ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը և Հնդկաստանի Հանրապետության ստանդարտների բյուրոն (այսուհետ` Կողմեր),
առևտրատնտեսական հարաբերություններում տեխնիկական խոչընդոտների վերացման և գիտական ու տեխնիկական զարգացումը խթանելու նպատակով,
հաշվի առնելով ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում գործունեության կարևորությունը գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության մեջ փոխշահավետ կապերի զարգացման համար` իրենց երկրներում գործող օրենքներին և կանոնադրություններին, ինչպես նաև համագործակցության գործընթացին և քաղաքականությանը համաձայն,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, ելնելով իրենց փոխադարձ շահերից, պայմանավորվեցին համագործակցել ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում` սույն Համաձայնագրին և իրենց օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը աշխատանքներ կիրականացնեն սերտիֆիկացման ընթացակարգերի (ինչպիսիք են որակի համակարգի սերտիֆիկացումը, արտադրանքի սերտիֆիկացումը և այլն) ներդաշնակեցման, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման արդյունքների, փորձարկման արձանագրությունների և սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի միջև համագործակցությունը ընդգրկում է տեղեկատվության և փորձի փոխանակում` համատեղ աշխատանքների կատարում հետևյալ ուղղություններով`
- ստանդարտացման աշխատանքների, ընթացակարգերի և ստանդարտների կիրառման կարգի կազմակերպում,
- մասնակցություն միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման աշխատանքներին,
- ստանդարտների նախագծերի մշակում և դրանց ընդունում,
- ստանդարտների կիրառում:
ՀՈԴՎԱԾ 4
Համագործակցությունը Կողմերի միջև կիրականացվի`
- ստանդարտացման և սերտիֆիկացման հիմնադիր և այլ նորմատիվ փաստաթղթերի փոխանակման միջոցով,
- փորձի փոխանակման, քննարկումների, ուսուցման և այլնի համար փորձագետների փոխայցելության միջոցով,
- տարբեր աշխատանքներում համատեղ հետազոտություններին և զարգացմանն ուղղված տեղեկատվության փոխանակման միջոցով,
- Կողմերի կազմակերպած սեմինարների և գիտաժողովների միջոցով,
- սերտիֆիկացման և ուսուցման բնագավառներում երկկողմանի ծառայությունների կազմակերպման համար փոխադարձ հնարավորությունների հետազոտման միջոցով,
- փորձարկման արդյունքների հաշվետվության փոխադարձ ճանաչման նպատակով, հիմնվելով միջազգային չափանիշների վրա, ուսումնասիրել միմյանց կազմակերպչական կառուցվածքը, լաբորատոր փորձարկումների ընթացակարգերը, լաբորատորիաների հավատարմագրման և զարգացման ընթացակարգերը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը համաձայնել են, որ ստացած տեղեկությունները կարող են օգտագործվել առանց որևէ սահմանափակման, եթե մյուս Կողմը չի նշել դրանց գաղտնիության մասին:
Այդ տեղեկությունները երրորդ Կողմին կարող են փոխանցվել միայն մյուս Կողմի համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կհամագործակցեն ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման զանազան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում` միմյանց աջակցելով միջազգային և տարածաշրջանային այն կազմակերպություններին մասնակցելուն կամ անդամագրվելուն, որոնց անդամն է Կողմերից մեկը:
ՀՈԴՎԱԾ 7
Անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրի դրույթները կկոնկրետացվեն Կողմերի միջև կնքվող լրացուցիչ համաձայնագրով և/կամ արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն փոխադարձ խորհրդակցությունների, ինչպես նաև տարբեր մակարդակի բանակցությունների միջոցով:
Համաձայնագրի դրույթներից բխող աշխատանքների իրականացման ֆինանսավորումը կիրականացվի փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն օրվանից, երբ Կողմերը կծանուցեն միմյանց դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերի կատարման մասին:
Համաձայնագիրն ուժի մեջ կլինի հինգ տարի և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետի համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր չհայտնի իր ցանկությունը վերջինիս գործողությունը դադարեցնելու մասին ոչ ուշ, քան Համաձայնագրի գործողության ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցման միջոցով:
Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Կողմի` այդ հայտարարագիրը ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի հուլիսի 26-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հնդկերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Կողմերը համաձայնում են օգտագործել անգլերենը որպես աշխատանքային լեզու:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 25-ից: