041.0193.060499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1999 թվականի թիվ 193
ՖՐԱՆՍԻԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1999 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 2-ը Ֆրանսիայի Հանրապետության տեսչական խմբի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տեսչական խմբի անդամներին (5 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչության «Հրազդան-1» հյուրանոցային տնտեսությունում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ ավտոմեքենա:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել տեսչական խմբի ընդունումը, ճանապարհումը և ճեպազրույցի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված փոխադրամիջոցի, կեցության և սննդի ծախսերը` 1.251.934 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունմեկ հազար ինը հարյուր երեսունչորս) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: