Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ԵՎ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0173/02/11

    դատարանի որոշում                                             2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0173/02/11

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

    Դատավորներ`        Տ. Սահակյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գագիկ Սլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վահան Սավդալյանի ընդդեմ Գագիկ Սլոյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահան Սավդալյանը պահանջել է պարտավորեցնել Գագիկ Սլոյանին քանդել ինքնակամ տեղադրված պատն ու դարպասը և դրանք տեղափոխել Վահան Սավդալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի պարսպի անկյունի հատվածը` ազատելով ճանապարհը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 22.02.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.06.2012 թվականի որոշմամբ Դատարանի 22.02.2012 թվականի վճռի դեմ Վահան Սավդալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 22.02.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Սլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վահան Սավդալյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետը, 202-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, ինչի արդյունքում հաշվի չի առել, որ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 14.01.2011 թվականի թիվ 19/Ս-3255, Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.08.2011 թվականի թիվ 18-06/2-10393 գրություններով հողամասի սեփականատերը` Քաղաքապետարանը, ընդունել է այն հանգամանքը, որ Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 75 և 6 հասցեներին հարող 2.500 քմ մակերեսով տարածքը Սլոյանների կողմից փաստացի օգտագործվող տարածք է, ուստի Սլոյանների կողմից փաստացի սահմանազատված և տնօրինվող հողատարածքը չի կարող հանդիսանալ ընդհանուր օգտագործման: Իսկ Քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՊՓԲԸ-ի կողմից 1999 թվականի մայիսին կազմված տոպոգրաֆիական հանույթով, 1998 թվականին տրված գլխավոր հատակագծով հաստատվում է, որ Վահան Սավդալյանի սեփականության իրավունքի վկայականում նշված 4-5 հատվածն իրականում մի մասով է միայն ծառայում որպես ընդհանուր ճանապարհ, ինչից հետևում է, որ Գագիկ Սլոյանի կողմից դարպասի տեղադրմամբ որևէ ճանապարհ չի փակվել: Ավելին, վերը նշված փաստաթղթերով հաստատվում է, որ հողամասի վիճելի հատվածը նույնանում է ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-537(ՎԴ) որոշմամբ նշված 2.500 քմ մակերեսով հողամասի հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վահան Սավդալյանի սեփականության իրավունքը տարածվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) կողմից 15.08.2005 թվականին տրված թիվ 1446818 վկայականում նշված հողամասի սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա և ոչ թե դրանից դուրս գտնվող` սույն գործով վիճելի տարածքի վրա:

 

2. Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ, 64-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Երևանի քաղաքապետի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ 13.10.2010 թվականի թիվ Վ-36/17 որոշումը և Քաղաքապետարանի աշխատակազմի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանով կիրառված «խիստ նկատողություն» կարգապահական տույժը ՀՀ վարչական դատարանի 06.12.2011 թվականի վճռով ճանաչվել են անվավեր, ինչպես նաև այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում արդեն իսկ առկա էր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012 թվականի որոշումը, որով անփոփոխ էր թողնվել ՀՀ վարչական դատարանի վերը նշված վճիռը, իր որոշման հիմքում դրել է անվավեր ճանաչված և իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտերը: Ավելին, Վերաքննիչ դատարանը, վերը նշված վարչական ակտը համարելով սույն գործով վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ, ինչպես նաև իմանալով այն անվավեր ճանաչված լինելու մասին, պարտավոր էր գործի վարույթը կասեցնել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.02.2012 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, դրանցից յուրաքանչյուրը գնահատել է մյուս ապացույցների հետ համադրման սկզբունքից ելնելով, և հանգել է ճիշտ եզրակացության առ այն, որ հողի սահմանները որոշվում են հատակագծով: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի 13.10.2010 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-36/17 որոշմանը և Քաղաքապետարանի աշխատակազմի 08.11.2010 թվականի թիվ Կ-2910 հրամանին, ապա Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահին դրանք անվավեր ճանաչված չեն եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Կադաստրի 15.08.2005 թվականի թիվ 1446818 վկայականի համաձայն` Վահան Սավդալյանը Երևանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 75 հասցեի սեփականատերն է: Նույն վկայականի «Հողամասի հատակագիծը» բաժնի համաձայն` հողամասի 4-5 հատվածին սահմանակից է ճանապարհ (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

2. Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի 05.08.2010 թվականի թիվ 24/8 Ս-28 գրության համաձայն` «... չենք առարկում սեփականության իրավունքով Ձեզ պատկանող Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 75 տան հողամասի պարսպի փողոցին հարող ճակատային հատվածում հարդարման և ընդհանուր բարեկարգման աշխատանքների կապակցությամբ» (հատոր 1-ին, գ.թ. 8):

3. Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը հասցեագրված Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.08.2011 թվականի թիվ 18-06/2-10393 գրության համաձայն` «...Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 75 և 6 հասցեներին հարող տարածքը Սլոյանների կողմից տիրապետվող տարածք է: Ըստ Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-537(ՎԴ) որոշման` Սլոյաններն ավելի քան 10 տարի անընդմեջ օգտագործել են նշված հողակտորը և դատարանի վճռով ճանաչվել է Գագիկ, Վաղինակ և Պետրոս Սլոյանների ձեռքբերման վաղեմության նախապատվության իրավունքը: Վերը նշվածից ելնելով և հաշվի առնելով գործում առկա փաստաթղթերը` հայտնում ենք, որ վերը նշված դատարանի վճռի հիմքով Սլոյանների կողմից սահմանազատված և փաստացի տնօրինվող 2.500 քմ մակերեսով հողամասը չի կարող հանդիսանալ ընդհանուր օգտագործման» (հատոր 1-ին, գ.թ. 83):

4. Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 14.01.2011 թվականի թիվ 19/Ս-3255 գրության համաձայն` «...Սլոյանների կողմից Ձեր հողամասի հարևանությամբ գտնվող հողամասի մետաղական դարպասով իրականացված սահմանազատումը չի կարող դիտվել որպես նոր կատարված հողազավթում, քանի որ այդ գործողությամբ սահմանազատվել է հողամասի մի հատվածը» (հատոր 1-ին, գ.թ. 85):

5. Քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությանը հասցեագրված Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 12.05.2011 թվականի թիվ 19/07-10393 գրության համաձայն` «...քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Դավիթ-Բեկ փողոցի թիվ 6 տան դիմաց Գագիկ Սլոյանի և իր եղբայրների կողմից օգտագործվող` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի սահմանազատված հատվածում կառուցված քարե պարսպի փոխարեն ներկայումս տեղադրված է մետաղական դարպաս, որով սահմանազատվել է հողամասի այդ հատվածը» (հատոր 1-ին, գ.թ. 45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին: Ընդ որում, օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Իսկ գրավոր ապացույցների շարքին դասվում են գործի հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս, փոփոխելիս և հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «... տվյալ դեպքում բացակայում է հողերի օգտագործման սխեման, որպիսի պարագայում Դատարանի կողմից վիճելի տարածքի նպատակային նշանակությունը հաստատվել է ոչ բավարար ապացույցների հիման վրա»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իրավացիորեն կարևորելով վիճելի տարածքի օգտագործման սխեմայի բացակայությունը, այսինքն` այն ապացույցը, որով միայն հնարավոր կլիներ պարզել ու հաստատված համարել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցն այն մասին, թե Վահան Սավդալյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը սահմանազատող պարսպին հարակից վիճելի հողամասն ինչ նպատակային նշանակություն ունի և արդյոք այն օգտագործվում է իր նպատակային նշանակությանը համապատասխան, այնուամենայնիվ, առանց համապատասխան ապացույցի հայցը բավարարել է:

 

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.06.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵԷԴ/0173/02/11
Որոշում