Սեղմել Esc փակելու համար:
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

020.1100.110613

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 հունիսի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դ. Դումանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 01.06.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրն ստորագրվել է 2013թ. մայիսի 17-ին` մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավման, առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման ու «առողջության առաջնային պահպանում» մակարդակում կառավարման, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու որակի բարելավման համար Հայաստանի Հանրապետությանը ֆինանսավորում տրամադրելու նպատակով:

Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարումը», Առդիր 3. «Մարման ժամանակացույցը» և Հավելված:

2. Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ` Ընկերակցություն) համաձայնում է Համաձայնագրով ամրագրված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քսաներկու միլիոն ութ հարյուր հազար (22.800.000) Փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ) համարժեք գումար (Վարկ)` Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով: Փակման ամսաթիվն է 2019թ. դեկտեմբերի 15-ը, իսկ վճարման արժույթը` դոլարը:

3. Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից` Մաս 1. «Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում` ԱԱՊ հիմնարկներում ՄՄԱ ծառայությունները և ՈՎՀ-ի ծառայությունները բարելավելու նպատակով». Մաս 2. «Առանձին հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավումը» և Մաս 3. «Ծրագրի կառավարումը»:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տարեկան պարտավորավճար առավելագույնը Ֆինանսավորման չմասհանված մնացորդի մեկ տոկոսի կեսի (1%-ի 1/2) չափով, ինչպես նաև սպասարկման տարեկան վճար` Վարկի մասհանված մնացորդի մեկ տոկոսի երեք քառորդի (1%-ի 3/4) չափով (հոդված II, բաժիններ 2.03, 2.04 և 2.06),

. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տարեկան տոկոսավճար Վարկի մասհանված մնացորդի մեկ ամբողջ մեկ քառորդ տոկոսի (1.25%) չափով (հոդված II, բաժիններ 2.06 և 2.05),

. յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, սկսած 2018 թվականի մայիսի 15-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ, մարել Վարկի հիմնական գումարը 1.65%-ի չափով, իսկ սկսած 2028 թվականի մայիսի 15-ից մինչև 2037 թվականի նոյեմբերի 15-ը ներառյալ` 3.35%-ի չափով (հոդված II, բաժին 2.07 և Առդիր 3),

. հայտնել Ծրագրի նպատակի իրագործման հարցում ՀՀ-ի հանձնառությունը և այդ առումով ՀՀ առողջապահության նախարարության և վերջինիս ԱԾԻԳ-ի միջոցով իրականացնել Ծրագիրը ՊԱԳ-ի աջակցությամբ` Ծրագրի 1.ա մասի առումով` Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01 և Առդիր 3),

. չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները և բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ-ն և Ընկերակցությունը ձեռք են բերում այլ համաձայնություն, ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի 2-րդ առդիրի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.02),

. մինչև Ծրագրի ավարտը ՀՀ առողջապահության նախարարության կազմում ապահովել Ծրագրի ընդհանուր համակարգման պատասխանատվություն կրող` իրականացման գրասենյակի աշխատանքն ու պահպանումը (ԱԾԻԳ) (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 1),

. ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան երեսուն (30) օր հետո ստեղծել և այնուհետև պահել Ծրագրի ղեկավար կոմիտե, որը բաղկացած է ՀՀ առողջապահության նախարարության և այլ առանցքային շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից, և որը պատասխանատու է Ծրագրի իրականացումն ուղղորդելու և համակարգելու, տեխնիկական առաջադրանքները սահմանելու, տեխնիկական գնահատումներին մասնակցելու և ռազմավարական տեխնիկական օժանդակության մեխանիզմների շուրջ խորհրդատուների հետ անմիջականորեն աշխատելու համար, ինչպես նաև ստեղծել և այնուհետև պահել Ընկերակցության համար ընդունելի անդամներից կազմավորված ԱԱՊ համակարգող կոմիտե, որը բաղկացած է ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան վարչությունների ու բաժինների, ՊԱԳ-ի և ԱԾԻԳ-ի ներկայացուցիչներից և պատասխանատու է «Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի» իրականացումը վերահսկելու և ուղղորդելու համար (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 2),

. ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամիս հետո ընտրել ՀՀ-ից անկախ և առողջապահության ու սոցիալական ոլորտներում աշխատելու` Ընկերակցության համար ընդունելի փորձ և որակավորումներ ունեցող Կրկնակի ստուգման անկախ մարմին, որի հետ կնքել Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի և Ընկերակցության համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանող պայմանագիր` Ծրագրի իրականացման ընթացքում համաձայնեցված արդյունքների տեխնիկական ուսումնասիրություններ կատարելու նպատակով, մասնավորապես ուշադրություն դարձնելով համապատասխանությանը ԿՀՖ ձեռնարկում ներառված ստուգման արձանագրություններին (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 3, մաս «ա»),

. ապահովել, որ Կրկնակի ստուգման անկախ մարմինը Ծրագրի իրականացման ընթացքում կատարի տարեկան առնվազն երկու տեխնիկական ուսումնասիրություն և դրան հաջորդիվ պատրաստի հաշվետվություն, որի շրջանակի ու մանրամասների պահանջները ողջամտորեն պահանջում է Ընկերակցությունը (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 3, մաս «բ»),

. առաջին իսկ հնարավորության դեպքում Ընկերակցություն ներկայացնել Կրկնակի ստուգման անկախ մարմնի` Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի «Ա» կետի 3-րդ ենթակետի «բ» մասում նշված հաշվետվությունները (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 3, մաս «գ»),

. Ծրագիրն իրականացնել Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի «Ա» կետի 4-րդ ենթակետում սահմանված կարգով (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 4),

. բացառությամբ ՀՀ-ի և Ընկերակցության միջև ձեռք բերված գրավոր այլ համաձայնության` չեղյալ չճանաչել, չփոփոխել, չկասեցնել, չհրաժարվել կամ այլ կերպ չձախողել Գործառնական ձեռնարկի կատարումը, ԿՀՖ ձեռնարկը կամ դրանց որևէ դրույթ (Առդիր 2, Բաժին I, կետ «Ա», ենթակետ 5),

. Ծրագրի 1.ա մասի իրականացմանը նպաստելու նպատակով ՊԱԳ-ի միջոցով իրականացնել Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի «Բ» կետի 1-ին ենթակետում սահմանված գործողությունները (Առդիր 2, Բաժին I, կետ «Բ», ենթակետ 1),

. ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին I, կետ «Գ»),

. ՀՀ առողջապահության նախարարության միջոցով Ծրագիրն իրականացնել ԲԿՊ և ԲԿՇ համաձայն և հաջորդիվ, ԲԿՊ-ների պայմաններին և Ընկերակցության պահանջներին համաձայն` իրականացնել համապատասխան ԲԿՊ-ները` ապահովելով, որ Ծրագրի որևէ մասով նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկեն ՀՀ-ի կողմից տվյալ տեղանքի համար ԲԿՊ պատրաստվելուց և Ընկերակցության կողմից վերջինիս հաստատվելուց հետո, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրով իրականացվելիք ոչ մի աշխատանք չառաջացնի վերաբնակեցման անհրաժեշտություն (Առդիր 2, Բաժին I, կետ «Դ»),

. իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգ և գնահատում ու պատրաստել Ծրագրի մասին հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների 4.08-րդ բաժնի դրույթներին համապատասխան և Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշների հիման վրա (Առդիր 2, Բաժին II, կետ «Ա»),

. վարել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգի վարումը Ընդհանուր պայմանների 4.09-րդ բաժնի պահանջների համաձայն, ինչպես նաև պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտին հաջորդող 45 օրից ոչ ուշ Ընկերակցություն ներկայացնել վերջինիս պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ` միջանկյալ, աուդիտ չանցած` Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ կիսամյակը, և ապահովել ֆինանսական հաշվետվությունների աուդիտը Ընդհանուր պայմանների 4.09.բ բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին II, կետ «Բ»),

. Ծրագրի, այդ թվում` Կատարողականի վրա հիմնված խրախուսանքի միջոցների համար պահանջվող և Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցների I բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, կետ «Ա», ենթակետ 1),

. Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատուների ծառայությունները ձեռք բերել Խորհրդատուների ուղեցույցների I և IV բաժիններում ամրագրված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, կետ «Ա», ենթակետ 2),

. բացառությամբ Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետում ներկայացվածի` ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Միջազգային մրցակցային գնումների հիման վրա կնքված պայմանագրերով (Առդիր 2, Բաժին III, կետ «Բ», ենթակետ 1),

. բացառությամբ Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի «Գ» կետի 2-րդ ենթակետում ներկայացված դեպքերի` խորհրդատուների ծառայությունները ձեռք բերել Որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդի հիմքով կնքված պայմանագրերով (Առդիր 2, Բաժին III, կետ «Գ», ենթակետ 1),

. չկատարել մասհանումներ Համաձայնագրի 2-րդ առդիրի IV բաժնի «Բ» կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» մասերում սահմանված վճարումների համար (Առդիր 2, Բաժին IV, կետ «Բ», ենթակետ 1),

. եթե Ընկերակցությունը որևէ պահի որոշում է, որ Ընկերակցության կողմից 2-րդ Կատեգորիայով ՀՀ-ին հատկացված գումարի որևէ չափաբաժին օգտագործվել է Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների խախտմամբ ապրանքների գնման համար, որն իրականացվել է Կատարողականի վրա հիմնված սխեմայով չնախատեսվող կամ Համաձայնագրի և ԿՀՖ ձեռնարկների պայմաններին չհամապատասխանող ծախսերի հատուցման համար, ապա Ընկերակցության ծանուցումն ստանալուց հետո համապատասխան գումարն անմիջապես վերադարձնել Ընկերակցությանը (Առդիր 2, Բաժին IV, կետ «Բ», ենթակետ 2, մաս «բ»):

5. Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի «Ա» կետի 6-րդ ենթակետը նախատեսում է, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան երեսուն (30) օր հետո պետք է կատարված լինի Համաֆինանսավորման համաձայնագիրը`1.800.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, ինչպես նաև պետք է կատարված լինեն այդ Համաձայնագրի ներքո ՀՀ-ի` մասհանումներ կատարելու իրավունքին նախորդող բոլոր պայմանները:

6. 2010 թվականի հուլիսի 31-ով թվագրված` «Միջազգային զարգացման ընկերակցության ընդհանուր պայմաններ վարկերի և դրամաշնորհների համար» փաստաթուղթը համարվում է Համաձայնագրի բաղկացուցիչ մաս, և Համաձայնագրի Հավելվածի II բաժնով մի շարք բովանդակային փոփոխություններ են կատարվում այդ փաստաթղթի 3.02 բաժնում, Հավելվածի 28-րդ, 37-րդ (բնագրում 36-րդ պարբերություն) և 50-րդ (բնագրում 49-րդ պարբերություն) պարբերություններում, Հավելվածում ավելացվում է նոր 32-րդ պարբերություն, որով էլ պայմանավորված, համապատասխանաբար, փոխվում են հաջորդող կետերի հերթական համարները:

7. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագիրը նպաստում է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով ամրագրված` ընտանիքի, մայրության և մանկության և բնակչության առողջության պահպանման ծրագրի իրականացմանը, ինչպես նաև մատչելի բժշկական սպասարկման պայմանների ապահովման տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության կողմից իրականացվելիք հիմնական խնդիրների լուծմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 հունիսի 2013 թվականի

ՍԴՈ-1100

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.06.2013
N ՍԴՈ-1100
Որոշում