Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱ ...

 

 

115.0066.310712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11512303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հուլիսի 2012 թվականի N 66-Ն

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

100. Մետաղական և ոչ մետաղական հանքաքարը նախապատրաստելը, հարստացնելը, կոշտավորելը և թրծելը միջանկյալ գործառնություններ են, որոնց նպատակն է` օգտակար հանածոները նախապատրաստել մետաղագործական արդյունաբերությունում օգտագործելու համար: Այդ աշխատանքները կատարվում են ջարդող-տեսակավորող, ջարդող-հարստացնող (հարստացուցիչ) և բեկորաշեղջող կազմակերպություններում (ֆաբրիկաներում, կոմբինատներում), արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում: Հիշյալ կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս որոշակի դժվարություններ են ծագում, քանզի նույն անվանումներով մասնագիտություններ են նշված ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են սիլիկոզավտանգ փոշու ազդեցության պայմաններում աշխատողները (ջարդողներ, խառնող մեքենայի մեքենավարներ, աղացի մեքենավարներ և այլն) և սպասարկվող սարքավորումներից առաջացած բարձր ջերմությունների մթնոլորտում աշխատողները (բեկորաշեղջողներ, թրծողներ և այլն): Այլ պայմաններում աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:

101. Հանքապատրաստումը ինքնուրույն տեխնոլոգիական գործընթաց է, որը կարող է կատարվել ինչպես ջարդող-տեսակավորող, այնպես էլ ջարդող-հարստացնող կազմակերպություններում: Առաջին դեպքում հանքաքարը կարող է մետաղագործական կազմակերպություն ուղարկվել ջարդելուց, մանրացնելուց և տեսակավորելուց անմիջապես հետո, իսկ երկրորդ դեպքում այն հարստացվում է: Երկու դեպքում էլ այն աշխատողները, որոնց մասնագիտությունները և պաշտոններն ուղղակիորեն նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժիններում, օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

102. Խճաքարի գործարանում նույնպես կարող են կատարվել օգտակար հանածոներ ջարդելու աշխատանքներ, որոնք այդ գործընթացից հետո ուղարկվում են սպառողներին: Այդ գործարանի աշխատողները (հիմնականում` ջարդողները) թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն, քանի որ նրանց կատարած աշխատանքները հանքապատրաստման և հարստացման աշխատանքներ չեն:

103. Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն բանվորները, որոնց մասնագիտությունները նշված է թիվ 1 ցուցակի II բաժնում: Այդ իրավունքը նրանց տրվում է, որովհետև մետաղները, ոչ մետաղական հանքաքարերը և հանքաքիմիական հումքը ջարդելու, մանրացնելու, աղալու, տեսակավորելու և հարստացնելու ժամանակ առաջանում է փոշի, որը պարունակում է 2 և ավելի տոկոս կայծքարի երկօքսիդ: Բացի դրանից, գոյանում է նաև սիլիկոզավտանգ փոշի, որը կարող է առաջացնել սիլիկոզ հիվանդությունը: Նշված աշխատանքները մշտապես կատարելը հիմնավորվում է տեխնոլոգիական հրահանգով, որտեղ արտացոլվում են հարստացման տեխնոլոգիական գործընթացների հերթականությունը, ստացվող արտադրանքի քանակը, դրանցում բաղադրամասերի պարունակությունը (այդ թվում` կայծքարի երկօքսիդի): Այդ աշխատանքները կատարում են խցիկագործները, մաղողները, բաժնաչափողները, ջարդողները, փոխակրիչի մեքենավարները, աղացի մեքենավարները:

104. Այլ հանքային և ոչ հանքային նյութերով այդօրինակ գործառնություններ կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի II բաժնով:

105. Թիվ 1 ցուցակի II բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են այն բանվորները (տեխնոլոգիական և նորոգման անձնակազմ), որոնք աշխատանքի ժամանակ օգտագործում են ցիանական լուծույթ: Ցիանական լուծույթներն օգտագործվում են ոսկի կորզող կազմակերպություններում` ցիանական հարստացման գործընթացներում, որի միջոցով կորզվում են թանկարժեք մետաղներ, այդ թվում` ոսկի: Այդ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը քննության առնելիս պետք է խստորեն առաջնորդվել թիվ 1 ցուցակի II բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված մասնագիտությունների ցանկով:

106. Ըստ տեխնոլոգիական գործընթացի` հանքապատրաստմանը հաջորդում է հարստացնելը (գրավիտացիոն, մագնիսական հարստացում և ֆլոտացիա): Հարստացնելը կարող է կատարվել չոր կամ թաց եղանակով: Թիվ 1 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրված չոր եղանակով հարստացնելու աշխատանքներ կատարող բանվորներին (զատիչով (սեպարատորով) աշխատող բանվորներին, սնիչի մեքենավարներին և այլն):

107. Մետաղական և ոչ մետաղական հանքաքարերը թաց եղանակով հարստացնող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով: Հարստացնելու աշխատանքներ կատարող ֆլոտատորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, քանի որ նրանք կատարում են թաց եղանակով հարստացնելու աշխատանքներ:

108. Կրաքարը հարստացվում է ջարդող-հարստացնող կազմակերպություններում: Կրաքարը պարունակում է կայծքարի երկօքսիդ, հետևաբար կրաքար հարստացնող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի II բաժնով:

109. Թիվ 1 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ջարդողները, աղացողները, փոխակրիչի մեքենավարները, ջարդող սարք և աղաց նորոգող և սպասարկող բանվորները:

110. Գունավոր մետաղ հարստացնելու աշխատանքները նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժինների «Հանքաքարի և ավազի հարստացում գունավոր, թանկարժեք մետաղ և ալմաստ կորզելու ժամանակ» ենթաբաժիններում: Թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այն բանվորները, որոնք կատարում են որոշակի աշխատանքներ` անկախ մասնագիտությունների անվանումներից: Դրանք այն բանվորներն են (տեխնոլոգիական և նորոգման անձնակազմ), որոնք աշխատանքի ժամանակ օգտագործում են ցիանական լուծույթներ: Այդօրինակ աշխատանքներ կատարելը հիմնավորվում է համապատասխան փաստաթղթերով:

111. Թիվ 2 ցուցակի II բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են սարքերի, սարքավերլուծական լաբորատորիաների աշխատողները, ովքեր աշխատանքի ընթացքում օգտագործում են ցիանիդներ, ինչպես նաև ոսկի արդյունահանող և ոսկի կորզող կազմակերպությունների աշխատողները: Նշված լաբորատորիաների և ոսկի արդյունահանող ու ոսկի կորզող կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս աշխատանքի ընթացքում ցիանիդներ օգտագործելու մասին լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու անհրաժեշտություն չկա: Դա անհրաժեշտ է սարքերի և սարքավերլուծական լաբորատորիաների աշխատողների համար, ովքեր այլ թանկարժեք մետաղներ և ալմաստ կորզելու նպատակով կատարում են հանածոներ հարստացնելու աշխատանքներ:

112. Օգտակար հանածոներ հարստացնելու աշխատանքներ կատարող ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են ըստ թիվ 2 ցուցակում թվարկված պաշտոնների: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է վերապահված միայն այն վարպետներին և ավագ վարպետներին, որոնք աշխատում են տաք աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև կատարում են 2 և ավելի տոկոս կայծքարի բյուրեղացված (ազատ) երկօքսիդ պարունակող մետաղական և ոչ մետաղական հանքային հանածո ջարդելու, մանրացնելու, աղալու և բովախառնելու աշխատանքներ: Գունավոր և թանկարժեք մետաղներ կորզելու նպատակով հանքաքար և ավազ հարստացնելու աշխատանքներ կատարող արտադրական վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են առանց որևէ պայմանի:

113. Նորոգող վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե աշխատում են այն տեղամասերում, որտեղ օգտագործվում են ցիանական լուծույթներ:

114. Թիվ 1 ցուցակում նշված են այն բանվորները, որոնք բովախառնում են 2 և ավելի տոկոս կայծքարի բյուրեղացված (ազատ) երկօքսիդ պարունակող մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ: Բովախառնելն սկսվում է հումքը և նյութերը բեռնաթափելուց և որոշակի հերթականությամբ շարունակվում մինչև որակյալ և միաձույլ բովախառնուրդ ստանալը: Բովախառնելու գործընթացներից են հանքաքարեր (երկաթի տարբեր պարունակություն ունեցող) միացնելը, դրանք ջարդելը, մանրացնելը, բովախառնուրդը բաժնաչափելը և խառնելը: Այս գործառնությունները կատարող բանվորների ցանկը նշված է թիվ 1 ցուցակի II բաժնի «ա» ենթաբաժնում:

115. Քանի որ բեկորաշեղջի արտադրությունը տաք գործընթաց է, ապա, ի թիվս այդ արտադրության հիմնական տեխնոլոգիական աշխատողների (հալոցապաններ, բեկորաշեղջողներ, հնոցաբանվորներ և այլն), արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև փոխակրիչի մեքենավարները, ամբարձիչի մեքենավարները, տեղափոխողները, եթե զբաղված են տաք բեկորաշեղջի օգտագործմամբ կատարվող աշխատանքներով:

116. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու ժամանակ որոշ դեպքերում դժվարություններ են առաջանում բեռնակիրների հարցով: Այսպես, թիվ 2 ցուցակում նշված են աշխատանքի ընթացքում ավազ, վառելիք, ազդանյութերի (ռեագենտների) և գունավոր մետաղների խտանյութեր օգտագործող բանվորները: Բեկորաշեղջ բեռնելու աշխատանքներ կատարող բեռնակիրներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

 

7. ԴԻՆԱՍԱՅԻՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ IV), ՀՐԱԿԱՅՈՒՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ III)

 

117. Դինասը հրակայուն նյութ է, որը պարունակում է կայծքար (առնվազն 90%) և հող: Պատրաստվում է քվարցի հանքատեսակներից` կրաքարը կամ այլ նյութեր բարձր ջերմաստիճանում թրծելու միջոցով:

118. Շամոտը թրծված հրակայուն կավ է կամ սպիտակ ճենակավ (կաոլին): Օգտագործվում է հրակայուն նյութեր պատրաստելու ժամանակ` դրանց ճկունությունը նվազեցնելու և ամրությունը մեծացնելու համար: Հրակայուն նյութեր շարելու ժամանակ շամոտն օգտագործվում է նաև որպես շաղախ:

119. Հրակայուն նյութերի արտադրությունը ներառում է դինասային իրերի արտադրությունը, շամոտի արտադրությունը, մագնեզիտի փոշու արտադրությունը, քրոմամագնեզիտային, մագնեզիտաքրոմային, մագնեզիտային և կարբորունդային իրերի արտադրությունը:

120. Հրակայուն նյութերի հիմնական սպառողները մետաղագործական կազմակերպություններն են: Այդ նյութերն օգտագործվում են մետաղագործական վառարանները, կոնվերտերները, լցաբաշխ և չուգունատար շերեփները աղյուսապատելու, գեներատորները, վերաօգտագործիչ սարքերը (ռեկուպերատորները) և ծխնելույզները երեսպատելու համար:

121. Թիվ 1 ցուցակում նշված է միայն դինասային իրերի արտադրությունը: Այդ ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրված այն բանվորներին, որոնք կատարում են փոշու մեջ կայծքարի 2 և ավելի տոկոս բյուրեղային (ազատ) երկօքսիդ պարունակող ոչ մետաղական հանածոներ ջարդելու, մանրացնելու և աղալու աշխատանքներ:

122. Հրակայուն նյութերի արտադրության մյուս աշխատանքները նշված են թիվ 2 ցուցակում: Ընդսմին, պետք է նկատի ունենալ, որ կավե և սիլիկատային աղյուսի արտադրությունը հրակայուն նյութերի արտադրություն չէ: Այս տեսակի աղյուսների արտադրությունը նշված է թիվ 2 ցուցակի XIV բաժնում («Շինարարական նյութերի արտադրություն»):

123. Շամոտի, մագնեզիտային փոշու և այլ հրակայուն նյութերի արտադրություն կարող է կազմակերպվել ոչ միայն մետաղագործական, այլև տնտեսության այլ ճյուղերի կազմակերպություններում: Այդ կազմակերպություններում շամոտի և այլ հրակայուն նյութերի արտադրության առկայությունը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:

124. Հրակայուն նյութերի արտադրության բանվորների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելիս մեծ նշանակություն ունի այն, թե նրանք ինչ սարքավորում են սպասարկում: Օրինակ` թիվ 2 ցուցակում նշված են չորացնող և թրծող ագրեգատներով աշխատող գազագործները, հումք և կիսաֆաբրիկատ բեռնողները և այլն: Այդ աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ են լրացուցիչ (ճշտող) տեղեկանքներ:

125. Բեռնակիրները թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատում են ջարդելու և աղալու տեղամասերում: Ղեկավարները և մասնագետները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն ըստ թիվ 2 ցուցակում թվարկված պաշտոնների, եթե կատարում են ջարդելու, աղալու և թրծելու աշխատանքներ:

126. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում էլեկտրասարքավորում նորոգող և սպասարկող փականագործ-նորոգողներին, էլեկտրամոնտյորներին, ինչպես նաև հերթապահ և սարքավորում նորոգող էլեկտրափականագործներին (փականագործներին), եթե նրանք աշխատում են տաք աշխատատեղերում:

 

8. ԳԵՆԵՐԱՏՈՐԱՅԻՆ ԳԱԶԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱԶԻ ՍՏԱՑՈՒՄ ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ III ԵՎ ԹԻՎ 2

ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ V)

 

127. Գեներատորային գազը հատուկ տեխնոլոգիական գործընթացում ստացվում է կոշտ և հեղուկ վառելիքից: Գեներատորային գազն օգտագործվում է արդյունաբերական վառարանում, իսկ որոշ դեպքերում` քիմիական նյութ ստանալու համար:

128. Մետաղագործական կազմակերպությունները, բացի գեներատորային գազից, օգտագործում են նաև կոքսային և դոմնային գազեր: Կոքսային գազը, որպես երկրորդական նյութ, գոյանում է կոքսի արտադրությունում և մաքրվում ծծմբամաքրման և կոքսաքիմիական արտադրամասերում: Դոմնային գազն առաջանում է դոմնային վառարաններում չուգուն ձուլելու ժամանակ կոքսը այրելու միջոցով և պարունակում է մեծ քանակությամբ փոշի:

129. Թիվ 1 և թիվ 2 ցուցակների նշված բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, որոնք կատարում են գեներատորային գազ և մետաղագործական արտադրությունում ստացվող գազ արտադրելու աշխատանքներ: Այլ գազեր (ջրածին, թթվածին, արգոն, ացետիլեն և այլն) ստանալու աշխատանքներ կատարողները, ինչպես նաև բնական գազ բաշխող բանվորները նշված բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

130. Գեներատորային գազի արտադրության գազագործները և գազագեներատորագործներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Գազագեներատորային սարքերն օգտագործվում են քիմիական արդյունաբերությունում, սակայն դրանք սպասարկող բանվորները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով (բաժին VIII):

131. «Գազագեներատորագործ» և «գազագեներատորային կայանի մեքենավար» մասնագիտությունները տարբեր մասնագիտություններ են: Եթե առաջին մասնագիտությունը նշված է թիվ 1 ցուցակում, ապա երկրորդ մասնագիտությունն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս թիվ 2 ցուցակով (բաժին V): Այդ իրավունքից օգտվում են նաև գազամղիչ մեքենայի մեքենավարները, ովքեր աշխատում են գազափոխիչ կայանում:

 

9. ՄԵՏԱՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ (ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐ) (ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ V ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ VI)

 

132. Հումքի և բովախառնուրդի նախապատրաստում, բրիկետավորում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 1-ին ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 1-ին ենթաբաժին): Գունավոր մետաղների արտադրության հիմնական հումքը հանքաքարն է: Հանքաքարը պարունակում է մի շարք գունավոր մետաղներ և մինչև ձուլման տեղամաս տեղափոխելը ենթարկվում է համալիր մշակման (ջարդվում, մանրացվում, չորացվում է և այլն):

133. Հումքի նախապատրաստման աշխատանքները հիմնականում կատարվում են բաժանմունքներում, որոնք կարող են լինել ինքնուրույն կամ գտնվել որևէ արտադրամասում, օրինակ` ձուլման: Եթե արտադրության տեխնոլոգիայով հիմնավորվում է, որ բանվորները կատարում են հումք և բովախառնուրդ նախապատրաստելու գործառնություններ, ապա նրանք օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից, թե որ արտադրամասում է գտնվում տվյալ բաժանմունքը:

134. Որոշ կազմակերպություններում տրանսպորտային և բեռնման-բեռնաթափման աշխատանքները կենտրոնացվում են, ինչի կապակցությամբ որոշ աշխատողներ, օրինակ` էքսկավատորի մեքենավարները, ամբարձիչի մեքենավարները և այլն, ընդգրկվում են երկաթուղային, մեքենայացման, բեռնման-բեռնաթափման աշխատանքների, տրանսպորտապահեստային և այլ արտադրամասերի հաստիքում: Այս աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս պետք է փաստաթղթերով հիմնավորել, որ նրանք կատարել են սույն ենթաբաժնում նշված աշխատանքները: Ամբարձիչի և էքսկավատորի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե մասնակցում են բովախառնուրդ նախապատրաստելու աշխատանքներին: Իսկ եթե նրանք միայն զանազան նյութեր են բեռնում այլ կազմակերպություններ ուղարկելու համար, ապա այդ իրավունքից չեն օգտվում:

135. Թիվ 1 ցուցակի V բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հումք բեռնաթափող բեռնակիրները: Պղնձածծմբային գործարանի և ֆաբրիկայի այն բեռնակիրները, որոնք կատարում են բեռնման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Թիվ 2 ցուցակի VI բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են գունավոր մետաղագործական արտադրանքի հսկիչները, ովքեր աշխատում են տաք և վնասակար պայմաններ ունեցող տեղամասերում:

136. Թիվ 1 ցուցակի V բաժնի 1-ին ենթաբաժնում նշված է բանվորական երկու մասնագիտություն` «ջարդողներ» և «բովախառնուրդ բեռնողներ»: Հարկ է նկատի ունենալ, որ «բեռնողը» մասնագիտություն է, և այն չի կարելի տարածել բեռնող բոլոր բանվորների վրա: Օրինակ` այն կազմակերպությունների մեքենավարները, որտեղ բեռնումը կատարվում է մղանով, թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք չունեն:

137. Թիվ 2 ցուցակում նշված են որոշակի մեքենաների և սարքերի (աղաց, բեռնիչ, մամլիչ, էքսկավատոր և այլն) մեքենավարները: Ցուցակում չնշված մեքենաների մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

138. Պղնձածծմբային գործարանի և ֆաբրիկայի փականագործ-նորոգողները և էլեկտրամոնտյորները, ովքեր աշխատում են հումքի և բովախառնուրդի նախապատրաստման արտադրություններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 2 ցուցակով:

139. Վերանորոգման ծառայության այն աշխատողները, որոնք նորոգում են թիվ 1 ցուցակի V բաժնի 2-6-րդ, 10-12-րդ, 14-17-րդ ենթաբաժիններում նշված արտադրությունների սարքավորումները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն թիվ 2 ցուցակով: Դրանք են` փականագործ նորոգողներ, էլեկտրագազաեռակցողներ, ձեռքով էլեկտրաեռակցողներ, սարքավորում նորոգող և սպասարկող էլեկտրամոնտյորներ:

140. Թրծում, վելցամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 2-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 3-րդ ենթաբաժին): Հանքաքարի թրծումը և հետագա վելցամշակումը նախապատրաստական գործառնություններ են և կատարվում են զանազան խառնուրդներ (օրինակ` ծծումբ) հեռացնելու համար: Այդ գործընթացը կատարվում է թրծող վառարանում, որը, ըստ իր կառուցվածքի, լինում է հանքահորային, խողովակաձև և պտուտակաձև:

141. Հանքաքար թրծելը տաք գործընթաց է, հետևաբար այդ գործառնությունը կատարող բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, օրինակ` թրծող վառարան բեռնող-բեռնաթափողները, բովախառնուրդ բեռնողները, կաթսայատան մեքենավարները (հնոցապանները) և այլն:

142. Տաք բեկորաշեղջ տեղափոխողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով` անկախ աշխատանքի բնույթից և պայմաններից: Այդուհանդերձ, տաք բեկորաշեղջ փոխադրողներին այդպիսի կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես աշխատում են տաք աշխատատեղերում, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:

143. Բովախառնուրդի եռակալում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 3-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 4-րդ ենթաբաժին): Բնության մեջ լինում են բարձր խոնավություն ունեցող հանքաքարեր: Այս դեպքում դրանք պետք է ձուլելուց առաջ կոշտավորվեն բրիկետավորելու կամ բեկորաշեղջելու միջոցով: Բեկորաշեղջելու համար բովախառնուրդը մանրացնում են և եռակալող մեքենայով եռակալում: Վերը նշված ենթաբաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում միայն մետաղագործական կազմակերպության եռակալման արտադրամասի, տեղամասի և բաժանմունքի աշխատողներին: Այն դեպքում, երբ բովախառնուրդը եռակալվում է բեկորաշեղջող ֆաբրիկայում, կենսաթոշակը նշանակվում է թիվ 1 և թիվ 2 ցուցակների II բաժինների համապատասխան ենթաբաժիններով:

144. Թիվ 1 ցուցակում նշված են «տեղափոխողները», ովքեր կատարում են տաք բեկորաշեղջ վերադարձնելու աշխատանքներ` դրանք փոխադրիչի (տրանսպորտյորի) միջոցով բեռնելով, տեղափոխելով և բեռնաթափելով: Որոշ կազմակերպություններում բեկորաշեղջը փոխադրվում է էլեկտրաքարշով կամ այլ մեքենայով: Այդ մեքենաները վարողները չեն օգտվում փոխադրիչով տեղափոխողներին վերապահված կենսաթոշակային արտոնություններից, քանի որ նրանց աշխատանքային պայմանները միանգամայն այլ են:

145. Ամբարձիչի մեքենավարները, ովքեր աշխատում են տաք աշխատատեղերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, իսկ էլեկտրական բազմաճախարակի մեքենավարները` թիվ 2 ցուցակով:

146. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն վարպետները և ավագ վարպետները: Սարքավորում նորոգող վարպետներին (ավագ վարպետներին), ինչպես նաև հսկիչ վարպետներին և ավագ վարպետներին, եթե նրանք աշխատում են տաք աշխատատեղերում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:

147. Բովախառնուրդի չորացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 4-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 2-րդ ենթաբաժին): Չորացումը զանազան չորացնող ագրեգատներում կատարվում է մետաղի հանքաքարը և խտանյութը չորացնելու, ինչպես նաև մետաղատաշեղների մակերեսի հնարավոր քսանյութերն այրելու համար: Այդ պատճառով թիվ 1 ցուցակի V բաժնի 4-րդ ենթաբաժինը տարածվում է ոչ միայն հիմնական մետաղագործական կազմակերպությունների աշխատողների, այլև երկրորդական գունավոր մետաղ արտադրող, ինչպես նաև գունավոր մետաղ մշակող և վերամշակող կազմակերպությունների աշխատողների վրա: Փաստորեն, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն աշխատողները, որոնք ներգրավված են հանքաքարերը չորացնելու տեխնոլոգիական գործընթացին: Դրանք են` բունկերավարներ, բեռնողներ, չորացնողներ, տեղափոխողներ, նորոգման և սպասարկման ծառայությունների բանվորներ, տեխնոլոգիական վառարանի հնոցապաններ: Ղեկավարներից և մասնագետներից այդ իրավունքից օգտվում են վարպետները և ավագ վարպետները, եթե ղեկավարում են այդ ենթաբաժնում թվարկված բանվորներին: Մյուս բոլոր վարպետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում է թիվ 2 ցուցակով:

148. Հալման և էլեկտրաջերմային արտադրություններ (թիվ 1 ցուցակ, բաժին V, 5-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 5-րդ ենթաբաժին): Հալելը բովախառնուրդի լրիվ ձուլումն է զանազան վառարաններում, որի ընթացքում ձուլված բովախառնուրդը բաժանվում է երկու շերտի` մետաղի և թափոնի: Այս տեխնոլոգիայով ստանում են պղինձ, նիկել և այլ գունավոր մետաղներ: Այս գործընթացները կատարվում են ձուլման և էլեկտրաջերմային վառարաններում: Սակայն դա չի նշանակում, որ եթե ձուլման աշխատանքները կատարվում են մետաղագործական գործարանների տեղամասերում, ապա աշխատողները զրկվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Օրինակ` գունավոր մետաղագործական կազմակերպության այն աշխատողները, որոնք կատարում են էլեկտրաջերմային եղանակով կայծքար ստանալու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով:

149. Թիվ 1 ցուցակի V բաժնի 5-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այդ ենթաբաժնում նշված բոլոր բանվորները, իսկ ղեկավարներից և մասնագետներից` վարպետները և ավագ վարպետները:

150. Թիվ 2 ցուցակի VI բաժնի 5-րդ ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այդ ենթաբաժնում նշված բոլոր բանվորները, իսկ ղեկավարներից և մասնագետներից` հսկիչ վարպետները, սարքավորում նորոգող վարպետները, տեղամասի մեքենագետները, տեղամասի պետերը, արտադրամասի պետերը, տեղամասի էներգագետները:

151. Մետաղների զտում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 6-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 6-րդ ենթաբաժին): Զտումը ձուլված մետաղը խառնուրդներից մաքրելն է, որը կատարվում է վառարանում և կաթսայում: Այդ գործընթացը վարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժինների 6-րդ ենթաբաժիններում նշված մասնագիտությունների և պաշտոնների:

152. Թիվ 1 ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրվում մետաղ զտելու տեխնոլոգիական գործընթացին մասնակցող բանվորներին (բունկերավարներ, բովախառնուրդ բեռնողներ, թրծողներ, ամբարձիչի մեքենավարներ և այլն):

153. Ամբարձիչի մեքենավարներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք մշտապես աշխատում են տաք աշխատատեղերում, ինչը պետք է հաստատվի փաստաթղթերով:

154. Զտման արտադրամասերում, տեղամասերում և բաժանմունքներում կարող են աշխատել բանվորներ (գունավոր մետաղագործական արտադրանքի հսկիչները, նմուշ վերցնողները), որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում թիվ 2 ցուցակով:

155. Ջրամետաղագործություն, լուծազատում, կադմիումի և արջասպի ստացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 7-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 7-րդ ենթաբաժին): Ջրամետաղագործությունը և լուծազատումը գունավոր մետաղ ստանալու եղանակներ են: Այս գործընթացն ընթանում է այսպես` նախ մետաղը վերածվում է լուծույթի (լուծազատման գործընթաց), ապա մետաղ պարունակող լուծույթն անջատվում է այլ մնացորդներից, որից հետո այդ լուծույթից առանձնացվում են պիտանի բաղադրիչները:

156. Կադմիում պարունակում է ցինկի հանքաքարը, այդ իսկ պատճառով կադմիումը սովորաբար ստացվում է ցինկ արտադրող կազմակերպությունում: Ջրամետաղագործության մեջ արջասպ ստանալն ուղեկցող գործընթաց է, որին ներգրավված են այն նույն մասնագիտության բանվորները, որոնք ներգրավված են ջրամետաղագործության և լուծազատման գործընթացներին:

157. Ապարատավար-ջրամետաղագործներն ունեն կենսաթոշակային տարբեր արտոնություններ: Դա պայմանավորված է նրանով, թե ինչպիսի սարքավորումներով են նրանք աշխատում և ինչպիսի գործընթացների են ներգրավված: Թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում ապարատավար-ջրամետաղագործներին, իսկ թիվ 2 ցուցակով` նրանց, ովքեր աշխատում են ագիտատորներում և պոչուկներում: Տեղափոխողները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե տեղափոխում են թթու, մոխրաջուր և աղ: Պատրաստի արտադրանք տեղափոխող բանվորներն այդ իրավունքից չեն օգտվում:

158. Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ էլեկտրասարք նորոգող ու սպասարկող փականագործ-նորոգողները և էլեկտրամոնտյորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե որ տեղամասում և ինչպիսի աշխատատեղում են աշխատում:

159. Արտադրության վարպետները և ավագ վարպետներն այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, իսկ էլեկտրոդները մեխանիկական մշակման ենթարկող վարպետները և ավագ վարպետները` թիվ 2 ցուցակով:

160. Ածխածնային նյութերի, զանգվածների և դրանցից պատրաստվող իրերի արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 8-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 8-րդ ենթաբաժին): Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ամբարձիչի մեքենավարները:

161. Այն բեռնակիրները, որոնք ածխածնային նյութերի, զանգվածների և դրանցից պատրաստվող իրերի արտադրությունում բեռնում են հումք և պատրաստի արտադրանք, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով: Այդ բեռնակիրներից պետք է տարբերել թրծող և գրաֆիտապատող վառարաններ սպասարկող բանվորներին: Ի տարբերություն բեռնակիրների` այս աշխատողները համարվում են տեխնոլոգիական անձնակազմի անդամներ, նրանց մասնագիտությունը կոչվում է «թրծող և գրաֆիտապատող վառարան բեռնավորող-բեռնաթափող» և նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Այդ կատեգորիայի մյուս բանվորներն այդօրինակ իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:

162. Էլեկտրական բազմաճախարակի մեքենավարները և առասանողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե կատարում են թրծելու, շիկացնելու և գրաֆիտապատելու աշխատանքներ, իսկ ամբարձիչավարները` թիվ 2 ցուցակով:

163. Գունավոր մետաղագործական արտադրության հսկիչները, վարպետները և ավագ վարպետները (հսկողության գծով) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե կատարում են տաք և վնասակար աշխատանքներ:

164. Հարկ է նկատի ունենալ, որ թիվ 1 ցուցակի V բաժնում և թիվ 2 ցուցակի VI բաժնում նշված աշխատողները, ովքեր աշխատում են փոշի և գազ կորզող սարքերով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակների 15-րդ ենթաբաժիններով: Ընդ որում` կավահողային արտադրությունում փոշի և գազ կորզող սարքերի օպերատորներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի VI բաժնի 9-րդ ենթաբաժնով:

165. Վարպետները և ավագ վարպետները (բացի էլեկտրոդները մեխանիկական մշակման ենթարկողներից) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով:

166. Կավահողային արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 9-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 9-րդ ենթաբաժին): Կավահողը զանազան եղանակներով ստանում են ալյումինի հանքաքարից: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն արտադրամասի, բաժանմունքի և տեղամասի աշխատողները, որտեղ կա կավահող ստանալու գործընթաց: Այս առումով նշանակություն չունի, թե աշխատողները որ կառուցվածքային ստորաբաժանման աշխատողներ են: Օրինակ` կավահողային կազմակերպությունում (կոմբինատում) կա ջրաքիմիական արտադրամաս, որի կազմում կա կարբոնացման բաժանմունք: Այդ բաժանմունքի աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների` վերը նշված ենթաբաժիններով, քանի որ այդ բաժանմունքում շարունակվում է կավահող ստանալու տեխնոլոգիական գործընթացը:

167. Կավահողի արտադրությունում օգտագործվում են տարբեր սարքեր, որոնք սպասարկում են տարբեր մասնագիտություններ ունեցող բանվորներ, օրինակ` «ապարատավար-ջրամետաղագործ», «կարբոնացնող ապարատավար», «ջերմակրիչի տաքացման ապարատավար» և այլն: Այս աշխատողներին կենսաթոշակային արտոնություններ են տրվում` ելնելով նրանից, թե ինչ սարքերով են նրանք աշխատում: Այսպես, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ապարատավար-ջրամետաղագործները, ովքեր աշխատում են դիֆուզորով, իսկ եթե նրանք աշխատում են ավտոկլավով և ագիտատորով, դասակարգիչով, բաղադրազատիչով, ապա այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:

168. Թիվ 1 ցուցակում (բաժին V, ենթաբաժին 9) նշված են կարբոնացնող ապարատավարները: Կարբոնացման արտադրամասում, բաժանմունքում և տեղամասում աշխատում են ապարատավար-ջրամետաղագործներ: Նրանց թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք կարբոնացնում են ալյումինատի լուծույթը: Կարբոնացման մյուս ապարատավարջրամետաղագործներին այդպիսի կենսաթոշակ չի նշանակվում:

169. Կավահողի արտադրությունում բեռնման-բեռնաթափման աշխատանքներ են կատարում երեք մասնագիտության բանվորներ` բեռնակիրները, բովախառնուրդ բեռնողները և տաք բեկորաշեղջ բեռնաթափողները: Տաք բեկորաշեղջ բեռնաթափողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, իսկ բովախառնուրդ բեռնողներին և ցեմենտ, սոդա, կավահող բեռնող բեռնակիրներին` թիվ 2 ցուցակով:

170. Նմուշ վերցնողները թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատում են տաք և վնասակար պայմաններում:

171. Էլեկտրալուծական եղանակով մետաղի ստացում մետաղի հալույթում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 10-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 10-րդ ենթաբաժին): Էլեկտրալուծական եղանակով մետաղի հալույթում ստանում են ալյումին, տիտան, մագնեզիում և հազվագյուտ մետաղներ (վանանդ, վոլֆրամ, մոլիբդեն և այլն): Այդ գործընթացը կատարվում է հալած կրիոլիտի մեջ լուծված կավահողի էլեկտրատարրալուծման միջոցով, որը կատարվում է էլեկտրատարրալուծող սարքում: Այլ գունավոր մետաղներ էլեկտրատարրալուծողները թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ մետաղներից են պղինձը, նիկելը և կապարը:

172. Բեռնիչի, էլեկտրական սայլակի և ավտոսայլակի վարորդների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի հարցը քննարկելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նրանք կարող են լինել տրանսպորտային արտադրամասի աշխատողներ: Եթե փաստաթղթերով հաստատվի, որ այդ բանվորները հումքի բեռնման-բեռնաթափման աշխատանքներ են կատարում այն արտադրամասում, որտեղ մետաղն ստացվում է էլեկտրալուծական եղանակով, ապա նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:

173. Ճնշակային (կոմպրեսորային) կայանքի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե կատարում են քլոր վերամղելու աշխատանքներ, իսկ ամբարձիչի մեքենավարները` եթե աշխատում են տաք արտադրամասում: Թիվ 2 ցուցակում (բաժին VI, 10-րդ ենթաբաժին) նշված են աղացի մեքենավարները, նրանց հավասարեցված են նաև աղացողները:

174. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները, ավագ վարպետները և սարքավորում նորոգող վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` սարքավորում նորոգող վարպետները, ավագ վարպետները, արտադրամասի, տեղամասի մեքենագետները, տեղամասի պետերը և արտադրամասի, տեղամասի էներգագետները:

175. Ֆթորական թթվի և դրա աղերի արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 11-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 11-րդ ենթաբաժին): Թիվ 1 և թիվ 2 ցուցակների տվյալ ենթաբաժինների կիրառման առանձնահատկությունն այն է, որ դրանցում նշված մասնագիտություններից շատերը նշված են նաև թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Ընդհանուր մասնագիտություններ» ենթաբաժիններում և տարածվում են տնտեսության բոլոր ճյուղերի կազմակերպությունների վրա: Այդ հանգամանքը նույն մասնագիտությունն ունեցող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս որոշակի դժվարություններ է հարուցում: Օրինակ` թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված «գազագեներատորագործ» մասնագիտությունը նշված է նաև թիվ 2 ցուցակի XXX բաժնում («Ընդհանուր մասնագիտություններ»): Այս պարագայում թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե գազագեներատորագործն աշխատում է ացետիլենային կայանում:

176. Թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են կաթսայատան մեքենավարները (հնոցապանները)` առանց որևէ լրացուցիչ պայմանի: Միևնույն ժամանակ, թիվ 2 ցուցակի XXX բաժնում նշված են ածխով և թերթաքարով աշխատող կաթսայատան մեքենավարները (հնոցապանները): Այս դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի հարցը ճիշտ լուծելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թիվ 1 ցուցակով այդպիսի կենսաթոշակ է նշանակվում միայն այն բանվորներին, ովքեր աշխատում են ֆթորական թթվի և դրա աղերի արտադրությունում:

177. Թիվ 1 ցուցակի V բաժնի 11-րդ ենթաբաժնում նշված են թթու և ֆթորական աղեր դարսող-փաթեթավորողները: Տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ, որ փաթեթավորման աշխատանքներն անմիջականորեն կատարվում են ֆթորական թթվի և դրա աղերի արտադրությունում: Եթե նշված աշխատանքները կատարվում են արտադրությունից դուրս (օրինակ` պատրաստի արտադրանքի պահեստում), ապա այդ մասնագիտության բանվորներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

178. Ֆթորական թթվի և դրա աղերի արտադրության բեռնող-բեռնաթափողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով` անկախ նրանից, թե տվյալ արտադրության որ տեղամասում են աշխատում:

179. Թիվ 2 ցուցակում նշված են տեսակավորողները: Եթե նրանք աշխատում են պատրաստի արտադրանքի պահեստում, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ իրավունքից չեն օգտվում նաև տեխնիկական վերահսկողության բաժնի վարպետները: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` սարքավորում նորոգող վարպետները, ավագ վարպետները, տեղամասի, արտադրամասի մեքենագետները, արտադրամասի պետերը, արտադրության գծով նրանց տեղակալները, էներգագետները:

180. Էլեկտրալուծական եղանակով մետաղի ստացում աղերի և ալկալիների լուծույթներում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 12-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 12-րդ ենթաբաժին): Այս արտադրությունում էլեկտրալուծույթից (էլեկտրալիտից) էլեկտրալուծույթի (էլեկտրալիտային) գուռերում նստվածքային եղանակով ստացվում է մաքուր մետաղ:

181. Թիվ 1 ցուցակում նշված են ջրային լուծույթի էլեկտրալուծավարները: Այս ցուցակով կենսաթոշակ է նշանակվում այդ արտադրության բոլոր բանվորներին, բացի էլեկտրալուծական նրբաթիթեղի արտադրության էլեկտրալուծավարներից, որոնց կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:

182. Ամբարձիչի մեքենավարները և առասանողները, կատարելով նույնանման կամ նույնատեսակ աշխատանքներ, օգտվում են կենսաթոշակային տարբեր արտոնություններից: Այսպես, ամբարձիչի մեքենավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով` առանց լրացուցիչ հիմնավորումների, իսկ առասանողներն այդ իրավունքից օգտվում են, եթե աշխատում են աշխատանքների տաք տեղամասերում: Այդ նույն պայմանով, բայց թիվ 2 ցուցակով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում էլեկտրական բազմաճախարակի մեքենավարներին:

183. Տեղափոխողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով, սակայն նրանք այդ իրավունքից կարող են օգտվել նաև թիվ 1 ցուցակով, եթե կատարում են կաթոդային և անոդային մետաղով, հումքով և կուպրով լցված վագոնիկներ տեղափոխելու աշխատանքներ: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները (բացի էլեկտրալուծական փայլաթիթեղ արտադրողներից), իսկ թիվ 2 ցուցակով` ըստ 12-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների:

184. Գունավոր մետաղների փոշիների արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 13-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 13-րդ ենթաբաժին): Մետաղագործական կազմակերպություններում էլեկտրալուծական եղանակով ստանում են պղնձի, նիկելի, կոբալտի և այլ մետաղների փոշիներ:

185. Որոշակի կատեգորիայի աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշվում է ելնելով նրանից, թե որ փոշու արտադրությունում են նրանք աշխատում: Օրինակ` գազագեներատորագործներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են ցինկափոշու արտադրությունում:

186. Կենսաթոշակային տարբեր արտոնություններ ունեն ցինկափոշու արտադրության դարսող-փաթեթավորողները: Մետաղագործական եղանակով ստացված փոշի փաթեթավորողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով, իսկ փոշե արտադրանք փաթեթավորողներին` թիվ 2 ցուցակով: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` ըստ VI բաժնի 13-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների ցանկի:

187. Անոդների և պղնձակոճղերի (վայերբարսների) ստացում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 14-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 14-րդ ենթաբաժին): Անոդը կաղապարվում է անոդի արտադրամասում (բաժանմունքում, տեղամասում)` սև մետաղից, լցնող մեքենաներով: Այնուհետև անոդից էլեկտրալուծական եղանակով ստանում են մաքուր մետաղ: Պղնձի արտադրության ընթացքում առաջացած թափոնների մեջ կան բազմաթիվ մետաղներ, որոնք հավաքվում և տեսակավորվում են ձեռքով: Այդ գործառնությունները կատարում են պղինձ և խարամ տեսակավորողները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև գունավոր մետաղ և համահալվածք լցնողները, բովախառնուրդ բեռնողները, գունավոր մետաղ ձուլողները: Ղեկավարներից և մասնագետներից թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն վարպետները և ավագ վարպետները, իսկ թիվ 2 ցուցակով` հսկիչ վարպետները, սարքավորում նորոգող վարպետները և ավագ վարպետները:

188. Փոշեկորզում և գազազտում (գազամաքրում) (թիվ 1 ցուցակ, բաժին V, 15-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 15-րդ ենթաբաժին): Մետաղագործական զանազան գործընթացներում նախատեսվում են փոշեկորզում և գազամաքրում: Այդ գործառնությունները կատարվում են հատուկ սարքերի միջոցով, որոնք կարող են տեղադրված լինել տեխնոլոգիական արտադրամասերում (բաժանմունքներում, տեղամասերում):

189. Փոշեկորզման և գազամաքրման սարքերով աշխատող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում ցուցակների համապատասխան բաժիններով: Օրինակ` կավահողի արտադրության աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով (բաժին VI, ենթաբաժին 9), իսկ ֆտորական թթվի և դրա աղերի արտադրությունում աշխատողներին` թիվ 1 ցուցակով (բաժին V, ենթաբաժին 11):

190. Գունավոր մետաղագործության շատ կազմակերպություններում գոյություն ունեն փոշեկորզման և գազամաքրման առանձին ստորաբաժանումներ: Այդ ստորաբաժանումների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V և թիվ 2 ցուցակի VI բաժինների 15-րդ ենթաբաժիններին համապատասխան:

191. Թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում օդածծիչի մեքենավարներին, փոշեգազակորզիչ կայանք սպասարկող օպերատորներին, վարպետներին և ավագ վարպետներին:

192. Գունավոր մետաղագործության արտադրանքի հսկիչներին, օդափոխիչ և արտածծող կայանքների մեքենավարներին, նմուշ վերցնողներին, ովքեր աշխատում են տաք և վնասակար պայմաններում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 2 ցուցակի VI բաժնի 15-րդ ենթաբաժնում նշված պաշտոնների:

193. Ապարատավար-ջրամետաղագործները կատարում են մի շարք գործառնություններ` լուծում, գոլորշիացում և այլն: Սակայն նրանք թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե կատարում են պիտանի նյութերը խարամից կորզելու աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են կորզող սարքի ապարատավարները:

194. Ապարախյուսի (շլամի) վերամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 16-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 16-րդ ենթաբաժին): Հանքաքարերից ձուլված մետաղն անհրաժեշտ է լինում մաքրել: Օրինակ` էլեկտրատարրալուծման գործընթացում մաքրման ժամանակ պղինձը մշտական հոսանքի ազդեցությամբ լուծվում է, դառնում էլեկտրալուծույթ: Այնուհետև կաթոդի վրա հավաքվում է մաքուր պղինձ, իսկ էլեկտրալուծույթի մեջ պարունակվող բոլոր խառնուրդները գոյացնում են ապարախյուս, որը նստվածքի տեսքով հավաքվում է գուռի հատակին: Ազնիվ մետաղ կորզելու համար ապարախյուսը լվանում, չորացնում են և զանազան լրացումների հետ ձուլում: Այդ աշխատանքները կատարում են տիտանի և հազվագյուտ մետաղների արտադրության ապարատավարները, ովքեր կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, իսկ լուծազատում կատարող ապարատավար-ջրամետաղագործները` թիվ 2 ցուցակով: Տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատողներն այս բաժիններում նշված չեն և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն:

195. Ածխափոշու պատրաստում (թիվ 2 ցուցակ, բաժին VI, 17-րդ ենթաբաժին): Ածխափոշի պատրաստելու հիմնական նպատակը մետաղագործական արտադրությունը վառելիքով ապահովելն է: Ածխափոշի պատրաստող աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով: Դրանք են` ջարդողներ, աղացի մեքենավարներ, սնիչի մեքենավարներ, փոշեգազակորզիչ կայանք սպասարկող օպերատորներ, վարպետներ, ավագ վարպետներ, սարքավորում նորոգող վարպետներ, տեղամասի մեքենավարներ և այլն:

196. Հազվագյուտ մետաղների, կալցիումի, մագնեզիումի և տիտանի ստացում մետաղագործական և քիմիամետաղագործական եղանակներով (թիվ 1 ցուցակ, բաժին V, 17-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 18-րդ ենթաբաժին): Այս արտադրությունում (թիվ 2 ցուցակ) նախատեսված են մի շարք ապարատավարներ` ապարատավար-ջրամետաղագործները, որոնք զբաղված են կաուստացմամբ, չեզոքացմամբ, աշխատում են թանձրիչներով, ինչպես նաև կեղտաջուր մաքրող, կաուստացնող, չեզոքացնող, թանձրիչի, զտիչի ապարատավարները: Բացի էպիտակսիլային կառուցվածքների արտադրությունում աշխատող ապարատավարներից` մյուս բոլոր ապարատավարներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի V բաժնի 17-րդ ենթաբաժնով:

197. Ռեակցիոն ապարատ մոնտաժողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` ելնելով նրանից, թե ինչպիսի աշխատանքներ են նրանք կատարում: Այն մոնտաժողները, որոնք նորոգման բրիգադի կազմում նորոգում կամ վերականգնում են ռեակցիոն սարքեր, և դա հիմնավորվում է փաստաթղթերով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Մյուս մոնտաժողներն այդ իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:

198. Զտողներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք աշխատում են կալցիումի արտադրությունում: Այն բանվորներին, ղեկավարներին և մասնագետներին, որոնք կատարում են քիմիամետաղագործական եղանակով կայծքար ստանալու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 ցուցակի V բաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների:

199. Գունավոր և թանկարժեք մետաղների մշակում և վերամշակում (թիվ 1 ցուցակ, բաժին V, 18-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 19-րդ ենթաբաժին): Գունավոր մետաղ մշակող գործարաններում մետաղների օգտագործմամբ կատարվող աշխատանքը բազմաբնույթ է և ներառում է գունավոր մետաղ մշակելու և վերամշակելու մի ամբողջ տեխնոլոգիական պարբերաշրջան (ցիկլ):

200. Հալման արտադրություն: Մետաղագործական գործարաններում ստացված մետաղը հալլման արտադրությունում բովախառնում են լրացուցիչ այլ նյութերի հետ և վերաձուլում: Ապա այն լցնում են հատուկ կաղապարների մեջ, կտրտում և մշակման համար տեղափոխում գլոցման, խողովակամամլման և կորզման արտադրամասեր: Թիվ 1 ցուցակում նշված են վառարանի մոտ աշխատող բովախառնողները: Նրանց շարքն են դասվում նաև հալման արտադրամասում անմիջականորեն վառարանի մոտ բովախառնման աշխատանքներ կատարողները:

201. Այն դեպքում, երբ գլոցման, խողովակամամլման և կորզման արտադրամասերի կառուցվածքում կա բովախառնման բաժանմունք կամ տեղամաս, որտեղ կատարվում են բովախառնուրդ կազմելու աշխատանքներ, ապա այդ բաժանմունքներում կամ տեղամասերում աշխատող բովախառնողներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք չի տրվում: Նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:

202. Թիվ 2 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն հալման արտադրամասի ֆրեզերագործները, եթե մշակում են տաք սալիկներ: Նույն ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն քվարցի և մագնեզիտի աղացների մեքենավարները: Այս դեպքում անհրաժեշտ են այդօրինակ աշխատանքներ կատարելը հավաստող փաստաթղթեր:

203. Հալման արտադրությունում երկրորդական հումքի օգտագործման սկզբնական գործառնությունը բովախառնուրդ կազմելն է: Այդ գործառնությունը կատարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի XI բաժնի 1-ին ենթաբաժնով` որպես բովախառնուրդի բակի բանվորների: Աղացի մեքենավարները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում, եթե մշտապես կատարում են քվարց և մագնեզիտ աղալու աշխատանքներ, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով:

204. Գլոցման արտադրություն: Գլոցման արտադրությունը նշված է ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակում: Թիվ 1 ցուցակով կենսաթոշակային արտոնություններ են տրվում այն բանվորներին, ովքեր մշակում են տաք մետաղ կամ կապար: Նրանց շարքն են դասվում տաք մետաղ գլոցողները (ովքեր գլոցում են կապար), տաք մետաղ կտրողները և այլն: Գլոցման արտադրության արտադրանք մաքրողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, եթե մետաղը մաքրում են մետաղյա խոզանակով: Արտադրության վարպետները թիվ 1 ցուցակով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե ղեկավարում են այդ ցուցակում նշված բանվորների:

205. Խողովակամամլման, մամլման և կորզման արտադրություններ: Այս արտադրությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ինչպես թիվ 1, այնպես էլ թիվ 2 ցուցակով` անկախ նրանից, թե որ կառուցվածքային ստորաբաժանումում (արտադրամասում, բաժանմունքում, տեղամասում) են գտնվում այդ արտադրությունները:

206. Թիվ 1 ցուցակում նշված են տաք գունավոր մետաղ կորզողները: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև այն գրտնակողները, որոնք լայնակոկում են տաք խողովակ: Սառը մետաղ կորզողները և սառը խողովակ լայնակոկողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:

207. Ամբարձիչի մեքենավարները թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն` անկախ նրանից, թե խողովակամամլման, մամլման և կորզման արտադրությունների որ տեղամասում են աշխատում: Վարպետները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե ղեկավարում են այդ ցուցակում նշված բանվորների:

208. Ցինկի փոշու և ցինկի օքսիդի ստացում: Ցինկի արտադրությունում առաջացած գազեր օգտահանելու գործընթացում կորզվում են ցինկ և ցինկի փոշի: Այդ արտադրության բանվորները (մաղող սարքի մեքենավարներ, ցինկ և ցինկի օքսիդ փաթեթավորողներ) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Այդ աշխատողներին ղեկավարող վարպետները և ավագ վարպետները նույնպես այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով: Ցինկաողորկման աշխատանքները նշված են միայն թիվ 2 ցուցակում (19-րդ ենթաբաժին, կետ 6): Ըստ այս ցանկի` արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիթեղ և ժապավեն փայլեցնողներին, ցինկ ռանդողներին, դարսող-փաթեթավորողներին և հարթեցնողներին:

209. Կարծր (պինդ) համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրություն (թիվ 1 ցուցակ, բաժին V, 19-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 20-րդ ենթաբաժին: Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրությունն ավելի ամբողջական և բարդ քիմիամետաղագործական գործընթաց է, քան մետաղագործական իրերի արտադրությունը: Այս արտադրությունում ստացվում են մետաղի փոշիներ, քիմիապես մաքուր աղեր, թթուներ և դժվարահալ մետաղների օքսիդներ, որոնք օգտագործվում են կարծր համահաւլվածքներ արտադրելու համար: Այդպիսի գործընթացներ չկան մետաղի փոշուց իրեր պատրաստելու արտադրություններում:

210. Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրության գործընթացները մեծ մասամբ վարում են բանվոր ապարատավարները` քիմիական սարքերում: Դրանք մետաղափոշու արտադրության ապարատավարներն են, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Դժվարահալ մետաղների արտադրության ապարատավարները նույնպես այդ իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակով, եթե աշխատում են վոլֆրամի աղերի, կոբալտի, քրոմի, մոլիբդենի արտադրություններում:

211. Կարծր համահալվածքների և դժվարահալ մետաղների արտադրությունում միևնույն մասնագիտությամբ աշխատող բանվորներն ունեն կենսաթոշակային տարբեր արտոնություններ: Օրինակ` կարծր համահալվածքներ մամլողները նշված են թիվ 2 ցուցակում, բայց եթե նրանք կատարում են տաք եղանակով մամլելու աշխատանքներ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով: Փոշի և խառնուրդ չորացնողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով, իսկ պատրաստի արտադրանք չորացնողները` թիվ 2 ցուցակով: Նորոգման ծառայության աշխատողները, ղեկավարները և մասնագետները արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 2 ցուցակում թվարկված մասնագիտությունների և պաշտոնների:

212. Սնդիկի, տարրական ծծմբի, քսանթագենատի, արսենի, քրոմային աղերի, ծծմբային նատրիումի, ամոնիումի մոլիբդատի, ստալինիտի և դրանց միացությունների արտադրություն: Ոսկու, արծաթի, պլատինի, պլատինի խմբի մետաղների զտում (աֆինաժ) (թիվ 1 ցուցակ, բաժին V, 20-րդ ենթաբաժին և թիվ 2 ցուցակ, բաժին VI, 21-րդ ենթաբաժին): Նշված արտադրության բանվորները, անկախ մասնագիտությունից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակով: Այդ իրավունքից օգտվում են նաև հիշյալ արտադրություններն սպասարկող որոշ բանվորներ` գունավոր մետաղագործության արտադրանքի հսկիչները, օժանդակ բանվորները: Այդ արտադրություններն սպասարկող մյուս բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:

213. Փականագործները, էլեկտրագետները, փականագործների և էլեկտրագետների բրիգադավարները, ովքեր մետաղագործական արտադրամասերում, տեղամասերում, բաժանմունքներում մշտապես նորոգում են մետաղագործական սարքավորումներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի VI բաժնով, անկախ նրանից` մետաղագործական արտադրամասերի՞, բաժանմունքների և տեղամասերի՞, թե՞ մասնագիտացված արտադրամասերի հաստիքային աշխատողներ են:

214. Մասնագիտացված կազմակերպությունների այն փականագործ մոնտաժողները, ովքեր մետաղագործական սարքավորում են նորոգում թիվ 2 ցուցակի VI բաժնում նշված արտադրամասերում և արտադրություններում, կոչվում են գուռ նորոգող փականագործներ և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով, եթե այդ իրավունքը տվող աշխատանք կատարելը հիմնավորվում է փաստաթղթերով:

215. Գունավոր մետաղագործական կազմակերպությունների արտադրամասերի պետերի` արտադրության գծով տեղակալները և օգնականներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:

216. Էլեկտրալուծման (էլեկտրալիզի) արտադրամասերում (թիվ 1 ցուցակ, բաժին V, ենթաբաժին 12) վառարաններ և ծխնելույզներ մաքրողներին թիվ 1 ցուցակով կենսաթոշակ է նշանակվում այնպես, ինչպես ծխնելույզ մաքրողներին: Փորձարարական ծառայությունների էլեկտրալուծավարների և անոդագործների աշխատանքի բնույթը նույն է, ինչ ալյումինի գործարանների ալյումինի, մագնեզիումի, տիտանի և հազվագյուտ մետաղների էլեկտրալուծման արտադրություններում համանման մասնագիտությամբ աշխատող բանվորներինը, որոնց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով: Այդ պատճառով ալյումինի գործարանների փորձարարական ծառայությունների էլեկտրալուծավարներին և անոդագործներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:

217. Հիմնական նորոգման արտադրամասում էլեկտրալուծական գուռ նորոգողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում այնպես, ինչպես ալյումինի էլեկտրալուծման արտադրամասերում այդ մետաղագործական սարքավորումը նորոգողներին:

218. Տեխնիկական վերահսկողության բաժինների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են տաք աշխատատեղերում և աշխատանքի վնասակար պայմաններում: Վնասակար պայմաններում աշխատելու հանգամանքը պետք է հիմնավորվի որոշակի գործոններով` օդի միջավայրի վերլուծության (անալիզի) տվյալներ, արտադրության հետևանքով առաջացած հիվանդություններ և այլն: Նշված գործոնների բացակայության դեպքում տեխնիկական վերահսկողության բաժնի հսկիչներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:

219. Գունավոր և թանկարժեք մետաղներ մշակող և վերամշակող կազմակերպությունների աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V բաժնի 18-րդ ենթաբաժնով և թիվ 2 ցուցակի VI բաժնի 19-րդ ենթաբաժնով: Բովախառնուրդ պատրաստող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով` որպես բովախառնուրդի բակի բանվորների: Չորացնող և թրծող վառարանով չորացնելու աշխատանքներ կատարող բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի V և թիվ 2 ցուցակի VI բաժիններով:

220. Գունավոր մետաղների գործարանի զտման (աֆինաժի) արտադրամասի պետերի` արտադրության գծով տեղակալները նախկինում անվանվել են գլխավոր ճարտարագետներ (ինժեներներ): Գլխավոր ճարտարագետների աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմանները նույն են, ինչ զտման արտադրամասի պետերի` արտադրության գծով տեղակալներինը, ինչը իրավունք է տալիս զտման արտադրամասերի գլխավոր ճարտարագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակել թիվ 2 ցուցակի VI բաժնի 21-րդ ենթաբաժնով: Գունավոր մետաղների գործարանի զտման արտադրամասի ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի VI բաժնի 21-րդ ենթաբաժնով` ինչպես զտման արտադրամասերի պետերի` արտադրության գծով տեղակալներին:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
20.07.2012
N 66-Ն
Հրաման