Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 68-ՐԴ, 73-ՐԴ, 132-ՐԴ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ, ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԱՔԴ/1401/02/11         2012թ.
Քաղաքացիական գործ թիվ   

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
                    Դատավորներ` Տ. Սահակյան
                                                  Տ. Նազարյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
  Տ. Պետրոսյանի

 

 

2012 թվականի հունիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով անհատ ձեռնարկատեր Նարինե Ռոստոմյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ձեռնարկատիրոջ ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ձեռնարկատերը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.500.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 24.11.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.02.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 48-րդ, 53-րդ, 68-րդ, 73-րդ, 142-րդ, 219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փաստաբանի վարձատրությունը բռնագանձելու պահանջը` որպես առանձին հայցապահանջ, կարող է դատական պաշտպանության առարկա լինել, և նման պահանջի ներկայացումը չի կարող սահմանափակվել: Այսինքն` Ձեռնարկատերն իրավունք ունի իր հայեցողությամբ իրականացնել իր իրավունքների պաշտպանությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.11.2011 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատական ծախսերի հարցը լուծվում է կոնկրետ գործի քննության շրջանակներում, ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը ոչ թե սահմանափակում է դատական պաշտպանության իրավունքը, այլ լրացուցիչ երաշխիք է, երբ դատարանը չի անդրադարձել դատական ծախսերի լուծման հարցին: Հետևաբար այն պնդումը, որ փաստաբանի վարձատրությունը որպես առանձին հայցապահանջ կարող է դատական պաշտպանության առարկա լինել, անհիմն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն պարտավորվել է Ձեռնարկատիրոջ պատվերով մատուցել իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև իր աշխատակից փաստաբանների միջոցով դատարաններում և այլ մարմիններում ներկայացնել շահերը` կապված Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև 17.04.2007 թվականին կնքված անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրի շուրջ ծագած դատական վեճերի մասով, իսկ Ձեռնարկատերը պարտավորվել է վճարել մատուցված ծառայությունների դիմաց: Նույն պայմանագրի 3.1 կետով պայմանագրի գինը սահմանվել է 2.500.000 ՀՀ դրամ, իսկ 3.2.1 կետով սահմանվել է, որ պայմանագրի կնքման պահից 10 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է կատարողին 150.000 ՀՀ դրամ, առանց հաշիվ-ապրանքագրի ներկայացման: Նույն պայմանագրի 3.2.2 կետով սահմանվել է, որ ծառայությունը ամբողջովին մատուցելուց 30 բանկային օրվա ընթացքում պատվիրատուն վճարում է Կատարողին` հաշիվ-ապրանքագրի հիման վրա, սույն պայմանագրի 3.1 կետում նշված գումարը ամբողջությամբ` նվազեցնելով 3.2.1 կետով նախատեսված կանխավճարը (գ.թ. 27-29):

2) 30.11.2009 թվականին Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն իր աշխատակից փաստաբանների միջոցով թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կազմակերպել և իրականացրել է դատական ներկայացուցչություն (գ.թ. 7-26):

3) 30.11.2009 թվականի թիվ 91130017711048 վճարման հանձնարարականով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ (գ.թ. 48):

4) Ձեռնարկատիրոջ և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ի միջև 10.06.2011 թվականին կազմված ակտի համաձայն` «Մենք` անհատ ձեռնարկատեր Նարին» Ռոստոմյանս և «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Ա.Աբրահամյանի, կազմեցինք սույն ակտն այն մասին, որ պայմանագրի համաձայն «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ն կատարել է պայմանագրով նախատեսված ծառայությունները` ողջ ծավալով» (գ.թ. 31):

5) 19.07.2011 թվականի թիվ 01 վճարման հանձնարարագրով Ձեռնարկատերը «Ակտիվ Ինվեստ» ՍՊԸ-ին փոխանցել է 2.350.000 ՀՀ դրամ (գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես` Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreսz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The Snited Kingdom), թիվ 29392/95, 2009 թվականի մայիսի 10, 91-93-րդ կետեր):

Սույն գործով հայցը բավարարելով` Դատարանը պատճառաբանել է, որ Ձեռնարկատերն իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով կատարել է ծախսեր, այն է` փաստաբանի ծառայության դիմաց վճարել է 2.500.000 ՀՀ դրամ, հետևաբար որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար պետք է սահմանել 2.500.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, պատճառաբանել է, որ Ձեռնարկատերը չի օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածով սահմանված իր իրավունքից և դատական ծախսերի չլուծված մասով լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ մեկամսյա ժամկետում (մինչև վճիռն օրինական ուժի մեջ մտնելը) դիմում չի ներկայացրել դատարան, որպիսի պարագայում դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ և 73-րդ հոդվածների հիման վրա դատական ծախսերի բռնագանձման պահանջով դատարան դիմելու հնարավորությունից:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կիրառել է Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշումը` նշելով, որ միակ բացառությունն օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել և հանգել այն հետևության, որ Ձեռնարկատերը հայցադիմումով խնդրել է բռնագանձել 2.500.000 ՀՀ դրամ ոչ թե որպես պատճառված վնասի հատուցում, այլ որպես նախկինում քննված քաղաքացիական գործի շրջանակներում կատարված դատական ծախս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը դատական ծախսերի մեջ ընդգրկել է նաև փաստաբանի խելամիտ վարձատրությունը: Ուստի փաստաբանի խելամիտ վարձատրությունը նախ և առաջ պետք է դիտել որպես դատական ծախս, և հետևաբար այն պետք է բաշխվի կողմերի միջև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես դատական ծախս, թե՛ հայցվորը և թե՛ պատասխանողը դատական քննության ընթացքում կարող են ներկայացնել փաստաբանի մատուցած ծառայությունների համար կատարված կամ կատարվելիք վճարումը հավաստող ապացույց: Ընդ որում, անկախ վճարված գումարի բռնագանձման մասին պահանջի առկայությունից, վճարումը հավաստող ապացույց ներկայացնելը բավարար է փաստաբանի վարձատրությանը, որպես դատական ծախս, վճռով անդրադառնալու համար: Եթե դատարանը, համապատասխան ապացույցի առկայության դեպքում վճռով չի անդրադառնում փաստաբանի խելամիտ վարձատրության` կողմերի միջև բաշխման հարցին, ապա գործին մասնակցող անձինք զրկված չեն կատարված ծախսերի բաշխման հարցը լուծելու համար 142-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել վճիռը կայացրած դատարան` լրացուցիչ վճիռ կայացնելու պահանջով:

Հնարավոր է, որ կողմերը չներկայացնեն փաստաբանի վարձատրության վերաբերյալ որևէ ապացույց (և դրա բռնագանձման մասին պահանջ): Սակայն նրանք զրկված չեն փաստաբանի ծառայությունների համար կատարված վճարումները առանձին հայցով բռնագանձելու իրավունքից: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով չի արգելվում դատական ծախսերը այլ` առանձին վարույթի շրջանակներում բռնագանձելը: Վերջինս էլ ուղղակիորեն ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածում ամրագրված յուրաքանչյուրի` օրենքով չարգելված և այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտող գործողություններ կատարելու իրավունքի իրացման դրսևորումներից է:

Վերոնշյալ մեկնաբանության և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/2843/02/09 և թիվ ԵԱՔԴ/0172/02/10 քաղաքացիական գործերով Ձեռնարկատիրոջ և Ընկերության միջև վեճերով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը, որպես դատական ծախս, բռնագանձելու հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ Ձեռնարկատերն իր պահանջի շրջանակներում չի ներառել փաստաբանի խելամիտ վարձատրության հետ կապված ծախսերը որպես դատական ծախս Ընկերությունից բռնագանձելու հարցը: Հետևաբար Ձեռնարկատերը չէր կարող մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը դիմել լրացուցիչ վճիռ կայացնելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածը կիրառելի չէ և չի սահմանափակում փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը բռնագանձելու համար առանձին հայցով դատարան դիմելու անձի իրավունքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձվի այն հարցադրումը, թե արդյոք նշված գործի փաստական հանգամանքները նույնանման են սույն գործի փաստական հանգամանքների հետ, և դրանում առկա իրավական հիմնավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար:

i

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:

i

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):

i

Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի փաստական հանգամանքների համաձայն` հայցվոր Շուշանիկ Գրիգորյանը, դիմելով դատարան, պահանջել էր բռնագանձել Արարատ Մովսիսյանից 480.000 ՀՀ դրամ (դատարանում իր շահերը ներկայացնելու համար կատարված ծախս)` որպես իր դեմ ներկայացրած անհիմն հայցի հետևանքով կրած վնաս: Շուշանիկ Գրիգորյանը պահանջը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ՀՀ տնտեսական դատարանի 27.10.2005 թվականի վճռով մերժվել էր Արարատ Մովսիսյանի հայցն ընդդեմ Շուշանիկ Գրիգորյանի` «Թալին-1» ՍՊԸ-ի 30.12.2002 թվականի արտահերթ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Նշված գործով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնասի ինստիտուտի իրավական վերլուծությանը և արձանագրելով, որ քաղաքացիական իրավունքում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունը պայմանավորված է վնասի առաջացման և վնաս պատճառած անձի գործողությունների պատճառահետևանքային կապով, մեղքի առկայությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, նշել էր. «միակ բացառությունը օրենսդիրը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով, երբ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսգրքի 129-րդ հոդվածի հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում»:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործով հայցվոր Շուշանիկ Գրիգորյանն իր պահանջի հիմքում դրել էր պատասխանողի կողմից իր դեմ ակնհայտ անհիմն հայց հարուցելու հետևանքով վնաս պատճառելու հանգամանքը, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով և վերաբերում է արագացված դատաքննության ընթացքում վնասների հատուցմանը:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Ձեռնարկատերը, դիմելով դատարան, պահանջել էր Ընկերությունից բռնագանձել փաստաբանական ծառայության համար կատարված վճարումը, որպես դատական ծախս, որը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ, 73-րդ հոդվածներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի և Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-2431(ՎԴ) որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով պարտադիր և կիրառելի չէին Վերաքննիչ դատարանի համար:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2012
N ԵԱՔԴ/1401/02/11
Որոշում