ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0136/11/11
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵԿԴ/0136/11/11
Նախագահող դատավոր` Ս. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
(2-րդ մաս)
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
39. Սույն որոշման 36-37-րդ կետերում և համապատասխանաբար նաև Ա. Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 38-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լ. Պողոսյանին ըստ էության քրեական մեղադրանք է առաջադրվել:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը: Դատավոր Լ. Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել` առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ Նախագահի համաձայնությունն ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից:
III. Դատավորի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունը.
40. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. ՀՀ գլխավոր դատախազից բացի որևէ այլ դատախազ իրավասո՞ւ է արդյոք հսկողություն իրականացնել դատավորի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության և նախաքննության նկատմամբ:
41. «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն`
«1. Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:
(...)
4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները»:
Վերոշարադրյալ դրույթի վերլուծությունից երևում է, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն կարող են իրականացնել`
1) ՀՀ գլխավոր դատախազը.
2) ՀՀ գլխավոր դատախազի կողմից լիազորված դատախազները:
42. ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն`
«(...)
4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (...)»:
Մեջբերված դրույթի վերլուծությունից երևում է, որ դատավորի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:
43. Սույն որոշման 41-42-րդ կետերում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված հատուկ կարգավորման համաձայն` դատավորի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու պարագայում, երբ այդ որոշման մեջ նշվում է դատավորի անունն ու ազգանունը, հարուցված քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված է բացառապես ՀՀ գլխավոր դատախազը, և նա չի կարող լիազորել այլ դատախազի իր փոխարեն հսկողություն իրականացնել մինչդատական վարույթի նկատմամբ այն դեպքում, երբ դատավորի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացված որոշման մեջ նշված է դատավորի անունն ու ազգանունը:
44. Վճռաբեկ դատարանի` սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգումը հիմնված է հետևյալ հանգամանքների վրա`
ա) դատավորի կարգավիճակի առանձնահատկությունը ենթադրում է դատավորի անձեռնմխելիության ապահովման լրացուցիչ երաշխիքների, այդ թվում` մինչդատական վարույթի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազի հսկողության առկայություն:
բ) «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ՀՀ դատական օրենսգրքում հատուկ կարգավորում նախատեսված լինելը:
45. Սույն գործի նյութերից հետևում է, որ դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո այդ գործի նկատմամբ հսկողությունն իրականացվել է ոչ թե ՀՀ գլխավոր դատախազի, այլ ուրիշ դատախազի կողմից (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
46. Սույն որոշման 41-44-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 45-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նշվել է դատավորի անունը և ազգանունը, այսինքն` դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նշված հանգամանքը համադրելով ՀՀ դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված պահանջի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն պետք է իրականացներ ՀՀ գլխավոր դատախազը: Հետևաբար, սույն գործով տեղի է ունեցել օրինականության սկզբունքի խախտում, որն արտահայտվել է նրանում, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվել ոչ պատշաճ դատախազի կողմից:
IV. Դատավորի նկատմամբ իրականացվող վարույթի գաղտնիությունը.
47. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված չորրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշման հրապարակումը:
i
48. ՀՀ դատական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Արդարադատության խորհրդի նիստերը դռնփակ են, բացառությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության այն դեպքերի, երբ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պահանջում է իր գործի հրապարակային քննություն (...)»:
ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «գաղտնի» դրոշմագրով (...)»:
«Դատավորի կարգավիճակի մասին» 1998 թվականի Եվրոպական խարտիայի 1.1-րդ կետի համաձայն` դատավորի կարգավիճակը նշանակում է այնպիսի ձեռնհասության, անկախության և անկողմնակալության ապահովում, որոնք յուրաքանչյուր մարդ իրավաչափորեն ակնկալում է դատական մարմիններից և ամեն մի դատավորից, որին վստահված է իր իրավունքների պաշտպանությունը: Այն բացառում է ցանկացած իրավիճակ և ընթացակարգ, որոնք կարող են սասանել վստահությունն այդ ձեռնհասության, անկախության և անկողմնակալության նկատմամբ:
Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների» 17-րդ կետի համաձայն` իր պարտականությունները կատարելու ընթացքում դատավորի հասցեին ստացված մեղադրանքը կամ գանգատը, համաձայն համապատասխան ընթացակարգի, պետք է անհապաղ և անաչառ քննարկվի: Դատավորն ունի պատասխանի և արդարացի քննարկման իրավունք: Դժգոհությունների քննարկումը, եթե դատավորն այլ խնդրանքով հանդես չի եկել սկզբնական փուլում, պետք է անցկացվի գաղտնի:
49. Վերոշարադրյալ դրույթների համակարգային վերլուծության ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու փուլում կայացվող որոշման մեջ դատավորը մատնանշվում է` որպես ենթադրյալ հանցանք կատարած անձ և նշվում են դատավորի անունն ու ազգանունը, գաղտնիության սկզբունքի պահպանումը դառնում է գերակա հանրային շահ, քանի որ դատավորի նկատմամբ քրեական կամ այլ վարույթ իրականացվելու հիմքով դատավորին կարող է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվել: Արդյունքում դատավորը փաստացի կարող է զրկվել արդարադատություն իրականացնելու հնարավորությունից, քանի որ գաղտնիության պահանջները չպահպանելու հետևանքով կարող է կասկածի տակ դրվել նրա անաչառությունը, անկախությունը և հեղինակությունը:
50. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում 2011 թվականի հուլիսի 21-ին հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
51. Սույն որոշման 48-49-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 50-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշման հրապարակումն իրավաչափ չի եղել: Այս առումով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խախտել է դատավորի նկատմամբ իրականացվող վարույթի գաղտնիության վերաբերյալ միջազգային և ներպետական մի շարք դրույթներ (տե՛ս սույն որոշման 48-րդ կետը), քանի որ դատավորի նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր, այդ թվում` քրեական վարույթ, պետք է լինի գաղտնի, եթե հակառակը չի պահանջում դատավորը:
52. Ինչ վերաբերում է դիմող Լ. Պողոսյանի բողոքի այն պնդումներին, որ ստորադաս դատարանները, գտնելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ խախտվել են իր իրավունքները, պետք է վերացնեին բողոքարկված որոշումը, այլ ոչ թե իր իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանեին, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1-րդ հոդվածին համապատասխան պետք է լրացուցիչ որոշում կայացնեին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հանգամանորեն քննարկվել են Վերաքննիչ դատարանի դատական ակտում, որում առկա են բավարար հիմնավորումներ ու պատճառաբանություններ` նշված փաստարկների վերաբերյալ (տե՛ս նյութեր, էջեր 116-118):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական է, դրանում առկա հետևությունները հիմնավորված են և պատճառաբանված: Հետևաբար, բերված վճռաբեկ բողոքները պետք է մերժել, Վերաքննիչ դատարանի դատական ակտը` թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները մերժել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 29-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 հոկտեմբերի 5-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան