Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ, 27-ՐԴ, 175-ՐԴ, 180-ՐԴ, 182-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵԿԴ/0136/11/11

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0136/11/11

Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                     Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ          Հ. Ասատրյանի

                                       Ե. Դանիելյանի

                                       Հ. Ղուկասյանի

                                       Ա. Պողոսյանի

                                       Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                   Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ դիմող               Լ. Պողոսյանի

    դիմող ներկայացուցիչ                Հ. Ալումյանի

 

    2011 թվականի դեկտեմբերի 22-ին                ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ դիմող Լ. Պողոսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի վճռաբեկ բողոքները,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանի որոշմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 62205611 քրեական գործը:

«Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը Լևիկ Պողոսյանի կողմից բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Լ. Պողոսյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի 2011 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ մերժվել է:

2011 թվականի օգոստոսի 11-ին Լ. Պողոսյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ դիմող Լ. Պողոսյանի բողոքը բավարարվել է մասնակիորեն, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ թույլ տրված և Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված` դիմող Լ. Պողոսյանի իրավունքների խախտումը:

3. Դիմող Լ. Պողոսյանի և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 29-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դիմող Լ. Պողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը:

2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիմող Լ. Պողոսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դիմող Լևիկ Պողոսյանը մինչև 2011 թվականի հոկտեմբերի 16-ը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր է եղել:

6. «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն` «(...) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանը վարույթ է ընդունել նույն դատարանի 2010 թ. հոկտեմբերի 22-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով պատիժը պայմանական կրող, փորձաշրջանի մեջ գտնվող Յուրա Հարությունյանի միջնորդությունը` բնակության վայրը փոխելու, ՀՀ Վայք քաղաքից ՌԴ Սանկտ-Պետերբուրգ` ընտանիքի անդամների մոտ, տեղափոխվելու մասին, որի կապակցությամբ դատարանի 2011 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ ներկայացված որոշումը բավարարվել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ չնայած Յուրա Հարությունյանի կինը և երեխան իրականում հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, սակայն 2007 թ. մշտապես բնակվել են վերջինիս հետ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում և իրենց բնակության վայրից երբևիցե չեն բացակայել:

Մինչդեռ, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանը դատական ակտի ի կատար ածելու հետ կապված հարցերի լուծման մասին որոշում կայացնելիս, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և կատարելով պաշտոնեական կեղծիք, հիմք է ընդունել և անառարկելիորեն հաստատված է համարել իրականությանը չհամապատասխանող այն հանգամանքը, որ Յուրա Հարությունյանի ընտանիքի անդամները բնակվում են Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Պրիմորսկի շրջանի Ավիակոնստրուկտորների նրբանցքի թիվ 36 շենքի 100-րդ բնակարանում, իսկ դատապարտյալը դատապարտվելու կապակցությամբ շուրջ 6-7 ամիս է ապրում է Վայք քաղաքում` ընտանիքից առանձին:

Բացի այդ, նույն որոշման մեջ արձանագրվել է, իբր Յուրա Հարությունյանը և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Վայոց ձորի բաժանմունքի պետ Ռաֆիկ Գևորգյանը մասնակցել են դատական նիստին»:

Վերոգրյալի հիման վրա քննիչը որոշել է` «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (...)» (տե՛ս նյութեր, էջ 25):

7. ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում (www.iոvestigatօry.am) 2011 թվականի հուլիսի 21-ին հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը. «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում 2011 թ. հուլիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն»:

8. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մաս)` Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են ծանրակշիռ փաստարկներ` քրեական գործի հարուցման մասին որոշումը բողոքարկելու հարցում ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները չկիրառելու և ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա` քրեական գործ հարուցելու մասին որոշումը մինչդատական վարույթում դատական բողոքարկման ենթակա ակտ ճանաչելու համար:

Նշված ծանրակշիռ փաստարկները հանգում են հետևյալին. քրեական գործ հարուցելու մասին որոշումը սկզբունքային նշանակություն ունի ողջ քրեական դատավարության համար, քանի որ այդ դատավարական փաստաթղթում ամփոփվում են նախապատրաստական ընթացակարգի արդյունքները, և տրվում են որոշակի փաստերի վերաբերյալ նախնական, սակայն պաշտոնական գնահատականներ: Նկատի ունենալով այն, որ քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, այլ ոչ թե անձի նկատմամբ, ուստի այդ գնահատականները կարող են վերաբերել միայն փաստերին և չեն կարող վերաբերել անձին կամ նրա արարքներին: Այնուհանդերձ, այն դեպքերում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցակազմ պարունակող որոշակի փաստեր ուղղակիորեն վերագրվում են կոնկրետ անձին, ապա ողջամտորեն ի հայտ են գալիս ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող մի շարք իրավաչափ շահերի վերաբերյալ մտահոգություններ (հանցագործության մեջ մեղադրվողի պաշտպանության իրավունք` 20-րդ հոդված, անմեղության կանխավարկած` 21-րդ հոդված): Այդ մտահոգություններն էլ ավելի լուրջ բնույթ են ստանում այն դեպքում, երբ կոնկրետ անձի մատնանշմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը դարձվում է հանրության սեփականություն: Նշվածի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ այն անձը, ով մատնանշված է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ, չի կարող զրկվել հենց մինչդատական վարույթի ընթացքում` Սահմանադրությամբ ամրագրված իր իրավաչափ շահերը դատարանի առջև պաշտպանելու և խախտման փաստի արձանագրման դեպքում իրավական պաշտպանության համարժեք միջոցներ ստանալու հնարավորությունից: Հակառակ դեպքում դա կհանգեցնի տվյալ անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Այսպիսով, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման, եթե դրանում առկա են կոնկրետ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարելու փաստը հաստատող ձևակերպումներ» (տե՛ս նյութեր, էջեր 40-48):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է հետևյալը. «Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով դիմող Լ.Պողոսյանի բողոքի պատճառաբանությունները, գտել է, որ «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ տեղ գտած ձևակերպումները դուրս են քրեական գործ հարուցելու նպատակների շրջանակներից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ, 18-րդ, 20-րդ կետերի, 202-204-րդ հոդվածների բովանդակությունների համադրումից հետևում է, որ կոնկրետ անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելու մեջ մեղադրելը վերաբերում է մինչդատական վարույթի ավելի ուշ փուլին` քրեական գործ հարուցելուց հետո քննչական գործողություններով ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդման հարուցմանը և ենթադրաբար կատարված հանցանքի մեջ անձի մեղավորության մասին եզրահանգմանը, դրանով պայմանավորված անձի իրավունքների սահմանափակմանը: Քրեական գործ հարուցելու և անձին որպես մեղադրյալ ներգրավելու փուլերը միմյանցից տարանջատվում են ոչ միայն ժամանակագրական առումով, այլև անձի մեղավորությունը հիմնավորելուն ուղղված համապատասխան քննչական գործողություններ կատարելու, հավաքված ապացույցները գնահատելու, մեղադրանքն ապացուցված լինելու հետ կապված բոլոր կասկածները փարատելու անհրաժեշտությամբ:

Օրենսդիրը հանցագործություն կատարած անձի ինքնության մասին պարտադիր նշում նախատեսում է անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանը նույնպես համաձայն է դիմողի այն պնդմանը, որ «Որպես մեղադրյալ ներգրավել» եզրույթը չպետք է մեկնաբանվի նեղ ու կապվի բացառապես քրեական դատավարության օրենսգրքում դրան տրված բովանդակության հետ, հակառակ դեպքում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքը կկրի պատրանքային բնույթ և չի ծառայի այն նպատակներին, որոնք իրականում նկատի են ունեցվել: ՀՀ Սահմանադրության մեջ այդ եզրույթն ունի ինքնուրույն, ինքնավար իմաստ և դրա մեկնաբանությունը չի կարող դրվել կախման մեջ այն բանից, թե ինչ կարգավորումներ կտրվեն քրեական դատավարության օրենսգրքով:

(...)

Իսկ տվյալ դեպքում, գործի փաստական հանգամանքների համաձայն, քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ դատավոր Լևիկ Պողոսյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ առկա է ենթադրություն այն մասին, որ իր կողմից կատարվել է քրեորեն հետապնդելի արարք:

(...)

Եթե քրեական գործ հարուցելու հիմնական, եթե ոչ գլխավոր նպատակը հանցագործություն կատարած անձի (անձանց) բացահայտումն է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդված), ապա քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հանցագործություն կատարած անձի հիշատակումը կարող է կանխորոշել նախաքննության հետագա ընթացքը, և լուրջ վերապահումներ կարող են առաջանալ այն առումով, որ այդպիսի պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինը հնարավորություն կունենա կատարելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իր պարտականությունը` ձեռնարկելու նույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Ավելին, քրեական գործ հարուցելու կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածն էլ չի նախատեսում, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է մատնանշվի ենթադրաբար հանցագործություն կատարած անձը: Այդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ «որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը»:

(...)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի մասերի համեմատական-տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական գործ հարուցելու պահին կարևոր նշանակություն է տրվում հանցագործությունից տուժած անձի հայտնի լինելու հանգամանքին, և օրենսդիրը շեշտադրում է կատարում հենց այդ պահից վերջինիս դատավարական կարգավիճակով օժտելու հարցին: Ինչ վերաբերում է քրեական գործ հարուցելու պահին հանցագործություն կատարած անձի հայտնի լինելու հանգամանքին և այն հարուցման որոշման մեջ որևէ կերպ ամրագրելուն, ապա օրենսդիրն այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել` նկատի ունենալով, որ քրեական գործի հարուցման գլխավոր նպատակը հենց հանցագործություն կատարած անձի բացահայտումն է:

(...)

Եթե «վարույթն իրականացնող մարմինը դատավոր Լ. Պողոսյանի անմեղությունը քրեական գործի հարուցման պահին կասկածի տակ չի դրել, առավել ևս` նրան մեղադրելու հնարավորություն և նպատակ չի ունեցել», ինչպես պնդում է դատախազն իր վերաքննիչ բողոքում, ապա ինչո՞ւ է քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական մասում որպես հաստատված փաստական հանգամանք մատնանշել, թե «...դատավոր Լևիկ Պողոսյանը դատական ակտի ի կատար ածելու հետ կապված հարցերի լուծման մասին որոշում կայացնելիս` չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և կատարելով պաշտոնեական կեղծիք, հիմք է ընդունել և անառարկելիորեն հաստատված է համարել իրականությանը չհամապատասխանող այն հանգամանքը, որ ...», իսկ նույն որոշման եզրափակիչ մասում ամրագրել, որ «ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործը հարուցվում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ» (տե՛ս նյութեր, էջեր 111-118):

10. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը սույն գործով դիմող` դատավոր Լ. Պողոսյանին ուղարկվել է դատախազ Կ. Փիլոյանի 2011 թվականի հոկտեմբերի 24-ի գրությամբ, որտեղ որպես հասցեատեր նշվել է «մեղադրյալ Լևիկ Վարդանի Պողոսյան» (տե՛ս նյութեր, էջ 180):

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Դիմող Լ. Պողոսյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

12. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանների որոշումներով քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել իր իրավունքների խախտումը: Մինչդեռ, ըստ բողոքաբերի, ստորադաս դատարանները, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գասպարյանի` «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշմամբ խախտվել են իր անձեռնմխելիության, հեղինակության, անկախության, անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքները, պետք է իրենց դատական ակտերով վերականգնեին իր խախտված իրավունքները` վերացնելով քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Բողոքաբերի կարծիքով, ստորադաս դատարանների կողմից արձանագրված` իր իրավունքների խախտումներն առաջացել են քրեական գործի հարուցման արդյունքում և հանդիսանում են դրա անմիջական հետևանք: ՈՒստի, կարող են վերացվել միայն քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելով: Այս կապակցությամբ բողոք բերած անձը նշել է նաև, որ քննիչը, ում վարույթում գտնվում է իր վերաբերյալ գործը, քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու իրավասություն չունի: Քննիչն իրավասու է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնել, որը կտարածվի այդ որոշմանը հաջորդող ժամանակահատվածի վրա, մինչդեռ բողոք բերած անձի կարծիքով, անհրաժեշտ է կայացնել այնպիսի որոշում, որը կտարածվի նաև նախկին ժամանակաշրջանի վրա և կվերացնի իր իրավունքների խախտումները` սկսած 2011 թվականի հուլիսի 21-ից:

13. Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները չեն անդրադարձել իր մի շարք կարևոր փաստարկների, ինչն անհամատեղելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի հետ և բողոքաբերին զրկել է իր մի շարք իրավունքների ենթադրյալ խախտումների հարցը դատական քննության առարկա դարձնելու և հետագայում նաև վերադաս դատարան բողոքարկելու հնարավորությունից:

Բողոք բերած անձի պնդմամբ ստորադաս դատարանները չեն անդրադարձել իր այն փաստարկին, որի համաձայն` ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից պաշտոնապես կասկածի տակ են դրվել դատավոր Լ. Պողոսյանի կողմից 2011 թվականի ապրիլի 22-ին կայացված և օրինական ուժի մեջ գտնվող որոշմամբ հաստատված հանգամանքները, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակաշռման սկզբունքի հետ: Բացի այդ, ՀՀ դատախազությունն իրավասու էր և ներկայումս էլ իրավասու է բողոքարկել դատավոր Լ. Պողոսյանի կողմից կայացված` 2011 թվականի ապրիլի 22-ի որոշումը, որի փոխարեն, խախտելով ՀՀ Սահմանադրության 5-րդ, 94-րդ և 97-րդ հոդվածների պահանջները, թույլ է տվել վերոնշյալ դատական ակտի օրինականության վիճարկում հատուկ քննչական ծառայության կողմից:

Ինչ վերաբերում է դատական նիստին Յուրա Հարությունյանի մասնակցության մասին դատարանի որոշման մեջ առկա նշագրմանը, ապա դա պարզապես վրիպակ է, որն ակնհայտ երևում է հենց որոշումից, քանի որ որոշման ներածական մասում Յուրա Հարությունյանի անունը` որպես նիստին ներկա գտնվող անձի, նշված չէ: Իսկ տեքստում նկատելով նրա անունը` դատավորը կարգադրել է ուղղել սխալը: Այս կապակցությամբ բողոքաբերը նշել է, որ համանման վրիպակ է թույլ տվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանը` քրեական գործ հարուցելու որոշման եզրափակիչ մասում «դատավոր Լևիկ Պողոսյանի» փոխարեն նշելով, որ գործը հարուցվում է «դատավոր Լևիկ Պետրոսյանի կողմից...»: Երբ պաշտպանական կողմը նկատել է նշված վրիպակը և այդ մասին նշել է իր բողոքում, գրվել է «21 հուլիսի 2011 թ.» թվագրված երկրորդ որոշումը` այս անգամ «դատավոր Լևիկ Պողոսյան» ազգանվամբ: Քննիչի որոշման մեջ տեղ գտած ազգանունների տարբերությունը դատախազ Կ. Փիլոյանը համարել է վրիպակ:

Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ դատախազությունը նույն գործողության համար դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու համաձայնություն է տալիս, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայության դեպքում դիտարկում է որպես իրավական հետևանք չառաջացնող տեխնիկական վրիպակ:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ կետի վկայակոչմամբ բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանի կողմից կայացված` «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» որոշման դեմ բերված բողոքին կարող էր լուծում տալ բացառապես ՀՀ գլխավոր դատախազը:

15. Վերոգրյալի հիման վրա` դիմող Լ. Պողոսյանը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումն ամբողջությամբ, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 29-ի որոշումը` իր բողոքի չբավարարված մասով բեկանել և փոփոխել` որոշում կայացնելով իր բողոքն ամբողջությամբ բավարարելու մասին, այն է`

1) Վերացնել «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ» ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշումը:

2) Վերացնել իր բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի 2011 թվականի օգոստոսի 5-ի որոշումը:

3) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1-րդ հոդվածին համապատասխան` լրացուցիչ որոշում կայացնել, որով ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի ուշադրությունը հրավիրել դատավորի կողմից քրեական օրենքով արգելված արարք կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու անթույլատրելիության վրա:

4) Դատախազ Կ. Փիլոյանի վերաքննիչ բողոքի մասով վարույթը կարճել:

16. ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը փաստարկել է, որ առկա է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

17. Ի հիմնավորումն իր վերոգրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ սույն գործով ստորադաս դատարանների որոշումները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, դրանցում արված հետևությունները հակասում են քրեադատավարական օրենքի բուն իմաստին, քանզի կիրառելուց առաջ պատշաճ կարգով չեն մեկնաբանվել:

Վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասը` բողոք բերած անձը փաստարկել է, որ այն քննիչին պարտավորեցնում է քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշել քրեական գործ հարուցելու հիմքը` ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը հաստատող փաստական տվյալները: Վերոգրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ քրեական գործ հարուցելիս հանցագործություն կատարած անձի մասին նշումը պարտադիր է, եթե խոսքը հատուկ սուբյեկտով հանցակազմերի մասին է, որոնց թվին են դասվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունները: Հետևաբար, դատարանի և դատավոր Պողոսյանի անունը քրեական գործ հարուցելու որոշման մեջ նշվել են ոչ թե որպես ինքնանպատակ, այլ որոշման մեջ հանցակազմի օբյեկտիվ կողմը բնութագրող գործողությունները, ինչպես նաև օբյեկտը նկարագրելու անհրաժեշտությունից ելնելով: Հակառակ դեպքում, քրեական գործ հարուցելու որոշումը ոչ միայն կհակասեր քրեական գործի հարուցման դատավարական կարգը սահմանող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջներին և ներքին տրամաբանությանը, այլև կիմաստազրկվեր:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները տարանջատված, դրանով իսկ ոչ պատշաճ մոտեցում ցուցաբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի վերլուծությանը, չեն անդրադարձել այն հարցին, թե կարո՞ղ էր արդյոք նախաքննական մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով քրեական գործ հարուցելիս այդ որոշման մեջ խուսափել դատավորի պաշտոնը և տվյալները նշելուց:

18. Անդրադառնալով ստորադաս դատարանների որոշումներում առկա այն դիրքորոշմանը, որ քրեական գործ հարուցելուց առաջ նախաքննական մարմինը միջնորդավորված պետք է դիմեր ՀՀ արդարադատության խորհրդին` դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով, բողոք բերած անձը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ մասը և փաստարկել, որ դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ առաջարկը ՀՀ Նախագահին է ներկայացվում հարուցված քրեական գործի ռեժիմով ձեռք բերված, դատավորի ապօրինությունը փաստող ապացույցների գնահատման արդյունքներով, քանի որ ակնհայտ է, որ դատավորին կալանավորելու կամ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներին նախորդող քննչական և դատավարական գործողությունները կարող են կատարվել բացառապես հարուցված քրեական գործի պայմաններում և կատարված նախաքննության արդյունքներով:

19. Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանների որոշումներից հասկանալի չէ, թե դատարանները թույլատրելի, թե անթույլատրելի են համարել ամբողջ նախաքննության ընթացքում` քրեական գործի հարուցումից մինչև 2011 թվականի օգոստոսի 29-ը ձեռք բերված ապացույցները:

20. Վերոգրյալի հիման վրա` բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքը բավարարել, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 29-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումները վերացնել` օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Գասպարյանի 2011 թվականի հուլիսի 21-ին կայացրած որոշումը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Քրեական գործ հարուցելու մասին որոշման դատական բողոքարկումը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. այն դեպքերում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ որպես ենթադրյալ հանցանք կատարած մատնանշվել է կոնկրետ անձի անուն, վերջինս իրավունք ունի՞ արդյոք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկել այդ որոշումը:

22. Քրեական գործ հարուցելու մասին որոշման դատական բողոքարկման հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վ. Գրիգորյանի և Վ. Մանուկյանի գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես, Վ. Գրիգորյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է` քրեական օրենսգրքով չթույլատրված ենթադրաբար կատարված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի (արարքների) կապակցությամբ, այլ կերպ` փաստի առթիվ, և որևէ անձի համար քրեական դատավարությունում այն իրավական որևէ հետևանք չի առաջացնում, ուստիև` քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ քրեական դատավարությունում որևէ մեկի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում:

Այսպիսով` քրեական գործ հարուցելու մասին որոշումը դատական վերահսկողության առարկա լինել չի կարող, քանի որ քրեական դատավարությունում քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ անձի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում» (տե՛ս Վալերի Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշումը, կետ 14):

Վ. Մանուկյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման» (տե՛ս Վարուժան Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշումը, կետ 16):

23. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով իր նախկինում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, իսկ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու ինստիտուտ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ: Հետևաբար քրեական գործ հարուցելու մասին որոշումը օրենքին համապատասխան կայացնելու դեպքում որևէ անձի իրավունքները և օրինական շահերը չեն խախտվում: Սակայն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործնականում քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ հաճախ որպես հանցագործություն կատարող մատնանշվում է կոնկրետ անձ, ընդ որում, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կամ նույնիսկ մեղադրական դատավճռին բնորոշ հաստատական ձևակերպումներով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու որոշման իրավական հետևանքների և բողոքարկման հարցերի առնչությամբ իր նախկինում արտահայտած դիրքորոշումները որոշակի զարգացման անհրաժեշտություն ունեն:

24. Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն`

i

«Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

i

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:

2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:

3. Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող, իսկ եթե հանցագործության մասին հաղորդման հետ միաժամանակ ներկայացված է քաղաքացիական հայց, այդ անձը նույն որոշմամբ ճանաչվում է նաև քաղաքացիական հայցվոր:

4. Քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին:

5. Քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն հանցագործությունը խափանելու և կանխելու, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն առարկաները և փաստաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ, որոնք գործի համար կարող են նշանակություն ունենալ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն`

«Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

(...)

2) քրեական գործ` քրեական հետապնդման մարմնի (...) կողմից իրականացվող առանձին վարույթ` քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ.

(...)

17) քրեական հետապնդում` այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը.

18) քրեական հետապնդման հարուցում` քրեական հետապնդման մարմնի որոշումն անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին.

(...)

20) մեղադրանք` սույն օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացված հիմնավորում` որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի կատարման մասին.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն`

i

«Քրեական գործի վարույթը, այն է` քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք` իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն`

«Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար: (...)»:

25. Վերոգրյալ դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ քրեական գործի հարուցմամբ սկսվում է քրեադատավարական այն վարույթը, որի շրջանակներում իրավասու մարմինն իրավունք է ստանում ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` հանցագործությունը և այն կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ: Միայն քրեական գործ հարուցելուց հետո է վարույթն իրականացնող մարմինն օժտվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական և դատավարական գործողություններ կատարելու լայն լիազորություններով և իրավունք ստանում միջամտելու անձանց իրավունքներին և օրինական շահերին, անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառելու դատավարական հարկադրանքի միջոցներ և այլն:

Այսպիսով, քրեական գործի հարուցմամբ`

ա) պաշտոնապես ազդարարվում է հանցագործության, դրա հանգամանքների և այն կատարած անձանց բացահայտմանն ու մերկացմանն ուղղված պետական մարմինների գործունեության սկիզբը,

բ) դրվում է այն իրավական հիմքը, որը թույլ է տալիս սահմանափակել անձանց իրավունքներն ու օրինական շահերը, հարկադրանք կիրառել նրանց նկատմամբ և այլն:

Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածում սահմանել է քրեական գործ հարուցելու որոշման ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Մասնավորապես, ամրագրվել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշվեն` քրեական գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է քրեական գործը, հանցագործությունից տուժած անձը, հարուցելուց հետո գործի ընթացքը և այլն:

Այսպիսով, վերոգրյալ դրույթների համակարգային վերլուծությունից երևում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ ենթադրաբար հանցագործություն կատարած անձի մատնանշման պահանջ նախատեսված չէ:

26. Վ. Գրիգորյանի և Վ. Մանուկյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները մեկնաբանելով սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը հանդես չի գալիս որպես ենթադրաբար հանցանք կատարած անձին դատավարական կարգավիճակ տալու հիմք:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ ենթադրաբար հանցանք կատարած անձին մատնանշելու պահանջ նախատեսված չէ ոչ միայն այն պատճառով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման նշանակությունն այլ է, քան անձին կարգավիճակ տալը կամ մեղադրանք առաջադրելը, այլ նաև այն պատճառով, որ այդ որոշման կայացման համար օրենքով ապացույցների որոշակի ծավալ չի պահանջվում: Ավելին, քրեական գործ հարուցելու փուլում ապացուցումն իրականացվում է միայն քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը պարզելու նպատակով, այլ ոչ թե ենթադրաբար հանցանք կատարած անձին կարգավիճակ տալու կամ մեղադրանք առաջադրելու համար: Դրանով էլ պայմանավորված` օրենսդիրն այդ փուլում սահմանափակ թվով քննչական և դատավարական գործողությունների կատարում է թույլատրում: Անձին կարգավիճակ տալու կամ մեղադրանք առաջադրելու հիմքերի պարզումը (ամբողջ ծավալով ապացուցում իրականացնելը) արդեն իսկ հարուցված քրեական գործով իրականացվող հետագա վարույթի խնդիր է, որի շրջանակներում թույլատրվում է կատարել տարբեր քննչական և դատավարական գործողություններ, կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ և այլն:

27. Հիմք ընդունելով սույն որոշման 22-26-րդ կետերում շարադրված վերլուծությունը և համապատասխանաբար նաև Վ. Գրիգորյանի և Վ. Մանուկյանի գործերով կայացված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը:

28. Վճռաբեկ դատարանի` սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը հիմնված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվող` «քրեական մեղադրանք» հասկացության կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի վրա, որի համաձայն` «քրեական մեղադրանք» եզրույթը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով: «Մեղադրանք» հասկացությունը կարող է սահմանվել որպես իրավասու մարմնի կողմից անձին պաշտոնապես արված տեղեկացում այն մասին, որ առկա է նրա կողմից քրեորեն հետապնդելի արարք կատարելու վերաբերյալ ենթադրություն (Դեվեերն ընդդեմ Բելգիայի (Deweer v. Belgiսm) գործով վճիռ, 1980 թ. փետրվարի 27, գանգատ թիվ 6903/75, կետեր 44, 46): Այսինքն` անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի (Eckle v. Germaոy) գործով վճիռ, 1982 թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78, կետ 73, Շուբինսկին ընդդեմ Սլովենիայի (Zubinski v. Slovenia) գործով վճիռ, 2007թ. հունվարի 18, գանգատ թիվ 19611/04, կետ 62, Գ.Կ.-ն ընդդեմ Լեհաստանի (G.K. v. Poland) գործով վճիռ, 2004 թ. հունվարի 20, գանգատ թիվ 38816/97, կետ 98): Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կիրառման եղանակը պայմանավորված է տվյալ վարույթի առանձնահատկություններով (Շաբելնիկն ընդդեմ Ուկրաինայի (Sհabelnik v. Ukraine) գործով վճիռ, 2009 թ. փետրվարի 19, գանգատ թիվ 16404/03, կետ 52):

29. Սույն որոշման 27-րդ կետում շարադրված եզրահանգումը վերլուծելով սույն որոշման 28-րդ կետում մեջբերված` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում` պաշտպանության իրավունքից:

30. Ն. Միսակյանի գործով կայացված որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պահպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները: (...)» (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ին կայացված թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը, կետ 12):

31. Հիմք ընդունելով սույն որոշման 22-30-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում նա պետք է օգտվի որոշակի դատավարական երաշխիքներից, իսկ այն դեպքում, երբ այդ երաշխիքները չեն ապահովվի, անձը պետք է իրավունք ունենա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, քանի որ դրանով խախտվում են անձի սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերը, իսկ այդ որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում` դատարանում գործն ըստ էության քննելիս, կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

Այսպիսով, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում կոնկրետ անձի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

Վճռաբեկ դատարանի այս հետևությունը հիմնված է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի այն պահանջի վրա, որ «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Իսկ անմիջականորեն գործող իրավունքը չի կարող լինել վերացական:

Այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս արտահայտել է համանման դիրքորոշում: Մասնավորապես, Արտիկոյի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործնականում և արդյունավետ իրականացվող իրավունքներ: Դա հատկապես վերաբերում է պաշտպանության իրավունքին (Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Articօ v. Italy) գործով վճիռ, 1980 թ. մայիսի 13, կետ 33):

32. Սույն որոշման նախորդ կետում սահմանված իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշման դեմ բողոքը դատական վերահսկողության կարգով քննելիս դատարանն իրավասու չէ անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք հետագայում` գործն ըստ էության քննելիս, պետք է դատական քննության առարկա դառնան: Մասնավորապես, դատարանը չպետք է հետևություններ անի և իրավական գնահատականներ տա գործով ձեռք բերված ապացույցներին, դրանց թույլատրելիությանը, վերաբերելիությանը, գործի լուծման համար բավարարությանը, անդրադառնա արարքի քրեաիրավական որակմանը վերաբերող հարցերին:

Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի այն հարցադրումը, թե արդյոք թույլատրելի՞ են նախաքննության ընթացքում` քրեական գործի հարուցումից մինչև 2011 թվականի օգոստոսի 29-ը, ձեռք բերված ապացույցները (տե՛ս սույն որոշման 19-րդ կետը), սույն վարույթի շրջանակներում պարզաբանման ենթակա չէ:

33. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանը 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (...)» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

34. Սույն որոշման 22-32-րդ կետերում ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 33-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված են համարվել ոչ միայն դատավորի կողմից պաշտոնեական լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստը, այլև հիմնավորվել է նկարագրված արարքներում նրա մեղավորությունը: Հետևաբար, հիմնավոր է սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերում առկա այն եզրահանգումը, որ քրեական գործ հարուցելու մասին քննիչի որոշման նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ դատավոր Լևիկ Պողոսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնեական կեղծիք (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործ հարուցելու մասին խնդրո առարկա որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

 

II. Դատավորի նկատմամբ քրեական վարույթը.

35. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պահպանվե՞լ են արդյոք դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը:

36. ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` «(...) Դատավորի (...) գործունեության երաշխիքները և պատասխանատվության հիմքերն ու կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով:

Դատավորը (...) [չի] կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև [նրա] նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի (...) համաձայնության: (...)»:

i

ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորին չի կարելի կալանավորել, նրան որպես մեղադրյալ ներգրավել, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկել` առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի առաջարկի հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության»:

Մեջբերված սահմանադրական և օրենսդրական նորմերում ամրագրված` դատավորի անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Ա. Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ և արձանագրել, որ. «(...) դատավորի անձեռնմխելիությունն անկողմնակալ, արդար և օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար իրավունքի բաղադրատարր է, ուստի այդ բաղադրյալ իրավունքի յուրաքանչյուր կրողի առանձին իրավունք-երաշխիք:

(...) [Դ]ատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե դատավորի համար չապահովվի լիազորությունները դադարեցնելուց և դատավորի կարգավիճակը կորցնելուց հետո անձեռնմխելիության լրացուցիչ երաշխիքներ: (...) այդ երաշխիքները կոչված են ապահովել գործող դատավորի և հանրության (արդար դատաքննության իրավունքի կրողների) այն համոզմունքը, որ պաշտոնավարման ավարտից հետո դատավորը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար: Միայն այդպիսի երաշխիքների առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել դատավորի մասնագիտական գործունեությանը և հանրության մոտ ձևավորել գործող դատավորի անկախության և անաչառության նկատմամբ վստահություն:

(...)

Դատավորի անձեռնմխելիության ընթացակարգային երաշխիքների համակարգը սահմանող սահմանադրական և օրենսդրական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ այդ երաշխիքները երկու տեսակի են. առաջին` դատավորի ձերբակալմանը վերաբերող երաշխիքներ, և երկրորդ` դատավորի կալանավորմանը, որպես մեղադրյալ ներգրավելուն, նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի հարուցմանը վերաբերող երաշխիքներ:

(...)

Երկրորդ տեսակի երաշխիքներն արտահայտվում են նրանում, որ բացառում են դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու և դատական կարգով վարչական պատասխանատվության հարց հարուցելու հնարավորությունը` առանց ՀՀ արդարադատության խորհրդի առաջարկության հիման վրա Հանրապետության Նախագահի տված համաձայնության: Ընդ որում, ՀՀ արդարադատության խորհուրդը, օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ, իրավասու մարմնի ներկայացրած միջնորդության հիման վրա նախապես ստուգելով դատավորին կալանավորելու, քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունը, համապատասխանաբար որոշում է կայացնում համաձայնություն տալու խնդրանքով Հանրապետության Նախագահին դիմելու մասին կամ մերժում է ներկայացված միջնորդությունը: (...)» (տե՛ս Անահիտ Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 36-37-րդ, 43-րդ, 45-րդ կետերը):

37. Զարգացնելով Ա. Սաղաթելյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 22-34-րդ կետերում շարադրված մոտեցումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ դատավորը մատնանշվում է` որպես հանցանք կատարող, նա պետք է օգտվի որոշակի դատավարական երաշխիքներից, իսկ այն դեպքում, երբ այդ երաշխիքները չեն ապահովվի, դատավորը պետք է իրավունք ունենա մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը, քանի որ դրանով խախտվում են իր սահմանադրական իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսով, հիմք ընդունելով սույն որոշման 31-րդ կետում ձևավորված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ հաստատված է համարվում դատավորի կողմից քրեորեն պատժելի որևէ արարք կատարելու փաստը, այլ խոսքով` քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ դատավորը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

38. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Գասպարյանը 2011 թվականի հուլիսի 21-ի որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (...)» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Դատախազ Կ. Փիլոյանի կողմից դատավոր Լ. Պողոսյանին հասցեագրված 2011 թվականի հոկտեմբերի 24-ի գրության մեջ որպես հասցեատեր նշվել է «մեղադրյալ Լևիկ Վարդանի Պողոսյան» (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.12.2011
N ԵԿԴ/0136/11/11
Որոշում