Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ...

 

 

020.1050.021012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ 9-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ, 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 հոկտեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակից Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

ՀՀ սահմանադրական դատարանի 11.05.2012թ. ՍԴԱՈ-29 որոշման հիման վրա սահմանադրական դատարանի նիստին հրավիրված ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 24.02.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, դիմումի առարկային վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2010 թվականի դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը սահմանադրական դատարանում մուտքագրվելուց հետո` մինչև սույն գործով դատաքննությունն սկսվելը, օրենքի վիճարկվող 35-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերության դրույթները ենթարկվել են փոփոխության 19.03.2012թ. ՀՕ-100-Ն ՀՀ օրենքով: Հաշվի առնելով վերոգրյալը` սույն գործով օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերության դրույթները քննության են առնվում նկատի ունենալով նաև այդ փոփոխությունները:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` «Կենսաթոշակ վճարելը» վերտառությամբ 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերությունը սահմանում է. «Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին»:

Նույն հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունը սահմանում է. «Կենսաթոշակը վճարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում»:

19.03.2012թ. ՀՕ-100-Ն ՀՀ օրենքով օրենքի վիճարկվող 35-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին պարբերությունում կատարված փոփոխության արդյունքում վերջինս սահմանում է հետևյալ իրավակարգավորումը. «Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, եթե այդ մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում»:

Օրենքի` սույն գործով վիճարկվող «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը» վերտառությամբ 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է «...սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում»:

i

2. Դիմողը վկայակոչելով կենսաթոշակային ապահովության բնագավառում խտրականության արգելման վերաբերյալ սահմանադրական դատարանի ՍԴՈ-731 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` գտնում է, որ վեճի առարկա նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 6, 14.1, 37 և 43-րդ հոդվածներին: Ըստ դիմողի` օրենքի 35-րդ հոդվածի 6 և 9-րդ մասերի 1-ին պարբերություններով կենսաթոշակի իրավունքի իրականացման համար նախատեսված պահանջները ՀՀ տարածքից դուրս բնակվող (գտնվող) քաղաքացիների առնչությամբ հանգեցնում են ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված` անձի սոցիալական ապահովության իրավունքի այնպիսի սահմանափակմանը, որը ոչ միայն անհամաչափ է Սահմանադրության 43-րդ հոդվածի տեսանկյունից, այլ նաև չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում և հանգեցնում է միայն բնակության (գտնվելու) վայրով պայմանավորված տարբերակմանը միևնույն կարգավիճակն ունեցող անձանց (կենսաթոշակառուների) միջև:

Դիմողը գտնում է նաև, որ ՀՀ տարածքում բնակվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող (գտնվող) կենսաթոշակառուների միջև միայն բնակության (գտնվելու) վայրով պայմանավորված տարբերակման նախատեսումը` կենսաթոշակը փաստացի ստանալու հնարավորության տեսանկյունից, համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին և դրան համապատասխան` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումներին: Օրենքի 35-րդ հոդվածի 6 և 9-րդ մասերի 1-ին պարբերությունների և ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի միջև ենթադրյալ հակասությունը դիմողը հիմնավորում է նաև նրանով, որ օրենքով նախատեսված պահանջների առաջադրմամբ պայմանավորված` կենսաթոշակի իրավունքի վիճարկվող սահմանափակումն ակնհայտորեն չի համապատասխանում դրանով հետապնդվող` կենսաթոշակ ստացող քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատման նպատակին: Ընդ որում, վերոնշյալ տեսանկյունից իր փաստարկները հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է, մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածը և մի շարք այլ միջազգային իրավական ակտեր:

Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է օրենքի 35-րդ հոդվածի 6 և 9-րդ մասերի 1-ին պարբերությունների առնչությամբ իր հիմնավորումների համատեքստում` հաշվի առնելով օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի փոխկապակցվածության հանգամանքն օրենքի 35-րդ հոդվածի 6 և 9-րդ մասերի 1-ին պարբերությունների դրույթների հետ:

Միաժամանակ, անդրադառնալով իրավակիրառական պրակտիկային, վկայակոչելով փաստաթղթերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ առկա մի շարք միջազգային պայմանագրեր, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, և, որպես ապացույց, հղում կատարելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թիվ ԱԳԳ/ՍՍ-1-1/1013-12 գրությանը, դիմողն արձանագրում է, որ օրենքի վիճարկվող դրույթները կիրառվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին հակասող մեկնաբանությամբ:

Դիմողը կատարեց նաև այն եզրահանգումը, որ խնդիրն առավելապես վերաբերում է ոչ թե օրենքի նորմերի բովանդակությանը, այլ դրանց ոչ ճիշտ կիրառմանը:

3. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Նախապես ներկայացրած գրավոր բացատրություններում պատասխանողը պնդում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, դուրս գալով հաշվառումից, կորցնում է կենսաթոշակ ստանալու իրավունքը, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց: Նրանց, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կենսաթոշակ ստանալու իրավունքը կրկին կարող է ձեռք բերվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3.2-րդ մասի ուժով, եթե վերջիններս ՀՀ բնակության վայրի հասցեում հաշվառման են կանգնում:

Ըստ պատասխանողի գրավոր բացատրության` բարձրացված խնդիրը հարկ է քննարկել միայն մինչև վեց ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետությունից մեկնած կենսաթոշակառուների մասով: Վերջիններիս առնչությամբ պատասխանողը կարծում է, որ նման դեպքերում պետք է կիրառվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը: Պատասխանողը նաև կարծում է, որ իրավակիրառ պրակտիկայում կարող են խնդիրներ առաջանալ, եթե համապատասխան լիազոր մարմինը տեխնիկապես հնարավորություն չունենա վերահսկելու կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձանց մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետություն:

Բանավոր բացատրությունների ժամանակ պատասխանողը նշեց, որ «Այսօր սոցիալական ապահովության ոլորտում մեր պետության քաղաքականությունը կառուցվում է այն սկզբունքի վրա, որի համաձայն` կա կենսաթոշակառու` կա վճարում, չկա կենսաթոշակառու` չկա վճարում: Նշված սկզբունքը արտացոլվել է նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում»: Գործնականում պատասխանողը շարունակում է պնդել հիմնահարցի վերաբերյալ իր վերոշարադրյալ դիրքորոշումը:

Պատասխանողը նաև գտնում է, որ «Հաշվի առնելով մեր պետության ֆինանսական հնարավորությունները` օրենսդիրը ՀՀ-ից դուրս գտնվող մեր քաղաքացիների կենսաթոշակ ստանալու իրավունքի իրականացման համար սահմանել է լրացուցիչ պայմաններ, որոնք ...դժվարացնում են այդ իրավունքի իրականացումը, սակայն, որպես այդպիսին, ուղղված չեն կենսաթոշակի իրավունքի սահմանափակմանը»:

Օրենքի վիճարկվող դրույթների և Սահմանադրության 14.1-րդ հոդվածի միջև` դիմողի պնդմամբ հակասության առնչությամբ պատասխանողը «խտրականություն» հասկացության մեկնաբանության հիման վրա գտնում է, որ օրենքի վիճարկվող դրույթները չեն հակասում Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, քանի որ դրանցում ակնհայտորեն բացակայում է կենսաթոշակառուների նկատմամբ որևէ խտրականության դրսևորում` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Օրենքի վիճարկվող դրույթների և Սահմանադրության 37-րդ հոդվածի միջև` դիմողի պնդմամբ հակասության առնչությամբ պատասխանողն օրենքի առանձին հոդվածների վերլուծության հիման վրա գտնում է, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված փաստաթղթերը, այն է` իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ իր ողջ լինելու մասին հայտարարությունը, բանկ չներկայացնելը ոչ թե սահմանափակում կամ դադարեցնում է անձի` անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու իրավունքը, այլ դադարեցնում է կենսաթոշակի վճարումը, որը վերսկսվում է, ինչպես նաև վճարվում են չվճարված կենսաթոշակի գումարները` վերը նշված փաստաթղթերը բանկ ներկայացնելուց հետո:

Անդրադառնալով օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված փաստաթղթին` լիազորագրին, պատասխանողը գտնում է, որ լիազորագրի ձևին ներկայացված պահանջները նպատակ ունեն ապահովելու հուսալիություն կենսաթոշակային հարաբերություններում և կարևոր նշանակություն ունեն կենսաթոշակային իրավունքի իրականացման համար: Այս կապակցությամբ պատասխանողը գտնում է նաև, որ լիազորագրի ձևին ներկայացվող պահանջները չպահպանելն ամենևին չի զրկում անձին կենսաթոշակ ստանալու իրավունքից, այլ ժամանակավորապես դադարեցնում է կենսաթոշակ ստանալու իրավունքը, որը կա՛մ վերականգնվում է, ի թիվս այլնի, լիազորագիրը ներկայացնելուց հետո, կամ նշանակվում է կենսաթոշակ:

4. Հաշվի առնելով, որ պատասխանողի բացատրություններում և ՀՀ կառավարության ներկայացուցչի պարզաբանումներում տեղ գտած առանձին փաստարկներ կարող են էական ազդեցություն ունենալ դիմողի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճի բովանդակության վրա, սահմանադրական դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն պնդմանը, համաձայն որի` վեճի առարկա օրենքի խնդիրն առաջին հերթին Հայաստանում բնակվողների սոցիալական ապահովության հարցի լուծումն է, և այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորցնում է կենսաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության, 7-րդ մասի 2-րդ կետի, 41-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի իրավունք ունեցող անձի հաշվառման հասցեի մասին տվյալների վրա հիմնված` Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հաշվառումով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի իրավունքը, կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնումը և կենսաթոշակի վճարման վերսկսումը:

Ինչ վերաբերում է կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը, ապա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների, մասնավորապես, «Կենսաթոշակի իրավունքը և կենսաթոշակ ստանալու իրավունքը» վերտառությամբ 7-րդ հոդվածի, «Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը» վերտառությամբ 41-րդ հոդվածի համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը կենսաթոշակ ստանալու իրավունքի կորուստը Հայաստանի Հանրապետությունում բնակությունը դադարեցնելու և այլ երկրում բնակություն հաստատելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հաշվառումից դուրս գալու փաստով պայմանավորում է միայն համապատասխանաբար` օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և երկքաղաքացիների պարագայում: Մինչդեռ ՀՀ քաղաքացիների պարագայում կենսաթոշակ ստանալու իրավունքի կորուստը պայմանավորված է, ի թիվս այլնի, ՀՀ քաղաքացիության դադարեցման փաստով (օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ), և օրենքի 41-րդ հոդվածը ՀՀ քաղաքացիների առնչությամբ չի նախատեսում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու այնպիսի հիմք, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հաշվառումից դուրս գալու հանգամանքը` անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին մինչև վեց ամիս, թե վեց ամսից ավելի ժամկետով է մեկնել տվյալ օտարերկրյա պետություն, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե տվյալ օտարերկրյա պետությունը Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն է, թե` ոչ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործնականում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ ՀՀ քաղաքացին օտարերկրյա պետությունում անձնական շարժառիթների (օր.` երկարատև բուժման և այլն) կապակցությամբ վեց ամսից ավելի ժամկետով բնակվի տվյալ պետությունում: Այս առումով ՀՀ օրենսդրության, մասնավորապես` նաև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի վերլուծության հիման վրա սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ նշված դեպքն ինքնաբերաբար չի առաջացնում տվյալ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության բնակության վայրում հաշվառման դադարեցում կամ կենսաթոշակի գործը տվյալ պետություն ուղարկելու պարտավորություն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր և իրավաչափ չի համարում օրենքի դրույթների այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորցնում է կենսաթոշակ ստանալու իրավունքը:

5. Սույն գործում բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև պարզել.

- սահմանադրաիրավական բովանդակության առումով իրավաչա՞փ է, արդյոք, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` փաստաթղթերը ներկայացնելու պահանջը` որպես կենսաթոշակ վճարելու նախապայման,

- խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ «լիազորագիր» ինստիտուտի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա նորմերի կիրառելիության շրջանակը,

- խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերի կիրառելիության շրջանակը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված` փաստաթղթերը ներկայացնելու պահանջի իրավաչափությունը գնահատելու համար սահմանադրական դատարանը, նախևառաջ, հարկ է համարում պարզել նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականության վերաբերյալ նորմատիվ դրույթներով հետապնդվող նպատակը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, այն է` իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը բանկ ներկայացնելու կամ բանկում իր ողջ լինելու մասին հայտարարություն տալու պարտականության սահմանմամբ օրենսդիրն իրավաչափ նպատակ է հետապնդել կանխելու մահացած կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու դեպքերը և արդյունավետ օգտագործելու բյուջետային միջոցները:

Այլ խնդիր է նշված նպատակի սահմանման նպատակահարմարությունը` հաշվի առնելով և չբացառելով այն հանգամանքները, որ վերը նշված փաստաթղթերը բանկին ներկայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում քաղաքացին կարող է մահանալ, կամ վերը նշված փաստաթղթերը բանկին ներկայացնելուց հետո մեկ տարվա ընթացքում քաղաքացին մինչև իր մահը այդ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով լիազորագիր է տվել մեկ այլ անձի: Բացի դրանից, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև պետության հայեցողությունը` սահմանելու կենսաթոշակի ձևերը, դրանց նշանակման կարգը և պայմանները, արձանագրում է, որ, այդուհանդերձ, օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու պարտականության սահմանումն ինքնին չի առաջացնում սահմանադրականության խնդիր:

6. Անդրադառնալով խնդրո առարկա իրավակարգավորումների շրջանակներում «լիազորագիր» ինստիտուտի վերաբերյալ ՀՀ օրենսդրության մեջ առկա նորմերի կիրառելիության խնդրին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասն առանձնացնում է այն սուբյեկտներին, որոնց կողմից տրված լիազորագրերը հավասարեցված են նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին: Ավելին, նույն հոդվածի 4-րդ մասը հատուկ իրավակարգավորում է նախատեսում որոշակի դեպքերի, այդ թվում` կենսաթոշակ ստանալու լիազորագրի վերաբերյալ: Համաձայն այդ նորմի` կենսաթոշակ ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ կենսաթոշակառուն աշխատում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների կողմից հաստատվող լիազորագրերին, ապա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասը հատուկ իրավակարգավորում է ամրագրում միայն քրեակատարողական հիմնարկի և հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրի առնչությամբ` վերջինս հավասարեցնելով նոտարի հաստատած լիազորագրին: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, որը սահմանում է, որ «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին», ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` «Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին», գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կիրառելիս իրավակիրառական պրակտիկայում պետք է հիմք ընդունվի նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված սուբյեկտների կողմից հաստատված լիազորագրերը:

i

7. Հարցին անհրաժեշտ է անդրադառնալ նաև խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ համապատասխան ՀՀ միջազգային պայմանագրերում ամրագրված նորմերի կիրառելիության շրջանակի համատեքստում և այն դիտարկել «կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում բնակվող կենսաթոշակառու և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունում կամ օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի վավերականության փոխադարձ ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի մասնակից պետություններում բնակվող կենսաթոշակառու» փոխհարաբերությունների տեսանկյունից: Այդ առումով սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-966 որոշման մեջ, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթի բովանդակությանը, մասնավորապես նշել է. «... ՀՀ միջազգային պայմանագրերը նորմատիվ իրավական ակտեր են, որոնք ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են, այսինքն` բովանդակում են իրավակարգավորման համապատասխան բնագավառի սուբյեկտների համար վարքագծի պարտադիր կանոններ, ունեն ՀՀ օրենքներից և իրավական այլ ակտերից առավել բարձր իրավաբանական ուժ, ենթակա են պարտադիր կատարման ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ողջ տարածքում»:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, նշված օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով: Նույն օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ մասի երրորդ պարբերության համաձայն` ՀՀ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուին մինչ այդ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաև այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավակիրառական պրակտիկայում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ նորմերին տրվել է սահմանափակ մեկնաբանություն, և օրենքի վիճարկվող դրույթների կիրառման գործընթացում իրավակիրառ սուբյեկտները կիրառելի են համարել միայն այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են բացառապես սոցիալական ապահովության ոլորտին: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է առանձին միջազգային բազմակողմ և երկկողմ պայմանագրերի, որոնք կանոնակարգում են օտարերկրյա իրավասու հիմնարկների և լիազորված անձանց կողմից տրված փաստաթղթերի վավերականության փոխադարձ ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները, և որոնք կիրառելի են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` սոցիալական ապահովության:

i

Այսպես. Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 07.10.2002թ. Քիշնևում ԱՊՀ շրջանակներում կնքված` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիային, որի «Գույքային իրավահարաբերություններ» վերտառությամբ 4-րդ մասի 43-րդ հոդվածը սահմանում է. «Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է: Այդպիսի լիազորագիրը, այն Պայմանավորվող կողմի լեզվով, որի տարածքում պետք է օգտագործվի, կամ ռուսերենով` նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում է առանց որևէ հատուկ հաստատման»:

i

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրի 23-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի արդարադատության հիմնարկների կամ իրավասու այլ մարմինների կողմից պատրաստված կամ հաստատված փաստաթղթերը, ինչպես նաև մասնավոր անձանց ստորագրությամբ փաստաթղթերը, որոնց վրա նշված են տարին, ամիսը և ամսաթիվը, և մասնավոր անձի ստորագրության իսկությունը սահմանված կարգով հաստատված է, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վավերական են առանց որևէ օրինականացման: Նույն կանոնը կիրառվում է նաև փաստաթղթերից կատարված քաղվածքների և պատճենների նկատմամբ, եթե դրանք հաստատված են որպես իսկական պատճեններ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածքում դիտվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ունեն նույն իրավաբանական ուժը, ինչ վերջին Պայմանավորվող կողմի պատրաստած նույն տեսակի փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին պայմանագրի 22-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում կազմված պաշտոնական փաստաթղթերը (այդ թվում` նոտարական փաստաթղթերը) ազատվում են օրինականացումից կամ համանման պայմանականություններից, եթե անհրաժեշտ է դրանք ներկայացնել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում: Նույն պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից կազմված կամ վավերացված փաստաթղթերը վավերական են այդ Պայմանավորվող կողմի հիմնարկի պաշտոնական կնիքի առկայության դեպքում: Այդ տեսքով դրանք ընդունվում են մյուս Պայմանավորվող կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից` առանց օրինականացման:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև քաղաքացիական գործերով իրավական օգնության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն` մի Պայմանավորվող կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից կազմված կամ վավերացված փաստաթղթերը վավերական են այդ Պայմանավորվող կողմի հիմնարկի պաշտոնական կնիքի առկայության դեպքում: Այդ տեսքով մյուս Պայմանավորվող կողմի դատարանի կամ այլ հիմնարկի կողմից դրանք կարող են ընդունվել առանց օրինականացման:

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին պայմանագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում կազմվել կամ հաստատվել են համապատասխան հիմնարկի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից` նրանց իրավասության շրջանակներում սահմանված ձևով և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունվում են առանց որևէ հաստատման: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` փաստաթղթերը, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածքում դիտվում են որպես պաշտոնական, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օժտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժով:

Հայաստանի Հանրապետությունը 1993թ. մայիսի 24-ին միացել է նաև Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիային, որին անդամակցում է 103 պետություն: Այս կոնվենցիային անդամակցությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է փոխադարձաբար օրինականացումից ազատել մյուս պայմանավորվող պետությունների տարածքում տրված և Հայաստանի Հանրապետությունում ներկայացվող պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում` նոտարական փաստաթղթերը: Այս կոնվենցիայով ներմուծվում է նաև հավաստագրի ինստիտուտը, որը փոխարինում է օրինականացման ընթացակարգին: Հավաստագրի ինստիտուտի ներդրման նպատակն է ապահովել մի պայմանավորվող պետության տարածքում տրված` հավաստագրով հաստատված պաշտոնական փաստաթղթի օգտագործումը մյուս պայմանավորվող կողմի տարածքում: Ընդ որում, մի պայմանավորվող կողմի տարածքում տրված պաշտոնական փաստաթղթի վրա կոնվենցիայի պահանջներին համապատասխան դրված հավաստագիրը մյուս պայմանավորվող կողմի տարածքում չի կարող մերժվել կամ չճանաչվել: Մերժումը կամ չճանաչումը կհանդիսանա միջազգային պարտավորության չկատարում:

Սահմանադրական դատարանը կարևորում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վավերացված միջազգային պայմանագրերի նորմերի` օրենքների նորմերի նկատմամբ գերակա իրավաբանական ուժի սկզբունքային պահանջի անվերապահ կատարման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ պահանջների կատարումը խնդրո առարկա իրավիճակում կբացառի, մի կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, սակայն կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում բնակվող կենսաթոշակառուների, մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, սակայն Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի վավերականության փոխադարձ ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի մասնակից պետություններում բնակվող կենսաթոշակառուների միջև փաստացիորեն ստեղծված տարբերակված մոտեցումը` կապված վերջիններիս` կենսաթոշակը ստանալու համար Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության հետ:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերը նշված տարբերակված մոտեցումը չի կարող հանգեցնել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով սահմանված` խտրականության արգելման սկզբունքին, քանի որ դիտարկվող մոտեցումն առաջացել է բացառապես իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավասու մարմինների կողմից ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների չկատարման հետևանքով, որպիսի հանգամանքը փաստվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` վերը հիշատակված թիվ ԱԳԳ/ՍՍ-1-1/1013-12 17.02.2012թ. գրությամբ, որով հավաստվում է, որ, մասնավորապես, Քիշնևի և Հաագայի` վերը հիշատակված կոնվենցիաների անդամ պետությունների վավերացրած լիազորագրի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի գումար չի վճարվում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած խնդիրը պայմանավորված է ոչ թե օրենքի վիճարկվող դրույթների սահմանադրականությամբ, այլ իրավակիրառական պրակտիկայում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վավերացված միջազգային պայմանագրերի նորմերի` օրենքների նորմերի նկատմամբ գերակա իրավաբանական ուժի սկզբունքային պահանջի անտեսմամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի հանդիսացող այն կենսաթոշակառուներին, որոնք բնակվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր չկնքած պետությունում, կամ Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետությունում, կամ օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի վավերականության փոխադարձ ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող պետություններում, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի դրույթներով պահանջվող փաստաթղթերի շրջանակը միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթղթերով սահմանափակելը վերը նշված կենսաթոշակառուների համար, ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունում բնակվող կենսաթոշակառուների, առաջացնում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտություն, այդուհանդերձ, գտնում է, որ նշված հանգամանքը որևէ կերպ չի հանգեցնում Սահմանադրության 14.1-րդ հոդվածում ամրագրված` խտրականության արգելման սկզբունքի խախտման, քանի որ, նախ` նշված փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունը սահմանված է բոլոր կենսաթոշակառուների համար, երկրորդ` դրանց համապատասխանաբար հաստատումը կամ վավերացումը սահմանափակված է միևնույն սուբյեկտով` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարով, երրորդ` ցանկացած իրավունքի իրացմանն ուղղված իրավակարգավորումների արդյունքում առաջացող փաստացի իրավիճակը, տվյալ դեպքում` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտությունը, եթե այդ իրավիճակը կապված չէ միևնույն կատեգորիայի անձանց համար իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ սահմանելու հետ, չի կարող հանգեցնել անխտրականության սկզբունքի խախտման: Նշված փաստացի իրավիճակը չի կարող հանգեցնել նաև տվյալ իրավունքի ոչ ողջամիտ սահմանափակման, եթե սահմանված իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում օրենքով սահմանված իրավակարգավորման նպատակի իրավաչափությունը պայմանավորված է նրանով, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր չկնքած պետությունում կամ Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961թ. հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետությունում, կամ օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի վավերականության փոխադարձ ճանաչման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի մասնակից չհանդիսացող պետություններում բնակվող կենսաթոշակառուների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հավելյալ բեռ` ստուգելու այդ պետություններում տրված` օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի 1-ին պարբերություններով նախատեսված փաստաթղթերի իսկությունը և այն էլ` համապատասխան միջազգային իրավական հիմքերի բացակայության պայմաններում: Տվյալ պարագայում օրենքով սահմանված իրավակարգավորման իրավաչափությունը` վերը նշված կենսաթոշակառուների առնչությամբ, պայմանավորված է նաև կենսաթոշակ վճարելու բնագավառում հնարավոր իրավախախտումների կանխման, դրա արդյունքում` կենսաթոշակառուի իրավունքների երաշխավորման և բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, հիմք ընդունելով նաև «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, 41-րդ հոդվածի 4-րդ մասը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի բարձրացրած խնդիրը չի առնչվում նաև ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով սահմանված` սոցիալական ապահովության իրավունքի սահմանափակումների թույլատրելիությանը, քանի որ բոլոր դեպքերում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը և 41-րդ հոդվածի 4-րդ մասը հնարավորություն են ընձեռում ստանալու չվճարված կենսաթոշակի գումարները` կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարիների համար (ըստ սահմանադրական դատարան դիմելու պահին գործող իրավակարգավորման), իսկ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքի առկայության պարագայում` անցած ամբողջ ժամանակահատվածի համար: Սահմանադրական դատարանը հաշվի է առնում նաև, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննության է ընդունվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (ըստ 19.03.2012թ. ՀՕ-100-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխության), 14-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության, 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործը, և հիշյալ հոդվածների սահմանադրականությանը կանդրադառնա այդ գործի շրջանակներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 հոկտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1050

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.10.2012
N ՍԴՈ-1050
Որոշում