ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին 1991 թ. դեկտեմբերի 29-ին կնքված Պայմանագրով,
ի գիտություն ընդունելով Արտաքին տնտեսական ոլորտում համագործակցության մասին 1992 թվականի մայիսի 15-ին կնքված բազմակողմ Համաձայնագիրը,
հաշվի առնելով հումքի, նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների և ծառայությունների (որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի և նրա տեղ հասցնելու հրթիռային միջոցների ստեղծման համար) փորձագիտական վերահսկողության հարցերով աշխատանքների համակարգման մասին 1992 թվականի հունիսի 26-ին կնքված բազմակողմ Համաձայնագիրը,
ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավասարության և փոխշահավետության հիման վրա առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը,
ելնելով ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու և համապատասխան միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ինքնիշխան իրավունքից,
մտադրվելով նպաստել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ստեղծմանը,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման և կամ առաքման վրա, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար: Երկու երկրների միջև ապրանքների համաձայնեցված ցանկով առևտրի կարգավիճակի կիրառման առանձնահատկությունները ձևակերպվում են տարեկան փաստաթղթերով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և նրա գործունեության ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են`
ա) ամբողջովին Պայմանավորվող կողմերի տարածքում արտադրված ապրանքները,
բ) Պայմանավորվող կողմի տարածքում վերամշակման ենթարկված ապրանքները, որոնց համար օգտագործվել են երրորդ երկրների ծագում ունեցող հումք, նյութեր և լրակազմող արտադրանքներ, և որի հետևանքով, ելնելով առաջին 4 նշաններից, փոփոխվել է պատկանելությունը` ըստ ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի դասակարգման,
գ) այն ապրանքները, որոնք արտադրվել են «բ» կետում նշված հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ` պայմանով, որ դրանց միագումար արժեքը չի գերազանցում իրացվող ապրանքների առաքման գնի հաստատագրված մասին:
Ապրանքների ծագման մանրամասն կանոնները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի կողմից առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը`
Սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի և անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված հարկերը և գանձումները,
սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների առաքման և ներմուծման նկատմամբ չեն մտցնի որևէ հատուկ սահմանափակումներ կամ պահանջներ, որոնք համանման իրադրության մեջ չեն կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ,
մյուս Պայմանավորվող կողմի ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան նրանք, որոնք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 3
1. Պայմանավորվող կողմերը ձեռնպահ կմնան սույն Համաձայնագրի շրջանակներում ապրանքների առաքումների և ներմուծումների նկատմամբ քանակական սահմանափակումների կիրառումից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քանակական սահմանափակումները կարող են միակողմանիորեն սահմանվել խիստ որոշակի ժամկետով միայն հետևյալ դեպքերում.
ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում` մինչև շուկայում դրության կայունացումը,
վճարման հաշվեկշռի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում` մինչև վճարման հաշվեկշռի հետ կապված դրության կայունացումը,
սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քանակական սահմանափակումները կարող են նաև սահմանվել Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ` ընդգրկվելով սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված տարեկան փաստաթղթերում:
4. Սույն հոդվածի 2-րդ կետի համապատասխան քանակական սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմի պահանջով ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ նշված սահմանափակումների կիրառման ձևերի, պատճառների և հնարավոր ժամկետների մասին:
5. Պայմանավորվող կողմերը, սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան, կձգտեն քանակական սահմանափակումների կիրառման հետևանքով ծագած բոլոր հարցերը լուծել խորհրդակցությունների ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 4
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ թույլ չի տա ապրանքների վերաարտահանում, որոնց առաքման նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմը, որտեղից ծագել են այդ ապրանքները, կիրառում է սակացուցային (տարիֆային) և/կամ ոչ սակացուցային (ոչ տարիֆային) կարգավորման միջոցներ:
Այդպիսի ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ կարող է իրականացվել միայն այն պետության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ և առաջադրված պայմաններով, որի տարածքում ծագել են տվյալ ապրանքները: Սույն դրույթի չկատարման դեպքում Պայմանավորվող կողմը, որի շահերը խախտվել են, իրավունք ունի միակողմանիորեն միջոցներ ձեռնարկել չարտոնված վերաարտահանում թույլ տված պետության տարածքում իր ապրանքների փոխադրումը կարգավորելու ուղղությամբ: Ընդ որում, վերջինս նաև փոխհատուցում կվճարի վերաարտահանումից ստացված ողջ արտարժութային հասույթի չափով:
Վերաարտահանման տակ հասկացվում է մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքում ծագած` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված ապրանքների արտահանումը մյուս Պայմանավորվող կողմի կողմից վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս` երրորդ երկիր առաքելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերը կանոնավոր կերպով տեղեկություններ կփոխանակեն մաքսային հարցերի, այդ թվում` մաքսային վիճակագրության վերաբերյալ: Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազոր մարմինները կհամաձայնեցնեն նման տեղեկության փոխանակման կարգը և ծավալը:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն գործող մաքսային սակացույցներից (տարիֆներից) դուրս միակողմանի կատարվող յուրաքանչյուր բացառության մասին:
ՀՈԴՎԱԾ 7
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործարար պրակտիկան և պարտավորվում են թույլ չտալ և վերացնել դրա հետևյալ մեթոդները`
ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորման կողմից ընդունված որոշումները և գործարար պրակտիկան, ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ ունեն խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքներում,
գործողությունները, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերիշխող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ողջ տարածքի կամ նրա նշանակալի մասի վրա:
ՀՈԴՎԱԾ 8
Պայմանավորվող կողմերը, երկկողմանի տնտեսական հարաբերությունների տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկատվության փոխանակման, մաքսային արարողությունների անցկացման համար կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՏԳԱԱ), որը հիմնված է Եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և համակցված տարիֆավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը իրենց սեփական կարիքների համար իրականացնում են ապրանքային անվանացանկի ընդլայնում ինը նիշերի սահմաններից դուրս:
Ապրանքային անվանացանկի էտալոնային նմուշի տնօրինումը իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը համապատասխան միջազգային կազմակերպություններում իր ներկայացուցչությունների միջոցով, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի հայտնել այդպիսի նմուշի ինքնուրույն տնօրինման մասին:
ՀՈԴՎԱԾ 9
Պայմանավորվող կողմերը ձեռնարկություններին դրամական օժանդակություն ցույց տալու կամ այլ ճանապարհով չեն օգտագործի պետական օգնությունը, եթե նման պետական օգնության հետևանքով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կխախտվեն նորմալ տնտեսական պայմանները:
ՀՈԴՎԱԾ 10
Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տարանցման սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի բաժանման ու կոոպերացման միջազգային բաժանման համակարգին դրանց միանալու գործընթացի էական տարրը:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրի մաքսային տարածքների ծագում ունեցող և մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը և դրա համար արտահանողներին, ներմուծողներին և փոխադրողներին կտրամադրի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները` սեփական կամ երրորդ երկրների արտահանողներին, ներմուծողներին և փոխադրողներին այդ նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ վատ պայմաններով:
Տրանսպորտի ցանկացած ձևով տարանցման տարիֆները, այդ թվում` բեռնման-բեռնաթափման աշխատանքների տարիֆները, կլինեն տնտեսապես հիմնավորված և չեն գերազանցի նորմալ շահագործման ծախսերը, ներառելով շահույթի խելամիտ նորման: Պայմանավորվող կողմերը չեն պահանջի ապրանքների պահեստավորման, բեռնաթափման, պահպանման, փոխադրման ծառայությունների համար վճար ցանկացած երրորդ երկրի տարադրամով:
Պայմանավորվող կողմերը տարանցման հարցերով կկնքեն հատուկ համաձայնագիր:
ՀՈԴՎԱԾ 11
Պայմանավորվող կողմերը իրավասու են ձեռնարկել միջոցառումներ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում իրենց կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայմանորեն անհրաժեշտ են այն միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից նրանք պատրաստվում են դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`
ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,
զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,
պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,
միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի, սարքավորումների առաքմանը,
հասարակական բարոյականության, հասարակական կարգի պահպանությանը,
արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը,
ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին և քարերին,
մարդկանց, կենդանիների և բուսականության առողջության պաշտպանությանը:
ՀՈԴՎԱԾ 12
Միասնական հսկիչ (կոնտրոլ) ցուցակներում ընդգրկված ապրանքների և ծառայությունների գծով երրորդ երկրների նկատմամբ փորձագիտական վերահսկողության համաձայնեցված քաղաքականություն վարելու նպատակով Պայմանավորվող կողմերը կստեղծեն միջպետական համակարգման խորհուրդ` ազգային պետական փորձագիտական վերահսկողության մարմինների ղեկավարների կազմով և աշխատանքային ապարատով: Միջպետական համակարգման խորհրդի գործառույթների մեջ են մտնում ապրանքների ծառայությունների միասնական հսկիչ (կոնտրոլ) ցուցակների հաստատումը, փորձագիտական վերահսկողության պահանջների խախտման փաստերի քննարկումը և համապատասխան պատժամիջոցների կիրառման կամ փոփոխման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև մինչև այժմ կնքված համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կա՛մ անհամատեղելի են առաջինների հետ, կա՛մ նույնական են: Պայմանավորվող կողմերը իրենց իրազեկ մարմիններին կհանձնարարեն տվյալ հարցի վերաբերյալ նախապատրաստել համապատասխան արձանագրություն:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ համաձայնագրերի գործունեությունը, որոնք մինչև այժմ կնքվել են Պայմանավորվող կողմերի և երրորդ երկրների միջև:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրում ոչինչ չի արգելում Պայմանավորվող կողմերին` իրականացնելու սույն Համաձայնագրի նպատակներին և պայմաններին չհակասող հարաբերություններ սույն Համաձայնագրին կողմ չհանդիսացող պետությունների, ինչպես նաև նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 16
Պայմանավորվող կողմերի միջև վեճերը, սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ, կլուծվեն բանակցությունների ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործման ուղղությամբ հանձնարարականների մշակման համար Պայմանավորվող կողմերը համաձայնեցին ստեղծել համատեղ հայ-ռուսական հանձնաժողով:
ՀՈԴՎԱԾ 18
Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է Ռուսաստանի Դաշնությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը: Այդ առևտրական ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, գործառույթները և տեղակայման վայրը կհամաձայնեցնեն առանձին համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 19
Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին այնպիսի պայմաններով, որոնք կհամաձայնեցվեն միացող պետության և Պայմանավորվող կողմերի միջև:
ՀՈԴՎԱԾ 20
Սույն Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում ազատ առևտրի կարգավիճակից բացառումների մասին Արձանագրությունը, որը Կողմերը պարտավորվում են ստորագրել ստորագրման ամսաթվից սկսած` մեկ ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից:
Համաձայնագիրը կորցնում է իր ուժը դրա գործունեության դադարեցման մտադրության մասին Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից տասներկու ամիս անցնելուց հետո:
Սույն Համաձայնագիրը, իր գործողությունը դադարեցնելուց հետո, կարող է կիրառվել երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի սեպտեմբերի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թ. մարտի 25-ից: