Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ն ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով մի Կողմի տարածքում մյուս Կողմի ներդրողների ներդրումները առանց խտրականության պաշտպանելու անհրաժեշտությունը,

ցանկանալով նպաստել մի Կողմի տարածքում մյուս Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց ներդրումների ոլորտում տնտեսական համագործակցության ընդլայնմանը,

ընդունելով, որ այդ ներդրումներին տրամադրվող ռեժիմի վերաբերյալ համաձայնագիրը կնպաստի մասնավոր կապիտալի հոսքերին և Կողմերի տնտեսական զարգացմանը,

համաձայնելով, որ ներդրումների համար կայուն հիմքը կնպաստի տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման առավելագույն աճին և կբարելավի կենսամակարդակը,

ընդունելով, որ տնտեսական և գործարար կապերի զարգացումը կարող է նպաստել միջազգայնորեն ճանաչված աշխատանքային իրավունքների հարգմանը,

համաձայնելով, որ այս նպատակներին կարելի է հասնել առանց ընդհանուր կիրառման միջոցների, որոնք թուլացնում են առողջությունը, անվտանգությունը և շրջակա միջավայրի պաշտպանությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար.

1. Ներդրումներ տերմինը նշանակում է` ակտիվների ցանկացած տեսակ, որոնք ձեռնարկատիրական նպատակներով ներդրված են մի Կողմի ներդրողի կողմից մյուս Կողմի տարածքում, վերջինիս պետության ազգային օրենսդրության համաձայն, ինչպես նաև դրանցից բխող իրավունքները, և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կարող են ներառել.

ա) շարժական և անշարժ գույքը կամ ցանկացած գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալությունը, հիպոթեքը, գույքի նկատմամբ արգելանքի կիրառման իրավունքը և գրավը,

բ) բաժնեմասերը, բաժնետոմսերը, պարտքային պարտավորությունները և ընկերություններում մասնակցության ցանկացած այլ ձև,

գ) դրամական պահանջները կամ, պայմանագրի համաձայն, ցանկացած տնտեսական արժեք ունեցող պարտավորության կատարումը,

դ) մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, պատենտները, արդյունաբերական նմուշները և տեխնիկական գործընթացները, նոու-հաուն, առևտրային գաղտնիքները, առևտրային անունը և բարի համբավը,

ե) օրենքով կամ պայմանագրով տրամադրված կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզման, մշակման, արդյունահանման կամ շահագործման կոնցեսիաները:

Ներդրման ձևի որևէ փոփոխություն, որը իրականացվել է համաձայն այն Կողմի օրենսդրության, որն իր տարածքում ընդունել է ներդրումները, չի ազդի նրանց բնորոշման վրա` որպես ներդրումներ:

2. Ներդրող տերմինը նշանակում է` մի Կողմի պետության սուբյեկտ, որը ներդրումներ է կատարում մյուս Կողմի պետության տարածքում` վերջինիս ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրի դրույթներին համաձայն, և ներառում է.

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է որևէ Կողմի պետության քաղաքացի և իրավասու է, իր ազգային օրենսդրության համաձայն, ներդրումներ կատարել,

բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվել և գրանցվել է Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն և իրավասու է ներդրումներ կատարել:

3. Եկամուտներ տերմինը նշանակում է` ներդրումների արդյունքում ստացված միջոցներ, ներառյալ շահույթը, տոկոսները, շահաբաժինները, ռոյալթիները, լիցենզավորման պարգևատրումները և այլ վճարումները:

4. Տարածք տերմինը նշանակում է` Կողմերից մեկի պետության տարածք հողային, ծովային և օդային սահմանների շրջանում, ներառյալ ցամաքը, ջուրը, ընդերքը և օդային տարածությունը, որոնց նկատմամբ համապատասխան Կողմի պետությունը իրականացնում է ինքնիշխանություն և, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, տարածում է իր իրավազորությունը:

5. Բարի համբավ տերմինը նշանակում է`

ա) ընկերության գործնական կապերի պայմանական արժեքը, կուտակված ոչ նյութական ակտիվների գինը, ոչ նյութական կապիտալի` ապրանքային նշանի հեղինակության, գործնական կապերի փորձի, կայուն հաճախորդների, ինչպես նաև կառավարման, կազմակերպման և տեխնիկական միջոցների, ֆինանսական աշխարհում համբավի, սպառողական գործունեության հսկողության մեխանիզմի դրամական գնահատականը,

բ) ոչ նյութական հիմնական կապիտալը, ակտիվները` որպես տարբերություն ընդհանուր առմամբ ձեռնարկության արժեքի և հիմնական կապիտալի իրական արժեքի միջև: Բացասական ոչ նյութական ակտիվն իրենից ներկայացնում է ձեռնարկության վաճառքի և հաշվեկշռային արժեքների միջև տարբերությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում և ստեղծում է բարենպաստ պայմաններ իր պետության տարածքում մյուս Կողմի ներդրողների ներդրումների համար և ընդունում է այդպիսի ներդրումները` իր պետության ազգային օրենսդրության համաձայն:

2. Յուրաքանչյուր Կողմ իր պետության տարածքում մյուս Կողմի պետության ներդրողների ներդրումներին և դրանցից ստացված եկամուտներին տրամադրում է արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև լիարժեք, մշտական պաշտպանություն և անվտանգություն:

3. Կողմերից ոչ մեկը իր պետության տարածքում չհիմնավորված, խտրական կամ կամայական միջոցներով չի խոչընդոտի մյուս Կողմի պետության ներդրողների ներդրումների ընդլայնումը, կառավարումը, պահպանությունը, օգտագործումը, տիրապետումը, վաճառքը կամ այլ ձևով տնօրինումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Իրավական ռեժիմ

 

1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի պետության ներդրողներին, նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է ազգային ներդրողներին կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողներին և նրանց ներդրումներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանության, օգտագործման, տիրապետման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման հետ:

2. Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր պետության ազգային օրենսդրության, իրեն իրավունք է վերապահում որոշելու այն ճյուղերը, ոլորտները և գործունեության տեսակները, որոնցում սահմանափակվում և (կամ) բացառվում է ներդրողների գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Բացառություններ

 

Սույն Համաձայնագրի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես պարտավորություն մի Կողմի համար` տրամադրել մյուս Կողմի պետության ներդրողներին և նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին գոյություն ունեցող կամ ապագա ցանկացած ռեժիմի շահավետություն, արտոնություն կամ առավելություն, որոնք արդյունք են.

ա) ազատ առևտրի գոտու, մաքսային միության, արժութային միության, ընդհանուր շուկայի և այդպիսի միությունների և նմանատիպ կազմակերպությունների կազմավորման հանգեցնող` ցանկացած Կողմի պետության մասնակցությամբ միջազգային պայմանագրի անդամակցության,

բ) ցանկացած միջազգային պայմանագրի կամ Կողմի պետության ազգային օրենսդրության, որոնք հիմնականում կամ ամբողջովին վերաբերում են հարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Օտարում և փոխհատուցում

 

1. Յուրաքանչյուր Կողմ չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով օտարի կամ ազգայնացնի մյուս Կողմի պետության ներդրողի ներդրումները կամ ձեռնարկի նմանատիպ այլ միջոցներ (այսուհետ` օտարում), բացառությամբ`

ա) պետության և հասարակության կարիքների համար,

բ) անխտրական եղանակով,

գ) պատշաճ օրինական ընթացակարգին համապատասխան,

դ) նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

2. Փոխհատուցումը պետք է`

ա) վճարվի առանց ուշացման: ՈՒշացման դեպքում տարադրամի փոխարժեքի հետ կապված կորուստը, որը նման ուշացման պատճառ է, պետք է կրի ընդունող Կողմը,

բ) լինի համարժեք օտարվող ներդրման արդար շուկայական արժեքին օտարմանը նախորդող օրվա դրությամբ: Արդար շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն` պայմանավորված նրանով, որ օտարման մասին նախօրոք հանրորեն հայտնի է դարձել,

գ) լինի ամբողջովին իրացվելի և ազատ փոխանցելի,

դ) պետք է ներառի վճարման արժույթի նկատմամբ շուկայական հիմունքներով հաստատված առևտրային տոկոսադրույքը օտարման օրվանից մինչև փաստացի վճարման օրը:

3. Յուրաքանչյուր Կողմի պետության ներդրող, որը հայտարարում է, որ տուժել է մյուս Կողմի օտարումից, պետք է ունենա վերջին Կողմի պետության դատական կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից իր գործի անհապաղ վերանայման իրավունք` ներառյալ, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իր ներդրումների գնահատումը և փոխհատուցումը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Վնասների փոխհատուցում

 

1. Մի Կողմի ներդրողներին, որոնց մյուս Կողմի պետության տարածքում կատարած ներդրումները վնասներ են կրում այդ Կողմի պետության տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության հետևանքով, վերջին Կողմը, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կարգավորման հետ, կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը վերջին Կողմը տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որը հանդիսանում է ներդրողի համար առավել բարենպաստ:

2. Կողմի պետության ցանկացած ներդրողին, որը 1-ին կետում նշված ցանկացած դեպքում վնասներ է կրում.

ա) մյուս Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման հետևանքով, կամ

բ) մյուս Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման հետևանքով, որը չի բխել իրավիճակի անհրաժեշտությունից, ցանկացած դեպքում վերջին Կողմի կողմից պետք է վերականգնվի կամ փոխհատուցվի, ինչը բոլոր դեպքերում պետք է լինի արագ, համարժեք արդյունավետ: Ընդ որում` փոխհատուցումը պետք է կատարվի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Փոխանցումներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ, իր պետության ազգային օրենսդրության համապատասխան, մյուս Կողմի պետության ներդրողների համար ապահովում է նրանց ներդրումների և ներդրումների հետ կապված վճարումների փոխանցում իր տարածք և իր տարածքից: Այսպիսի փոխանցումները կներառեն, մասնավորապես, սակայն ոչ բացառապես.

ա) նախնական կապիտալը և լրացուցիչ գումարներ` ներդրումների պահպանման կամ ավելացման համար,

բ) եկամուտները,

գ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացված միջոցները,

դ) պայմանագրի համաձայն իրականացվող վճարումները` ներառյալ փոխառության վճարումը,

ե) 5-րդ և 6-րդ հոդվածների համաձայն վճարման ենթակա փոխհատուցումը,

զ) վեճերի արդյունքում ստացված վճարումները,

է) ներդրման առնչությամբ արտասահմանից ներգրավված և աշխատող աշխատակազմի եկամուտները և այլ վարձատրությունները:

2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխանցումների իրականացումը ազատ փոխարկելի արժույթով` փոխանցման իրականացման օրը ներդրումն ընդունած Կողմի տարածքում գործող արտարժույթի շուկայական փոխարժեքով:

3. Արտարժույթի փոխանակման շուկայի բացակայության դեպքում օգտագործվող դրույքաչափը կլինի արտարժույթը Միջազգային արժութային հիմնադրամի Հատուկ փոխառության իրավունքի (Special Drawing Rigհts) փոխանակման ամենավերջին դրույքաչափը:

4. Չխախտելով սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դրույթները` յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանափակել փոխանցումը իր պետության օրենսդրության այն դրույթների արդար, անխտրական և բարեխիղճ կիրառման եղանակով, որոնք վերաբերում են.

ա) սնանկությանը, անվճարունակությանը կամ վարկառուի իրավունքների պաշտպանությանը,

բ) արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների թողարկմանը, առուվաճառքին կամ այլ գործառնություններին,

գ) իրավախախտումներին,

դ) ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը կամ փոխանցումների հաշվառման իրականացմանը, երբ անհրաժեշտություն է առաջանում օժանդակելու օրենքի կիրարկմանը կամ ֆինանսական վերահսկող մարմիններին,

ե) հրամանների կամ դատական և վարչական վարույթներում դատական որոշումների կատարման ապահովմանը,

զ) հարկային և այլ պարտադիր վճարումներ չկատարելուն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սուբրոգացիա

 

Եթե մի Կողմը կամ նրա լիազորած մարմինը վճարումներ է կատարում մյուս Կողմի պետության տարածքում ներդրողի ներդրումների համար տրված փոխհատուցման, երաշխիքի կամ ապահովագրության պայմանագրի համաձայն, ապա վերջին Կողմը պետք է ճանաչի այդ ներդրողի ցանկացած իրավունքի կամ պահանջի փոխանցումը առաջին Կողմին կամ նրա սահմանած մարմնին` սուբրոգացիայի հիման վրա ցանկացած իրավունքի և պահանջի իրականացման համար` նույն չափով, ինչքան ուներ իր նախորդը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ներդրողի և Կողմի միջև ծագած վեճեր

