Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

N ԱԽ-4-Ո-7

2013 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆ ԵՎ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ` ԱԽ անդամներ           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Կ. Բաղդասարյանի,

                                          Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

                                          Ա. Խաչատրյանի, Ա. Թումանյանի,

                                          Մ. Մակյանի, Հ. Փանոսյանի,

                                          Ս. Օհանյանի

 

    մասնակցությամբ` դատավոր               Ա. Վարդապետյանի

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2013 թվականի հունվարի 31-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Վարդապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ նաև` Կարգապահական հանձնաժողով) 27.12.2012 թ. թիվ N-Կ-2-15/2012 թ. որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Վարդապետյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահի 2012 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 74/12-Է գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործն ըստ մեղադրանքի Գայանե Խորենի Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով 13.12.2011 թ. որոշում է կայացվել Գայանե Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը Դատարանում ստացվել է 09.02.2012 թ. և 16.02.2012 թ. դատավոր Ա. Վարդապետյանի կողմից ընդունվել է վարույթ:

Քրեական գործով դատավարությանը մասնակցող անձինք են մեղադրողը, պաշտպանը, տուժողը, տուժողի ներկայացուցիչը և երկու վկա:

Դատարանի կողմից 21.02.2012 թ. որոշում է կայացվել գործը 01.03.2012 թ. դատաքննության նշանակելու մասին:

01.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16.03.2012 թ.` գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարելու պատճառով:

16.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30.03.2012 թ.` վկաների բացակայության պատճառով:

30.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16.04.2012 թ.` դատական նիստին տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

Այնուհետև դատական նիստեր են տեղի ունեցել 16.04.2012 թ., 25.04.2012 թ.:

08.05.2012 թ նշանակված դատական նիստը հետաձգվել է տուժողի բացակայության պատճառով, և դատական նիստը նշանակվել 17.05.2012 թ.: Տուժողը Դատարանին դիմումով հայտնել է, որ վատառողջ է և չի կարող դատական նիստին ներկայանալ:

17.05.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 01.06.2012 թ.` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

01.06.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19.06.2012 թ.` տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

19.06.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 26.06.2012 թ.` մեղադրողի, տուժողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

26.06.2012 թ. նշանակված դատական նիստը կայացել է, հաջորդ նիստը նշանակվել է 13.07.2012 թ.` նոր ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու համար կողմերին ժամանակ տրամադրելու պատճառով:

13.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 23.07.2012 թ.` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

23.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30.07.2012 թ.` մեղադրողի, տուժողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

30.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 14.08.2012 թ.` մեղադրողի չներկայանալու պատճառով:

14.08.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29.08.2012 թ.` դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով:

29.08.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 10.09.2012 թ., քանի որ բավարարվել է միջնորդություն ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու մասին տուժողի խնդրանքը:

10.09.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 18.09.2012 թ.` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

18.09.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել է 19.10.2012 թ.` մեղադրողի կողմից ներկայացված վերծանումներ ստանալու մասին միջնորդության բավարարման պատճառով:

19.10.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել է 07.11.2012 թ.` մեղադրողի չներկայանալու պատճառով:

Այնուհետև դատական նիստեր են տեղի ունեցել 07.11.2012 թ., 27.12.2012 թ., 11.01.2013 թ.:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործի դատական քննության հետաձգման հիմքերը, համաձայն որի` դատական նիստին կանչված անձերից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011 թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` «Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ»:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն` գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում: Գործի քննության ժամկետները որոշելիս քրեական գործերով գործի քննության ժամկետի սկիզբ պետք է համարել այն պահը, երբ առաջադրվում է մեղադրանքը, որը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան, այդ ժամկետը կարող է հաշվվել անձին ձերբակալելու պահից կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել կամ նախնական քննություն սկսելու պահից:

Մեջբերված օրենսդրական դրույթների, ինչպես նաև վարքագծի կանոնի մեկնաբանության արդյունքում Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավորը պարտավոր է իր պարտականությունները կատարել ողջամիտ ժամկետներում: Այս պահանջը ներառում է երկու տեսակետ.

ա) գործերի արագ քննություն, բ) դատարանի աշխատանքների արագ կազմակերպում:

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն ամրագրող դրույթը նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «Արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:

Դատարանի կողմից վարույթի տևողության ողջամտությունը յուրաքանչյուր դեպքում գնահատվում է ըստ քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների, մասնավորապես` դատաքննության ողջամտությունը գնահատելիս դատարանը հաշվի է առնում հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, ինչպես դիմողի, այնպես էլ համապատասխան մարմինների այնպիսի վարքագիծը, որն ազդել է դատաքննության տևողության վրա, դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործի նյութերը, արձանագրում է, որ Դատարանի դատավոր Ա. Վարդապետյանի կողմից թույլ են տրվել թիվ ԵԱՔԴ/0010/01/12 քրեական գործով գործի քննության անհարկի ձգձգումներ:

Մասնավորապես վերոհիշյալ քրեական գործի քննությունը Դատարանում վարույթ ընդունվելու պահից տևում է ավելի քան 11 ամիս:

Միաժամանակ, Կարգապահական հանձնաժողովը փաստում է, որ մինչ 07.11.2012թ. ընդհանուր առմամբ նշանակվել են 18 դատական նիստեր, որոնցից թվով 8 դատական նիստեր հետաձգվել են մեղադրողի չներկայանալու պատճառով` ավելի քան 3 ամիս տևողությամբ: Ընդ որում, նշված 8 դատական նիստերից 5-ին չի ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչը, ով բացի այդ, բացակայել է նաև ևս 2 այլ դատական նիստերից, և նրա պատճառով գործի քննությունը հետաձգվել է ավելի քան մեկ ամիս:

Մինչդեռ մեղադրողի և տուժողի ներկայացուցչի (փաստաբան Կ. Գրիգորյան) կողմից իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու և դատավարական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ դատարանը որևէ միջոց չի ձեռնարկել, այդ թվում նաև չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սանկցիան: Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «(...) դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ դատական սանկցիաները` (...)

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «(...): Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ»:

Հաշվի առնելով վերոշարադրյալ միջազգային և ներպետական օրենսդրական դրույթները, ինչպես նաև Վարքագծի կանոնների 9-րդ կանոնը` Կարգապահական հանձնաժողովն արձանագրում է, որ դատավոր Ա. Վարդապետյանի կողմից թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործով չեն ձեռնարկվել բավարար և անհրաժեշտ միջոցներ` գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու համար: Այլ խոսքով` դատավոր Ա. Վարդապետյանի կողմից գործի քննության ընթացքում թույլ են տրվել օրենքներով և Վարքագծի կանոններով սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջների էական խախտումներ:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա արդյունավետ և ողջամիտ ժամկետներում չի կազմակերպել իր վարույթում գտնվող դատական գործի քննությունը, ինչի արդյունքում թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ա. Վարդապետյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ 17135611 քրեական գործն ըստ մեղադրանքի Գայանե Խորենի Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով 09.02.2012 թ. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Կոստանդյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատարան:

16.02.2012 թ. որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 21.02.2012 թ. որոշմամբ նշանակվել է դատական քննության 2012 թ. մարտի 1-ին:

1) 01.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16.03.2012 թ.` գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու մասին պաշտպանի միջնորդությունը բավարարելու պատճառով:

2) 16.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30.03.2012 թ.` վկաների բացակայության պատճառով:

3) 30.03.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 16.04.2012 թ.` դատական նիստին տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Տուժողի ներկայացուցչի բացակայության պատճառը հանդիսացել է այլ դատարանում դատական նիստին մասնակցությունը:

4) 16.04.2012 թ. դատական նիստը տեղի է ունեցել:

5) 25.04.2012 թ. դատական նիստը տեղի է ունեցել:

6) 08.05.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել է տուժողի բացակայության պատճառով, և դատական նիստը նշանակվել է 17.05.2012 թ.: Տուժողը Դատարանին դիմումով հայտնել է, որ վատառողջ է և չի կարող դատական նիստին ներկայանալ:

- 08.05.2012 թ. դատական նիստը դատական նիստի արձանագրության համաձայն տեղի է ունեցել, հարցաքննվել է տուժողը, սակայն վերջինիս առողջական վիճակը վատթարանալու պատճառով հարցաքննությունը դադարեցվել է, և դատական նիստը հետաձգվել է 2012 թ. մայիսի 17-ին:

7) 17.05.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 01.06.2012 թ.` դատական նիստին մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Մեղադրողը, ՀՀ գլխավոր դատախազության 13.03.2012 թ. թիվ 6/14-2-12 հրամանի համաձայն 2012 թ. մայիսի 14-ից մինչև մայիսի 15-ը գործուղված է եղել տարեկան վերապատրաստման դասընթացներին:

- Համաձայն դատական նիստի արձանագրության տուժողի ներկայացուցիչը ներկա է եղել նշված դատական նիստին:

8) 01.06.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19.06.2012 թ.` դատական նիստին տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Համաձայն 01.06.2012 թ. դատական նիստի արձանագրության` ներկա են եղել դատավարության բոլոր մասնակիցները և շարունակվել է տուժողի հարցաքննությունը:

9) 19.06.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 26.06.2012 թ.` դատական նիստին մեղադրողի, տուժողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

Տուժողի ներկայացուցիչը դատական նիստին չի ներկայացել` այլ դատական նիստին մասնակցելու պատճառով:

10) 26.06.2012 թ. նշանակված դատական նիստը տեղի է ունեցել և ամբաստանյալի կողմից ներկայացված նոր փաստաթղթերին ծանոթանալու համար կողմերին ժամանակ տրամադրելու նպատակով հետաձգվել է 13.07.2012 թ.:

11) 13.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 23.07.2012 թ.` դատական նիստին մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Նիստից հետո ճշտվել է, որ մեղադրող` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Կոստանդյանը հոսանքահարվել է, ստացել ուսոսկրի կոտրվածք, ուսահոդի խախտմամբ մարմնական վնասվածք, որի պատճառով չի ներկայացել դատական նիստին (նշված դեպքը գրանցված է Երևան քաղաքի Նոր Նորքի ոստիկանության բաժնի Ավանի բաժանմունքի դեպքերի գրանցման թիվ 1 մատյանում):

12) 23.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 30.07.2012 թ.` դատական նիստին մեղադրողի, տուժողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Մեղադրողը դատական նիստին չի ներկայացել ստացված վնասվածքի պատճառով:

13) 30.07.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 14.08.2012 թ.` դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով:

- Նշված օրը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կիսամյակային աշխատանքների ամփոփումը, որի պատճառով մեղադրողը չի ներկայացել դատական նիստին:

14) 14.08.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 29.08.2012 թ.` դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով:

- Մեղադրողը ՀՀ գլխավոր դատախազության 06.08.2012 թ. թիվ 7/228 հրամանի համաձայն` 2012 թ. օգոստոսի 10-ից մինչև 23-ը ներառյալ գտնվել է ամենամյա արձակուրդում:

15) 29.08.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 10.09.2012 թ., քանի որ բավարարվել է միջնորդություն ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու մասին տուժողի խնդրանքը:

- Նշված դատական նիստը տեղի է ունեցել, քննարկվել և մերժվել են տուժողի ներկայացուցչի միջնորդությունները, և այն հետաձգվել է վերը նշված պատճառով:

16) 10.09.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 18.09.2012 թ.` դատական նիստին մեղադրողի և տուժողի ներկայացուցչի չներկայանալու պատճառով:

- Դատական նիստի արձանագրության համաձայն` տուժողի ներկայացուցիչը դատական նիստին ներկա է գտնվել, իսկ մեղադրողը բացակայել է:

17) 18.09.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 19.10.2012 թ.` մեղադրողի կողմից ներկայացված վերծանումներ ստանալու մասին միջնորդության բավարարման պատճառով:

- Նշված դատական նիստը տեղի է ունեցել, տուժողը լրացուցիչ հարցաքննվել է, Դատարանի որոշմամբ բավարարվել է տուժողի ներկայացուցչի` հեռախոսազանգերի վերծանումներ ստանալու մասին միջնորդությունը, և դատաքննությունը հետաձգվել է մինչև Դատարանի որոշման կատարումը:

18) 19.10.2012 թ. նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 07.11.2012 թ.` դատական նիստին մեղադրողի չներկայանալու պատճառով:

- Մեղադրողը դատական նիստին չի ներկայացել հիվանդության պատճառով:

19) 07.11.2012 թ. դատական նիստը տեղի է ունեցել:

- Նկատի ունենալով, որ վերծանումների վերաբերյալ Դատարանի կողմից կայացված որոշումը կատարվել է մասնակի, ուստի այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է մինչև որոշման պահանջների կատարումը:

20) Հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ պատասխանը ստացվել է 18.12.2012 թ., և դատական նիստը նշանակվել է 27.12.2012 թ., որը հետաձգվել է տուժողի ներկայացուցչի վաղօրոք նշանակված այլ դատական նիստի մասնակցելու պատճառով և նշանակվել է 11.01.2013 թ.:

21) 11.01.2013 թ. դատական նիստը տեղի է ունեցել, կողմերին հեռախոսազանգերի վերծանումներին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրվել, և դատական նիստը հետաձգվել է 22.01.2013 թ.:

Նշված պայմաններում Դատարանը թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործով մեղադրող` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա. Կոստանդյանի և տուժողի ներկայացուցիչ` փաստաբան Կ. Գրիգորյանի կողմից դատական նիստերին չներկայանալու հանգամանքները չի գնահատել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածով նախատեսված դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքեր և այդ պատճառով չի կիրառել նրանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիաներ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործն ըստ մեղադրանքի Գայանե Խորենի Գալստյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով 13.12.2011 թ. որոշում է կայացվել Գայանե Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործը Դատարանում ստացվել է 09.02.2012 թ. և 16.02.2012 թ. դատավոր Ա. Վարդապետյանի կողմից ընդունվել է վարույթ:

2) Սույն գործով մեղադրյալից բացի դատավարությանը մասնակցող անձինք են նաև մեղադրողը, պաշտպանը, տուժողը, տուժողի ներկայացուցիչը և երկու վկա:

3) Մինչ 07.11.2012 թ. նշանակվել են 18 դատական նիստեր, որոնցից թվով 8 դատական նիստեր, ընդհանուր առմամբ, ավելի քան երեք ամսով հետաձգվել են մեղադրողի չներկայանալու պատճառով: Ընդ որում, նշված 8 դատական նիստերից 5-ին չի ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչը, ով, բացի այդ, բացակայել է ևս 2 այլ դատական նիստերից, և նրա պատճառով գործի քննությունը հետաձգվել է ավելի քան մեկ ամսով:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Վարդապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն` «Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է (...) քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական նիստին կանչված անձանցից որևէ մեկի չներկայանալու կամ կողմերի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ նոր ապացույցներ պահանջվելու անհրաժեշտության հետևանքով գործի քննությունը հնարավոր չլինելու դեպքում դատարանը հետաձգում է քննությունը և միջոցներ է ձեռնարկում չներկայացած անձանց ներկայությունն ապահովելու կամ նոր ապացույցներ պահանջելու համար: Այդ դեպքում դատարանը սահմանում է ժամկետ, որով հետաձգվում է գործի քննությունը:

««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2011 թ. թիվ 01-Ն որոշման (այսուհետ` «Վարքագծի կանոններ») 9-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

«Գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանման մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի հունիսի 13-ի թիվ 98 որոշման համաձայն` գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր DH (97) հանձնարարականում ընդգծել է, որ «արդարադատության իրականացման չափազանց ձգձգումը լուրջ վտանգ է ներկայացնում իրավունքի գերակայության համար»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Էյչն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճռում նշել է, որ «...Դատարանն անտեղյակ չէ այն դժվարությունների մասին, որոնք առաջանում են տարբեր գործոնների արդյունքում և երբեմն կարող են ազգային դատարանների կողմից գործերի հետաձգման պատճառ հանդիսանալ: Այդուհանդերձ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը պահանջում է գործերը քննել ողջամիտ ժամկետում, որպեսզի ապահովվի արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունն ու վստահությունը վերջինիս նկատմամբ» (տե՛ս Էյչն (H.) ընդդեմ Ֆրանսիայի, 1989 թ. հոկտեմբերի 24, գանգատ թիվ 10073/82, կետ 58):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված դիրքորոշումից երևում է, որ գործի ողջամիտ ժամկետում քննությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով հանդիսանում է անձի արդար դատաքննության իրավունքի տարր, որը դատարանին պարտավորեցնում է բոլոր դեպքերում գործը քննել և լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում` խուսափելով անհարկի ձգձգումներից:

Անդրադառնալով դատաքննության տևողության ողջամտությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն պետք է գնահատվի` հաշվի առնելով գործի հետևյալ հանգամանքները` տվյալ դատական գործի բարդությունը, դիմողի և համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմողի համար այն արժեքի կարևորությունը, որին առնչվում է դատաքննությունը (տե՛ս Հումենն ընդդեմ Լեհաստանի, 1999 թ. հոկտեմբերի 15, գանգատ թիվ 26614/95, կետ 60):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված դիրքորոշումից երևում է, որ Եվրոպական դատարանը սահմանել է գործի քննության ժամկետի ողջամտության հետևյալ չափանիշները`

- գործի բարդությունը,

- դիմողի համար ողջամիտ ժամկետի չպահպանման հետևանքները,

- համապատասխան մարմինների աշխատանքի օպերատիվությունը,

- դիմողի վարքագիծը:

Միաժամանակ քրեական գործերով դատաքննության ժամկետի ողջամտությունը գնահատելիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ քրեական գործը պետք է առավել արագ քննվի, եթե մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի տակ:

Գործի քննության ժամկետի հաշվարկի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումների համաձայն` քրեական գործով «ողջամիտ ժամկետը» սկսում է հաշվվել այն պահից, երբ առաջադրվում է մեղադրանքը: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան գործն ուղարկվում է դատարան: Այդ ժամկետը հաշվվում է անձին ձերբակալելու պահից, կամ այն պահից, երբ տվյալ անձը պաշտոնապես տեղեկացվել է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կամ նախնական քննությունն սկսելու պահից (տե՛ս Էկլեն ընդդեմ Գերմանիայի, 1982 թ. հուլիսի 15, գանգատ թիվ 8130/78):

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործը Դատարանի կողմից վարույթ ընդունվելու պահից սկսած ավելի քան 11 ամիս գտնվում է դատարանի վարույթում:

Նշված հանգամանքը համադրելով վերևում շարադրված ներպետական և միջազգային իրավունքի պահանջների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Վարդապետյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/0010/01/12 գործը չի պարունակում այնպիսի բարդություն, որը կհիմնավորեր այն 11 ամսյա ժամկետում քննելու հանգամանքը: Հետևաբար Խորհուրդն արձանագրում է, որ սույն գործը չի քննվում ողջամիտ ժամկետում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություններ կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք.

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատ դիմելը»:

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՆԴ/0010/01/12 քրեական գործի քննության ընթացքում մեղադրողը` 8 անգամ, իսկ տուժողի ներկայացուցիչը` 5 անգամ չեն ներկայացել դատական նիստերին և դատավոր Ա. Վարդապետյանի կողմից այդ կապակցությամբ որևէ միջոց չի ձեռնարկվել:

Նշված հանգամանքը համադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի հետ` Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Վարդապետյանի կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել գործի քննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու կապակցությամբ, այն է` մեղադրողի և տուժողի ներկայացուցչի կողմից դատական նիստերին բացակայության անթույլատրելիության վերաբերյալ չեն տեղեկացվել համապատասխանաբար գլխավոր դատախազը և Փաստաբանների պալատը:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Վարդապետյանի կողմից խախտվել է ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ սահմանված` գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման պահանջը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չպահպանելով իր վարույթում գտնվող գործի քննության ողջամիտ ժամկետները, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններ»-ի 9-րդ կանոնի պահանջների կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Վարդապետյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Վ. Աբելյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Ա. Թումանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Գ. Խանդանյան

                                             Գ. Բադիրյան

                                             Մ. Մարտիրոսյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
31.01.2013
N ԱԽ-4-Ո-7
Որոշում