև տեղեկատվական ռեսուրսների ավանդատուներ (դեպոզիտարներ) կարող են հանդես գալ քաղաքային ու շրջանային, ինչպես նաև ձեռնարկությունների ու կազմակերպությունների գրադարանները, որոնք քաղաքացիներին տեղեկատվություն են հատկացնում պատվերներով: Պետական տեղեկատվական ռեսուրսների մեջ մտնող տեղեկատվությունը գրադարանները պետք է ստանան հրատարակությունների և այլնի տեսքով:

Ավանդատվական գրադարանների հագեցումը ծրագրատեխնիկական համապատասխան միջոցներով հնարավորություն կտա օգտագործել մեքենայով ընթերցվող հրատարակություններ (հատկապես հեռանկարային են ամփոփ սկավառակներով հրատարակությունները) և աշխատել հեռավոր մուտքի ռեժիմով:

Դեպի պետական տեղեկատվական ռեսուրսներ մուտքի սխեմա մշակելիս հարկավոր է ուշադրություն դարձնել առևտրային տեղեկատվական կենտրոններին և հեռահաղորդակցության ցանցին, որոնք հիմնականում կողմնորոշված են ֆինանսական և ձեռնարկատիրական կառույցների սպասարկման ուղղությամբ: Դրանք կարող են օգտագործվել նաև դեպի պետական տեղեկատվական ռեսուրսներ մուտքը պայմանագրային հիմունքներով կազմակերպելու համար:

Պետական տեղեկատվական ռեսուրսների առևտրային օգտագործման և ոչ պետական տեղեկատվական ռեսուրսները դեպոզիտարներ ներառելու կարգը պահանջում է օրենսդրական լուծում:

 

2.2. Տեղեկատվահեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացման

ուղղությունները

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվահեռահաղորդակցության համակարգը պետք է ներկայացնի տեղային և տարածքային ցանցերի ամբողջություն` միավորված կապի ընդհանուր մայրուղային սեգմենտով, որը տվյալների փոխանցման տեխնոլոգիան պահպանում է այնպես, որպեսզի ապահովվի հեռահաղորդակցության և տեղեկատվական միասնական տարածությունը քաղաքացիներին մատուցելով հեռահաղորդակցության համալիր ծառայություններ և գաղտնագրված տեղեկատվության փոխանցում: Ընդ որում, հաշվի առնելով օգտագործողների լայն շրջանը և ներկայացվող պահանջների բազմազանությունը, տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացումը պետք է ընթանա երկմակարդակ սխեմայով`

- առաջին մակարդակը նախատեսված է օգտագործողների սահմանափակ շրջանի տեղեկատվական փոխանակության համար` պետական իշխանության և ժողովրդատնտեսական համալիրների կազմակերպություններ և ձեռնարկություններ,

- երկրորդ մակարդակը նախատեսված է օգտագործողների լայն շրջանի, այդ թվում նաև ֆիզիկական անձանց տեղեկատվական փոխանակությունն ապահովելու համար:

Առաջնորդվելով վերոշարադրելով` Հայաստանում իբրև տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման բնագավառի ռազմավարություն կարելի է առանձնացնել հետևյալ ուղղությունները`

- տեղեկատվահեռահաղորդակցության ազգային ենթակառուցվածքի և տոպոլոգիայի կատարելագործում` նոր ցանցերի ու համակարգերի կանխատեսման, զարգացման, նախագծման միջոցով,

- մայրուղային, տարածաշրջանային ու տեղական կապի զարգացման մեջ առկա անհամամասնությունների հետևողական կրճատում` հաշվի առնելով ծառայությունների պահանջարկը,

- կապի թելքաօպտիկական, ռադիոռելեային և արբանյակային գծերի հիման վրա թվային ցանցերի փուլային շինարարություն,

- զանգվածային սպասարկման բանական (ինտելեկտուալ) ցանցերի ձևավորում,

- բջջային կառույցների և արբանյակային գլոբալ համակարգերի հիման վրա շարժական ռադիոկապի ցանցերի ստեղծում,

- աջակցություն տեղեկատվական այնպիսի տեխնոլոգիաների ու համակարգերի ներդրմանը, որոնք օգտագործվում են ազգային և անդրազգային մասշտաբի արտասահմանյան տեղեկատվական համակարգերում (ԷԴԻՖԱԿՏ, ՍՎԻՖՏ, CALS, ՌԱՍԻՊ և այլն),

- մասնակցություն տեղեկատվական նոր տեխնոլոգիաների մշակմանը, կապի գոյություն ունեցող ժամանակակից համակարգերի ու միջոցների, հեռահաղորդակցության ցանցերի զարգացմանը,

- տեղեկատվահեռահաղորդակցության ազգային ցանցերի և կապի միջազգային ու գլոբալ ցանցի փոխգործողության ապահովում` օգտագործելով կապի և տեղեկատվայնացման կանոնակարգման միջազգային մարմինների ճանաչված ստանդարտներն ու տեխնիկական հանձնարարականները,

- կադրերի պատրաստում և վերապատրաստում:

 

2.3. ՀՀ-ում տեղեկատվության պաշտպանության միջոցների զարգացման

հիմնական ուղղությունները

 

Տեղեկատվական փոխանակության կազմակերպման կարևոր հանգամանքներից մեկը նրա անվտանգության, չթույլատրված մուտքից հեռահաղորդակցության ու տեղեկատվական ռեսուրսների պաշտպանության, փոխանցվող տեղեկատվության գաղտնիության և հատուկ իրավիճակներում տեղեկատվական համակարգերի հուսալի աշխատանքի ապահովումն է:

Տեղեկատվական միասնական տարածության մեջ սուբյեկտների տեղեկատվական փոխներգործությանը, իրավական ապահովումից զատ, պահանջվում է տեղեկատվության պաշտպանությանն ուղղված կազմակերպական և տեխնիկական միջոցառումների ձեռնարկում: Այդ միջոցառումները պետք է նախատեսեն`

- տեղեկատվության արտահոսք, կորստի և կեղծման կանխում,

- անհատի, հասարակության, պետության տեղեկատվության անվտանգության սպառնալիքի կանխում,

- տեղեկատվության ոչնչացմանը, ձևափոխմանը, աղճատմանը, պատճենմանը, շրջափակմանն ուղղված չարտոնագրված գործողությունների կանխում,

- տեղեկատվական ռեսուրսներին և տեղեկատվական համակարգերին անօրինական միջամտության այլ ձևերի կանխում, տեղեկատվության և փաստաթղթերի իբրև սեփականության օբյեկտների գործածման իրավական ռեժիմի ապահովում,

- քաղաքացիների` տեղեկատվական համակարգերում պարունակվող անձնական գաղտնիքի և անհատական տվյալների գաղտնիության պահպանման սահմանադրական իրավունքների պաշտպանություն,

- փաստաթղթավորված տեղեկատվության գաղտնիության պահպանում,

- տեղեկատվական գործընթացներում և տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու դրանց ապահովման միջոցների մշակման, արտադրության ու կիրառության ժամանակ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ապահովում,

- տեղեկատվական անվտանգության ապահովման ստեղծվելիք այնպիսի միջոցների և համակարգերի հավաստագրում, որոնք օգտագործվում են տեղեկատվական միասնական տարածության իրագործման համար,

- կադրերի պատրաստում տեղեկատվական անվտանգության ծառայությունների ստեղծման համար,

- տեղեկատվական միասնական տարածության մշակմանն ու ստեղծմանը մասնակից կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության և տեղեկատվավերլուծական ապահովման հիմնախնդիրների գծով տեղեկատու ֆոնդի ստեղծում:

Պաշտպանության միջոցները, ՊՏՄՀ-ի շրջանակներում, առաջին հերթին պետք է ապահովեն պետական, ռազմական, տնտեսական (այդ թվում բանկային) անվտանգությունը:

Պաշտպանության միջոցները պետք է հիմնվեն գաղտնաբանության (այսինքն` գաղտնագրության և գաղտնավերլուծության) նվաճումների արդի մակարդակի վրա:

Գաղտնագրական մեթոդի վրա հիմնված պաշտպանության միջոցները պետք է իրացվեն ապարատային, ծրագրային, ապարատածրագրային ձևերով:

Պաշտպանության միջոցները պետք է ներառեն`

- համաչափ և անհամաչափ գաղտնագրական համակարգերի համար կապուղիներով հաղորդվող թվային հաղորդումների ծածկագրման (վերծանման), էլեկտրոնային ստորագրության (զանազան տարբերակներով), ինքնանույնականացման արդի գաղտնագրական կայուն ալգորիթմներ,

- գաղտնագրական կայուն այլ պարզունակ տարբեր և պետք է իրացվեն ապացուցելի կայուն կամ որոշակի ժամանակաշրջանում գործնականում կայուն արձանագրությունների շրջանակներում:

Պաշտպանության միջոցները պետք է ապահովեն տեղեկատվության տարբեր աստիճանի պաշտպանություն` տեղեկատվական փոխադարձ փոխանակության մասնակիցներին հատկացվող լիազորություններին համապատասխան:

Պաշտպանության միջոցների կայունության հիմնական չափանիշը պետք է լինի չվավերացված օգտագործողի ֆինանսական և ժամանակային ծախսումները տեղեկատվության բացման վրա:

Համալիր անվտանգության սկզբունքների կիրառումը պետք է ապահովի ցանցի տեղեկատվության երաշխավորված պաշտպանություն: Լիակատար գաղտնիությունը պետք է ձեռք բերվի`

- տեղեկատվության պաշտպանության գաղտնագրական մեթոդներով,

- պաշտպանության ապարատածրագրային և տեխնիկական միջոցների հավատագրմամբ, ինչպես նաև այդպիսի միջոցներ արտադրողների լիցենզավորմամբ,

- տվյալների և օգտագործողների իսկության հաստատմամբ,

- տվյալների ամբողջականության խախտումների բացահայտմամբ,

- ցանցի կենսունակության ապահովմամբ,

- տեխնիկական միջոցների այն շինությունների պաշտպանությամբ, որտեղ կատարվում է գաղտնի տեղեկատվության մշակում,

- խցափակիչ հարմարանքների ու ծրագրային «վիրուսների» հնարավոր ներդրումից տեխնիկական միջոցների և ծրագրային արգասիքների պաշտպանությամբ,

- կապուղիների պաշտպանությամբ այնպիսի չթույլատրված գործողություններից, որոնց նպատակն է արատավորել գաղտնի տեղեկատվությունը և կազմալուծել ցանցի աշխատանքը,

- հեռահաղորդակցության սարքավորումների, կառավարման և անվտանգության համակարգերի տեղադրմամբ այն ստորաբաժանմունքում, որը նորմատիվային պահանջների համաձայն պատասխանատու է անվտանգության ապահովման համար,

- համապատասխան կատեգորիայի կոնկրետ կատարողների նկատմամբ տեղեկատվության պահպանվածության, գաղտնագրման ու գաղտնազերծման համար անձնական պատասխանատվության ամրագրմամբ:

 

2.4. ՀՀ տեղեկատվական իրավունքի զարգացման հիմնական ուղղությունները

 

Հայաստանի Հանրապետության տեղեկատվական իրավունքը պետք է կառուցվի հետևյալ սկզբունքներով`

- տեղեկատվական փոխներգործության բոլոր մասնակիցների պարտադիր իրավական հավասարություն` անկախ նրանց քաղաքական, սոցիալական և տնտեսական կարգավիճակից,

- գոյություն ունեցող օրենսդրության կատարելագործում, նոր օրենքների ու դրույթների մշակում և ՀՀ տարածքում դրանց պարտադիր կատարման լիակատար վերահսկողության իրականացում,

- տեղեկատվությանը մուտք ունենալու սահմանափակում` տեղեկատվության լիակատար մատչելիության բացառում ընդհանուր սկզբունքից և դրա իրականացում միայն օրենսդրության հիման վրա` պարտադիր կարգով հաշվի առնելով տեղեկատվության սեփականության իրավունքը:

Պետությունը պարտավոր է նպաստել և չխոչընդոտել քաղաքացիների մուտքը զանգվածային լրատվության համաշխարհային միջոցներ, համաշխարհային տեղեկատվական ռեսուրսներ և տեղեկատվական ցանցեր:

Տեղեկատվական օրենսդրությունը պետք է մշակվի հետևյալ հիմնական ուղղություններով`

- արտադրված տեղեկատվության նկատմամբ բանական (ինտելեկտուալ) սեփականության պաշտպանություն,

- պետության, հասարակության, քաղաքացու տեղեկատվական անվտանգության ապահովում,

- տեղեկատվության նկատմամբ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների իրացում,

- տեղեկատվության պայմաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանություն,

- պատասխանատվություն` տեղեկատվության և տեղեկատվայնացման ոլորտում տեղի ունեցող իրավախախտումների համար:

Նշված ուղղություններով տարվելիք աշխատանքները կարիք ունեն համաձայնեցման, առանց որի հնարավոր չէ վերցնել կրկնօրինակումը, բացահայտել և վերացնել օրենսդրության բացերը, կրճատել ակտերի մշակման ժամկետները, բարձրացնել դրանցում ներառված իրավական նորմերի գործունեությունը:

 

3. ՊՏՄՀ-Ի ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

3.1. ՊՏՄՀ-ի ձևավորման ուղղությամբ իշխանության մարմինների

գործողությունների համաձայնեցումը

 

ՊՏՄՀ-ի ստեղծման ծրագրին իրացնելիս պետական մարմինների գործողությունները պետք է կանոնակարգվեն`

- իրավունքներ և պարտականություններ սահմանող օրենքներով,

- փաստաթղթերի և դասակարգիչների ստանդարտների համակարգող և միասնականացված ձևերով:

ՊՏՄՀ-ի ստեղծման կարևորագույն պայմանը միջգերատեսչական հորիզոնական և ուղղաձիգ կապերի ստեղծումն է:

Հորիզոնական կապերի ձևավորման համար անհրաժեշտ է սկզբնական տեղեկատվության համալիր հավաքման միասնական մեթոդաբանություն: Այդ մեթոդաբանության հիմքում պետք է լինի հետևյալ սկզբունքը` տվյալները համակարգ են մտցվում այնտեղ, որտեղ դրանք ծնվում են: Դա հնարավորություն կտա պահպանելու սկզբնական տեղեկատվության պատրաստման միջոցները:

Ուղղաձիգ կապերի ձևավորման համար անհրաժեշտ է սահմանել այն կառույցները, որոնք պատասխանատու են սկզբնական տեղեկատվության պահպանման և պետական մի քանի կառույցներին անհրաժեշտ խմբակացված տեղեկատվության ստեղծման համար: Դա թույլ կտա կրճատելու տեղեկատվությունը միջգերատեսչական տեղեկատվական տարբեր համակարգերում պահպանելու և մշակելու ծախսումները:

Համաձայնեցնող կարևոր տարր պետք է դառնա պետական պատվերի մեխանիզմը: Պետական պատվերի մեխանիզմը նախատեսում է հետևյալ պարտականությունները`

- փորձաքննության անցկացում,

- նախագծերի կատարմանը նվիրված մրցույթների կազմակերպում,

- հաշվետվություն կառավարության նախագծերի վիճակի մասին,

- նախագծերի կատարողների փոխգործողությունների համաձայնեցում:

Գործողությունների լիարժեք համաձայնեցում հնարավոր է միայն տեղեկատվական ռեգիստր ստեղծելու և վարելու դեպքում, որը կպարունակի տեղեկատվական բոլոր ռեսուրսների լրիվ նկարագրությունները:

Պետության առաջին պատվերներից մեկը պետք է լինի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հավաստագրման համակարգի ստեղծման պատվերը: Այդ պատվերը պետք է պարունակի հետևյալ բազաների ստեղծման պահանջներ`

- նորմատիվային,

- մեթոդական,

- գործիքային:

Նորմատիվային բազայի հիմքը պետք է կազմեն միջազգային և պետական ստանդարտները: Առկա պայմանների յուրահատկությունն այն է, որ շատ կառույցներ ու գերատեսչություններ, անտեսելով եղած ստանդարտները, սկսել են, հայտնագործել իրենց սեփականները: Սակայն դա վտանգավոր ճանապարհ է, որը կարող է հանգեցնել մշակումներ ու շահագործում անցկացնելու անհնարինությանը: Ուստի անհրաժեշտ է շեշտը դնել այնպիսի ստանդարտների ընդունման վրա, որոնք համապատասխանում են միջազգային և զարգացած երկրների ստանդարտներին: Ստանդարտները կարող են դառնալ ոչ միայն ապրանքների և ծառայությունների, այլև տեխնոլոգիաների զարգացման հիմք: Անհրաժեշտ է հավաստագրման համակարգը դիտել իբրև բարեփոխումների կարևորագույն ուղղություն, որը հնարավորություն կընձեռի ստեղծելու բարձրորակ ծառայությունների շուկա:

ՊՏՄՀ-ի ստեղծումը պահանջում է բոլորի համար պարտադիր տեխնոլոգիական կոշտ կարգապահություն:

 

3.2. Միջազգային համագործակցությունը ՊՏՄՀ-ի ձևավորման և

զարգացման ժամանակ

 

ՊՏՄՀ ստեղծելիս անհրաժեշտ է`

- նախատեսել աշխատանքների համաձայնեցվածություն ԱՊՀ տեղեկատվական փոխանակության ավտոմատացված համակարգի ծրագրի հետ,

- ապահովել միջազգային ստանդարտների ներդրում,

- ապահովել ՀՀ-ի մասնակցությունը միջազգային այնպիսի ծրագրերի ու նախագծերի, որոնք կապված են տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ստեղծման և կիրառական ուղղությունների տեղեկատվայնացման հետ (բանկային տեղեկատվության, գիտատեխնիկական տեղեկատվության համակարգեր և այլն):

 

3.3. ՊՏՄՀ-ի ձևավորման ու զարգացման ուղղված

աշխատանքների կազմակերպումը

 

ՊՏՄՀ-ի ձևավորման դրույթներն ու սկզբունքներն իրացնելու համար անհրաժեշտ է մշակել կազմակերպական միջոցառումների համալիր: կազմակերպական առաջնահերթ միջոցառում պետք է դառնա ՀՀ գործադիր իշխանության կառույցների շրջանակներում տեղեկատվայնացման ոլորտի ընթացիկ և հեռանկարային պլանավորման, պետական պատվերի բաշխման, միջպետական ու մասնավոր նախագծերի համաձայնեցման պարտականությունների կատարման համար պատասխանատու, լայն իրավունքներով օժտված նոր կազմակերպության ձևավորումը և լիազորությունների տրամադրումը գործող որևէ oղակի:

Ընթացիկ պատվերի պլաններում պետք է ներառել ՀՀ տարածքում հեռահաղորդակցության ցանցի և Երևան քաղաքում կառավարական հեռահաղորդակցության ցանցի, դրանց բազայի հիման վրա պետական տեղեկատվական միասնական համակարգի միջուկի ստեղծումը:

Անհրաժեշտ է պետական բոլոր մարմիններին պարտավորեցնել` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կատարվող ցանկացած աշխատանք համաձայնեցնել նշված կառույցի հետ, որի հիմնական խնդիրներն են`

- ինչպես ՀՀ ներքին, այնպես էլ արտաքին տեղեկատվական շուկաների համար հայրենական տեղեկատվական արտադրանքների ու ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերի կազմումը և հաստատումը ՀՀ կառավարական մակարդակով,

- հայրենական արտադրողների լիցենզավորման և հայրենական տեղեկատվական արտադրանքների հավաստագրման (սերտիֆիկացման) մեխանիզմի ստեղծումը,

- ՀՀ ներքին և արտաքին տեղեկատվական շուկաներում գործունեության իրավունք ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրանքի ու ծառայությունների ցուցակների ստեղծումը և վարումը,

- միջազգային և ներպետական նորմերին և կանոններին տեղեկատվական արգասիքների ու ծառայությունների համապատասխանության մշտական վերահսկողությունը,

- պետական տեղեկատվական ռեսուրսների տերերի մեթոդաբանական ղեկավարումը, տեղեկատվական դասակարգումը, միասնական ծրագրային թաղանթների և պետական ռեսուրսներին դիմելու միջոցների մշակումը և ներդրումը սահմանված պետական պահանջներին խառը և մասնավոր տեղեկատվական ռեսուրսների համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը,

- տեղեկատվայնացման ոլորտում գոյություն ունեցող օրենքների, կանոնների, դրույթների վերլուծության համաշխարհային ընկերակցության նորմատիվ իրավական ակտերի հետ դրանց համաձայնեցման հանձնարարականների մշակումը, անհրաժեշտ լրացումների և նոր օրենքների ու դրույթների ցանկի ստեղծումը,

- ՀՀ տարածքում նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության կազմակերպումը,

- ՀՀ պետական տեղեկատվական ռեսուրսների կատեգորիաների ցանկի մշակումը, օգտագործողների բոլոր կատեգորիաների համար տեղեկատվական ռեսուրսների մատչելիության աստիճանի որոշումը,

- պետական պատվերի համար տեղեկատվական և հեռահաղորդակցության համակարգերի ու միջոցների հեռանկարային նախագծերի ու մշակումների ընտրության ընթացակարգի ու չափանիշների մշակումը,

- տեղեկատվայնացման ոլորտում պետական պատվերների բաց մրցույթների անցկացման ընթացակարգի մշակումը և կիրառումը,

- կազմակերպական խնդիրների, տեղեկատվության պաշտպանության, հիմնարկային և ճյուղային համակարգչային ցանցերի բնագավառներում հայրենական ծրագրային ապահովման և տեխնիկական միջոցների մշակման ու արտադրության ընդարձակ ծրագրի կազմումը,

- պետական ծառայողների համար համակարգչային տեղեկատվության հետ վարվեցողության կանոնների մշակումը և այդ կանոնների անհապաղ ներդրման կազմակերպումը պետական կառույցների բոլոր մակարդակներով:

 

3.4. Աշխատանքների ֆինանսավորման հնարավոր ուղիները

 

Տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային միջոցների վիճակը պատշաճ մակարդակի բերելու համար պահանջվում է կապիտալ ներդրումներ, ինչը ներկայումս հնարավոր չէ իրագործել ՀՀ պետական բյուջեի հաշվին: ՊՏՄՀ-ի ստեղծման ու զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացվի ֆինանսավորման համակցված ձևեր օգտագործելու միջոցով, որոնք են օտարերկրյա և հայրենական ներդրողների ֆինանսական ու նյութական միջոցների ներգրավումը, մրցակցության, այլընտրանքային կառույցների, այդ թվում աշխարհի առաջատար ֆիրմաների հետ համատեղ ձեռնարկությունների, միջազգային կոնսորցիումների ձևավորման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Այնուհանդերձ, ներկայումս իրականացվում է պետական կառույցների բավականին զգալի բյուջետային ֆինանսավորում` համակարգչային տեխնիկայի ձեռքբերման ու շահագործման, օպերատորների հաշվին հաստիքների ընդլայնման համար: Ընդ որում, տեղեկատվայնացմանն ուղղված ծախսերի պաշտոնական հոդվածներ չկան: Իբրև հետևանք` փաստորեն գոյություն չունեն համակարգչային տեխնիկայի ձեռքբերման ու շահագործման և սպասարկման հաստիքների չափաքանակներ: Դրանից զատ, գործում է այնպիսի պրակտիկա, երբ նախարարություններն ու գերատեսչությունները ֆինանսական կամ տեխնիկական օգնություն են ստանում համակարգիչների լրակազմերի կամ համակարգչային ամբողջական համակարգերի տեսքով: Միջազգային շատ հիմնադրամներ հատկացնում են և պատրաստ են հատկացնելու վարկեր կամ նույնիսկ անհատույց օգնություն, որպեսզի ՀՀ տեխնիկական և կազմակերպական պատշաճ մակարդակով արագ կերպով մուտք գործի համաշխարհային տեղեկատվական դաշտ:

ՊՏՄՀ-ի ստեղծման ու զարգացման ծրագրի ֆինանսավորումը պետք է իրականացվի հետևյալ ուղղություններով`

- ՀՀ տեղեկատվայնացման համապատասխան կառույցի, տեղեկատվության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովող ծառայությունների ֆինանսավորում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին,

- ՀՀ պետական կառույցների տեղեկատվական ռեսուրսների հետ տարվող աշխատանքների ֆինանսավորում` այդ գերատեսչությունների բյուջեների ներգերատեսչական վերաբաշխման հաշվին,

- միասնականացված ծրագրային ապահովման, տեղեկատվության մշակման միջոցների և կապի միջոցների մշակմանն ուղղված աշխատանքների ֆինանսավորման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հաշվին,

- տարածաշրջանային տեղեկատվական, կադրերի պատրաստման և ուսուցման կենտրոնների ֆինանսավորում` ձեռնարկությունների, կազմակերպությունների և մասնավոր օգտագործողների կողմից տեղեկատվական ծառայությունների համար վճարումների հաշվին,

- հեռահաղորդակցության կառույցների նախագծերի մշակման և իրացման ֆինանսավորում` բյուջետային նպատակային մասհանումների, տեղեկատվայնացման միջպետական նախագծերի հաշվին, ներգրավելով մասնավոր և արտասահմանյան կապիտալ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

ՊՏՄՀ-ի ստեղծմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքները պետք է սկսել անհապաղ, քանի առանց պետական գերակա տեղեկատվական ռեսուրսների (իրավական տեղեկատվություն իրավաբանական անձանց մասին, տեղեկատվություն պետական իշխանության մարմինների գործունեության մասին և տեղեկատվական ռեսուրսների մի քանի այլ տեսակներ) զարգացման, որոնք մատչելի լինեն իրավաբանական ու ֆիզիկական բոլոր անձանց, ՀՀ-ում զարգացած շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական իրավական պետության կառուցումը խիստ կդժվարանա:

ՊՏՄՀ-ի ստեղծման ուղղությամբ առաջնահերթ գործողությունները պետք է դառնան`

1. ՀՀ տեղեկատվայնացման համապատասխան կառույցի ձևավորումը, որի վրա պետք է դրվեն ներկա փաստաթղթերի 3.3-րդ կետում նշված խնդիրները:

2. Երևան քաղաքի և ՀՀ տարածքում հեռահաղորդակցության ցանցերի և դրանց բազայի հիման վրա` ՊՏՄՀ-ի միջուկի ստեղծումը:

3. ՊՏՄՀ-ի զարգացման կարևորագույն ուղղությունների գծով պետական պատվիրատուների նշանակումը:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում, ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ կառավարությունում, ՀՀ դատական մարմիններում ստեղծվող պետական տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման միջճյուղային, միջտարածաշրջանային ու տարածաշրջանային խորհուրդների ստեղծումը:

5. Պետական տեղեկատվական ռեսուրսների այն առաջնային տեսակների սահմանումը, դեպի որոնք մուտքը երաշխավորվում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

6. Պետական տեղեկատվական ռեգիստրի ստեղծումը և պետական տեղեկատվական ռեսուրսների դեպոզիտար կազմակերպությունների սահմանումը:

7. Օրենսդրական և նորմատիվային այն առաջնահերթ ակտերի ցանկի որոշումն ու մշակման ապահովումը, որոնք ստեղծվում են ՊՏՄՀ-ի ձևավորման ու զարգացման իրավական հիմքը, սահմանում տեխնոլոգիական պրոցեսների ստանդարտացմանը և տեխնիկական, ծրագրային միջոցների ու տեղեկատվական արգասիքների հավաստագրմանը ներկայացվող պահանջները:

8. Պետական պատվիրատուների կողմից ՊՏՄՀ-ի զարգացման այն ուղղությունների գծով ծրագրերի նախագծերի մշակումը, որոնք ամրացված են նրանց:

9. ՊՏՄՀ-ի ձևավորման և զարգացման հիմնախնդիրների լայն քննարկման կազմակերպում` ներգրավելով զանգվածային լրատվության միջոցները` տեղեկատվական միասնական տարածության և տեղեկատվական տեխնոլոգիաների առանձին ուղղությունների զարգացմանը վերաբերող լավագույն առաջարկությունների մրցույթների անցկացումը:

10. Մշտապես գործող ուսումնական կենտրոնների ստեղծումը, ՀՀ քաղաքացիներին տեղեկատվաիրավական կրթության հիմունքներն ուսուցանելու համար նախատեսված ուսումնական ծրագրերի ու ձեռնարկների մշակումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.1999
N 152
Որոշում