ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2633/02/08
դատարանի որոշում 2012 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2633/02/08
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Ս. Միքայելյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2012 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քաղաքապետարանի ընդդեմ Մարի Չիբիլյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը` 8.000 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է անվավեր ճանաչել 02.02.2006 թվականին կնքված թիվ 293 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և 14.02.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը և հօգուտ Քաղաքապետարանի բռնագանձել հայց ներկայացնելու համար վճարված պետական տուրքը` 8.000 ՀՀ դրամը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 10.05.2012 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է` Մարի Չիբիլյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությամբ պայմանավորված իրավահաջորդությունը բացառվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.09.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 434-րդ և 1186-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քաղաքացու մահից հետո իրավահաջորդությունը տեղի է ունենում ժառանգման կարգով, և փոխանցվում են գույքային բովանդակություն ունեցող իրավունքներն ու պարտականությունները: Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները` ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի 14.09.2011 թվականի գրությամբ հայտնվել է, որ հետախուզման արդյունքում պարզվել է, որ Մարի Չիբիլյանը մահացել է (հատոր 1, գ.թ. 81):
2) Կոմիտեի կողմից 14.02.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտ գտնվող շրջանցիկ թունել հասցեում գտնվող 300 քմ հողամասի նկատմամբ գրանցվել է Մարի Չիբիլյանի սեփականության իրավունքը` հիմքում դնելով 02.02.2006 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1, գ.թ. 9-12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը պատճառաբանելու նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին.
Արդյո՛ք առուվաճառքի պայմանագրի կողմ գնորդի մահից հետո նրա կողմից անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրի և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման վիճարկումը կարող է գնահատվել որպես անձնական, ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքի վիճարկում, որի դեպքում իրավահաջորդությունը բացառվում է:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես, ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության դեպքում տեղի է ունենում ընդհանուր իրավահաջորդություն, այսինքն` ժառանգին են փոխանցվում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավահաջորդության բացառման հետևյալ չորս դեպքերի.
1. ալիմենտային պարտավորություններով իրավունքների և պարտականությունների,
2. քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքի,
3. անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների,
4. այն իրավունքների ու պարտականությունների, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Ընդ որում, օրենսգրքի վերոնշյալ հոդվածում թվարկված դեպքերը սպառիչ են:
Դատարանը գործի վարույթի կարճման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «սույն գործով վիճարկվում է հատուցելի այն պայմանագիրը, որի կողմը մահացած է, հետևաբար պայմանագրի շուրջ ծագած վեճի առկայությամբ պայմանավորված պատասխանողի դեմ ներկայացված պահանջի մասով իրավահաջորդությունն ինքնին բացառվում է, քանի որ գործով ոչ թե վիճարկվում է պայմանագրի հիմքով ձեռք բերված պատասխանող կողմի իրավունքը, որը ժառանգաբար կարող է փոխանցվել իրավահաջորդությամբ (նման պահանջ առկա չէ), այլև առկա է պայմանագիրը վիճարկելու հայցային պահանջ` ուղղված կոնկրետ պայմանագրային կողմի դեմ, հայցվորի կարծիքով` կոնկրետ վերջինիս կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարքագծով պայմանավորված: Հետևաբար` այս մասով վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը, ու գործի վարույթը վերը նշված հոդվածի 4-րդ կետի պահանջով ենթակա է կարճման»:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի կողմից 14.09.2011 թվականին տրված թիվ ԵՄ-11623/03 գրության համաձայն` հայտնվել է, որ պատասխանողի և նրա գույքի հետախուզման արդյունքում պարզվել է, որ Մարի Չիբիլյանը մահացել է: Պատասխանողին ուղարկված ծանուցումները նույնպես հետ են վերադարձվել ծրարի վրա «հասցեատերը մահացել է» նշումով: Գործում բացակայում է նաև առուվաճառքի պայմանագրով վաճառված` Երևանի Շամպայն գինիների գործարանի մոտ գտնվող շրջանցիկ թունել հասցեում գտնվող 300 քմ հողամասի նկատմամբ ժառանգություն ընդունելու վերաբերյալ ապացույցները, և գտել է, որ «Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ կետը, քանի որ վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը` հաշվի առնելով, որ հայցադիմումի հիմքում ընկած և վիճարկվող պարտավորությունը պատասխանողի անձի հետ անխզելիորեն կապված պարտավորություն է»:
Հիմնվելով վերոգրյալի վրա և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 02.02.2006 թվականին կնքված թիվ 293 անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքման և դրա հիման վրա այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման արդյունքում գնորդի` Մարի Չիբիլյանի մոտ ծագել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք` գույքային իրավունք, որը ներառվում է ժառանգատուի ժառանգական զանգվածում և օրենքով սահմանված կարգով փոխանցվում է ժառանգներին: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով անշարժ գույքի վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրի և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման անվավերության պահանջի ներկայացմամբ վիճարկվում է անձի սեփականության իրավունքը, որն անձնական, ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունք չէ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդություն, անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան