ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0364/02/11
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0364/02/11
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի հոկտեմբերի 19-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆիկ Օհանյանի ընդդեմ Հասմիկ Օհանյանի` հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Օֆիկ Օհանյանը պահանջել է իր օգտին սահմանել սերվիտուտ` 16.06.2008 թվականի թիվ 2393496 սեփականության իրավունքի վկայականի մեջ ամրագրված հատակագծի 19-1 հատվածի դիմաց գտնվող ասֆալտապատ, երկու կողմից պարսպապատ, 35 մետր երկարությամբ և 159 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը պատկանում է Հասմիկ Օհանյանին` համաձայն 25.10.2007 թվականի թիվ 2442524 սեփականության իրավունքի վկայականի:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.04.2012 թվականի որոշմամբ Հասմիկ Օհանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.12.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Օհանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Օֆիկ Օհանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 211-րդ հոդվածի 2-րդ կետը, 212-րդ հոդվածի 2-րդ կետը և 214-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ համաձայն Կարբիի գյուղապետարանի կողմից 18.03.2009 թվականին տրված թիվ 306 տեղեկանքի` Օֆիկ Օհանյանի իրավունքը` մուտք գործելու իր տուն, հնարավոր է ապահովել առանց սերվիտուտ սահմանելու և Հասմիկ Օհանյանի սեփականության իրավունքը սահմանափակելու:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, սահմանելով հարկադիր սերվիտուտ, չի սահմանել սերվիտուտի գործողության ժամկետին և պայմաններին վերաբերող օրենքով նախատեսված որևէ պայման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.04.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Օֆիկ Օհանյանը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, որ Հասմիկ Օհանյանը երբեք իրենից վճար չի պահանջել սերվիտուտի համար, այդ հարցը դատարաններում երբեք չի բարձրացրել և եթե բարձրացներ, ապա վճիռ կայացնելիս կսահմանվեր վճարի չափը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
1. 16.06.2008 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 2393496 վկայականի համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 0,156 հա մակերեսով տնամերձ հողամասը և 71,8 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում են Օֆիկ Օհանյանին (հատոր 1-ին, գ.թ. 22, 23):
2. «Կառուցագետ» ՍՊ ընկերության կողմից 07.07.2009 թվականին տրված թիվ Կ-043/09-01 գրության համաձայն` Օֆիկ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի շահագործման և բնակելի տան մոտեցման ապահովման, ինչպես նաև Հասմիկ Օհանյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի, խոհանոցի և թոնրատան շահագործման ու բնակելի տան մոտեցման ապահովման համար անհրաժեշտ է Հասմիկ Օհանյանի սեփականությունը հանդիսացող հողատարածքի սահմաններում ընդգրկված, ճանապարհով ծանրաբեռնված մոտ 159 քմ մակերեսով հողամասը թողնել կողմերին որպես ընդհանուր սեփականություն կամ կիրառել սերվիտուտ` հիշյալ ճանապարհից Օֆիկ Օհանյանի օգտվելու համար (հատոր 1-ին, գ.թ. 24):
3. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբիի գյուղապետարանի կողմից 18.03.2009 թվականին տրված թիվ 306 տեղեկանքի համաձայն` Օֆիկ Օհանյանին պատկանող հողամասի կողքով անցնող ճանապարհից դեպի հողամաս առկա է մուտք` մեկ մետրանոց դռնակով, և հնարավոր է նշված ճանապարհից դեպի հողամաս կազմակերպել մեքենայի մուտքը (հատոր 1-ին, գ.թ. 42):
4. ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող 0,0807 հա մակերեսով տնամերձ հողամասը և 48,25 քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում են Հասմիկ Օհանյանին (սեփականության իրավունքի գրանցման թիվ 2442524 վկայական` տրված 25.10.2007 թվականին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` կամավոր սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և հարևան կամ այլ հողամասի սեփականատիրոջ` նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կամավոր սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի գործողության ժամկետը և պայմանները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 212-րդ հոդվածի համաձայն` հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքը (սերվիտուտ) ենթադրում է անշարժ գույքի օգտագործում այդ գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից: Սերվիտուտը կիրառվում է այն դեպքերում, երբ դրա կիրառումը անհրաժեշտ է ոչ սեփականատեր հանդիսացող անձի` օրենսգրքով սահմանված կարիքները (այն է` հարևան կամ այլ հողամասով անցնելու և երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման և հողաբարելավման, ինչպես նաև անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար) հոգալու համար, և երբ դրանք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման: Ընդ որում, սերվիտուտը կարող է սահմանվել ինչպես հողամասի սեփականատիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ, այնպես էլ վերջինիս կամքին հակառակ` դատական կարգով:
Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գույքերն` ըստ նպատակային նշանակության բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված, ավտոտնակ` ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված, սեփականության իրավունքով Հասմիկ Օհանյանին պատկանող շինություններ են, որոնցից անարգել օգտվելն անհնար է` առանց Օֆիկ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից սահմանափակ օգտվելու հնարավորության: Նույն եզրահանգումն է պարունակում ներկայացված «Կառուցագետ» ՍՊԸ-ի 07.07.2009 թվականի թիվ Կ-043/09-01 գրությունը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Օֆիկ Օհանյանի կողմից հիշատակված` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբիի գյուղապետարանի կողմից 18.03.2009 թվականին տրված թիվ 306 տեղեկանքը պարունակում է տեղեկություն միայն «մեկ մետրանոց դռնակով նշված ճանապարհից դեպի հողամաս մեքենայի մուտքը կազմակերպելու հնարավորության մասին», մինչդեռ նման հնարավորության իրական լինելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոնշյալից հետևում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց հետազոտում է նախ` գործին դրա վերաբերելիության, օրենքով նման ապացույցի թույլատրելիության, արժանահավատության, իսկ վերաբերելի բոլոր ապացույցները միասին` որոշակի փաստ (փաստեր) հաստատելու համար բավարարության տեսանկյունից:
Դատարանը յուրաքանչյուր ապացույցի վերաբերելիությունը և թույլատրելիությունը ստուգելուց հետո պարտավոր է ստուգել նաև տվյալ ապացույցի արժանահավատությունը և ապացույցների միջև հակասության դեպքում մերժել իր կարծիքով ոչ արժանահավատ ապացույցը` հիմնավորելով տվյալ մերժումը, իսկ փաստը հաստատել արժանահավատ ապացույցի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Կարբիի գյուղապետարանի կողմից 18.03.2009 թվականին տրված թիվ 306 տեղեկանքի համաձայն` Օֆիկ Օհանյանի` իր տուն և ավտոտնակ մուտք գործելու իրավունքը հնարավոր է ապահովել առանց սերվիտուտ սահմանելու և Հասմիկ Օհանյանի սեփականության իրավունքը սահմանափակելու, որպիսի ապացույցը, սակայն, ստորադաս դատարանների կողմից մյուս ապացույցների հետ միասին չի հետազոտվել և գնահատվել:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում երկու իրարամերժ գրությունների առկայության պայմաններում գործի համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքի պարզումը, թե առանց սերվիտուտի սահմանման տեխնիկապես հնարավոր է սերվիտուտ հայցող անձի կողմից ավտոտնակի օգտագործումը, թե ոչ, հատուկ գիտելիքներ պահանջող հարց է և կարող է պարզվել միայն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետի կողմից տրված եզրակացությամբ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` վերը նշված հանգամանքների պարզման ուղղությամբ դատավարական գործողություններ կատարելու համար, իսկ հարկադիր սերվիտուտի սահմանման անհրաժեշտության դեպքում` լուծելով սերվիտուտի պայմանների, գործողության ժամկետի և վճարի չափի հարցը, քանի որ հարկադիր սերվիտուտի դեպքում դատարանն իր վճռով պարտավոր է անդրադառնալ նաև վերոնշյալ հարցերին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.04.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան