041.0290.140599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1999 թվականի թիվ 290
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի ապրիլի 22-ի «Եվրոպայի խորհրդի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ազգային կոմիտե ստեղծելու մասին» N ՆԿ-276 կարգադրության`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` կազմակերպել համերգ և ցուցահանդես` նվիրված Եվրոպայի խորհրդի 50-ամյակին:
Միջոցառումների անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը «Կենտրոնացված մշակութային միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`
ա) «Կրթության» թերթում հրապարակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Եվրոպայի խորհրդի վերաբերյալ տրամադրվող ամփոփ տեղեկանքները` դպրոցների ավարտական դասարաններում Եվրոպայի խորհրդի մասին դասաժամեր անցկացնելու նպատակով.
բ) Երևանի պետական համալսարանում անցկացնել բաց դասախոսություն Եվրոպայի խորհրդի մասին:
3. Երևանի քաղաքապետին`
ա) «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի «գ» կետով սահմանված Երևանի քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման համար ամրագրված եկամուտներից ստացված միջոցների հաշվին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված նյութերի հիման վրա քաղաքի կենտրոնում տեղադրել ցուցանակներ` նվիրված Եվրոպայի խորհրդի 50-ամյակին.
բ) Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել երեխաների նկարչական աշխատանքների ցուցահանդես:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը`
ա) 1999 թվականի մայիս ամսվա ընթացքում կազմակերպել հեռարձակումներ` նվիրված Եվրոպայի խորհրդի 50-ամյակին.
բ) կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպանների ելույթների շարք` նվիրված Եվրոպայի խորհրդի 50-ամյակին.
գ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` «Հեռուստատեսային հաղորդումների պատրաստման պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կազմակերպել Եվրոպայի խորհրդի 50-ամյակին նվիրված միջոցառումների նկարահանումը` Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ ցուցադրելու և այն Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններին փոխանցելու համար:
5. «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` 1999 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 15-ը կազմակերպել տեղեկատվական նյութերի հրապարակումներ` նվիրված Եվրոպայի խորհրդին և Եվրոպայի խորհրդի 50-ամյակին:
6. «Նամականիշ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` մինչև 1999 թվականի մայիսի 25-ը իրականացնել Եվրոպայի խորհրդի 50-ամյակին նվիրված դրոշմանիշի թողարկումը:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը`
ա) իրականացնել Եվրոպայի խորհրդի 50-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների համակարգումը և վերահսկումը.
բ) Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցներից Եվրոպայի խորհրդի 50-ամյակի հիմնադրամին փոխանցել հատուկ դրամական ներդրում` 2500 (երկու հազար հինգ հարյուր) ֆրանսիական ֆրանկի սահմաններում: