Սեղմել Esc փակելու համար:
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

21 փետրվարի 2013 թվականի N 7

 

15. ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թ. փետրվարի 21-ի նիստի

N 7 արձանագրային որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Սփյուռքի երիտասարդների` «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրի (այսուհետ` Ծրագիր) նպատակներն են`

1) Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը,

2) սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն ու լեզվապահպանությանը աջակցելը,

3) սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը, նրանց մեջ Հայաստանը որպես հայրենիք գիտակցելու ձևավորմանն աջակցելը,

4) սփյուռքահայ երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, սփյուռքահայ երիտասարդի ազգային գիտակցության ձևավորման հնարավորություններն ընդլայնելը,

5) սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության ձևավորմանը նպաստելը,

6) Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանն աջակցելը, հայադարձությանը նպաստելը:

Այսպիսով, Ծրագիրն իրականացնում է հայապահպանության առաքելություն` նպատակ ունենալով ձևավորել սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Ծրագրի հիմնախնդիրներն են`

1) Սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև թույլ և չհամակարգված կապերը,

2) հայրենիքի, նրա պատմաճարտարապետական կոթողների, հայ մարդու կյանքի, կենցաղի և կենսագործունեության, ազգային արժեքային համակարգի և ազգային մշակույթի վերաբերյալ սփյուռքահայ երիտասարդների թերի տեղեկացվածությունը,

3) Հայաստանի և հայ իրականության վերաբերյալ Հայաստանում և Սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումները,

4) սփյուռքահայ շատ ընտանիքների սոցիալական սուղ պայմանները` սփյուռքահայ երիտասարդներին դեպի Հայաստան ուխտագնացության ուղարկելու նպատակի իրականացման համար,

5) որոշ համայնքներում մայրենի լեզվի իմացության ցածր մակարդակը և խառնամուսնությունների թվի ավելացումը,

6) հայկական կառույցներում երիտասարդների ընդգրկվածության ցածր մակարդակը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Ծրագրի մշակման հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 730-Ա որոշումը

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը,

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 34 նիստի արձանագրային որոշումը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 740-Ն որոշումը,

 

IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

 

4. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստան-Սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը,

2) երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների ճանաչողության խթանումը,

3) հայադարձության խթանումը,

4) լեզվապահպանությանը նպաստելը,

5) «Հայկական աշխարհի» կազմավորմանը նպաստող անհրաժեշտ համագործակցության նախադրյալների ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև կապերի ամրապնդումը,

6) Հայաստանի նկատմամբ Սփյուռքում առկա թերի պատկերացումների շտկումը,

7) զբոսաշրջության խթանումը,

8) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը և հետաքրքրության ավելացումը:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-Սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:

6. Ծրագիրը մեկնարկում է 2013 թվականի հունիսին և շարունակվելու է մինչև սեպտեմբեր, որի ընթացքում Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-20 տարեկան մինչև 900 երիտասարդներ, որպես կանոն, կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում: Նախատեսվում է նաև կազմակերպել «Արի տուն» ամառային ճամբար, ուր ծրագրի մասնակիցները կհյուրընկալվեն հայաստանցի իրենց հասակակիցների հետ: Ծրագրի յուրաքանչյուր փուլի տևողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: 2013 թվականի ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-16 և 17-20 տարեկանների համար. կարող են նախատեսվել բացառություններ:

7. Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցներով:

8. Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով կմշակվի և կիրականացվի միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ և հաղորդակցություն, կապերի ստեղծում, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ, ուսուցողական դասընթացներ` տարբեր թեմաներով: Ծրագրի շրջանակներում կապահովվեն նաև միջոցառումների մասնակցության համար անհրաժեշտ փոխադրամիջոցները, մասնակիցների սնունդը, ծրագրային միջոցառումների լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, մասնակիցներին տրամադրվելիք` Ծրագրի տարբերանշանով պարագաները, Ծրագրին առնչվող անհրաժեշտ տպագիր և էլեկտրոնային նյութերը, ինչպես նաև մասնակիցների սնունդն ու գիշերումը «Արի տուն» ամառային ճամբարում` Ծրագրի ճամբարային փուլի իրականացման ընթացքում:

9. Հյուրընկալ ընտանիքների ընտրությունն իրականացվում է Երևան քաղաքի և երևանամերձ քաղաքային ու գյուղական համայնքների, նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն և այլ ուսումնական հաստատությունների, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններն են`

1) Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհրդի և աշխատանքային խմբերի ձևավորումը,

2) հյուրընկալ ընտանիքների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացի կազմակերպումը,

3) հյուրընկալվող երիտասարդների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը, հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպումը,

4) հյուրընկալվող երիտասարդների և հյուրընկալ ընտանիքների հայտերի ընդունումը, ուսումնասիրումը, երկու կողմերի տեղեկատվական տվյալների հավաքը, համադրումը և փոխանակումը,

5) կազմակերպական աշխատանքներում գործընկեր հասարակական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ընտրությունը և ներգրավումը,

6) հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների և համապատասխան մեխանիզմների ճշգրտումը, հյուրընկալության ընթացքում ծագող հնարավոր խնդիրներին շուտափույթ արձագանքումն ու կարգավորումը,

7) «Արի տուն» ամառային ճամբարի ընտրությունը, անհրաժեշտության դեպքում` դրա կահավորումն ու զինումը տեխնիկական միջոցներով,

8) համապատասխան մասնագետների ներգրավմամբ յուրաքանչյուր տարիքային խմբի համար «Արի տուն» ամառային ճամբարի օրակարգի մշակումը,

9) ուսուցողական դասընթացների, կրթական, մշակութային և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը և կազմակերպումը. մասնավորապես`

ա. մշակութային փառատոների, համերգների, թատերական ներկայացումների դիտումները, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունները,

բ. պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր շրջայցերի կազմակերպումը,

գ. ճամբարային փուլում հայրենագիտության` հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության ուսուցողական ծրագրերի իրականացումը,

դ. երգի, պարի կամ կերպարվեստի դասընթացների կազմակերպումը,

10) Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների և տարբեր ոլորտների հայտնի գործիչների հետ հանդիպումները,

11) Սփյուռքի երիտասարդների Հայաստան այցելությունների փուլերի ժամանակացույցի կազմումը,

12) Սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների խմբերի ձևավորումը և Հայաստան երկշաբաթյա այցերի կազմակերպումը,

13) հյուրընկալվող երիտասարդներին օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը,

14) հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը,

15) Ծրագրի միջոցառումների անխափան անցկացման և հյուրընկալվող երիտասարդների անվտանգության ապահովումը:

 

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

11. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Հայաստանի և օտարերկրյա պետություններում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, բնակչության (ընտանիքների), ինչպես նաև հյուրընկալվող խմբերի սերտ համագործակցությունը:

12. Ծրագրի իրականացման համակարգող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն է:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ապահովում է երիտասարդների համար հայրենագիտության ուսուցողական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատություններ ճանաչողական այցերի կազմակերպումը:

14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն աջակցում է հյուրընկալվողներին Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական մշակութային արժեքներին ծանոթացնելու նպատակով էքսկուրսիաների կազմակերպման, պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների, ինչպես նաև համերգների, թատերական ներկայացումների դիտումների, փառատոներին, երգի, պարի, գեղարվեստի խմբակներին երիտասարդների մասնակցության ու մշակութային այլ ծրագրերի մշակման և կազմակերպման աշխատանքներին:

15. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապահովում է շախմատի, այլ սպորտաձևերի, ավանդական խաղերի ու ժամանցային ծրագրի, ինչպես նաև երիտասարդական ուսուցողական դասընթացների մշակումը և կազմակերպումը:

16. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը (համաձայնությամբ) աջակցում են հյուրընկալ ընտանիքների ընտրությանը, ապահովում են նրանց կողմից լրացված դիմում-հարցաթերթիկների ներկայացումը Ծրագրի կազմակերպիչներին, ինչպես նաև գործուն մասնակցություն են ունենում ծրագրի իրականացման գործընթացին` հյուրընկալության ամբողջ ժամանակահատվածում:

17. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով աջակցում է հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպմանն օտարերկրյա պետություններում, միաժամանակ ապահովելով օրենքով սահմանված կարգով նրանց` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում ապահովվում է կապը հյուրընկալվող երիտասարդների ընտանիքների, խմբերի ձևավորմանն աջակցող Սփյուռքի կառույցների և անհատների հետ:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունն իրականացնում է հյուրընկալվող երիտասարդների` Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի համար պետական տուրքից ազատումը և մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության սահմանակետերում, ինչպես նաև ապահովում է նրանց անձնական անվտանգությունը:

19. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն աջակցում է ռազմական հաստատություններ ճանաչողական այցելությունների կազմակերպմանը:

20. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում կազմակերպում է հյուրընկալվող երիտասարդների բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:

21. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շրջայցերի ընթացքում ապահովում է էքսկուրսավարների ծառայությունների մատուցումը:

22. Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են ծրագրային միջոցառումների կազմակերպման, ճամբարային առօրյայի արդյունավետ համակարգման, հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, միջմշակութային և բարոյահոգեբանական հարաբերությունների կազմակերպման աշխատանքներին:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելվող այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թ. փետրվարի 21-ի նիստի

N 7 արձանագրային որոշման

 

ՑԱՆԿ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ` «ԱՐԻ ՏՈՒՆ» ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |       ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ      |     ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ       |

|ը/կ|                                |                                |

|___|________________________________|________________________________|

| 1 |              2                 |               3                |

|___|________________________________|________________________________|

| 1 |Հյուրընկալ ընտանիքների          |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |դիմում-հարցաթերթիկների մշակում, |ՀՀ տարածքային կառավարման        |

|   |նախնական ընտրված հյուրընկալ     |նախարարություն                  |

|   |ընտանիքների ուսումնասիրություն  |Երևանի  քաղաքապետարան           |

|   |և  հյուրընկալ ընտանիքների       |/համաձայնությամբ/               |

|   |ընտրություն                     |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ    |

|   |                                |ոստիկանություն                  |

|   |                                |միջգերատեսչական աշխատանքային    |

|   |                                |խումբ                           |

|___|________________________________|________________________________|

| 2 |Ծրագրի մասնակիցների հայտերի     |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |մշակում, տարածում սփյուռքյան    |ՀՀ արտաքին գործերի              |

|   |համայնքներում և  մասնակիցների   |նախարարություն                  |

|   |ընտրություն                     |միջգերատեսչական աշխատանքային    |

|   |                                |խումբ                           |

|___|________________________________|________________________________|

| 3 |Հյուրընկալ ընտանիքների և        |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |հյուրընկալվող մասնակիցների      |միջգերատեսչական աշխատանքային    |

|   |տեղեկատվական տվյալների համադրում|խումբ                           |

|___|________________________________|________________________________|

| 4 |Հյուրընկալվող խմբերի դիմավորում,|ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |տեղավորում հյուրընկալ           |ՀՀ տարածքային կառավարման        |

|   |ընտանիքներում և  «Արի տուն»     |նախարարություն                  |

|   |ամառային ճամբարում, ընթացիկ     |ՀՀ կառավարությանն առընթեր       |

|   |վերահսկողություն, ճանապարհում   |քաղաքացիական ավիացիայի գլխավոր  |

|   |                                |վարչություն                     |

|   |                                |ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ    |

|   |                                |ոստիկանություն                  |

|   |                                |միջգերատեսչական աշխատանքային    |

|   |                                |խումբ                           |

|___|________________________________|________________________________|

| 5 |Հյուրընկալվող մասնակիցներին     |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |ծրագրի ընթացքում օգտագործման    |                                |

|   |համար անհրաժեշտ պարագաների      |                                |

|   |տրամադրում                      |                                |

|___|________________________________|________________________________|

| 6 |ՈՒսուցողական ծրագրերի մշակում և |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |իրականացում ճամբարում,          |ՀՀ կրթության և  գիտության       |

|   |ճանաչողական այցելություններ     |նախարարություն                  |

|   |Հայաստանի ուսումնական           |ՀՀ սպորտի և  երիտասարդության    |

|   |հաստատություններ                |հարցերի նախարարություն          |

|   |                                |Երևանի  քաղաքապետարան           |

|   |                                |/համաձայնությամբ/               |

|___|________________________________|________________________________|

| 7 |Երևանից  դուրս ծրագրերի         |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |իրականացում և  էքսկուրսիաների   |ՀՀ տարածքային կառավարման        |

|   |կազմակերպում                    |նախարարություն                  |

|   |                                |ՀՀ մշակույթի նախարարություն     |

|   |                                |ՀՀ էկոնոմիկայի նախարարություն   |

|___|________________________________|________________________________|

| 8 |Մշակութային, մարզական և         |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |ժամանցային ծրագրերի կազմակերպում|ՀՀ մշակույթի նախարարություն     |

|   |Երևանում  և  ՀՀ մարզերում       |Երևանի  քաղաքապետարան           |

|   |                                |/համաձայնությամբ/               |

|   |                                |ՀՀ սպորտի և  երիտասարդության    |

|   |                                |հարցերի նախարարություն          |

|   |                                |ՀՀ տարածքային կառավարման        |

|   |                                |նախարարություն                  |

|___|________________________________|________________________________|

| 9 |Ճանաչողական այցելություններ     |ՀՀ սփյուռքի նախարարություն      |

|   |ռազմական հաստատություններ       |ՀՀ պաշտպանության նախարարություն |

|___|________________________________|________________________________|

|10 |Հանդիպումներ Հայաստանի          |Բոլոր պետական մարմինները        |

|   |Հանրապետության պետական          |                                |

|   |հաստատություններում և           |                                |

|   |պաշտոնատար անձանց հետ` ճամբարում|                                |

|___|________________________________|________________________________|

|11 |Ծրագրի իրականացման ամբողջ       |ՀՀ առողջապահության              |

|   |ընթացքում հյուրընկալվող         |նախարարություն                  |

|   |երիտասարդների բժշկական օգնության|ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ    |

|   |և  սպասարկման կազմակերպում և    |ոստիկանություն                  |

|   |անձնական անվտանգության ապահովում|ՀՀ տարածքային կառավարման        |

|   |                                |նախարարություն                  |

|   |                                |Երևանի  քաղաքապետարան           |

|   |                                |/համաձայնությամբ/               |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.02.2013
N 7
Արձանագրային որոշում