040.0284.050599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«05» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 1999 թվականի թիվ 284
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդիայի հանձնախումբն ստանձնել է Գյումրիի «Անի» թաղամասի 9-1-1 բ անավարտ բնակելի շենքի շինարարության ֆինանսավորումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` նշված օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակի 08 խմբի 01 ենթախմբով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին «Անի» թաղամասի 9-1-1 բ բնակելի շենքի շինարարության համար նախատեսված ծախսերը պակասեցնել 46000,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի ծախսերը:
2. Գյումրիի Շիրակացու 58 ա շենքի (փոխանցվող) շինարարության համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 46000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 5-ից: