040.0936.300712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2012 թվականի N 936-Ա
«ԾՈՎԱՓՆՅԱ ԱՐԵԳՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ծովափնյա Արեգունի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը` Գեղարքունիքի մարզ, գ. Արևիկ, պետական գրանցման համարը` 35.070.00528):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Ծովափնյա Արեգունի» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում բաժնետիրական ընկերությունում իրականացնել գույքագրում, և գույքն ու համապատասխան փաստաթղթերը հանձնել լուծարման հանձնաժողովին:
4. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվելուց հետո ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Սահմանել, որ`
1) բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