 

1. Մի Կողմի պետության ներդրողի և մյուս Կողմի պետության միջև ներդրմանն առնչվող ցանկացած վեճ հնարավորության դեպքում պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը չի լուծվում 3 ամսվա ընթացքում, սկսած դրա ծագման գրավոր փաստագրման օրվանից, ապա, ներդրողի կամ Կողմերից մեկի ընտրությամբ, այն կարող է ներկայացվել քննության.

ա) այն Կողմի պետության իրավասու դատարաններ, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժ (այսուհետ` Միջազգային կենտրոն), որը հիմնվել է 1965 թվականի մարտի 18-ից Վաշինգտոնում ստորագրման համար բացված` Պետությունների և այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին Կոնվենցիայի հիման վրա, կամ

գ) Վարույթների լրացուցիչ կանոնների ներքո գործող ՄԱԿ-ի Միջազգային Կենտրոնի միջնորդ դատավարությանը, եթե Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, որը նշված է սույն կետի (բ) ենթակետում; կամ

դ) ցանկացած ad hoc միջնորդ դատարան, որը կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն, եթե վեճին մասնակցող կողմերը այլ համաձայնության չեն եկել:

3. Ներդրողը, որը վեճը ներկայացրել է ազգային դատարան, կարող է, այնուամենայնիվ, դիմել սույն հոդվածի 2-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերում հիշատակված միջնորդ դատարաններին, եթե մինչև ազգային դատարանի քննարկման առարկայի վերաբերյալ որոշում կայացնելը ներդրողը հայտարարի, որ չի շարունակի գործի քննությունը ազգային դատարանի միջոցով և հետ կվերցնի իր հայցը:

4. Ցանկացած միջնորդ դատավարություն սույն հոդվածի ներքո, վեճին մասնակից յուրաքանչյուր կողմի պահանջով, պետք է անցկացվի այն պետությունում, որը հանդիսանում է 1958 թ. հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ընդունված` Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ընդունման և իրագործման մասին Կոնվենցիայի անդամ (այսուհետ` Նյու Յորքի Կոնվենցիա): Սույն հոդվածի համաձայն ներկայացված պահանջները պետք է դիտարկվեն որպես առևտրային հարաբերություններից կամ պայմանագրերից բխող` ելնելով Նյու Յորքի Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներից:

5. Յուրաքանչյուր Կողմ սույնով իր անվերապահ համաձայնությունն է տալիս` սույն հոդվածին համապատասխան` իր և մյուս Կողմի պետության ներդրողի միջև ծագած վեճը միջնորդ դատարան ներկայացնելու համար:

6. Վեճի կողմ հանդիսացող Կողմերից ոչ մեկը չի կարող առարկել արբիտրաժային գործընթացի կամ արբիտրաժային որոշման կատարման ցանկացած փուլում կամ մատնանշել այն փաստը, որ վեճի կողմ հանդիսացող ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է վնասների լիովին կամ մասնակի փոխհատուցում:

7. Միջնորդ դատարանի որոշումը վերջնական և պարտադիր է վեճի մասնակից կողմերի համար և պետք է իրականացվի համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի տարածքում որոշումը կատարում է Կողմի իրավասու մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի միջև վեճերի կարգավորումը

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Կողմերի միջև վեճերը հնարավորության դեպքում կկարգավորվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

2. Եթե նման վեճը այդ ձևով չի կարող լուծվել վեց (6) ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ յուրաքանչյուր Կողմ գրավոր դիմել է նման բանակցություններ անցկացնելու խնդրանքով, ապա, ցանկացած Կողմի խնդրանքով, այն կփոխանցվի միջնորդ դատարանին:

3. Միջնորդ դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պետք է ստեղծվի հետևյալ ձևով. միջնորդ դատավարության վերաբերյալ խնդրանքն ստանալու օրվանից երկու (2) ամսվա ընթացքում Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է դատարանի մեկական անդամ: Այնուհետև այդ երկու անդամներն ընտրում են նախագահող երրորդ պետության քաղաքացու, որը երկու Կողմերի հավանությունը ստանալուց հետո կնշանակվի, մյուս երկու անդամների նշանակումից սկսած, չորս (4) ամսվա ընթացքում:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, ապա յուրաքանչյուր Կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, կհրավիրի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե նախագահը հանդիսանում է Կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ կան նշված գործառույթը կատարելու համար, ապա ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ չկան նշված գործառույթը կատարելու համար, կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները:

5. Միջազգային դատարանը որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ: Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Կողմերի համար: Յուրաքանչյուր Կողմ կկրի իր նշանակած անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահին վերաբերող, ինչպես նաև մյուս ծախսերը կվճարվեն հավասար չափով` երկու Կողմերի կողմից: Մյուս այլ դեպքերում միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը:

6. Սույն հոդվածի 1-ին կետին առնչվող վիճելի հարցերը կլուծվեն սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Ծախսերը

 

Կողմերն ինքնուրույն են կրում սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագող ծախսերը` Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցների սահմաններում, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում չկա այլ համաձայնություն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Այլ կանոնների և հատուկ պարտավորությունների կիրառումը

 

1. Եթե յուրաքանչյուր Կողմի պետության իրավունքի կամ միջազգային պայմանագրերի դրույթները պարունակում են ընդհանուր կամ առանձնահատուկ կանոններ, որոնք մյուս Կողմի պետության ներդրողների ներդրումներին տրամադրում են առավել բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա վերջին Կողմի ներդրողին տրամադրվում է առավել բարենպաստ ռեժիմ:

2. Յուրաքանչյուր Կողմ կպահպանի ցանկացած պարտավորություն, որը կարող է ունենալ մյուս Կողմի պետության ներդրողների որոշակի ներդրումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի կիրառումը

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է յուրաքանչյուր Կողմի պետության ներդրողների բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մյուս Կողմի պետության տարածքում ինչպես մինչև, այնպես էլ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, բայց չպետք է կիրառվի ներդրումների առնչությամբ ցանկացած վեճի կամ պահանջի նկատմամբ, որը ծագել և (կամ) կարգավորվել է մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Ընդհանուր բացառություններ

 

1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես որևէ Կողմի` իր ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների կամ հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը խոչընդոտող` պայմանով, որ նման միջոցառումները Կողմերը չեն կիրառի կամայական կամ անհիմն խտրական ձևերով կամ քողարկված ներդրումային սահմանափակումներով:

2. Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Թափանցիկությունը

 

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է անհապաղ հրատարակի կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնի իր օրենքները և կանոնները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, որոնք կարող են վերաբերել մյուս Կողմի ներդրողների ներդրումներին առաջին Կողմի պետության տարածքում:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է պարտավորեցնի Կողմին` տրամադրել կամ թույլ տալ օգտվել ցանկացած գաղտնի կամ սեփականություն հանդիսացող տեղեկատվությունից, ներառյալ ներդրողներին և նրանց ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը, որոնց հրապարակումը կխոչընդոտի օրենքի կիրառումը կամ կհակասի գաղտնիքի պաշտպանության նրա իրավունքին կամ կվնասի առանձին ներդրողների օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Խորհրդակցություններ

 

Կողմերը, յուրաքանչյուր Կողմի պահանջով, անցկացնում են խորհրդակցություններ ցանկացած հարցի ուսումնասիրման նպատակով, որը վերաբերում է սույն Համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանը: Նման խորհրդակցությունների անցկացման վայրը և ժամկետը համաձայնեցվում են Կողմերի իրավասու մարմինների հետ` դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Փոփոխություններ կատարելը, ուժի մեջ մտնելը և գործողության

դադարեցումը

 

1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը և գործում է անորոշ ժամկետով:

3. Սույն Համաձայնագիրը գործում է մինչև մի Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից տասներկու ամիսը լրանալը:

4. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը կատարված ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի 1-ից 16-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ են մնում սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրվանից հետագա 10 տարիների ընթացքում:

 

Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների տարբեր մեկնաբանման ժամանակ նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. օգոստոսի 1-ին

 

 

pin
''
06.11.2006
Միջազգային պայմանագիր