Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲՆԱԿՉ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 1975 թվականի թիվ 444

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը նշում է, որ հանրապետության քաղաքներում ու մյուս բնակավայրերում թաղման գործում բնակչության սպասարկումը կազմակերպելու բնագավառում լուրջ թերություններ կան:

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.

Հաստատել Հայկական ՍՍՀ գերեզմանոցներից օգտվելու առդիր կանոնները:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի

1975 թվականի հուլիսի 31-ի

թիվ 444 որոշմամբ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հանրապետության քաղաքների ու բնակավայրերի բոլոր գերեզմանոցները գտնվում են աշխատավորների դեպուտատների տեղական սովետների տնօրինության տակ:

Գերեզմանոցների գտնվելու վայրը և չափերը նախատեսվում են բնակավայրերի գլխավոր հատակագծով` շինարարական և սանիտարական նորմաներին ու կանոններին համապատասխան:

2. Գերեզմանոցների համար նոր տարածքների առանձնացումը, գոյություն ունեցող գերեզմանոցների սահմանների փոփոխումը, ինչպես նաև թաղման համար դրանց փակումը կամ դրանց վերացումը կատարվում է աշխատավորների դեպուտատների տեղական սովետների գործկոմների կողմից սահմանված կարգով, պետական սանիտարական հսկողության մարմինների հետ համաձայնեցնելով:

3. Յուրաքանչյուր գերեզմանոց պետք է ունենա հատակագծման, ինժեներային սարքավորման և բարեկարգման մշակված նախագծեր:

Գերեզմանոցի տարածքը պետք է պարսպված և շավիղներով բաժանված լինի համարակալված տեղամասերի:

Գերեզմանոցի գլխավոր մուտքի մոտ փակցվում է նրա սխեմատիկ հատակագիծը, նշելով տեղամասերը, ինչպես նաև պատմական ու գեղարվեստական արժեք ունեցող գերեզմանները:

4. Գերեզմանոցի տարածքը պետք է քաղաքային տրանսպորտով հարմար ձևով կապված լինի բնակավայրի կամ նրա շրջանների հետ: Գերեզմանոցի առբերման ուղիները և մատույցները պետք է պատշաճ ձևով բարեկարգված և կանաչապատված լինեն:

5. Քաղաքներում ու շրջկենտրոններում գերեզմանոցները բարեկարգում և պատշաճ վիճակում են պահում աշխատավորների դեպուտատների տեղական սովետների կոմունալ մարմինները, իսկ մյուս վայրերում գերեզմանոցների բարեկարգումն ու պահպանումը իրականացնում են անմիջականորեն աշխատավորների դեպուտատների ավանային (գյուղական) սովետների գործադիր կոմիտեները:

6. Հասարակական նշանակություն ունեցող գերեզմանոցների և գերեզմանների պահպանումը կատարվում է բարեկարգման նպատակով բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

 

II. Թաղման կարգը

 

7. Թաղման համար տեղը հատկացնում է աշխատավորների դեպուտատների համապատասխան քաղաքային (շրջանային) սովետի գործկոմի կոմունալ մարմինը, իսկ ավաններում ու գյուղական վայրերում` անմիջականորեն աշխատավորների դեպուտատների ավանային (գյուղական) սովետի գործկոմը` անվճար և սանիտարական նորմաներին համապատասխան: Գերեզմանի փորման, թաղման և մյուս ծառայությունների համար վարձը գանձվում է հաստատված գնացուցակով:

8. Թաղման և գերեզմաններ այցելելու օրերն ու ժամերը սահմանում է աշխատավորների դեպուտատների տեղական սովետի գործկոմը: Տոն օրերին` Հունվարի 1-ին, Մայիսի 1-2-ին, Մայիսի 9-ին, Նոյեմբերի 7-8-ին, որպես կանոն, թաղումներ չեն կատարվում:

9. Առաջիկա թաղման մասին գերեզմանոցի ադմինիստրացիային պետք է հայտնվի մեկ օր առաջ:

Մահացածների թաղումը կատարվում է ոչ շուտ, քան մահը վրա հասնելուց 24 ժամ հետո, մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից սահմանված կարգով տրված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Ավելի շուտ թաղում կարող է կատարվել միայն բժշկական մարմինների թույլտվությամբ:

Հարազատների կամ այնպիսի անձանց ու հիմնարկների բացակայության դեպքում, որոնք կկարողանային ստանձնել թաղման կազմակերպումը, մահացածների թաղումը դրվում է աշխատավորների դեպուտատների տեղական սովետների կոմունալ մարմինների վրա և դատա-բժշկական մարմինների գիտությամբ, տեղական բյուջեի հաշվին:

10. Յուրաքանչյուր թաղում գրանցվում է թաղումների գրանցման մատյանում` թաղման սպասարկման կազմակերպությունում, որը հատուկ վկայական է տալիս թաղման մասին:

Թաղման սպասարկման կազմակերպության կողմից տրված վկայականը և գերեզմանոցի ադմինիստրացիայի դրոշմակնիքով մահվան վկայականը թաղման տեղը հաստատող միակ վկայականներն են:

11. Մահացածների թաղումը, որպես կանոն, կատարվում է միայն գործող գերեզմանոցներում, սանիտարական նորմաներին ու կանոններին համապատասխան` տեղաբաշխման գծագրի համաձայն:

Վերաթաղումը, թաղված աճյունը մեկ գերեզմանոցից մյուսը տեղափոխելը կատարվում է թաղման սպասարկման կազմակերպության և սանիտարական հսկողության տեղական մարմինների գրավոր թույլտվությամբ, իսկ աճյունն այլ քաղաքից կամ բնակավայրից փոխադրելու դեպքում նաև այն վայրի սանիտարական հսկողության համաձայնությամբ, որտեղից փոխադրվում է աճյունը:

Վերաթաղման համար գերեզմանից աճյունի հանումը կատարվում է միայն ցերեկը, գերեզմանոցի անձնակազմի կողմից, սանիտարական հսկողության տեղական մարմնի ներկայացուցչի ներկայությամբ և սանիտարական կանոնների պահպանման պայմանով:

12. Գոյություն ունեցող գերեզմանը հարազատների խնդրանքով նոր թաղման համար օգտագործելը թույլատրվում է ոչ շուտ, քան վերջին թաղումից 20 տարի անց (երբ համապատասխան փաստաթղթերով հաստատվում են գերեզմանի պատկանելիությունն ու թաղման ժամկետը): Այդ ժամկետը առանձին դեպքերում սանիտարական հսկողության տեղական մարմինների հետ համաձայնեցնելով կարող է կրճատվել մինչև 15 տարի:

13. Դատա-քննչական մարմինների պահանջով, ինչպես նաև հատուկ դեպքերում, այլ պատճառներով, թույլատրվում է գերեզմանը բացել դիակը ախտաբանական-անատոմիական դատա-բժշկական փորձաքննության ենթարկելու համար:

Գերեզմանների բացումն այդ դեպքերում կատարվում է սահմանված կարգով` պետական սանիտարական հսկողության տեղական մարմնի և գերեզմանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչների ներկայությամբ, հայտնելով թաղվածի այն հարազատներին, որոնց վրա գրանցված է գերեզմանը: Այդ դեպքում թաղումների գրանցման մատյանում համապատասխան գրառում է կատարվում:

 

III. Գերեզմանային կառուցվածքների պատրաստումը և

դրանց պահպանումը

 

14. Թաղման ժամանակ գերեզմանոցի ադմինիստրացիան յուրաքանչյուր տապանաթմբի վրա տեղադրում է մետաղե ցուցատախտակ, նշելով հանգուցյալի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գրանցման համարը:

15. Գերեզմանային կառուցվածքների տեղադրումը, ինչպես նաև ծառերի ու թփերի տնկումը, կատարվում է գերեզմանոցի ադմինիստրացիայի թույլտվությամբ, թաղման համար հատկացված հողակտորի սահմաններում:

Արգելվում է դամբարանների կառուցումը, թանկարժեք հուշարձանների և այլ կառուցվածքների կանգնեցումը գերեզմանների վրա:

Տապանաքարերի, սալերի, եզրակալների և դագաղների պատրաստումը կատարվում է հաստատված տիպային նմուշներով և գնացուցակներում նշված գներով, թաղման սպասարկման կազմակերպությունների արհեստանոցներում կամ արտադրամասերում:

Գերեզմանային կառուցվածքները տեղադրում են թաղման սպասարկման կազմակերպությունները, գնացուցակներով սահմանված գներով: Կտրականապես արգելվում են գերեզմանային կառուցվածքների պատրաստումն ու տեղադրումը, ինչպես նաև դագաղների վաճառքը մասնավոր անձանց կողմից:

Գերեզմանների վրա քաղաքացիների կողմից պատրաստված կառուցվածքները նրանց սեփականությունն են հանդիսանում:

16. Գերեզմանային կառուցվածքների պատրաստումը գրանցվում է գերեզմանոցի գրասենյակի կողմից` հատուկ գրքում նշելով հատվածը, շարքը և գերեզմանի համարը, հանգուցյալի ազգանունը, անունը և հայրանունը, տեղադրման տարեթիվը, կառուցվածքի համառոտ նկարագիրը (չափսերը, նյութը և այլն):

Գերեզմանոցի ադմինիստրացիան պարտավոր է հսկելու, որ գերեզմանի վրա կառուցվածքները պատրաստելիս պահպանվեն տեխնիկական պայմանները, դրանց չափսերը և հարևան հատվածների համար անվտանգությունը:

17. Թաղումը կազմակերպող քաղաքացիներն ու կազմակերպությունները պարտավոր են գերեզմանները, դրանց վրայի կառուցվածքները և կանաչ տնկարկները պահելու պատշաճ վիճակում:

Գերեզմանի խարխուլ կամ քանդված կառուցվածքները պետք է գերեզմանոցի ադմինիստրացիայի պահանջով վերականգնվեն կամ վերացվեն:

18. Գերեզմանային կառուցվածքների վերացումը կամ փոխադրումը գերեզմանոցի ադմինիստրացիային թույլատրվում է`

ա) գերեզմանոցի լրիվ կամ մասնակի վերացման դեպքում, եթե գերեզմանային կառուցվածքների տերերը ծանուցումից հետո իրենք չեն վերացրել դրանք.

բ) երբ գերեզմանային կառուցվածքը դարձել է ոչ պիտանի կամ վտանգ է ներկայացնում հարևան գերեզմանների կառուցվածքների և գերեզմանոցի այցելուների համար և տիրոջ կողմից անխնամ է թողնվել հանձնաժողովի կողմից ակտը կազմելուց և գերեզմանի վրա համապատասխան ծանուցում դնելուց հետո մեկ տարվա ընթացքում:

19. Գերեզմանների քանդման ենթակա կառուցվածքները որոշելու համար տեղական սովետների կոմունալ տնտեսության մարմինները հանձնաժողովներ են ստեղծում սանէպիդկայանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

20. Ականավոր հասարակական և պետական գործիչների գերեզմանները, եղբայրական գերեզմանները և Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների գերեզմանները և դրանց վրայի կառուցվածքները, ինչպես նաև պատմական կամ գեղարվեստական արժեք ներկայացնող գերեզմաններն ու հուշարձանները, պահպանվում են պետության հաշվին:

 

IY. Ներքին կարգն ու կանոնը

 

21. Գերեզմանատան տարածքում արգելվում է.

ա) մուտքն ավտոմեքենաներով և այլ տեսակի տրանսպորտով, սահնակներով, չմուշկներով ու դահուկներով սահելը:

Գերեզմանոցի տարածք մտնել թույլատրվում է միայն դիակառքերին ու բեռնատար տրանսպորտին` շինանյութեր, ծառեր բերելու համար և այլն:

բ) Խարույկներ վառել, ճիմահող հանել, շինարարական և այլ նյութերի պաշարներ պահել.

գ) փչացնել գերեզմանների վրայի և մյուս կառուցվածքներն ու սարքավորումները, կոտրտել տնկարկներն ու պոկել ծաղիկները, շներ բերել, անասուններ արածացնել և աղտոտել տարածքը:

Գերեզմանների վրայի կառուցվածքների փչացման գործում մեղավոր անձինք ենթակա են դատական կարգով պատասխանատվության:

գ) Մասնավոր անձանց կողմից ծառայությունների մատուցումը և թաղման արարողության առարկաների վաճառքը.

ե) գերեզմանոցում մնալը այն փակելուց հետո:

Գերեզմանոց այցելելու կանոնները պետք է փակցվեն աչքի ընկնող տեղում:

Գերեզմանոցներում հասարակական կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են գերեզմանոցի ադմինիստրացիան և միլիցիայի մարմինները:

22. Գերեզմանոցի ադմինիստրացիան պարտավոր է ապահովել.

ա) ծառուղիների, անցուղիների և ընդհանուր օգտագործման մյուս տեղերի մշտական մաքրումը, ինչպես նաև սիստեմատիկաբար աղբը դուրս տանելը, ծառուղիների երկայնքով աղբանոթների և աղբարկղերի տեղադրումը.

բ) ամբողջ տարածքի և եղած կառուցվածքների պահպանությունը.

գ) լուսավորության, ջրմուղի և մյուս հարմարանքների ու կառուցվածքների սարքին վիճակում պահելը, արտաքին պարսպի ընթացիկ և հիմնական նորոգումների կատարումը, ծառուղիների, ճանապարհների սալահատակումը և բարեկարգման մյուս աշխատանքները.

դ) ընդհանուր օգտագործման (գերեզմանների հողակտորներից դուրս գտնվող) բոլոր տեսակի կանաչ տնկարկների խնամքն ու ջրումը, նորացումը, այցելուների հանգստի համար նստարանների տեղադրումը.

ե) գերեզմանի խնամքի համար քաղաքացիներին անվճար գործիքների (բահեր, ցախավելներ, ցնցուղներ, փոցխեր և այլն) տրամադրումը.

զ) գերեզմանների պատրաստման և թաղման համար քաղաքացիների և կազմակերպությունների պատվերների ժամանակին կատարումը` թաղման ծառայությունների հաստատված գնացուցակներում նշված գներով.

է) թաղման համար սահմանված սանիտարական նորմաների և կանոնների խիստ պահպանումը.

ը) թաղման ծառայությունների գնացուցակների գները բնակչությանը հայտնելը.

թ) տեղում կարծիքների և առաջարկությունների ժապավինված, վերադաս կազմակերպության կնիքով ու նրա ղեկավարի ստորագրությամբ հաստատված գրքի պահումը, որը քաղաքացիներին պետք է տրամադրվի առաջին իսկ պահանջով:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
31.07.1975
N 444
Որոշում