Սեղմել Esc փակելու համար:
1921 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1921 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ...

 

 

020.1066.220113

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1921 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՏԱՐԱՆՑՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված` «Տարանցման ազատության մասին» կոնվենցիայում ու կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 28 նոյեմբերի 2012թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան և կանոնադրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Տարանցման ազատության մասին» կոնվենցիան ստորագրվել է 1921թ. ապրիլի 20-ին` Բարսելոնայում:

1921թ. ապրիլի 14-ին Բարսելոնայի խորհրդաժողովում ընդունված` «Տարանցման ազատության մասին» կանոնադրությունը հանդիսանում է 1921թ. ապրիլի 20-ի Կոնվենցիայի անբաժանելի մասը:

2. Կոնվենցիայի նպատակն անդամ պետությունների միջև հաղորդակցությունների և տարանցման ազատության երաշխավորվածությունն ու պահպանումն է:

Կոնվենցիայի համաձայն` որպես պետությունների միջև համագործակցության զարգացման լավագույն միջոց հռչակվում է ազատ տարանցման իրավունքը և այդ կապակցությամբ սահմանվում են կանոնակարգեր` առանց սահմանափակելու նրանց ինքնիշխանության կամ տարանցման համար առկա երթուղիների նկատմամբ ունեցած իրավունքները:

«Տարանցման ազատության մասին» կանոնադրությամբ նախատեսված է, որ անձինք, ուղեբեռը և ապրանքները, ինչպես նաև նավերը` ուղևորատար և ապրանքատար, ինչպես նաև տրանսպորտային մյուս միջոցները համարվում են պայմանավորվող պետություններից մեկի ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով տարանցման մեջ, եթե այդպիսի տարածքով անցումը` վերբեռնմամբ, պահեստավորմամբ, խմբաքանակի բաժանումով, փոխադրման եղանակի փոփոխությամբ կամ առանց դրանց, ամբողջական ճամփորդության միայն մի մասն է, որն սկսվում և ավարտվում է այն պետության սահմաններից դուրս, որի տարածքում տեղի է ունենում տարանցումը` «տարանցիկ փոխադրումը»:

3. Կոնվենցիայով և Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.

- հայտարարել, որ ընդունում է Կոնվենցիային կից ներկայացված` «Տարանցման ազատության մասին» կանոնադրությունը, որն ընդունվել է Բարսելոնայի խորհրդաժողովում 1921թ. ապրիլի 14-ին, ինչպես նաև ընդունում է Կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները և պարտականությունները` դրանում նշված ժամկետներին և պայմաններին համապատասխան,

- պահպանելով Կանոնադրության դրույթները` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով փոխադրումների կարգավորման ու իրականացման ուղղությամբ ձեռնարկել միջոցներ, որոնք կնպաստեն երկաթգծով կամ ջրային ուղիներով ազատ տարանցմանը` միջազգային տարանցման հարմար երթուղիներով, տարբերակում չդնել անձանց ազգության, նավերի դրոշների, ապրանքների ծագման վայրի, մեկնման, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի կամ ցանկացած այլ հանգամանքների միջև, որոնք վերաբերում են ապրանքների կամ նավերի, ուղևորատար կամ ապրանքատար կազմին կամ տրանսպորտային այլ միջոցների պատկանելությանը,

- տարանցիկ փոխադրումների դեպքում չկիրառել տարանցման (ներառյալ` մուտքի և ելքի) մասով հատուկ տուրքեր: Տարանցիկ փոխադրման համար գանձել այնպիսի տուրքեր, որոնք բացառապես նախատեսված են նման տարանցիկ փոխադրման ընթացքում վերահսկման և կառավարման հետ կապված ծախսերը ծածկելու համար: Ցանկացած այդպիսի տուրքի դրույքաչափը հնարավորինս համապատասխանեցնել այն ծախսերին, որոնք ծածկելու համար դրանք նախատեսված են, և տուրքերը սահմանել Կանոնադրությամբ սահմանված հավասարության պայմաններով` բացառությամբ այն դեպքերի, երբ որոշակի երթուղիներում այդպիսի տուրքերի գումարը կարող է նվազեցվել կամ նույնիսկ հանվել` հաշվի առնելով վերահսկման հետ կապված ծախսերում առկա տարբերությունները,

- Հայաստանի Հանրապետության կողմից կամ կոնցեսիայի հիման վրա շահագործվող կամ կառավարվող երթուղիներով տարանցիկ փոխադրման նկատմամբ (անկախ մեկնման կամ նշանակման վայրից) կիրառել այնպիսի սակագներ, որոնք, հաշվի առնելով երթուղիների միջև առկա երթևեկության պայմանները և առևտրային մրցակցության նկատառումները, ողջամիտ են թե' իրենց դրույքաչափերի, թե' կիրառման մեթոդների առումով, և այս սակագները սահմանել այնպես, որ հնարավորինս նպաստեն միջազգային երթևեկությանը, ինչպես նաև ապահովել, որպեսզի ոչ մի գանձում, արտոնություն կամ սահմանափակում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված չլինի այն նավի կամ այլ փոխադրամիջոցի պետական պատկանելությունից կամ սեփականությունից, որով ամբողջական ճամփորդության մի մասն իրականացվել է կամ պետք է իրականացվի,

- հետագայում չկնքել պայմանագրեր, կոնվենցիաներ կամ համաձայնագրեր, որոնք չեն համապատասխանի Կանոնադրության դրույթներին` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցից բացառիկ շեղումներն արդարացվում են աշխարհագրական, տնտեսական կամ տեխնիկական հանգամանքներով,

- տարանցման խնդիրների առնչությամբ ձեռք բերել տարածաշրջանային պայմանավորվածություններ` Կանոնադրության սկզբունքներին համապատասխան,

- հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ պայմանավորվող պետությունների տարածքներում կամ դրանց անմիջական հարակից տարածքներում կան տարածաշրջաններ կամ անկլավներ, որոնք այդ տարածքների համեմատ ունեն փոքր տարածություն և փոքրաթիվ բնակչություն, և որ այդ տարածաշրջանները կամ անկլավներն այլ մայր պետության անջատ մասն են կամ բնակավայրերը, և վարչական կարգի պատճառով գործնականում անհնար է Կանոնադրության դրույթները կիրառել դրանց նկատմամբ, չկիրառել Կանոնադրության դրույթները դրանց նկատմամբ` այդուհանդերձ, կիրառելով այնպիսի ռեժիմ, որը կպահպանի Կանոնադրության սկզբունքները և հնարավորինս կնպաստի տարանցմանն ու հաղորդակցություններին:

Կանոնադրությամբ նախատեսված է, որ ոչ մի պայմանավորվող պետություն չի պարտավորվում թույլ տալ այն ուղևորների տարանցիկ անցումը, որոնց մուտքն իր տարածք արգելված է, կամ այն տեսակի ապրանքների տարանցիկ փոխադրումը, որոնց ներմուծումն արգելված է կամ հանրային առողջապահության, կամ անվտանգության նկատառումներից ելնելով, կամ որպես նախազգուշական միջոց կենդանիների կամ բույսերի հիվանդությունների դեմ:

Ըստ Կանոնադրության` յուրաքանչյուր պայմանավորվող պետություն իրավունք ունի ձեռնարկելու ողջամիտ նախազգուշական միջոցներ` ապահովելու համար, որ անձինք, ուղեբեռն ու ապրանքները, մասնավորապես, մենաշնորհային ապրանքները, նաև նավերը, ուղևորատար կամ ապրանքատար կազմերը և այլ տրանսպորտային միջոցներն իսկապես տարանցում կատարեն, ինչպես նաև տարանցող ուղևորներին ճամփորդությունն ավարտելու հնարավորություն տրվի, և երթուղիների ու հաղորդակցման միջոցների անվտանգությունն ապահովվի:

Կանոնադրությունը ոչ մի կերպ չի հանգեցնում այն հնարավորություններից օգտվելու իրավունքից զրկվելուն, որոնք ավելի մեծ են, քան Կանոնադրությամբ նախատեսված հնարավորությունները, և որոնք Կանոնադրության սկզբունքներին համահունչ լինելու դեպքում տրամադրվում են պայմանավորվող պետության ինքնիշխանության կամ իշխանության ներքո գտնվող տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում: Կանոնադրությունը չի նախատեսում նաև հետագայում նման ավելի մեծ հնարավորություններ տրամադրելու արգելքներ:

Կանոնադրությամբ պայմանավորվող պետություններից ոչ մեկը նոր պարտավորություն չի ստանձնում` կապված քաղաքացիներին և նրանց ուղեբեռին կամ պայմանավորվող կողմ չհանդիսացող պետության դրոշին կամ ապրանքներին կամ ուղևորատար և ապրանքատար կազմերին կամ տրանսպորտային այլ միջոցներին փոխադրման ազատություն շնորհելու հետ, երբ դրանք գալիս կամ մուտք են գործում կամ մեկնում են պայմանավորվող կողմ չհանդիսացող պետություն` բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարանցման համար հիմնավոր պատճառ է ներկայացնում մյուս շահագրգիռ պայմանավորվող պետություններից որևէ մեկը: Ըստ Կանոնադրության` պայմանավորվող պետությունների միջև պետք է համաձայնեցվի, որ պայմանավորվող պետության դրոշի ներքո տարանցիկ ռեժիմով փոխադրվող ապրանքների նկատմամբ կիրառվում են այդ դրոշին շնորհված արտոնությունները, եթե վերբեռնում չի կատարվում:

Կանոնադրությամբ նախատեսվում է դրանում սահմանված դրույթներից շեղումների հնարավորություն` բացառիկ դեպքերում և հնարավորինս կարճ ժամկետներով, երբ պայմանավորվող պետությունն անհրաժեշտ է համարում ընդհանուր կամ կոնկրետ բնույթի միջոցներ ձեռնարկել պետական անվտանգությանը կամ երկրի կենսական շահերին սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում` պայմանով, որ տարանցման ազատության սկզբունքը պետք է հնարավորինս պահպանվի:

Կանոնադրությունը չի սահմանում պատերազմի ընթացքում պատերազմող և չեզոք կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Կանոնադրությունը շարունակում է ուժի մեջ մնալ պատերազմի ընթացքում այնքանով, որքանով նշված իրավունքներն ու պարտականությունները թույլ են տալիս:

4. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

ա) «Տարանցման ազատության մասին» կոնվենցիայում և կանոնադրությունում ամրագրված իրավունքները և պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածում ամրագրված պահանջին, համաձայն որի` երկրի արտաքին քաղաքականությունը պետք է իրականացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով,

բ) քննության առարկա Կոնվենցիան և Կանոնադրությունն ընդունվել են 1921թ.` նախքան մինչժամանակակից միջազգային իրավունքի ձևավորումը, սակայն դրանց իրավակարգավորման առարկայի հույժ կարևորությունը հիմք հանդիսացավ, որպեսզի հետագայում, ինչպես 1945թ. ՄԱԿ-ի կանոնադրության, այնպես էլ դրա հիման վրա ընդունված բազմաթիվ կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթերում պետությունների համագործակցության պահանջն ամրագրվի որպես jus cogens (համապարտադիր) սկզբունք,

գ) նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության և նրա առանձին հարևան պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության առկա ոչ բավարար վիճակը` սույն Կոնվենցիան ու Կանոնադրությունը կարող են լրջորեն համալրել միջազգային տնտեսական համագործակցության դժվարությունների կամ փակուղիների հաղթահարման ՀՀ գործիքակազմը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1921 թվականի ապրիլի 20-ին ստորագրված` «Տարանցման ազատության մասին» կոնվենցիայում և կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2013 թվականի

ՍԴՈ-1066

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2013
N ՍԴՈ-1066
Որոշում