Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՉԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՍԿԶԲԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԵԿԴ/0066/11/12

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0066/11/12

Նախագահող դատավոր` Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    մասնակցությամբ դիմող                      Տ. Հովհաննիսյանի

 

    2012 թվականի դեկտեմբերի 5-ին                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ բողոքաբեր Տիգրան Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ա. Երեմյանը 2012 թվականի մարտի 14-ին որոշում է կայացրել Տիգրան Հովհաննիսյանի կատարած հանցագործության վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նույն որոշմամբ Անուշ Լալաբեկյանի, Անուշ Ծատրյանի, Քրիստինե Գրիգորյանի, Լուսինե Ասլանյանի և մյուսների կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության` վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու համար:

Վերոնշյալ որոշումը Տ. Հովհաննիսյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին (տե՛ս նյութեր, թերթ 9):

ՀՀ գլխավոր դատախազության 2012 թվականի մարտի 29-ի թիվ 12-38-12 գրությամբ բողոքաբերը տեղեկացվել է, որ քննիչի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և նյութերն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին 2012 թվականի մարտի 14-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, այն վերացնելու հիմքեր չկան:

2. Տ. Հովհաննիսյանը 2012 թվականի ապրիլի 16-ին բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիման վրա վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ա. Երեմյանի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և նյութերն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին 2012 թվականի մարտի 14-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Տ. Հովհաննիսյանի բողոքը մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ Տ. Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Տ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման դեմ Տ. Հովհաննիսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, Տ. Հովհաննիսյանն այն ստացել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին: 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Տ. Հովհաննիսյանը փոստին է հանձնել Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իր վերաքննիչ բողոքը, որը Վերաքննիչ դատարան մուտք է եղել 2012 թվականի հոկտեմբերի 8-ին (տե՛ս նյութեր, թերթեր 82-86, 89, 95, 98):

6. Առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասում նշված է. «որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` 10 օրվա ընթացքում» (տե՛ս նյութեր, թերթ 86):

7. Տ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին...: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը...»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

(...)

Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը հրապարակվել է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, որին մասնակցել է նաև վերաքննիչ բողոք բերած անձ Տիգրան Հովհաննիսյանը: Այսինքն` բողոքաբերի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի, 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:

Բողոքարկվող որոշումը նշված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետում` գործն ըստ էության լուծող դատական ակտեր, հետևաբար այն գործն ըստ էության չլուծող դատական ակտ է, որի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:

Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի վերոհիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի վերջին օրը 2012 թվականի սեպտեմբերի 29-ն էր, որը ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն հայտարարվել էր աշխատանքային օր, սակայն բողոքը Տիգրան Հովհաննիսյանի կողմից ստորագրվել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին և նույն օրն էլ հանձնվել է փոստին, հետևաբար բողոքը ժամկետանց է, և այն պետք է թողնել առանց քննության» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 117-118):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի պնդմամբ սույն գործով ստորադաս դատարանների որոշումներն անհիմն են, կայացվել են առանց գործում առկա փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ չի մասնակցել Առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակմանը, քանի որ այդ ժամանակ գտնվել է ծառայության մեջ` Գորիսի վարչական տարածքում:

Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման պատճենը ստացել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչի պատճառով վերաքննիչ բողոքը ներկայացրել է նշված ամսաթվից հաշված տասնօրյա ժամկետի ընթացքում` 2012 թվականի հոկտեմբերի 4-ին:

9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի և Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումները:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի համատեքստում անձին դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

 

I. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի սկզբի վերաբերյալ անձին տեղեկացնելը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման եզրափակիչ մասի ձևակերպումից երևո՞ւմ է արդյոք, որ Տ. Հովհաննիսյանը պատշաճ կերպով տեղեկացվել է նշված որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու ժամկետի սկզբի վերաբերյալ:

12. ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնական իրավունքների խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք»:

«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Սույն դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է.

ա) ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե նույնիսկ այդ խախտումը կատարվել է պաշտոնապես գործող անձի կողմից.

բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն պահանջող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները.

գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը դրանք տրամադրելու դեպքում»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, նույնիսկ, եթե նման խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` «(...) Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: (...)»:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա. Դավթյանի և Ս. Մկրտչյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավունքը, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքը սուբյեկտիվ իրավունք է, որին ուղիղ համեմատական է այդ իրավունքները և ազատությունները ճանաչելուն և պաշտպանելուն, ինչպես նաև դրանց իրացումն ապահովելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելուն ուղղված` պետության պոզիտիվ պարտականությունը:

(...)

(...) քրեադատավարական հարաբերություններում, ելնելով քրեական դատավարության հանրային բնույթից, դատավարության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի իմանալ իր կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների (...) դեմ բողոք ներկայացնելու իրավունքի մասին: Նշված իրավունքին համապատասխանում է քրեական վարույթն իրականացնող մարմինների պարտականությունը դատավարության յուրաքանչյուր մասնակցին պարզաբանելու նրա իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` վարույթն իրականացնող մարմինների որոշումների (...) դեմ բողոք ներկայացնելու իրավունքը:

(...) քրեական դատավարության ընթացքում դատավարության մասնակցի վերաբերյալ համապատասխան դատավարական փաստաթղթեր կազմելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրանցում պարզաբանի նաև, թե որ մարմին, ինչ ժամկետում և ինչ կարգով կարող են բողոքարկվել այդ փաստաթղթերը: (...) վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարության մասնակցին վերոնշյալ պարզաբանումները չտրամադրելը հանգեցնում է վերջինիս իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման» (տե՛ս Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0004/11/12 որոշման 14-16-րդ կետերը):

13. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (...) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)»:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 22.12.2000 թվականի թիվ 36 որոշմամբ պարզաբանվել է, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները: Եվ բոլոր այդ դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով և այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի:

Դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանել է նաև, որ որպես կանոն բողոքարկման բաց թողնված ժամկետը պետք է դիտվի հարգելի և վերականգնվի նաև այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենը օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ հանձնելու պատճառով:

Վերոշարադրյալ դրույթները վերլուծելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված և համապատասխանաբար Ա. Դավթյանի և Ս. Մկրտչյանի գործով որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտ կայացնելիս առաջին ատյանի դատարանը պետք է դրա եզրափակիչ մասում պարզաբանի, թե որ պահից սկսած և ինչ ժամկետում կարող է այդ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերվել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ պարզաբանումներ չտալը հանգեցնում է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտման, քանի որ զուտ ձևական խոչընդոտներով (օրինակ` անձին դատական ակտի բողոքարկման ժամկետի սկզբի վերաբերյալ չտեղեկացնելով) սահմանափակվում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու` անձին ընձեռված հնարավորությունը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը կայացվել է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին: Որոշման եզրափակիչ մասում նշված է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան 10 օրվա ընթացքում, սակայն նշված չէ, թե որ պահից է սկսվում բողոքարկման տասնօրյա ժամկետի ընթացքը: Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը Տ. Հովհաննիսյանն ստացել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին և դրա դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականի հոկտեմբերի 4-ին: Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ Տ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողնվել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 5-7-րդ կետերը):

15. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ. Հովհաննիսյանի բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը խախտել է Տ. Հովհաննիսյանի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը և սահմանափակել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու նրա հնարավորությունը, քանի որ հաշվի չի առել որ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման եզրափակիչ մասի ձևակերպումից չի երևում, որ Տ. Հովհաննիսյանը պատշաճ կերպով տեղեկացվել է նշված որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու ժամկետի սկզբի վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տ. Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտում:

 

II. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի սկիզբը.

 

16. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե ե՞րբ է սկսվում առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկը. դատական ակտը նիստերի դահլիճում հրապարակելու, թե այն շահագրգիռ անձին հանձնելու պահից:

17. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: (...)»:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (...) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:

Մեջբերված, ինչպես նաև ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 8-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածների համակարգային վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների պաշտպանության միջոցների շարքում դատական պաշտպանությունն առանձնահատուկ տեղ է գրավում, քանի որ իրականացվում է իշխանությունների տարանջատման համակարգում ինքնուրույն և անկախ կարգավիճակ ունեցող մարմնի կողմից: Դատական պաշտպանության իրավունքն անձի անօտարելի իրավունքներից մեկն է և միաժամանակ հանդիսանում է այլ իրավունքների ու ազատությունների ապահովման միջոց ու երաշխիք: Դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչ է հանդիսանում նաև դատավարական գործողությունների և որոշումների բողոքարկման իրավունքը: Դատական որոշումների վերանայման և ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական դատավարության խնդիրներով և դատական սխալների ու անօրինական դատական ակտերի բացառման և կանխման օբյեկտիվ, անընդհատ գոյություն ունեցող պահանջով:

18. Վերոգրյալի հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ չէ, այն սահմանափակված է որոշակի օբյեկտիվ պայմաններով: Մասնավորապես, դատական ակտերը վերադասության կարգով բողոքարկելու համար օրենսդիրը սահմանել է որոշակի ժամկետներ, որոնք նպատակ են հետապնդում ապահովել քրեական դատավարության պատշաճ իրականացումը: Նշված ժամկետները, սակայն, չեն կարող լինել կամայական, դրանք պետք է լինեն ողջամիտ, ինչը ենթադրում է գործի մասնակից բոլոր անձանց շահերի հավասարակշռված հաշվառում, որպեսզի բացառվեն մի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու անհիմն ուշացումները, մյուս կողմից` այդ ակտի դեմ բողոք բերելու անհամաչափ բարդությունները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտի բողոքարկման ժամկետի ողջամտությունն ապահովված կհամարվի նախևառաջ այն դեպքում, եթե շահագրգիռ անձին բավարար ժամանակ տրամադրվի բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Իրավունքների ենթադրյալ խախտումներից դատարանի առջև իրավական պաշտպանություն հայցող անձի կողմից հիմնավոր բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ և բավարար ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է նաև այդ ժամկետի հաշվարկման ողջամիտ սկզբի սահմանմամբ:

19. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով կրկնելով դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած իրավական մոտեցումները, շեշտել է, որ «(...) «դատարանի իրավունքը», որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ: Այն ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները, քանի որ այն իր բնույթով թողնված է պետության կարգավորմանը, որն այս առնչությամբ ունի հայեցողության որոշակի սահման: Սակայն այդ սահմանափակումները չպետք է անձի դատարանի մատչելիության իրավունքը սահմանափակեն կամ նվազեցնեն այն կերպ կամ այն չափով, որ խախտվի իրավունքի բուն էությունը, վերջապես նման սահմանափակումները չեն համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ կամ կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա չէ ողջամիտ համամասնություն (...): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (...):

Դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (...)» (տե՛ս Mamikonyan v. Armenia, 2010 թվականի մարտի 16-ի վճիռը, գանգատ թիվ 25083/05, կետեր 25 և 27):

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»:

Մեջբերված քրեադատավարական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ. Ոսկանյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Գ]ործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածում, որում հստակ կանոնակարգված է, որ բողոքարկման ժամկետը հաշվարկվում է դատավարական ակտը հրապարակելու և ոչ թե այն ստանալու պահից: Դատական ակտերն օրենքով սահմանված կարգով հրապարակվում են դատական նիստերի դահլիճում, իսկ դատական ակտի ստանալու կարգն այլ է, ինչը բացառում է «հրապարակման պահից» և «ստանալու պահից» եզրույթների նույնացումը: (...)» (տե՛ս Ֆահրադ Ոսկանյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԿԴ/0022/11/12 որոշման 20-րդ կետը):

i

21. ՀՀ սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման մեջ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

Այդ կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ «(...) ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է` ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար:

(...)

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց հետևանքով` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը: Մինչդեռ օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը` օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից` բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով:

(...)

Վերոնշյալի կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է լայն հայեցողական լիազորությամբ` հարգելի համարելու կամ չհամարելու ժամկետների բացթողումը: Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ, հիմք ընդունելով իր` ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածը լիարժեք չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումն այն պատճառաբանությամբ, որ նշված հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է անորոշության:

(...)

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից (...):

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը»:

22. Ելնելով սույն որոշման 17-20-րդ կետերում շարադրված վերլուծությունից, ինչպես նաև սույն որոշման 21-րդ կետում մեջբերված` ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆ.Ոսկանյանի և այլոց գործով կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումն անհրաժեշտ է վերանայել: ՈՒստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի միասնական կիրառության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ժամկետները, մասնավորապես` այդ ժամկետների սկիզբը հաշվելու վերաբերյալ կարգավորումները լիարժեք կերպով չեն երաշխավորում իրենց շահերին առնչվող դատական ակտերը վերադաս դատարան բողոքարկելու` դատավարության մասնակիցների իրավունքը:

23. ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս դատական ակտերի համար` տասնօրյա ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:

Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:

Հետևաբար, վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա` «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:

24. Հիմք ընդունելով սույն որոշման 17-23-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից:

25. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում կայացված որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումների փոփոխությունը պայմանավորված է Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման անհրաժեշտությամբ և յուրաքանչյուր դեպքում պետք է բխի օրենքի միատեսակ կիրառության ապահովման բովանդակությունից: Մասնավորապես, օրենքի միատեսակ կիրառությունն օրենքի իմաստի բացահայտումն է մեկնաբանման տարբեր հնարքների միջոցով, հետևաբար օրենքի յուրաքանչյուր փոփոխություն, որը հանգեցնում է օրենքի իմաստի փոփոխության, ենթադրում է նաև օրենքի միատեսակ կիրառության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշման փոփոխություն: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի դիրքորոշումների փոփոխության հիմք կարող են հանդիսանալ իրավունքի զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորումը, Հայաստանի Հանրապետության համար պարտադիր միջազգային-իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության պահանջների ներդրումը իրավակիրառ պրակտիկա, դրանց նորմերի և սկզբունքների անմիջական գործողությունն ապահովելը և այլն:

26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշման 15-րդ կետում շարադրված եզրահանգումն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների խախտում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (...) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: ՈՒստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

I. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի սկզբի վերաբերյալ անձին տեղեկացնելը.

II. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի սկիզբը.

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2012
N ԵԿԴ/0066/11/12
Որոշում