Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 312-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0323/02/11

    դատարանի որոշում                                             2012 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0323/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրի Մկրտչյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն, Արսեն Մկրտչյանների ընդդեմ Յուրի, Արման Մկրտչյանների, երրորդ անձ «Ռասկո» ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, և Յուրի Մկրտչյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արմեն, Արսեն Մկրտչյանների` էական մոլորության ազդեցության տակ կնքված կեղծ և շինծու պարտավորագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն և Արսեն Մկրտչյանները պահանջել են Յուրի և Արման Մկրտչյաններից համապարտությամբ հօգուտ Արմեն Մկրտչյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 120.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Յուրի Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել էական մոլորության ազդեցության տակ Յուրի Մկրտչյանի կողմից գրված պարտավորագիրը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է Յուրի Մկրտչյանից հօգուտ Արմեն, Արսեն Մկրտչյանների բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ` որպես պարտավորության գումար, և 120.000 ՀՀ դրամ` որպես իրավունքի խախտման համար կատարված ծախսի գումար, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.09.2012 թվականի որոշմամբ Յուրի Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.05.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուրի Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արսեն և Արմեն Մկրտչյանների ներկայացուցիչ Հայկ Եգանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է Ընկերության կողմից 29.01.2008 թվականին տրված Ե-08-009 եզրակացությունը, որտեղ «ապահովադրի նշումները» կետում Արսեն Մկրտչյանը նշել է, որ «Եզրակացության օրինակը ստացա, հաշվարկների հետ համաձայն եմ: Խնդրում եմ ապահովագրական հատուցման գումարը փոխանցել համաձայն Շահառու` Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի նշված տվյալներով»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.09.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Յուրի Մկրտչյանը 23.03.2011 թվականին կնքված միակողմանի պարտավորագրով սուբյեկտիվ կամահայտնությամբ ցանկացել է առաջացնել պարտավորական իրավահարաբերություններ, ուստի այդ պարտավորագիրը չէր կարող միաժամանակ լինել ե՛ւ կեղծ, ե՛ւ շինծու, ե՛ւ էական մոլորության ազդեցության տակ կնքված գործարք: Այդ հիմքն արդեն իսկ բավարար է վճռաբեկ բողոքն անհիմն գնահատելու և մերժելու համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 01.02.2011 թվականին Արման Մկրտչյանը տվել է հետևյալ բովանդակությամբ հայտարարություն. «Ես` Արման Յուրիի Մկրտչյանս, հասցե` Երևանի Մանթաշյան թիվ 41, անձնագիր` AK 0504012, 003-ի կողմից, հայտնում եմ, որ իմ գործողությունների արդյունքում վթարի է ենթարկվել Արսեն Վոլոդյայի Մկրտչյանին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան, որի համար պարտավորվում եմ 3.000.000 «երեք միլիոն» ՀՀ դրամի չափով փող հատուցել նրա եղբորը` Արմեն Վոլոդյայի Մկրտչյանին, իսկ պարտավորության կատարման պարտականությունը դնել իմ հոր` Յուրի Սաղաթելի Մկրտչյանի վրա: Սույն գրությունը գրված է իմ ձեռքով և կամքի ազատ դրսևորմամբ, որի համար ստորագրում եմ»: Նույն հայտարարության հակառակ կողմում Արմեն և Արսեն Մկրտչյանների կողմից կատարվել է հետևյալ գրառումը. «Մենք` Արմեն և Արսեն Վոլոդյայի Մկրտչյաններս, տալիս ենք համաձայնություն, որպեսզի Արման Յուրիի Մկրտչյանի պարտավորությունները դրվի Յուրի Սաղաթելի Մկրտչյանի վրա, որի համար ստորագրում ենք»: Առկա են Արսեն և Արմեն Մկրտչյանների ստորագրությունները (հատոր 1, գ.թ. 10):

2. Յուրի Մկրտչյանի կողմից 23.03.2011 թվականին ստորագրվել է հետևյալ բովանդակությամբ պարտավորագիր. «Արման Յուրիի Մկրտչյանի կողմից Արսեն Վոլոդյայի Մկրտչյանին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վթարի ենթարկվելու պատճառով վնասի փոխհատուցման նպատակով Յուրի Սաղաթելի Մկրտչյանս պարտավորվում եմ իմ բնակարանը վաճառելուց հետո Արմեն Վոլոդյայի Մկրտչյանին հատկացնել 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ կամ տաս տարուց ոչ ուշ` արտադրության նույն մակնիշի կամ Արմեն Վոլոդյայի Մկրտչյանի հետ նախապես համաձայնեցնելուց հետո` մեկ այլ համարժեք ավտոմեքենա» (հատոր 1, գ.թ. 11):

3. Ըստ Ընկերության կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ Ե-08-009 եզրակացության` «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 08 ՕՕ 328 պետհամարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով պատճառված վնասի չափն արժեքային արտահայտությամբ կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, որից Արսեն Մկրտչյանին ենթակա է վճարման 1.306.302 ՀՀ դրամ (հատոր 2, գ.թ. 20-23):

4. Ընկերության կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ Ե-08-009 եզրակացության «ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) նշումները» բաժնում Արսեն Մկրտչյանը նշել է. «Եզրակացության օրինակը ստացա, հաշվարկների հետ համաձայն եմ: Խնդրում եմ ապահովագրական հատուցման գումարը փոխանցել համաձայն Շահառու` Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ի նշված տվյալներով» (հատոր 2, գ.թ. 20-23):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արմեն, Արսեն Մկրտչյանների և Յուրի Մկրտչյանի համաձայնությամբ Արման Մկրտչյանի պարտավորությունը փոխանցվել է Յուրի Մկրտչյանին, և նա էլ, ստորագրելով նշված պարտավորագիրը, ստանձնել է այն, սակայն չկատարելով` թույլ է տվել Արսեն Մկրտչյանի սեփականության իրավունքի խախտում, հետևաբար Յուրի Մկրտչյանը պարտավոր է հայցվորին վերադարձնել նրան պատկանող գույքը` դրամը: Արման Մկրտչյանի մասով դատարանն արձանագրել է, որ վերջինի կողմից իր պարտավորությունը հորը փոխանցելով և նրա կողմից ընդունվելով` Արման Մկրտչյանի պարտավորությունն Արմեն և Արսեն Մկրտչյանների հանդեպ դադարել է: Իսկ հակընդդեմ հայցի մերժման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից 12.02.2007 թվականին տրված վկայագրի, 29.01.2008 թվականի թիվ Ե-08-009 եզրակացության լուսապատճենները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեն ապացուցում ապացուցման առարկայի մեջ մտնող փաստի գոյությունը, վերաբերելի չեն, ապացուցողական նշանակություն ունենալ և հակընդդեմ հայցապահանջի բավարարման հիմք հանդիսանալ չեն կարող:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Յուրի Մկրտչյանը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել, որ գումարի բռնագանձման հիմք հանդիսացած պարտավորագիրն իր կողմից կնքվել է էական մոլորության ազդեցության ներքո, ինչպես նաև տվյալ գործարքը կեղծ կամ շինծու լինելու իր պնդումը հիմնավորելու առումով ևս որևէ թույլատրելի ապացույց չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ապացույցների պատշաճ գնահատում չի կատարվել. ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել Ընկերության կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ Ե-08-009 եզրակացությունը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Արսեն Մկրտչյանին պատճառված վնասի չափը կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, որից 1.306.320 ՀՀ դրամն Ընկերության կողմից փոխհատուցվել է, որի արդյունքում մնացել է չփոխհատուցված 1.093.680 ՀՀ դրամի չափով վնասի գումար: Մինչդեռ 23.03.2011 թվականին ստորագրված պարտավորագրով Յուրի Մկրտչյանը պարտավորվել է Արման Յուրիի Մկրտչյանի կողմից Արսեն Վոլոդյայի Մկրտչյանին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վթարի ենթարկվելու պատճառով վնասի փոխհատուցման նպատակով իր բնակարանը վաճառելուց հետո Արմեն Վոլոդյայի Մկրտչյանին հատկացնել 3.000.000 ՀՀ դրամ կամ տասը տարուց ոչ ուշ` արտադրության նույն մակնիշի կամ Արմեն Վոլոդյայի Մկրտչյանի հետ նախապես համաձայնեցնելուց հետո` մեկ այլ համարժեք ավտոմեքենա:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը (տես` Գևորգ Զուրունյանի հայցն ընդդեմ Դավիթ Քիթապսզյանի, Վարազդատ Եղոյանի` էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵՔԴ/0724/02/08 որոշումը):

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Յուրի Մկրտչյանի կողմից պարտավորագրի առարկան հանդիսացել է Արսեն Մկրտչյանին պատկանող «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան վթարի ենթարկելու հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը: Մինչդեռ Յուրի Մկրտչյանը, տեղյակ չլինելով ավտոմեքենային պատճառված վնասի իրական չափի և դրա որոշակի մասի փոխհատուցման վերաբերյալ, պարտավորվել է որպես ավտոմեքենային պատճառված վնաս փոխհատուցել 3.000.000 ՀՀ դրամ:

Մինչդեռ, Ընկերության կողմից 29.01.2008 թվականին տրված թիվ Ե-08-009 եզրակացության համաձայն` «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 08 ՕՕ 328 պետհամարանիշի ավտոմեքենայի վնասվածքների հետևանքով պատճառված վնասի չափն արժեքային արտահայտությամբ կազմում է 2.400.000 ՀՀ դրամ, որից Արսեն Մկրտչյանին ենթակա է վճարման 1.306.302 ՀՀ դրամ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ պարտավորագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի ուժով մասնակիորեն` 2.400.000 ՀՀ դրամը գերազանցող մասով, անվավեր է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով չի կատարվել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Հետևաբար, բողոքարկվող դատական ակտն անհիմն է:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` վերոհիշյալ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն իրականացնելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.09.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ԵՇԴ/0323/02/11
Որոշում