ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2013 թվականի N 604-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ և 35-րդ կետերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել «Երևան քաղաքի պատվավոր կոչումները և պարգևները» համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել.
1) «Երևանի պատվավոր քաղաքացի» վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
2) Երևանի քաղաքապետի պատվոգրի ձևը` համաձայն N 3 հավելվածի,
3) Երևանի քաղաքապետի շնորհակալագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի:
Հավելված N 1
Երևան քաղաքի ավագանու
2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով կարգավորվում են Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու հարաբերությունները:
2. Երևան քաղաքի պատվավոր կոչումները և պարգևները նպատակ ունեն բարձր գնահատականի և խրախուսանքի արժանացնել անձանց և կազմակերպություններին` Երևանի հանրության առջև ունեցած առանձնահատուկ ծառայությունների, Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու բարօրությանն ուղղված նշանակալի ներդրումների, գիտության, առողջապահության, կրթության, արվեստի, գրականության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի և մի շարք այլ բնագավառներում ունեցած ակնառու հաջողությունների, ինչպես նաև հասարակական, քաղաքական, բարեգործական արդյունավետ գործունեության համար:
(2-րդ կետը փոփ. 08.09.2020 թիվ 273-Ն որոշում)
3. Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա պետությունների քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց /այսուհետ` քաղաքացիներ/, ինչպես նաև կազմակերպություններին, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվներին:
3.1. Անձինք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:
(3.1-ին կետը լրաց. 08.09.2020 թիվ 273-Ն որոշում)
4. Երևան քաղաքի պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու հիմնական սկզբունքներն են`
1) պատվավոր կոչումների և պարգևների ներկայացվողներին առաջադրվող պահանջների ու պայմանների հավասարությունը և անկողմնակալությունը.
2) գործընթացի հրապարակայնությունը և թափանցիկությունը.
3) պատվավոր կոչումներ և պարգևներ շնորհելու իրավասությունների հստակ սահմանազատումը Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների` Երևանի ավագանու և քաղաքապետի միջև:
2. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
5. Երևան քաղաքի պարգևներն են`
1) Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ,
1.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալ,
1.2) «Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալ.
1.3) «Երևան» ոսկե հուշամեդալ.
2) Երևան քաղաքի մրցանակներ,
3) Երևանի քաղաքապետի պատվոգիր,
4) Երևանի քաղաքապետի շնորհակալագիր:
(5-րդ կետը փոփ. 11.02.14 թիվ 122-Ն, 25.05.2021 թիվ 387-Ն որոշումներ)
6. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվում են`
1) Երևան քաղաքում ծավալած պետական, գիտական, ստեղծագործական, մշակութային և այլ գործունեության համար.
2) ազգային փոքրամասնությունների հետ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանը և օտարերկրյա պետությունների հետ փոխշահավետ գործակցության զարգացմանը նպաստելու համար.
3) ի շահ Երևան քաղաքի և երևանցիների իրականացրած բարեգործական գործունեության համար.
4) Երևան քաղաքի զարգացման գործում մեծ ներդրումների, երևանցիների բարեկեցությանը միտված գործունեության համար:
7. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը «Երևան» մակագրությամբ ուղղանկյուն ամրակից կախված շրջանաձև մեդալն է, որը երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով:
8. Երկրորդ շրջագծի մեջ պատկերված է Երևանի քաղաքապետարանի շենքը, որի ներքևում պատկերված է իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծը:
9. Մեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից:
10. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:
11. Ոսկե մեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին է հանձնում Երևանի քաղաքապետը:
12. «Երևան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու և նրա բարօրությանն ուղղված գործունեության համար» Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
12.1) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար:
(12.1-ին կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.2) «Արգիշտի առաջին» հուշամեդալը «ԱՐԳԻՇՏԻ Ա» մակագրությամբ ժապավենից կախված շրջանաձև հուշամեդալ է, որի կենտրոնում պատկերված է Արգիշտի Ա թագավորի դիմաքանդակը:
(12.2-րդ կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.3) Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից:
(12.3-րդ կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.4) «Արգիշտի առաջին» հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:
(12.4-րդ կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.5) «Արգիշտի առաջին» հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը:
(12.5-րդ կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.6) «Արգիշտի առաջին» հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
(12.6-րդ կետը լրաց. 11.02.14 թիվ 122-Ն որոշում)
12.7. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրյա պետությունների քաղաքացիները` Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար:
(12.7-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.8. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալը շրջանաձև է` ուղղանկյուն կախիչով, հետևի մասում` ասեղային ամրակով: Դիմային մասի առաջին շրջագծում երիզված է «Էրեբունի Երևան 2800» բառերը: Երկրորդ շրջագծի կենտրոնում պատվանդանի վրա կանգնած, իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծն է և երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով: Ներքևի հատվածի կենտրոնում նշված է մ.թ.ա. 782` շրջապատված ձիթենու տերևներով: Կախիչն իրենից ներկայացնում է Էրեբունին խորհրդանշող սիմվոլ:
(12.8-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.9. Հուշամեդալը պատրաստված է ոսկեպատ արույրից:
(12.9-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.10. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:
(12.10-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.11. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը:
(12.11-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.12. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
(12.12-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.13. «Երևան» ոսկե հուշամեդալով պարգևատրվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, ինչպես նաև կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները` Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար:
(12.13-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.14. «Երևան» ոսկե հուշամեդալը շրջանաձև հուշամեդալ է, որի դիմային կողմը երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով: Երկրորդ շրջագծի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի շենքն է (2004թ.), որի հենքը գրտառությամբ պատվանդանի վրա կանգնած, իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծն է, իսկ շենքի գլխավերևում համայն հայության սուրբ լեռ Արարատն է: Հուշամեդալի հակառակ կողմում երիզված է եռալեզու (հայերեն, լատիներեն, ռուսերեն) գրտառության Երևան բառը: Երկրորդ շրջագծի կենտրոնում պատկերված է սեպագիր արձանագրություն, որը հավաստում է Էրեբունի ամրոցում Սուսիի տաճարի հիմնադրումը (մ.թ.ա. 782թ.):
(12.14-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.15. Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից:
(12.15-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.16. «Երևան» ոսկե հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:
(12.16-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.17. «Երևան» ոսկե հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը:
(12.17-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
12.18. «Երևան» ոսկե հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում:
(12.18-րդ կետը լրաց. 25.05.2021 թիվ 387-Ն որոշում)
13. Երևան քաղաքի ամենամյա մրցանակներն ըստ բնագավառների հետևյալներն են.
1) «Երևան քաղաքի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում»,
2) «Երևան քաղաքի մրցանակ առողջապահության բնագավառում»,
3) «Երևան քաղաքի մրցանակ գիտության և կրթության բնագավառում»,
4) «Երևան քաղաքի մրցանակ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բնագավառում»,
5) «Երևան քաղաքի մրցանակ լրագրության և տեղեկատվության բնագավառում»,
6) «Երևան քաղաքի մրցանակ քաղաքաշինության բնագավառում»:
14. Ամենամյա մրցանակներ շնորհվում են մասնագիտական, ստեղծագործական, գիտական և մանկավարժական գործունեության համար:
15. Երևան քաղաքի մրցանակը գրականության և արվեստի բնագավառում շնորհվում է առավել տաղանդավոր, արդիականությամբ և առանձնահատկությամբ աչքի ընկնող այն ստեղծագործությունների համար, որոնք հասարակական ճանաչում են ստացել և նպաստում են Երևան քաղաքում գրականության և արվեստի զարգացմանը:
16. Գրական ստեղծագործությունները մրցանակի են ներկայացվում միայն դրանք հրապարակելուց հետո, իսկ արվեստի ստեղծագործությունները` համերգներով, ցուցահանդեսներով, ներկայացումներով, կինոցուցադրումներով, մամուլով և հեռուստատեսությամբ հանրությանը լայնորեն ծանոթացնելուց հետո:
17. Երևան քաղաքի մրցանակն առողջապահության բնագավառում շնորհվում է այն բժիշկներին, բժիշկ-գիտնականներին և առողջապահության բնագավառի այլ աշխատողների, որոնք նպաստել են Երևան քաղաքում գործնական առողջապահության և բժշկական գիտության զարգացմանը` ստանալով հանրային ճանաչում:
18. Մրցանակի հավակնող աշխատանքները քննարկվում են բուժաշխատողների կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում:
19. Առողջապահության բնագավառի աշխատանքները կարող են մրցանակի ներկայացվել դրանք հրապարակելուց, կլինիկական փորձարկումներից, քաղաքի գործնական առողջապահության համակարգում ներդնելուց հետո միայն:
20. Երևան քաղաքի մրցանակը գիտության և կրթության բնագավառում շնորհվում է գիտնականներին` գիտության զարգացման գործում ձեռք բերած մեծ նվաճումների համար, հանրակրթության և նախադպրոցական հաստատությունների առավել տաղանդավոր ուսուցիչներին, դաստիարակներին և հաստատությունների ղեկավարներին` երեխաներին և դեռահասներին ուսուցանելու և դաստիարակելու գործում ունեցած մեծ արդյունքների համար, այն անձանց և կազմակերպություններին, որոնք էական ներդրում ունեն Երևան քաղաքում գիտության և կրթության զարգացման ասպարեզում:
21. Մրցանակի հավակնող նյութերն ու աշխատանքները ներկայացվում են Երևանի քաղաքապետարան:
22. Թեկնածուներին վերաբերող նյութերը և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, գործնականում ներդնելուց, աշխատանքային կոլեկտիվներում, հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցներում քննարկելուց հետո միայն:
23. Երևան քաղաքի մրցանակը ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բնագավառում շնորհվում է քաղաքացիների առողջությունն ամրապնդելուն, ակտիվ հանգիստը կազմակերպելուն, ֆիզիկական կատարելության հասնելուն, երեխաներին և պատանիներին կանոնավոր կերպով մարզական ասպարեզում ընդգրկելուն միտված առավել նշանակալի միջոցառումների և աշխատանքների, քաղաքացիների ֆիզիկական դաստիարակության հեռանկարային մեթոդներ և համակարգեր մշակելու և ներդնելու, քաղաքի հյուրանոցազբոսաշրջային համակարգում ֆինանսական և ներդրումային արդյունավետ քաղաքականություն իրագործելու, զբոսաշրջության և ենթակառուցվածքների մակարդակի որակական բարելավման, Երևան քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները վերհանելու, քարոզելու և զբոսաշրջային սպասարկման ձևերը կատարելագործելու համար:
24. Մրցանակի հավակնող աշխատանքները քննարկվում են համապատասխան հաստատությունների աշխատանքային կոլեկտիվներում և առաջարկությունները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժին, մշակույթի և տուրիզմի վարչություն են ներկայացնում Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումները:
25. Մրցանակի հավակնող աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, հասարակական քննարկումից և ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում փաստացի ներդնելուց հետո միայն:
26. Երևան քաղաքի մրցանակը լրագրության և տեղեկատվության բնագավառում շնորհվում է այդ բնագավառում ցուցաբերած ակտիվ գործունեության, բարձր պրոֆեսիոնալիզմի, Երևանի կյանքին վերաբերող դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ օպերատիվ, ստույգ և անկողմնակալ տեղեկատվության համար:
27. Թեկնածուներին վերաբերող նյութերը և աշխատանքները մրցանակի կարող են ներկայացվել դրանք հրապարակելուց, մամուլով և հեռուստատեսությամբ հանրությանը լայնորեն ծանոթացնելուց հետո միայն:
28. Երևան քաղաքի մրցանակը քաղաքաշինության բնագավառում շնորհվում է այդ բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների, ճարտարապետական յուրօրինակ կառույցների նախագծման և շինարարության համար:
29. Քաղաքաշինության բնագավառի աշխատանքները կարող են մրցանակի ներկայացվել դրանք իրականացնելուց և հասարակական ճանաչում ստանալուց հետո միայն:
30. Տվյալ բնագավառում մրցանակի հավակնող աշխատանքները ներկայացվում են Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված մրցանակային հանձնաժողով:
31. Երևան քաղաքի մրցանակով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը:
32. Մրցանակի արժանացած անհատին /կազմակերպություններին, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվներին/ մրցանակի դափնեկրի վկայագիր, ինչպես նաև դրամական պարգև կամ հուշանվեր է հանձնում Երևանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում:
33. Նոր խոշոր ձեռքբերումների համար մրցանակի դափնեկիրը կարող է նորից դրան արժանանալ:
34. Երևանի քաղաքապետի պատվոգրով անձինք /կազմակերպությունները, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվները/ պարգևատրվում են Երևան քաղաքի զարգացման գործում մեծ ներդրումների և Երևանի հանրությանը մատուցած ծառայությունների համար:
35. Երևանի քաղաքապետի պատվոգրի գեղարվեստական ձևավորման տարրերը ստվարաթղթի վրա գունավոր են, իսկ գրությունները` սև, կատարված ուղղահայաց (գրքային) տարբերակով:
36. Պատվոգրի վերևի մասի կենտրոնում զետեղված է Երևան քաղաքի զինանշանը, ավելի ներքև ձևավոր շրջանակում «Երևանի քաղաքապետի» գրությունն է` մեկ տողով, որի ներքևում` «ՊԱՏՎՈԳԻՐ» գրությունն է: Պատվոգրի կենտրոնում նշվում է պարգևատրվածի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը /կազմակերպության, հիմնարկի անվանումը/ և հակիրճ հիմնավորվում է պարգևատրվելու հանգամանքը: Տեքստից ներքև մեկ տողի վրա գրություններ են` «Երևանի քաղաքապետ», քաղաքապետի անունը, ազգանունը, ինչպես նաև ստորագրությունն ու կնիքը:
37. Պատվոգրի շրջանակի ստորին ձախ մասում նշվում է պատվոգրի տրման ամսաթիվը, իսկ շրջանակի կենտրոնում` Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածն է` ձվաձև կրկնակի շրջանակում ներառված:
38. Պատվոգիրը զետեղվում է հատուկ փափուկ թղթապանակում:
39. Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը և այն պարգևատրված անձին է հանձնում հանդիսավոր պայմաններում:
40. Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրվում են Երևան քաղաքի հանրության առջև վաստակ ունեցող քաղաքացիները /կազմակերպությունները, ստեղծագործական կամ աշխատանքային կոլեկտիվները/` տնտեսական, գիտահետազոտական, սոցիալ-տնտեսական, հասարակական և բարեգործական գործունեության համար:
41. Երևանի քաղաքապետի շնորհակալագրի գեղարվեստական ձևավորման տարրերը ստվարաթղթի վրա գունավոր են, իսկ գրությունները` սև, կատարված ուղղահայաց (գրքային) տարբերակով:
42. Շնորհակալագրի վերևի մասի կենտրոնում զետեղված է Երևան քաղաքի զինանշանը, ավելի ներքև ձևավոր շրջանակում «Երևանի քաղաքապետի» գրությունն է` մեկ տողով, ավելի ցածր` «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ» գրությունն է: Շնորհակալագրի կենտրոնում նշվում է պարգևատրվածի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը /կազմակերպության, հիմնարկի անվանումը/ և հակիրճ հիմնավորվում է պարգևատրվելու հանգամանքը: Տեքստից ներքև մեկ տողի վրա գրություններ են` «Երևանի քաղաքապետ», քաղաքապետի անունը, ազգանունը, ստորագրությունն ու կնիքը:
43. Շնորհակալագրի շրջանակի ստորին ձախ մասում նշվում է շնորհակալագրի տրման ամսաթիվը, իսկ շրջանակի կենտրոնում` Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածն է` ձվաձև կրկնակի շրջանակում ներառված:
44. Շնորհակալագիրը զետեղվում է հատուկ փափուկ թղթապանակում:
45. Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը և այն պարգևատրված անձին է հանձնում հանդիսավոր պայմաններում:
3. ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
46. Երևանի պատվավոր կոչումներն են`
1) Երևանի պատվավոր քաղաքացի,
2) Երևանի պատվավոր կոչումներ` ըստ մասնագիտությունների:
47. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներին քաղաքի զարգացման գործում նշանակալի ավանդ ունենալու համար` քաղաքի բարօրությանը, բարգավաճմանը միտված անձնական գործունեությունը խրախուսելու նպատակով:
48. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհելու հիմքերն են`
1) բացառիկ մեծ վաստակը Երևան քաղաքի բարգավաճման գործում,
2) քաղաքացու հեղինակությունը Երևան քաղաքի բնակչության շրջանում, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի համար նշանակալի գործունեությամբ:
49. Օտարերկրյա պետությունների քաղաքացիներին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը շնորհվում է նաև այլ հիմքերով, այդ թվում` այս կոչումը շնորհելուց բխող հասարակական-քաղաքական հնչեղությամբ:
50. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացած անհատին շնորհվում է «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալ, «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշան, «Երևանի պատվավոր քաղաքացու» վկայական և շնորհագիր:
51. «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալի դիմային մասում պատկերված է Երևանի զինանշանը, որը ներքևից կիսաշրջագծում է «Երևանի պատվավոր քաղաքացի» մակագրությունը:
52. Հուշամեդալի հակառակ կողմում, որպես հնի ու նորի համադրում, պատկերված է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծած Երևան քաղաքի հատակագիծը, որի աջ կողմում Երևանի նախահայր Արգիշտի թագավորի հարթաքանդակն է` քաղաքի տարեթիվը փաստող սեպագիր արձանագրությամբ:
53. Հուշամեդալը պատրաստվում է արծաթից:
54. «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշանի վրա Երևանի քաղաքապետարանի շենքի մոդելն է, որի ներքևում` պատվանդանի վրա «Երևան» մակագրությունն է:
55. Կրծքանշանը պատրաստվում է ոսկեջրած արծաթից:
56. «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ որոշումը ընդունում է Երևան քաղաքի ավագանին` Երևանի քաղաքապետի առաջարկությամբ, անհատապես, ցմահ, և այդ կոչումը հետ վերցնելու ենթակա չէ:
57. Երևանի քաղաքապետը ստորագրում է Պատվավոր քաղաքացու վկայականը:
58. «Երևանի պատվավոր քաղաքացի» հուշամեդալը, «Երևանի քաղաքապետարան» ոսկե կրծքանշանը և «Երևանի պատվավոր քաղաքացու» վկայականն ու շնորհագիրը այդ կոչմանն արժանացած քաղաքացուն հանձնում է Երևանի քաղաքապետը` հանդիսավոր պայմաններում:
59. Պատվավոր քաղաքացիների անունները ժամանակագրական կարգով գրանցվում են Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացիների մատյանում:
60. Երևան քաղաքի Պատվավոր քաղաքացիների մատյանը մշտապես պահպանվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում:
61. Երևան քաղաքի պատվավոր կոչումներն ըստ մասնագիտությունների շնորհվում են մեծ վաստակի և մասնագիտական գործունեության համար:
62. Ըստ մասնագիտությունների Երևան քաղաքի պատվավոր կոչումների տեսակներն են`
1) Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ.
2) Երևան քաղաքի պատվավոր բժիշկ.
3) Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ.
4) Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ.
5) Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող.
6) Երևան քաղաքի պատվավոր փրկարար.
7) Երևան քաղաքի պատվավոր շինարար:
(62-րդ կետը փոփ. 08.09.2020 թիվ 273-Ն որոշում)
63. Ըստ մասնագիտությունների Երևան քաղաքի պատվավոր կոչումներ շնորհելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը, որը Երևան քաղաքի պատվավոր կոչմանն արժանացած անձին հուշամեդալ և շնորհագիր է հանձնում հանդիսավոր պայմաններում:
4. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
64. Պարգևատրված անձի մահվան դեպքում պարգևները և դրանց վկայագրերը կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ և Երևանի քաղաքապետի գիտությամբ հանձնվել թանգարաններին:
65. Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պարգևները և դրանց վկայագրերը վերադարձվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ:
66. Երևան քաղաքի պարգևներով պարգևատրված քաղաքացիները, դրանց վկայագրերը կորցնելու դեպքում պահպանում են իրենց իրավունքները:
67. Պարգևների կրկնօրինակներ տրվում են պարգևատրված անձի դիմումի հիման վրա` Երևանի քաղաքապետի կողմից:
68. Կորցրած պարգևների և դրանց վկայագրերի կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Հավելված N 2
Երևան քաղաքի ավագանու
2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման
ՁԵՎ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
._____________________________________________________________________.
| ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ | YEREVAN MUNICIPALITY |
| ՎԿԱՅԱԿԱՆ N | CERTIFICATE N |
| | |
| Անուն, ազգանուն | Name, last name |
| | |
| ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ | HONOURABLE CITIZEN OF YEREVAN |
| ՔԱՂԱՔԱՑԻ | |
| | |
| Շնորհված է Երևան քաղաքի ավագանու | AWORDED BY THE DECISION OF THE |
| --------------- թ. հ. -Ա որոշմամբ | COUNCIL OF THE ELDERS OF YEREVAN|
| | |
| ՔԱՂԱՔԱՊԵՏ ------------- | ----------------- N-A |
| Անուն, ազգանուն | |
| | MAYOR ----------------- |
| Ստորագրություն, կնիք | Name, last name |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
Երևան քաղաքի ավագանու
2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՏՎՈԳԻՐ
____________________________________________________________________
Պաշտոնը
____________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն
____________________________________________________________________
Պարգևատրելու հանգամանքը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ____________________________ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ
Ստորագրություն, կնիք
«___» _________ _________
Ամիս ամսաթիվ տարեթիվ
Հավելված N 4
Երևան քաղաքի ավագանու
2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ
____________________________________________________________________
Պաշտոնը
____________________________________________________________________
Անուն, ազգանուն, հայրանուն
____________________________________________________________________
Պարգևատրելու հանգամանքը
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ____________________________ ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ
Ստորագրություն, կնիք
«___» _________ _________
Ամիս ամսաթիվ տարեթիվ