Սեղմել Esc փակելու համար:
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 62-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ1/0143/05/10

    դատարանի որոշում                                             2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0143/05/10

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Գ. Ղարիբյան

                       Ա. Առաքելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի ապրիլի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Կամո Պետրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու, Ընկերությանը ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և Կամո Պետրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոմիտեի` 12.08.2010 թվականի որոշումն իրեն տուգանելու մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ և պարտավորեցնել Ընկերությանը կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պարտավորությունը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կամո Պետրոսյանը պահանջել է իրեն տուգանելու մասով առոչինչ ճանաչել Կոմիտեի 12.08.2010 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09.07.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.11.2011 թվականի որոշմամբ Կամո Պետրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել և փոփոխվել է Դատարանի 09.07.2011 թվականի վճռի` հակընդդեմ հայցը մերժելու և Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հայցը բավարարելու մասերը, և Կամո Պետրոսյանի հակընդդեմ հայցը բավարարվել է, իսկ Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու մասով Կոմիտեի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 42-րդ հոդվածները, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրական դատարանի 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշումը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ, 132-րդ, 203-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ անձի վրա դրվող պարտականությունը կամ տրամադրվող իրավունքը լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Իսկ այն դեպքերում, երբ պարտականությունը դրվել է հիմք ընդունելով օրենքի դրույթները, ապա նման պարտականությունը չի կարող որպես ակնհայտ ոչ իրավաչափ գնահատվել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման մասին իր դիրքորոշումն արտահայտել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումն ընդունելուց երկու ամիս անց, ուստի վարչական մարմինը չէր կարող նշված հոդվածը կիրառել ՀՀ Սահմանադրական դատարանի տվյալ մեկնաբանությանը համապատասխան:

Բացի այդ, ապրանքների և տրանսպորտային միջոցների ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրումն օրենքով անձի վրա դրված պարտականություն է, ինչը չկատարելու համար ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.07.2011 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ընկերության ներկայացուցիչ Կամո Պետրոսյանը («ԱՍԲՍ» ՍՊԸ-ի տնօրեն) 12.05.2010 թվականի թիվ C-3754 ԲՄՀ-ով, 33.780.415 ՀՀ դրամ մաքսային արժեքով, ԱՏԳ ԱԱ 39173300 ծածկագրով հայտարարագրել է խողովակներ` կցամասերով (1-ին հատոր, գ.թ. 47):

2) Կոմիտեի 01.06.2010 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` «... C-3754 առ 12.05.2010 թվականի ԲՄՀ-ով հայտարարագրված բեռի զննման ժամանակ պարզվեց, որ հայտարարագրված խողովակներ` կցամասերով, բեռի փոխարեն առկա է պոլիմերային թաղանթից գլանաձև արտադրանք` սև մետաղից ճոպաններով» (1-ին հատոր, գ.թ. 39):

3) Կոմիտեի 15.06.2010 թվականի թիվ 8-2/8054-10 գրության համաձայն` «... ԱՏԳ ԱԱ 391733 ենթադիրքում դասակարգելի են չամրանավորված, այլ նյութերի հետ չհամակցված պլաստմասայից խողովակները: Քանի որ դասակարգման ներկայացված խողովակները համակցված են այլ նյութերի հետ, ապա դրանք չեն կարող դասակարգվել հիշյալ ծածկագրով: Հետևաբար, առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ հիմնական կանոններով, վերոհիշյալ ապրանքն իր կցամասերով և ամրակային դետալներով հանդերձ պետք է դասակարգվի 392690 ապրանքային ենթադիրքում» (1-ին հատոր, գ.թ. 42):

4) «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 09.07.2010 թվականի թիվ Հմ 18911010 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` «ՀՀ ներմուծված, փորձաքննության առարկա հանդիսացող մեծ բրիտանական «Flexadսx Plastics» LTD կազմակերպության կողմից արտադրված ապրանքատեսակները հանդիսանում են օդափոխման համակարգի տարբեր նշանակության և չափերի խողովակներ` պոլիէթիլենտերեֆտալատի թելերից հյուսված գործվածքով, որը երկու կողմերից պատված է պոլիվինիլքլորիդի շերտերով, հանգույցներ, կցամասեր, մետաղալարերի ճոպաններ և այլն...» (1-ին հատոր, գ.թ. 43-46):

5) Կոմիտեի 12.08.2010 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման համաձայն` Կամո Պետրոսյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով ճանաչվել է զանցառու և հայտարարագրված ապրանքն անվանման ու ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրելու հիմքով տուգանվել է այդ ապրանքի մաքսային արժեքի չափով` 33.780.415 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 36-38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն` առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը, կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, վարչական գործ թիվ ՎԴ/0562/05/09):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է

- օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով,

- կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ոչ իրավաչափ է դիտում այն վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, կամ եթե ներկայացվել են այնպիսի փաստաթղթեր, որոնցից ակնհայտ է, որ ըստ էության տվյալ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Այսինքն` վարչական ակտն անվավեր ճանաչելու համար պետք է առկա լինի հետևյալ հիմքերից որևէ մեկը, այն է`

«ա» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ կիրառմամբ, կամ

«բ» վարչական ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանմամբ, կամ

«գ» ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ վարչական ակտով պետք է ընդունվեր այլ որոշում: Ընդ որում, վարչական ակտի ոչ իրավաչափ` անվավեր լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ` ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայտարարատուն սույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն` հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:

ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

i

Սույն գործով Դատարանը հակընդդեմ հայցը մերժելիս և Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «Կամո Պետրոսյանը հանդիսանում է ապրանքներ տեղափոխողի կողմից լիազորված անձ, որի պարտականությունն էր ապրանքներն իրենց անվամբ հայտարարագրելը: Նրա կողմից ապրանքները հայտարարագրվել են ոչ իրենց անվանմամբ, որպիսի արարքն առաջացնում է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն, հետևաբար նրա վրա դրված պարտականությունն ակնհայտ ոչ իրավաչափ դիտվել չի կարող: Կամո Պետրոսյանն իր վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը հիմնավորում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 32-րդ և 279-րդ հոդվածների խախտման հիմքով (քանի որ բացակայում է դրանցով սահմանված մեղքի առկայության ստուգումը վարչական մարմնի կողմից): Օրենքի խախտման հիմքով վարչական ակտը կարող է վիճարկվել միայն վարչական ակտի անվավերության առումով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին կետի ա/ ենթակետով: Քանի որ Կամո Պետրոսյանի պահանջը հիմնվում է օրենքի խախտմամբ իր վրա ոչ իրավաչափ պարտականություն դնելու վրա, որը վարչական ակտի անվավերության հիմք է, հետևաբար վերը նշած հիմնավորումներով որոշումն առ ոչինչ ճանաչելու հիմքեր չկան: Իսկ որոշման իրավաչափության հարցի քննարկումն անվավերության հիմքերով, դուրս է սույն հայցի շրջանակներից: Կամո Պետրոսյանի կողմից վկայակոչած` ՀՀ Սահմանադրական դատարանի 12.10.2010 թվականի ՍԴՈ-920 որոշման մեկնաբանությունները վերաբերում են մեղքի առկայությանը, որը ենթակա է քննարկման ակտի անվավերության պահանջի դեպքում, որպիսի պահանջ սույն գործով չի ներկայացվել: Քանի որ Կամո Պետրոսյանը ստացել է տուգանքի որոշումը, սակայն նշանակված տուգանքի գումարը չի վճարել, բացակայում է որոշումն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, որոշումն օրենքով սահմանված կարգով անվավեր չի ճանաչված, հետևաբար տուգանքի գումարի բռնագանձման հայցը ենթակա է բավարարման»:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը` Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով բեկանելիս և փոփոխելիս պատճառաբանել է, որ «վեճի հիմքում ընկած է Ընկերության անվամբ ներմուծված բեռն անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրման փաստը, ինչը կողմերը չեն վիճարկում: Մյուս կողմից գործով հաստատված փաստ է, որ բեռի մաքսային արժեքի հայտարարագրված և վարչական ակտով հաստատված չափերը նույնական են, այսինքն` ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրման տվյալ փաստը չի անդրադարձել բյուջետային մուտքերի չափի վրա: Այդ փաստերի պարագայում բողոքի լուծման առումով էական նշանակություն է ձեռք բերում ՀՀ Սահմանադրական դատարանի 12.10.2010 թվականի ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը», «ինչպես հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումից, ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով Կամո Պետրոսյանին պատասխանատվության ենթարկելն ինքնանպատակ է և չի բխում վիճարկվող նորմի ընդհանուր իրավակարգավորման առարկայից: Այսինքն` ակնհայտ է նրա վրա ոչ իրավաչափ պարտականություն դնելու փաստը, որպիսի հանգամանքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն, վարչական ակտի առոչնչության հիմք է»: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «վիճարկվող որոշմամբ Կամո Պետրոսյանի վրա դրվող պարտականության ոչ իրավաչափության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ պետական բյուջեի մուտքերի նվազեցման չհանգեցնող արարքի համար նա չի կարող պատասխանատվության ենթարկվել: Ընդ որում, այդ ոչ իրավաչափությունը հաստատելու համար անհրաժեշտ չէ պարզել վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը, կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, քանի որ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի սխալ կիրառելիությունը տվյալ դեպքում ի սկզբանե ակնհայտ է լինում: Հետևաբար, վիճարկվող որոշումն առոչինչ է Կամո Պետրոսյանին ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով զանցառու ճանաչելու, ուրեմն և նրան տուգանելու մասերով»:

Վերոգրյալից ելնելով և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կամո Պետրոսյանի կողմից վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի հիմքում դրված հիմնավորումները, այդ թվում` ՀՀ Սահմանադրական դատարանի 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, ոչ թե վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու, այլ անվավեր ճանաչելու հիմք են, քանի որ տվյալ դեպքում վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, ուստի Կամո Պետրոսյանի հակընդդեմ հայցը ենթակա էր մերժման, և նկատի ունենալով, որ Կոմիտեի 12.08.2010 թվականի որոշումն առ ոչինչ չէ, օրենքով սահմանված կարգով անվավեր չի ճանաչվել, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կամո Պետրոսյանից 33.780.415 ՀՀ դրամ բռնագանձելու Կոմիտեի պահանջը ենթակա էր բավարարման, որպիսի դիրքորոշում և իրավացիորեն դրսևորել է Դատարանը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.11.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 09.07.2011 թվականի վճռին:

2. Կամո Պետրոսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.023.412,45 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 1.020.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.04.2012
N ՎԴ1/0143/05/10
Որոշում