i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
իրենց երկրների միջև տնտեսական և առևտրական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման նպատակով,
ցուցաբերելով համագործակցությունը զարգացնելու ձգտում ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման, ԻՍՕ 9000 և 14000 շարքի միջազգային ստանդարտների հիման վրա արտադրանքի որակի և շրջակա միջավայրի կառավարման, սպառողի իրավունքների պաշտպանության և փոխմատակարարվող արտադրանքի անվտանգության հաստատման ապահովման բնագավառում,
ղեկավարվելով միջազգային իրավունքի սկզբունքներով և նորմերով,
երկու պետություններում գործող օրենսդրության շրջանակներում
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը փոխադարձաբար ճանաչում են ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման գործող պետական (ազգային) համակարգերը:
Կողմերը`
Կողմերի միջև համաձայնեցված կարգով փոխադարձաբար ճանաչում են չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման, ստուգաճշտման, չափագիտական վկայագրման արդյունքները և այն կազմակերպությունները, որոնք կատարում են ստուգաչափման և փորձարկման լաբորատորիաների և կենտրոնների հավատարմագրում, ինչպես նաև նրանց կողմից հավատարմագրված լաբորատորիաները և կենտրոնները, որոնք իրականացնում են չափման միջոցների ստուգաչափում, փորձարկումներ և ստուգաճշտում,
ճանաչում են մյուս Կողմի` հավատարմագրված սերտիֆիկացման մարմինները, ստուգաչափական և փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները), փոխմատակարարվող արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատները և նշանները սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մարմինների կողմից որոշվող` համաձայնեցված կարգով,
ճանաչում են Կողմերի ճանաչմանն արժանացած սերտիֆիկացման միջազգային և ազգային համակարգերում տրված փորձագետ - աուդիտորների սերտիֆիկատները,
կիրառում են մյուս Կողմի ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ փաստաթղթերը, եթե նրանց պահանջները չեն հակասում տվյալ պետության գործող օրենսդրության համաձայն` ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմնի կողմից գործողության մեջ դրված սահմանված կարգին:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը միմյանց միջև իրականացնելու են համագործակցությունը համաձայնագրերի և համատեղ ծրագրերի հիման վրա, որոնք նախատեսում են`
փոխգործակցություն ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման նորմատիվ և մեթոդական փաստաթղթերի մշակման գործում,
կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների և չափումների ելակետային նմուշային միջոցների ստեղծում, կատարելագործում և համեմատում,
տարրերի և նյութերի բաղադրությունների և հատկությունների, ստանդարտ նմուշների, ինչպես նաև տարրերի և նյութերի ֆիզիկական հաստատունների և հատկությունների մասին տվյալների ստանդարտ տեղեկատուների ստեղծում և օգտագործում,
ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և հավատարմագրման պետական (ազգային) համակարգերի հետագա զարգացում, կատարելագործում և ներդաշնակեցում,
ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կաջակցեն միմյանց ստանդարտացման, չափագիտության, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառում այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամակցելուն, որոնց անդամ է Կողմերից մեկը, և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելուն:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կապահովեն ստացվող փաստաթղթերի և սույն Համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների մասին տեղեկատվության գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշի դրանց գաղտնիության մասին:
Նշված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ պետության միայն այն տրամադրող Կողմի գրավոր համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար պատասխանատու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը,
Ղազախստանի Հանրապետությունում` Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կոմիտեն:
Լիազորված մարմինների պաշտոնական անվանումների փոփոխման դեպքում Կողմերը այդ մասին միմյանց անհապաղ տեղեկացնում են դիվանագիտական ուղիներով:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված ուղղություններով համագործակցությունն իրականացվելու է սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված մարմինների միջև համատեղ ծրագրերի մշակման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի ստանձնած իրավունքներն ու պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում ծագող վեճերը կամ տարաձայնությունները Կողմերը լուծելու են փոխադարձ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Արձանագրությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ղազախերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը ղեկավարվելու են ռուսերեն տեքստով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 17-ից: