Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ, 1216-ՐԴ, 1221-ՐԴ, 1226-ՐԴ, 1227-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0850/02/11  

    դատարանի որոշում                                              2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0850/02/11

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան

                       Ա. Մկրտչյան

                                              

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Է. Հայրիյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մխիթար Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ Մխիթար Ասատրյանի հայցի ընդդեմ Նարգիզ Ասատրյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թվականին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին պատկանելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգատու Մարգարիտ Գրիգորի (Գևորգի) Ասատրյանի ժառանգական գույքի նկատմամբ ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և այդ հիմքով ժառանգական գույքի` 178,00 քմ մակերեսով շենք-շինության և 1.800 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, Նարգիզ Ասատրյանին 11.10.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մխիթար Ասատրյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով ժառանգատու Մարգարիտ Գրիգորի (Գևորգի) Ասատրյանի մահից հետո ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել իրեն և այդ հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքը ժառանգական գույքի 178,00 քմ շենք-շինության և 1.800 քմ հողամասի 1/2 բաժնի նկատմամբ ու մասնակիորեն` 1/2 բաժնի մասով, անվավեր ճանաչել Նարգիզ Ասատրյանին 11.10.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և 19.10.2010 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականը:

Մխիթար Ասատրյանը, փոխելով և ավելացնելով հայցապահանջը, արդյունքում պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թվականին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը պատկանում է Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին, ամբողջովին անվավեր ճանաչել Նարգիզ Ասատրյանին 11.10.2010 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և որպես հետևանք ամբողջովին անվավեր ճանաչել 19.10.2010 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 20.03.2012 թվականին վճռել է. «Մխիթար Պետրոսի Ասատրյանի ընդդեմ Նարգիզ Բաղդասարի Ասատրյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևան տարածքային ստորաբաժանման` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թ. տրված N 7858 սեփականության վկայագիրը Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին պատկանելու իրավաբանական փաստը հաստատելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգատու Մարգարիտ Գրիգորի (Գևորգի) Ասատրյանի մահից հետո ներկայացման իրավունքով հայցվոր Մխիթար Ասատրյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և այդ հիմքով նրա սեփականության իրավունքը ժառանգական գույքի` 178,00 քմ շենք-շինության և 1.800 քմ հողամասի 1/2 մասի նկատմամբ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից Նարգիզ Ասատրյանին 11.10.2010 թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն (Ձև N 3) ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցը մերժել: Որպես հետևանք 19.10.2010 թ. տրված թիվ 2753055 սեփականության իրավունքի վկայականն ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջի մասով թիվ ԵԷԴ0850/02/11 քաղաքացիական գործի վարույթը կարճել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Մխիթար Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.03.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մխիթար Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 5-րդ կետերը, 1226-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 1-ին կետը, 189-193-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է, որ Մխիթար Ասատրյանը ժառանգատու տատի` Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի մահից հետո փաստացի տիրապետել ու կառավարել է ժառանգական գույքը, շարունակել է բնակվել ժառանգական գույք հանդիսացող Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 բնակելի տանը, ինչպես նաև ակտիվ գործողություններ է կատարել ժառանգությունն ընդունելու համար:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ ժառանգատու Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի ժառանգական գույքի նկատմամբ Նարգիզ Ասատրյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելիս վերջինս թաքցրել է այլ ժառանգ առկա լինելու փաստը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն փաստին, որ ժառանգական գույքը տիրապետող ժառանգը չպետք է ապացուցի իր կողմից այդ գույքի տիրապետումը, այլ այն պետք է ապացուցի այդպիսի փաստը վիճարկող անձը, մինչդեռ Նարգիզ Ասատրյանը չի ներկայացրել որևէ ապացույց Մխիթար Ասատրյանի կողմից ժառանգական գույքը չտիրապետելու և չկառավարելու, ժառանգական գույք հանդիսացող տանը չբնակվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չգնահատելով գործում առկա ապացույցները, մերժել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թվականին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը պատկանում է Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին, որպիսի փաստի հաստատումն ուղղված է Մխիթար Ասատրյանի կողմից ժառանգատուի ժառանգական գույքը ներկայացման իրավունքով ընդունելուն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանն անհիմն կարճել է 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականն անվավեր ճանաչելու մասին գործի վարույթը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Բաղդասար Զաքարի Ասատրյանի և Մարգարիտ Գրիգորի Ստեփանյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 14.01.1954 թվականին, և վերջինս կրել է Ասատրյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 14): Ազգանուշ և Նարգիզ Ասատրյանները Բաղդասար և Մարգարիտ Գրիգորի Ասատրյանների դուստրերն են, իսկ Մխիթար Ասատրյանը` Ազգանուշ Ասատրյանի որդին (հատոր 1-ին, գ.թ. 15, 18, 60):

2. Ազգանուշ Բաղդասարի Ասատրյանը մահացել է 16.11.1976 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 19), Բաղդասար Զաքարի Ասատրյանը մահացել է 16.02.1979 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 20), իսկ Մարգարիտ Գրիգորի Ասատրյանը մահացել է 03.05.1994 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 21):

3. 01.12.1993 թվականի սեփականության թիվ 7858 վկայագրի համաձայն` Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 56,10 քմ բնակելի, 84,10 քմ օժանդակ մակերեսների և 1.800,0 քմ հողամասի սեփականատերը Մարգարիտ Գեորգիի Ասատրյանն է (հատոր 1-ին, գ.թ. 61):

4. 11.10.2010 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 7089 վկայագրի համաձայն` 03.05.1994 թվականին մահացած Մարգարիտ Գրիգորի Ասատրյանի ժառանգական գույքի` Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող տան նկատմամբ ժառանգ է ճանաչվել դուստրը Նարգիզ Բաղդասարի Ասատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 22):

5. 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականի համաձայն` Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող 178,0 քմ մակերեսով բնակելի տան և 0,17548 հա հողամասի սեփականատերը Նարգիզ Բաղդասարի Ասատրյանն է, հիմք` 11.10.2010 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 7089 վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 238-240):

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման 21.10.2011 թվականի թիվ 1Կ-04/3-6158 գրության համաձայն` Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքը նախկինում սեփականության իրավունքով գույքագրված է եղել Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ (կադաստրային գործում առկա փաստաթղթերում` 01.12.1993 թ. թիվ 7858 սեփականության վկայագրում, 01.12.1993 թ. ԱԿՏ-ում Մարգարիտ Ասատրյանի հայրանունը նշված է Գեորգիի) (հատոր 1-ին, գ.թ. 159):

7. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի 02.11.2010 թվականի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին թիվ 000675 տեղեկանքի և Մխիթար Ասատրյանի 26.10.2010 թվականին 009-ի կողմից տրված թիվ AK0645474 անձնագրի համաձայն` 03.01.1975 թվականին ծնված Մխիթար Ասատրյանը Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեում հաշվառված է 14.04.1994 թվականից, միաժամանակ կատարվել է նշում «մշտական բնակվելու մասին» (հատոր 1-ին, գ.թ. 16, 17):

8. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի 08.11.2011 թվականի թիվ 44-ա91160 գրությամբ հայտնվել է, որ 03.01.1975 թվականին ծնված Մխիթար Ասատրյանը Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի հաշվառումից հանվել է 16.08.2011 թվականին` նշված հասցեի սեփականատեր Նարգիզ Ասատրյանի դիմումի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 165):

9. 22.12.2010 թվականի թիվ ՕՏ 00042065 զինվորական գրքույկի և 26.02.2008 թվականի Էրեբունու զինվորական կոմիսարիատի թիվ 4/169 տեղեկանքի համաձայն` 03.01.1975 թվականին ծնված Մխիթար Ասատրյանը 18.06.1994 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության Երևանի Էրեբունու տարածքային զինվորական կոմիսարիատի կողմից, զորացրվել է 19.11.1995 թվականին և հաշվառված է նույն զինվորական կոմիսարիատում (հատոր 1-ին, գ.թ. 27-30, 139):

10. Թիվ 26 տեղամասի լիազոր ներկայացուցչի կնիքով դրոշմված և ստորագրությամբ հաստատված 27.05.2011 թվականի, 30.07.2011 թվականի և 11.11.2011 թվականի տեղեկանքների համաձայն` Մխիթար Ասատրյանին խնամել է մոր` Ազգանուշ Ասատրյանի մայրը` Մարգարիտ Ասատրյանը, և Մխիթար Ասատրյանը 1975 թվականից փաստացի բնակվել է տատին` Մարգարիտ Ասատրյանին պատկանող Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տանը մինչև 1994 թվականը, որտեղից զորակոչվել է զինվորական ծառայության, և 1995 թվականի դեկտեմբերին զորացրվելուց հետո վերադարձել է տատի տուն և շարունակել բնակվել Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տանը մինչև 1998 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 24, 99, 138):

11. Թիվ 26 տեղամասի լիազոր ներկայացուցչի կնիքով դրոշմված և ստորագրությամբ հաստատված 11.11.2011 թվականի Ալբերտ Դավթյանի հայտարարությամբ վերջինս հայտնել է, որ Մխիթար Ասատրյանին 1975 թվականից ճանաչում է որպես հարևան, 1975 թվականից մինչև 1998 թվականը բնակվել է Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տանը, 1994 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության նշված հասցեից և 1995 թվականի դեկտեմբերին զորացրվելուց հետո վերադարձել է և շարունակել բնակվել Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տանը, մշակել է հողամասը, իսկ 1998 թվականին նշված տանից հեռացել է ժամանակավորապես (հատոր 1-ին, գ.թ. 131):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքը պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տես` Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (ի թիվս այլ ակտերի տես` Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստան 10-րդ փողոցի 2-րդ շենքի թիվ 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մարտի 27-ի որոշումը): ՈՒստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տես` Գառնիկ Նազարյանն ընդդեմ Գագիկ Նազարյանի, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի` փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ճանաչելու և Գագիկ Նազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1125(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը, ինչպես նաև Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման` Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիս 1-ի որոշումը):

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տես` Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի` փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Սույն գործով, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1216-րդ, 1221-րդ հոդվածները, 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, 1227-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, Մխիթար Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարել միանշանակ հետևություն առ այն, որ բողոքաբերը փաստացի տիրապետման ուժով ընդունել է ժառանգությունը: Վերջինիս կողմից ներկայացված և գործին կցված հայտարարություններն ու դատաքննության ժամանակ տրված վկաների ցուցմունքները, տեղամասի լիազոր ներկայացուցչի 27.05.2011 թ., 30.07.2011 թ. և 11.11.2011 թ., Էրեբունու զինկոմիսարիատի 26.02.2008 թ. տեղեկանքները, ինչպես նաև Մ. Ասատրյանի զինվորական գրքույկը չեն կարող հայցը բավարարելու հիմք հանդիսանալ: Դատարանը դրանք հետազոտել է և իրավացիորեն հանգել հետևության, որ հայցվորի կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն հայցը բավարարելու համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ներկայացված չեն բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, որոնցով կարող էր հիմնավորվել հայցվոր Մխիթար Ասատրյանի կողմից փաստացի տիրապետմամբ ժառանգատու Մարգարիտ Ասատրյանի ժառանգությունն ընդունելու հանգամանքը: Հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանն իրավացիորեն հանգել է այն հետևության, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգատու Մարգարիտ Գրիգորի Ասատրյանի մահվանից հետո ներկայացման իրավունքով հայցվոր Մխիթար Ասատրյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և այդ հիմքով նրա սեփականության իրավունքը ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ ճանաչելու, ինչպես նաև Նարգիզ Ասատրյանին 11.10.2010 թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջներն անհիմն են և ենթակա են մերժման»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց բացատրությունները, վկաների ցուցմունքները, Ալբերտ Դավթյանի հայտարարությունը, համատիրության կողմից տրված տեղեկանքները` որպես ապացույց, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցները փաստական տվյալներ են պարունակում առ այն, որ Մխիթար Ասատրյանը ժառանգության բացման ժամանակ ժառանգական գույք հանդիսացող Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տանը բնակվել է և նշված հասցեից զինվորական ծառայության է զորակոչվել, ավելին վերջինս զորացրվելուց հետո վերադարձել է նշված տուն և շարունակել բնակվել այնտեղ: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մխիթար Ասատրյանը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով ներկայացման իրավունքով ընդունել է ժառանգական գույքը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թվականին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին պատկանելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջին, գտել է, որ «Մխիթար Ասատրյանի` իրավաբանական փաստը ճանաչելու պահանջն ըստ էության ուղղված է վերջինիս կողմից ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունելուն: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մերժմանը, արդեն իսկ փաստել է, որ ընդհանուր իրավասության դատարանի նման հետևությունն օրինական է և հիմնավոր: Նման պայմաններում անդրադառնալ ժառանգության իրավունքի վկայագրի պատկանելության հանգամանքը հիմնավորող իրավաբանական փաստի հաստատմանը, Վերաքննիչ դատարանը գտնում է անհիմն և առարկայազուրկ` նկատի ունենալով, որ բողոքաբերի վկայակոչած` 01.12.1993 թ. Մարգարիտ Ասատրյանին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը փաստացի գոյություն չունի, քանի որ Նարգիզ Ասատրյանը ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն ընդունել է ժառանգական զանգվածի մեջ մտնող վիճելի գույքը: Ավելին, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տարածքային ստորաբաժանման 19.10.2010 թ. թիվ 2753055 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն այն սեփականության իրավունքով գրանցվել է վերջինիս անվամբ»:

Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգատու Մարգարիտ Գրիգորի Ասատրյանի ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման հիմքով Մխիթար Ասատրյանի կողմից ընդունելու պայմաններում ծագում է իրավաբանական նշանակություն ունեցող` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Մարգարիտ Գեորգիի Ասատրյանի անվամբ 01.12.1993 թվականին տրված թիվ 7858 սեփականության վկայագիրը Մարգարիտ Գրիգորի Ասատրյանին պատկանելու փաստը հաստատելու Մխիթար Ասատրյանի պահանջի իրավունքը:

 

Ինչ վերաբերում է 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականն անվավեր ճանաչելու մասին հայցային պահանջը կարճելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած այն դիրքորոշումները, որ սեփականության իրավունքի գրանցման վկայականը վարչական ակտ չէ, իսկ վարչական ակտ է սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումը, գտել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով վարչական ակտ է հանդիսանում անշարժ գույքի գրանցամատյանի գրանցումը (գրառումը), իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է սեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ և այդ փաստաթղթի անվավեր ճանաչելը չի հանգեցնում իրավական հետևանքների, քանի որ ուժի մեջ է մնում վարչական ակտը` անշարժ գույքի գրանցման մատյանի գրանցումը, հետևաբար, Դատարանն արդարացիորեն եկել է այն եզրահանգման, որ որպես հետևանք 19.10.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2753055 վկայականն ամբողջովին անվավեր ճանաչելու պահանջի մասով գործը ենթակա է կարճման (տես` Սիսիանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` 2002 թ. օգոստոսի 26-ին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1920(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը):

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման` հայցը մերժելու մասով վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2012
N ԵԷԴ/0850
Որոշում