Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 ապրիլի 2013 թվականի N 13

 

6. «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը`

Հավանություն տալ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2013 թ. ապրիլի 4-ի նիստի

N 13 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Զբաղվածության ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի նիստի N 45 արձանագրային որոշմամբ հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության զբաղվածության 2013-2018 թվականների ռազմավարությունը (այսուհետ` ռազմավարություն) և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

2. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) արտացոլվում է ռազմավարությամբ առաջարկվող նոր մոտեցումների ներդրման իրավական կարգավորման քաղաքականության որոշումը` կարգավորման հայեցակարգային մոտեցումների որոշակիացումը:

3. Ռազմավարությամբ նախանշված թիրախներին հասնելու նպատակով համարժեք օրենսդրական շրջանակի հաստատումը զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկն է:

4. Ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված է մշակել և քննարկման ներկայացնել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հիմնադրույթները սահմանելու նպատակով էլ մշակվել է հայեցակարգը: «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքը փոխարինելու է գործող` «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` գործող օրենք):

 

II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնակչության զբաղվածության քաղաքականության շրջանակներում իրականացնում է աշխատաշուկայի պետական կարգավորման, աշխատանքի և աշխատավարձի, ձեռնարկատիրական, ֆինանսավարկային, տարածքային զարգացման, ներդրումային, հարկային, կրթական, ժողովրդագրական, աշխատուժի միգրացիայի քաղաքականությունը: Նշված բնագավառներում լիազոր պետական մարմիններն են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը:

Աշխատաշուկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը` բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան, համագործակցելով շահագրգիռ գերատեսչությունների, սոցիալական գործընկերների և այլ կազմակերպությունների հետ:

Նախարարությունը վերահսկում և գնահատում է այդ ծրագրի կատարման ընթացքը, ներկայացնում է ֆինանսական հիմնավորումներ և կատարում համապատասխան բյուջետային ծախսերի կանխատեսումներ:

Գործող օրենքով սահմանված զբաղվածության քաղաքականության մոդելը կարելի է բնութագրել որպես հիմնականում «պասսիվ» քաղաքականության մոդել:

6. Հիմք ընդունելով ռազմավարությամբ ներկայացված զբաղվածության քաղաքականության վերլուծությունները, վեր հանված մարտահրավերները և միջնաժամկետ բարեփոխումների համար առաջարկվող գերակայություններն ու նոր մոտեցումները` առանձնացվում են զբաղվածության քաղաքականության հիմնական խնդիրները, որոնց իրավական լուծումները պետք է ապահովվեն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով: Դրանք են`

1) ընդհանուր բնույթի խնդիրներ`

Գործող օրենքով զբաղվածության քաղաքականության հիմնական նպատակը և սկզբունքներն ընդհանրական են սահմանված, ինչը հնարավորություն չի տալիս`

. հստակ որոշարկելու այդ քաղաքականության տեղն ու դերն ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգում,

. սահմանելու ենթանպատակների համակարգը և դրանց փոխառնչություններն ու կապերը սոցիալ-տնտեսական քաղաքականության մյուս բնագավառների հետ,

. չափելի, գնահատելի և կանխատեսվող դարձնելու այդ քաղաքականության արդյունքները` ընթացիկ և հեռանկարային առումներով.

2) կազմակերպման արդյունավետության բարձրացման և օպտիմալացման խնդիրներ`

ա. գործող օրենքով առանձին սահմանված են զբաղվածության պետական կարգավորման ծրագրերը, հետևաբար, բնակչության զբաղվածության ամենամյա պետական ծրագիրը (այսուհետ` տարեկան ծրագիր) կրավորական, ածանցյալ դեր ունի, իսկ զբաղվածության պետական ծառայության լիազորություններն ուղղակիորեն հանգեցված են այդ ծրագրերի իրականացմանը: Այսպիսի կարգավորումը հնարավորություն չի տալիս`

. պլանավորելու և իրականացնելու աշխատաշուկայի իրավիճակից և միտումներից բխող ճկուն պետական կարգավորում,

. ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև աշխատաշուկայի ընթացիկ ու խորքային վերլուծությունների, կանխատեսումների արդյունքների համադրման հենքի վրա` օբյեկտիվ իրավիճակից բխող և օպերատիվ կերպով փորձարկելու և ներդնելու կարգավորման նոր գործիքակազմ,

. հետևողականորեն բարձրացնելու ոլորտին ուղղվող միջոցների օգտագործման արդյունավետությունը,

բ. գործող օրենքով ամբողջապես կարգավորված չեն զբաղվածության ոլորտում շահառուների գրանցման և հաշվառման, տեղեկատվական շտեմարանի ձևավորման, վարման, նպատակային օգտագործման իրավական հիմքերը, որի արդյունքում բացակայում են`

. էլեկտրոնային եղանակով աշխատանք փնտրողների գրանցման և ծառայություններից օգտվելու, ինչպես նաև գործատուներից թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հնարավորությունները,

. այս կամ այն հիմքով հաշվառումից դուրս եկած աշխատանք փնտրողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հետագա ստացման` հետադարձ կապի համար անհրաժեշտ մեխանիզմները,

. ռազմավարությամբ առաջարկվող` զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման նոր մոտեցումներն ու գործընթացներն ապահովող տեղեկատվական ամբողջական շտեմարանի ձևավորման և շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական մեխանիզմները,

. տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացների նպատակային կառավարման համար բավարար օրենսդրական մեխանիզմները,

. Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված թափուր աշխատատեղերի և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով շահառուներին հասանելի դարձնելու կազմակերպաիրավական հիմքերը,

գ. գործող օրենքով ամբողջապես նախատեսված չեն տարեկան ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացների կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը.

3) ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ պահանջող խնդիրներ`

ա. գործող օրենքով կարգավորված չեն աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ Զբաղվածության պետական ծառայության համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, որի արդյունքում գործնականում առկա չեն`

. աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունները,

. ոչ պետական կազմակերպություններին զբաղվածության պետական ծրագրերի պատվիրակման և դրանց մշտադիտարկման հնարավորությունները,

. պետական կարգավորման շրջանակներում ոչ պետական կազմակերպությունների ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքների համալիր պաշտպանության, խախտումների բացառման և կանխարգելման մեխանիզմները,

բ. գործող օրենքով, որպես զբաղվածության պետական քաղաքականություն իրականացնող մարմին, ամրագրված է զբաղվածության պետական ծառայությունը` իր հիմնական լիազորություններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս հանրապետությունում իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, անհրաժեշտություն է առաջացել զբաղվածության քաղաքականության իրականացման համակարգում կատարելու կառուցվածքագործառութային փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների գաղափարախոսությանը:

 

III. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետությունում սոցիալական լարվածության թուլացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, տնտեսության կայուն զարգացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է զբաղվածության ակտիվ քաղաքականության մշակումն ու իրականացումը: Այն մի կողմից ապահովելու է արդյունավետ զբաղվածություն` զարգացնելով աշխատանք փնտրողների մասնագիտական հմտությունները, աշխատանքային կարողությունները և բարձրացնելով նրանց ակտիվությունը, մյուս կողմից` ներառելու է գործուն մեխանիզմներ, որոնք կշահագրգռեն գործատուին առկա թափուր աշխատատեղերը համալրել երիտասարդներով և աշխատաշուկայում անմրցունակ անձանցով:

8. Նշված բարեփոխումների շրջանակներում առաջարկվող նոր մոտեցումներն ու մեխանիզմները պետք է լինեն կայուն, երկարաժամկետ և ունենան մոնիթորինգի ու գնահատման հստակ չափանիշներ:

9. Զբաղվածության պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների գործառական, ինստիտուցիոնալ, կազմակերպչական և տեղեկատվական կարողությունների հզորացումը պետք է ուղղակիորեն բխի աշխատաշուկայում տիրող իրավիճակից, միտումներից, ինչպես նաև աշխատանք փնտրողներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունից, որակից և մատչելիությունից:

10. Զբաղվածության ոլորտի իրավական կարգավորումը պետք է դիտարկվի սոցիալական պաշտպանության միասնական քաղաքականության օրենսդրական կարգավորման և կառավարման ընդհանուր համակարգի շրջանակներում:

 

IV. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ, ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

11. Օրենքի նպատակը ոլորտի առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական և մարտավարական նոր մոտեցումների իրավական հենքի լիարժեք ապահովումն է` հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխությունների իրականացում.

2) աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության ու արդյունավետության բարձրացում.

3) տարեկան ծրագրի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ու այլ դոնորների կողմից ֆինանսավորվող զբաղվածության ծրագրերի պլանավորում, իրականացում, մոնիթորինգ և գնահատում:

12. Օրենքի կարգավորման առարկան բովանդակում է`

1) Հայաստանում բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեսական և կազմակերպական նոր դրույթներն ու իրավական հիմքերը.

2) զբաղվածության իրավունքի իրականացումը` հաշվի առնելով տնտեսության ոլորտային զարգացման առանձնահատկությունները.

3) գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից տրվող երաշխիքները:

13. Օրենքով ամրագրված զբաղվածության քաղաքականության սկզբունքները պետք է ելնեն զբաղվածության ոլորտի պետական կարգավորման հիմնական նպատակներից, որոնք ամրագրված են ռազմավարությունում:

14. Ելնելով օրենքի նպատակից, սկզբունքներից և կարգավորման առարկայից` օրենքով առաջարկվող զբաղվածության քաղաքականության նոր մոդելը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրված «ակտիվ» քաղաքականությանը, որի հիմնարար սկզբունքը կլինի` «աջակցել և պահանջել»:

 

V. ՕՐԵՆՔԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

15. Հաշվի առնելով օրենքի նպատակը, սկզբունքներն ու կարգավորման հիմնական առարկան` օրենքում պետք է տեղ գտնի զբաղվածության քաղաքականության հետ կապված առավել կարևոր, բնորոշ և կայուն հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը, որն առավելագույնս կհամապատասխանի զբաղվածության «ակտիվ» քաղաքականության նշված գաղափարախոսությանը:

16. Զբաղվածության «ակտիվ» քաղաքականության մոդելի իրավական ապահովման նպատակով ստորև ներկայացվում է օրենքի նախնական կառուցվածքը` հիմնական դրույթների հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ:

17. Օրենքում պետք է տեղ գտնի օրենքում կիրառվող հիմնական հասկացությունների սահմանումները ներառող առանձին բաժին:

18. Օրենքով պետք է սահմանվեն կարգավորվող հարաբերությունները, զբաղվածության օրենսդրության նպատակը և սկզբունքները:

19. Օրենքով անհրաժեշտ է սահմանել զբաղվածության «ակտիվ» քաղաքականության հիմնական նպատակը` առարկայացված ենթանպատակների համակարգով, որոնք առանձին վերցրած պետք է լինեն հստակ տարանջատված, իսկ դրանց իրականացման արդյունքները` չափելի:

Ենթանպատակները պետք է սերտ փոխառնչվեն տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, աշխատուժի արտաքին և ներքին միգրացիայի պետական քաղաքականությունների հիմնարար նպատակներին:

20. Ռազմավարությամբ առաջարկվող ինստիտուցիոնալ նոր մոտեցումների շրջանակներում անհրաժեշտ է օրենքում ամրագրել զբաղվածության պետական կարգավորման համար պատասխանատու մարմինների հիմնական լիազորությունները` նկատի ունենալով հանրապետությունում իրականացվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման բովանդակային գործընթացները:

21. Օրենքով պետք է սահմանվեն աշխատանք փնտրող անձանց և գործատուների իրավական երաշխիքները, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի որոշարկման մեխանիզմները և նրանց տրվող լրացուցիչ հնարավորությունները, ինչպես նաև զբաղվածության պետական կարգավորման ծրագրերում ներգրավման առաջնահերթությունները:

Օրենքով կսահմանվեն նաև ըստ շահառուների առանձին խմբերի (այդ թվում` օտարերկրացիների)` տարեկան ծրագրով նախատեսվող զբաղվածության կարգավորման ծրագրերից օգտվելու իրավունքները:

22. Պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում փոխլրացնող արդյունավետ գործունեություն և ինստիտուցիոնալ առողջ մրցակցություն ձևավորելու նպատակով անհրաժեշտ է օրենքով սահմանել աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների հետ տեղեկատվության փոխանակման, աշխատանքի տեղավորման, դասընթացների կազմակերպման և լավագույն փորձի ուսումնասիրման ու տարածման սկզբունքները:

23. Անհրաժեշտ է օրենքով սահմանել նաև ոչ պետական կազմակերպություններին տարեկան ծրագրով նախատեսված ծրագրերի և ծառայությունների պատվիրակման հնարավորությունը` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

24. Օրենքում կնախատեսվեն նաև արտագնա աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպությունների գործունեության կարգավորման դրույթներ:

25. Տարեկան ծրագիրը պետք է սահմանվի` որպես զբաղվածության պետական քաղաքականության իրականացման առանցքային և հիմնական գործիք: Տարեկան ծրագրի համար շահառուների կայուն զբաղվածության ապահովումը պետք է դիտվի որպես առանցքային նպատակ:

Տարեկան ծրագիրը մշակելու է լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա համախմբված պետական բյուջեի նախագծի մշակման շրջանակներում:

26. Տարեկան ծրագրի նախագիծը, ինչպես նաև տարվա ընթացքում այդ ծրագրի փոփոխությունների նախագծերը քննարկվում են Հանրապետական համաձայնեցման կոմիտեում:

Տարեկան ծրագրի նախագիծը և դրա վերաբերյալ Հանրապետական համաձայնեցման կոմիտեի դիրքորոշումը քննարկվում են հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կատարումն ապահովող հանրապետական եռակողմ հանձնաժողովում (այսուհետ` եռակողմ հանձնաժողով) և վերջինիս կողմից տրված եզրակացության հետ միասին ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման: Հաստատվելուց հետո տարեկան ծրագիրը ներառվում է համախմբված պետական բյուջեում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

27. Լիազորված մարմնի կողմից տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացները պետք է ենթարկվեն նպատակային կառավարման, որի իրավական հիմքերը պետք է սահմանվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

28. Տարեկան ծրագրի պլանավորումը պետք է ենթադրի`

1) աշխատաշուկայի մշտական և խորքային վերլուծություններ, կանխատեսումներ, համադրումներ, գնահատումներ.

2) ամենամյա ծրագրում գործող այն ծրագրերի ներառում, որոնց ընթացիկ և հեռանկարային արդյունավետությունը գնահատվել է դրական, հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմար, ինչպես նաև նոր ծրագրեր, որոնք նախապես փորձարկվել են և համապետական ներդրման տեսանկյունից գնահատվել են նպատակահարմար.

3) ծրագրերի բաշխման մեխանիզմների հիմքում պետք է ընկած լինեն` շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները.

4) ծրագրերի իրականացման ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների արդյունավետ համամասնությունների սահմանում, այդ թվում` համայնքային բյուջեներից համաֆինանսավորմամբ միջոցների ներգրավման հնարավորություն,

5) ակնկալվող արդյունքների ընթացիկ և վերջնական թիրախավորում` ըստ ծրագրերի, մարզերի, շահառուների առանձին խմբերի.

6) իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների, ինչպես նաև նոր ծրագրերի փորձարկման հնարավորություններ` միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում.

7) ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածին պատվիրակելու հնարավորության նախատեսում:

29. Տարեկան ծրագրի իրականացումը պետք է ենթադրի`

1) աշխատանք փնտրողին հաշվառելը, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների և դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, զբաղվածության ապահովման անհատական ծրագրի կազմում.

2) զբաղվածության պետական ծառայության և աշխատանք փնտրողի միջև անհատական ծրագրի իրականացման մասին պայմանագրի կնքում.

3) աշխատանք փնտրողին ինքնասպասարկման կենտրոնում և հնարավոր այլ եղանակներով էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.

4) որպես աշխատանք փնտրողի զբաղվածության անհատական ծրագրի վերջնանպատակ` նրա զբաղվածության ապահովում.

5) տարեկան ծրագրի պլանավորմանը համապատասխան` ոչ պետական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունների իրացում.

6) գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին օրենքով սահմանված ծառայությունների տրամադրում` անհատական այցելությունների և էլեկտրոնային եղանակով.

7) էլեկտրոնային եղանակով ընթացիկ և վերջնական հաշվետվողականություն:

30. Տարեկան ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը պետք է ենթադրեն`

1) ծրագրերի և ծառայությունների մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման ցուցանիշների սահմանում` հիմք ընդունելով ռազմավարությամբ նախանշված նպատակներն ու թիրախները.

2) մոնիթորինգի և գնահատման իրականացման ամբողջական հնարավորություն, այդ թվում` առցանց եղանակով.

3) ծրագրերի ընթացիկ ցուցանիշների` թիրախայինից շեղումների վերհանում և դրանց վերացմանն ուղղված գործողությունների պլանի առաջադրում.

4) ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացների ապահովում.

5) շահառուներին մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում և վերլուծություն:

31. Տարեկան ծրագիրը պետք է նաև ներառի`

1) զբաղվածության պետական կարգավորման հիմնական ծրագրերի ցանկը` ըստ շահառուների առանձին խմբերի, իրականացման ժամանակացույցի, ֆինանսական միջոցների (մարզային բաշխվածությամբ), ոչ պետական կազմակերպություններին ծառայությունների պատվիրակման ուղղությունների հստակ չափելի ակնկալվող արդյունքների.

