ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0422/02/11
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0422/02/11
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Ա. Թումանյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի ապրիլի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշման դեմ` ըստ Ֆլորա Թադևոսյանի հայցի ընդդեմ Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ֆլորա Թադևոսյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի 1/2 մասի նկատմամբ և պարտավորեցնել Կադաստրին կատարելու համապատասխան գրանցում:
21.07.2011 թվականին Ֆլորա Թադևոսյանը դիմում է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու մասին, որով պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը վերոնշյալ հասցեի բնակարանի 1/2 մասի նկատմամբ:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 11.08.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2011 թվականի որոշմամբ Ֆլորա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Թադևոսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Վազգեն Սիմոնյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածը և «ՀՀ-ում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
1965 թվականին Ֆլորա Թադևոսյանն ամուսնացել է Զավեն Սիմոնյանի հետ: Ամուսնանալուց հետո` 1973 թվականին, Ֆլորա Թադևոսյանն ու նրա ամուսինը հերթագրվել են` կոոպերատիվ բնակարան ստանալու: 1975 թվականին մուծել են 3.510 ռուբլի և ստացել Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը: Ֆլորա Թադևոսյանն ու նրա ամուսինը մինչև 1990 թվականն ամբողջությամբ մարել են վիճելի բնակարանի համար ստացած 8.775 ռուբլի պետական վարկը, հետևաբար ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի և «ՀՀ-ում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նրանք դարձել են բնակարանի սեփականատերերը: Հետևաբար Ֆլորա Թադևոսյանն օրենքի ուժով հանդիսանում է վիճելի բնակարանի 1/2-ի սեփականատերը` անկախ այդ իրավունքի պետական գրանցումից:
Անհիմն է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ վիճելի բնակարանը եղել է միայն հայցվորի ամուսնու` Զավեն Սիմոնյանի սեփականությունը, քանի որ գործում առկա վճարման անդորրագրերի բովանդակությունից ակնհայտ է, որ կոոպերատիվի անդամ է հանդիսացել և վիճելի բնակարանի համար սահմանված վճարումներ է կատարել միայն Զավեն Սիմոնյանը: Մինչդեռ, անկախ նրանից, թե ում անունով կամ միջոցներով են կատարվել մուծումները, ՀԽՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի ուժով մյուս ամուսինը, այսինքն`այս դեպքում Ֆլորա Թադևոսյանն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր` Զավեն Սիմոնյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2009 թվականի ԱՐԴ1/0782/02/08 վճռի համաձայն` ճանաչվել է Ռուզաննա Սիմոնյանի, Ֆլորա Սիմոնյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ յուրաքանչյուրին 1/6 բաժնի չափով:
Վերը նշված վճիռները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, նախադատելի նշանակություն ունեն, և այդ վճիռներով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Տվյալ դեպքում վերը նշված վճիռներով հաստատվել է Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյանների սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ և քանի դեռ այդ ակտերն օրենքով սահմանված կարգով չեն բեկանվել, չի կարող ճանաչվել Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 1/2- ի նկատմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 06.07.1965 թվականի թիվ 192323 ամուսնության վկայականի համաձայն` Զավեն Սիմոնյանի և Ֆլորա Թադևոսյանի ամուսնությունը գրանցվել է 06.07.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 6):
2. Էջմիածնի գործկոմի 24.01.1973 թվականի որոշման հիման վրա 15.05.1975 թվականին տրված թիվ 3 միասնական օրդերի համաձայն` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը չորս մարդուց բաղկացած ընտանիքով զբաղեցնելու համար տրվել է Զավեն Սիմոնյանին: Նույն օրդերի համաձայն` Զավեն Սիմոնյանի հետ համատեղ բնակելի տարածության իրավունք ունեցողներ են նշվել կինը` Ֆլորա Թադևոսյանը, որդիները` Արայիկ և Վազգեն Սիմոնյանները (հատոր 1-ին, գ.թ. 7):
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի թիվ 468042 մահվան վկայականի համաձայն` Զավեն Սիմոնյանը մահացել է 23.09.1993 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 12):
4. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Էջմիածնի տեղամասի կողմից տրված սեփականության վկայագրի համաձայն` 04.12.1995 թվականի թիվ Ս-5620 գրանցման գրքում Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի սեփականատեր է գրանցվել Զավեն Սիմոնյանը (հատոր 1-ին, գ.թ. 8):
5. Կադաստրի 16.03.2010 թվականի թիվ 409ա գրության համաձայն` «Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն` վերոգրյալ բնակարանը կոոպերատիվ բնակարանային ֆոնդի բնակարան է: Համաձայն Հայէկոնոմբանկի Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի 28.11.1995 թվականի թիվ 436-26-4 տեղեկանքի` բնակարանի արժեքն ամբողջությամբ մարված է» (հատոր 1-ին, գ.թ. 13):
6. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0118/02/08 վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր` Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ (հատոր 1-ին, գ.թ. 77-78):
7. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցն ընդդեմ Վազգեն Սիմոնյանի` ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին մերժվել է, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, այն է` ճանաչվել է Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ` յուրաքանչյուրին 1/6 բաժնի չափով (հատոր 1-ին, գ.թ. 67-71):
8. 25.11.2009 թվականի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2418673 վկայականի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 04-002-4-47 մատյանի թիվ 000125 համարի տակ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանի նկատմամբ գրանցվել է Վազգեն Սիմոնյանի սեփականության իրավունքը 2/3 բաժնեմասով, իսկ Ռուզաննա Ավետիսի Սիմոնյանի և Ֆլորա Վազգենի Սիմոնյանի սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/6 բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 64-66):
9. ՀՀ վարչական դատարանի 28.12.2010 թվականի թիվ ՎԴ/0195/05/10 վճռով մերժվել է Ֆլորա Թադևոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ռուզաննա, Ֆլորա, Վազգեն Սիմոնյանների` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 2/3 մասի նկատմամբ Վազգեն Սիմոնյանին սեփականատեր գրանցելը մասնակիորեն անվավեր ճանաչելու, նույն հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշմամբ Ֆլորա Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Որոշվել է մասնակիորեն` Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 հասցեի անշարժ գույքի 1/2 մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասով բեկանել ՀՀ վարչական դատարանի 28.12.2010 թվականի վճիռը, և այդ մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2011 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.06.2011 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության (հատոր 1-ին, գ.թ. 91-92, 93-102):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` բնակարանային, բնակարանաշինարարական, ավտոտնակային և այլ կոոպերատիվի այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի, իր օգտագործմանը տրված այլ շինության կամ տեղի համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը նրանց ընդհանուր սեփականությունն է: Ամուսիններն այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հավասար իրավունքներ ունեն: Ամուսինները գույքի նկատմամբ հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղված է եղել տնային տնտեսությամբ, երեխաների խնամքով կամ այլ հարգելի պատճառով ինքնուրույն վաստակ չի ունեցել: Ամուսինները կարող են օրենքով թույլատրելի ամեն տեսակի գույքային գործարքներ կնքել միմյանց հետ: Ամուսինների միջև կայացած այն համաձայնությունները, որոնք նպատակ ունեն նվազեցնելու նրանցից որևէ մեկի գույքային իրավունքները, անվավեր են:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ամուսինների կողմից ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկի միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել է երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է կատարված իրավունքի պետական գրանցումը, միևնույն է, հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվել է, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում էր Վազգեն, Ռուզաննա, Ֆլորա Սիմոնյաններին, և քանի դեռ այդ ակտերն օրենքով սահմանված կարգով չեն բեկանվել, չի կարող ճանաչվել Ֆլորա Թադևոսյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի 1/2-ի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի նախադատելիության հարցին.
i
Այսպես`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ վերոհիշյալ իրավական հարցադրմանը պետք է պատասխանել նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն praejսdicialis-ից) դատավարական ինստիտուտի, դատական ակտերի պրեյուդիցիալ կապի և նման կապի օբյեկտիվ սահմանների վերլուծության լույսի ներքո:
Այսինքն` օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք:
Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորություն է տվել ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցին, քանզի դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու, «Սաթնէ» ՍՊԸ-ին պատկանող և 17.02.2003 թվականին կնքված հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում 0,04 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշումը):
Սույն գործում առկա ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռի համաձայն`Վազգեն Սիմոնյանի հայցի առարկան ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր: Նշված վճռով արձանագրվել է, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին, և Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր` Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ1/0782/02/08 վճռով Ֆլորա Թադևոսյանի, Մարիամ Զավենի Սիմոնյանի և Արայիկ Զավենի Սիմոնյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջն էր, որը մերժվել էր:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 16.05.2008 թվականի վճռով հաստատված այն հանգամանքը, որ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 16-րդ շենքի թիվ 16 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Զավեն Սիմոնի Սիմոնյանին, սույն գործով չունի նախադատելի նշանակություն, քանի որ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Վազգեն Սիմոնյանը ճանաչվել է իր հոր` Զավեն Սիմոնյանի մահից հետո մնացած գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 04.09.2008 թվականի վճռի պարզաբանումը մերժելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ գործով պահանջ է ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, այլ ոչ թե ժառանգական զանգվածի և դրա բաժանման մասին: Բացի այդ, 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան ըստ բաժինների չափի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելն էր, մինչդեռ սույն գործով Ֆլորա Թադևոսյանի հայցի առարկան է նաև վիճելի անշարժ գույքի 1/2-րդ մասի նկատմամբ օրենքի ուժով սեփականության իրավունքի ճանաչումը:
Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար թե՛ 16.05.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով և թե՛ 27.02.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն չունեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան