ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԱԽ-11-Ո-14
2012 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Գ. Բադիրյանի, Կ. Բաղդասարյանի,
Ռ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,
Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,
Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,
Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի
մասնակցությամբ` դատավոր Վ. Գրիգորյանի
ՀՀ արդարադատության նախարար` Հ. Թովմասյանի
քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի
2012 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 2012 թ. մայիսի 15-ի թիվ 73-Ա հրամանով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել վարույթ հարուցող անձի կողմից կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«2009 թվականի սեպտեմբերի 07-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի թվով 6 բնակարաններից, օգտվելով բնակարանների տերերի ժամանակավոր բացակայության հանգամանքից, կատարվել են քաղաքացիներին պատկանող գույքի գաղտնի հափշտակություններ: Գողության փաստերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: Բացահայտվել է միայն 30.10.2009 թ. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 44 բնակարանից տուժող Ռուզաննա Պողոսյանին պատկանող 465.500 ՀՀ դրամ արժողության 19 կտոր ոսկյա զարդերի և 40.000 ՀՀ դրամ կանխիկ գումարի գողության դեպքը:
Նախաքննական մարմնի կողմից նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Սերոբ Քերոբի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: 02.04.2010 թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 գործով կայացրել է դատավճիռ, որով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով Սերոբ Քերոբի Մխիթարյանը դատապարտվել է ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 3-րդ կետի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է ձերբակալման կապակցությամբ անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով, պատժի սկիզբը հաշվվել է 13.08.2010 թ.:
Սերոբ Մխիթարյանի կողմից մի շարք այլ հանցագործություններ կատարելու առթիվ 17.12.2010 թ. նախաքննական մարմինը Սերոբ Մխիթարյանին նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Այդ գործով մեղադրական եզրակացությունը Դատարան մուտք է եղել 27.12.2010 թ.:
Դատարանը 17.09.2011 թ. կայացված դատավճռով վճռել է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.05.2011 թ. ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հիմքով վերանայել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 դատավճիռը, այն համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքին, Սերոբ Քերոբի Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով:
ՀՀ Ազգային ժողովի 26.05.2011 թ. «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման (այսուհետ` Համաներման ակտ) 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 13-րդ կետի 1-ին «ա» ենթակետի կիրառմամբ Սերոբ Քերոբի Մխիթարյանին ազատել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 դատավճռով նշանակված պատժից:
Դատարանը Սերոբ Քերոբի Մխիթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար և Համաներման ակտի հիման վրա նրան ազատել է համապատասխան պատիժները կրելուց»:
Դատարանը Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառել է Համաներման ակտը` նրան ազատելով ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով նշանակված պատժից` դրա արդյունքում թույլ տալով ակնհայտ և կոպիտ խախտում:
ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է. «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:
Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է`
«1) դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա»:
Այսինքն` ըստ Համաներման ակտի նշված կետի` ՀՀ դատարաններն են կիրառում համաներման ակտը`
1. Այն գործերով, որոնք Համաներման ակտի ուժի մեջ մտնելու պահին դատարաններում չեն քննվել, այսինքն` այն գործերը, որոնցով 26.05.2011 թ. դրությամբ դեռևս չի կայացվել դատավճիռ:
2. Այն գործերով, որոնք քննվել են, բայց որոնց արդյունքում կայացված դատավճիռները 26.05.2011 թ. դեռևս օրինական ուժի մեջ չեն մտել, այսինքն` երբ դատարանը կայացրել է դատավճիռ, սակայն այն դեռ ուժի մեջ չի մտել:
Իսկ թիվ ԵԷԴ/0039/01/10 դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել 13.09.2011 թ.:
Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում:
Այսինքն` տվյալ գործով Համաներման ակտը պետք է կիրառեր համապատասխան քրեակատարողական հիմնարկը, այլ ոչ Դատարանը: ՈՒստի Դատարանը, կիրառելով համաներումը, դուրս է եկել իր լիազորություններից:
Համաներման ակտի 9-րդ կետով նախատեսված են համաներման ակտի սահմանափակումները, որոնք պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության:
Համաներման ակտի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի:
Այսինքն` չարամիտ խախտող համարվում է այն անձը, ով ազատազրկման ձևով պատժի կրման մեկ տարվա ընթացքում ենթարկվել է երկու կամ ավելի տույժի:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ս. Մանուկյանի կողմից 04.04.2012 թ. տրված տեղեկանքի համաձայն` 13.08.2010 թ. ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում Սերոբ Մխիթարյանը ենթարկվել է հինգ կարգապահական տույժի`
1. 10.11.2010 թ. - 15 օր պատժախուց
2. 26.11.2010 թ. հայտարարվել է նկատողություն
3. 24.01.2011 թ. - 5 օր պատժախուց
4. 26.04.2011 թ. - հայտարարվել է նկատողություն
5. 09.09.2011 թ. - 5 օր պատժախուց
Այսինքն` Սերոբ Մխիթարյանը մեկ տարվա ընթացքում ենթարկվել է 5 կարգապահական տույժերի:
Դատարանը Սերոբ Մխիթարյանի նկատմամբ համաներումը կիրառել է 17.09.2011 թ.:
Իսկ դրան նախորդող մեկ տարվա ընթացքում Սերոբ Մխիթարյանը ենթարկվել է 5 կարգապահական տույժերի: Հետևաբար, Սերոբ Մխիթարյանը 17.09.2011 թ. դրությամբ հանդիսացել է պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտող:
ՈՒստի Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառելի չէր Համաներման ակտը, քանի որ որպես սահմանափակում առկա էր Համաներման ակտի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքը:
Ընդ որում, Դատարանը Սերոբ Մխիթարյանի կողմից պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտող հանդիսանալու փաստը պարզելու նպատակով որևէ հարցում չի կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկին, ինչը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գ. Սարգսյանի 17.05.2012 թ. N 40/18-3-2818 գրությամբ: Այդ փաստն ընդունել է նաև դատավոր Վլադիմիր Գրիգորյանը 29.05.2012 թ. ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրած իր բացատրության մեջ:
Այսինքն` Դատարանը Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառելով Համաներման ակտը` թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Վ. Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (իմ նախագահությամբ) վարույթում քննված թիվ ԵԷԴ/0167/01/10 քրեական գործով թույլ տրված խախտման կապակցությամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Ձեր 15.05.2012 թ. թիվ 73-Ա հրամանին և կարգապահական վարույթի նյութերին ծանոթանալով, հայտնում եմ հետևյալը.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իմ նախագահությամբ քննել է թիվ ԵԷԴ/0167/01/10 քրեական գործն ըստ մեղադրանքի Սերոբ Քերոբի Մխիթարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 17.09.2011 թ. կայացրել է մեղադրական դատավճիռ:
Նշված քրեական գործով նախաքննության ընթացքում մեղադրյալ Սերոբ Քերոբի Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 դատավճռով Սերոբ Քերոբի Մխիթարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 3-րդ կետի կիրառմամբ դատապարտվել էր ազատազրկման 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Նշված հանցանքը նա կատարել էր անչափահաս տարիքում:
Իմ նախագահությամբ քննված թիվ ԵԷԴ/0167/01/10 քրեական գործի դատաքննության ավարտին մոտ ամբաստանյալը և հանրային պաշտպանը միջնորդություն են ներկայացրել Դատարանին` ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.05.2011 թ. ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ թիվ ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով կայացված դատավճիռը վերանայելու և քրեաիրավական որակման առումով այն ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին:
Հարկ է նշել, որ թիվ ԵԷԴ/0167/01/10 քրեական գործով դատական ակտ կայացնելով` Դատարանը պարտավոր էր ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով` հանցանքների համակցությամբ, լուծել պատժի նշանակման հարցը, հետևաբար վերը նշված դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը մեխանիկորեն պետք է առաջանար:
Այն, որ 23.05.2011 թ. նշված օրենքի հիմքով դատարանը դատավճիռը վերանայելու և հանցանքի քրեաիրավական որակումը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու հարց է լուծում, դա նշանակում է, որ դատարանն իրավասու է նաև տվյալ գործով կիրառել նաև Համաներման ակտը, ինչպես շատ գործերով պատիժը կրող դատապարտյալների նկատմամբ, դատավճիռների վերանայման արդյունքում, դատարանների կողմից դատական ակտեր են կայացվել:
ԵԷԴ/0167/01/10 քրեական գործով Դատարանի տրամադրության տակ չեն եղել անհրաժեշտ տվյալներ պատիժը կրող դատապարտյալ Սերոբ Մխիթարյանի կարգապահական տույժերի վերաբերյալ: Ես ընդունում եմ, որ Համաներման ակտի պահանջի համաձայն` պարտավոր էի համապատասխան հարցում կատարել քրեակատարողական հիմնարկից` դատապարտյալի տույժերի առկայության վերաբերյալ, որպիսին իրոք, Համաներման ակտի պահանջներից մեկն է, և դա, ցավոք, իմ կողմից թույլ տրված բացթողում է:
Չարդարացնելով նշված վրիպումը` հայտնում եմ, որ դա բացատրում եմ տվյալ ժամանակահատվածում իմ գերծանրաբեռնված վիճակով, այն է` վարույթիս ընթացիկ գործերից բացի, ինձ հանձնարարված էր հարյուրից ավել քրեական գործերով քննության առնել վարչական տարածքում տեղակայված երեք քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների դիմումները` 23.05.2011 թ. օրենսդրական փոփոխության հիմքով նրանց վերաբերյալ կայացված դատավճիռները ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու մասին, դրանցից շուրջ 20-ը ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալների գործերն էին»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 գործով կայացրել է դատավճիռ, որով Սերոբ Քերոբի Մխիթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` նշանակված պատժի ժամկետի մեջ հաշվակցվել է ձերբակալման կապակցությամբ անազատության մեջ գտնվելու 3 (երեք) օրը, և Սերոբ Մխիթարյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: Սերոբ Մխիթարյանը կալանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում, պատժի սկիզբը հաշվվել է 13.08.2010 թ.:
Վերոգրյալ դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
2) 17.12.2010 թ. Սերոբ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ 27.12.2010 թ. մուտք է եղել Դատարան:
Դատական վիճաբանությունների փուլում 05.09.2011 թ. մեղադրողի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կարգով կայացվել է Սերոբ Մխիթարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում: Սերոբ Մխիթարյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
3) Դատարանը 17.09.2011 թ. դատավճիռ է կայացրել, որով վճռվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 23.05.2011 թ. ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հիմքով վերանայել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2010 թ. թիվ ԵԷԴ/0039/01/10 դատավճիռը, այն համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքին, Սերոբ Մխիթարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրան դատապարտել ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով:
Համաներման ակտի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 13-րդ կետի 1-ին «ա» ենթակետի կիրառմամբ Սերոբ Մխիթարյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2010 թ. դատավճռով նշանակված պատժից:
Սերոբ Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այդ հոդվածներով նրա նկատմամբ նշանակվել են ազատազրկման ձևով պատիժներ, և Համաներման ակտի հիման վրա Սերոբ Մխիթարյանն ազատվել է համապատասխան պատիժները կրելուց:
4) ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի կողմից 04.04.2012 թ. տրված տեղեկանքի համաձայն` ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում` 10.11.2010-09.09.2011 թթ. ընկած ժամանակահատվածում Սերոբ Մխիթարյանը ենթարկվել է թվով հինգ կարգապահական տույժերի:
5) ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Գ. Սարգսյանն իր 17.05.2012 թ. N 40/18-3-2818 գրությամբ հայտնել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը Դատարանից չի ստացել որևէ հարցում առ այն, թե արդյոք Սերոբ Մխիթարյանը պատիժը կրելու ընթացքում ենթարկվել է կարգապահական տույժերի, և արդյոք նա հանդիսանում է պատժի կրման սահմանված կարգը չարամիտ խախտող:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` օրենքի հիման վրա:
Մեջբերված դրույթների վերլուծությունից երևում է, որ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց գործելու սահմանադրաիրավական պահանջն առանցքային նշանակություն ունի սահմանադրական օրինականության ապահովման խնդրում, առանց որի անհնարին է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության և քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:
Նշված սահմանադրաիրավական պահանջին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշմամբ, որտեղ արձանագրել է, որ «(...) պետական իշխանությունը հանդես է գալիս որպես պետականորեն կազմակերպված ժողովրդի հանրային իշխանության ձև, որն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: Այդ բաժանումն իրականացվում է իշխանության գործառնական բնույթից ելնելով, որին համապատասխան ձևավորվում են անհրաժեշտ կառուցակարգեր` համապատասխան մարմիններ, որոնք սահմանադրորեն օժտվում են համարժեք լիազորություններով և իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Համաներման ակտի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է դատարաններին`
ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը գտնվում են դատարաններում, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:
Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` սույն որոշման կատարումը վերապահվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սերոբ Մխիթարյանի նկատմամբ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 13.08.2010 թ. կայացրել է մեղադրական դատավճիռ, նշանակել է ազատազրկման ձևով պատիժ: Նշված դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, և Սերոբ Մխիթարյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կրելիս է եղել իր նկատմամբ նշանակված պատիժը: Դատարանը 17.09.2011 թ. կայացված դատավճռով Համաներման ակտի 2-րդ կետի 3-րդ և 13-րդ կետի 1-ին «ա» ենթակետերի կիրառմամբ Սերոբ Մխիթարյանին ազատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2010 թ. դատավճռով նշանակված պատժից:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 13-րդ կետի լույսի ներքո` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Վ. Գրիգորյանը խախտել է համաներում կիրառելու կարգը: Սույն գործի նյութերի համաձայն` Դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալ Սերոբ Մխիթարյանը քրեակատարողական հիմնարկում օրինական ուժի մեջ մտած դատավճռով սահմանված պատիժը կրելիս է եղել, իսկ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց նկատմամբ համաներում կիրառելու իրավասությունը, համաձայն Համաներման ակտի 13-րդ կետի 4-րդ ենթակետի, վերապահված է այդ հիմնարկների պետերին: Հետևաբար, Դատարանն իրավասու չէր Համաներման ակտի կիրառմամբ Սերոբ Մխիթարյանին ազատել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2010 թ. դատավճռով նշանակված պատժի կրումից:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Սերոբ Մխիթարյանին Համաներման ակտի կիրառմամբ ազատելով պատժից, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Խորհուրդը համանման խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նախկինում կայացված որոշման մեջ. (տես` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի 2012 թվականի փետրվարի 10-ի թիվ ԱԽ-1-Ո-3 որոշումը):
2. Համաներման ակտի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` համաներումը չի կիրառվում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի:
Համաներման ակտի կիրառման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) համաներման կիրառման սահմանափակումները նախատեսված են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն: Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը: Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության, առաջացնել օրենքի ոչ միատեսակ կիրառություն» (տե՛ս Վարուժան Ավետիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11 որոշման 16-րդ կետը):
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի 17.09.2011 թ. դատավճռով Համաներման ակտի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 13-րդ կետի 1-ին «ա» ենթակետի կիրառմամբ Սերոբ Մխիթարյանն ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2010 թ. դատավճռով նշանակված պատժից:
Նույն դատավճռով Սերոբ Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այդ հոդվածներով նրա նկատմամբ նշանակվել են ազատազրկման ձևով պատիժներ, և Համաներման ակտի հիման վրա Սերոբ Մխիթարյանն ազատվել է համապատասխան պատիժները կրելուց:
Մինչդեռ, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետի կողմից 04.04.2012 թ. տրված տեղեկանքի համաձայն` ԵԷԴ/0039/01/10 քրեական գործով նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում` Սերոբ Մխիթարյանը, 10.11.2010-09.09.2011 թթ. ընկած ժամանակահատվածում, ենթարկվել է թվով հինգ կարգապահական տույժի, այսինքն` ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով Սերոբ Մխիթարյանը հանդիսացել է պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտող: Վերոգրյալից հետևում է, որ Դատարանի կողմից 17.09.2011 թ. դատական ակտ կայացնելու պահին Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառելի չէր Համաներման ակտը, քանի որ որպես սահմանափակում առկա էր Համաներման ակտի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքը:
Համաներման ակտի նշված սահմանափակումը պարզելու նպատակով Դատարանը որևէ հարցում չի կատարել, ինչը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի 17.05.2012 թ. N 40/18-3-2818 գրությամբ:
Մեջբերված փաստերը վերլուծելով Համաներման ակտի 9-րդ կետի 1-ին ենթակետի լույսի ներքո` Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Վ. Գրիգորյանը, առանց պարզելու Սերոբ Մխիթարյանի` պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտող հանդիսանալու փաստը, Համաներման ակտի կիրառմամբ անհիմն կերպով վերջինիս ազատել է նշանակված պատժի կրումից:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ դատավոր Վ. Գրիգորյանի կողմից թույլ տրված օրինականության սկզբունքի խախտման արդյունքում, Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Սերոբ Մխիթարյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, որը կիրառելի չէր:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, դուրս գալով իր լիազորությունների սահմաններից և Համաներման ակտով նախատեսված ուղղակի արգելքի պայմաններում Սերոբ Մխիթարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելով, թույլ է տվել նյութական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Խորհուրդը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Գ. Բադիրյան
Ռ. Բարսեղյան
Կ. Բաղդասարյան
Ա. Թումանյան
Գ. Խանդանյան
Ա. Խաչատրյան
Մ. Մակյան
Մ. Մարտիրոսյան
Հ. Փանոսյան
Ս. Օհանյան