2) զբաղվածության պետական կարգավորման փորձարկվող նոր ծրագրերի ցանկը` ըստ սույն կետի 1-ին ենթակետով ներկայացված բացվածքի:

32. Անհրաժեշտ է օրենքով նախատեսել միջազգային չափանիշներին համապատասխան «հարմար աշխատանք» կարգավորման գործիքը և դրա կիրառման իրավական հիմքերը` որպես աշխատաշուկայի պետական կարգավորման նպատակայնության և արդյունավետության բարձրացման կարևոր միջոց:

33. Անհրաժեշտ է օրենքում ամրագրել աշխատանք փնտրողների մասնագիտական կողմնորոշման տրամադրման իրավական հիմքը:

Աշխատանք փնտրողների մասնագիտական կողմնորոշումը պետք է տրամադրվի բնակչությանը մատուցվող զբաղվածության ծառայությունների շրջանակներում և ներառվի տարեկան ծրագրում:

Առաջնահերթ պետք է կարևորվեն մասնագիտական կողմնորոշման մատչելիությունը, որակը, յուրաքանչյուր շահառուին անհատական մոտեցումների հնարավորությունը:

34. Անհրաժեշտ է օրենքով նախատեսել զբաղվածության պետական քաղաքականության բնագավառում համապատասխան էլեկտրոնային կայքէջերի, անհրաժեշտ տեղեկատվական շտեմարանների ստեղծման և շահագործման, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման, այդ թվում` պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում, իրավական հիմքերը:

35. Օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով պետք է սահմանվի առցանց եղանակով վարվող տեղեկատվական շտեմարանից լիազորված մարմնի կողմից տարեկան ծրագրի իրականացման ընթացքի մասին ընթացիկ (ըստ անհրաժեշտության) տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Արդյունքում, պետք է ստեղծվի տարեկան ծրագրի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման` նախանշված թիրախային ցուցանիշներից շեղումները վեր հանելու օբյեկտիվ հնարավորություն:

36. Օրենքով նախատեսված հիմքով և դրա կիրարկումն ապահովող այլ իրավական ակտերով սահմանվում են տեղեկատվական շտեմարանում ներառվող յուրաքանչյուր տեղեկատվական միավորի բովանդակությունը, տեղեկատվական շտեմարանների վարման, տեղեկատվության տրամադրման, աշխատանք փնտրողների` առցանց եղանակով գրանցման, գործատուների կողմից առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն առցանց եղանակով տեղեկատվական շտեմարան մուտքագրելու կանոնակարգերն ու կառուցակարգերը:

37. Որպես գործատուների հետ համագործակցության` զբաղվածության «ակտիվ» քաղաքականության նոր մոտեցում, անհրաժեշտ է օրենքում ամրագրել գործատուների հետ համագործակցության հետևյալ դրույթները`

1) գործատուներից և համապատասխան պետական մարմիններից և հնարավոր այլ աղբյուրներից` աշխատաշուկայի քանակական և որակական պահանջարկի (թափուր և նոր ստեղծվող աշխատատեղեր) մասին ընթացիկ և կանխատեսվող տեղեկատվության, ինչպես նաև ըստ առանձին խմբերի, մասնագիտության, սեռի, տարիքի և բնակավայրի` աշխատանք փնտրող անձանց մասին տեղեկատվության ստացման, հաշվառման և ամբողջական շտեմարանի (այսուհետ` տեղեկատվական շտեմարան) ձևավորման, ինչպես նաև նպատակային շահագործման իրավական հիմքերը.

2) գործատուների և աշխատանք փնտրողների համար շտեմարանում առկա տեղեկատվության հասանելիության ապահովում` առցանց եղանակով` լիազորված մարմնի ձևավորած համապատասխան ինտերնետային կայքէջի միջոցով.

3) տարեկան ծրագրում ներգրավված անձանց աշխատանքի տեղավորման, ինչպես նաև այդ անձանց` տվյալ աշխատատեղում աշխատանքային հարաբերությունների հետագա շարունակության մասին տեղեկատվության ստացում գործատուներից: Նշված տեղեկատվությունը ևս պետք է պարբերաբար ներառվի տեղեկատվական շտեմարան և օգտագործվի ըստ անհրաժեշտության` տարեկան ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, արդյունավետության գնահատման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով.

4) լիազորված մարմնի կողմից թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվության պարբերաբար հրապարակում` զանգվածային լրատվության միջոցներով:

 

VI. ՕՐԵՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆԸ

 

38. Հիմք ընդունելով հայեցակարգով սահմանված հիմնադրույթները` նախարարության կողմից կմշակվի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը կներկայացվի մինչև 2013 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.04.2013
N 13
Արձանագրային որոշում