i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս առողջապահության նախարարության և Լիբանանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս առողջապահության նախարարության, (այսուհետ` Կողմեր),
ելնելով իրենց երկրների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունից,
կնքեցին սույն Համաձայնագիրը.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց երկրների ներքին օրենսդրությանը համապատասխան, կաջակցեն միմյանց առողջապահական և բժշկագիտական ինստիտուտների, կենտրոնների և այլ հիմնարկների միջև համագործակցության զարգացմանը, որը կիրականացվի դրանց միջև կնքվելիք երկկողմ համաձայնագրերի միջոցով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը առաջնային և ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալու երկու երկրների առողջապահության համակարգերին և առավել լավ պատրաստելու իրենց առողջապահության գիտահետազոտական ոլորտների աշխատողներին:
Կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված անձանց և փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները և թեմաները փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ: Ժամանման օրվա և ճանապարհի մասին ուղարկող Կողմը ընդունող Կողմին պետք է տեղեկացնի ամենաքիչը 15 օր առաջ: ՈՒղարկող Կողմը իր վրա կվերցնի ուղևորվող մասնագետների ճամփորդական ծախսերը: Ընդունող Կողմն իր վրա կվերցնի այցելության ընթացքում մյուս Կողմի մասնագետների` երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 3
Բժշկագիտական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով Կողմերի բժշկագիտական միությունները մինչև ամեն տարվա դեկտեմբերի 15-ը միմյանց կներկայացնեն գիտաժողովների ժամանակացույցը: Միությունները նմանապես կներկայացնեն վերոհիշյալ ժողովների կազմակերպչական մանրամասները և մյուս Կողմի մասնակիցների համար կապահովեն նվազեցված վճարումներ ու արտոնյալ սակագներ` կախված ֆոնդերի հնարավորություններից:
ՀՈԴՎԱԾ 4
4.1. Կողմերը կաջակցեն բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը:
Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությունը կստեղծվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով` հիմնված աշխատանքի համատեղ պլանների և մեթոդների վրա:
Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված պլանները կգործեն տվյալ երկրի իրազեկ մարմինների կողմից հաստատվելուց հետո` տեղի օրենսդրությանը համապատասխան:
4.2. Կողմերը կօժանդակեն միմյանց հիվանդանոցների միջև ուղղակի կապերի ու համագործակցության հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 5
5.1. Կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի փոխանակմանը:
5.2. Կողմերը միմյանց կուղարկեն առողջապահական վիճակագրական տվյալներ և վարակիչ հիվանդությունների վերաբերյալ համաճարակաբանական հաշվետվություններ:
5.3. Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, կփոխանակեն տեղեկություններ միմյանց առողջապահական օրենսդրությունների և հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների մասին:
5.4. Կողմերը կնպաստեն բժշկական հրատարակչությունների միջև համագործակցության զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 6
6.1. Կողմերը իրենց երկրում պաշտոնական նպատակներով գտնվող մյուս կողմի քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմին, փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ, դեղամիջոցներով և բժշկական նյութերով, ինչպես նաև անվճար հիվանդանոցային բուժմամբ` թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի միջամտության անհրաժեշտության դեպքում:
6.2. Թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի դեպքերում որևէ Կողմի տարածքում ժամանակավոր այցելությամբ գտնվող զբոսաշրջիկներին ընդունող Կողմը, տվյալ երկրի քաղաքացիների համար գործող կարգին համապատասխան, պետք է ապահովի բժշկական խնամքով, մինչև որ հիվանդի վիճակը թույլ տա առանց առողջությունը վնասելու նրան տեղափոխել իր երկիր:
6.3. Համաճարակային մեծ նշանակություն ունեցող վարակիչ հիվանդությունների դեպքում Կողմերից մեկի տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի քաղաքացիները կօգտվեն անվճար բժշկական ծառայությունից:
Երբ հիվանդին հնարավոր լինի տեղափոխել, ընդունող Կողմը անհրաժեշտության դեպքում կապահովի հիվանդի տեղափոխումը մինչև իր երկրի սահմանը, որտեղ նա կընդունվի տեղական իշխանությունների կողմից:
6.4. Կողմերը կարող են ախտորոշման և բուժման նպատակով հիվանդներ ուղարկել մյուս Կողմին` ամեն առանձին դեպքում փոխադարձ համաձայնության հիման վրա: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:
6.5. Կողմերից մեկի քաղաքացու` մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը փոխադարձաբար կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ, ինչպես նաև դիակի զմռսում կամ պահպանման այլ ձևեր: Տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի իրականացմանն ու համակարգմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով Կողմերի երեքական ներկայացուցիչներից կստեղծվի համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Երևանում և Բեյրութում:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կատարված փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կհանդիսանան նրա բաղկացուցիչ մասը:
Նշված արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի երկրների ներքին օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ գործընթացն անցնելու մասին դիվանագիտական ճանապարհով փոխադարձաբար իրազեկ դարձնելու օրվանից և գործում է 5 տարի ժամկետով:
Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 1 տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ճանապարհով չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:
Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտի Համաձայնագրով նախատեսված ծրագրերի հետ կապված այն պարտավորությունների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 21-ից: